Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

Նրանք «համարձակությամբ խոսում էին Եհովայի իշխանությամբ»

Նրանք «համարձակությամբ խոսում էին Եհովայի իշխանությամբ»

Պողոսն ու Բառնաբասը խոնարհություն, դիմացկունություն և համարձակություն են դրսևորում

Գործեր 14։1-28

1-2. Ինչպե՞ս են զարգանում դեպքերը, երբ Պողոսն ու Բառնաբասը գնում են Լյուստրա։

 ԼՅՈՒՍՏՐԱՅՈՒՄ իրարանցում է։ Ի ծնե հաշմանդամ մի մարդ, որը երբեք չի քայլել, ուրախ ցատկոտում է. երկու անծանոթ բուժել են նրան։ Մարդիկ ապշած են։ Նրանք կարծում են, թե իրենց առջև աստվածներ են կանգնած։ Զևսի քրմերից մեկը ծաղկեպսակներ է բերում այդ «աստվածներին»։ Նա ցանկանում է զոհեր մատուցել։ Արդեն լսվում է զոհաբերության համար պատրաստ ցլերի բառաչն ու փնչոցը։ Սակայն, չգիտես ինչու, այդ «աստվածները» չեն թողնում, որ իրենց մեծարեն։ Նրանք պատառոտում են իրենց հագուստը և բարձրաձայն աղաչում, որ չերկրպագեն իրենց։ Նրանց մի կերպ հաջողվում է կանգնեցնել ամբոխին։ Ովքե՞ր են այդ օտարականները։ Պողոսն ու Բառնաբասը։

2 Այնուհետև Պիսիդիայի Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ են գալիս, որոնք թունավորում են Լյուստրայի բնակիչների միտքը։ Այն ամբոխը, որը պատրաստ էր երկրպագելու Պողոսին, այժմ զայրույթով քարեր է նետում նրա վրա։ Նրանք այնքան են քարկոծում առաքյալին, մինչև վերջինս ուշագնաց է լինում։ Կարծելով, թե Պողոսը մեռած է՝ լյուստրացիները նրա մարմինը քարշ են տալիս քաղաքի դարպասներից դուրս ու գցում այնտեղ։

 3. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս գլխում։

3 Ինչո՞ւ դեպքերն այսպիսի զարգացում ունեցան։ Բարի լուրի քարոզիչներն ի՞նչ են սովորում Պողոսի, Բառնաբասի և Լյուստրայի փոփոխական բնակիչների մասին այս պատմությունից։ Ինչպե՞ս կարող են երեցներն ընդօրինակել Պողոսին ու Բառնաբասին, ովքեր հավատարմորեն շարունակեցին իրենց ծառայությունը՝ «համարձակությամբ խոսելով Եհովայի իշխանությամբ» (Գործ. 14։3

«Մի մեծ բազմություն հավատացյալ դարձավ» (Գործեր 14։1-7)

4-5. Պողոսն ու Բառնաբասն ինչո՞ւ գնացին Իկոնիոն, և ի՞նչ տեղի ունեցավ այնտեղ։

4 Վերոհիշյալ դեպքերից կարճ ժամանակ առաջ հրեա հակառակորդները հալածանք հրահրեցին Պողոսի ու Բառնաբասի դեմ և վռնդեցին Պիսիդիայի Անտիոքից։ Այդ քաղաքի անզգամ բնակիչների վերաբերմունքից վհատվելու փոխարեն միսիոներներն «իրենց ոտքերից թափ տվեցին փոշին» և հանգիստ հեռացան (Գործ. 13։50-52; Մատթ. 10։14)։ Նրանք գիտեին, որ Աստված հատուցելու է հակառակորդներին իրենց արարքների համար (Գործ. 18։5, 6; 20։26)։ Ուստի Պողոսն ու Բառնաբասը ուրախությամբ շարունակեցին իրենց շրջագայությունը։ Նրանք շարժվեցին դեպի հարավ-արևելք և անցնելով մոտ 150 կմ (100 մղոն)՝ հասան Տավրոս և Սուլթան լեռնաշղթաների միջև ընկած մի մեծ ու բերրի դաշտավայր։

5 Սկզբում միսիոներները կանգ առան Իկոնիոնում, որը հունական մշակույթի կենտրոն էր և Գաղատիա պրովինցիայի գլխավոր քաղաքներից մեկն էր։ a Այնտեղ ազդեցիկ հրեական համայնք կար։ Մեծ թիվ էին կազմում նաև այլազգի պրոզելիտները։ Պողոսն ու Բառնաբասը, իրենց սովորության համաձայն, մտան ժողովարան ու սկսեցին քարոզել (Գործ. 13։5, 14)։ Նրանք «այնպես խոսեցին, որ թե՛ հրեաների և թե՛ հույների մի մեծ բազմություն հավատացյալ դարձավ» (Գործ. 14։1

