Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 111

Առաքյալները Հիսուսից նշան են խնդրում

Առաքյալները Հիսուսից նշան են խնդրում

ՄԱՏԹԵՈՍ 24։3–51 ՄԱՐԿՈՍ 13։3–37 ՂՈՒԿԱՍ 21։7–38

  • ՉՈՐՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ՆՇԱՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ

  • ՀԻՍՈՒՍԻ ԽՈՍՔԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ

  • ՊԵՏՔ Է ԱՐԹՈՒՆ ՈՒ ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ

Երեքշաբթի է՝ կեսօրից հետո. նիսանի 11-ը մոտենում է ավարտին։ Շուտով ավարտվելու է նաև Հիսուսի ծառայությունը երկրի վրա։ Հիսուսը գիշերել է Երուսաղեմից դուրս՝ Բեթանիայում, իսկ վաղ առավոտյան գնացել է տաճար։ Մարդիկ, մեծ հետաքրքրությամբ լցված, «եկել են նրա մոտ տաճար՝ նրան լսելու», և Հիսուսը առավոտից ուսուցանել է նրանց (Ղուկաս 21։37, 38)։ Իսկ հիմա նա իր չորս առաքյալների՝ Պետրոսի, Անդրեասի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ նստած է Ձիթենյաց լեռան լանջին։

Այս չորս առաքյալները ցանկանում են զրուցել Հիսուսի հետ։ Նրանք մտահոգված են, քանի որ Հիսուսը քիչ առաջ տաճարի մասին մարգարեացել է, որ քարը քարի վրա չի մնա։ Բայց նրանց մտահոգում են նաև ուրիշ հարցեր։ Հիսուսը ավելի վաղ հորդոր էր տվել նրանց՝ ասելով. «Պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում» (Ղուկաս 12։40)։ Նա նաև խոսել էր այն օրվա մասին, «երբ մարդու Որդին իրեն հայտնի կդարձնի» (Ղուկաս 17։30)։ Հիսուսի այդ խոսքերը ինչ-որ առնչություն ունե՞ն տաճարի վերաբերյալ նրա ասած մարգարեության հետ։ Առաքյալները շատ են ցանկանում իմանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ուստի ասում են. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3

Առաքյալները թերևս նկատի ունեն Երուսաղեմի տաճարի կործանումը։ Նրանք նաև ցանկանում են մանրամասներ իմանալ մարդու Որդու ներկայության մասին. ակներևաբար, նրանք հիշում են Հիսուսի պատմած առակը «մի ազնվատոհմ մարդու» մասին, որը «մեկնեց հեռավոր երկիր, որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա» (Ղուկաս 19։11, 12)։ Եվ վերջապես նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է լինելու «աշխարհի վախճանի» ժամանակ։

Հիսուսը առաքյալներին տալիս է մի նշան, որի օգնությամբ նրանք կարող են հասկանալ, թե երբ է կործանվելու հրեական կրոնական համակարգը, այդ թվում նաև տաճարը։ Բայց Հիսուսի տված նշանը ավելին էր ընդգրկում։ Այն օգնելու էր, որ հետագայում՝ Հիսուսի ներկայության ժամանակ և չար համակարգի վախճանի օրերում ապրող քրիստոնյաները հասկանան, թե ինչ ժամանակահատվածում են ապրում։

Տարիների ընթացքում առաքյալները տեսնում են, թե ինչպես են իրականանում Հիսուսի մարգարեական խոսքերը։ Այո՛, Հիսուսի մարգարեական խոսքերից շատերը սկսում են կատարվել առաքյալների օրերում։ Այնպես որ 37 տարի անց՝ մ.թ. 70-ին, հրեական կրոնական համակարգի և Երուսաղեմի տաճարի կործանումը անակնկալի չի բերում արթնություն պահող քրիստոնյաներին։ Սակայն Հիսուսի ոչ բոլոր խոսքերն են իրականանում մինչև մ.թ. 70թ. կամ հենց այդ թվականին։ Այդ դեպքում նրա նշած ո՞ր իրադարձություններն են կատարվելու հետագայում՝ Թագավորական իշխանությամբ նրա ներկայության ժամանակ։ Նա այդ մասին հայտնում է առաքյալներին տված իր պատասխանում։

