ԳԼՈՒԽ 20
Խոսքն «աճում էր ու հաղթանակում»՝ չնայած հակառակությանը
Ապողոսն ու Պողոսը ինչպես նպաստեցին բարի լուրի հաղթանակին
1-2. ա) Պողոսն ու նրա ուղեկիցները ի՞նչ վտանգի ենթարկվեցին Եփեսոսում։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։
ԵՓԵՍՈՍԻ փողոցներում աղմուկ-աղաղակ է՝ մի իսկական խառնաշփոթ։ Մարդիկ գոռում են, ճչում, ինչ-որ տեղ են վազում։ Նրանք բռնել են Պողոս առաքյալի երկու ուղեկիցներին ու քարշ են տալիս նրանց։ Սյունաշարերով ընդարձակ փողոցը, որտեղ գտնվում են քաղաքի խանութները, արագորեն դատարկվում է, իսկ խելագար ամբոխը սրընթաց աճում։ Ի վերջո, այն փոթորկի պես ներխուժում է ամֆիթատրոն, որը կարող է տեղավորել շուրջ 25 000 մարդ։ Շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է պատահել։ Պարզապես ենթադրում են, թե իրենց տաճարը և պաշտելի Արտեմիս աստվածուհին վտանգի տակ են։ Ուստի նրանք անընդհատ գոչում են. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը» (Գործ. 19։34)։
2 Այս անգամ ևս Սատանան կատաղած ամբոխի միջոցով փորձեց կանգնեցնել բարի լուրի քարոզչությունը։ Ինչ խոսք, բռնությունը նրա միակ մեթոդը չէ։ Այս գլխում կքննենք Սատանայի մեթոդներից մի քանիսը, որոնք նա կիրառեց Թագավորության գործը կանգնեցնելու և առաջին դարի քրիստոնյաների միասնությունը խաթարելու նպատակով։ Եվ ամենակարևորը, կտեսնենք, որ նրա բոլոր նենգ ծրագրերը ձախողվեցին։ Եհովայի խոսքը շարունակեց «զորավոր կերպով աճել ու հաղթանակել» (Գործ. 19։20)։ Ի՞նչն օգնեց քրիստոնյաներին հաղթանակած դուրս գալու պայքարից։ Այն, ինչն այսօր մեզ է օգնում։ Իհարկե, հաղթանակը ոչ թե մերն է, այլ Եհովայինը։ Սակայն առաջին դարի քրիստոնյաների նման՝ մենք էլ պետք է մեր բաժինն անենք։ Եհովան իր սուրբ ոգով կօգնի մեզ զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կերպով ծառայելու համար։ Սակայն նախևառաջ քննենք Ապողոսի օրինակը։
«Նա լավատեղյակ էր Սուրբ Գրքերից» (Գործեր 18։24-28)
3-4. Ապողոսին լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան ի՞նչ նկատեցին և ինչպե՞ս օգնեցին նրան։
3 Երբ Պողոսը իր երրորդ միսիոներական շրջագայության ժամանակ Եփեսոսի ճանապարհին էր, այդ քաղաք եկավ Ապողոս անունով մի հրեա։ Նա Եգիպտոսի հռչակավոր Ալեքսանդրիա քաղաքից էր։ Ապողոսը բացառիկ ընդունակություններ և հատկություններ ուներ։ Նա փայլուն հռետոր էր ու «լավատեղյակ էր Սուրբ Գրքերից»։ Ավելին՝ Ապողոսը «բոցավառվում էր ոգով»։ Նա ժողովարանում մեծ եռանդով ու համարձակությամբ ուսուցանում էր հրեաներին (Գործ. 18։24, 25)։
