Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 25

«Ես կայսրի՛ն եմ բողոքում»

«Ես կայսրի՛ն եմ բողոքում»

Պողոսը լավ օրինակ է թողնում բարի լուրը պաշտպանելու հարցում

Գործեր 25։1-26։32

1-2. ա) Պողոսն ի՞նչ հանգամանքներում էր գտնվում։ բ) Ի՞նչ հարց է ծագում՝ Պողոսի որոշման հետ կապված։

 ՊՈՂՈՍԸ Կեսարիայում է՝ խիստ հսկողության տակ։ Երկու տարի առաջ, երբ նա Հրեաստան վերադարձավ, նրա ազգակիցները հաշված օրերի ընթացքում առնվազն երեք անգամ փորձեցին սպանել իրեն (Գործ. 21։27-36; 23։10, 12-15, 27)։ Առաքյալի թշնամիները դեռ չեն հանգստացել, թեպետ իրենց ջանքերը մինչև հիմա արդյունք չեն տվել։ Պողոսը հասկանում է, որ մի օր հնարավոր է ընկնի հրեաների ձեռքը։ Ուստի հռոմեացի կառավարիչ Ֆեստոսին ասում է. «Ես կայսրի՛ն եմ բողոքում» (Գործ. 25։11

2 Արդյոք Եհովան հավանություն տվե՞ց Պողոսի այդ որոշմանը։ Այս հարցը շատ կարևոր է մեզ համար, չէ՞ որ այս վերջին օրերում հիմնովին վկայություն ենք տալիս Աստծու Թագավորության մասին։ Հարկավոր է պարզել, թե ինչ օրինակ է թողել Պողոսը «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» հարցում (Փիլիպ. 1։7

«Կանգնած եմ.... դատավորական աթոռի առաջ» (Գործեր 25։1-12)

3-4. ա) Ինչո՞ւ էին հրեաներն ուզում, որ Պողոսին բերեն Երուսաղեմ, և ինչպե՞ս նա ազատվեց մահից։ բ) Այսօր Եհովան ինչպե՞ս է օգնում իր ծառաներին։

3 Իր պաշտոնը ստանձնելուց երեք օր անց Հրեաստանի նոր կառավարիչ Պորկիոս Ֆեստոսը գնաց Երուսաղեմ։ a Այնտեղ ավագ քահանաներն ու ազդեցիկ մարդիկ լուրջ մեղադրանքներ ներկայացրին Պողոսի դեմ։ Նրանք գիտեին, որ նոր կառավարչին պատվիրել են խաղաղություն պահել իրենց ու մյուս բոլոր հրեաների հետ։ Ուստի Ֆեստոսին խնդրեցին, որ Պողոսին Երուսաղեմ բերի և այնտեղ դատավարություն անցկացնի։ Բայց այդ խնդրանքի հետևում նենգ ծրագիր կար։ Թշնամիները որոշել էին Կեսարիայից Երուսաղեմ տանող ճանապարհին սպանել առաքյալին։ Սակայն Ֆեստոսը չհամաձայնվեց՝ ասելով. «Ովքեր ձեր մեջ իշխանություն ունեն.... թող իջնեն ինձ հետ [Կեսարիա] և մեղադրանքներ ներկայացնեն նրա դեմ, եթե այդ մարդուն դատապարտելու որևէ պատճառ կա» (Գործ. 25։5)։ Այս անգամ ևս առաքյալը փրկվեց մահից։

4 Բոլոր այդ փորձությունների ժամանակ Եհովան Հիսուսի միջոցով զորացրեց Պողոսին։ Հիշենք, որ տեսիլքում Աստծու Որդին առաքյալին ասաց՝ «Քա՛ջ եղիր» (Գործ. 23։11)։ Այսօր մենք նույնպես բախվում ենք դժվարությունների։ Մեր հասցեին հաճախ սպառնալիքներ են հնչում։ Թեպետ Եհովան չի ազատում ամեն դժվարությունից, սակայն իմաստություն և ուժ է տալիս, որ դիմանանք։ Կարող ենք միշտ վստահ լինել, որ մեր սիրառատ Աստվածը «սովորականին գերազանցող ուժ» կտա մեզ (2 Կորնթ. 4։7

