Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 4

«Անուսում և հասարակ մարդիկ»

«Անուսում և հասարակ մարդիկ»

Եհովան օրհնում է առաքյալների համարձակությունը

Գործեր 3։1-5։11

1-2. Ի՞նչ հրաշք գործեցին Պետրոսն ու Հովհաննեսը տաճարի դարպասի մոտ։

 ՊԱՅԾԱՌ, արևոտ օր է։ Երուսաղեմի տաճարը լեփ-լեցուն է հավատացյալ հրեաներով, որոնց թվում են նաև Հիսուսի աշակերտները։ Մոտենում է «աղոթքի ժամը» a (Գործ. 2։46; 3։1)։ Պետրոսն ու Հովհաննեսը գնում են դեպի Գեղեցիկ կոչվող դարպասը։ Այդ թոհուբոհի մեջ նստած է միջին տարիքի մի մուրացկան։ Ի ծնե հաշմանդամ այդ տղամարդը ողորմություն է խնդրում անցնող-դարձողներից (Գործ. 3։2; 4։22

2 Երբ Պետրոսն ու Հովհաննեսը մոտենում են, մուրացկանը սկսում է անգիր արած խոսքերով փող խնդրել։ Նկատելով, որ առաքյալները կանգ են առնում՝ տղամարդը հույսով լի աչքերով նայում է նրանց։ Սակայն Պետրոսն ասում է. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն եմ տալիս. Հիսուս Քրիստոսի՝ նազովրեցու անունով՝ վե՛ր կաց ու քայլի՛ր»։ Ապա առաքյալը բարձրացնում է հաշմանդամին, և նա կյանքում առաջին անգամ ոտքի է կանգնում (Գործ. 3։6, 7)։ Պատկերացնո՞ւմ ես, թե մարդիկ որքան են ապշում, երբ տեսնում են, թե ինչպես է մուրացկանը կատարում իր առաջին անհաստատ քայլը։ Բուժված տղամարդը զարմացած նայում է իր ոտքերին։ Անհավատալի է, բայց նա քայլո՛ւմ է։ Տղամարդը ուրախությունից սկսում է ցատկոտել և բարձր ձայնով փառաբանել Աստծուն։

 3. Պետրոսն ի՞նչ արժեքավոր բան առաջարկեց։

3 Տաճարում իրարանցում է սկսվում։ Մարդիկ վազում են դեպի Սողոմոնի սյունաշարը, որտեղ մի ժամանակ սովորեցրել էր Հիսուսը։ Պետրոսը սկսում է բացատրել տեղի ունեցածի իրական նշանակությունը (Հովհ. 10։23)։ Դրանով առաքյալը իր ունկնդիրներին, այդ թվում՝ բուժված տղամարդուն, առաջարկում է մի բան, որը շատ ավելի արժեքավոր է, քան ոսկին, արծաթը և նույնիսկ առողջությունը։ Պետրոսը բոլորին հայտնում է, որ զղջալու դեպքում նրանք մեղքերի թողություն կստանան և կդառնան Եհովայի կողմից նշանակված «կյանքի Գլխավոր Առաջնորդի»՝ Հիսուս Քրիստոսի հետևորդը (Գործ. 3։15

 4. ա) Պետրոսի և Հովհաննեսի կատարած հրաշքից հետո իշխանություն ունեցողներն ի՞նչ փորձեցին անել։ բ) Ի՞նչ երկու հարցեր են ծագում։

