Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

Լուրջ «տարաձայնություն եղավ»

Լուրջ «տարաձայնություն եղավ»

Կառավարիչ մարմինը քննարկում է թլփատության հարցը

Գործեր 15։1-12

1-3. ա) Ժողովի միասնությանը սպառնացող ի՞նչ հարց ծագեց առաջին դարում։ բ) Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ ուսումնասիրելով այդ մասին պատմող արձանագրությունը։

 ՊՈՂՈՍՆ ու Բառնաբասը նոր են վերադարձել Ասորիքի Անտիոք իրենց առաջին միսիոներական շրջագայությունից։ Նրանք անչափ ուրախ են, քանի որ Եհովան «ազգերի համար բաց է արել դեպի հավատ տանող դուռը» (Գործ. 14։26, 27)։ Անտիոքն էլ հետ չի մնացել։ Այստեղի քարոզիչները մեղվի պես աշխատում են, և «մեծ թվով» այլազգիներ են միանում ժողովին (Գործ. 11։20-26)

2 Այս ոգևորիչ լուրը կարճ ժամանակում հասնում է Հրեաստան։ Բայց բոլորին ուրախացնելու փոխարեն այն ավելի է սրում թլփատության հարցի շուրջ ընթացող վիճաբանությունները։ Ի՞նչ փոխհարաբերություններ պետք է լինեն հրեաների և ոչ հրեաների միջև։ Այլազգիները պե՞տք է պահեն Մովսիսական օրենքը։ Վիճաբանություններն այնքան բուռն են, որ թվում է, թե քրիստոնեական ժողովը ուր որ է կմասնատվի։ Ինչպե՞ս կլուծվի այս խնդիրը։

3 Այս մասին պատմող արձանագրությունն ուսումնասիրելով՝ բազմաթիվ արժեքավոր դասեր կքաղենք։ Դրանք կօգնեն մեզ իմաստությամբ վարվելու, եթե ժողովի միասնությանը սպառնացող հարցեր ծագեն։

«Եթե.... չթլփատվեք» (Գործեր 15։1)

 4. Ի՞նչ սխալ հայացքներ ունեին որոշ քրիստոնյաներ, և ի՞նչ հարցեր են ծագում։

4 Ղուկասը գրում է. «Հրեաստանից ոմանք եկան [Անտիոք] ու սկսեցին սովորեցնել եղբայրներին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»» (Գործ. 15։1)։ Հայտնի չէ՝ այդ մարդիկ քրիստոնյա դառնալուց առաջ փարիսեցի էին եղել, թե ոչ։ Սակայն ակնհայտ է, որ այդ աղանդի ավանդապաշտ մտածելակերպը մեծ ազդեցություն էր թողել նրանց վրա։ Բացի դրանից՝ վերոհիշյալ անհատները ներկայացել էին առաքյալների ու Երուսաղեմի երեցների անունից, թեև վերջիններս նման «հրահանգ չէին տվել» (Գործ. 15։23, 24)։ Իսկ հրեաներն ինչո՞ւ էին դեռ շարունակում պնդել, թե թլփատվելն անհրաժեշտություն է։ Չէ՞ որ արդեն 13 տարի էր անցել այն օրվանից, երբ Պետրոսը Աստծու առաջնորդությամբ օգնել էր անթլփատ այլազգիներին դառնալու քրիստոնեական ժողովի մի մասը a (Գործ. 10։24-29, 44-48

5-6. ա) Հրեա քրիստոնյաներից ոմանք ինչո՞ւ էին կառչած թլփատության օրենքից։ բ) Թլփատության ուխտը աբրահամական ուխտի մաս կազմո՞ւմ էր։ Բացատրիր (տես ծանոթագրությունը)։

5 Պատճառները թերևս մի քանիսն էին։ Նախևառաջ՝ թլփատվելու պատվերը տվել էր ինքը Եհովան։ Դա իր ու անհատի միջև հատուկ փոխհարաբերությունների նշան էր։ Մովսիսական օրենքից դեռ դարեր առաջ Եհովան Աբրահամին ու նրա ընտանիքի տղամարդկանց պատվիրել էր թլփատվել։ b Հետագայում այդ պատվերն ընդգրկվել էր Օրենքում (Ղևտ. 12։2, 3)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ նույնիսկ այլազգիները պետք է թլփատվեին, եթե ցանկանում էին մասնակցել որոշակի տոների ու արարողությունների, օրինակ՝ ուտել Պասեքի ընթրիքը (Ելք 12։43, 44, 48, 49)։ Ուստի հրեաների համար անթլփատ մարդը անմաքուր էր ու պիղծ (Ես. 52։1

