ԳԼՈՒԽ 19
«Շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա»
Պողոսը հոգում է իր նյութական կարիքները, սակայն կյանքում գլխավոր տեղը հատկացնում է ծառայությանը
1-3. Պողոս առաքյալն ի՞նչ նպատակով գնաց Կորնթոս, և ի՞նչ դժվարություններ ունեցավ։
Մ.Թ. 50 թվականն է։ Տարվա կեսն արդեն անցել է։ Պողոս առաքյալն այժմ Կորնթոսում է՝ հարուստ առևտրական մի քաղաքում, որտեղ մեծ թվով հույներ, հռոմեացիներ ու հրեաներ են ապրում։ a Առաքյալն այստեղ չի եկել առևտուր անելու կամ աշխատանք գտնելու համար։ Նրա այցելության նպատակը շատ ավելի կարևոր է՝ վկայություն տալ Աստծու Թագավորության մասին։ Թեև Պողոսը մնալու տեղ չունի, բայց վճռել է բեռ չլինել ուրիշների համար։ Առաքյալը չի ցանկանում, որ որևիցե մեկը կարծի, թե նա նյութական օգնություն է ակնկալում իր ծառայության դիմաց։ Ի՞նչ կանի նա։
2 Պողոսը մի արհեստի է տիրապետում՝ կարողանում է վրաններ պատրաստել։ Դա, իհարկե, հեշտ գործ չէ։ Սակայն առաքյալը պատրաստ է աշխատել ու հոգալ իր կարիքները։ Արդյոք նա հարմար բնակարան ու գործ կգտնի՞ այդ աշխույժ քաղաքում։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ Պողոսը չի շեղվում իր գլխավոր գործից՝ ծառայությունից։
3 Հանգամանքների բերումով՝ առաքյալը որոշ ժամանակ Կորնթոսում մնաց։ Նրա քարոզչությունը լավ արդյունքներ բերեց։ Մեր տարածքում հիմնովին վկայություն տալու վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Կորնթոսում կատարած Պողոսի ծառայությունից։
«Նրանց արհեստը վրանագործությունն էր» (Գործեր 18։1-4)
4-5. ա) Կորնթոսում եղած ժամանակ որտե՞ղ էր ապրում Պողոսը և ի՞նչ գործ էր անում։ բ) Հավանաբար ինչպե՞ս էր Պողոսը վրանագործություն սովորել։
4 Որոշ ժամանակ անց Պողոսը Կորնթոսում հանդիպեց մի հյուրասեր ամուսնական զույգի։ Ամուսնու անունը Ակյուղաս էր, կնոջ անունը՝ Պրիսկիղա (կրճատ՝ Պրիսկա)։ Նրանք ծագումով հրեաներ էին և Կորնթոս էին եկել այն պատճառով, որ Կլավդիոս կայսրը «հրամայել էր բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից» (Գործ. 18։1, 2)։ Ակյուղասն ու Պրիսկիղան հրավիրեցին Պողոսին ապրել և աշխատել իրենց հետ։ Կարդում ենք. «Քանի որ միևնույն արհեստն ունեին, [առաքյալը] մնաց նրանց տանը, և նրանք աշխատում էին։ Նրանց արհեստը վրանագործությունն էր» (Գործ. 18։3)։ Պողոսն այդ հիանալի զույգի տանը մնաց կորնթոսյան իր ծառայության ողջ ընթացքում։ Այդ ժամանակ նա գրեց իր նամակներից մի քանիսը, որոնք հետագայում Աստվածաշնչի մաս դարձան։ b