4 Ի՜նչ հրաշալի օր էր։ Մի հաշմանդամ ֆիզիկապես բուժվեց և կարողացավ քայլել։ Իսկ հազարավոր մարդիկ հնարավորություն ստացան հոգևորապե՛ս բուժվելու և քայլելու «Եհովային արժանի կերպով» (Կող. 1։9, 10)։ Սակայն իշխանություն ունեցողները սկսեցին հետապնդել Քրիստոսի հավատարիմ հետևորդներին, որպեսզի խանգարեն նրանց կատարելու Հիսուսի պատվերը՝ քարոզելու Թագավորության բարի լուրը (Գործ. 1։8)։ Ուշագրավ է, որ Պետրոսն ու Հովհաննեսը, «անուսում և հասարակ» լինելով հանդերձ, հաջողությամբ վկայություն տվեցին հավաքվածներին։ b Ուստի հարց է ծագում. ի՞նչ կարող ենք սովորել նրանց ուսուցանելու մեթոդներից (Գործ. 4։13)։ Եվ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել հալածանքը՝ ընդօրինակելով առաջին քրիստոնյաներին։

Ոչ «մեր զորության.... շնորհիվ» (Գործեր 3։11-26)

 5. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Պետրոսն ինչպես խոսեց մարդկանց հետ։

5 Պետրոսն ու Հովհաննեսը գիտեին, որ հավաքվածների թվում կային մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ պահանջել էին մահապատժի ենթարկել Հիսուսին (Մարկ. 15։8-15; Գործ. 3։13-15)։ Պատկերացրու, թե Պետրոսին ի՜նչ մեծ քաջություն էր պետք՝ հայտարարելու, որ հաշմանդամը Հիսուսի անունով է բուժվել։ Առաքյալը չքողարկեց ճշմարտությունը. նա բացահայտ կերպով ասաց, որ ներկաները մասնակից էին եղել Քրիստոսի սպանությանը։ Չնայած դրան՝ Պետրոսը չարությամբ չխոսեց նրանց հետ, քանի որ «անգիտությամբ էին վարվել» (Գործ. 3։17)։ Ավելին՝ առաքյալը նրանց եղբայրներ անվանեց և խոսեց Թագավորության բարի լուրի մասին։ Նա ասաց, որ եթե ներկաները զղջան և հավատ ընծայեն Քրիստոսին, «Եհովան թարմություն կբերի» նրանց (Գործ. 3։19)։ Մենք նույնպես պետք է համարձակ և բացահայտ կերպով հռչակենք Աստծու գալիք դատաստանի մասին, բայց միևնույն ժամանակ չպիտի լինենք աննրբանկատ, կոպիտ ու քննադատող։ Փոխարենը պետք է մարդկանց համարենք մեր ապագա եղբայրներն ու քույրերը և Թագավորության լուրը քարոզելիս Պետրոսի նման կենտրոնանանք դրական բաների վրա։

 6. Պետրոսն ու Հովհաննեսը ինչպե՞ս խոնարհություն ու համեստություն դրսևորեցին։

6 Առաքյալները համեստ և խոնարհ մարդիկ էին։ Նրանք իրենց չվերագրեցին այն հրաշքը, որ գործել էին։ Դա երևում է Պետրոսի հետևյալ խոսքերից. «Ինչո՞ւ եք զարմանում սրա վրա և ինչո՞ւ եք ձեր աչքերը մեզ վրա հառել, ասես մեր զորության կամ Աստծու հանդեպ մեր նվիրվածության շնորհիվ նա քայլեց» (Գործ. 3։12)։ Բոլոր առաքյալները գիտակցում էին, որ իրենց ծառայությունը կատարում են Աստծու զորությամբ և ոչ թե սեփական ուժերով։ Ուստի իրենց ձեռքբերումների համար ողջ փառքը համեստորեն ուղղում էին Եհովային ու Հիսուսին։

7-8. ա) Ո՞ր հնարավորության մասին ենք հայտնում մարդկանց։ բ) Այսօր ինչպե՞ս է կատարվում «բոլոր բաների վերականգնման» մասին մարգարեությունը։