Հիսուսն ասում է, որ մարդիկ «պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեն» և որ «ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։6, 7)։ Նա նաև նշում է, որ «մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-տեղ՝ համաճարակներ ու սովեր» (Ղուկաս 21։11)։ Հիսուսը զգուշացնում է իր աշակերտներին. «Մարդիկ ձեզ կբռնեն ու կհալածեն» (Ղուկաս 21։12)։ Նա նաև ասում է, որ կեղծ մարգարեներ կհայտնվեն ու կմոլորեցնեն շատերին, նաև անօրենությունը կշատանա, ու շատ-շատերի սերը կսառչի։ Այդ ամենից բացի, Հիսուսը նաև նշում է, որ Թագավորության «բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14

Հիսուսի տված մարգարեական նշանի որոշ իրադարձություններ կատարվում են Երուսաղեմի կործանման ժամանակ և դրանից առաջ։ Սակայն Հիսուսի խոսքերը կատարվելու են նաև ապագայում ավելի մեծ մասշտաբով։ Արդյոք տեսնո՞ւմ ես, որ Հիսուսի մարգարեական խոսքերն իսկապես կատարվում են մեր օրերում։

Իր ներկայության նշանի մաս կազմող իրադարձություններից մեկը, որի մասին հիշատակում է Հիսուսը, «ամայացում բերող պղծության» ի հայտ գալն է (Մատթեոս 24։15)։ Մ.թ. 66-ին այդ «պղծությունը» դառնում են հռոմեական զորքերը՝ իրենց կռապաշտական նշաններով, կամ՝ խորհրդանիշներով։ Հռոմեացիները շրջապատում են Երուսաղեմը և որոշ տեղերում փորում պարսպի տակը (Ղուկաս 21։20)։ Այդպիսով «պղծությունը» կանգնում է այնտեղ, որտեղ չպետք է կանգներ, այսինքն՝ այն վայրում, որը հրեաները համարում են «սուրբ վայր»։

Հիսուսը շարունակում է իր մարգարեությունը։ Նա ասում է. «Մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի»։ Մ.թ. 70-ին հռոմեացիները կործանում են Երուսաղեմը։ Հրեաների «սուրբ քաղաքի», այդ թվում նաև տաճարի նվաճումն ու աղետալի կործանումը նրանց համար մեծ նեղություն է լինում, և հարյուր հազարավոր մարդիկ են սպանվում այդ ժամանակ (Մատթեոս 4։5; 24։21)։ Երուսաղեմի ու հրեա ժողովրդի պատմության մեջ այսպիսի մեծ կործանում երբևէ չի եղել։ Այդ կործանումով վերջ է դրվում հրեաների երկրպագության այն համակարգին, որը գոյություն է ունեցել դարեր շարունակ։ Ապագայում Հիսուսի այս խոսքերի ավելի մեծ կատարումը, անկասկած, շատ ավելի ահասարսուռ կլինի։

ՀՈՒՅՍՈՎ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՆԱՅՈՒՄ ԱՊԱԳԱՅԻՆ

Հիսուսը շարունակում է իր աշակերտների հետ խոսել թագավորական իշխանությամբ իր ներկայության և աշխարհի վախճանի նշանի մասին։ Այժմ նա զգուշացնում է նրանց, որ չհետևեն «սուտ քրիստոսների և սուտ մարգարեների»։ Հիսուսն ասում է, որ այդ կեղծ քրիստոսներն ու մարգարեները փորձելու են «նույնիսկ ընտրյալներին մոլորեցնել» (Մատթեոս 24։24)։ Բայց ընտրյալները չեն խաբվի։ Կեղծ քրիստոսները ի հայտ են գալու տեսանելի ձևով, մինչդեռ Հիսուսի ներկայությունը լինելու է անտեսանելի։

Խոսելով ավելի մեծ նեղության մասին, որը սկսվելու էր ապագայում՝ ներկայիս համակարգի վախճանի ժամանակ՝ Հիսուսն ասում է. «Արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն» (Մատթեոս 24։29)։ Առաքյալները լիովին չեն հասկանում, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու, բայց գիտեն, որ ահազդու բաներ են լինելու։

Այս ահազդու իրադարձությունները ինչպե՞ս կանդրադառնան մարդկանց վրա։ Հիսուսն ասում է. «Մարդիկ կնվաղեն վախից և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Ղուկաս 21։26)։ Այսպիսով Հիսուսը նկարագրում է, թե ինչպիսին կլինի մարդկության պատմության ամենամռայլ ժամանակաշրջանը։