 6. Ո՞րն էր Պողոսի ու Բառնաբասի հաջողության գաղտնիքը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։

6 Ո՞րն էր Պողոսի ու Բառնաբասի հաջողության գաղտնիքը։ Պողոսը աստվածաշնչյան գիտելիքների իսկական շտեմարան էր։ Նա լավ գիտեր աստվածաշնչյան պատմությունները, մարգարեություններն ու Մովսիսական օրենքը և դրանց օգնությամբ հմտորեն ապացուցում էր, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան (Գործ. 13։15-31; 26։22, 23)։ Իսկ Բառնաբասը անչափ հոգատար էր (Գործ. 4։36, 37; 9։27; 11։23, 24)։ Այդ երկու եղբայրներն էլ չէին վստահում սեփական հասկացողությանը։ Նրանք քարոզում էին «Եհովայի իշխանությամբ»։ Ծառայության մեջ ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Պողոսին ու Բառնաբասին։ Ահա մի քանի առաջարկ։ Յուրացրու Աստծու Խոսքը։ Ընտրիր սուրբգրային համարներ, որոնք կհետաքրքրեն ունկնդիրներիդ։ Խորհիր, թե ինչ գործնական կերպերով կարող ես մխիթարել ծառայության ժամանակ հանդիպած մարդկանց։ Քարոզելիս երբեք մի՛ վստահիր սեփական հասկացողությանդ, այլ ասելիքդ միշտ հիմնիր Աստծու Խոսքի վրա։

 7. ա) Ի՞նչ արդյունք է բերում բարի լուրը։ բ) Ինչի՞ մասին պետք է հիշես, եթե հավատիդ պատճառով ընտանիքումդ բաժանում է մտել։

7 Սակայն Իկոնիոնի բոլոր բնակիչները չէ, որ ուրախ էին Պողոսի ու Բառնաբասի հայտնած լուրի համար։ Ղուկասը գրում է. «Այն հրեաները, որ չհավատացին, այլազգի մարդկանց հոգիները գրգռեցին և եղբայրների դեմ տրամադրեցին»։ Միսիոներները տեսան, որ անհրաժեշտ է պաշտպանել բարի լուրը, և «բավականին ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակությամբ խոսելով»։ Արդյունքում «քաղաքում եղող մարդկանց բազմությունը բաժանվեց. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք էլ առաքյալների» (Գործ. 14։2-4)։ Մեր օրերում բարի լուրի քարոզչությունը համանման արդյունք է բերում։ Ոմանց այն միավորում է, ոմանց էլ բաժանում (Մատթ. 10։34-36)։ Հնարավոր է՝ քո ընտանիքում էլ բաժանում լինի այն պատճառով, որ ընդունել ես ճշմարտությունը։ Եթե այդպես է, հիշիր, որ մեր մասին տարածվող բամբասանքն ու ստերն են հաճախ թունավորում մարդկանց միտքը և դրդում հակառակվելու բարի լուրին։ Բայց դրա «հակաթույնն» էլ կա։ Քո լավ վարքը թերևս փափկացնի հակառակվողների սիրտը և վերջիվերջո փոխի նրանց տեսակետը (1 Պետ. 2։12; 3։1, 2

 8. Պողոսն ու Բառնաբասը ինչո՞ւ հեռացան Իկոնիոնից, և դրանից ի՞նչ դաս ենք քաղում։

8 Որոշ ժամանակ անց թշնամիները ծրագրեցին քարկոծել և սպանել Պողոսին ու Բառնաբասին։ Երբ միսիոներներն իմացան այդ մասին, վճռեցին հեռանալ Իկոնիոնից։ Նրանք ծառայությունը շարունակեցին մեկ այլ վայրում (Գործ. 14։5-7)։ Մեր օրերում Թագավորության քարոզիչները նույնպես իմաստնորեն են վարվում։ Երբ հակառակորդները փորձում են լռեցնել մեզ, շարունակում ենք համարձակորեն պաշտպանել բարի լուրը (Փիլիպ. 1։7; 1 Պետ. 3։13-15)։ Իսկ երբ բռնության են դիմում, մենք անտեղի հերոսություն չենք անում և վտանգի չենք ենթարկում մեր կամ հավատակիցների կյանքը (Առակ. 22։3

