Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 138

Քրիստոսը՝ Աստծու աջ կողմում

Քրիստոսը՝ Աստծու աջ կողմում

ԳՈՐԾԵՐ 7։56

  • ՀԻՍՈՒՍԸ ՆՍՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԱՋ ԿՈՂՄՈՒՄ

  • ՍՈՂՈՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ԱՇԱԿԵՐՏԸ

  • ՄԵՆՔ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՈՒՆԵՆՔ

Հիսուսի համբարձվելուց տասը օր անց՝ Պենտեկոստեի տոնի ժամանակ, սուրբ ոգին թափվում է աշակերտների վրա, ինչն էլ փաստում է, որ Հիսուսն իսկապես երկնքում է։ Շուտով ի հայտ են գալիս նաև այլ ապացույցներ։ Քարոզչության համար քարկոծվելուց անմիջապես առաջ Ստեփանոս աշակերտը բացականչում է. «Ահա ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած» (Գործեր 7։56

Հիսուսը իր Հոր մոտ՝ երկինք, համբարձվելուց հետո պետք է սպասեր, մինչև որ ստանար մի հրահանգ, որի մասին նախապես գրվել էր Աստծու Խոսքում։ Դավիթը Աստծու ներշնչմամբ գրել էր. «Սա է Եհովայի խոսքը իմ Տիրոջը [Հիսուսին]. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»»։ Երբ սպասելու ժամանակահատվածն ավարտվեր, Հիսուսը պետք է «տիրեր [իր] թշնամիների մեջ» (Սաղմոս 110։1, 2)։ Բայց ի՞նչ էր անելու Հիսուսը երկնքում, մինչ սպասում էր, որ գա իր թշնամիների դեմ գործելու ժամանակը։

Մ.թ. 33-ի Պենտեկոստեին կազմավորվում է քրիստոնեական ժողովը։ Հիսուսը սկսում է երկնքից ղեկավարել ոգով օծված աշակերտներին (Կողոսացիներ 1։13)։ Նա առաջնորդում է իր հետևորդներին քարոզչական գործում և նրանց նախապատրաստում է իրենց ապագա դերը ստանձնելու համար։ Ի՞նչ դեր կստանձնեն Հիսուսի հետևորդները։ Նրանք, ովքեր հավատարիմ կմնան մինչև մահ, հարություն կառնեն և կծառայեն որպես Հիսուսի թագավորակիցներ նրա Թագավորության մեջ։

Այդպիսի անհատներից մեկը, ով ապագայում դառնալու է թագավոր, Սողոսն է, որն ավելի հայտնի է իր հռոմեական՝ Պողոս անունով։ Նա ազգությամբ հրեա է և նախանձախնդրություն է դրսևորում Աստծու Օրենքը պահելու հարցում։ Բայց հրեա կրոնական առաջնորդները նրան մոլորության մեջ են գցել, այնպես որ, նա նույնիսկ կողմ է եղել Ստեփանոսի քարկոծմանը։ Հետո Սողոսը, որը «սպառնալիք ու մահ է շնչում Տիրոջ աշակերտների վրա», ճանապարհ է ընկնում դեպի Դամասկոս։ Նա քահանայապետ Կայիափայից իրավասություն է ստացել ձերբակալելու Հիսուսի աշակերտներին և Երուսաղեմ բերելու նրանց (Գործեր 7։58; 9։1)։ Սակայն ճանապարհին մի պայծառ լույս է փայլատակում նրա շուրջը, և նա վախից ընկնում է գետին։

Այդ պահին նա մի ձայն է լսում, որն ասում է. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Սողոսը հարցնում է. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանում է. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես» (Գործեր 9։4, 5