5 Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ «անձամբ Գամաղիելի կողմից» կրթություն ստացած Պողոսը նաև վրանագործ էր (Գործ. 22։3)։ Առաջին դարում հրեաները ակներևաբար արժանապատվությունից ցածր չէին համարում իրենց երեխաներին որևէ արհեստ սովորեցնելը, չնայած վերջիններս միգուցե նաև կրթություն ստանային։ Պողոսը Տարսոն քաղաքից էր, որը գտնվում էր Կիլիկիայում։ Այդ վայրը հայտնի էր «կիլիկիում» կոչվող գործվածքով, որից վրաններ էին պատրաստում։ Հավանաբար առաքյալն իր արհեստը սովորել էր դեռ պատանեկությունից։ Իսկ ի՞նչ էին անում վրանագործները։ Նրանք թերևս գործում էին վրանների կտորը կամ էլ կտրում ու կարում էին այդ կոշտ ու ձիգ գործվածքը։ Ամեն դեպքում դա հեշտ գործ չէր։
6-7. ա) Պողոսն ինչպե՞ս էր վերաբերվում վրանագործի իր արհեստին, և ինչի՞ց է երևում, որ Ակյուղասն ու Պրիսկիղան նույն տեսակետն ունեին։ բ) Այսօր քրիստոնյաներն ինչպե՞ս են հետևում Պողոսի, Ակյուղասի ու Պրիսկիղայի օրինակին։
6 Պողոսը վրանագործությունն իր գլխավոր գործը չէր համարում։ Նա այդ աշխատանքն անում էր, որպեսզի միջոցներ ունենար իր ծառայությունը կատարելու համար։ Առաքյալն ուզում էր բարի լուրը «ձրի հռչակել» մարդկանց (2 Կորնթ. 11։7)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Ակյուղասի և Պրիսկիղայի մասին։ Քանի որ նրանք քրիստոնյաներ էին, անկասկած, իրենց աշխատանքին վերաբերվում էին այնպես, ինչպես Պողոսը։ Ուշագրավ է, որ երբ մ. թ. 52 թ.-ին առաքյալը հեռացավ Կորնթոսից, Ակյուղասն ու Պրիսկիղան նրա հետ գնացին Եփեսոս։ Այնտեղ նրանց տանը սկսեցին ժողովներ անցկացնել (1 Կորնթ. 16։19)։ Հետագայում Ակյուղասն ու Պրիսկիղան վերադարձան Հռոմ, ապա հետ գնացին Եփեսոս։ Այդ եռանդուն զույգը Թագավորության գործն առաջին տեղում էր դնում և պատրաստակամորեն ծառայում էր եղբայրներին ու քույրերին, ինչի համար նրանցից շնորհակալ էին «մյուս ազգերից եղող ժողովները» (Հռոմ. 16։3-5; 2 Տիմոթ. 4։19)։
7 Այսօր քրիստոնյաներն ընդօրինակում են Պողոսին, Ակյուղասին ու Պրիսկիղային։ Բազմաթիվ եռանդուն քարոզիչներ ծանր աշխատում են, որպեսզի «ոչ մեկին ծախսի տակ չգցեն» (1 Թեսաղ. 2։9)։ Լիաժամ ծառայողներից շատերը աշխատում են կես դրույքով կամ սեզոնային գործ են անում, որպեսզի միջոցներ ունենան կատարելու իրենց գլխավոր գործը՝ քրիստոնեական ծառայությունը։ Դրա համար նրանք արժանի են գովասանքի։ Ակյուղասի ու Պրիսկիղայի պես բազում հյուրասեր Վկաներ իրենց տուն են հրավիրում շրջանային վերակացուներին։ Այդ անհատները սեփական փորձից գիտեն, թե որքան քաջալերական ու կերտիչ է հյուրասիրության ձգտելը (Հռոմ. 12։13)։
«Կորնթացիներից շատերը.... հավատացին» (Գործեր 18։5-8)
8-9. Ի՞նչ արեց Պողոսը, երբ հրեաները սկսեցին հակառակվել, և որտե՞ղ շարունակեց իր քարոզչական գործունեությունը։