«Դարձեք դեպի կենդանի Աստվածը» (Գործեր 14։8-19)

9-10. Որտե՞ղ էր գտնվում Լյուստրա քաղաքը, և ի՞նչ գիտենք դրա բնակիչների մասին։

9 Պողոսն ու Բառնաբասը գնացին Լյուստրա՝ հռոմեական մի գաղութ, որը գտնվում էր Իկոնիոնից գրեթե 30 կմ (20 մղոն) դեպի հարավ-արևմուտք։ Լյուստրան սերտ կապեր ուներ Պիսիդիայի Անտիոքի հետ, սակայն այնտեղ հրեական մեծ համայնք չկար։ Նրանց մայրենի լեզուն լիկաոներենն էր, թեպետ քաղաքի բնակիչները հավանաբար խոսում էին նաև հունարեն։ Քանի որ Լյուստրան, ըստ ամենայնի, ժողովարան չուներ, միսիոներները սկսեցին քարոզել հասարակական վայրում։ Այնտեղ Պողոսը բուժեց ի ծնե հաշմանդամ մարդուն, ինչպես ժամանակին Պետրոսն էր արել Երուսաղեմում (Գործ. 14։8-10)։ Բայց եթե Պետրոսի հրաշքը մեծ թվով մարդկանց մղեց ընդունելու ճշմարտությունը, Պողոսի հրաշքը բոլորովին անսպասելի արդյունք բերեց (Գործ. 3։1-10

10 Ինչպես նկարագրված է այս գլխի սկզբում, երբ հաշմանդամը սկսեց քայլել, լյուստրացիները, որ հեթանոսներ էին, անմիջապես սխալ եզրակացության եկան։ Նրանք մտածեցին, որ Բառնաբասը գլխավոր աստված Զևսն է, իսկ Պողոսը Հերմեսն է՝ Զևսի որդին ու աստվածների խոսնակը (տես « Զևսի ու Հերմեսի պաշտամունքը Լյուստրայում» շրջանակը)։ Սակայն միսիոներները հասկացրին այդ ամբոխին, որ խոսում ու գործում են ոչ թե նրանց հեթանոսական աստվածների իշխանությամբ, այլ Եհովայի՝ միակ ճշմարիտ Աստծու (Գործ. 14։11-14

«Ունայն բաներից դարձեք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքը, երկիրը» (Գործեր 14։15)

11-13. ա) Պողոսն ու Բառնաբասը ի՞նչ ասացին Լյուստրայի բնակիչներին։ բ) Ո՞րն է առաջին դասը, որ քաղում ենք նրանց խոսքերից։

11 Չնայած մարդկանց արձագանքին՝ Պողոսն ու Բառնաբասը ուզում էին նրանց սրտին հասնել։ Ղուկասի արձանագրությունից տեսնում ենք, թե ինչպես կարելի է արդյունավետորեն քարոզել ոչ քրիստոնյաներին։ Ուշադրություն դարձրու, թե Պողոսն ու Բառնաբասը ինչպես տրամաբանեցին ունկնդիրների հետ. «Ինչո՞ւ եք անում այս բաները։ Մենք էլ մարդիկ ենք և նույն թուլություններն ունենք, որոնք դուք ունեք, և բարի լուրն ենք ձեզ հռչակում, որպեսզի այս ունայն բաներից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և նրանցում եղող բոլոր բաները։ Անցած ժամանակներում նա թույլ տվեց, որ բոլոր ազգերն իրենց ճանապարհներով ընթանան, այնուհանդերձ ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործ. 14։15-17

12 Ի՞նչ դասեր ենք քաղում մտածելու տեղիք տվող այս խոսքերից։ Նախ՝ Պողոսն ու Բառնաբասը մյուսներից բարձր չդասեցին իրենց և չներկայացան այնպիսին, ինչպիսին իրականում չէին։ Ընդհակառակը, նրանք խոնարհաբար ընդունեցին, որ իրենց հեթանոս ունկնդիրների նման՝ թերություններով լի մարդիկ են։ Ճիշտ է, Պողոսն ու Բառնաբասը օծվել էին սուրբ ոգով, ազատվել էին կեղծ ուսմունքներից և Քրիստոսի հետ թագավորելու հույս էին ստացել, բայց նրանք գիտակցում էին, որ Քրիստոսին հնազանդվելով՝ Լյուստրայի բնակիչները նույնպես այդ պարգևները կստանան։