Սակայն Հիսուսը օգնում է իր առաքյալներին հասկանալու, որ բոլորը չէ, որ կողբան, երբ մարդու Որդին գա «զորությամբ ու մեծ փառքով» (Մատթեոս 24։30)։ Նա արդեն նշել է, որ Աստված կմիջամտի «հանուն ընտրյալների» (Մատթեոս 24։22)։ Ուրեմն ի՞նչ կանեն Հիսուսի հավատարիմ հետևորդները, երբ սկսեն կատարվել նրա նկարագրած ահազդու իրադարձությունները։ Հիսուսը հորդորում է իր հետևորդներին. «Երբ այս բաները սկսեն կատարվել, ուղիղ կանգնեք և բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է» (Ղուկաս 21։28

Սակայն այդ վճռորոշ ժամանակաշրջանում ապրող հավատարիմ աշակերտները ինչպե՞ս կհասկանան, որ վերջը մոտ է։ Հիսուսը բերում է թզենու օրինակը՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող են հասկանալ դա։ Նա ասում է. «Հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է։ Նմանապես, երբ տեսնեք այս բոլոր բաները, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն» (Մատթեոս 24։32–34

Այսպիսով՝ երբ Հիսուսի աշակերտները տեսնեն, որ կատարվում են նրա տված նշանի բազում երեսակները, կարող են հասկանալ, որ վերջը մոտ է։ Այժմ Հիսուսը մի այնպիսի միտք է նշում, որը շատ կարևոր է այդ նշանակալից ժամանակաշրջանում ապրող աշակերտների համար։

Նա ասում է. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ։ Ինչպես որ այն օրերում՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։36–39)։ Հիսուսը զուգահեռ է անցկացնում Նոյի օրերի Ջրհեղեղի հետ՝ մի իրադարձության, որը կատարվել է համաշխարհային մասշտաբով։

Առաքյալները, լսելով Հիսուսի խոսքերը, անկասկած հասկանում են, որ հարկավոր է արթուն ու զգոն լինել։ Հիսուսն ասում է. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ, որովհետև այն պիտի գա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթուն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկաս 21։34–36

Հիսուսը կրկին ցույց է տալիս, որ իր ասած մարգարեությունը շատ ավելի մեծ մասշտաբով է կատարվելու։ Նա չի խոսում այն իրադարձությունների մասին, որոնք կատարվելու են մի քանի տասնամյակ հետո և առնչվելու են միայն Երուսաղեմին և հրեա ազգին։ Հիսուսի ասածները վերաբերում են այն իրադարձություններին, որոնք «պիտի գան բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին»։

Հիսուսն ասում է, որ իր աշակերտները պետք է լինեն զգոն, արթուն ու պատրաստ։ Նա այս միտքը ընդգծում է՝ բերելով մեկ այլ օրինակ. «Բայց մի բան իմացեք. եթե տանտերը իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն։ Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» (Մատթեոս 24։43, 44

Հիսուսը նշում է, թե աշակերտները ուրիշ ինչ պատճառ ունեն ապագային լավատեսորեն նայելու։ Նա վստահեցնում է նրանց, որ իր մարգարեական խոսքերի կատարման ժամանակաշրջանում կլինի մի «ծառա», որը արթուն ու զգոն կլինի և եռանդորեն կգործի։ Հիսուսն անում է մի այնպիսի համեմատություն, որը իր աշակերտները կարող են հեշտությամբ հասկանալ։ Նա ասում է. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Երջանիկ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան»։ Իսկ եթե «ծառան» սխալ մտածելակերպ զարգացնի և սկսի վատ վերաբերվել մյուսներին, տերը «խստությամբ կպատժի նրան» (Մատթեոս 24։45–51; համեմատի՛ր Ղուկաս 12։45, 46

Սակայն Հիսուսը նկատի չունի, թե լինելու է իր հետևորդների մի խումբ, որը սխալ մտածելակերպ է զարգացնելու։ Այդ դեպքում ի՞նչ դաս է նա ցանկանում սովորեցնել իր աշակերտներին այդ օրինակով։ Նա ուզում է, որ իր աշակերտները միշտ զգոն ու եռանդուն լինեն։ Նա այդ միտքը ավելի հստակ ընդգծում է՝ պատմելով մի առակ։