ԳԼՈՒԽ 3
«Սուրբ ոգով լցվեցին»
Սուրբ ոգու պարգևը Պենտեկոստեի ժամանակ
1. Ի՞նչ մթնոլորտ էր տիրում Պենտեկոստեի տոնի ժամանակ։
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ փողոցներում աշխույժ եռուզեռ է։ a Զոհասեղանի ծուխը երկինք է բարձրանում։ Լսվում է քահանաների օրհներգությունը, որոնք երգում են անտիֆոնային, կամ՝ փոխնիփոխ ոճով (Սաղ. 113-118)։ Քաղաքը լի է հյուրերով։ Նրանք եկել են այնպիսի հեռավոր վայրերից, ինչպիսիք են Ելամը, Միջագետքը, Կապադովկիան, Պոնտոսը, Հռոմն ու Եգիպտոսը։ b Այս ամենի պատճառը Պենտեկոստեի տոնն է, որը կոչվում է նաև «առաջին հասած պտուղների օր» (Թվեր 28։26)։ Այս ուրախալի տարեկան տոնը նշանավորում է գարու բերքահավաքի վերջը և ցորենի բերքահավաքի սկիզբը։
2. Ի՞նչ զարմանալի դեպքեր տեղի ունեցան մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։
2 Մ. թ. 33 թ. գարնանային այդ օրը՝ առավոտյան մոտավորապես ժամը 9-ին, տեղի ունեցավ մի բան, որը զարմանքով հիշվելու էր դարեր շարունակ։ «Հանկարծ երկնքից աղմուկ լսվեց՝ սաստիկ հողմի ձայնի նման» և լցրեց այն տունը, որտեղ հավաքվել էին Հիսուսի մոտ 120 աշակերտները (Գործ. 2։2)։ Հետո անհավատալի մի բան տեղի ունեցավ. աշակերտներից յուրաքանչյուրի գլխին ասես կրակե լեզուներ երևացին։ c Նրանք «սուրբ ոգով լցվեցին» և սկսեցին խոսել օտար լեզուներով։ Երբ աշակերտներն այդ տնից դուրս եկան, ապշեցրին Երուսաղեմ ժամանած հյուրերին. նրանք յուրաքանչյուրի հետ խոսում էին նրա «մայրենի լեզվով» (Գործ. 2։1-6)։
3. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մ. թ. 33 թ. Պենտեկոստեն շրջադարձային եղավ մաքուր երկրպագության պատմության մեջ։ բ) Պետրոսն ինչպե՞ս օգտագործեց «Թագավորության բանալիներից» առաջինը։
3 Դա շրջադարձային եղավ մաքուր երկրպագության պատմության մեջ. այդ օրը ծնվեց հոգևոր Իսրայելը՝ օծյալ քրիստոնյաների ժողովը (Գաղ. 6։16)։ Բայց դա դեռ ամենը չէր։ Պետրոսն այդ օրը ելույթ ունեցավ հավաքված բազմության առջև՝ գործածելով Թագավորության այն երեք բանալիներից առաջինը, որոնք յուրահատուկ օրհնությունների դուռ էին բացելու տարբեր խմբերի մարդկանց առաջ (Մատթ. 16։18, 19)։ Առաջին բանալին հրեաներին ու պրոզելիտներին հնարավորություն տվեց ընդունելու բարի լուրը և օծվելու Աստծու սուրբ ոգով։ d Այդպես նրանք հոգևոր Իսրայելի մաս կազմեցին և հույս ստացան դառնալու թագավորներ ու քահանաներ Մեսիական Թագավորության մեջ (Հայտն. 5։9, 10)։ Ժամանակի ընթացքում նույն հնարավորությունն ընձեռվեց սամարացիներին, իսկ հետո նաև այլազգիներին։ Ի՞նչ կարող ենք սովորել մ. թ. 33 թ. Պենտեկոստեի նշանակալից իրադարձություններից։
«Բոլորը միասին մեկտեղ էին» (Գործեր 2։1-4)
4. Մերօրյա քրիստոնեական ժողովը ինչպե՞ս է շարունակում մ. թ. 33 թ.-ին սկիզբ առած ժողովի գործը։