6 Ուստի հրեա քրիստոնյաներին հավատ ու խոնարհություն էր անհրաժեշտ թլփատության հետ կապված նոր ճշմարտությունն ընդունելու համար։ Օրենքի ուխտը փոխարինվել էր նոր ուխտով։ Ուստի հրեա ծնվելով՝ մարդն այլևս ինքնաբերաբար Աստծու ժողովրդի անդամ չէր դառնում։ Ինչպես Հրեաստանում, այնպես էլ հրեական համայնքներում ապրող քրիստոնյաներին համարձակություն էր պետք Քրիստոսին հրապարակորեն դավանելու և անթլփատ այլազգիներին որպես հավատակից ընդունելու համար (Երեմ. 31։31-33; Ղուկ. 22։20

 7. Ո՞ր ճշմարտությունները չէին հասկացել Հրեաստանից եկած մարդիկ։

7 Իհարկե, Աստծու չափանիշները անփոփոխ էին մնացել։ Դա երևում է այն բանից, որ նոր ուխտը պահպանել էր Մովսիսական օրենքի ոգին (Մատթ. 22։36-40)։ Ահա թե հետագայում Պողոսը ինչ գրեց թլփատության մասին. «Նա է հրեա, ով ներքուստ է այդպիսին, և նրա թլփատությունը սրտի թլփատությունն է՝ ոգու միջոցով և ոչ թե գրավոր օրենքի» (Հռոմ. 2։29; 2 Օրենք 10։16)։ Ակներևաբար Հրեաստանից Անտիոք եկած մարդիկ չէին հասկացել այդ ճշմարտությունները, ուստիև պնդում էին, թե Աստված երբեք չեղյալ չի համարի թլփատության օրենքը։ Արդյոք նրանք կփոխեի՞ն իրենց տեսակետը։

«Տարաձայնություն եղավ ու.... վիճեցին» (Գործեր 15։2)

 8. Ինչո՞ւ որոշվեց թլփատության հարցը ներկայացնել կառավարիչ մարմնին։

8 Ղուկասը շարունակում է. «Երբ տարաձայնություն եղավ ու [Հրեաստանից եկածները] Պողոսի և Բառնաբասի հետ բավական վիճեցին, վճիռ կայացվեց, որ Պողոսը, Բառնաբասը և իրենցից ոմանք այս վեճի համար վեր ելնեն Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ» c (Գործ. 15։2)։ Այս համարում գործածվող «տարաձայնություն» ու «վեճ» բառերը ցույց են տալիս, որ երկու կողմերն էլ բորբոքված էին ու համոզված՝ իրենց իրավացիության մեջ։ Անտիոքի ժողովը չէր կարող լուծել խնդիրը։ Ուստի խաղաղությունն ու միասնությունը պահպանելու նպատակով որոշվեց հարցն ուղարկել «Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ», որոնք կազմում էին այն օրերի կառավարիչ մարմինը։ Ի՞նչ կարող ենք սովորել Անտիոքի երեցներից։

Ոմանք պնդում էին. «Հարկավոր է.... պատվիրել [այլազգիներին], որ Մովսեսի օրենքը պահեն»

9-10. Ի՞նչ ենք սովորում Պողոսի, Բառնաբասի և Անտիոքի եղբայրների օրինակից։

9 Այս պատմությունից առաջին հերթին սովորում ենք, որ պետք է վստահենք Աստծու կազմակերպությանը։ Խորհենք. Անտիոքի եղբայրները գիտեին, որ կառավարիչ մարմինն ամբողջությամբ բաղկացած է հրեա քրիստոնյաներից։ Սակայն նրանք չէին կասկածում, որ այն սուրբգրային սկզբունքների հիման վրա կլուծի թլփատության հարցը։ Ինչո՞ւ։ Քանի որ վստահ էին, որ խնդրին լուծում կտա Եհովան իր սուրբ ոգու և ժողովի Գլխի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Մատթ. 28։18, 20; Եփես. 1։22, 23)։ Եթե այսօր նման լուրջ հարցեր ծագեն, մենք կընդօրինակենք Անտիոքի քրիստոնյաներին ու վստահություն կցուցաբերենք Աստծու կազմակերպության և օծյալներից բաղկացած Կառավարիչ մարմնի հանդեպ։

