ԳԼՈՒԽ 22
«Թող Եհովայի կամքով լինի»
Պողոսը գնում է Երուսաղեմ՝ Աստծու կամքը կատարելու վճռականությամբ լի
1-4. Ինչո՞ւ էր Պողոսը գնում Երուսաղեմ, և ի՞նչ էր նրան սպասում այնտեղ։
ՊՈՂՈՍՆ ու Ղուկասը ծանր սրտով հրաժեշտ են տալիս եփեսացի երեցներին ու հեռանում Միլետոսից։ Որքա՜ն դժվար է բաժանվել այդ եղբայրներից, որոնք շատ թանկ են դարձել նրանց համար։ Միսիոներները կանգնած են նավի տախտակամածին։ Նրանց իրերը կապված են։ Պողոսն ու Ղուկասը վերցրել են ճանապարհի համար անհրաժեշտ ամեն բան։ Նրանք իրենց հետ տանում են նաև այն նյութական օգնությունը, որը հավաքվել է Հրեաստանի կարիքավոր քրիստոնյաների համար։ Ճանապարհորդները շատ են ցանկանում տեղ հասցնել այդ նվիրաբերությունը։
2 Մեղմ քամին փչում է առագաստներին, և նավը սկսում է հեռանալ Միլետոսից՝ հետևում թողնելով նավահանգստի եռուզեռը։ Պողոսն ու Ղուկասը մյուս յոթ ուղեկիցների հետ տխուր նայում են ափին կանգնած եղբայրներին և թափահարում իրենց ձեռքերը, մինչև որ նրանք անհետանում են տեսադաշտից (Գործ. 20։4, 14, 15)։
3 Մոտ երեք տարի առաքյալը ուս ուսի ծառայել է եփեսացի երեցների հետ։ Սակայն այժմ սուրբ ոգու առաջնորդությամբ նա գնում է Երուսաղեմ։ Պողոսը մոտավորապես գիտի, թե ինչ է իրեն սպասում։ Մեկնելուց առաջ նա եփեսացիներին ասել է. «Ենթարկվելով ոգու առաջնորդությանը՝ մեկնում եմ Երուսաղեմ, թեպետ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ այնտեղ։ Գիտեմ միայն, որ քաղաքից քաղաք սուրբ ոգին անդադար վկայում է ինձ՝ ասելով, որ ինձ կապանքներ ու նեղություններ են սպասվում» (Գործ. 20։22, 23)։ Չնայած գալիք դժվարություններին՝ Պողոսն իրեն «ոգով կապված» է զգում, այսինքն՝ և՛ ցանկություն ունի սուրբ ոգու առաջնորդությամբ գնալու Երուսաղեմ, և՛ դա իր պարտքն է համարում։ Իհարկե, առաքյալը թանկ է գնահատում իր կյանքը։ Բայց նրա համար ամենակարևորը Աստծու կամքը կատարելն է։
4 Իսկ մենք ամենակարևոր տեղը հատկացնո՞ւմ ենք Եհովայի կամքը կատարելուն։ Չէ՞ որ նվիրվելիս հենց դա ենք խոստացել նրան։ Հավատարիմ առաքյալի օրինակը կօգնի պահել այդ խոստումը։
Նրանք անցան «Կիպրոս կղզին» (Գործեր 21։1-3)
5. Պողոսն ու նրա ուղեկիցներն ի՞նչ ուղի անցան Տյուրոս հասնելու համար։
5 Աստվածաշնչում կարդում ենք, որ Պողոսին ու նրա ուղեկիցներին տանող նավը «ուղիղ ընթացք բռնեց»։ Սա նշանակում է, որ քամիները բարենպաստ էին, և ճանապարհորդները, առանց որևէ խոչընդոտի, նույն օրվա վերջում հասան Կոս (Գործ. 21։1)։ Հավանաբար իրենց նավը կանգ առավ այնտեղ գիշերելու, իսկ հաջորդ օրը մեկնեց Հռոդոս, ապա Պատարա, որը գտնվում է Փոքր Ասիայի հարավում։ Այնտեղ եղբայրները նստեցին մի մեծ բեռնատար նավ, որը գնում էր Փյունիկիայի Տյուրոս քաղաք։ Ճանապարհին Պողոսն ու նրա ուղեկիցները ձախ կողմից տեսան «Կիպրոս կղզին» (Գործ. 21։3)։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ղուկասը՝ «Գործեր» գիրքը գրողը, հիշատակում այդ մանրամասնությունը։
6. ա) Կիպրոսը տեսնելը ինչո՞ւ էր քաջալերական Պողոսի համար։ բ) Ինչո՞ւմ կհամոզվես՝ հիշելով, թե ինչպես է Եհովան քեզ օրհնել և աջակցել։