 5. Ֆեստոսն ի՞նչ էր ուզում ձեռնարկել Պողոսի գործի հետ կապված։

5 Մի քանի օր անց Ֆեստոսը վերադարձավ Կեսարիա, «նստեց դատավորական աթոռին» և սկսեց քննել Պողոսի գործը։ b Առաքյալն ու նրան մեղադրողները կանգնած էին կուսակալի առջև։ Հերքելով իր թշնամիների անհիմն մեղադրանքները՝ Պողոսն ասաց. «Ես ոչ մի մեղք չեմ գործել ո՛չ Օրենքի, ո՛չ հրեաների, ո՛չ տաճարի և ո՛չ էլ կայսրի դեմ»։ Նա իրոք անմեղ էր և չպետք է մնար կալանքի տակ։ Ի՞նչ դիրք բռնեց Ֆեստոսը։ Ցանկանալով շահել հրեաների բարեհաճությունը՝ նա հարցրեց Պողոսին. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ գնալ ու այս բաների համար այնտե՛ղ դատվել իմ առաջ» (Գործ. 25։6-9)։ Ի՜նչ անհեթեթ առաջարկ։ Եթե Պողոսը գնար Երուսաղեմ, իրեն մեղադրողները կդառնային իր դատավորները և, անկասկած, մահվան դատավճիռ կկայացնեին։ Սակայն Ֆեստոսը այս դեպքում կարևորություն էր տալիս քաղաքական շահերին, ոչ թե արդարությանը։ Տարիներ առաջ այդպես էր վարվել հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը շատ ավելի կարևոր մի բանտարկյալի հետ (Հովհ. 19։12-16)։ Մեր օրերում նույնպես դատավորները երբեմն քաղաքական ուժերի ճնշման տակ անարդարացի որոշումներ են ընդունում։ Ուստի չպետք է զարմանանք, երբ Աստծու ծառաների դատավարությունների ժամանակ այնպիսի վճիռ է կայացվում, որը հակասում է ներկայացված փաստերին։

6-7. Ինչո՞ւ Պողոսը որոշեց դիմել կայսրին, և դրանով ի՞նչ օրինակ թողեց ներկայիս քրիստոնյաների համար։

6 Ֆեստոսը ցանկություն ուներ շահելու հրեաներին։ Դա վտանգում էր Պողոսի կյանքը։ Այդ պատճառով առաքյալն օգտվեց մի իրավունքից, որն ուներ Հռոմի յուրաքանչյուր քաղաքացի։ Նա Ֆեստոսին ասաց. «Ես կանգնած եմ կայսրի դատավորական աթոռի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Ես ոչ մի վատ բան չեմ արել հրեաներին, ինչպես ինքդ էլ շատ լավ գիտես.... Ես կայսրի՛ն եմ բողոքում»։ Սովորաբար, եթե որևէ մեկը նման պահանջ էր ներկայացնում, հետագայում չէր կարող հրաժարվել իր խոսքերից։ Շեշտելով այդ փաստը՝ Ֆեստոսն ասաց. «Կայսրին բողոքեցիր, կայսրի մոտ էլ կգնաս» (Գործ. 25։10-12)։ Փաստորեն, Պողոսը ցանկություն հայտնեց ավելի բարձր ատյան դիմելու։ Դրանով նա օրինակ թողեց մերօրյա քրիստոնյաների համար։ Երբ հակառակորդները փորձում են Վկաների դեմ «չարիք պատրաստել օրենքի միջոցով», վերջիններս օգտվում են իրենց իրավունքներից՝ բարի լուրը պաշտպանելու համար c (Սաղ. 94։20

7 Այսպիսով՝ Պողոսը երկու տարի բանտ նստեց այնպիսի հանցագործությունների համար, որոնք չէր արել, և ի վերջո հնարավորություն ստացավ իր գործը ներկայացնել Հռոմում։ Սակայն առաքյալի մեկնելուց առաջ մի կառավարիչ ևս ցանկացավ հանդիպել նրա հետ։

Մենք բողոքարկում ենք անարդարացի դատավճիռները

«Ես անհնազանդ չեղա» (Գործեր 25։13-26։23)

