Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 107

Թագավորը կանչում է հարսանեկան խնջույքին հրավիրվածներին

Թագավորը կանչում է հարսանեկան խնջույքին հրավիրվածներին

ՄԱՏԹԵՈՍ 22։1–14

  • ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՆՋՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

Հիսուսն իր ծառայության ընթացքում առակների միջոցով մերկացնում է դպիրների և ավագ քահանաների նենգությունը։ Ուստի նրանք ցանկանում են սպանել նրան (Ղուկաս 20։19)։ Բայց Հիսուսը շարունակում է քողազերծել նրանց։ Նա մեկ այլ առակ է պատմում։

Հիսուսն ասում է. «Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հարսանեկան խնջույքին հրավիրվածներին, բայց նրանք չուզեցին գալ» (Մատթեոս 22։2, 3)։ Հիսուսը այս առակի սկզբում հիշատակում է «երկնքի թագավորություն» արտահայտությունը։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ թագավորը Եհովան է։ Իսկ ովքե՞ր են թագավորի որդին և հարսանեկան խնջույքին հրավիրվածները։ Դժվար չէ հասկանալ, որ թագավորի որդին՝ Եհովայի Որդին է, այսինքն՝ Հիսուսը, իսկ հրավիրվածները նրանք են, ովքեր Որդու հետ լինելու են երկնքի Թագավորության մեջ։

Ովքե՞ր են առաջինը հրավիրվել։ Ո՞ւմ են Հիսուսը և առաքյալները քարոզել Թագավորության մասին։ Նրանք քարոզել են հրեաներին (Մատթեոս 10։6, 7; 15։24)։ Այս ազգը մ.թ.ա. 1513-ին ընդունեց Օրենքի ուխտը, և այդպիսով հրավիրվեց դառնալու «քահանաների թագավորություն» (Ելք 19։5–8)։ Բայց ե՞րբ այս հրավիրվածները կանչվեցին «հարսանեկան խնջույքին»։ Տրամաբանական է եզրակացնել, որ նրանք կանչվեցին մ.թ. 29-ին, երբ Հիսուսը սկսեց քարոզել երկնքի Թագավորության մասին։

Իսրայելացիների մեծ մասը ինչպե՞ս արձագանքեց այս կանչին։ Ինչպես նշում է Հիսուսը, «նրանք չուզեցին գալ»։ Կրոնական առաջնորդների և հասարակ ժողովրդի մեծ մասը չընդունեց Հիսուսին՝ որպես Մեսիայի և Աստծու նշանակած Թագավորի։

Սակայն Հիսուսը նշում է, որ հրեաներին մեկ այլ հնարավորություն է տրվելու։ Նա ասում է. «Հետո [թագավորը] ուրիշ ծառաներ ուղարկեց ու ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. «Ահա պատրաստել եմ իմ ճաշկերույթը, իմ ցլերն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է։ Եկեք խնջույքին»»։ Բայց նրանք անտարբեր մնացին. մեկն իր արտը գնաց, մյուսն՝ իր առևտրին, իսկ մնացածները բռնեցին նրա ծառաներին և անարգելով սպանեցին» (Մատթեոս 22։4–6)։ Նման բան է տեղի ունենում ապագայում, երբ կազմավորվում է քրիստոնեական ժողովը։ Այդ ժամանակ հրեաները դեռ հնարավորություն են ունենում մտնելու Թագավորություն, սակայն նրանց մեծ մասը մնում է անտարբեր և նույնիսկ հալածում ու սպանում է «թագավորի ծառաներին» (Գործեր 4։13–18; 7։54, 58

Ի՞նչ է լինում հետևանքը։ Հիսուսը շարունակում է. «Թագավորն էլ զայրացավ և իր զորքն ուղարկելով՝ կոտորեց այդ մարդասպաններին ու այրեց նրանց քաղաքը» (Մատթեոս 22։7)։ Հրեաները քաղում են այս դառը պտուղները մ.թ. 70թ.-ին, երբ հռոմեացիները կործանում են նրանց քաղաքը՝ Երուսաղեմը։

Այն, որ հրեաները մերժում են թագավորի կանչը, նշանակո՞ւմ է արդյոք, որ ուրիշ ոչ ոք չի հրավիրվի։ Ո՛չ։ Դա երևում է Հիսուսի առակից։ Նա ասում է. «Ապա [թագավորը] ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքն արդեն պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Ուստի դուրս եկեք գլխավոր ճանապարհները և ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին»։ Ծառաներն էլ դուրս եկան և ճանապարհներից հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին. և հարսանեկան սրահը լցվեց սեղանի շուրջ թիկնած մարդկանցով» (Մատթեոս 22։8–10

Այս խոսքերը կատարվում են հետագայում, երբ Պետրոս առաքյալը օգնում է, որ հեթանոսները, այսինքն՝ նրանք, ովքեր ազգությամբ հրեա չեն և ոչ էլ պրոզելիտ, դառնան ճշմարիտ քրիստոնյաներ։ Մ.թ. 36-ին հռոմեացի զորապետ Կոռնելիոսը և նրա ընտանիքը ստանում են Աստծու սուրբ ոգին և հնարավորություն են ունենում մտնելու երկնքի Թագավորություն, որի մասին հիշատակել էր Հիսուսը (Գործեր 10։1, 34–48

Հիսուսը նշում է, որ խնջույքին եկած ոչ բոլոր մարդիկ կստանան թագավորի հավանությունը։ Նա ասում է. «Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան հագուստով չէր։ Նրան ասաց. «Բարեկա՛մ, առանց հարսանեկան հագուստի՝ ինչպե՞ս մտար այստեղ»։ Նա պապանձվեց։ Այնուհետև թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»։ Շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված» (Մատթեոս 22։11–14

Կրոնական առաջնորդները, որոնք լսում են Հիսուսի այս խոսքերը, գուցեև ամբողջությամբ չեն հասկանում, թե ինչ են դրանք նշանակում կամ ում են վերաբերում, բայցևայնպես Հիսուսի ասածները նրանց դուր չեն գալիս։ Ուստի նրանք վերջնականապես վճռում են ձերբազատվել այն անձնավորությունից, որը քողազերծում է իրենց նենգությունը։