10 Վերոհիշյալ պատմությունից սովորում ենք նաև, որ խոնարհությունն ու համբերությունը շատ արժեքավոր հատկություններ են։ Պողոսն ու Բառնաբասը ազգերին քարոզելու նշանակումը սուրբ ոգով էին ստացել։ Բայց նրանք չգործադրեցին իրենց այդ իշխանությունը՝ թլփատության հարցը տեղում լուծելու համար (Գործ. 13։2, 3)։ Ավելին, ընդգծելով, որ Եհովան էր առաջնորդում իրենց, Պողոսը հետագայում գրեց. «[Երուսաղեմ] գնացի, քանի որ ինձ հայտնություն էր տրվել» (Գաղ. 2։2)։ Մեր օրերում երեցները ձգտում են նույն խոնարհությամբ և համբերատարությամբ լուծել այն հարցերը, որոնք կարող են պառակտումներ մտցնել ժողովում։ Վիճելու և սեփական կարծիքը առաջ տանելու փոխարեն՝ նրանք Եհովայի առաջնորդությունն են փնտրում։ Ինչպե՞ս։ Պարզելով, թե այդ առնչությամբ ինչ է հայտնում Աստվածաշունչը, և ինչ ցուցումներ է տալիս հավատարիմ ծառան (Փիլիպ. 2։2, 3

11-12. Ինչո՞ւ է կարևոր սպասել Եհովայի առաջնորդությանը։

11 Որոշ դեպքերում մենք պետք է սպասենք, մինչև Եհովան լույս սփռի տվյալ հարցի վրա։ Հիշենք, որ առաջին դարի եղբայրները սպասեցին մոտ 13 տարի՝ մ. թ. 36 թ.-ին Կոռնելիոսի օծվելուց մինչև մ. թ. մոտ 49 թ.։ Այդ ժամանակ էր, որ Աստված լուծում տվեց այլազգիների թլփատության հարցին։ Իսկ ինչո՞ւ Եհովան այդքան սպասեց։ Հնարավոր է՝ նա ցանկանում էր, որ անկեղծ սիրտ ունեցող հրեաները բավականաչափ ժամանակ ունենային այդ նորամուծությանը հարմարվելու համար։ Չէ՞ որ հեշտ չէր լինի հրաժարվել 1 900-ամյա մի ուխտից, որը կապվել էր նրանց սիրելի նախահոր՝ Աբրահամի հետ (Հովհ. 16։12

12 Որքա՜ն հաճելի է կրթվել մեր համբերատար ու բարի երկնային Հոր կողմից։ Նրա առաջնորդությունը միշտ էլ լավ արդյունքներ է բերում ու մեր օգտին է ծառայում (Ես. 48։17, 18; 64։8)։ Ուրեմն թող որ երբեք չտրվենք հպարտությանը և առաջ չտանենք մեր սեփական գաղափարները։ Թող որ ոչ մի անգամ բացասաբար չարձագանքենք կազմակերպչական փոփոխություններին ու աստվածաշնչյան համարների վերաճշտված բացատրություններին (Ժող. 7։8)։ Եթե սրտիդ խորքում նման հակում նկատես, անգամ շատ չնչին, աղոթիր ու խորհիր Գործեր 15-րդ գլխում տեղ գտած ժամանակահարմար սկզբունքների շուրջ։ d

13. Ծառայության մեջ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի համբերատարությունը։

13 Համբերություն դրսևորելու կարիք թերևս առաջանա այն ժամանակ, երբ մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատը դժվարանա հրաժարվել ոչ սուրբգրային ավանդույթներից կամ հավատալիքներից, որոնք թանկ են իր համար։ Նման դեպքում գուցե թույլ տանք, որ բավականաչափ ժամանակ անցնի, մինչև Աստծու ոգին ներգործի ուսումնասիրողի սրտի վրա (1 Կորնթ. 3։6, 7)։ Նաև ճիշտ կլինի, որ աղոթենք այդ մասին։ Ժամանակի ընթացքում Աստված ցույց կտա, թե ինչպես կարող ենք լավագույնս օգնել ուսումնասիրողին (1 Հովհ. 5։14