13 Իսկ մե՞նք ինչ վերաբերմունք ունենք այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ենք։ Հավասարի պե՞ս ենք խոսում նրանց հետ։ Պողոսի ու Բառնաբասի նման խուսափո՞ւմ ենք մեծարանքից։ Այս հարցում լավ օրինակ է թողել Աստծու Խոսքի հիանալի ուսուցիչ Չարլզ Թեյզ Ռասելը, ով 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում գլխավորել է քարոզչական գործը։ Նա գրել է. «Մենք չենք ցանկանում, որ մեզ կամ մեր գրվածքները մեծարեն կամ ակնածանքի արժանացնեն, նաև չենք ցանկանում, որ մեզ կոչեն Սրբազան կամ Ռաբբի»։ Կարելի է վստահությամբ ասել, որ եղբայր Ռասելն ընդօրինակում էր Պողոսի ու Բառնաբասի խոնարհությունը։ Մենք նույնպես քարոզչական ծառայությանը մասնակցելիս ձգտում ենք ոչ թե փառքի արժանանալ, այլ օգնել մարդկանց ընդունելու «կենդանի Աստծուն»։

14-16. Որո՞նք են երկրորդ և երրորդ դասերը, որ սովորում ենք Պողոսից ու Բառնաբասից։

14 Ո՞րն է երկրորդ դասը, որ կարող ենք սովորել միսիոներների խոսքերից։ Պողոսն ու Բառնաբասը ճկուն էին։ Նրանք հաշվի առան, որ Լյուստրայի բնակիչները, ի տարբերություն Իկոնիոնի հրեաների ու պրոզելիտների, գրեթե ոչինչ չգիտեին Սուրբ Գրքերից և Իսրայելի պատմությունից։ Միսիոներները հաշվի առան նաև այն հանգամանքը, որ լյուստրացիները հիմնականում հողագործներ էին։ Այդ քաղաքը գտնվում էր մի վայրում, որտեղ կլիման մեղմ էր, իսկ հողը՝ բերրի։ Ուստի լյուստրացիները Արարչի հատկությունների մասին վկայող բազմաթիվ փաստեր էին տեսնում, օրինակ՝ վայելում էին «պտղաբեր ժամանակներ»։ Լյուստրայի բնակիչների հետ ընդհանուր եզրեր գտնելու համար Պողոսն ու Բառնաբասը հենց այս հանգամանքն օգտագործեցին (Հռոմ. 1։19, 20

15 Կարո՞ղ ենք մենք էլ նրանց պես ճկուն լինել։ Ենթադրենք՝ հողագործը պետք է սերմ ցանի մի քանի դաշտերում։ Թեպետ սերմը նույնն է, սակայն հողը տարբեր է։ Որոշ դեպքերում այն փափուկ է և ցանքի համար պատրաստ։ Որոշ դեպքերում էլ հողը հարկավոր է երկար փխրեցնել։ Ուստի հողագործը պետք է հողի մշակման տարբեր մեթոդներ կիրառի։ Նմանապես, մեր ցանած «սերմը»՝ Թագավորության լուրը, միշտ նույնն է։ Մարդիկ են տարբեր։ Ուստի եթե Պողոսի ու Բառնաբասի նման լինենք, հաշվի կառնենք մեր ունկնդիրների հանգամանքներն ու հավատալիքները և Թագավորության լուրը կմատուցենք համապատասխան ձևով (Ղուկ. 8։11, 15

16 Իսկ ո՞րն է երրորդ դասը, որ քաղում ենք այս պատմությունից։ Չնայած մեր ջանքերին՝ երբեմն մեր ցանած սերմը հափշտակվում է կամ ընկնում քարքարոտ հողի մեջ (Մատթ. 13։18-21)։ Եթե նման բանի բախվես, մի՛ վհատվիր։ Ինչպես հետագայում գրեց Պողոսը, «մեզանից յուրաքանչյուրը [այդ թվում՝ բոլոր նրանք, ում օգնում ենք ուսումնասիրելու Աստծու Խոսքը] իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12

«Նրանց հանձնեցին Եհովային» (Գործեր 14։20-28)