4 Ակյուղասն ու Պրիսկիղան լսեցին Ապողոսի ելույթները։ Անկասկած, նրանք անչափ ուրախացան, երբ նա սկսեց «ճշգրտությամբ խոսել ու սովորեցնել Հիսուսի մասին»։ Սակայն շուտով նկատեցին, որ Ապողոսի գիտելիքները թերի են։ Նա «միայն Հովհաննեսի մկրտությանն էր ծանոթ»։ Ակյուղասն ու Պրիսկիղան համեստ մարդիկ էին, արհեստով՝ վրանագործներ։ Սակայն Ապողոսի կրթությունն ու ճարտար լեզուն չկաշկանդեցին նրանց։ Փոխարենը նրանք Ապողոսին «իրենց մոտ վերցրին և Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրեցին» (Գործ. 18։25, 26)։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց այդ կրթված և ընդունակ տղամարդը։ Ապողոսը մի անչափ կարևոր հատկություն դրսևորեց, որը պետք է զարգացնի յուրաքանչյուր քրիստոնյա՝ խոնարհամտություն։
5-6. Ի՞նչն օգնեց Ապողոսին օգտակար գործիք դառնալ Եհովայի ձեռքում, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։
5 Ընդունելով Ակյուղասի ու Պրիսկիղայի օգնությունը՝ Ապողոսը շատ ավելի արժեքավոր գործիք դարձավ Եհովայի ձեռքում։ Երբ նա գնաց Աքայիա, «մեծ օգնություն եղավ» այնտեղի քրիստոնյաների համար։ Ապողոսը նաև հիանալի վկայություն տվեց այնտեղի հրեաներին, ովքեր պնդում էին, թե Հիսուսը խոստացյալ Մեսիան չէ։ Ղուկասը գրում է. «Նա բուռն կերպով և հրապարակորեն հիմնովին ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ Սուրբ Գրքերից ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը» (Գործ. 18։27, 28)։ Ի՜նչ օրհնություն էր Ապողոսը եղբայրների համար։ Իրականում, նա էլ իր հերթին նպաստեց, որ «Եհովայի խոսքը» շարունակի հաղթանակել։ Ի՞նչ ենք սովորում Ապողոսից։
6 Խոնարհամտություն զարգացնելը անչափ կարևոր է քրիստոնյաների համար։ Բոլորս էլ ինչ-որ պարգև ունենք Աստծու կողմից՝ ընդունակություններ, փորձ կամ գիտելիքներ։ Սակայն մեր խոնարհությունը պետք է գերազանցի այդ պարգևները։ Հակառակ դեպքում՝ ընդունակություններն ու հմտությունները խոչընդոտի կվերածվեն։ Մենք պարարտ հող կդառնանք մի թունավոր հատկության՝ գոռոզամտության համար (1 Կորնթ. 4։7; Հակ. 4։6)։ Եթե իսկապես խոնարհամիտ լինենք, ուրիշներին մեզնից ավելի բարձր կհամարենք (Փիլիպ. 2։3)։ Խորհուրդ ստանալիս չենք վիրավորվի և պատրաստ կլինենք սովորելու։ Մենք հպարտորեն առաջ չենք տանի մեր սեփական գաղափարները, եթե հասկանանք, որ դրանք հակասում են սուրբ ոգու միջոցով տրվող առաջնորդությանը։ Քանի դեռ խոնարհ ենք, օգտակար գործիք կլինենք Եհովայի ու նրա Որդու ձեռքերում (Ղուկ. 1։51, 52)։
7. Պողոսն ու Ապողոսը խոնարհության ի՞նչ օրինակ թողեցին։