8-9. Ագրիպաս թագավորն ինչո՞ւ էր եկել Կեսարիա։

8 Պողոսի՝ բողոք ներկայացնելուց մի քանի օր անց Ագրիպաս թագավորն ու նրա քույր Բերնիկեն, «ի նշան հարգանքի», պաշտոնական այց կատարեցին Ֆեստոսին։ d Հին Հռոմում ընդունված էր, որ պետական անձինք նման այցեր կատարեն նոր կառավարիչներին։ Ագրիպասը շնորհավորեց Ֆեստոսին նրա նշանակման առթիվ։ Դրանով նա, անկասկած, փորձում էր ամրացնել քաղաքական և անձնական կապերը այդ կառավարչի հետ, ինչը թերևս պետք կգար ապագայում (Գործ. 25։13

9 Ֆեստոսը թագավորին պատմեց Պողոսի մասին, և դա շարժեց նրա հետաքրքրությունը։ Հաջորդ օրը երկու կառավարիչները իրենց մոտ կանչեցին առաքյալին։ Ինչ խոսք, դատավորական աթոռին նստած այդ իշխանավորները շատ ազդեցիկ էին։ Բայց առավել ազդեցիկ էին այն խոսքերը, որ նրանք լսեցին իրենց առջև կանգնած այդ բանտարկյալից (Գործ. 25։22-27

10-11. Պողոսն ինչպե՞ս հարգանք ցուցաբերեց Ագրիպասի հանդեպ և ի՞նչ պատմեց իր մասին։

10 Հարգանք ցուցաբերելով Ագրիպասի հանդեպ՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց նրան այն բանի համար, որ իրեն պաշտպանվելու հնարավորություն է տրվել։ Առաքյալը շեշտեց, որ թագավորը լավ գիտի հրեաների բոլոր սովորույթները և նրանց մեջ եղող վեճերը։ Ապա, պատմելով իր մասին, ասաց. «Ես ապրել եմ որպես փարիսեցի՝ համաձայն մեր կրոնի խստագույն ուսմունքների» (Գործ. 26։5)։ Լինելով փարիսեցի՝ Պողոսը սպասել էր Մեսիայի գալստին։ Այժմ որպես քրիստոնյա՝ նա համարձակորեն հայտարարում է, որ երկար սպասված Մեսիան Հիսուս Քրիստոսն է։ Փաստորեն, Պողոսը դատվում էր այն հույսի համար, որը թե՛ ինքն ուներ, թե՛ իրեն մեղադրողները։ Նրանք բոլորն էլ հավատում էին, որ Աստծու կողմից իրենց նախահայրերին տրված խոստումը կկատարվի։ Այս ամենն ավելի բորբոքեց Ագրիպասի հետաքրքրությունը։ e

11 Պողոսը նշեց, որ անցյալում դաժանաբար է վարվել քրիստոնյաների հետ։ Նա ասաց. «Ես ինքս էլ մտածում էի, թե պետք է շատ բաներ անեմ Հիսուս նազովրեցու անվանը հակառակ.... Նույնիսկ ուրիշ քաղաքներում էի նրանց [Քրիստոսի հետևորդներին] հալածում, քանի որ ծայրաստիճան կատաղած էի նրանց վրա» (Գործ. 26։9-11)։ Առաքյալը չէր չափազանցնում։ Քրիստոնյաների դեմ նրա գործած բռնությունների մասին շատերը գիտեին (Գաղ. 1։13, 23)։ Ագրիպասը թերևս մտածում էր. «Տեսնես ի՞նչն է փոխել այս մարդուն»։

12-13. ա) Պողոսն ինչպե՞ս էր քրիստոնյա դարձել։ բ) Ի՞նչ իմաստով էր Պողոսը «խթանին քացի տվել»։

12 Թագավորը ստացավ իր հարցի պատասխանը, երբ Պողոսն ասաց. «Մինչ.... ավագ քահանաներից իշխանություն ու հանձնարարություն ստացած՝ ճամփորդում էի դեպի Դամասկոս, կեսօրին արևի փայլից ավելի ուժեղ մի լույս տեսա ճանապարհին, ո՛վ թագավոր, որ երկնքից փայլատակեց իմ և ինձ հետ ճամփորդողների շուրջը։ Եվ երբ բոլորս գետին ընկանք, մի ձայն լսեցի, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում։ Քեզ համար դժվար է խթանին քացի տալ»։ Իսկ ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Տերը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»» f (Գործ. 26։12-15