17. Դերբեից հեռանալուց հետո Պողոսն ու Բառնաբասն ո՞ւր գնացին և ինչո՞ւ։

17 Պողոսին քարկոծելուց և քաղաքից դուրս տանելուց հետո լյուստրացիները կարծեցին, թե նա մեռած է։ Բայց առաքյալը ողջ էր։ Երբ աշակերտները հավաքվեցին Պողոսի շուրջ, նա վեր կացավ, գնաց քաղաք ու այնտեղ գիշերեց։ Իսկ հաջորդ օրը նա Բառնաբասի հետ ճանապարհ ընկավ դեպի Դերբե, որը գտնվում էր 100 կմ (60 մղոն) հեռավորության վրա։ Պատկերացրու, թե ինչ դժվարությամբ էր քայլում Պողոսը, որին հաշված ժամեր առաջ քարերով ծանր հարվածներ էին հասցրել։ Այնուամենայնիվ, միսիոներներին հաջողվեց հասնել Դերբե։ Այնտեղ նրանք «շատերին աշակերտ դարձրին»։ Այնուհետև կարճ ճանապարհով Ասորիքի Անտիոք վերադառնալու փոխարեն Պողոսն ու Բառնաբասը նորից գնացին «Լյուստրա, Իկոնիոն և [Պիսիդիայի] Անտիոք»։ Այդպիսով «նրանք զորացրին աշակերտների հոգիները, քաջալերեցին նրանց, որ հավատի մեջ մնան» (Գործ. 14։20-22)։ Ի՜նչ հիանալի օրինակ են նրանք մեզ համար։ Պողոսն ու Բառնաբասը մտածում էին ոչ թե իրենց մասին, այլ ժողովի։ Այսօր նրանց օրինակին են հետևում շրջանային վերակացուներն ու միսիոներները։

18. Ի՞նչն է վճռորոշ եղբորը երեց նշանակելու մեջ։

18 Աշակերտներին խոսքով և սեփական օրինակով զորացնելուց բացի՝ Պողոսն ու Բառնաբասը «յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին»։ Թեև միսիոներները սուրբ ոգով էին ընտրվել այդ ծառայությունը կատարելու համար, այնուամենայնիվ նրանք միայն աղոթք անելուց ու ծոմ պահելուց հետո երեցներին «հանձնեցին Եհովային» (Գործ. 13։1-4; 14։23)։ Աստծու ժամանակակից ծառաները հետևում են այդ օրինակին։ Եթե երեցների խուրհուրդը մտադիր է որևէ եղբոր երաշխավորել երեցի նշանակման համար, ապա նախևառաջ աղոթում է Աստծուն, ապա Աստվածաշնչի օգնությամբ համոզվում է, որ տվյալ եղբայրը համապատասխանում է այդ նշանակման համար ներկայացված սուրբգրային պահանջներին (1 Տիմոթ. 3։1-10, 12, 13; Տիտոս 1։5-9; Հակ. 3։17, 18; 1 Պետ. 5։2, 3)։ Գլխավորն այն չէ, թե քանի տարի է եղբայրը ճշմարտության մեջ։ Նրա խոսելաձևից, վարքից ու համբավից պետք է երևա, որ նա թույլ է տալիս՝ սուրբ ոգին առաջնորդի իրեն։ Եղբոր նշանակման մեջ վճռորոշ է այն հանգամանքը, թե արդյոք նա համապատասխանում է Աստծու հոտը հովվելու պահանջներին (Գաղ. 5։22, 23)։ Նման նշանակումներ անելու պատասխանատվությունը տրված է շրջանային վերակացուներին (համեմատիր 1 Տիմոթեոս 5։22

19. Ո՞ւմ առաջ են երեցները հաշվետու, և ինչպե՞ս են նրանք ընդօրինակում Պողոսին ու Բառնաբասին։

19 Երեցները գիտեն, որ Աստծու առաջ հաշվետու են այն բանի համար, թե ինչպես են վերաբերվում ժողովին (Եբր. 13։17)։ Պողոսի ու Բառնաբասի նման՝ նրանք առաջնորդություն են վերցնում քարոզչական ծառայության մեջ։ Երեցները խոսքով զորացնում են հավատակիցներին։ Նաև պատրաստակամորեն ժողովի շահերը սեփական շահերից բարձր են դասում (Փիլիպ. 2։3, 4

20. Ինչո՞ւ է օգտակար ընթերցել մեր եղբայրների ու քույրերի ծառայության մասին։

20 Երբ Պողոսն ու Բառնաբասը վերջապես վերադարձան Ասորիքի Անտիոք, այնտեղի եղբայրներին «պատմեցին այն բոլոր բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով և որ ազգերի համար բաց էր արել դեպի հավատ տանող դուռը» (Գործ. 14։27)։ Նմանապես այսօր, ընթերցելով մեր հավատարիմ եղբայրների ու քույրերի ծառայության մասին, տեսնում ենք, թե Աստված ինչպես է օրհնում նրանց ջանքերը։ Այդպիսով քաջալերվում ենք և շարունակում «համարձակությամբ խոսել Եհովայի իշխանությամբ»։