4 Հիմնադրման պահին քրիստոնեական ժողովը բաղկացած էր սուրբ ոգով օծված մոտ 120 աշակերտներից, որոնք միասին հավաքվել էին մի վերնասենյակում (Գործ. 2։1)։ Հենց նույն օրվա ավարտին այդ ժողովը համալրվեց նոր մկրտված հազարավոր անհատներով։ Այդպես սկիզբ դրվեց մի կազմակերպության, որը շարունակում է աճել ընդհուպ մինչև մեր օրերը։ Ներկայումս աստվածավախ տղամարդկանցից ու կանանցից բաղկացած այդ կազմակերպության՝ ժամանակակից քրիստոնեական ժողովի միջոցով է քարոզվում Թագավորության բարի լուրը «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար», մինչև որ գա վերջը (Մատթ. 24։14)։
5. Թե՛ առաջին դարում, թե՛ այսօր ի՞նչ օրհնություններ է բերում քրիստոնեական ժողովի մի մասը լինելը։
5 Քրիստոնեական ժողովը պետք է նաև հոգևոր ուժի աղբյուր լիներ թե՛ օծյալների, թե՛ հետագայում «ուրիշ ոչխարների» համար (Հովհ. 10։16)։ Արտահայտելով իր երախտագիտությունը ժողովի անդամների աջակցության համար՝ Պողոսը Հռոմի քրիստոնյաներին գրեց. «Փափագում եմ տեսնել ձեզ, որպեսզի հոգևոր պարգև փոխանցեմ, որ հաստատուն լինեք, կամ, ավելի շուտ, որ փոխադարձ քաջալերություն ստանանք միմյանց հավատով՝ ինչպես ձեր, այնպես էլ իմ» (Հռոմ. 1։11, 12)։
6-7. Այսօր քրիստոնեական ժողովն ինչպե՞ս է կատարում բոլոր ազգերին քարոզելու մասին Հիսուսի պատվերը։
6 Այսօր քրիստոնեական ժողովն այն նույն գործն է անում, ինչ առաջին դարում։ Հիսուսն իր աշակերտներին մի դժվար, բայցև ոգևորիչ հանձնարարություն էր տվել։ Նա ասել էր. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։
7 Այսօր այդ հանձնարարությունը կատարվում է Եհովայի վկաների քրիստոնեական ժողովի միջոցով։ Ինչ խոսք, հեշտ չէ բարի լուրը հասցնել տարբեր ազգերի մարդկանց։ Այս նպատակով Եհովայի վկաները Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր են թողարկում ավելի քան 1 000 լեզուներով։ Եթե ակտիվորեն համագործակցում ես քրիստոնեական ժողովի հետ և մասնակցում ես քարոզելու ու աշակերտներ պատրաստելու գործին, ապա ուրախանալու մեծ պատճառ ունես։ Չէ՞ որ դու այն մարդկանցից մեկն ես, ովքեր հիմնովին վկայություն են տալիս Եհովայի անվան մասին։ Այսօր քչերն են արժանանում նման պատվի։
8. Քրիստոնեական ժողովն ինչպե՞ս է օգնում յուրաքանչյուրիս։
8 Եհովան մեզ համաշխարհային եղբայրություն է պարգևել, որպեսզի չկորցնենք մեր ուրախությունը և դիմանանք այս դժվար ժամանակներում։ Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին գրեց. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ Փաստորեն, քրիստոնեական ժողովում մենք կարող ենք և՛ քաջալերել, և՛ քաջալերվել։ Սա իսկական պարգև է Եհովայից։ Ուրեմն մտերիմ եղիր քո հոգևոր եղբայրների ու քույրերի հետ և երբեք բաց մի՛ թող ժողովի հանդիպումները։
«Ամեն մեկը լսում էր.... իր իսկ մայրենի լեզուն» (Գործեր 2։5-13)
9-10. Ի՞նչ ջանքեր են ներդնում ոմանք, որպեսզի քարոզեն օտարախոսներին։
9 Պատկերացրու՝ ինչ ոգևորություն էր տիրում հրեաների ու պրոզելիտների մեջ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։ Նրանցից շատերը հավանաբար տիրապետում էին հունարենին կամ եբրայերենին։ Սակայն այդ պահին «ամեն մեկը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին [աշակերտները] խոսում» (Գործ. 2։6)։ Ներկաները, անկասկած, շատ էին տպավորվել դրանից։ Ինչ խոսք, մեր օրերում քրիստոնյաները չեն կարող հրաշքով խոսել օտար լեզուներով։ Սակայն շատերը պատրաստակամորեն ձգտում են Թագավորության լուրը հասցնել բոլոր ազգերի մարդկանց։ Ինչպե՞ս։ Ոմանք օտար լեզու են սովորում, որպեսզի ծառայեն օտարալեզու ժողովում կամ նույնիսկ այլ երկրում։ Նրանցից շատերը նկատել են, որ իրենց ջանքերը խորապես տպավորում են այդ լեզվով խոսողներին։
10 Օրինակ՝ Քրիստին անունով մի քույր յոթ ուրիշ Վկաների հետ մասնակցում էր գուջարաթի լեզվի դասընթացներին։ Այդ լեզվով խոսում էր նրա աշխատակցուհիներից մեկը։ Մի անգամ Քրիստինը ողջունեց նրան գուջարաթի լեզվով, ինչը շատ տպավորեց աշխատակցուհուն։ Վերջինս ցանկացավ իմանալ, թե ինչու է Քրիստինը գուջարաթի սովորում, չէ՞ որ այն շատ բարդ լեզու է։ Դա վկայություն տալու հիանալի առիթ եղավ։ Աշխատակցուհին նշեց. «Դուք իրոք կարևոր բան ունեք ասելու»։
11. Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել քարոզելու բարի լուրը օտար լեզվով խոսող մարդկանց։
11 Իհարկե, ոչ բոլորս կարող ենք օտար լեզու սովորել։ Սակայն բոլորս էլ կարող ենք պատրաստ լինել Թագավորության լուրը քարոզելու այլազգի մարդկանց։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ օգտվելով JW Language® հավելվածից՝ կարող ենք մեր տարածքում հանդիպող օտար լեզուներից մեկով պարզ ողջույնի խոսքեր սովորել։ Կարող ենք նաև մի քանի արտահայտություններ սովորել այդ լեզվով, որպեսզի զարգացնենք մարդկանց հետաքրքրությունը։ Նրանց կարող ենք ծանոթացնել jw.org կայքին և ցույց տալ, թե իրենց լեզվով որքան շատ տեսանյութեր ու հրատարակություններ են առկա։ Առաջին դարի մեր հավատակիցները մեծ ուրախություն ապրեցին՝ տեսնելով այլազգի մարդկանց զարմանքը, երբ «ամեն մեկը լսում էր.... իր իսկ մայրենի լեզուն»։ Օգտվելով ծառայության այս գործիքներից՝ մենք էլ այդ նույն ուրախությունը կապրենք։
«Պետրոսը.... վեր կացավ» (Գործեր 2։14-37)
12. ա) Հովելի ո՞ր մարգարեությունը կատարվեց մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։ բ) Ինչո՞ւ զարմանալի չէր, որ Հովելի մարգարեությունը կատարվեց առաջին դարի աշակերտների վրա։