6 Հավանաբար առաքյալը մատնացույց արեց Կիպրոսը ու պատմեց այնտեղի իր ծառայության մասին։ Մոտ ինը տարի առաջ, երբ Պողոսը Բառնաբասի ու Հովհաննես Մարկոսի հետ կատարում էր իր առաջին միսիոներական շրջագայությունը, Կիպրոսում Ելիմաս անունով մի կախարդ սկսել էր հակառակվել նրանց (Գործ. 13։4-12)։ Ուստի երբ Պողոսը տեսավ կղզին, ըստ երևույթին, հիշեց, թե ինչպես էին զարգացել դեպքերը և քաջալերվեց։ Դա նրան ուժ տվեց և պատրաստեց գալիք փորձություններին։ Մենք նույնպես մեծ լիցք կստանանք՝ հիշելով, թե ինչպես է Եհովան օրհնել մեզ և օգնել դիմանալու փորձություններին։ Այդ ժամանակ Դավթի պես մղված կլինենք ասելու. «Շատ են արդարի նեղությունները, բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից» (Սաղ. 34։19)։
Նրանք «փնտրեցին ու գտան աշակերտներին» (Գործեր 21։4-9)
7. Ի՞նչ արեցին ճանապարհորդները Տյուրոս հասնելուն պես։
7 Պողոսը սիրում էր շփվել հավատակիցների հետ և բարձր էր գնահատում նրանց ընկերակցությունը։ Նա գիտեր, որ Տյուրոսում քրիստոնյաներ կան։ Ուստի տեղ հասնելուն պես՝ առաքյալն ու նրա ուղեկիցները «փնտրեցին ու գտան աշակերտներին» և հավանաբար մնացին նրանց տանը (Գործ. 21։4)։ Մեր օրերում ճշմարտությունն ընդունած անհատները մի շատ մեծ օրհնություն են վայելում. ուր էլ որ նրանք գնան, գտնում են հավատակիցների, որոնք գրկաբաց ընդունում են նրանց։ Եհովայի ծառաներն ընկերներ ունեն ամբողջ աշխարհում։
8. Ինչպե՞ս պետք է հասկանանք Գործեր 21։4-ը։
8 Միսիոներները Տյուրոսում մնացին յոթ օր։ Այդ ընթացքում տեղի ունեցավ մի բան, որն առաջին հայացքից հակասական է թվում։ Ղուկասը գրում է. «Ոգու միջոցով [Տյուրոսի եղբայրները] շարունակ ասում էին Պողոսին, որ ոտք չդնի Երուսաղեմ» (Գործ. 21։4)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե Եհովան մտափոխվել էր և այժմ առաքյալին պատվիրում էր չգնալ այդ քաղաք։ Ո՛չ։ Սուրբ ոգին ամենևին էլ հետ չէր պահում Պողոսին Երուսաղեմ գնալուց, այլ պարզապես հայտնում էր, որ նրան այնտեղ մեծ փորձություններ են սպասում։ Իրականում առաքյալին փորձում էին հետ պահել Տյուրոսի քրիստոնյանե՛րը. նրանք սուրբ ոգու միջոցով հասկացել էին, թե ինչ է լինելու, և մտահոգվելով Պողոսի համար՝ համոզում էին նրան չգնալ Երուսաղեմ ու զերծ մնալ վտանգներից։ Սակայն նա վճռել էր կատարել Եհովայի կամքը։ Այդ պատճառով էլ շարունակեց իր ճանապարհը (Գործ. 21։12)։
9-10. ա) Հավանաբար ի՞նչ հիշեց Պողոսը՝ տեսնելով Տյուրոսի եղբայրների մտահոգությունը։ բ) Այսօր մարդիկ ի՞նչ են նախընտրում, և ինչո՞ւ է դա հակասում Հիսուսի խոսքերին։
9 Եղբայրների մտահոգությունը տեսնելով՝ Պողոսը հավանաբար հիշեց Հիսուսին։ Երբ Աստծու Որդին իր աշակերտներին ասել էր, որ գնալու է Երուսաղեմ, այնտեղ չարչարանքներ է կրելու և սպանվելու է, նրանք նույնպես մտահոգվել էին։ Պետրոսը զգացմունքների ազդեցության տակ ասել էր. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»։ Հիսուն էլ պատասխանել էր. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մատթ. 16։21-23)։ Հիսուսը պատրաստ էր քայլելու անձնազոհության ճանապարհով և դրանով կատարելու Աստծու կամքը։ Պողոսն էլ էր այդպես մտածում։ Անկասկած, Տյուրոսի եղբայրները, Պետրոս առաքյալի նման, լավ մղումներով էին տարհամոզում նրան, սակայն չէին հասկանում, որ դա Եհովայի կամքն է։