7 Բարի լուրը քարոզելիս մենք նույնպես պետք է համեստ լինենք։ Ինչ խոսք, այսօր Աստված քրիստոնյաներին բուժումներ անելու զորություն չի տալիս։ Այնուհանդերձ, մենք կարող ենք օգնել մարդկանց հավատ զարգացնելու Քրիստոսի և Աստծու հանդեպ, ինչպես նաև ձեռք բերելու այն, ինչի մասին Պետրոսը ժամանակին խոսեց տաճարում. մեղքերի թողություն և Եհովայից թարմություն ստանալու հնարավորություն։ Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ օգտվում են այդ հնարավորությունից ու դառնում Քրիստոսի մկրտված հետևորդներ։

8 Մենք ապրում ենք Պետրոսի նշած «բոլոր բաների վերականգնման» ժամանակաշրջանում։ Ինչպես «Աստված խոսել էր հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով», այն սկսվեց 1914 թ.-ին, երբ երկնքում հաստատվեց Թագավորությունը (Գործ. 3։21; Սաղ. 110։1-3; Դան. 4։16, 17)։ Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Քրիստոսը նախաձեռնեց ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու գործը։ Արդյունքում միլիոնավոր մարդիկ սկսեցին վայելել հոգևոր դրախտը և դարձան Աստծու Թագավորության հպատակներ։ Նրանք հանեցին իրենց հին, ապականված անձնավորությունը և հագան նորը, «որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն» (Եփես. 4։22-24)։ Այս ամենն իրագործվում է ոչ թե մարդկային ջանքերով, այլ Աստծու սուրբ ոգով՝ այն նույն ոգով, որի օգնությամբ բուժվեց հաշմանդամ տղամարդը։ Պետրոսի նման մենք պետք է Աստծու Խոսքը համարձակությամբ և հմտորեն օգտագործենք ուրիշներին սովորեցնելիս։ Եվ մարդկանց Քրիստոսի աշակերտ դարձնելու հարցում ինչ հաջողության էլ հասնենք, միշտ պետք է հիշենք, որ դա ոչ թե մեր սեփական ուժերի, այլ սուրբ ոգու շնորհիվ է։

«Մենք չենք կարող չխոսել» (Գործեր 4։1-22)

9-11. ա) Հրեա առաջնորդներն ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսի ու Հովհաննեսի խոսքերին։ բ) Առաքյալներն ի՞նչ էին վճռել։

9 Պետրոսի ելույթը, ինչպես նաև բուժված տղամարդու ուրախ բացականչությունները մեծ իրարանցում առաջացրին։ Արդյունքում ավագ քահանաները և տաճարի վերահսկիչը, որ հոգ էր տանում անվտանգության մասին, շտապ եկան տեսնելու, թե ինչ է եղել։ Նրանք հավանաբար սադուկեցիների աղանդից էին։ Դա քաղաքական ասպարեզում ազդեցիկ և հարուստ կրոնական մի ուղղություն էր, որի նպատակն էր խաղաղ փոխհարաբերություններ ապահովել Հռոմի հետ։ Սադուկեցիները մերժում էին փարիսեցիների սիրելի բանավոր օրենքը և ծաղրուծանակի էին ենթարկում հարության ուսմունքը։ c Ուստի երբ նրանք տեսան, որ Պետրոսն ու Հովհաննեսը համարձակորեն քարոզում են Հիսուսի հարության մասին, խիստ բարկացան։

10 Զայրացած հակառակորդները Պետրոսին ու Հովհաննեսին բանտ նետեցին, իսկ հաջորդ օրը առաքյալներին կանգնեցրին հրեական բարձրագույն դատարանի՝ Սինեդրիոնի առջև։ Իշխանավորները Պետրոսին ու Հովհաննեսին համարում էին «անուսում և հասարակ մարդիկ», որոնք տաճարում սովորեցնելու իրավունք չունեին։ Չէ՞ որ նրանք որևէ հայտնի հոգևոր դպրոց չէին ավարտել։ Սակայն առաքյալներն այնպիսի համոզվածությամբ էին խոսում, որ ատյանի անդամները շփոթվել էին։ Ինչպե՞ս Պետրոսին ու Հովհաննեսին հաջողվեց արդյունավետ վկայություն տալ։ Նախևառաջ այն բանի շնորհիվ, որ «Հիսուսի հետ էին եղել» (Գործ. 4։13)։ Իսկ իրենց Ուսուցիչը հեղինակությամբ էր սովորեցնում, ոչ թե դպիրների պես (Մատթ. 7։28, 29

