Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 46

Մի կին բուժվում է՝ դիպչելով Հիսուսի վերնահագուստին

Մի կին բուժվում է՝ դիպչելով Հիսուսի վերնահագուստին

ՄԱՏԹԵՈՍ 9։18–22 ՄԱՐԿՈՍ 5։21–34 ՂՈՒԿԱՍ 8։40–48

  • ԲՈՒԺՎՈՒՄ Է՝ ԴԻՊՉԵԼՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՆԱՀԱԳՈՒՍՏԻՆ

Հիսուսի վերադարձի մասին լուրերը արագորեն տարածվում են Գալիլեայի ծովի հյուսիսարևմտյան կողմում ապրող հրեաների մեջ։ Հավանաբար, շատերը լսել են, որ ուժգին փոթորկի ժամանակ Հիսուսը դադարեցրել է քամին ու հանդարտեցրել մոլեգնած ալիքները, իսկ ոմանք էլ գուցե իմացել են, որ նա բուժել է դիվահար մարդկանց։ Ուստի Հիսուսին դիմավորելու համար «մի մեծ բազմություն» է հավաքվում ծովի մոտ՝ թերևս Կափառնայումի տարածքում (Մարկոս 5։21)։ Երբ Հիսուսը ափ է իջնում, տեսնում է, որ մարդիկ ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում են իրեն։

Հիսուսին սպասող մարդկանցից մեկը Հայրոսն է, որը ժողովարանի պետ է, թերևս այն ժողովարանի, որը Կափառնայում քաղաքում է։ Հիսուսին տեսնելուն պես նա ընկնում է նրա ոտքերն ու սկսում է աղերսել նրան. «Աղջիկս ծանր վիճակում է։ Խնդրում եմ, արի և ձեռքերդ նրա վրա դիր, որ առողջանա ու ապրի» (Մարկոս 5։23)։ Ինչպե՞ս կարձագանքի Հիսուսը Հայրոսի աղերսագին խնդրանքին, որի մինուճար դուստրը, որ ընդամենը 12 տարեկան է, մահամերձ է (Ղուկաս 8։42

Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպի Հայրոսի տուն, բայց ճանապարհին մի հուզիչ դեպք է պատահում։ Հիսուսին ուղեկցում է մարդկանց մի մեծ բազմություն։ Նրանցից շատերը ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում են, թե երբ է նա նոր հրաշք անելու։ Ամբոխի մեջ կա մի կին, որը ծանր հիվանդ է ու շատ է մտահոգված իր հիվանդությամբ։

Այս հրեա կինը արդեն 12 տարի է, ինչ տառապում է արյունահոսությամբ։ Նա դիմել է շատ բժիշկների և իր ողջ ունեցածը ծախսել է բուժման վրա։ Բայց նրան ոչինչ չի օգնել։ Նրա վիճակը նույնիսկ «ավելի է վատացել» (Մարկոս 5։26

Այս հիվանդությունը, ինչ խոսք, ոչ միայն հյուծում է կնոջը, այլև անհարմար ու նվաստացուցիչ վիճակի մեջ է գցում նրան։ Սովորաբար, ոչ ոք այդպիսի հիվանդության մասին բացահայտ չի խոսում։ Ավելին, համաձայն Մովսիսական օրենքի՝ արյան արտահոսում ունեցող կինը ծիսականորեն անմաքուր է համարվում։ Ամեն ոք, ով դիպչում է նրան կամ նրա արյունոտ հանդերձներին, պետք է լվացվի ու մինչև երեկո անմաքուր համարվի (Ղևտական 15։25–27

Այս կինը լսել է Հիսուսի մասին և այժմ նրան է փնտրում։ Քանի որ նա անմաքուր է, ձգտում է ամբոխի միջով հնարավորինս աննկատ մոտենալ Հիսուսին։ Նա մտածում է. «Եթե միայն նրա վերնահագուստին դիպչեմ, կլավանամ»։ Եվ երբ նա դիպչում է Հիսուսի վերնահագուստի ծոպերին, անմիջապես զգում է, որ իր արյունահոսությունը դադարել է։ Վերջապես նա բուժվում է իրեն «տանջող հիվանդությունից» (Մարկոս 5։27–29

Այդ պահին Հիսուսը հարցնում է. «Այդ ո՞վ դիպավ ինձ»։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում կինը՝ լսելով Հիսուսի խոսքերը։ Պետրոսը, զարմանում է, որ Հիսուսը հարցնում է, թե ով է դիպել իրեն, և ասում է նրան. «Ամբոխն է սեղմում քեզ ու նեղում»։ Բայց Հիսուսն ասում է. «Ինչ-որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձանից զորություն դուրս եկավ» (Ղուկաս 8։45, 46)։ Փաստորեն, քիչ առաջ տեղի ունեցած բուժման ժամանակ Հիսուսից ուժ էր դուրս եկել։

Հասկանալով, որ իրեն չհաջողվեց աննկատ մնալ՝ կինը, վախից դողալով, խոնարհվում է Հիսուսի առաջ։ Ապա բոլորի առջև պատմում է իր հիվանդության մասին ու ասում, որ ինքը հենց նոր առողջացել է։ Հիսուսը մեղմությամբ ասում է նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկոս 5։34

Այո՛, նա, ում Աստված ընտրել է որպես Թագավոր ողջ մարդկության համար, շատ ջերմ ու կարեկից անձնավորություն է։ Նա սիրում է մարդկանց և զորություն ունի օգնելու նրանց։