10 Այսօր շատերը գերադասում են բարի լինել սեփական անձի հանդեպ և անել այն, ինչ հեշտ է։ Մարդիկ սովորաբար նախապատվություն են տալիս այն կրոններին, որոնք շատ բան չեն պահանջում իրենցից։ Մինչդեռ Հիսուսը խրախուսել էր բոլորովին այլ մտավիճակ ունենալ։ Նա ասել էր. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Մատթ. 16։24)։ Հիսուսի ցույց տված ուղին ամենաիմաստունն է և ամենաճիշտը, բայց ո՛չ ամենահեշտը։
11. Տյուրոսի աշակերտներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ սիրում են Պողոսին և աջակցում են նրան։
11 Օրերը շատ արագ անցան, և հասավ Տյուրոսից հեռանալու ժամը։ Հրաժեշտի պահը շատ հուզիչ էր։ Տյուրոսի եղբայրներն իրոք սիրում էին առաքյալին և ծառայության մեջ ամբողջ սրտով թիկունք էին կանգնում նրան։ Տղամարդիկ, կանայք ու երեխաները Պողոսին և նրա ծառայակիցներին ուղեկցեցին մինչև նավահանգիստ։ Ապա բոլորը միասին ծնկի եկան, աղոթեցին և հրաժեշտ տվեցին միմյանց։ Պողոսը, Ղուկասը և մյուսները նավ բարձրացան ու մեկնեցին Պտոլեմայիս։ Այնտեղ նրանք հանդիպեցին եղբայրներին և մեկ օր անցկացրին նրանց հետ (Գործ. 21։5-7)։
12-13. ա) Ինչո՞վ էր աչքի ընկնում Փիլիպոսը։ բ) Ի՞նչ լավ օրինակ է թողել Փիլիպոսը քրիստոնյա հայրերի համար։
12 Պողոսի ու նրա ուղեկիցների հաջորդ կանգառը Կեսարիան էր։ Իսկ որտե՞ղ էին մնալու ճանապարհորդները։ Դե իհարկե, «Փիլիպոս ավետարանչի տանը» a (Գործ. 21։8)։ Որքա՜ն ուրախացան նրանք, երբ նորից հանդիպեցին Փիլիպոսին։ Մոտ 20 տարի առաջ առաքյալները նրան հանձնարարել էին սնունդ բաժանել Երուսաղեմի նորաստեղծ ժողովի անդամներին։ Նա երկար տարիների եռանդուն քարոզիչ էր։ Երբ հալածանքի պատճառով աշակերտները տարբեր տեղեր էին փախել, Փիլիպոսը գնացել էր Սամարիա ու սկսել էր քարոզել այնտեղ։ Հետագայում նա վկայություն էր տվել ու մկրտել էր եթովպացի ներքինուն (Գործ. 6։2-6; 8։4-13, 26-38)։ Հավատարիմ ծառայության ի՜նչ հիանալի օրինակ։
13 Փիլիպոսը չէր կորցրել իր եռանդը։ Կեսարիայում նա նույնպես զբաղված էր քարոզչական գործով։ Դա երևում է այն բանից, որ Ղուկասն այդ եղբորը «ավետարանիչ» է անվանում։ Բացի դրանից՝ մենք տեղեկանում ենք, որ Փիլիպոսն արդեն չորս աղջիկ ուներ, ովքեր «մարգարեանում էին»։ Դա փաստում է, որ նրանք հետևում էին իրենց հոր օրինակին b (Գործ. 21։9)։ Ուստի Փիլիպոսը պետք է որ մեծ ջանքեր ներդրած լիներ իր ընտանիքի հոգևոր առողջությունը ամրապնդելու հարցում։ Նա լավ օրինակ է մերօրյա քրիստոնյա հայրերի համար։ Նրանք պետք է ակտիվորեն ծառայեն և իրենց երեխաների մեջ սեր զարգացնեն քարոզչական գործի նկատմամբ։
14. Պողոսի այցելություններն ի՞նչ արդյունք էին տալիս, և ի՞նչ հնարավորություն ունենք այսօր մենք։