11 Ատյանը առաքյալներին արգելեց քարոզել։ Այն օրերում Սինեդրիոնի վճիռը օրենք էր։ Հիշյալ դեպքերից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ Հիսուսը կանգնել էր նույն դատարանի առջև, դրա անդամները նրան «մահապարտ» էին հայտարարել (Մատթ. 26։59-66)։ Սակայն դա չկանգնեցրեց Պետրոսին ու Հովհաննեսին։ Նրանք ատյանի հարուստ, կրթված և ազդեցիկ անդամներին անվախորեն, բայցև հարգալից կերպով ասացին. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործ. 4։19, 20

12. Ի՞նչը կօգնի, որ համարձակություն և համոզվածություն զարգացնես։

12 Իսկ դու նման համարձակություն դրսևորո՞ւմ ես։ Ի՞նչ ես զգում, երբ քարոզում ես կրթված, հարուստ կամ իշխանություն ունեցող մարդկանց։ Կամ ինչպե՞ս ես արձագանքում, երբ ընտանիքիդ անդամները, համադասարանցիներդ կամ աշխատակիցներդ հավատիդ համար ծաղրում են քեզ։ Վախենո՞ւմ ես։ Եթե այո, մի՛ հուսահատվիր։ Դու կարո՛ղ ես հաղթահարել այդ զգացումը։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, առաքյալներին սովորեցնում էր համոզվածությամբ ու նրբանկատորեն պաշտպանել իրենց հավատը (Մատթ. 10։11-18)։ Հարություն առնելուց հետո նա խոստացավ իր աշակերտների հետ լինել «մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Այսօր Հիսուսի առաջնորդությամբ «հավատարիմ և իմաստուն ծառան» սովորեցնում է մեզ, թե ինչպես պաշտպանենք մեր հավատը (Մատթ. 24։45-47; 1 Պետ. 3։15)։ Դա արվում է ժողովի հանդիպումների, օրինակ՝ «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ժամանակ, կամ էլ աստվածաշնչյան հրատարակությունների՝ օրինակ jw.org կայքի «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» հոդվածաշարի միջոցով։ Լիարժեքորեն օգտվո՞ւմ ես այդ ամենից։ Եթե այո, ապա համարձակությունդ և համոզվածությունդ կավելանան։ Առաքյալների պես՝ դու էլ թույլ չես տա՝ որևէ բան խանգարի քեզ խոսելու այն թանկ ճշմարտությունների մասին, որոնք տեսել ես ու լսել։

Թող ոչինչ չխանգարի քեզ խոսելու թանկ ճշմարտությունների մասին

«Նրանք.... իրենց ձայնը բարձրացրին առ Աստված» (Գործեր 4։23-31)

13-14. Ի՞նչ պետք է անենք հակառակության բախվելիս և ինչո՞ւ։

13 Բանտից ազատ արձակվելուց անմիջապես հետո Պետրոսն ու Հովհաննեսը գնացին հավատակիցների մոտ։ Նրանք միասին «իրենց ձայնը բարձրացրին առ Աստված» և համարձակություն խնդրեցին, որ շարունակեն քարոզել (Գործ. 4։24)։ Պետրոսն իր փորձից գիտեր, որ Աստծու կամքը կատարելու գործում անմտություն է վստահել սեփական ուժերին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա ինքնավստահորեն ասել էր Հիսուսին. «Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։ Սակայն Հիսուսի կանխագուշակման համաձայն՝ նա, շատ արագ տրվելով մարդավախությանը, ուրացել էր իր ուսուցչին ու ընկերոջը։ Այնուամենայնիվ, Պետրոսը դաս էր քաղել իր սխալից (Մատթ. 26։33, 34, 69-75

14 Միայն վճռականությունը բավական չէ Հիսուսի պատվերը կատարելու համար։ Երբ հակառակորդները փորձում են կոտրել քո հավատը կամ արգելում են քարոզել, հետևիր Պետրոսի և Հովհաննեսի օրինակին։ Աղոթիր Եհովային և խնդրիր, որ զորացնի քեզ։ Օգնություն փնտրիր ժողովում։ Քո դժվարությունների մասին պատմիր երեցներին կամ հոգևորապես հասուն այլ անհատների։ Հավատակիցների աղոթքները կարող են զորության մեծ աղբյուր լինել քեզ համար (Եփես. 6։18; Հակ. 5։16

15. Ինչո՞ւ կարիք չկա հուսահատվելու, եթե անցյալում մի որոշ ժամանակ դադարել ես քարոզել։

15 Եթե անցյալում տրվել ես ճնշմանը և մի որոշ ժամանակ դադարել ես քարոզել, մի՛ հուսահատվիր։ Հիշիր, որ Հիսուսի մահից հետո բոլոր առաքյալներն էլ որոշ ժամանակ չէին քարոզում։ Սակայն շուտով նրանք նորից ակտիվ դարձան (Մատթ. 26։56; 28։10, 16-20)։ Ուստի սխալներիդ պատճառով թևաթափ լինելու փոխարեն դասեր քաղիր քեզ հետ պատահածից և քո օրինակով զորացրու ուրիշներին։

16-17. Ի՞նչ ենք սովորում Երուսաղեմում գտնվող քրիստոնյաների աղոթքից։

16 Ինչի՞ մասին պետք է աղոթենք, երբ իշխանությունները հալածում են մեզ։ Ուշագրավ է, որ աշակերտները չխնդրեցին փորձություններից ազատվելու մասին։ Նրանք հիշում էին Հիսուսի խոսքերը. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Ուստի այդ հավատարիմ աշակերտները աղաչեցին Եհովային, որ «ուշադրություն դարձնի» հակառակորդների սպառնալիքներին (Գործ. 4։29)։ Նրանք տեսնում էին ամբողջական պատկերը՝ գիտակցում էին, որ հալածանքը Հիսուսի մարգարեական խոսքերի իրականացումն է։ Նա սովորեցրել էր աշակերտներին աղոթել, որ Աստծու կամքն իրագործվի «երկրի վրա»։ Աշակերտները վստահ էին, որ հենց այդպես էլ լինելու է՝ անկախ իշխանություն ունեցող մարդկանց արձագանքից (Մատթ. 6։9, 10

17 Սրտանց ցանկանալով կատարել Աստծու կամքը՝ աշակերտներն աղոթեցին. «Այնպես արա, որ ծառաներդ համարձակությամբ քարոզեն քո խոսքը»։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ «Այն տեղը, որտեղ [աշակերտները] հավաքվել էին, շարժվեց, ու բոլորը սուրբ ոգով լցվեցին և համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում» (Գործ. 4։29-31)։ Ոչինչ չի կարող խանգարել Եհովային՝ իրագործելու իր կամքը (Ես. 55։11)։ Եթե աղոթենք Աստծուն, նա կզորացնի մեզ։ Արդյունքում կշարունակենք համարձակությամբ քարոզել, որքան էլ դա անհնարին թվա, և որքան էլ հակառակորդներն ուժեղ լինեն։

Հաշվետու ենք «ոչ թե մարդկանց.... այլ Աստծուն» (Գործեր 4։32-5։11)