7 Խոնարհամտությունը նաև մրցակցության ոգու հակաթույնն է։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան էր Սատանան փափագում պառակտել առաջին քրիստոնյաներին։ Ի՜նչ ուրախ կլիներ նա, եթե Ապողոսի և Պողոսի նման ազդեցիկ եղբայրները սկսեին նախանձել միմյանց ու մրցել՝ ձգտելով ավելի բարձր դիրքի։ Ընդ որում դրա համար կարծես «բարենպաստ» իրավիճակ էր ստեղծվել։ Կորնթոսի քրիստոնյաներից ոմանք ասում էին՝ «ես Պողոսին եմ հետևում», ոմանք էլ՝ «իսկ ես՝ Ապողոսին»։ Արդյոք Պողոսն ու Ապողոսը ողջունեցի՞ն այս պառակտիչ մտքերը։ Ո՛չ։ Ընդհակառակը, համեստորեն ընդունելով Ապողոսի ներդրումը Թագավորության գործում՝ առաքյալը հատուկ նշանակումներ տվեց նրան։ Ապողոսն, իր հերթին, հնազանդվեց Պողոսի առաջնորդությանը (1 Կորնթ. 1։10-12; 3։6, 9; Տիտոս 3։12, 13)։ Ի՜նչ լավ օրինակ են այս երկու եղբայրները համեստորեն համագործակցելու հարցում։
«Աստծու Թագավորության մասին.... համոզիչ փաստարկներ» (Գործեր 18։23; 19։1-10)
8. Պողոսն ի՞նչ ճանապարհով գնաց Եփեսոս, և ինչո՞ւ։
8 Պողոսը կատարեց իր խոստումը և վերադարձավ Եփեսոս a (Գործ. 18։20, 21)։ Սակայն ուշագրավ է, թե առաքյալն ինչպես դա արեց։ Հիշենք, որ նա գտնվում էր Ասորիքի Անտիոքում։ Ուստի բավական էր միայն գնալ Սելևկիա, որն այնքան էլ հեռու չէր Անտիոքից, և նավով մեկնել ուղիղ Եփեսոս։ Բայց Պողոսն այդպես չարեց։ Նա ճանապարհ ընկավ «ներքին շրջաններով»՝ ցամաքով։ Ըստ մի հաշվարկի, որ արվել է Գործեր 18։23-ի և 19։1-ի հիման վրա՝ առաքյալը ոտքով անցավ մոտ 1 600 կմ (1 000 մղոն)։ Իսկ ինչո՞ւ Պողոսն ընտրեց այդ դժվար ուղին։ Նրա նպատակն էր ճանապարհին զորացնել «բոլոր աշակերտներին» (Գործ. 18։23)։ Առաքյալի երրորդ շրջագայությունը առաջին երկուսի պես շատ ուժ ու եռանդ էր խլելու իրենից։ Բայց դա նրան հետ չպահեց զոհողություններ անելուց։ Այսօր նման ոգի են ցուցաբերում շրջանային վերակացուներն ու նրանց կանայք։ Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց սերն ու անձնազոհությունը։
9. Մի խումբ աշակերտներ ինչո՞ւ պետք է նորից մկրտվեին, և ի՞նչ ենք սովորում նրանցից։
9 Եփեսոսում Պողոսը հանդիպեց շուրջ 12 հոգու, ովքեր Հովհաննես Մկրտչի աշակերտներն էին։ Նրանք մկրտվել էին Հովհաննեսի մկրտությամբ, որն արդեն կորցրել էր իր նշանակությունը։ Բացի այդ՝ նրանք գրեթե ոչինչ չգիտեին սուրբ ոգու մասին։ Փաստորեն, այդ մարդիկ հետ էին ընկել ճշմարտությունից, սակայն առաքյալը լրացրեց այդ բացը։ Այդ մարդիկ Ապողոսի պես խոնարհ էին և սովորելու մեծ ցանկություն ունեին, ուստի նորից մկրտվեցին, այս անգամ՝ Հիսուսի անունով։ Արդյունքում նրանք օծվեցին սուրբ ոգով և գերբնական պարգևներ ստացան։ Հստակ է, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր համաքայլ են ընթանում իր կազմակերպության հետ (Գործ. 19։1-7)։
10. Պողոսն ինչո՞ւ ժողովարանից դպրոց տեղափոխվեց և ի՞նչ օրինակ թողեց մեզ։
