Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 135

Հարություն առած Հիսուսը երևում է շատերին

Հարություն առած Հիսուսը երևում է շատերին

ՂՈՒԿԱՍ 24։13–49 ՀՈՎՀԱՆՆԵՍ 20։19–29

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԷՄՄԱՈՒՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

  • ՆԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԸ

  • ԹՈՎՄԱՍՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ

Այժմ նիսանի 16-ն է՝ կիրակի։ Աշակերտները վշտացած են։ Նրանք չեն հասկանում, թե ինչու է Հիսուսի գերեզմանը դատարկ (Մատթեոս 28։9, 10; Ղուկաս 24։11)։ Այդ օրը ավելի ուշ Կլեոպասն ու մեկ ուրիշ աշակերտ հեռանում են Երուսաղեմից ու գնում Էմմաուս, որը մոտ 11 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Ճանապարհին նրանք քննարկում են այդ օրվա պատահած դեպքերը։ Այդ ընթացքում մի անծանոթ մարդ է մոտենում նրանց։ Նա հարցնում է. «Այդ ինչի՞ մասին եք իրար հետ քննարկում»։ Կլեոպասը պատասխանում է. «Մի՞թե պանդուխտ ես Երուսաղեմում և ոչ մեկի հետ չես շփվում։ Ի՞նչ է, չգիտե՞ս, թե ինչ պատահեց Երուսաղեմում այս օրերին»։ Անծանոթը հարցնում է. «Ի՞նչ է պատահել» (Ղուկաս 24։17–19

Նրանք պատմում են «այն, ինչ պատահել էր Հիսուս նազովրեցու հետ»։ Ապա ասում են. «Իսկ մենք հույս ունեինք, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը» (Ղուկաս 24։19–21

Այնուհետև Կլեոպասն ու մյուս աշակերտը պատմում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել հենց այդ օրը։ Նրանք ասում են, որ մի քանի կանայք գնացել են Հիսուսի գերեզման և տեսել են, որ գերեզմանը դատարկ է։ Այդ կանայք նաև տեսել են հրեշտակների, որոնք ասել են, որ Հիսուսը կենդանի է։ Կլեոպասն ու նրա ընկերակիցը նաև պատմում են, որ մյուս աշակերտները նույնպես գնացել են գերեզման և «տեսել են, որ ամեն ինչ այնպես է, ինչպես որ կանայք պատմել են» (Ղուկաս 24։24

Այս երկու աշակերտները շփոթված են ու չեն հասկանում, թե այդ ամենը ինչ է նշանակում։ Անծանոթը, ցանկանալով ուղղել նրանց սխալ մտածելակերպը, այնպիսի ազդեցիկ կերպով է պատասխանում, որ նրանք տպավորվում են մինչև սրտի խորքը. «Ո՜վ անմիտներ, որ դանդաղում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այս չարչարանքները և հասներ իր փառքին» (Ղուկաս 24։25, 26)։ Նա շարունակում է բացատրել նրանց Սուրբ Գրքերից բազմաթիվ հատվածներ, որոնք վերաբերում են Քրիստոսին։

Վերջապես նրանք մոտենում են Էմմաուսին։ Երկու աշակերտները ուզում են ավելին իմանալ, ուստի նրանք խնդրում են անծանոթին. «Մնա մեզ հետ, որովհետև երեկոյան դեմ է, և օրն էլ արդեն ավարտվում է»։ Նա համաձայնում է մնալ, և նրանք միասին ընթրում են։ Երբ նա սեղանի շուրջ աղոթում է, կոտրում է հացը ու տալիս նրանց, աշակերտները ճանաչում են նրան, սակայն այդ ժամանակ նա անհետանում է (Ղուկաս 24։29–31)։ Այժմ նրանք վստահ են, որ Հիսուսը կենդանի է։

Աշակերտները ոգևորությամբ ասում են իրար. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։32)։ Նրանք շտապ վերադառնում են Երուսաղեմ և տեսնում են, որ առաքյալներն ու մյուս աշակերտները հավաքվել են այնտեղ։ Սակայն մինչ Կլեոպասն ու մյուս աշակերտը կպատմեն իրենց հետ պատահածը, մյուսներն ասում են. «Իսկապես որ Տերը հարություն է առել և երևացել է Սիմոնին» (Ղուկաս 24։34)։ Ապա Կլեոպասն ու մյուս աշակերտն են պատմում, որ Հիսուսը երևացել է իրենց։