18. Երուսաղեմի ժողովի անդամները ինչպե՞ս էին օգնում միմյանց։

18 Երուսաղեմի նորաստեղծ ժողովը շատ արագ աճեց։ Կարճ ժամանակում նրանց թիվը հատեց 5 000-ը։ d Թեպետ քրիստոնյաները տարբեր ծագում և բնավորություն ունեին, նրանց սիրտն ու հոգին մեկ էր, այսինքն՝ միաբանված էին մտածելակերպով (Գործ. 4։32; 1 Կորնթ. 1։10)։ Աշակերտները ոչ միայն աղոթում էին Եհովային, որ օրհնի իրենց ջանքերը, այլև աջակցում էին միմյանց հոգևորապես, անհրաժեշտության դեպքում՝ նաև նյութապես (1 Հովհ. 3։16-18)։ Օրինակ՝ Հովսեփը, որին առաքյալները Բառնաբաս կոչեցին, վաճառեց իր հողակտորը և անշահախնդրորեն նվիրաբերեց ողջ գումարը, որպեսզի օգնի հեռավոր երկրներից եկածներին որոշ ժամանակ մնալ Երուսաղեմում և ավելացնել իրենց նոր հավատի մասին գիտելիքները։

19. Եհովան ինչո՞ւ մահապատժի ենթարկեց Անանիային ու Սաֆիրային։

19 Մի ամուսնական զույգ՝ Անանիան և Սաֆիրան, նույնպես վաճառեց իր կալվածքը և նվիրատվություն արեց։ Բայց նրանք խաբեության դիմեցին. «փողի մի մասը թաքցրին», մինչդեռ հայտարարեցին, թե ամբողջ փողն են տվել (Գործ. 5։2)։ Եհովան Անանիային ու Սաֆիրային մահով պատժեց։ Պատճառն այն չէր, որ նրանք քիչ էին նվիրաբերել, այլ այն, որ դա արել էին չար մղումներով ու խաբեության դիմելով։ Նրանք «ոչ թե մարդկանց էին ստել, այլ Աստծուն» (Գործ. 5։4)։ Հիսուսի հանդիմանությանն արժանացած կեղծավորների պես՝ Անանիան ու Սաֆիրան մտածում էին մարդկանց կողմից փառաբանվելու մասին, ոչ թե Աստծու հավանությունը շահելու (Մատթ. 6։1-3

20. Մեր ունեցածից Եհովային տալու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում։

20 Մեր օրերում Եհովայի վկաները, ընդօրինակելով առաջին դարի հավատարիմ քրիստոնյաների առատաձեռնությունը, իրենց հոժարակամ նվիրատվություններով աջակցում են Թագավորության գործին։ Ոչ ոք ստիպողաբար չի տրամադրում իր ժամանակը կամ փողը։ Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը դժկամությամբ կամ հարկադրանքով ծառայի (2 Կորնթ. 9։7)։ Աստված գնահատում է ոչ թե մարդու նվիրատվության չափը, այլ նրա մղումները (Մարկ. 12։41-44)։ Մենք չենք ուզում նմանվել Անանիային ու Սաֆիրային և մեր սուրբ ծառայությունը կատարել շահադիտական կամ փառասիրական նկատառումներով։ Փոխարենը ուզում ենք ընդօրինակել Պետրոսին, Հովհաննեսին և Բառնաբասին՝ մեր ծառայությունը կատարելով Աստծու և մերձավորի հանդեպ անկեղծ սիրուց մղված (Մատթ. 22։37-40

a Տաճարում աղոթքներ էին մատուցվում առավոտյան ու երեկոյան զոհի ժամերին։ Երեկոյան աղոթքը սկսվում էր «իններորդ ժամին»՝ մոտավորապես 15։00-ին։

d Մ. թ. 33 թ.-ին, ամենայն հավանականությամբ, Երուսաղեմում ընդամենը 6 000 փարիսեցի կար։ Իսկ սադուկեցիների թիվը ավելի քիչ էր։ Հնարավոր է՝ սա ևս մեկ պատճառ էր, թե ինչու էին նրանք Հիսուսի ուսմունքների տարածման մեջ վտանգ տեսնում։