10 Կարճ ժամանակ անց ևս մի փոփոխություն տեղի ունեցավ։ Պողոսը երեք ամիս շարունակ համարձակորեն քարոզում էր ժողովարանում։ Թեև նա «Աստծու թագավորության մասին.... համոզիչ փաստարկներ էր բերում», մի քանիսը կարծրացրին իրենց սիրտը և սկսեցին խիստ հակառակվել։ Առաքյալը որոշեց ժամանակ չվատնել այդ մարդկանց վրա, ովքեր «չարախոսում էին Ճանապարհի մասին»։ Ուստի սկսեց Աստծու Խոսքն ուսուցանել մի դպրոցում (Գործ. 19։8, 9)։ Այն անհատները, ովքեր ցանկանում էին հոգևորապես աճել, նույնպես պետք է ժողովարանից դպրոց տեղափոխվեին։ Պողոսի նման՝ մենք էլ ժամանակ չենք վատնում այն մարդկանց վրա, ովքեր չեն ցանկանում լսել բարի լուրը կամ ուղղակի ուզում են վիճել մեզ հետ։ Ավելի լավ է՝ այդ ժամանակը տրամադրենք գառնանման անհատներ փնտրելուն, ովքեր շատ ունեն քաջալերական բարի լուրի կարիքը։
11-12. ա) Պողոսը ջանասիրության ու ճկունության ի՞նչ օրինակ թողեց։ բ) Եհովայի վկաներն ինչպե՞ս են ջանասիրություն ու ճկունություն դրսևորում ծառայության մեջ։
11 Պողոսն այդ դպրոցում ուսուցանում էր ամեն օր՝ մոտ ժամը 11։00-ից մինչև 16։00-ն (Գործ. 19։9)։ Ակներևաբար դրանք ամենահանգիստ, բայցև ամենաշոգ ժամերն էին, երբ շատերն ընդմիջում էին անում աշխատանքից ու ճաշում կամ հանգստանում։ Պատկերացնո՞ւմ ես, եթե առաքյալը երկու տարի այս գրաֆիկին է հետևել, դա նշանակում է, որ ծառայության մեջ անցկացրել է ավելի քան 3 000 ժամ։ b Սա մեկ այլ պատճառ էր, թե ինչու էր Եհովայի խոսքը շարունակում աճել և հաղթանակել։ Առաքյալը ջանասեր էր ու ճկուն։ Նա իր ծառայության գրաֆիկը համապատասխանեցրեց տեղի բնակիչների կարիքներին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ «Բոլորը, ովքեր բնակվում էին Ասիայում՝ ինչպես հրեաները, այնպես էլ հույները, լսեցին Տիրոջ խոսքը» (Գործ. 19։10)։ Իրոք որ, Պողոսը հիմնովին վկայություն տվեց։
12 Մեր օրերում Եհովայի վկաները նույնչափ ջանասեր են ու ճկուն։ Մենք ձգտում ենք վկայություն տալ այն վայրերում, որտեղ մարդիկ կան, և այն ժամերին, երբ նրանց հնարավոր է հանդիպել։ Մենք քարոզում ենք փողոցներում, շուկաներում, ավտոմեքենաների կայանատեղիներում։ Նաև մարդկանց հետ կապ ենք հաստատում հեռախոսով կամ նամակով։ Բացի այդ՝ մենք այն ժամերին ենք ծառայում տնից տուն, երբ մարդկանց մեծ մասը տանն է։
Խոսքն «աճում էր ու հաղթանակում»՝ չնայած դևերի հակառակությանը (Գործեր 19։11-22)
13-14. ա) Պողոսն ինչե՞ր արեց Եհովայի տված զորությամբ։ բ) Ի՞նչ սխալ թույլ տվեցին Սկևայի յոթ որդիները, և այսօր նմանատիպ ի՞նչ սխալ են թույլ տալիս քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչները։
13 Ղուկասը պատմում է, որ վերոհիշյալ դեպքերից հետո մի հիանալի ժամանակաշրջան սկսվեց։ Եհովան Պողոսի միջոցով «արտասովոր զորավոր գործեր էր անում»։ Մարդիկ մինչև իսկ նրա շորերն ու գոգնոցներն էին տանում հիվանդներին, ու նրանք բուժվում էին։ Այդպես նաև դևերն էին դուրս գալիս մարդկանց միջից c (Գործ. 19։11, 12)։ Չար ուժերի նկատմամբ այս նշանակալից հաղթանակները գրավեցին հանրության ուշադրությունը։ Բայց ոչ բոլորը դրականորեն արձագանքեցին։