14 Ուր էլ Պողոսը գնում էր, գտնում էր հավատակիցների և նրանց հետ ժամանակ էր անցկացնում։ Անխոս, քրիստոնյաներն ամենուր սրտանց հյուրընկալում էին այդ շրջագայող եղբորն ու նրա ուղեկիցներին։ Անկասկած, նման այցելությունները «փոխադարձ քաջալերության» աղբյուր էին (Հռոմ. 1։11, 12)։ Այսօր մենք նույն հնարավորությունն ունենք։ Մենք մեծ օրհնություններ ենք վայելում, երբ շրջանային վերակացուին ու նրա կնոջը հյուրընկալում ենք մեր տանը, որքան էլ այն համեստ լինի (Հռոմ. 12։13)։
«Ես պատրաստ եմ.... մահանալու» (Գործեր 21։10-14)
15-16. Ագաբոսն ի՞նչ լուր հայտնեց, և ի՞նչ ազդեցություն դա թողեց ներկաների վրա։
15 Երբ Պողոսը Փիլիպոսի տանն էր, այնտեղ եկավ Ագաբոս անունով մի մարդ։ Բոլորը գիտեին, որ նա մարգարե է. ժամանակին Ագաբոսը կանխագուշակել էր այն սովը, որը եղավ Կլավդիոսի օրոք (Գործ. 11։27, 28)։ Եղբայրներին թերևս հետաքրքիր էր, թե որն է մարգարեի այցելության պատճառը։ Ի՞նչ լուր էր նա բերել։ Ագաբոսը վերցրեց Պողոսի գոտին (դա մի նեղ ու երկար կտոր էր, որի մեջ սովորաբար փող և այլ իրեր էին պահում)։ Ապա մարգարեն այդ գոտիով կապեց իր ոտքերն ու ձեռքերը և սկսեց խոսել։ Ագաբոսի հայտնած լուրն այնքան էլ հուսադրող չէր. «Այսպես է ասում սուրբ ոգին. «Այն մարդուն, որին պատկանում է այս գոտին, հրեաները այսպես կկապեն Երուսաղեմում և այլազգի մարդկանց ձեռքը կմատնեն»» (Գործ. 21։11)։
16 Ագաբոսի մարգարեությունը մեկ անգամ ևս փաստեց, որ Պողոսը հասնելու է Երուսաղեմ։ Պարզ դարձավ նաև, որ հրեաները առաքյալին մատնելու են «այլազգի մարդկանց ձեռքը»։ Այս լուրը ցնցեց ներկաներին։ Ղուկասը գրում է. «Երբ սա լսեցինք, մենք և այնտեղ գտնվողները սկսեցինք աղաչել նրան, որ վեր չելնի Երուսաղեմ։ Այն ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում ու սիրտս ճմլում։ Վստա՛հ եղեք, Տեր Հիսուսի անվան համար ես պատրաստ եմ ոչ միայն կապվելու, այլև մահանալու Երուսաղեմում»» (Գործ. 21։12, 13)։
17-18. Ինչի՞ց է երևում, որ Պողոսն անսասան էր, և եղբայրներն ինչպե՞ս վերաբերվեցին նրա որոշմանը։
17 Պատկերացրու հետևյալ տեսարանը։ Բոլոր եղբայրները, այդ թվում՝ Ղուկասը, սկսում են աղաչել Պողոսին, որ չգնա Երուսաղեմ։ Ոմանք լաց են լինում։ Հավատակիցների սերն ու հոգատարությունը, անշուշտ, հուզում են առաքյալին։ Նա անգամ ասում է, որ իր «սիրտը ճմլվում է»։ Սակայն Պողոսն անսասան է, ճիշտ ինչպես Տյուրոսի եղբայրների հետ հանդիպման ժամանակ։ Նա թույլ չի տալիս, որ հավատակիցների աղաչանքներն ու արցունքները թուլացնեն իր վճռականությունը։ Փոխարենը բացատրում է եղբայրներին, թե ինչու պիտի շարունակի իր ճանապարհը։ Ընդօրինակելով Հիսուսին՝ առաքյալը քաջություն և հաստատակամություն է ցուցաբերում (Եբր. 12։2)։ Պողոսն, իհարկե, նահատակ դառնալու ցանկություն չունի, բայց Քրիստոս Հիսուսի համար մահանալը պատիվ է համարում։
18 Եղբայրները հարգեցին Պողոսի որոշումը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Չկարողանալով նրան համոզել՝ մենք այլևս չառարկեցինք ու ասացինք. «Թող Եհովայի կամքով լինի»» (Գործ. 21։14)։ Նրանք չշարունակեցին պնդել իրենց ասածը, այլ լսեցին առաքյալի փաստարկները և զիջեցին։ Եղբայրները հասկացան և ընդունեցին Եհովայի տեսակետը, թեպետ դա նրանց համար դժվար էր։ Պողոսը գիտեր, որ առջևում իրեն մահ է սպասում։ Ուստի առաքյալին ավելի հեշտ կլիներ կատարել Աստծու կամքը, եթե իր մտերիմները չփորձեին տարհամոզել իրեն։
