Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»

Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»

Պողոսը հաղթահարում է թշնամանքն ու անտարբերությունը

Գործեր 13։1-52

1-2. Բառնաբասի և Սողոսի նշանակումը ինչո՞վ էր յուրահատուկ, և նրանց ծառայությունը ինչպե՞ս էր նպաստելու Գործեր 1։8-ի կատարմանը։

 ԱՆՏԻՈՔԻ ժողովը ցնծության մեջ է։ Սուրբ ոգին այնտեղի մարգարեներից և ուսուցիչներից Բառնաբասին ու Սողոսին է ընտրել, որ բարի լուրը քարոզեն հեռավոր վայրերում a (Գործ. 13։1, 2)։ Ճիշտ է, մինչ այս էլ են միսիոներներ ուղարկվել, սակայն նրանք շրջել են այնպիսի տարածքներում, որտեղ քրիստոնյաներ արդեն եղել են (Գործ. 8։14; 11։22)։ Բայց այս անգամ Բառնաբասն ու Սողոսը գնալու են այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ հիմնականում չեն լսել բարի լուրը։ Նրանց ուղեկցելու է Հովհաննես Մարկոսը՝ որպես սպասավոր։

2 Մոտ 14 տարի առաջ Հիսուսն իր հետևորդներին ասել էր. «Դուք.... իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Անկասկած, Բառնաբասի և Սողոսի միսիոներական նշանակումը մեծապես կնպաստեր Հիսուսի այս մարգարեական խոսքերի կատարմանը։ b

Առանձնացված՝ «գործի համար» (Գործեր 13։1-12)

 3. Առաջին դարում ինչո՞ւ էր դժվար ճանապարհորդել։

3 Ավտոմեքենաների, ինքնաթիռների և տրանսպորտային այլ միջոցների այս դարում այնքան էլ դժվար չէ ճանապարհորդել։ Ընդամենը մեկ-երկու ժամում մարդիկ կարող են հսկայական տարածություններ անցնել։ Սակայն պարագան նույնը չէր առաջին դարում։ Այն օրերում մարդիկ գլխավորաբար ճանապարհորդում էին ոտքով, հաճախ՝ անհարթ տեղանքներով։ Օրվա ընթացքում նրանք անցնում էին ընդամենը 30 կմ (20 մղոն), ինչն ուղղակի ուժասպառ էր անում։ c Ուստի թեև Բառնաբասն ու Սողոսը ուրախությամբ ընդունեցին իրենց նշանակումը, նրանք անկասկած գիտակցում էին, որ մեծ դժվարություններ ու զրկանքներ են կրելու (Մատթ. 16։24

 4. ա) Բառնաբասն ու Սողոսն ինչպե՞ս նշանակում ստացան, և ինչպե՞ս արձագանքեցին մյուս քրիստոնյաները։ բ) Ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց, ովքեր աստվածապետական նշանակումներ են ստանում։

4 Իսկ այդ «գործի համար» ինչո՞ւ հենց Բառնաբասն ու Սողոսն ընտրվեցին (Գործ. 13։2)։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին, սակայն ցույց է տալիս, որ նրանք սուրբ ոգով նշանակվեցին։ Սուրբ Գրքում նաև չի ասվում, որ Անտիոքի մարգարեները և ուսուցիչները վիճարկեցին այդ որոշումը։ Ընդհակառակը, նրանք ամբողջ սրտով աջակցեցին նոր միսիոներներին։ Պատկերացնո՞ւմ ես, թե Բառնաբասն ու Սողոսը որքան ուրախացան, երբ նրանց հոգևոր եղբայրները, նախանձի նշույլ անգամ չցուցաբերելով, «ծոմ պահեցին, աղոթեցին, իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործ. 13։3)։ Մենք նույնպես պետք է ի սրտե աջակցենք այն անհատներին, ովքեր նշանակումներ են ստանում, այդ թվում՝ ժողովի վերակացուներին։ Նախանձելու փոխարեն պետք է «սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տանք իրենց կատարած աշխատանքի համար» (1 Թեսաղ. 5։13

 5. Սողոսն ու Բառնաբասը ինչպե՞ս քարոզեցին բարի լուրը Կիպրոսում։

5 Բառնաբասն ու Սողոսը գնացին Սելևկիա՝ Անտիոքից ոչ հեռու գտնվող մի նավահանգիստ։ Այնտեղից նրանք նավով ուղևորվեցին դեպի Կիպրոս, որը գտնվում էր 200 կմ (120 մղոն) հեռավորության վրա։ d Քանի որ Բառնաբասը ծագումով Կիպրոսից էր, անկասկած, անհամբերությամբ սպասում էր, թե երբ է բարի լուրը հայտնելու իր հայրենի կղզու բնակիչներին։ Երբ նրանք հասան Կիպրոսի արևելյան ափին գտնվող Սալամիս քաղաքը, առանց ժամանակ կորցնելու «սկսեցին Աստծու խոսքը քարոզել հրեաների ժողովարաններում» e (Գործ. 13։5)։ Բառնաբասն ու Սողոսը բարի լուրը հռչակեցին ամբողջ Կիպրոսում՝ հավանաբար քարոզելով գլխավոր քաղաքներում։ Կախված իրենց ընտրած ճանապարհից՝ միսիոներները, հնարավոր է, ոտքով անցան շուրջ 160 կմ (100 մղոն)։

6-7. ա) Ո՞վ էր Սերգիոս Պողոսը, և Բարեհեսուն ինչո՞ւ չէր ցանկանում, որ նա լսի բարի լուրը։ բ) Սողոսն ինչպե՞ս կանգնեցրեց Բարեհեսուին։

6 Կիպրոսի բնակիչները կեղծ հավատալիքների կապանքներում էին։ Սա հատկապես ակնհայտ դարձավ, երբ Բառնաբասն ու Սողոսը հասան Պափոս, որը գտնվում էր կղզու արևմտյան ափին։ Այնտեղ նրանք «հանդիպեցին մի մարդու, որը կախարդ էր, հրեա սուտ մարգարե, որի անունը Բարեհեսու էր։ Նա պրոկոնսուլ Սերգիոս Պողոսի՝ մի խելացի մարդու հետ էր»։ f Առաջին դարում ազդեցիկ հռոմեացիներից շատերը, անգամ Սերգիոս Պողոսի նման խելացի մարդիկ, կարևոր որոշումներ կայացնելիս հաճախ խորհրդակցում էին կախարդների և աստղագուշակների հետ։ Սակայն Թագավորության լուրը Սերգիոս Պողոսին շատ հետաքրքրեց։ Նա «սրտանց ցանկանում էր լսել Աստծու խոսքը»։ Սա, իհարկե, դուր չեկավ Բարեհեսուին, որին իր մասնագիտության պատճառով անվանում էին նաև Ելիմաս, թարգմանաբար՝ «կախարդ» (Գործ. 13։6-8

7 Բարեհեսուն սկսեց հակառակվել Թագավորության լուրին։ Չցանկանալով կորցնել Սերգիոս Պողոսի խորհրդատուն լինելու իր ազդեցիկ պաշտոնը՝ նա «փորձեց պրոկոնսուլին հեռացնել հավատից» (Գործ. 13։8)։ Սակայն Սողոսը չէր պատրաստվում թույլ տալ այդ կախարդին ազդել Սերգիոս Պողոսի վրա։ Ի՞նչ արեց առաքյալը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Սողոսը, որը և Պողոսն էր, սուրբ ոգով լցվելով, նայեց [Բարեհեսուին] ու ասաց. «Ո՛վ ամեն տեսակ խաբեությամբ և ամեն տեսակ չարագործությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի, ամեն արդարության թշնամի։ Մի՞թե չես դադարելու Եհովայի ուղիղ ճանապարհները ծռելուց։ Բայց ահա Եհովայի ձեռքը քեզ վրա է, և դու կույր կլինես ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»։ Այդ պահին մի թանձր մշուշ ու խավար իջավ [Բարեհեսուի] վրա, և նա խարխափելով մարդ էր փնտրում, որպեսզի իր ձեռքից բռնելով՝ առաջնորդի իրեն»։ g Ի՞նչ արդյունք բերեց այս հրաշքը։ «Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր Եհովայի ուսմունքով» (Գործ. 13։9-12

Հալածանքի ժամանակ մենք Պողոսի նման համարձակորեն պաշտպանում ենք ճշմարտությունը

 8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսի համարձակությունը։

8 Ինչպես որ Պողոսը չվախեցավ Բարեհեսուից, այնպես էլ մենք չենք վախենում այն հակառակորդներից, ովքեր ցանկանում են թուլացնել ճշմարտությունն ընդունողների հավատը։ Իհարկե, մեր խոսքը միշտ պետք է «վայելուչ լինի, աղով համեմված» (Կող. 4։6)։ Այնուամենայնիվ, մենք մեր ձեռքից եկածն ենք անում, որ օգնենք հետաքրքրվողներին սովորել Եհովայի մասին, որքան էլ դա հակառակորդներին դուր չգա։ Նաև մենք չենք վախենում կեղծ կրոնը քողազերծելուց, քանի որ այն շարունակում է ծռել «Եհովայի ուղիղ ճանապարհները», ինչպես Բարեհեսուն էր անում (Գործ. 13։10)։ Թող որ Պողոսի նման համարձակորեն հռչակենք ճշմարտությունը և փնտրենք ազնվասիրտ մարդկանց։ Ու թեև Աստծու օգնությունը մեր դեպքում գուցե այնքան ակնհայտ չլինի, որքան Պողոսի դեպքում, սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով անպայման կուղղի արժանիներին դեպի ճշմարտությունը (Հովհ. 6։44

«Քաջալերանքի.... խոսք» (Գործեր 13։13-43)

 9. Պողոսն ու Բառնաբասը ի՞նչ օրինակ են թողել առաջնորդություն վերցնող եղբայրների համար։

9 Երբ միսիոներներն ու նրանց ուղեկիցները Պափոսից նավով ուղևորվեցին 250 կմ (150 մղոն) հեռավորության վրա գտնվող Պերգե քաղաք (Փոքր Ասիա), մի փոփոխություն տեղի ունեցավ։ Գործեր 13։13-ում գործածված է «Պողոսն ու նրա ուղեկիցները» արտահայտությունը, ինչից կարող ենք եզրակացնել, որ այժմ Պողոսն էր գլխավորում նրանց խումբը, ոչ թե Բառնաբասը։ Սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, որ Բառնաբասը նախանձեց Պողոսին։ Ընդհակառակը, այդ երկու քրիստոնյաները շարունակեցին միասին կատարել Եհովայի կամքը։ Պողոսն ու Բառնաբասը լավ օրինակ են այն եղբայրների համար, ովքեր այսօր առաջնորդություն են վերցնում ժողովում։ Քրիստոնյաները մրցակիցներ չեն։ Նրանք միշտ հիշում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Դուք բոլորդ եղբայրներ եք.... ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23։8, 12

10. Ինչպիսի՞ն էր Պերգեից Պիսիդիայի Անտիոք տանող ճանապարհը։

10 Հովհաննես Մարկոսը Պերգեում անհայտ պատճառներով անսպասելիորեն լքեց Պողոսին ու Բառնաբասին և վերադարձավ Երուսաղեմ։ Իսկ վերջիններս շարունակեցին իրենց գործը և ուղևորվեցին Պիսիդիայի Անտիոք՝ Գաղատիա պրովինցիայի քաղաքներից մեկը։ Դա հեշտ չէր, քանի որ այդ քաղաքը 1 100 մ (3 600 ֆուտ) բարձր էր ծովի մակերևույթից։ Վտանգավոր լեռնային ճանապարհները հայտնի էին ավազակային հարձակումներով։ Դա դեռ բավական չէր՝ Պողոսի առողջությունը վատացավ։ h

11-12. Պիսիդիայի Անտիոքի ժողովարանում Պողոսն ինչպե՞ս փորձեց իր ունկնդիրների մեջ հետաքրքրություն առաջացնել։

11 Պիսիդիայի Անտիոքում Պողոսն ու Բառնաբասը շաբաթ օրը ժողովարան գնացին։ «Այն բանից հետո, երբ ներկաների առջև ընթերցվեցին Օրենքն ու Մարգարեները, ժողովարանի պետերը նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդի համար քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասացե՛ք»» (Գործ. 13։15)։ Պողոսը ոտքի կանգնեց, որ խոսի։

12 Պողոսն իր ելույթը սկսեց դիմելով հավաքվածներին. «Իսրայելացինե՛ր և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց, լսեցե՛ք» (Գործ. 13։16)։ Փաստորեն, Պողոսի ունկնդիրները հրեաներ էին ու պրոզելիտներ։ Ինչպե՞ս նա շարժեց այն մարդկանց հետաքրքրությունը, ովքեր չէին ընդունում Հիսուսի դերը Աստծու նպատակների մեջ։ Նախ Պողոսը համառոտ ներկայացրեց հրեաների պատմությունը։ Նա հիշեցրեց, որ Եհովան «Եգիպտոսի երկրում իրենց պանդխտության ժամանակ բարձրացրեց այդ ժողովրդին» և «քառասուն տարի հանդուրժեց նրանց վարվելակերպը անապատում»։ Նաև Պողոսը պատմեց, թե իսրայելացիներն ինչպես մտան Ավետյաց երկիր, որն Աստված որպես ժառանգություն տվեց նրանց (Գործ. 13։17-19)։ Ենթադրվում է, որ այդ ելույթի ժամանակ Պողոսը հղում կատարեց սուրբգրային այն հատվածներին, որոնք այդ օրն արդեն ընթերցվել էին ժողովարանում։ Եթե այդպես է, ապա դա ևս մի ապացույց է այն բանի, որ Պողոսը գիտեր՝ ինչպես «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ» լինել (1 Կորնթ. 9։22

13. Ինչպե՞ս կարող ենք հասնել ունկնդիրների սրտին։

13 Մենք նույնպես պետք է քարոզելիս ձգտենք շարժել մարդկանց հետաքրքրությունը։ Օրինակ՝ եթե գիտենք, թե ինչ կրոն է դավանում տվյալ անհատը, ապա կարող ենք զրույցը սկսել նրան հուզող թեմայով։ Նաև կարող ենք Աստվածաշնչից այնպիսի համարներ մեջբերել, որոնք ծանոթ են նրան։ Միգուցե տեղին լինի, որ նա ընթերցի ի՛ր Աստվածաշնչից։ Ունկնդիրներիդ սրտին հասնելու տարբեր կերպեր փնտրիր։

14. ա) Պողոսն իր ելույթում ինչպե՞ս հայտնեց Հիսուսի մասին բարի լուրը և ի՞նչ նախազգուշացում տվեց։ բ) Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի ելույթին։

14 Իսրայելի պատմությունը ներկայացնելուց հետո Պողոսը բացատրեց, թե ինչպես է նրանց թագավորների տոհմաբանությունը բերում դեպի «փրկիչ» Հիսուսը, և թե ինչպես էր Հովհաննես Մկրտիչը ճանապարհ պատրաստել նրա համար։ Ապա առաքյալը պատմեց, թե Հիսուսն ինչպես սպանվեց ու հարություն առավ (Գործ. 13։20-37)։ Այս ամենից հետո նա ասաց. «Թող ձեզ հայտնի լինի, եղբայրնե՛ր, որ այս Մեկի միջոցով մեղքերի ներում է ձեզ քարոզվում.... ամեն հավատացողը այս Մեկի միջոցով անմեղ է հայտարարվում»։ Վերջում Պողոսն այսպիսի նախազգուշացում տվեց. «Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա Մարգարեների գրվածքներում ասվածը. «Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, զարմացե՛ք ու չքվեցե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, մի այնպիսի գործ, որին դուք ոչ մի դեպքում չեք հավատա, նույնիսկ եթե մեկը մանրամասնորեն պատմի ձեզ»»։ Պողոսի այս ելույթը զարմանալի արդյունք բերեց։ «Մարդիկ սկսեցին աղաչել նրանց, որ հաջորդ շաբաթ օրն էլ այդ մասին խոսեն իրենց հետ»։ Բացի դրանից՝ «երբ ժողովարանում հավաքվածները ցրվեցին, հրեաներից ու Աստծուն երկրպագող նորահավատներից շատերը Պողոսին ու Բառնաբասին հետևեցին» (Գործ. 13։38-43

«Դեպի ազգերն ենք դառնում» (Գործեր 13։44-52)

15. Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ շաբաթ օրը։

15 Հաջորդ շաբաթ օրը «գրեթե ողջ քաղաքը հավաքվեց» Պողոսին լսելու։ Դա հաճելի չէր որոշ հրեաների։ Ուստի նրանք «սկսեցին հայհոյանքներով հակառակվել Պողոսի ասածներին»։ Այդ ժամանակ միսիոներները համարձակորեն ասացին. «Պետք էր, որ Աստծու խոսքը նախևառաջ ձեզ խոսվեր։ Քանի որ դուք մերժում եք այն և ինքներդ ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք էլ դեպի ազգերն ենք դառնում, որովհետև Եհովան պատվեր տվեց մեզ այսպիսի խոսքերով. «Ես քեզ ազգերի լույս նշանակեցի, որ փրկություն լինես մինչև երկրի ծայրերը»» (Գործ. 13։44-47; Ես. 49։6

«Նրանք հալածանք բարձրացրին Պողոսի ու Բառնաբասի դեմ.... իսկ աշակերտները շարունակում էին լցվել ուրախությամբ և սուրբ ոգով» (Գործեր 13։50-52)

16. Հրեաներն ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի ու Բառնաբասի խոսքերին, և ինչպե՞ս վարվեցին նրանք, երբ հալածանքի բախվեցին։

16 Պողոսի այլազգի ունկնդիրները ուրախությամբ ընդունեցին բարի լուրը, և «բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ դարձան» (Գործ. 13։48)։ Կարճ ժամանակում Եհովայի խոսքը տարածվեց այդ տեղանքով մեկ։ Մինչդեռ հրեաները զայրացած էին։ Ըստ էության, Պողոսն ու Բառնաբասը ասել էին, որ թեպետ Աստծու խոսքը առաջինն էր հայտնի դարձել նրանց, սակայն նրանք պատժվելու էին, քանի որ մերժել էին Մեսիային։ Զարմանալի չէ, որ հրեաները քաղաքի պատվարժան կանանց և ազդեցիկ տղամարդկանց միջոցով «հալածանք բարձրացրին Պողոսի ու Բառնաբասի դեմ ու իրենց սահմաններից դուրս վռնդեցին»։ Ինչպե՞ս արձագանքեցին միսիոներները։ Նրանք «իրենց ոտքերից թափ տվեցին փոշին ու գնացին Իկոնիոն»։ Մի՞թե դրանով քրիստոնեությունը վերջ գտավ Պիսիդիայի Անտիոքում։ Ո՛չ։ Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ այնտեղ մնացած աշակերտները «շարունակում էին լցվել ուրախությամբ և սուրբ ոգով» (Գործ. 13։50-52

17-19. Ո՞ր հարցերում կարող ենք ընդօրինակել Պողոսին ու Բառնաբասին, և դա ինչպե՞ս կավելացնի մեր ուրախությունը։

17 Հալածանքի ժամանակ Պողոսի ու Բառնաբասի արձագանքը արժեքավոր օրինակ է մեզ համար։ Մենք չենք դադարեցնում քարոզչական գործը, նույնիսկ երբ ազդեցիկ մարդիկ են ստիպում դա անել։ Ուշագրավ է նաև, որ երբ Անտիոքի բնակիչները մերժեցին բարի լուրը, միսիոներներն «իրենց ոտքերից թափ տվեցին փոշին», ինչը ոչ թե զայրույթի նշան էր, այլ պատասխանատվությունից ազատ լինելու։ Պողոսն ու Բառնաբասը հասկանում էին, որ չեն կարող վերահսկել ուրիշների արձագանքը։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել, քարոզելն էր։ Ուստի միսիոներները շարունակեցին քարոզել, այս անգամ՝ Իկոնիոնում։

18 Իսկ ի՞նչ ենք սովորում Անտիոքի քրիստոնյաներից։ Ինչ խոսք, նրանք ապրում էին թշնամաբար տրամադրված հասարակության մեջ։ Սակայն այդ աշակերտների ուրախությունը մարդկանց արձագանքից չէր կախված։ Ժամանակին Հիսուսն ասել էր. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկ. 11։28)։ Անտիոքի քրիստոնյաները վճռել էին հենց այդպես վարվել։

19 Ուրեմն թող որ Պողոսի ու Բառնաբասի նման միշտ հիշենք, որ մեր պատասխանատվությունը բարի լուրը մարդկանց քարոզելն է։ Իսկ կընդունեն այն, թե ոչ՝ իրենց գործն է։ Անտարբերության բախվելիս կարող ենք ընդօրինակել առաջին դարի աշակերտներին՝ գնահատելով ճշմարտությունը և թույլ տալով, որ սուրբ ոգին առաջնորդի մեզ։ Արդյունքում մենք նույնպես ուրախ կլինենք անգամ հալածանքի ներքո (Գաղ. 5։18, 22

b Այդ ժամանակ քարոզչական գործն արդեն այնքան էր ընդլայնվել, որ հեռավոր վայրերում նոր ժողովներ էին կազմավորվել, այդ թվում՝ Ասորիքի Անտիոքում, որը գտնվում էր Երուսաղեմից մոտ 550 կմ (350 մղոն) դեպի հյուսիս։

c Տես « Ճանապարհին» շրջանակը։

d Առաջին դարում նավերը համընթաց քամու դեպքում օրվա մեջ անցնում էին մոտ 160 կմ (100 մղոն)։ Իսկ անբարենպաստ եղանակի դեպքում ճանապարհորդությունը կարող էր ավելի երկար տևել։

e Տես « Հրեաների ժողովարանները» շրջանակը։

f Քանի որ Կիպրոսը Հռոմի սենատի ենթակայության տակ էր, այնտեղ կար պրովինցիայի կառավարիչ, որը պրոկոնսուլի պաշտոն ուներ։

g Այս միջադեպից հետո Սողոսն Աստվածաշնչում հիշատակվում է Պողոս անվամբ։ Ոմանք կարծում են, թե նա այդ հռոմեական անունն ընդունեց ի պատիվ Սերգիոս Պողոսի։ Սակայն առաքյալը Կիպրոսից հեռանալուց հետո էլ շարունակեց կրել այդ անունը, ինչը ցույց է տալիս, որ նա Սերգիոս Պողոսի պատվին չէր կրում այն։ Պողոսը որոշեց այդուհետ ներկայանալ իր հռոմեական անվամբ, քանի որ ուղարկվել էր՝ «ազգերի համար» առաքյալ լինելու։ Բացի այդ՝ եբրայերեն «Սողոս» անունը հունարենում վատ իմաստ ունեցող մի բառ է հիշեցնում։ Թերևս դա նույնպես պատճառ եղավ, որ առաքյալը նախընտրի «Պողոս» անունը (Հռոմ. 11։13

h Մի քանի տարի անց Պողոսը գաղատացիներին ուղղված իր նամակում գրեց. «Իմ հիվանդությունը առիթ եղավ, որ առաջին անգամ քարոզեմ ձեզ բարի լուրը» (Գաղ. 4։13