8 Երբ Շիղան ու Տիմոթեոսը առատ նվերներով եկան Մակեդոնիայից, է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ Պողոսի համար գլխավորը իր ծառայությունն էր, իսկ աշխատանքը զուտ ապրուստ վաստակելու միջոց էր (2 Կորնթ. 11։9)։ Առաքյալն, առանց ժամանակ կորցնելու, «իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին» (Գործ. 18։5)։ Սակայն Պողոսը հրեաներին ջերմեռանդորեն վկայություն տալու պատճառով մեծ հակառակության բախվեց։ Քանի որ վերջիններս մերժեցին Քրիստոսի մասին բարի լուրը, առաքյալը ցույց տվեց, որ պատասխանատու չէ նրանց որոշման հետևանքների համար։ Ի նշան դրա՝ նա «թափ տվեց իր հանդերձները» և ասաց. «Ձեր արյունը ձեր գլխին լինի։ Ես մաքուր եմ։ Այսուհետև ուրիշ ազգերի մարդկանց մոտ կգնամ» (Գործ. 18։6; Եզեկ. 3։18, 19)։
9 Իսկ Պողոսը որտե՞ղ էր քարոզելու։ Տիտիոս Հուստոս անունով մի մարդ, ով հավանաբար պրոզելիտ էր, առաքյալին տրամադրեց ժողովարանին կից իր տունը։ Պողոսի ծառայությունը ժողովարանից տեղափոխվեց Հուստոսի տուն (Գործ. 18։7)։ Փաստորեն, Կորնթոսում եղած ժամանակ առաքյալն ապրեց Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը, իսկ իր քարոզչական գործունեությունը ծավալեց Հուստոսի տանը։
10. Ինչի՞ց է երևում, որ Պողոսը չէր վճռել քարոզել միմիայն այլազգիներին։
10 Պողոսը հայտնեց, որ այդուհետ ուրիշ ազգերի մարդկանց մոտ է գնալու։ Բայց արդյո՞ք դա նշանակում էր, թե նա այլևս չէր քարոզելու բոլոր հրեաներին ու պրոզելիտներին, նույնիսկ նրանց, ովքեր ընդունում էին բարի լուրը։ Ո՛չ։ «Գործեր» գրքում կարդում ենք. «Կրիսպոսը, որ ժողովարանի պետն էր, իր բոլոր տնեցիների հետ միասին հավատաց Տիրոջը»։ Նրանց միացան նաև ժողովարան հաճախող ուրիշ մարդիկ. «Կորնթացիներից շատերն էլ լսելով հավատացին ու մկրտվեցին» (Գործ. 18։8)։ Նորաստեղծ ժողովի հանդիպումները սկսեցին անցկացվել Տիտիոս Հուստոսի տանը։ Այս ամենը հավանաբար տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Պողոսը թափ տվեց իր հանդերձները։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև «Գործեր» գիրքը գրողը՝ Ղուկասը, սովորաբար դեպքերը նկարագրում է ժամանակագրական հաջորդականությամբ։ Իսկ վերոհիշյալ պատմության մեջ դեպքերը հենց այդ հաջորդականությամբ էլ շարադրված են։ Այս դեպքից պարզ երևում է, որ առաքյալը շատ ճկուն անձնավորություն էր։
11. Իրենց քրիստոնյա համարող մարդկանց քարոզելիս Եհովայի վկաներն ինչպե՞ս են ընդօրինակում Պողոսին։
11 Այսօր շատ երկրներում քրիստոնեական աշխարհի եկեղեցիները ամուր դիրք ունեն և մեծ ազդեցություն են բանեցնում իրենց անդամների վրա։ Որոշ վայրերում եկեղեցական միսիոներները բազմաթիվ մարդկանց են դավանափոխ արել։ Առաջին դարի Կորնթոսում ապրող հրեաների նման՝ այսօր նույնպես շատերն իրենց քրիստոնյա են համարում զուտ այն պատճառով, որ հետևում են կրոնական ավանդույթներին։ Սակայն Եհովայի վկաները, ընդօրինակելով Պողոսին, եռանդորեն քարոզում են այդ անհատներին և օգնում նրանց ճշգրտորեն հասկանալ Աստվածաշունչը։ Նրանք հույսը չեն կորցնում, նույնիսկ երբ այդ մարդիկ հակառակվում են, կամ նրանց հոգևոր առաջնորդները հալածում են Վկաներին։ Թերևս բազմաթիվ հեզ մարդիկ կան այն անհատների մեջ, ովքեր «Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն»։ Հարկավոր է ջանքեր թափել, փնտրել ու գտնել նրանց (Հռոմ. 10։2)։