12 Մ. թ. 33 թ. Պենտեկոստեին «Պետրոսը.... վեր կացավ» և խոսեց բազմազգ ժողովրդի առջև (Գործ. 2։14)։ Նա բացատրեց, որ տարբեր լեզուներով խոսելու կարողությունը հրաշք է Աստծու կողմից, որով կատարվեց Հովելի հետևյալ մարգարեությունը. «Իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա» (Հովել 2։28)։ Այդպես իրականացավ նաև Հիսուսի խոստումը։ Երկինք համբարձվելուց առաջ նա իր աշակերտներին ասել էր. «Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական կտա»։ Այդ օգնականը սուրբ ոգին էր (Հովհ. 14։16, 17)։
13-14. Պետրոսն ինչպե՞ս հասավ իր ունկնդիրների սրտին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
13 Իր ելույթի վերջում Պետրոսը հետևյալ սթափեցնող խոսքերն ասաց. «Թող որ Իսրայելի ամբողջ տունը հաստատ իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Քրիստոս արեց, այս Հիսուսին, որին դուք ցցին գամեցիք» (Գործ. 2։36)։ Պետրոսին լսողներից շատերը նույնիսկ ներկա չէին եղել Հիսուսի սպանությանը։ Այնուամենայնիվ, նրանք ազգովի պատասխանատվություն էին կրում այդ արարքի համար։ Սակայն արժե ուշադրություն դարձնել, որ Պետրոսը հրեաների հետ հարգանքով խոսեց և ջանք թափեց հասնելու նրանց սրտին։ Առաքյալը ուզում էր ոչ թե դատապարտել իր ունկնդիրներին, այլ մղել նրանց զղջալու։ Արդյոք նա հասա՞վ իր նպատակին։ Անշո՛ւշտ։ Ներկաները «մինչև իրենց սրտի խորքը ցնցվեցին» և անգամ հարցրին՝ «ի՞նչ անենք»։ Այո՛, հարգալից կերպով խոսելու շնորհիվ Պետրոսին հաջողվեց հասնել նրանց սրտին (Գործ. 2։37)։
14 Մարդկանց սրտին հասնելու հարցում կարող ենք ընդօրինակել Պետրոսին։ Օրինակ՝ երբ քարոզչական ծառայության ժամանակ մեր զրուցակիցը ոչ սուրբգրային միտք է ասում, չարժե անմիջապես հերքել այն։ Ավելի ճիշտ կլինի խոսել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համակարծիք ենք։ Փորձելով ընդհանուր եզրեր գտնել զրուցակցի հետ՝ կկարողանանք նրբանկատորեն օգնել նրան հասկանալու Աստծու Խոսքը։ Երբ աստվածաշնչյան ճշմարտությունները նման կերպով ենք ներկայացնում, անկեղծ սիրտ ունեցող մարդիկ հաճախ դրականորեն են արձագանքում։
«Ձեզանից ամեն մեկը թող մկրտվի» (Գործեր 2։38-47)
15. ա) Ի՞նչ խրախուսեց Պետրոսը, և ինչպե՞ս արձագանքեցին նրա ունկնդիրները։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Պենտեկոստեի օրը Քրիստոսին ընդունած անհատները պատրաստ էին մկրտության։
15 Մ. թ. 33 թ. Պենտեկոստեին Պետրոսը ազնվասիրտ հրեաներին ու պրոզելիտներին ասաց. «Զղջացեք, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի» (Գործ. 2։38)։ Արդյունքում 3 000 հոգի մկրտվեց։ Դա հավանաբար տեղի ունեցավ Երուսաղեմի կամ դրա մերձակայքի ջրավազաններում։ e Արդյո՞ք այդ մարդիկ պահի ազդեցության տակ մկրտվեցին։ Սուրբգրային այս դրվագը հիմք տալի՞ս է Աստվածաշունչ ուսումնասիրողներին կամ քրիստոնյա երեխաներին հապշտապ մկրտվելու, եթե նրանք լիարժեք պատրաստ չեն։ Ամենևի՛ն։ Հիշենք, որ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին մկրտված հրեաներն ու պրոզելիտները արդեն իսկ Աստվածաշնչի ժրաջան ուսումնասիրողներ էին ու Եհովային նվիրված ազգի մաս էին կազմում։ Նրանք շատ նախանձախնդիր էին։ Դա երևում է այն բանից, որ մեծ հեռավորություն էին անցել այդ տարեկան տոնակատարությանը ներկա լինելու համար։ Աստծու նպատակի մեջ Հիսուս Քրիստոսի դերն ու նրա մասին ճշմարտություններն ընդունելուց հետո նրանք արդեն պատրաստ էին ծառայելու Աստծուն որպես Քրիստոսի մկրտված հետևորդներ։
