ԳԼՈՒԽ 27
Նա «հիմնովին վկայություն տվեց»
Պողոսը շարունակում է քարոզել Հռոմում նույնիսկ կալանքի տակ
1. Ո՞ւմ էին ապավինում Պողոսն ու նրա ուղեկիցները և ինչո՞ւ։
Մ.Թ. ՄՈՏ 59 թվականն է։ «Զևսի որդիներ» նշանը կրող հսկայական նավը, որ հավանաբար հացահատիկ է տեղափոխում, դուրս է եկել Մալթա կղզուց և ուղևորվում է դեպի Իտալիա։ Այն տանում է կալանքի տակ գտնվող Պողոս առաքյալին՝ զինվորների ուղեկցությամբ, ինչպես նաև Ղուկասին ու Արիստարքոսին (Գործ. 27։2)։ Ի տարբերություն նավի անձնակազմի՝ այդ քարոզիչները չեն ապավինում հունական Զևս աստծու երկվորյակ որդիների՝ Կաստորի և Պոլլուքսի պաշտպանությանը (Գործ. 28։11)։ Պողոսն ու նրա ուղեկիցները ապավինում են Եհովային։ Նա վստահեցրել էր, որ առաքյալը ճշմարտության մասին վկայություն է տալու Հռոմում և կանգնելու է կայսրի առաջ (Գործ. 23։11; 27։24)։
2-3. Պողոսն ի՞նչ ճանապարհով հասավ Հռոմ, և սկզբից ևեթ ո՞վ էր աջակցում նրան։
2 Որոշ ժամանակ անց ուղևորները հասնում են Սիրակուզա։ Սիցիլիա կղզում գտնվող այդ գեղեցիկ քաղաքը իր կարևորությամբ չի զիջում Աթենքին և Հռոմին։ Երեք օր հետո նավը մեկնում է Հռեգիոն, որ գտնվում է իտալական թերակղզու «քթին»։ Ապա հարավային քամու շնորհիվ նավն անցնում է 320 կմ (200 մղոն) և ժամանակից շուտ՝ երկրորդ օրը, հասնում Պատիողոս նավահանգիստ՝ ներկայիս Նեապոլի մոտ (Գործ. 28։12, 13)։
3 Պողոսի ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին։ Շուտով նա կհասնի Հռոմ ու կներկայանա Ներոն կայսրին։ Ուղևորության ամբողջ ընթացքում «ամենայն մխիթարության Աստվածը» առաքյալի հետ է եղել (2 Կորնթ. 1։3)։ Ինչպես կտեսնենք, նա դեռ կշարունակի աջակցել իր հավատարիմ ծառային, իսկ Պողոսը երբեք չի կորցնի իր եռանդը ծառայության մեջ։
«Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն» (Գործեր 28։14, 15)
4-5. ա) Պողոսն ու նրա ուղեկիցներն ինչպիսի՞ ընդունելության արժանացան Պատիողոսում, և հավանաբար ինչո՞ւ էր առաքյալը ազատություն վայելում։ բ) Քրիստոնեավայել վարքը ի՞նչ օգուտ կարող է բերել նույնիսկ բանտում։
4 Պատիողոսում առաքյալն ու նրա ուղեկիցները հանդիպեցին եղբայրների, որոնք աղաչեցին «յոթ օր իրենց մոտ մնալ» (Գործ. 28։14)։ Հյուրասիրության ի՜նչ հիանալի օրինակ թողեցին այդ քրիստոնյաները։ Անկասկած, նրանք մեծապես վարձատրվեցին դրա դիմաց. այդ եղբայրներն ու քույրերը հոգևոր լիցք և քաջալերանք ստացան Պողոսից ու նրա ուղեկիցներից։ Իսկ ինչպե՞ս կարող էր բանտարկված առաքյալը ազատորեն գնալ, ուր ուզում էր։ Հավանաբար նա շահել էր հռոմեացի հսկիչների լիակատար վստահությունը։