«Նրանք մանրամասնորեն» քաջալերական դեպքեր էին պատմում (Գործեր 15։3-5)

14-15. ա) Անտիոքի ժողովն ինչպե՞ս պատվեց Պողոսին, Բառնաբասին և նրանց ուղեկիցներին։ բ) Պողոսն ու իր ուղեկիցները ինչպե՞ս քաջալերեցին ճանապարհին հանդիպած հավատակիցներին։

14 Ղուկասը գրում է. «Երբ ժողովը ճանապարհի մի մասը ուղեկցեց նրանց, այս մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը Փյունիկիայի և Սամարիայի միջով։ Նրանք մանրամասնորեն պատմում էին, որ այլազգի մարդիկ դարձի են եկել, և մեծ ուրախություն էին պատճառում բոլոր եղբայրներին» (Գործ. 15։3)։ Ուղեկցելով Պողոսին, Բառնաբասին և նրանց հետ եղող եղբայրներին՝ ժողովը փաստեց, որ խորապես սիրում ու հարգում է նրանց և մաղթում է Եհովայի օրհնությունը։ Այս հարցում ևս Անտիոքի եղբայրները լավ օրինակ են մեզ համար։ Արդյոք հարգում ու պատվո՞ւմ ես քո հոգևոր եղբայրներին և քույրերին, «հատկապես [երեցներին], ովքեր տքնաջան աշխատում են խոսելու և ուսուցանելու համար» (1 Տիմոթ. 5։17

15 Երուսաղեմ գնացողները ճանապարհին քաջալերեցին Փյունիկիայի և Սամարիայի քրիստոնյաներին՝ «մանրամասնորեն» պատմելով, թե ինչպես են բազմաթիվ այլազգիներ քրիստոնյա դառնում։ Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ քաղաքների եղբայրներն ու քույրերը ծագումով հրեաներ էին, որոնք այդ վայրերն էին փախել Ստեփանոսի սպանությունից հետո։ Այսօր մենք նույնպես շատ ենք քաջալերվում՝ իմանալով այն մասին, թե Եհովան ինչպես է օրհնում ուսուցանելու գործը։ Նման դեպքերը հատկապես զորացնում են, երբ հալածանքներ ենք կրում։ Լիարժեք օգուտներ քաղո՞ւմ ես հավատ զորացնող այն դեպքերից և կենսագրություններից, որոնք ներկայացվում են ժողովների ու համաժողովների ժամանակ, ինչպես նաև տպագիր հրատարակություններում և jw.org կայքում։

16. Ինչի՞ց է երևում, որ թլփատության հարցը հրատապ խնդիր էր դարձել։

16 Շարժվելով դեպի հարավ՝ ճանապարհորդներն անցան մոտ 550 կմ (350 մղոն) և ի վերջո հասան Երուսաղեմ։ Ղուկասը գրում է. «Ժողովը, առաքյալներն ու երեցները գրկաբաց ընդունեցին նրանց, և նրանք պատմեցին այն բազում բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով։ Սակայն փարիսեցիների աղանդից ոմանք, որ հավատացյալ էին դարձել, վեր կացան իրենց տեղերից ու ասացին. «Հարկավոր է թլփատել նրանց և պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»» (Գործ. 15։4, 5)։ Պարզ է, որ թլփատության հարցն իրոք հրատապ խնդիր էր դարձել։

«Առաքյալներն ու երեցներն էլ հավաքվեցին» (Գործեր 15։6-12)

17. Ովքե՞ր էին առաջին դարի կառավարիչ մարմնի անդամները, և ինչո՞ւ էին նրանց թվում ուրիշ երեցներ ընդգրկվել։