Հիսուսը Սողոսին պատվիրում է գնալ Դամասկոս ու սպասել հետագա հրահանգների։ Բայց քանի որ Սողոսը այդ պայծառ լույսից կուրացել է, նա ինքնուրույն չի կարող գնալ քաղաք, ուստի նրան ուղեկցում են այնտեղ։ Ապա Հիսուսը տեսիլքի մեջ հայտնվում է Անանիային՝ իր աշակերտներից մեկին, որն ապրում է Դամասկոսում։ Հիսուսն Անանիային պատվիրում է, որ գնա իր նշած տունը և հանդիպի Սողոսին։ Անանիան սկզբում վարանում է, բայց Հիսուսը նրան այսպիսի վստահեցում է տալիս. «Այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին ու Իսրայելի որդիներին»։ Ուստի Անանիան գնում է և անում Հիսուսի ասածը։ Սողոսի տեսողությունը վերականգնվում է, և հենց Դամասկոսում նա անմիջապես «սկսում է ժողովարաններում քարոզել, թե Հիսուսն է Աստծու Որդին» (Գործեր 9։15, 20

Հիսուսի աջակցությամբ Պողոսը և բարի լուրի մյուս քարոզիչները շարունակում են կատարել քարոզչական գործը, որը սկսել էր Հիսուսը։ Աստված օրհնում է նրանց ջանքերը, և հիանալի արդյունքներ են լինում։ Դամասկոսի ճանապարհին տեղի ունեցած դեպքից մոտ 25 տարի անց Պողոսը գրում է, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կողոսացիներ 1։23

Տարիներ անց Հիսուսը իր սիրելի առաքյալին՝ Հովհաննեսին, մի շարք տեսիլքներ է տալիս, որոնք արձանագրված են Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում։ Այդ տեսիլքների միջոցով Հովհաննեսը, կարելի է ասել, իր կենդանության օրոք տեսնում է Հիսուսի վերադարձը՝ թագավորական իշխանությամբ (Հովհաննես 21։22)։ Հովհաննեսը գրում է. «Ոգու ներշնչմամբ ես հայտնվեցի Տիրոջ օրվա մեջ» (Հայտնություն 1։10)։ Իսկ ե՞րբ էր գալու «Տիրոջ օրը»։

Աստվածաշնչյան մարգարեությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Տիրոջ օրը» սկսվել է մեր ժամանակներում։ 1914թ.-ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Եվ դրան հաջորդող տասնամյակներն աչքի ընկան նորանոր պատերազմներով, համաճարակներով, երկրաշարժերով և այլ աղետալի իրադարձություններով։ Այդ ամենը փաստում է, որ համաշխարհային մասշտաբով իրականանում է Հիսուսի «ներկայության և աշխարհի վախճանի նշանը», որ նա տվել էր իր առաքյալներին (Մատթեոս 24։3, 7, 8, 14)։ Իսկ այժմ քարոզվում է Թագավորության բարի լուրը, ընդ որում՝ ոչ միայն նախկին Հռոմեական կայսրության տարածքում, այլև ամբողջ աշխարհում։

Հովհաննեսը Աստծու ներշնչմամբ գրել է, թե ինչի ապացույցն են այս բոլոր իրադարձությունները. «Հիմա հաստատվեց փրկությունը, զորությունը և մեր Աստծու թագավորությունն ու նրա Քրիստոսի իշխանությունը» (Հայտնություն 12։10)։ Այո՛, երկնքում արդեն հաստատվել է Աստծու Թագավորությունը, որի մասին քարոզում էր Հիսուսը։

Սա հիանալի լուր է Հիսուսի բոլոր հավատարիմ հետևորդների համար։ Նրանք սրտանց ընդունում են Հովհաննես առաքյալի տված հորդորը. «Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում։ Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12

Փաստորեն, այժմ Հիսուսն այլևս չի սպասում՝ իր Հոր աջ կողմը նստած։ Նա իշխում է որպես Թագավոր և շուտով կոչնչացնի իր բոլոր թշնամիներին (Եբրայեցիներ 10։12, 13)։ Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո։