ԳԼՈՒԽ 1
«Գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»
«Առաքյալների գործերը» գրքի և դրա գործնական արժեքի մասին
1-6. Պատմիր, թե Եհովայի վկաներն ինչպես են քարոզել տարբեր հանգամանքների ներքո։
ՌԵԲԵԿԱՆ՝ Գանայից մի պատանի Եհովայի վկա, դպրոցը իր քարոզչական տարածքն էր համարում։ Նա իր հետ միշտ աստվածաշնչյան գրականություն էր վերցնում։ Ռեբեկան դասամիջոցներին առիթներ էր փնտրում, որ վկայություն տար դասընկերներին։ Արդյունքում նա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց նրանցից մի քանիսի հետ։
2 Աֆրիկայի արևելքում գտնվող Մադագասկար կղզում երկու ռահվիրաներ կանոնավորաբար գնում էին մի հեռավոր գյուղ։ Նրանք արևադարձային կիզիչ արևի տակ ոտքով անցնում էին մոտ 25 կիլոմետր։ Ինչո՞ւ։ Որպեսզի բազմաթիվ մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնեին։
3 Պարագվայում ապրող Եհովայի վկաները 15 երկրներից եկած կամավորների հետ մի մեծ նավ կառուցեցին։ 45 տոննա քաշ ունեցող այդ նավում կարող էր օթևանել 12 մարդ։ Այդ հսկայի շնորհիվ Թագավորության քարոզիչները բարի լուրը հայտնում էին Պարագվայ և Պարանա գետերի մերձակայքում ապրող մարդկանց, որոնց այլ կերպ հնարավոր չէր հասնել։
4 Ալյասկայում ապրող Եհովայի վկաների առաջ բարի լուրը քարոզելու յուրահատուկ հնարավորություն բացվեց։ Բևեռային ամռանը բազմաթիվ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից նավերով եկան հեռավոր հյուսիս։ Նավահանգստում նրանց դիմավորեցին տեղի Վկաները։ Նրանք գրավիչ ցուցատախտակների միջոցով տարբեր լեզուներով աստվածաշնչյան գրականություն էին առաջարկում զբոսաշրջիկներին։ Իսկ Ալյասկայի հեռավոր գյուղերում ապրող ալեութ, աթապասկ, ցիմիշիան և տլինգիտ ցեղերին քարոզելու համար Վկաները սկսեցին օգտվել այնտեղ հասնելու միակ միջոցից՝ ինքնաթիռից։
5 Լարին, ով բնակվում էր ԱՄՆ-ի Տեխաս նահանգում, հատուկ քարոզչական տարածք ուներ. դա այն ծերանոցն էր, որտեղ նա ապրում էր։ Թեպետ Լարին դժբախտ պատահարի հետևանքով գամված էր հաշմանդամի սայլակին, սակայն ակտիվորեն քարոզում էր Թագավորության լուրը։ Նա մարդկանց պատմում էր, որ մի օր կկարողանա նորից քայլել (Ես. 35։5, 6)։
6 Մի խումբ Վկաներ Մանդալայ քաղաքից նավով եռօրյա ճանապարհորդություն սկսեցին, որպեսզի մասնակցեն Մյանմայի հյուսիսում անցկացվելիք համաժողովին։ Նրանք շատ էին ցանկանում քարոզել բարի լուրը։ Ուստի իրենց հետ աստվածաշնչյան գրականություն էին վերցրել, որ առաջարկեին մյուս ուղևորներին։ Երբ նավը կանգ էր առնում որևէ գյուղում կամ քաղաքում, այդ եռանդուն Վկաները կարճ ժամանակով դուրս էին գալիս և գրականություն առաջարկում տեղի բնակիչներին։ Նավ վերադառնալիս քարոզիչները «թարմ դաշտ» էին գտնում՝ նոր ուղևորների։
7. Եհովայի ծառաներն ի՞նչ մեթոդներով են վկայություն տալիս Թագավորության մասին, և ո՞րն է նրանց նպատակը։
7 Այս օրինակներում նշված եղբայրների ու քույրերի պես՝ այսօր Եհովայի եռանդուն ծառաները աշխարհով մեկ «հիմնովին վկայություն են տալիս Աստծու թագավորության մասին» (Գործ. 28։23)։ Նրանք քարոզում են տնից տուն, փողոցում, նամակների և հեռախոսի միջոցով։ Ուր էլ որ լինեն՝ ավտոբուսում, զբոսայգում թե աշխատավայրում, Վկաները ջանք չեն խնայում ամեն առիթի դեպքում պատմել Թագավորության մասին։ Չնայած վկայություն տալու նրանց մեթոդները տարբեր են, սակայն նպատակը մեկն է. քարոզել բարի լուրն ամենքին և ամենուր (Մատթ. 10։11)։
8-9. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ քարոզչական գործի առաջխաղացումը իսկական հրաշք է։ բ) Ի՞նչ հարց է ծագում, և ինչպե՞ս գտնել պատասխանը։
8 Իսկ դո՞ւ, սիրելի՛ ընթերցող։ Արդյոք այն միլիոնավոր քարոզիչներից մե՞կն ես, ովքեր հռչակում են Թագավորության լուրը ավելի քան 235 երկրներում։ Եթե այո, ապա քո լուման ունես այդ ահռելի գործում։ Այն աճը, որ այսօր տեսնում ենք համաշխարհային դաշտում, իսկական հրաշք է։ Ինչո՞ւ։ Որովհետև չնայած խոչընդոտներին, սաստիկ դժվարություններին և անգամ կառավարությունների դրած արգելքներին ու կատաղի հակառակությանը՝ Եհովայի ծառաները բոլոր ազգերին հիմնովին վկայություն են տալիս Աստծու Թագավորության մասին։
9 Հարց է ծագում. ի՞նչն է պատճառը, որ ոչ մի բան, նույնիսկ Սատանայի հրահրած հալածանքը, չի կանգնեցնում բարի լուրի քարոզչությունը։ Այդ հարցի պատասխանը գտնելու համար տեղափոխվենք առաջին դար. չէ՞ որ մենք շարունակում ենք այն գործը, որն այդ ժամանակ է սկսվել։
Աշխարհածավալ գործ
10. Հիսուսն ինչի՞ն էր նվիրել իր կյանքը, և ի՞նչ էր նա գիտակցում։
10 Քրիստոնեական ժողովի Հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը, իր ամբողջ կյանքը նվիրեց վկայություն տալու գործին։ Մի անգամ նա ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43)։ Հիսուսը գիտակցում էր, որ ավարտին չէր կարող հասցնել իր սկսած գործը։ Այնուամենայնիվ, իր երկրային ծառայության վերջում նա կանխագուշակեց, որ Թագավորության լուրը կքարոզվի «բոլոր ազգերի մեջ» (Մարկ. 13։10)։ Ինչպե՞ս էր այդ գործն իրականացվելու և ո՞ւմ միջոցով։
11. Հիսուսն ի՞նչ աշխարհածավալ գործ հանձնարարեց իր աշակերտներին և ի՞նչ օգնություն խոստացավ։
11 Իր մահից ու հարությունից հետո Հիսուսն իր աշակերտներին աշխարհածավալ մի գործ հանձնարարեց։ Նա ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ «Ես ձեզ հետ եմ» խոսքերից երևում էր, որ Աստծու Որդին թիկունք էր կանգնելու իր հետևորդներին՝ քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում։ Այդ պաշտպանությունն ու աջակցությունը նրանց իրոք անհրաժեշտ էր լինելու։ Չէ՞ որ Հիսուսի խոսքերի համաձայն՝ իր աշակերտները «բոլոր ազգերի կողմից ատված էին լինելու» (Մատթ. 24։9)։ Քրիստոնյաները մեկ այլ օգնություն էլ էին ստանալու։ Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսը խոստացավ սուրբ ոգով զորացնել իր աշակերտներին, որպեսզի իր մասին վկայեն «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։
12. Ի՞նչ կարևոր հարցեր են ծագում, և ինչո՞ւ դրանք պետք է հետաքրքրեն մեզ։