14 «Թափառական հրեաներից մի քանիսը, որ դևեր էին հանում», փորձեցին կրկնել Պողոսի հրաշքները։ Նրանցից ոմանք նույնիսկ Հիսուսի և Պողոսի անուններն էին տալիս, որպեսզի հեռացնեն չար ոգիներին։ Ղուկասի խոսքերով՝ այդպես վարվեցին Սկևայի յոթ որդիները, ովքեր քահանայական ընտանիքի անդամներ էին։ Ի պատասխան՝ դևն ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին էլ եմ ծանոթ, իսկ դո՞ւք ով եք»։ Ապա դիվահար մարդը վայրի գազանի պես հարձակվեց այդ ինքնակոչ բժիշկների վրա, և նրանք մերկ ու վիրավոր հազիվ կարողացան փախչել (Գործ. 19։13-16)։ «Եհովայի խոսքը» փառավոր հաղթանակ տարավ։ Պարզ երևաց Պողոսին տրված զորության և կեղծ կրոնավորների անզորության միջև տարբերությունը։ Այսօր միլիոնավոր մարդիկ կարծում են, թե բավական է ընդամենը կանչել Հիսուսի անունը կամ «քրիստոնյա» կոչվել։ Սակայն Հիսուսն ասել է, որ ապագայի իրական հույս կունենան միայն նրանք, ովքեր կկատարեն իր Հոր կամքը (Մատթ. 7։21-23)։
15. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել եփեսացիներին։
15 Եփեսոսում շատ տարածված էին կախարդությունն ու մոգությունը։ Թալիսմանները, հմայությունը, թուղթ ու գիրը և նման այլ բաները սովորական երևույթ էին։ Բայց Սկևայի յոթ որդիների նվաստացումը նպաստեց Աստծու խոսքի տարածմանը։ Շատերը քրիստոնյա դարձան ու մերժեցին ոգեհարցությունը։ Քրիստոնեությունն ընդունած բազմաթիվ եփեսացիներ հրապարակորեն այրեցին մոգության վերաբերյալ իրենց գրքերը, թեև դրանք շատ թանկ արժեին։ Դրանց գինը համարժեք էր տասնյակ հազարավոր դոլարների։ d Ղուկասը գրում է. «Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում էր ու հաղթանակում» (Գործ. 19։17-20)։ Ի՜նչ փառավոր հաղթանակ տարավ ճշմարտությունը կեղծ ուսմունքների ու դիվապաշտության նկատմամբ։ Այդ վճռական եփեսացիները լավ օրինակ են մեզ համար։ Մենք նույնպես ապրում ենք ոգեհարցությամբ ողողված աշխարհում։ Եթե մեր իրերի մեջ հանկարծ ոգեհարցության հետ կապված որևէ առարկա հայտնաբերենք, եփեսացիների նման անհապաղ կձերբազատվենք դրանից։ Թող որ հեռու մնանք այդ նողկալի բաներից, ինչ գնով էլ որ դա լինի։
«Մեծ խռովություն բարձրացավ» (Գործեր 19։23-41)
16-17. ա) Դեմետրիոսն ինչպե՞ս կարողացավ խառնաշփոթ ստեղծել։ բ) Եփեսացիներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց մոլեռանդությունը։