13 Այդ գերբնական երևույթից առաջ Պողոսը «խթանին քացի էր տալիս», այսինքն՝ հակառակվում էր Աստծու կամքին։ Եթե բեռնակիր կենդանին քացի տա սրածայր խթանին, ինքն իրեն անտեղի կվնասի։ Պողոսը, ընդդիմանալով Եհովայի կամքին, հոգևոր վնաս էր հասցնում ինքն իրեն։ Ուստի հարություն առած Հիսուսը, Դամասկոսի ճանապարհին հայտնվելով մոլորության մեջ գտնվող այդ անկեղծ մարդուն, օգնեց նրան փոխելու իր մտածելակերպը (Հովհ. 16։1, 2

14-15. Պողոսն ի՞նչ փոփոխություններ էր արել իր կյանքում։

14 Պողոսն, իրոք, ահռելի փոփոխություններ էր արել իր կյանքում։ Ահա թե ինչ ասաց նա Ագրիպասին. «Ես անհնազանդ չեղա այդ երկնային տեսիլքին, այլ սկզբից Դամասկոսում և Երուսաղեմում լինողներին, ապա Հրեաստանի երկրով մեկ, ինչպես նաև ազգերին ես տարա այն պատգամը, որ նրանք պետք է զղջան ու դառնան դեպի Աստված՝ զղջմանը համապատասխան գործեր կատարելով» (Գործ. 26։19, 20)։ Անցել էին երկար տարիներ, սակայն Պողոսը դեռ կատարում էր այն հանձնարարությունը, որ Հիսուսը տվել էր նրան կեսօրվա տեսիլքի ժամանակ։ Ի՞նչ արդյունք էր դա բերել։ Այն մարդիկ, ովքեր արձագանքել էին Պողոսի քարոզչությանը, զղջացել էին, հրաժարվել իրենց անբարո ու անազնիվ ապրելակերպից և մոտեցել Աստծուն։ Նրանք դարձել էին լավ քաղաքացիներ, որոնք հարգում էին օրենքները և հնազանդվում դրանց։

15 Սակայն Պողոսի հրեա հակառակորդները ոչ մի օգուտ չէին քաղել։ Առաքյալն ասաց. «Այս բաների համար հրեաները տաճարում բռնեցին ինձ ու փորձեցին սպանել։ Բայցևայնպես, Աստծուց օգնություն ստանալով՝ մինչև օրս շարունակում եմ վկայություն տալ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին» (Գործ. 26։21, 22

16. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրուցելիս։

16 Մենք՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, պետք է «միշտ պատրաստ լինենք պատասխան տալու»՝ ի պաշտպանություն մեր հավատի (1 Պետ. 3։15)։ Միգուցե առիթ ունենանք վկայություն տալու ղեկավար անձանց կամ դատավորներին։ Նման դեպքերում օգտակար կլինի հետևել այն օրինակին, որը թողեց Պողոսը Ֆեստոսի ու Ագրիպասի առջև խոսելիս։ Մենք կարող ենք հարգալից կերպով պատմել, թե աստվածաշնչյան ճշմարտությունը ինչ դրական ազդեցություն է ունեցել մեր և բարի լուրն ընդունած մյուս անհատների կյանքի վրա։ Թերևս այդպես կհաջողվի հասնել այդ բարձրաստիճան պաշտոնյաների սրտին։

«Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ» (Գործեր 26։24-32)

17. Ֆեստոսն ինչպե՞ս արձագանքեց Պողոսի խոսքերին, և նման ի՞նչ արձագանք ենք տեսնում այսօր։

17 Պողոսի համոզիչ վկայությունը անտարբեր չթողեց կառավարիչներին։ «Մինչ նա ի պաշտպանություն իրեն ասում էր այս ամենը, Ֆեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվո՛ւմ ես, Պողո՛ս։ Շատ սովորելը քեզ խելացնորությա՛ն է հասցնում»» (Գործ. 26։24)։ Այսօր շատերն են Ֆեստոսի պես արձագանքում։ Նրանք ցնորված մոլեռանդներ են համարում այն մարդկանց, ովքեր ուսուցանում են ճշմարտությունը։ Աշխարհի տեսանկյունից իմաստուն անհատները հաճախ հերքում են հարության ուսմունքը, որի մասին սովորեցնում է Աստվածաշունչը։