Այդ պահին մի անսպասելի բան է տեղի ունենում. Հիսուսը հայտնվում է սենյակում։ Աշակերտների համար սա անհավանական է. չէ՞ որ նրանք կողպել են դուռը՝ վախենալով հրեաներից։ Սակայն փաստ է, որ Հիսուսը կանգնած է այստեղ՝ նրանց մեջտեղում։ Նա հանդարտորեն ասում է. «Խաղաղությո՛ւն ձեզ»։ Սակայն աշակերտները վախենում են։ Նրանք «կարծում են, թե ոգի են տեսնում», ինչպես որ մի անգամ նախկինում են մտածել, երբ Հիսուսին տեսել են ծովի վրայով քայլելիս (Ղուկաս 24։36, 37; Մատթեոս 14։25–27

Հիսուսը աշակերտներին ցույց է տալիս իր ձեռքերն ու ոտքերը, որ նրանք հասկանան, որ ինքը ուրվական չէ, ոչ էլ տեսիլք, այլ որ ֆիզիկական մարմին ունի։ Նա ասում է. «Ինչո՞ւ եք խռովված, և ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, այդ ե՛ս եմ. շոշափե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկոր չունի, իսկ ես ունեմ, ինչպես և տեսնում եք» (Ղուկաս 24։36–39)։ Աշակերտները զարմանում են ու անչափ ուրախանում, սակայն նրանք դեռ կասկածներ ունեն։

Որպեսզի աշակերտները համոզվեն, որ ինքն իրական է, Հիսուսն ասում է. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»։ Նա վերցնում է մի կտոր խորոված ձուկ և ուտում։ Ապա ասում է. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի [իմ մահից առաջ], ասացի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն» (Ղուկաս 24։41–44

Հիսուսն օգնել է Կլեոպասին ու մյուս աշակերտին հասկանալու Սուրբ Գրքերը։ Այժմ նա նույնն է անում այդ տանը հավաքվածների համար։ Հիսուսն ասում է. «Նույն ձևով էլ գրված է, որ Քրիստոսը պետք է չարչարվի և երրորդ օրը հարություն առնի, և նրա անունով բոլոր ազգերին զղջում պիտի քարոզվի, որպեսզի Աստված ների նրանց մեղքերը։ Երուսաղեմից մինչև մյուս վայրերը՝ դուք այս բաների վկաները կլինեք» (Ղուկաս 24։46–48

Ինչ-որ պատճառով Թովմաս առաքյալը ներկա չէ այդ օրը։ Հաջորդ օրերին մյուս աշակերտները ոգևորությամբ պատմում են նրան. «Մենք տեսա՛նք Տիրոջը»։ Թովմասն ասում է. «Մինչև նրա ձեռքերի վրա չտեսնեմ մեխերի հետքերը, մատս չմտցնեմ մեխերի տեղը ու ձեռքս չմտցնեմ նրա կողը, չեմ հավատա» (Հովհաննես 20։25

Ութ օր անց աշակերտները նորից են հավաքվում և դուռը կողպում։ Այս անգամ Թովմասն էլ է ներկա։ Հիսուսը հայտնվում է սենյակում ֆիզիկական մարմնով և ողջունում է նրանց. «Խաղաղությո՛ւն ձեզ»։ Ապա դիմելով Թովմասին՝ ասում է. «Մատդ դիր այստեղ և նայիր ձեռքերիս։ Ձեռքդ իմ կողը մտցրու և այլևս մի՛ եղիր անհավատ, այլ հավատ ունեցիր»։ Թովմասը բացականչում է. «Տե՛ր իմ և աստվա՛ծ իմ» (Հովհաննես 20։26–28)։ Այո՛, այժմ Թովմասը լիովին համոզված է, որ Հիսուսը կենդանի է որպես հզոր ոգեղեն անձնավորություն՝ Եհովա Աստծու ներկայացուցիչ։

Հիսուսն ասում է նրան. «Ինձ տեսար, դրա համա՞ր հավատացիր։ Երջանիկ են նրանք, ովքեր չեն տեսնում, բայց հավատում են» (Հովհաննես 20։29