Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 122

Հիսուսի վերջին աղոթքը վերնասենյակում

Հիսուսի վերջին աղոթքը վերնասենյակում

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։1–26

  • ՃԱՆԱՉԵԼ ՀՈՐԸ ԵՎ ՀԻՍՈՒՍԻՆ

  • ԵՀՈՎԱՆ, ՀԻՍՈՒՍԸ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

Առաքյալների հանդեպ խոր սիրուց մղված՝ Հիսուսը նախապատրաստում է նրանց այն բանին, որ ինքը շուտով հեռանալու է։ Նա իր աչքերը դեպի երկինք է բարձրացնում և աղոթում է Հորը. «Փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի, որովհետև իշխանություն տվեցիր նրան բոլոր մարդկանց վրա, որպեսզի բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր, հավիտենական կյանք տա» (Հովհաննես 17։1, 2

Հիսուսն, անկասկած, գիտի, որ Աստծուն փառավորելը ամենակարևոր բանն է։ Սակայն իր աղոթքում նա նաև խոսում է մի մխիթարական բանի՝ հավիտենական կյանքի հեռանկարի մասին։ Իշխանություն ստանալով՝ Հիսուսը հնարավորություն կտա մարդկանց, որ նրանք օգուտներ քաղեն իր քավիչ զոհից։ Սակայն այդ օրհնությունը կստանան ոչ բոլորը։ Ինչո՞ւ։ Հիսուսի փրկանքից կարող են օգուտներ քաղել միայն նրանք, ովքեր վարվում են Հիսուսի հետևյալ խոսքերի համաձայն. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

Փաստորեն, անհատը պետք է լավ ճանաչի Հորը և Որդուն ու մտերիմ փոխհարաբերություններ զարգացնի նրանց հետ։ Նա պետք է հասկանա, թե ինչ տեսակետ ունեն նրանք տարբեր հարցերի վերաբերյալ և պետք է ձգտի ընդօրինակել նրանց անզուգական հատկությունները մարդկանց հետ իրենց փոխհարաբերություններում։ Բացի այդ, անհատը պետք է հասկանա, որ Աստծուն փառավորելը հավիտենական կյանք ստանալուց ավելի կարևոր է։ Հիսուսը շարունակում է աղոթել։

Նա ասում է. «Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու։ Ուստի այժմ, Հա՛յր, փառավորիր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը» (Հովհաննես 17։4, 5)։ Այսպիսով Հիսուսը խնդրում է Հորը, որ հարության միջոցով վերականգնի իր երկնային փառքը։

Ապա Հիսուսը, խոսելով այն մասին, թե ինչ է իրականացրել իր երկրային ծառայության ժամանակ, ասում է. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ։ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, ու նրանք պահեցին քո խոսքը» (Հովհաննես 17։6)։ Հիսուսը ոչ միայն գործածել է Աստծու անունը, այլև օգնել է առաքյալներին իմանալու, թե ինչ է նշանակում «Եհովա» անունը, ինչ հատկություններ ունի նա և ինչպես է վարվում մարդկանց հետ։

Այժմ առաքյալները ճանաչում են Եհովային, գիտեն, թե ինչ դեր ունի նրա Որդին, և ինչ է նա սովորեցնում։ Հիսուսը խոնարհաբար ասում է. «Այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու իմացան, որ ես քո կողմից եկա, և հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ» (Հովհաննես 17։8

Մասնավորապես խնդրելով իր աշակերտների համար՝ Հիսուսը շարունակում է աղոթել. «Խնդրում եմ ոչ թե աշխարհի համար, այլ նրանց համար, ում ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են.... Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց քո անվան համար, որը տվեցիր ինձ, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք.... Ես պահեցի նրանց, ու նրանցից և ոչ մեկը չկործանվեց, բացի կործանման որդուց»։ Այս «կործանման որդին» Հուդա Իսկարիովտացին է, որը պատրաստվում է իրականացնել Հիսուսին մատնելու իր մտադրությունը (Հովհաննես 17։9–12

Հիսուսը շարունակում է աղոթել. «Աշխարհը ատեց նրանց.... Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։ Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։14–16)։ Առաքյալները և մյուս աշակերտները աշխարհում են, այսինքն՝ ապրում են մարդկային հասարակության մեջ, որը Սատանայի իշխանության տակ է, սակայն նրանք պետք է հեռու մնան աշխարհից և նրա չար գործերից։ Ինչպե՞ս։

Նրանք պետք է սուրբ մնան՝ առանձնացված լինեն Աստծուն ծառայելու համար՝ իրենց կյանքում կիրառելով այն ճշմարտությունները, որոնք գրված են Եբրայերեն Գրություններում, և այն ճշմարտությունները, որոնք սովորեցրել է Հիսուսը։ Հիսուսն ասում է. «Սրբացրու նրանց ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Առաքյալներից ոմանք հետագայում Աստծու ներշնչմամբ գրի են առնում որոշ գրքեր, որոնք նույնպես դառնում են «ճշմարտության» մի մասը և օգնում են մարդուն սուրբ լինելու։

Աշակերտներից բացի, կլինեն նաև ուրիշ անհատներ, ովքեր նույնպես կընդունեն «ճշմարտությունը»։ Ուստի Հիսուսը աղոթում է. «Բայց ոչ միայն նրանց համար եմ խնդրում [ովքեր Հիսուսի մոտ են], այլ նաև նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ»։ Իսկ ի՞նչ է Հիսուսը խնդրում բոլորի համար։ Նա ասում է. «Որպեսզի նրանք բոլորը մի լինեն, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ» (Հովհաննես 17։20, 21)։ Հիսուսը և իր Հայրը բառացի մեկ անձնավորություն չեն։ Նրանք «մի են» այն իմաստով, որ միակարծիք են բոլոր հարցերում։ Ուստի Հիսուսն աղոթում է, որ իր հետևորդները ունենան հենց այդպիսի միություն։

Քիչ առաջ Հիսուսը ասել է Պետրոսին և ուրիշներին, որ նա գնում է նրանց համար տեղ պատրաստելու իր «Հոր տան մեջ», այսինքն՝ երկնքում (Հովհաննես 14։2, 3)։ Այժմ Հիսուսը կրկին նշում է այդ միտքը՝ ասելով. «Հա՛յր, ում որ ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև դու ինձ սիրեցիր աշխարհը հիմնվելուց առաջ» (Հովհաննես 17։24)։ Փաստորեն, նա ասում է, որ դեռ շատ վաղուց՝ նախքան Ադամի ու Եվայի զավակներ ունենալը, Աստված արդեն սիրում էր իր միածին Որդուն, որը հետագայում դարձավ Հիսուս Քրիստոս։

Իր աղոթքի վերջում Հիսուսը կրկին խոսում է իր Հոր անվան մասին, նաև այն մասին, որ Աստված սիրում է առաքյալներին և այն մարդկանց, ովքեր հետագայում կընդունեն «ճշմարտությունը»։ Նա ասում է. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհաննես 17։26