12 Այս առնչությամբ մի քանի կարևոր հարցեր են ծագում։ Հիսուսի առաքյալներն ու առաջին դարի մյուս քրիստոնյաները լրջորե՞ն մոտեցան իրենց հանձնարարությանը։ Քարոզիչների այդ փոքր խումբը կարողացա՞վ հիմնովին վկայություն տալ Աստծու Թագավորության մասին՝ չնայած կատաղի հալածանքներին։ Նրանք ստացա՞ն խոստացված օգնությունը։ Եհովան իր սուրբ ոգով աջակցե՞ց նրանց՝ աշակերտներ պատրաստելու գործում։ Այս և ուրիշ հարցերի պատասխանները կարելի է գտնել «Գործեր» գրքում։ Իսկ դրանք ինչո՞ւ պետք է հետաքրքրեն մեզ։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները կատարելու են իր տված հանձնարարությունը «մինչև աշխարհի վախճանը»։ Ուստի այն վերաբերում է նաև մեզ՝ վերջին օրերում ապրող ճշմարիտ քրիստոնյաներիս։ Ահա թե ինչու է «Գործեր» գրքի պատմական արձանագրությունը շարժում մեր հետաքրքրությունը։
«Առաքյալների գործերը» գիրքը
13-14. ա) Ո՞վ է գրի առել «Գործեր» գիրքը, և ինչպե՞ս է նա հավաքել փաստերը։ բ) Ինչի՞ մասին է «Գործեր» գիրքը։
13 Ո՞վ է արձանագրել «Առաքյալների գործերը»։ Գրքում որևէ անուն չի նշվում։ Սակայն առաջին համարներից պարզ է դառնում, որ «Գործերը» գրել է այն նույն անձնավորությունը, ով գրի է առել Ղուկասի Ավետարանը (Ղուկ. 1։1-4; Գործ. 1։1, 2)։ Ուստի հնուց ի վեր ընդունված է համարել, որ գիրքն արձանագրել է «սիրելի բժիշկ» և հետևողական պատմիչ Ղուկասը (Կող. 4։14)։ «Առաքյալների գործերն» ընդգրկում է մոտ 28 տարվա պատմություն՝ սկսած Հիսուսի համբարձումից (մ. թ. 33 թ.) մինչև Հռոմում Պողոսի բանտարկության ավարտը (մ. թ. մոտ 61 թ.)։ Գրքում Ղուկասը «նրանք» դերանվան հետ մեկտեղ հաճախ օգտագործում է «մենք» դերանունը, ինչը վկայում է այն մասին, որ նա իր նկարագրած բազմաթիվ դեպքերի ականատեսն է եղել (Գործ. 16։8-10; 20։5, 6; 27։1)։ Լինելով բծախնդիր հետազոտող՝ Ղուկասն անկասկած բոլոր փաստերը գրի է առել «Գործեր»-ում հիշատակվող անհատների, ինչպես օրինակ՝ Պողոսի, Բառնաբասի և Փիլիպոսի պատմածների հիման վրա։
14 Իսկ ինչի՞ մասին է «Գործեր» գիրքը։ Եթե իր Ավետարանում Ղուկասը նկարագրում է Հիսուսի կյանքն ու գործունեությունը, ապա «Գործեր»-ում պատմում է նրա հետևորդների մասին, ովքեր հսկայածավալ աշխատանք կատարեցին, թեպետ շատերը նրանց «անուսում և հասարակ» մարդիկ էին համարում (Գործ. 4։13)։ «Գործեր»-ում պատմվում է նաև, թե ինչպես հիմնադրվեց ու աճեց քրիստոնեական ժողովը։ Այնտեղ նկարագրվում է, թե առաջին դարի քրիստոնյաներն ինչ մեթոդներով և ինչ տրամադրվածությամբ են քարոզել (Գործ. 4։31; 5։42)։ Գրքում ընդգծվում է, թե սուրբ ոգին ինչ մեծ դեր է խաղացել բարի լուրի տարածման մեջ (Գործ. 8։29, 39, 40; 13։1-3; 16։6; 18։24, 25)։ Բացի այդ՝ «Գործեր»-ում շեշտվում է Աստվածաշնչի հիմնական թեման՝ Հիսուսի ղեկավարած Թագավորության միջոցով Աստծու անվան սրբացումը։ Նաև ցույց է տրվում, թե բարի լուրն ինչպես է տարածվել կատաղի հալածանքների ներքո (Գործ. 8։12; 19։8; 28։30, 31)։
15. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ ուսումնասիրելով «Գործեր» գիրքը։
15 Ինչպես տեսնում ենք, «Գործեր» գիրքն իրոք ոգևորիչ և հավատ զորացնող տեղեկություններ է պարունակում։ Մենք շատ կտպավորվենք՝ խորհելով առաջին դարի քաջ և եռանդուն քրիստոնյաների օրինակի շուրջ, ու մեր սրտում նրանց նմանվելու ցանկություն կառաջանա։ Արդյունքում ավելի լավ կկատարենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը։ Այս հրատարակությունը կօգնի հանգամանորեն ուսումնասիրել «Գործեր» գիրքը։
Օգտակար ձեռնարկ
16. Ի՞նչ երեք նպատակ է հետապնդում այս ձեռնարկը։