«Այս քաղաքում շատ մարդիկ ունեմ» (Գործեր 18։9-17)
12. Պողոսին ի՞նչ հավաստիացում տրվեց տեսիլքի միջոցով։
12 Մի գիշեր Հիսուսը տեսիլքի մեջ հայտնվեց առաքյալին և ասաց. «Մի՛ վախեցիր, այլ շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, որովհետև ես քեզ հետ եմ, և ոչ մի մարդ քեզ վրա չի հարձակվի վնաս հասցնելու համար, քանի որ այս քաղաքում շատ մարդիկ ունեմ» (Գործ. 18։9, 10)։ Նույնիսկ եթե Պողոսը մտածում էր Կորնթոսից հեռանալու մասին, տեսիլքից հետո անշուշտ հրաժարվեց այդ մտքից։ Ինչպիսի՜ քաջալերական տեսիլք։ Հիսուսն անձամբ հավաստիացրեց Պողոսին, որ կպաշտպանի նրան, և որ այդ քաղաքում բազմաթիվ արժանի մարդիկ կան։ Ինչպե՞ս արձագանքեց առաքյալը։ Նա «մեկ տարի ու վեց ամիս մնաց այնտեղ ու նրանց մեջ Աստծու խոսքն էր սովորեցնում» (Գործ. 18։11)։
13. Ինչի՞ մասին հավանաբար հիշեց Պողոսը, երբ նրան տանում էին դատավորական աթոռի մոտ, բայց ինչո՞ւմ էր նա վստահ։
13 Մոտ մեկ տարի Կորնթոսում ծառայելուց հետո առաքյալը մեկ անգամ ևս համոզվեց, որ Տերը թիկունք է կանգնում իրեն։ «Հրեաները միաբան վեր կացան Պողոսի դեմ և նրան տարան դատավորական աթոռի մոտ», որը կոչվում էր բե՛մա (Գործ. 18։12)։ Այդ «աթոռը», ոմանց կարծիքով, մի բարձր հարթակ էր՝ պատրաստված կապույտ ու սպիտակ մարմարից և ամբողջովին պատված նախշերով։ Այն հավանաբար գտնվում էր Կորնթոսի շուկայի հրապարակի կենտրոնից ոչ հեռու։ Հարթակի դիմաց բաց տարածություն կար, որտեղ կարող էին հավաքվել մեծ թվով մարդիկ։ Պեղումներից կարելի է ենթադրել, որ դատավորական աթոռը գտնվում էր ժողովարանից մի քանի քայլ այն կողմ ու հետևաբար մոտ էր Հուստոսի տանը։ Երբ առաքյալին տանում էին այնտեղ, նա հավանաբար մտաբերում էր Ստեփանոսի քարկոծումը, ում երբեմն անվանում են առաջին քրիստոնյա նահատակ։ Պողոսը, այն ժամանակ՝ Սողոսը, «հավանություն էր տալիս նրա սպանությանը» (Գործ. 8։1)։ Արդյոք առաքյալի՞ն էլ նույն բանը կպատահեր։ Ո՛չ, քանի որ Հիսուսը խոստացել էր, որ ոչ ոք առաքյալին վնաս չի հասցնի (Գործ. 18։10)։
14-15. ա) Հրեաներն ինչո՞ւմ մեղադրեցին Պողոսին, և Գալլիոնն ինչո՞ւ փակեց գործը։ բ) Հրեաներն ինչպե՞ս վարվեցին Սոսթենեսի հետ, և դա հավանաբար ի՞նչ արդյունք բերեց։