5 Եհովայի ժամանակակից ծառաները նույնպես բանտերում և համակենտրոնացման ճամբարներում հատուկ արտոնություններ են ստացել իրենց քրիստոնեավայել վարքի շնորհիվ։ Օրինակ՝ Ռումինիայում մի տղամարդ, ով կողոպուտի համար ազատազրկվել էր 75 տարով, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և անհավատալի փոփոխություններ կատարեց իր կյանքում։ Արդյունքում բանտի ղեկավարությունը սկսել էր այնքան վստահել նրան, որ հանձնարարում էր առանց որևէ հսկողության գնալ քաղաք և գնումներ անել բանտի համար։ Այո՛, արժանավայել վարքը ծառայում է քրիստոնյաների օգտին և, որ ամենակարևորն է, փառք է բերում Եհովային (1 Պետ. 2։12)։
6-7. Հռոմի եղբայրների դրսևորած սերն ինչո՞վ էր առանձնահատուկ։
6 Պատիողոսից հեռանալուց հետո Պողոսն ու նրա ուղեկիցները ոտքով անցան 50 կմ (30 մղոն) ու հասան Կապուա, որը գտնվում էր Հռոմ տանող Ապիյան ճանապարհին։ Այդ հայտնի ճանապարհը, որը պատված էր հրաբխային ծագում ունեցող հարթ ու քառակուսի քարերով, անցնում էր Իտալիայի գեղատեսիլ վայրերով։ Ապիյան ճանապարհի որոշ մասերից երևում էր Միջերկրական ծովը։ Այդ ուղին անցնում էր նաև Պոնտինե ճահիճների միջով՝ Հռոմից 60 կմ (40 մղոն) հեռավորության վրա, որտեղ գտնվում էր Ապիոսի շուկայի հրապարակը։ Ղուկասը գրում է. «Երբ այնտեղից եղբայրները լսեցին մեր մասին լուրը, մեզ դիմավորելու եկան»։ Ոմանք եկան մինչև շուկա, ոմանք էլ սպասեցին Երեք իջևանների մոտ՝ Հռոմից 50 կմ (30 մղոն) հեռավորության վրա։ Սիրո ինչպիսի՜ դրսևորում (Գործ. 28։15)։
7 Ապիոսի շուկան հանգստանալու տեղ չէր հոգնած ճանապարհորդի համար։ Հռոմեացի բանաստեղծ-երգիծաբան Հորացիոսը գրում է, որ այն «լեփ-լեցուն էր նավաստիներով և մռայլ իջևանատերերով»։ Հորացիոսը նաև նշում է, որ «այնտեղի ջուրը գարշելի էր»։ Ուստի նա հրաժարվել էր անգամ այդ վայրում ճաշելուց։ Չնայած այդ բոլոր տհաճ հանգամանքներին՝ Հռոմի եղբայրներն ուրախությամբ սպասեցին Պողոսին ու նրա ծառայակիցներին, որպեսզի ուղեկցեն նրանց և ապահով տեղ հասցնեն։
8. Եղբայրներին «տեսնելուն պես»՝ Պողոսն ինչո՞ւ շնորհակալություն հայտնեց Աստծուն։
8 Եղբայրներին «տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործ. 28։15)։ Այո՛, ընդամենը տեսնելով իր թանկագին հավատակիցներին, որոնցից մի քանիսին թերևս անձամբ էր ճանաչում՝ առաքյալը մեծ լիցք ստացավ ու մխիթարվեց։ Պողոսն ինչո՞ւ շնորհակալություն հայտնեց Աստծուն։ Նա գիտեր, որ անշահախնդիր սերը ոգու պտղի հատկություններից է (Գաղ. 5։22)։ Այսօր նույնպես սուրբ ոգին մղում է քրիստոնյաներին իրար համար զոհողություններ անելու և միմյանց մխիթարելու (1 Թեսաղ. 5։11, 14)։
9. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին հյուրընկալած հավատակիցներին։
9 Սուրբ ոգին առատաձեռն քրիստոնյաներին մղում է հյուրընկալելու շրջանային վերակացուներին, իրենց բնակավայրն այցելած միսիոներներին կամ այլ լիաժամ ծառայողների, ովքեր մեծ զոհողություններ են անում Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ հյուրասիրություն ցուցաբերել շրջանային վերակացուի և նրա կնոջ հանդեպ (եթե նա ամուսնացած է)։ Կարո՞ղ եմ նրանցից մեկի հետ ծառայել»։ Այդպես վարվելով՝ առատ օրհնություններ կստանաս։ Պատկերացրու, թե որքան քաջալերվեցին հռոմեացի եղբայրները, երբ լսեցին Պողոսի ու նրա ուղեկիցների կերտիչ պատմությունները (Գործ. 15։3, 4)։