16 Այս ձեռնարկը երեք նպատակ ունի. 1) ամրացնել մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով առաջնորդում է քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, 2) առաջին դարի քրիստոնյաների օրինակի միջոցով մեծացնել մեր եռանդը ծառայության հանդեպ և 3) խորացնել մեր հարգանքը Եհովայի կազմակերպության, ինչպես նաև առաջնորդություն վերցնող եղբայրների հանդեպ։
17-18. Այս գիրքն ինչպե՞ս է կազմված և ի՞նչ առանձնահատկություններ ունի անձնական ուսումնասիրության համար։
17 Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս հրատարակությունը։ Այն բաղկացած է 8 մասից, որոնցից յուրաքանչյուրում քննարկվում է «Գործեր» գրքի որոշակի հատված։ Այս ձեռնարկում համար առ համար չի բացատրվում «Գործեր» գիրքը։ Փոխարենը ընդգծվում է, թե ինչ դասեր կարող ենք քաղել նկարագրված դեպքերից և ինչպես կիրառենք դրանք։ Յուրաքանչյուր գլխի սկզբում նշվում են դրա ամփոփ բովանդակությունը, ինչպես նաև «Գործեր» գրքից քննարկվելիք համարները։
18 Այս հրատարակությունն այլ առանձնահատկություններ էլ ունի, որոնք շատ օգտակար կլինեն Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության ժամանակ։ Խորհրդածության ընթացքում գեղեցիկ նկարները կօգնեն պատկերացնել «Գործեր»-ում արձանագրված ոգևորիչ դեպքերը։ Մի շարք գլուխներում կան շրջանակներ, որոնք լրացուցիչ տեղեկություններ են պարունակում։ Որոշ շրջանակներում հետաքրքիր մանրամասներ են ներկայացվում Աստվածաշնչում հիշատակվող հավատարիմ մարդկանց մասին։ Կան նաև օգտակար փաստեր վայրերի, իրադարձությունների, սովորույթների և «Գործեր»-ում նշված այլ անձանց մասին։
19. Ժամանակ առ ժամանակ ի՞նչ պետք է անենք։
19 Այս հրատարակությունը կօգնի քեզ անկեղծ ինքնաքննություն անել։ Անկախ այն բանից, թե քանի տարի ես մասնակցում քարոզչական գործին, լավ կլինի՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնես ու մտածես, թե ինչ առաջնահերթություններ ունես և ինչպես ես վերաբերվում ծառայությանը (2 Կորնթ. 13։5)։ Հարցրու ինքդ քեզ. «Հրատապության զգացումո՞վ եմ ծառայում (1 Կորնթ. 7։29-31)։ Եռանդով ու համոզվածությա՞մբ եմ վկայություն տալիս (1 Թեսաղ. 1։5, 6)։ Լիարժեքորե՞ն եմ մասնակցում քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (Կող. 3։23)»։
20-21. Ինչո՞ւ է մեզ վստահված գործը հրատապ, և ի՞նչ պետք է վճռենք անել։
20 Թող միշտ հիշենք, որ չափազանց կարևոր հանձնարարություն ունենք՝ քարոզել բարի լուրն ու աշակերտներ պատրաստել։ Այդ հանձնարարությունը օրեցօր ավելի հրատապ է դառնում։ Այս աշխարհի վերջը սրընթաց մոտենում է։ Վտանգի տակ են բազմաթիվ կյանքեր։ Մենք չգիտենք, թե սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող ինչքան մարդ դեռ կարձագանքի բարի լուրին (Գործ. 13։48)։ Բայց մեր պարտականությունն է օգնել նրանց, քանի դեռ ուշ չէ (1 Տիմոթ. 4։16)։
21 Ուստի անչափ կարևոր է, որ ընդօրինակենք առաջին դարի եռանդուն քարոզիչներին։ Թող որ այս գրքի ուսումնասիրությունը մղի քեզ ծառայելու է՛լ ավելի մեծ եռանդով ու համարձակությամբ։ Եվ թող որ այն օգնի քեզ վճռականորեն շարունակելու «հիմնովին վկայություն տալ Աստծու թագավորության մասին» (Գործ. 28։23)։