18. Պողոսն ինչպե՞ս պատասխանեց Ֆեստոսին, և ինչպե՞ս արձագանքեց Ագրիպասը։

18 Պողոսը Ֆեստոսին անպատասխան չթողեց։ Նա ասաց. ««Չեմ ցնորվում, Ձե՛րդ գերազանցություն Ֆեստոս, այլ ճշմարիտ ու ողջամիտ խոսքեր եմ ասում։ Իրականում, թագավորը լավատեղյակ է այս բաների մասին, ուստի կարող եմ ազատորեն խոսել նրա հետ.... Հավատո՞ւմ ես Մարգարեներին, Ագրիպա՛ս թագավոր։ Գիտե՛մ, որ հավատում ես»։ Ագրիպասն ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»» (Գործ. 26։25-28)։ Նույնիսկ եթե թագավորը անկեղծ չէր, այս խոսքերը, միևնույն է, փաստում են, որ Պողոսի վկայությունը շատ մեծ ազդեցություն թողեց նրա վրա։

19. Ի՞նչ եզրակացության եկան Ագրիպասն ու Ֆեստոսը։

19 Ագրիպասն ու Ֆեստոսը ոտքի ելան՝ ի նշան զրույցի ավարտի։ «Հեռանալիս [նրանք] խոսում էին իրար հետ ու ասում. «Այս մարդը մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում»։ Իսկ Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Կարելի էր այս մարդուն ազատ արձակել, եթե կայսրին բողոքած չլիներ»» (Գործ. 26։31, 32)։ Նրանք գիտեին, որ իրենց առջև անմեղ մարդ է կանգնած։ Թերևս այդուհետ քրիստոնյաների հանդեպ նրանց վերաբերմունքը դեպի լավը փոխվեր։

20. Կառավարիչներին վկայություն տալով՝ առաքյալն ի՞նչ արդյունքի հասավ։

20 Վերոհիշյալ երկու կառավարիչներից և ոչ մեկը չընդունեց Թագավորության լուրը։ Այդ դեպքում իմաստ կա՞ր նրանց վկայություն տալու մեջ։ Իհա՛րկե։ Շնորհիվ այն բանի, որ առաքյալին «քարշ տվեցին» Հրեաստանի «թագավորների ու կառավարիչների առաջ», բարի լուրը լսեցին հռոմեական պետության ղեկավար անձինք, ում այլ կերպ հնարավոր չէր լինի հանդիպել (Ղուկ. 21։12, 13)։ Բացի այդ, փորձությունների ներքո հավատարմություն պահելով և կապանքների մեջ վկայություն տալով, Պողոսը քաջալերեց եղբայրներին ու քույրերին (Փիլիպ. 1։12-14

21. Ի՞նչ դրական արդյունքների կհասնենք՝ շարունակելով քարոզել։

21 Այսօր նույնպես, փորձությունների ու հակառակության ներքո շարունակելով քարոզել, կարող ենք մի շարք դրական արդյունքների հասնել։ Միգուցե առիթ ստեղծվի վկայություն տալու պետական պաշտոնյաներին, որոնց հետ այլ կերպ թերևս դժվար լինի հանդիպել։ Մեր հավատարմությունը և դիմացկունությունը քաջալերանքի աղբյուր կլինեն քույրերի ու եղբայրների համար։ Արդյունքում նրանք կշարունակեն ավելի մեծ համարձակությամբ հիմնովին վկայություն տալ Աստծու Թագավորության մասին։

b «Դատավորական աթոռը» դրված էր ամբիոնի վրա, ուստիև բավականին բարձր էր։ Դրա նպատակն էր ցույց տալ մյուսներին, որ դատավորի վճիռը ծանրակշիռ է ու վերջնական։ Հիսուսի դեմ ուղղված մեղադրանքները քննելիս Պիղատոսը նույնպես նստեց դատավորական աթոռին։

e Լինելով քրիստոնյա՝ Պողոսն ընդունում էր, որ Հիսուսն է Մեսիան։ Իսկ Աստծու Որդուն մերժած հրեաները առաքյալին հավատուրաց էին համարում (Գործ. 21։21, 27, 28

f Պողոսը նշեց, որ «կեսօրին» ճանապարհին էր։ Այս առնչությամբ մի աստվածաշնչագետ ասում է. «Կեսօրվա տապին ճանապարհորդները սովորաբար հանգստանում էին։ Այդ ժամերին նրանք ճանապարհ էին ընկնում, միայն եթե խիստ շտապում էին։ Սա ցույց է տալիս, թե ինչ մոլեռանդությամբ էր Պողոսը ցանկանում կատարել [քրիստոնյաներին] հալածելու իր առաքելությունը»։