«Ամեն տեղ դրա դեմ են խոսում» (Գործեր 28։16-22)
10. Ինչպիսի՞ն էին Պողոսի հանգամանքները Հռոմում, և ի՞նչ արեց առաքյալը տեղ հասնելուց կարճ ժամանակ անց։
10 Հռոմ հասնելուց հետո «Պողոսին թույլ տրվեց առանձին մնալ՝ զինվորի հսկողության տակ» (Գործ. 28։16)։ Որպեսզի տնային կալանքի տակ գտնվողները չփախչեին, այն օրերում նրանց սովորաբար շղթայով կապում էին իրենց հսկող զինվորի հետ։ Սակայն դա չէր կարող լռեցնել Պողոսին՝ Թագավորության քարոզչին։ Ուստի ընդամենը երեք օր հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո Պողոսն իր մոտ հրավիրեց Հռոմում բնակվող ազդեցիկ հրեաներին, որպեսզի ներկայանա նրանց և վկայություն տա։
11-12. Պողոսն ինչպե՞ս փորձեց ընդհանուր եզրեր գտնել տեղի հրեաների հետ։
11 Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին և մեր նախահայրերի սովորույթներին դեմ ոչինչ չէի արել, սակայն Երուսաղեմից ինձ՝ որպես բանտարկյալի, հանձնեցին հռոմեացիների ձեռքը։ Հարցաքննելուց հետո նրանք ուզում էին ինձ ազատ արձակել, քանի որ մահվան արժանի բան չկար ինձանում։ Բայց երբ հրեաները շարունակեցին դրան հակառակ խոսել, ես ստիպված եղա կայսրին բողոքել, սակայն ոչ այն բանի համար, որ ուզում էի ինչ-որ բանում մեղադրել իմ ազգին» (Գործ. 28։17-19)։
12 Իր հրեա ունկնդիրներին «եղբայրներ» անվանելով՝ Պողոսը փորձեց ընդհանուր եզրեր գտնել նրանց հետ և հաղթահարել այն նախապաշարումը, որ նրանք միգուցե ունեին իր հանդեպ (1 Կորնթ. 9։20)։ Առաքյալը նաև բացատրեց, որ Հռոմ է եկել ոչ թե իր հայրենակիցներին մեղադրելու, այլ կայսրին բողոքելու նպատակով։ Սակայն այնտեղի հրեական համայնքը ոչինչ չէր լսել այդ մասին (Գործ. 28։21)։ Ինչո՞ւ հակառակորդները կապ չէին հաստատել Հռոմի հրեաների հետ։ Ահա թե ինչ է ասվում մի աշխատության մեջ. «Ըստ ամենայնի, Պողոսը ձմեռվանից հետո ծով դուրս եկած առաջին նավերից մեկով էր եկել Իտալիա։ Ուստի Երուսաղեմի հրեա իշխանավորները չէին հասցրել մարդ ուղարկել կամ նամակ գրել»։
13-14. Պողոսն ինչպե՞ս անցավ Թագավորության թեմային, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
13 Թագավորության թեմային անցնելու նպատակով Պողոսը մի այնպիսի միտք ասաց, որն, անկասկած, շարժեց հրեաների հետաքրքրությունը. «Հենց այս պատճառով էլ ես աղաչեցի, որ տեսնեմ ու խոսեմ ձեզ հետ, որովհետև Իսրայելի հույսի համար եմ այս շղթայով կապված» (Գործ. 28։20)։ Այդ հույսն, իհարկե, առնչություն ուներ Մեսիայի ու նրա Թագավորության հետ, որոնց մասին քարոզում էին քրիստոնյաները։ Ուստի հրեա երեցները պատասխանեցին. «Մտածում ենք՝ տեղին է, որ քեզանից լսենք, թե դու ինչ կարծիքի ես, որովհետև ինչ վերաբերում է այս աղանդին, մեզ իսկապես հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում» (Գործ. 28։22)։