16 Սատանան, իհարկե, չհանձնվեց և դիմեց այն մեթոդին, որի մասին Ղուկասը գրում է. «Ճանապարհի հետ կապված մեծ խռովություն բարձրացավ»։ Ավետարանագիրը չէր չափազանցնում. դա իրոք «մեծ խռովություն» էր e (Գործ. 19։23)։ Ամեն ինչ սկսվեց Դեմետրիոս անունով մի արծաթագործից։ Նախ նա հիշեցրեց մյուս արհեստավորներին, որ իրենց եկամտի աղբյուրը կուռքերի վաճառքն է։ Հետո ասաց, որ Պողոսի քարոզչությունը բացասաբար է ազդում իրենց գործի վրա, քանի որ քրիստոնյաները մերժում են կուռքերը։ Ապա Դեմետրիոսը բորբոքեց իր ունկնդիրների ազգայնամոլությունը՝ պնդելով, թե Արտեմիս աստվածուհին ու նրա աշխարհահռչակ տաճարը վտանգի տակ են՝ «ոչնչի են վերածվելու» (Գործ. 19։24-27)։
17 Դեմետրիոսը հասավ իր նպատակին։ Արծաթագործները գոչեցին՝ «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը», և քաղաքում սկսվեց այն խառնաշփոթը, որ նկարագրված է այս գլխի սկզբում։ f Պողոսը, անձնազոհություն ցուցաբերելով, ցանկացավ գնալ ամֆիթատրոն և խոսել ամբոխի հետ։ Բայց աշակերտները թույլ չտվեցին նրան վտանգի ենթարկել իր կյանքը։ Այդ ամբոխի հետ փորձեց զրուցել Ալեքսանդրոս անունով մի հրեա։ Նա հավանաբար ցանկանում էր բացատրել հավաքվածներին, որ հրեաների և այդ քրիստոնյաների միջև տարբերություն կա։ Բայց ամբոխին դա չէր հետաքրքրում։ Հենց որ նրանք պարզեցին, որ Ալեքսանդրոսը հրեա է, չթողեցին՝ խոսի և մոտ երկու ժամ գոչեցին. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»։ Կրոնական մոլեռանդությունը մեր օրերում էլ մեծ տարածում ունի։ Այն մարդկանց զրկում է առողջ դատողությունից (Գործ. 19։28-34)։
18-19. ա) Գրագիրն ինչպե՞ս հանդարտեցրեց եփեսացիներին։ բ) Իշխանություն ունեցող մարդիկ երբեմն ինչպե՞ս են պաշտպանում Եհովայի վկաներին, և մենք ինչպե՞ս կարող ենք նպաստել դրան։
18 Ի վերջո, քաղաքի գրագիրը կարողացավ լռեցնել հավաքվածներին։ Այդ ողջամիտ անձնավորությունը հավաստիացրեց ամբոխին, որ քրիստոնյաները վտանգ չեն ներկայացնում տաճարի և աստվածուհու համար։ Նա ասաց, որ Պողոսն ու նրա ծառայակիցները որևէ հանցանք չեն գործել Արտեմիսի տաճարի դեմ, և եթե նույնիսկ գործած էլ լինեն, դրա համար դատարան ու կարգ գոյություն ունի։ Գրագիրը հիշեցրեց եփեսացիներին, որ նման անօրինական ու անկառավարելի հավաքույթներով նրանք կարող են բորբոքել Հռոմի զայրույթը։ Սա թերևս ամենահամոզիչ փաստարկն էր, որից հետո ամբոխը ցրվեց։ Գրագրի խելամիտ խոսքերի շնորհիվ կրքերը հանդարտվեցին այն նույն արագությամբ, որով բորբոքվել էին (Գործ. 19։35-41)։