14 Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պողոսը հասավ դատավորական աթոռի մոտ։ Այնտեղ նստած էր Աքայիայի պրոկոնսուլը։ Գալլիոն անունով այդ պաշտոնյան հռոմեացի փիլիսոփա Սենեկայի ավագ եղբայրն էր։ Հրեաները սկսեցին մեղադրել առաքյալին. «Օրենքին հակառակ՝ այս մարդը համոզում է մարդկանց, որ ուրիշ ձևով երկրպագեն Աստծուն» (Գործ. 18։13)։ Նրանք ուզում էին ասել, թե Պողոսը անօրինական դավանափոխությամբ է զբաղված։ Սակայն Գալլիոնը հասկացավ, որ առաքյալը «որևէ սխալ բան կամ չարագործություն» չի արել (Գործ. 18։14)։ Հռոմեացի պաշտոնյան մտադիր չէր խառնվել հրեաների վիճաբանություններին։ Ուստի մինչ Պողոսը կհասցներ մի բառ անգամ արտասանել իրեն պաշտպանելու համար, Գալլիոնը փակեց գործը։ Հրեաները զայրույթից ուտում էին իրենց։ Նրանք իրենց կատաղությունը թափեցին Սոսթենեսի վրա, ով ժողովարանի պետն էր և այդ պաշտոնում հավանաբար փոխարինել էր Կրիսպոսին։ Ամբոխը բռնեց նրան ու «դատավորական աթոռի առաջ սկսեց ծեծել» (Գործ. 18։17)։
15 Գալլիոնը որևէ ձևով չմիջամտեց։ Ինչո՞ւ։ Նա թերևս կարծում էր, որ Սոսթենեսն այդ ամբոխի ղեկավարն էր, և նրա գլխին եկավ այն, ինչ նա Պողոսի դեմ էր ծրագրել։ Ուստի Գալլիոնի տեսանկյունից՝ ժողովարանի պետը կրում էր իր արժանի պատիժը։ Ինչևէ, այդ դեպքը, ամենայն հավանականությամբ, լավ արդյունք բերեց։ Տարիներ անց Կորնթոսի ժողովին ուղղված իր առաջին նամակում Պողոսը հիշատակում է Սոսթենես անունով մի եղբոր (1 Կորնթ. 1։1, 2)։ Հավանաբար դա այն նույն Սոսթենեսն էր, ում ծեծել էին Կորնթոսում։ Եթե այդպես է, ուրեմն այդ ցավոտ միջադեպն օգնել էր նրան դառնալու քրիստոնյա։
16. Պողոսին ուղղված Հիսուսի խոսքերն ինչպե՞ս են օգնում նաև մեզ։
16 Հիշենք, որ միայն այն բանից հետո, երբ հրեաները մերժեցին բարի լուրը, Հիսուսը հավաստիացրեց Պողոսին. «Մի՛ վախեցիր, այլ շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, որովհետև ես քեզ հետ եմ» (Գործ. 18։9, 10)։ Միշտ քո մտքում պահիր այս խոսքերը։ Դրանք քեզ ուժ կտան, հատկապես, երբ մարդիկ մերժում են Թագավորության լուրը։ Երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան քննում է սրտերը և ազնվասիրտ անհատներին դեպի իրեն է ձգում (1 Սամ. 16։7; Հովհ. 6։44)։ Մի՞թե այս միտքը չի մղում շարունակելու ծառայել։ Ամեն օր հարյուրավոր, իսկ ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են մկրտվում։ Հիսուսը հավաստիացնում է «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստելու» պատվերը կատարողներին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։
Գործեր 18։18-22)
«Եթե Եհովան կամենա» (17-18. Պողոսը հավանաբար ինչի՞ մասին էր մտածում դեպի Եփեսոս իր նավարկության ժամանակ։