17 Առակներ 13։10-ում ասվում է. «Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա»։ Գործելով այս սկզբունքի համաձայն՝ «առաքյալներն ու երեցներն էլ հավաքվեցին, որպեսզի քննեն [թլփատության] հարցը» (Գործ. 15։6)։ Կարելի է ասել, որ նրանք ողջ քրիստոնեական ժողովի ներկայացուցիչներն էին։ Մեր օրերում նույն դերը կատարում է Կառավարիչ մարմինը։ Իսկ ինչո՞ւ այնտեղ առաքյալներից բացի՝ ուրիշ երեցներ էլ կային։ Հիշենք, որ Հակոբոս առաքյալին մահապատժի էին ենթարկել, իսկ Պետրոսին ինչ-որ ժամանակով բանտ էին գցել։ Հնարավոր էր, որ մյուս առաքյալներին էլ նման բան պատահեր։ Ուստի եթե կառավարիչ մարմնում լինեին համապատասխան որակներ ունեցող այլ օծյալ եղբայրներ, ապա Թագավորության գործը պատշաճ կերպով կվերահսկվեր։

18-19. Ի՞նչ ասաց Պետրոսը, և ի՞նչ հետևություն պետք է անեին նրան լսողները։

18 Ղուկասը շարունակում է. «Երկար վիճաբանություններից հետո Պետրոսը վեր կացավ ու ասաց.... «Եղբայրնե՛ր, դուք լավ գիտեք, որ առաջին օրերից Աստված ինձ ընտրեց ձեր միջից, որ իմ բերանով ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի խոսքը լսեն ու հավատան։ Եվ Աստված, որ գիտի սրտերը, վկայեց՝ սուրբ ոգին տալով նրանց, ինչպես որ մեզ էլ տվեց։ Եվ նա ոչ մի խտրություն չդրեց մեր և նրանց միջև, այլ նրանց սրտերը մաքրեց հավատով»» (Գործ. 15։7-9)։ Համաձայն մի աշխատության՝ «երկար վիճաբանություններ» թարգմանված հունարեն բառը, որ գործածվում է 7-րդ համարում, նշանակում է նաև «որոնում», «հետազոտություն»։ Ակնհայտ է, որ եղբայրները ոչ թե վիճում էին, այլ անկեղծորեն արտահայտում էին իրենց կարծիքը՝ ձգտելով ճիշտ լուծում գտնել։

19 Պետրոսը բոլորին հիշեցրեց, որ անձամբ ներկա էր եղել, երբ մ. թ. 36 թ.-ին առաջին անթլփատ այլազգիները՝ Կոռնելիոսն ու նրա ընտանիքը, օծվել էին սուրբ ոգով։ Ուստի եթե Եհովան տարբերություն չէր դրել հրեայի և ոչ հրեայի միջև, ի՞նչ իրավունքով էին մարդիկ ուզում հակառակն անել։ Պետրոսի խոսքերը նաև մատնանշում էին, որ մարդը արդար է հայտարարվում ոչ թե Օրենքի գործերով, այլ Քրիստոսի հանդեպ հավատով (Գաղ. 2։16

20. Թլփատության կողմնակիցներն ի՞նչ իմաստով էին փորձում Աստծուն։

20 Հիմնվելով Աստծու տված հստակ հրահանգների և սուրբ ոգու առաջնորդության վրա՝ Պետրոսը հետևյալ եզրակացությունն արեց. «Ուրեմն հիմա ինչո՞ւ եք Աստծուն փորձում՝ աշակերտների վզին լուծ դնելով, որը ո՛չ մեր նախահայրերը կարողացան տանել և ո՛չ էլ մենք։ Ընդհակառակը՝ մենք վստահ ենք, որ Տեր Հիսուսի անզուգական բարության շնորհիվ կփրկվենք ճիշտ այնպես, ինչպես որ այդ մարդիկ» (Գործ. 15։10, 11)։ Թլփատության կողմնակիցներն իրականում փորձում էին Աստծուն կամ, ինչպես գրված է մի թարգմանության մեջ, «փորձում էին նրա համբերությունը»։ Նրանք ուզում էին պարտադրել այլազգի եղբայրներին կատարել Օրենքը, մինչդեռ անգամ իրենք չէին կարողանում լիարժեքորեն պահել այն, ինչի հետևանքով էլ դատապարտված էին մահվան (Գաղ. 3։10)։ Իրականում այդ հրեաները պետք է երախտապարտ լինեին Եհովային՝ Հիսուսի միջոցով ցուցաբերած անզուգական բարության համար։

21. Ինչի՞ մասին պատմեցին Բառնաբասն ու Պողոսը, և դա ինչի՞ն նպաստեց։

21 «Ամբողջ բազմությունը լռեց», ինչը փաստում է, որ Պետրոսի խոսքերը մեծ ազդեցություն ունեցան բոլորի վրա։ Դրանից հետո Բառնաբասն ու Պողոսը սկսեցին պատմել «այն բազում նշանների ու հրաշքների մասին, որ Աստված իրենց միջոցով արել էր ազգերի մեջ» (Գործ. 15։12)։ Վերջապես առաքյալներն ու երեցները հնարավորություն ունեցան ծանրութեթև անելու բոլոր փաստերը և կայացնելու այնպիսի որոշում, որը կարտացոլեր Աստծու տեսակետը թլփատության վերաբերյալ։

22-24. ա) Մերօրյա Կառավարիչ մարմինն ինչպե՞ս է ընդօրինակում առաջին դարի կառավարիչ մարմնին։ բ) Երեցներն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ հարգում են աստվածապետական կարգը։

22 Այսօր ևս Կառավարիչ մարմնի անդամները իրենց հանդիպումների ընթացքում առաջնորդության համար դիմում են Աստծու Խոսքին և թախանձագին աղոթում են Եհովային, որ տա իր սուրբ ոգին (Սաղ. 119։105; Մատթ. 7։7-11)։ Բացի այդ՝ նրանցից յուրաքանչյուրը վաղօրոք ստանում է հանդիպման օրակարգը, որպեսզի նախապես աղոթի ու խորհի քննարկվելիք հարցերի շուրջ (Առակ. 15։28)։ Հանդիպման ժամանակ այս օծյալ եղբայրները ազատորեն և հարգալից կերպով արտահայտում են իրենց կարծիքը։ Քննարկումների ընթացքում նրանք հաճախ են դիմում Աստվածաշնչին։

23 Ժողովի երեցները պետք է ընդօրինակեն նրանց։ Իսկ եթե հանդիպման ժամանակ այդպես էլ չի հաջողվում լուծել որևէ կարևոր հարց, ապա երեցների խորհուրդը կարող է դիմել տեղի մասնաճյուղին կամ դրա ներկայացուցիչներին՝ շրջանային վերակացուներին։ Մասնաճյուղն էլ անհրաժեշտության դեպքում կարող է նամակ գրել Կառավարիչ մարմնին։

24 Այո՛, Եհովան օրհնում է նրանց, ովքեր հարգում են աստվածապետական կարգը և դրսևորում են խոնարհություն, նվիրվածություն ու համբերատարություն։ Ինչպես կտեսնենք հաջորդ գլխում, երբ այդպես ենք վարվում, Եհովան իսկական խաղաղություն ու միասնություն է պարգևում մեզ և նպաստում է ժողովի աճին։

b Թլփատության ուխտը աբրահամական ուխտի մաս չէր կազմում։ Վերջինս մինչ օրս ուժի մեջ է։ Աբրահամական ուխտը կապվեց մ. թ. ա. 1943 թ.-ին, երբ Աբրահամը (այն ժամանակ՝ Աբրամ), ուղևորվելով դեպի Քանանի երկիր, անցավ Եփրատ գետը։ Այդ ժամանակ նա 75 տարեկան էր։ Իսկ թլփատության ուխտը կապվեց ավելի ուշ՝ մ. թ. ա. 1919 թ.-ին, երբ Աբրահամն արդեն 99 տարեկան էր (Ծննդ. 12։1-8; 17։1, 9-14; Գաղ. 3։17

c Այս պատվիրակության մեջ ակներևաբար եղել է նաև Տիտոսը՝ մի հույն քրիստոնյա, ով հետագայում դարձավ Պողոս առաքյալի վստահելի ուղեկիցն ու ներկայացուցիչը (Գաղ. 2։1; Տիտոս 1։4)։ Նրա օրինակը վառ ապացույց էր, որ անթլփատ այլազգին կարող էր դառնալ սուրբ ոգով օծված քրիստոնյա (Գաղ. 2։3