19. Ի՞նչ արժեքավոր դաս ենք քաղում Պողոսի հետ պատահածից։
19 Պողոսի հետ տեղի ունեցածից մի արժեքավոր դաս ենք քաղում։ Մենք երբեք չպետք է փորձենք թուլացնել այն հավատակիցների վճռականությունը, ովքեր ձգտում են անձնուրաց կերպով ծառայել Եհովային։ Այս սկզբունքը կարող ենք կիրառել ոչ միայն կյանքի ու մահվան հետ կապված հարցերում, այլև բազմաթիվ այլ իրավիճակներում։ Օրինակ՝ քրիստոնյա ծնողներից շատերը դժվարությամբ են բաժանվում իրենց երեխաներից, երբ վերջիններս մեկնում են հեռավոր երկրներում ծառայելու։ Սակայն նրանք չեն տարհամոզում իրենց զավակներին։ Ֆիլիսը, ով ապրում է Անգլիայում, պատմում է, թե ինչ էր զգում, երբ իր միակ դուստրը մեկնեց Աֆրիկա՝ միսիոներական ծառայություն կատարելու։ Նա ասում է. «Ես շատ հուզված էի։ Չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ աղջիկս այդքան հեռու է լինելու ինձանից։ Թեև տխուր էի, սակայն հպարտանում էի նրանով։ Ես շատ էի աղոթում։ Դա նրա որոշումն էր, ու ես երբեք չէի փորձում հետ պահել նրան։ Ի վերջո, ինքս եմ միշտ սովորեցրել դստերս Թագավորության շահերը առաջին տեղում դնել։ Աղջիկս արտասահմանում ծառայում է արդեն 30 տարի, և ես նրա հավատարմության համար ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Եհովային»։ Այո՛, որքան լավ կլինի, որ քաջալերենք նրանց, ովքեր անձնազոհաբար ծառայում են Աստծուն։
Գործեր 21։15-17)
«Եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին» (20-21. Ինչի՞ց է երևում, որ Պողոսը ձգտում էր միշտ հավատակիցների հետ լինել, և ինչո՞ւ էր նա ցանկանում դա։
20 Ճանապարհի համար բոլոր պատրաստությունները տեսնելուց հետո Պողոսը ուղևորվեց Երուսաղեմ։ Եղբայրներն ուղեկցեցին առաքյալին՝ ցույց տալով, որ ի սրտե աջակցում են նրան։ Փաստորեն, սկզբից ևեթ Պողոսն ու նրա ուղեկիցները իրենց ճանապարհորդության ընթացքում ջանում էին կապ պահել եղբայրների ու քույրերի հետ։ Տյուրոսում նրանք հավատակիցների հետ անցկացրին յոթ օր, Պտոլեմայիսում՝ մեկ օր, իսկ Կեսարիայում՝ Փիլիպոս ավետարանչի տանը՝ շատ օրեր։ Երբ Պողոսն այնտեղից ճանապարհ ընկավ դեպի Երուսաղեմ, Կեսարիայի աշակերտներից ոմանք ուղեկցեցին առաքյալին ու նրա ծառայակիցներին։ Երուսաղեմում ճամփորդները կանգ առան աշակերտներից մեկի՝ Մնասոնի տանը։ Ղուկասը նշում է, որ այնտեղի եղբայրները «ուրախությամբ ընդունեցին» իրենց (Գործեր 21։17)։
21 Ակնհայտ է, որ Պողոսը ցանկանում էր միշտ իր հավատակիցների հետ լինել։ Նրանց հետ շփումը քաջալերում էր առաքյալին, ինչպես որ մեզ այսօր։ Անկասկած, այդ քաջալերանքը ուժ տվեց Պողոսին դիմանալու հակառակորդների թշնամական վերաբերմունքին, ովքեր ուզում էին սպանել իրեն։
a Տես « Կեսարիա՝ հռոմեական Հրեաստան պրովինցիայի մայրաքաղաք» շրջանակը։
b Տես « Քրիստոնյա կանայք կարո՞ղ էին ուսուցանել ժողովում» շրջանակը։