16. Առաջին դարի քրիստոնյաներն ինչպե՞ս անձնազոհ ոգի դրսևորեցին։
16 Ակնհայտ էր, որ Եհովան օրհնում էր նոր կազմավորված քրիստոնեական ժողովը. «Բոլոր նրանք, ովքեր հավատացյալներ դարձան, միասին էին, և իրենց ողջ ունեցվածքը ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց կալվածքները և ունեցվածքը ու հավաքված փողը բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ուներ» f (Գործ. 2։44, 45)։ Անկասկած, նրանց սերն ու անձնազոհ ոգին արժանի են ընդօրինակման։
17. Ի՞նչ քայլեր պետք է անել մկրտության չափանիշներին համապատասխանելու համար։
17 Աստվածաշնչից իմանում ենք, որ նվիրվելու և մկրտվելու համար անհատը մի քանի քայլ պետք է կատարի։ Նախ՝ պետք է սուրբգրային գիտելիքներ ստանա (Հովհ. 17։3)։ Ապա՝ պետք է հավատ ցուցաբերի և անկեղծորեն զղջա իր նախկին ապրելակերպի համար (Գործ. 3։19)։ Այնուհետև՝ պետք է դարձի գա և սկսի գործել Աստծու կամքի համաձայն (Հռոմ. 12։2; Եփես. 4։23, 24)։ Այս ամենից հետո նա կարող է աղոթքով նվիրվել Աստծուն և մկրտվել (Մատթ. 16։24; 1 Պետ. 3։21)։
18. Ի՞նչ պատվավոր գործ են կատարում Քրիստոսի մկրտված աշակերտները։
18 Եթե Հիսուսի նվիրված ու մկրտված աշակերտ ես, երախտապարտ եղիր այդ պատվին արժանանալու համար։ Առաջին դարի քրիստոնյաների նման՝ դու ևս սուրբ ոգու օգնությամբ կկարողանաս հիմնովին վկայություն տալ ու կատարել Եհովայի կամքը։
a Տես « Երուսաղեմ՝ հուդայականության կենտրոն» շրջանակը։
b Տես « Հռոմ՝ կայսրության մայրաքաղաք», « Հրեաները Միջագետքում ու Եգիպտոսում» և « Քրիստոնեությունը Պոնտոսում» շրջանակները։
c Աստվածաշնչում չի ասվում, թե այդ լեզուները բառացի կրակ էին։ Այնտեղ գործածվում է «ասես կրակե լեզուներ» արտահայտությունը, ինչը ցույց է տալիս, որ դրանք պարզապես կրակի տեսք կամ փայլ ունեին։
d Տես « Ովքե՞ր էին պրոզելիտները» շրջանակը։
e Սա երբևէ տեղի ունեցած ամենամեծ մկրտությունը չէ։ 1993 թ. օգոստոսի 7-ին՝ Կիևում տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ, մկրտվեց 7 402 հոգի։ 6 լողավազաններում տեղի ունեցած այդ մկրտությունը տևեց 2 ժամ 15 րոպե։
f Դա ժամանակավոր երևույթ էր, որի նպատակն էր հոգ տանել նորահավատ քրիստոնյաների մասին, քանի որ վերջիններս որոշ ժամանակով որոշեցին մնալ Երուսաղեմում՝ իրենց գիտելիքներն ավելացնելու համար։ Պետք է նշել, որ մյուս քրիստոնյաներն այդ օգնությունը ցուցաբերեցին հոժարակամորեն։ Դա կոմունիզմի ինչ-որ դրսևորում չէր (Գործ. 5։1-4)։