19 Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն էր, երբ իշխանություն ունեցող ողջամիտ անհատը պաշտպանում էր Հիսուսի հետևորդներին։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսել էր, որ վերջին օրերում այս աշխարհի կայուն հասարակական կառույցները խորհրդանշող «երկիրը» կկլանի ճշմարիտ քրիստոնյաների դեմ Սատանայի հրահրած հալածանքը, որը նման է իսկական հեղեղի (Հայտն. 12։15, 16)։ Այդպես էլ կա։ Հաճախ արդարամիտ դատավորները պաշտպանում են հավաքույթներ անցկացնելու և բարի լուրը քարոզելու մեր իրավունքը։ Ինչ խոսք, մեր վարքը մեծ դեր է խաղում նման հաղթանակներում։ Օրինակ՝ Պողոսն իր վարքով թերևս շահել էր Եփեսոսի որոշ պաշտոնյաների հարգանքը, և վերջիններս հոգ տարան նրա անվտանգության մասին (Գործ. 19։31)։ Թող որ մենք էլ ազնվությամբ ու հարգալից վերաբերմունքով լավ տպավորություն թողնենք մարդկանց վրա։ Երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե դա ինչ արդյունքներ կբերի։
20. ա) Ի՞նչ ես զգում՝ խորհելով Եհովայի պարգևած հաղթանակների մասին։ բ) Ի՞նչ ես վճռել անել։
20 Որքա՜ն ոգևորիչ է խորհրդածել այն մասին, թե ինչպես էր Եհովայի խոսքը շարունակում աճել ու հաղթանակել առաջին դարում։ Նույնքան ոգևորիչ է տեսնել, որ Աստված նման հաղթանակներ է պարգևում նաև այսօր։ Ուզո՞ւմ ես քո լուման ներդնել այդ հաղթանակներում։ Եթե այո, ապա դասեր քաղիր վերոհիշյալ օրինակներից։ Միշտ խոնարհ մնա, Եհովայի կազմակերպությանը համաքայլ ընթացիր, ջանասեր եղիր, մերժիր ոգեհարցությունը և ձգտիր քո ազնիվ ու հարգալից վարքով լավ վկայություն տալ մարդկանց։
a Տես « Եփեսոս՝ Ասիայի մայրաքաղաք» շրջանակը։
b Եփեսոսում եղած ժամանակ Պողոսը գրեց նաև «1 Կորնթացիներ» նամակը։
c Շորերը հավանաբար թաշկինակներ էին, որոնք Պողոսը դնում էր ճակատին, որպեսզի քրտինքը չլցվեր աչքերի մեջ։ Իսկ այն փաստը, որ առաքյալը գոգնոցներ էր կրում, թերևս նշանակում է, որ նա ազատ ժամերին, օրինակ՝ վաղ առավոտյան, աշխատում էր՝ վրաններ էր պատրաստում (Գործ. 20։34, 35)։
d Ղուկասը գրում է, որ այդ գրքերի արժեքը 50 000 արծաթադրամ էր։ Եթե խոսքը դինարի մասին է, ապա այն ժամանակ այդքան փող վաստակելու համար 50 000 օր կպահանջվեր, այսինքն՝ անհատը պետք է շաբաթը յոթ օր 137 տարի շարունակ աշխատեր։
e Ոմանք կարծում են, թե Պողոսը հենց այս դեպքը նկատի ուներ, երբ կորնթացիներին գրեց. «Գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը» (2 Կորնթ. 1։8)։ Բայց հնարավոր է, որ առաքյալը խոսում էր մեկ այլ՝ ավելի վտանգավոր դեպքի մասին։ Պողոսը կորնթացիներին գրեց նաև, որ Եփեսոսում կռվել է «գազանների» դեմ։ Գուցե նրան իրոք գցել էին արենա՝ կենդանիների առաջ, կամ էլ հնարավոր է՝ նա նկատի ուներ հակառակորդների հալածանքը (1 Կորնթ. 15։32)։ Փաստորեն, այս համարը կարող է ունենալ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստ։
f Արհեստավորների այդպիսի միությունները՝ համքարությունները, սովորաբար մեծ ազդեցություն ունեին։ Նկարագրված դեպքերից մոտ մեկ դար անց Եփեսոսում նման անկարգություններ կազմակերպեց հացթուխների միությունը։