Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսին ընդօրինակելու համար եղիր...

Հիսուսին ընդօրինակելու համար եղիր...

ԿԱՐԵԿԻՑ

Լինելով կատարյալ՝ Հիսուսը չուներ շատ խնդիրներ ու ցավեր, որ մյուս մարդիկ ունեին։ Սակայն նա խոր կարեկցանք էր դրսևորում մարդկանց հանդեպ և անգամ հարկ եղածից ավելին էր անում։ Այո՛, կարեկցանքն էր մղում Հիսուսին օգնելու ուրիշներին։ Մտածիր այն օրինակների շուրջ, որոնք արձանագրված են հետևյալ գլուխներում՝ 32, 37, 57, 99։

ՄԱՏՉԵԼԻ

Տարբեր տարիքի մարդիկ՝ երիտասարդ, թե ծեր, ազատորեն կարողանում էին մոտենալ Հիսուսին, քանի որ նա այնպիսի տպավորություն չէր ստեղծում, թե խիստ զբաղված է կամ շատ կարևոր անձնավորություն է։ Մարդիկ զգում էին, որ Հիսուսը հետաքրքրված է իրենցով, և դա օգնում էր նրանց, որ անկաշկանդ զգան նրա ներկայությամբ։ Այդ մասին կարդա հետևյալ գլուխներում՝ 25, 27, 95։

ԱՂՈԹՔՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ

Հիսուսը կանոնավորաբար ու ջերմեռանդորեն աղոթում էր իր Հորը թե՛ առանձին, թե՛ իր ճշմարիտ երկրպագուների ներկայությամբ։ Նա աղոթում էր ոչ միայն ճաշի ժամանակ, այլև տարբեր առիթներով։ Հիսուսը աղոթում էր Հորը՝ նրան շնորհակալություն հայտնելու, փառաբանելու և կարևոր որոշումներ կայացնելուց առաջ նրա առաջնորդությունը ստանալու համար։ Դրա հետ կապված տարբեր օրինակներ կարող ես գտնել հետևյալ գլուխներում՝ 24, 34, 91, 122, 123։

ԱՆՁՆԱԶՈՀ

Անգամ այն ժամանակ, երբ Հիսուսը առանձնանալու և հանգստանալու կարիք ուներ, նա ուրիշների կարիքները իր կարիքներից վեր էր դասում։ Հիսուսը եսասեր չէր։ Եվ այս հարցում հրաշալի օրինակ թողեց մեզ համար։ Այդ մասին կարդա հետևյալ գլուխներում՝ 19, 41, 52։

ՆԵՐՈՂԱՄԻՏ

Հիսուսը ոչ միայն սովորեցրեց, որ պետք է ներողամիտ լինել, այլև անձամբ դրսևորեց այդ հատկությունը իր աշակերտների և ուրիշների նկատմամբ։ Խորհիր այն օրինակների շուրջ, որոնք գրված են հետևյալ գլուխներում՝ 26, 40, 64, 85, 131։

ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ

Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ հրեաներից շատերը չեն ընդունելու Մեսիային, և որ նրա թշնամիները սպանելու են նրան։ Ուստի Հիսուսը կարող էր խնայել իր ուժերը և մարդկանց համար անել նվազագույնը։ Սակայն նա նախանձախնդրորեն ամեն բան անում էր ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար։ Այդ հարցում նա հրաշալի օրինակ թողեց իր բոլոր հետևորդների համար, ովքեր բախվում են անտարբերության և նույնիսկ հակառակության։ Այդ մասին կարդա հետևյալ գլուխներում՝ 16, 72, 103։

ԽՈՆԱՐՀ

Հիսուսը անհամեմատ գերազանցում էր անկատար մարդկանց տարբեր հարցերում, օրինակ՝ գիտելիքների և իմաստության հարցում։ Լինելով կատարյալ՝ նա անկասկած շատ ավելի բարձր ֆիզիկական և մտային կարողություններ ուներ, քան մյուս մարդիկ։ Սակայն նա խոնարհաբար ծառայում էր ուրիշներին։ Խոնարհության հետ կապված օրինակներ կարող ես գտնել հետևյալ գլուխներում՝ 10, 62, 66, 94, 116։

ՀԱՄԲԵՐԱՏԱՐ

Հիսուսը միշտ համբերատարություն էր դրսևորում իր առաքյալների և ուրիշների հանդեպ, երբ վերջիններս չէին ընդօրինակում իրեն կամ չէին կիրառում այն, ինչ ինքը սովորեցնում էր։ Անհրաժեշտության դեպքում նա համբերատարորեն կրկնում էր իր սովորեցրած մտքերը, որպեսզի նրանք ավելի մտերմանան Եհովայի հետ։ Մտածիր այն իրավիճակների մասին, երբ Հիսուսը համբերատարություն էր դրսևորում։ Այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ գլուխները՝ 74, 98, 118, 135։