14 Երբ բարի լուրը քարոզելու հարմար առիթ է ստեղծվում, կարող ենք ընդօրինակել Պողոսին և ասել այնպիսի մտքեր կամ տալ այնպիսի հարցեր, որոնք կմղեն ունկնդիրներին մտածելու և կշարժեն նրանց հետաքրքրությունը։ Հիանալի առաջարկներ կարող ենք գտնել «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկում, «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքում և «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկում։ Լիարժեքորե՞ն ես օգտվում Աստվածաշնչի ուսումնասիրության այս ձեռնարկներից։
Օրինակ՝ «հիմնովին վկայություն տալու» հարցում (Գործեր 28։23-29)
15. Ի՞նչ չորս պատճառներով է ուշագրավ Պողոսի քարոզը։
15 Ինչպես արդեն նշվեց, Հռոմի հրեաները որոշված օրը «շատ մարդկանցով եկան» Պողոսի բնակության վայրը։ Առաքյալն ամեն ինչ բացատրում էր նրանց՝ «առավոտից մինչև երեկո.... հիմնովին վկայություն տալով Աստծու թագավորության մասին, նաև համոզիչ փաստարկներ էր բերում Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից, այնպես էլ Մարգարեներից» (Գործ. 28։23)։ Պողոսի այդ քարոզը ուշագրավ է չորս պատճառով։ Առաջին՝ նրա գլխավոր թեման Աստծու Թագավորությունն էր։ Երկրորդ՝ առաքյալը փորձում էր իր ունկնդիրների սրտին հասնել համոզիչ փաստարկների միջոցով։ Երրորդ՝ նա իր խոսքերը հիմնում էր Աստվածաշնչի վրա։ Չորրորդ՝ Պողոսն անձնազոհություն էր դրսևորում՝ վկայություն տալով «առավոտից մինչև երեկո»։ Ի՜նչ հիանալի օրինակ մեզ համար։ Իսկ ի՞նչ արդյունքի հասավ առաքյալը։ Ղուկասը գրում է, որ «ոմանք սկսեցին հավատալ», ոմանք էլ ոչ։ Կարծիքները բաժանվեցին, և մարդիկ «սկսեցին հեռանալ» (Գործ. 28։24, 25ա)։
16-18. Հրեաների բացասական արձագանքն ինչո՞ւ չզարմացրեց Պողոսին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
16 Հրեաների արձագանքը չզարմացրեց Պողոսին, քանի որ նա հաճախ էր այդպիսի բան տեսել։ Բացի այդ, համաձայն մարգարեության, մարդիկ նման ձևով էին արձագանքելու բարի լուրին (Գործ. 13։42-47; 18։5, 6; 19։8, 9)։ Ուստի Պողոսն ասաց այն հյուրերին, ովքեր կարծրացրին իրենց սիրտը և սկսեցին հեռանալ. «Սուրբ ոգին Եսայիա մարգարեի միջոցով շատ տեղին խոսեց ձեր նախահայրերի հետ՝ ասելով. «Գնա այս ժողովրդի մոտ և ասա. «Լսելով կլսեք, բայց երբեք չեք հասկանա և նայելով կնայեք, բայց երբեք չեք տեսնի։ Այս ժողովրդի սիրտը կարծրացել է»»» (Գործ. 28։25բ-27)։ «Կարծրացած» թարգմանված բնագրային բառը նշանակում է «հաստացած» կամ «ճարպակալած», ինչի հետևանքով Թագավորության լուրը չի ներթափանցում անհատի սիրտը (Գործ. 28։27)։ Որքա՜ն ցավալի է այդ փաստը։
17 Վերջում Պողոսը նշեց, որ ի տարբերություն հրեաների՝ ազգերն «անկասկած կլսեն» բարի լուրը (Գործ. 28։28; Սաղ. 67։2; Ես. 11։10)։ Առաքյալը հիմք ուներ ասելու այդ խոսքերը, քանի որ անձամբ էր տեսել, թե ինչպես են բազմաթիվ այլազգիներ ընդունել Թագավորության լուրը (Գործ. 13։48; 14։27)։
18 Պողոսը լավ օրինակ է մեզ համար։ Երբ մարդիկ չեն լսում բարի լուրը, պետք չէ սրտին շատ մոտ ընդունել։ Չէ՞ որ քչերն են ընտրելու կյանքի ճանապարհը (Մատթ. 7։13, 14)։ Մյուս կողմից՝ երբ սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցողներն ընդունում են ճշմարտությունը, մենք ուրախանում ենք և ի սրտե ողջունում նրանց (Ղուկ. 15։7)։
Գործեր 28։30, 31)
«Աստծու թագավորությունն էր քարոզում» (19. Պողոսն ինչպե՞ս լավագույնս օգտվեց իր հանգամանքներից։
19 Ղուկասը իր գիրքն ավարտում է հետևյալ քաջալերական ու ջերմ խոսքերով. «Ամբողջ երկու տարի [Պողոսն] իր վարձված տանն էր մնում՝ սրտաբաց ընդունելով բոլորին, ովքեր իր մոտ էին գալիս։ Առանց որևէ արգելքի, խոսելու մեծ ազատությամբ նրանց Աստծու թագավորությունն էր քարոզում ու սովորեցնում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործ. 28։30, 31)։ Հյուրասիրության, հավատի և ջերմեռանդության ի՜նչ հիանալի օրինակ։
20-21. Հռոմում ովքե՞ր օգուտ քաղեցին Պողոսի ծառայությունից։
20 Պողոսի այցելուներից մեկը Օնեսիմոս անունով մի ստրուկ էր, ով փախել էր Կողոսայում ապրող իր տիրոջից։ Առաքյալը բարյացակամորեն օգնեց նրան ընդունելու Քրիստոսին։ Արդյունքում Օնեսիմոսը «հավատարիմ և սիրելի եղբայր» դարձավ նրա համար։ Իսկ Պողոսը նրա համար «հոր պես դարձավ» (Կող. 4։9; Փիլիմ. 10-12)։ Օնեսիմոսն, անկասկած, քաջալերանքի մեծ աղբյուր էր առաքյալի համար։ a
21 Պողոսի հիանալի օրինակից օգուտներ քաղեցին նաև շատ ուրիշ մարդիկ։ Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում առաքյալը գրեց. «Ինձ հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց, ոչ թե հակառակը, այնպես որ ողջ պրետորական գվարդիան և մնացած բոլորը իմացան, որ ես բանտի կապանքների մեջ եմ Քրիստոսին ծառայելու համար։ Եվ Տիրոջը ծառայող եղբայրների մեծ մասը, բանտի կապանքներիս շնորհիվ վստահությամբ լցվելով, Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն է քարոզում» (Փիլիպ. 1։12-14)։
22. Կալանքի տակ գտնվելիս Պողոսն ինչպե՞ս օգտագործեց ժամանակը։
22 Լինելով կալանքի տակ՝ Պողոսը ժամանակ ուներ գրելու կարևոր նամակներ, որոնք ներկայումս Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս են կազմում։ b Այդ նամակներից օգուտներ քաղեցին առաջին դարի քրիստոնյաները։ Մենք նույնպես շատ դասեր ենք սովորում Պողոսի նամակներից, քանի որ այդ ներշնչյալ խորհուրդները չեն կորցրել իրենց արդիականությունը (2 Տիմոթ. 3։16, 17)։
23-24. Բանտում գտնվող շատ քրիստոնյաներ ինչպե՞ս են շարունակել ուրախությամբ քարոզել։
23 «Գործեր» գրքում չի նշվում, թե Պողոսն ինչպես ազատվեց բանտից։ Ակներևաբար նա մոտ չորս տարի կալանքի տակ մնաց. երկու տարի՝ Կեսարիայում և երկու տարի՝ Հռոմում c (Գործ. 23։35; 24։27)։ Սակայն առաքյալը չկորցրեց ուրախությունը և իր ուժերի ներածին չափով շարունակեց սուրբ ծառայություն մատուցել Աստծուն։ Մեր օրերում նույնպես Եհովայի ծառաներից շատերին իրենց հավատի համար անարդարացիորեն ազատազրկում են։ Սակայն նրանք չեն կորցնում իրենց ուրախությունը և շարունակում են քարոզել։ Այս առումով ուշագրավ է Ադոլֆոյի օրինակը։ Վերջինիս Իսպանիայում բանտարկել էին քրիստոնեական չեզոքություն պահելու համար։ Մի անգամ բանտի աշխատակիցներից մեկն ասաց նրան. «Մենք զարմանում ենք քեզ վրա։ Կյանքդ դժոխք էինք դարձրել։ Բայց ինչքան շատ էինք քեզ տանջում, այնքան ավելի շատ էիր ժպտում ու բարի խոսք ասում»։
24 Ի վերջո, Ադոլֆոն շահեց բոլորի վստահությունը։ Նրա խցի դուռն անգամ չէին փակում։ Զինվորները պարբերաբար այցելում էին այդ եղբորը և աստվածաշնչյան թեմաներով հարցեր տալիս։ Բանտապահներից մեկը նույնիսկ նրա խցում Աստվածաշունչ էր կարդում։ Այդ ընթացքում Ադոլֆոն էր կանգնում նրա փոխարեն։ Ստացվում է՝ բանտարկյալն էր «հսկում» բանտապահին։ Թող որ այդպիսի Վկաների հիանալի օրինակը մղի մեզ «Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն քարոզելու», նույնիսկ եթե հայտնվենք ծանր հանգամանքներում։
25-26. Պողոսը ո՞ր մարգարեության կատարումը տեսավ մոտ 30 տարի անց, և ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել մեր օրերի հետ։
25 Քրիստոսի առաքյալը, տնային կալանքի տակ, «Աստծու թագավորությունն է քարոզում» բոլոր նրանց, ովքեր այցելում են իրեն. ի՜նչ քաջալերական ավարտ ունի «Գործեր» գիրքը։ Առաջին գլխում կարդացինք, որ Հիսուսն իր աշակերտներին հետևյալ պատվերը տվեց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ 30 տարի էլ չէր անցել այդ խոսքերից, իսկ Թագավորության լուրը արդեն «քարոզվել էր երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» d (Կող. 1։23)։ Սուրբ ոգու զորության ինչպիսի՜ ապացույց (Զաք. 4։6)։
26 Այսօր նույն ոգին զորացնում է օծյալ մնացորդին և նրանց աջակիցներին՝ «ուրիշ ոչխարներին»։ Դրա շնորհիվ նրանք շարունակում են «հիմնովին վկայություն տալ Աստծու թագավորության մասին» ավելի քան 240 երկրներում (Հովհ. 10։16; Գործ. 28։23)։ Արդյոք լիարժեքորեն մասնակցո՞ւմ ես այդ գործին։
a Պողոսը ցանկանում էր իր մոտ պահել Օնեսիմոսին, սակայն դրանով նա կխախտեր Հռոմի օրենքը և վերջինիս տիրոջ՝ Փիլիմոն անունով մի քրիստոնյայի իրավունքները։ Ուստի Օնեսիմոսը վերադարձավ իր տիրոջ մոտ՝ իր հետ տանելով Պողոսի նամակը, որում առաքյալը Փիլիմոնին խնդրում էր իր ստրուկին գրկաբաց ընդունել որպես հոգևոր եղբոր (Փիլիմ. 13-19)։
b Տես « Պողոսի հինգ նամակները՝ Հռոմում ազատազրկման ժամանակ» շրջանակը։
c Տես « Պողոսի կյանքը մ. թ. 61 թ.-ից հետո» շրջանակը։
d Տես « Բարի լուրը քարոզվեց «բոլոր ստեղծվածներին»» շրջանակը։