Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 45

Իշխանություն ունի դևերի վրա

Իշխանություն ունի դևերի վրա

ՄԱՏԹԵՈՍ 8։28–34 ՄԱՐԿՈՍ 5։1–20 ՂՈՒԿԱՍ 8։26–39

  • ՀԱՆՈՒՄ Է ԴԵՎԵՐԻՆ ԵՎ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԽՈԶԵՐԻ ՄԵՋ

Երբ աշակերտները ծովում կրած մեծ փորձությունից հետո ափ են հասնում, նրանց առջև բացվում է մի ահազդու տեսարան. երկու վայրագ մարդիկ, երկուսն էլ դիվահար, դուրս են գալիս մոտակա գերեզմանատնից ու վազում դեպի Հիսուսը։ Այս դեպքի մասին աստվածաշնչյան արձանագրություններում գլխավորաբար խոսվում է մարդկանցից միայն մեկի մասին, հավանաբար այն պատճառով, որ նա ավելի կատաղի է և ավելի երկար ժամանակ է, ինչ գտնվում է դևերի իշխանության տակ։

Արդեն որոշ ժամանակ է, ինչ այդ մարդը մերկ է շրջում։ Օր ու գիշեր նա «գերեզմաններում ու սարերում աղաղակում է և ինքն իրեն քարերով ճղոտում» (Մարկոս 5։5)։ Նա այնքան վայրագ է, որ մարդիկ վախենում են անցնել ճանապարհի այդ հատվածով։ Ոմանք մի քանի անգամ փորձել են նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա կոտրել է շղթաները ու փշրել ոտնակապերը։ Այնպես որ, ոչ ոք չի կարողանում «զսպել նրան»։

Դիվահար մարդը մոտենում է Հիսուսին և ընկնում է նրա ոտքերի առաջ։ Այդ ժամանակ նրա վրա ազդեցություն բանեցնող դևերը դրդում են նրան բղավելու. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, ինձ մի՛ տանջիր»։ Հիսուսը, ցույց տալով, որ իշխանություն ունի դևերի վրա, հրամայում է. «Դո՛ւրս արի այդ մարդու միջից, անմաքո՛ւր ոգի» (Մարկոս 5։7, 8

Այդ մարդուն իրենց իշխանության տակ պահող դևերը թվով շատ են։ Ուստի երբ Հիսուսը հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», նա պատասխանում է. «Անունս Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք» (Մարկոս 5։9)։ Հռոմեական լեգեոնը բաղկացած է հազարավոր զինվորներից։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ դևերի մի մեծ խումբ է ազդեցություն բանեցնում այդ մարդու վրա՝ հաճույք ստանալով նրա տառապանքներից։ Այդ դևերն աղաչում են Հիսուսին, որ «իրենց չհրամայի անդունդը գնալ»։ Նրանք ակներևաբար գիտեն, թե ինչ է սպասում իրենց և իրենց առաջնորդին՝ Սատանային (Ղուկաս 8։31

Մոտակայքում արածում է խոզերի մի երամակ, որը բաղկացած է մոտ 2000 խոզերից (այս կենդանիները, ըստ Օրենքի, անմաքուր էին համարվում, և հրեաները չպետք է նույնիսկ պահեին դրանք)։ Դևերն ասում են. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, թույլ տուր՝ մտնենք նրանց մեջ» (Մարկոս 5։12)։ Հիսուսը թույլ է տալիս, որ նրանք գնան ու մտնեն խոզերի մեջ։ Եվ այդ ժամանակ բոլոր խոզերը ժայռից ցած են նետվում ու խեղդվում ծովում։

Խոզարածները, տեսնելով պատահածը, շտապ գնում ու այդ մասին պատմում են քաղաքում և ագարակներում։ Մարդիկ գալիս են՝ տեսնելու պատահածը։ Երբ նրանք տեղ են հասնում, զարմանքով տեսնում են, որ դիվահար մարդը այժմ լիովին առողջ է։ Նա հագնված է ու նստած է Հիսուսի ոտքերի մոտ։

Մարդիկ, ովքեր լսում են այս դեպքի մասին կամ տեսնում են առողջացած մարդուն, վախով են համակվում՝ չիմանալով, թե ուրիշ ինչ կարող է պատահել։ Նրանք խնդրում են Հիսուսին, որ հեռանա իրենց բնակավայրից։ Երբ Հիսուսը պատրաստվում է նավակ նստել, որ հեռանա, մարդը, որն ազատվել էր դիվային ազդեցությունից, աղերսում է Հիսուսին, որ «թույլ տա իր հետ մնալ»։ Բայց Հիսուսն ասում է նրան. «Գնա տուն՝ քո ազգականների մոտ, և պատմիր նրանց այն ամենը, ինչ Եհովան արեց քեզ համար, և այն ողորմության մասին, որ քո հանդեպ ցուցաբերվեց» (Մարկոս 5։19

Սովորաբար, Հիսուսը այն մարդկանց, ում բուժում է, պատվիրում է ոչ ոքի չպատմել կատարվածի մասին, քանի որ չի ցանկանում, որ մարդիկ իր մասին եզրակացություններ անեն ցնցող տեղեկությունների հիման վրա։ Սակայն այս դեպքում դիվային ազդեցությունից ազատված մարդը Հիսուսի զորության կենդանի ապացույցն է և կարող է վկայություն տալ նրանց, ում Հիսուսը գուցե անձամբ չկարողանա հանդիպել։ Այդ մարդու տված վկայությունը նաև կարող է վերջ դնել ցանկացած բացասական խոսակցության, որ գուցե լինի խոզերի կորստի պատճառով։ Ուստի այդ մարդը գնում է և սկսում է ողջ Դեկապոլիսում պատմել այն ամենի մասին, ինչ Հիսուսն արել է իր համար։