17 Հայտնի չէ, թե արդյոք Կորնթոսի ժողովի համար սկսվեցին խաղաղության ժամանակներ այն բանից հետո, երբ Գալլիոնը պաշտպանեց Պողոսին։ Սակայն առաքյալը «դեռ շատ օրեր» մնաց քաղաքում և միայն մ. թ. 52 թ. գարնանը հրաժեշտ տվեց կորնթացի եղբայրներին։ Պողոսը որոշել էր նավով մեկնել Ասորիք։ Այդ նպատակով նա գնաց Կենքրա նավահանգիստ, որը Կորնթոսից 11 կմ (7 մղոն) հեռավորության վրա էր։ Կենքրայից հեռանալուց առաջ առաքյալը «խուզեց իր գլխի մազերը, քանի որ ուխտ էր կապել» c (Գործ. 18։18)։ Ապա Ակյուղասի և Պրիսկիղայի հետ նավով հատեց Էգեյան ծովը ու գնաց Եփեսոս (Փոքր Ասիա)։
18 Նավարկության ընթացքում Պողոսը հավանաբար վերհիշում էր Կորնթոսում անցկացրած օրերը։ Նա հաճելի հուշեր ուներ և բավարարվածության զգացումով էր հեռանում այդ քաղաքից։ Իր 18-ամսյա ծառայությունը առատ պտուղներ բերեց։ Կորնթոսում հիմնադրվեց առաջին քրիստոնեական ժողովը, որի հանդիպումներն անցնում էին Հուստոսի տանը։ Վերջինս միակ քրիստոնյան չէր։ Ճշմարտությունն ընդունել էին Կրիսպոսն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև շատ ուրիշ մարդիկ։ Այդ բոլոր նորահավատ եղբայրներն ու քույրերը թանկ էին Պողոսի համար, քանի որ ինքն էր օգնել նրանց դառնալու քրիստոնյաներ։ Հետագայում, երբ առաքյալը գրեց կորնթացիներին, վերջիններիս համեմատեց իր սրտում գրված «երաշխավորության նամակի» հետ։ Մեզ համար նույնպես թանկ են այն անհատները, ում պատիվ ենք ունեցել սովորեցնելու ճշմարտությունը։ Որքա՜ն ուրախալի է տեսնել մարդկանց տեսքով այդ «երաշխավորության նամակներին» (2 Կորնթ. 3։1-3)։
19-20. Եփեսոս հասնելուն պես ի՞նչ արեց Պողոսը, և ի՞նչ ենք սովորում նրանից հոգևոր նպատակներին հասնելու վերաբերյալ։
19 Եփեսոս հասնելուն պես Պողոսը գործի անցավ։ Նա «մտավ ժողովարանը ու տրամաբանում էր հրեաների հետ» (Գործ. 18։19)։ Առաքյալն այդ անգամ չհամաձայնվեց երկար մնալ Եփեսոսում, թեև նրան շատ խնդրեցին այդ մասին։ Եփեսացիներին հրաժեշտ տալիս Պողոսն ասաց. «Եթե Եհովան կամենա, դարձյալ ձեզ մոտ կվերադառնամ» (Գործ. 18։21)։ Անկասկած, Պողոսը գիտակցում էր, որ այդ քաղաքում շատ գործ կա անելու։ Նա որոշել էր վերադառնալ, սակայն ամեն բան հանձնել էր Աստծու ձեռքը։ Սա լավ օրինակ է մեզ համար։ Երբ հոգևոր նպատակներ ենք դնում, պետք է ձգտենք իրագործել դրանք։ Սակայն հարկավոր է միշտ հետևել Եհովայի առաջնորդությանը և անել այն, ինչ նա է կամենում (Հակ. 4։15)։
20 Եփեսոսում թողնելով Ակյուղասին ու Պրիսկիղային՝ Պողոսը նավով իջավ Կեսարիա։ Ապա ակներևաբար «վեր ելավ» Երուսաղեմ և հանդիպեց այնտեղի ժողովին (Գործ. 18։22, ծնթ.)։ Դրանից հետո առաքյալը վերադարձավ Ասորիքի Անտիոք, որտեղ հաստատվել էր։ Նրա երկրորդ միսիոներական շրջագայությունը հաջողությամբ ավարտվեց։ Ի՞նչ էր սպասում Պողոսին երրորդ շրջագայության ժամանակ...
a Տես « Կորնթոս՝ երկու ծովերի տիրակալ» շրջանակը։
b Տես « Պողոսի քաջալերական նամակները» շրջանակը։
c Տես « Պողոսի ուխտը» շրջանակը։