Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 35

Հիսուսի հայտնի քարոզը

Հիսուսի հայտնի քարոզը

Հիսուսը ողջ գիշեր աղոթել է և ապա իր աշակերտների միջից ընտրել 12 առաքյալների։ Նա պետք է որ հոգնած լինի, սակայն դեռ լի է եռանդով և մարդկանց օգնելու մեծ ցանկություն ունի։ Հիսուսը այս անգամ մարդկանց ուսուցանում է Գալիլեայում գտնվող մի լեռան լանջին, որը հավանաբար գտնվում է Կափառնայումից՝ իր գործունեության հիմնական վայրից ոչ հեռու։

Մարդիկ եկել են հեռավոր վայրերից. ոմանք եկել են հարավից՝ Երուսաղեմից և Հրեաստանի այլ տեղերից, ոմանք էլ՝ հյուսիս-արևմուտքից՝ Տյուրոս և Սիդոն առափնյա քաղաքներից։ Նրանք եկել են Հիսուսի մոտ՝ «նրան լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու» համար։ Միայն պատկերացրու՝ բոլոր հիվանդները բուժվում են։ Հիսուսը օգնում է նաև այն մարդկանց, «ովքեր տառապում են անմաքուր ոգիներից», այսինքն՝ գտնվում են Սատանայի չար հրեշտակների ազդեցության տակ (Ղուկաս 6։17–19

Հետո Հիսուսը լեռան լանջին մի հարթ տեղ է գտնում, և մարդիկ հավաքվում են նրա շուրջը։ Հավանաբար անմիջապես Հիսուսի կողքին են գտնվում նրա 12 առաքյալները և մյուս աշակերտները։ Բոլորն էլ շատ են ցանկանում լսել այդ ուսուցչին, որը կարողանում է զորավոր գործեր անել։ Հիսուսը ներկայացնում է մի քարոզ, որը, անկասկած, շատ օգտակար է իր ունկնդիրների համար։ Այդ ժամանակվանից ի վեր այն օգտակար է եղել նաև բազմաթիվ այլ մարդկանց համար։ Այդ հայտնի քարոզը կարող է մեծ օգուտներ բերել նաև մեզ, քանի որ այն պարունակում է խոր հոգևոր ճշմարտություններ՝ ներկայացված շատ պարզ ու մատչելի կերպով։ Հիսուսը նշում է գործնական մտքեր և բերում է մարդկանց ծանոթ օրինակներ։ Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ապրել Աստծուն հաճելի կյանքով, կարող են հեշտությամբ հասկանալ նրա ասածները։ Որո՞նք են այդ քարոզի գլխավոր մտքերը, որ հատկապես արժեքավոր են։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՍԿԱՊԵՍ ԵՐՋԱՆԻԿ

Ինչ խոսք, բոլորն էլ ցանկանում են երջանիկ լինել։ Ուստի Հիսուսը իր քարոզը սկսում է՝ խոսելով այն մասին, թե ովքեր են իսկապես երջանիկ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ուշադրությամբ են ներկաները լսում նրան։ Սակայն որոշ մտքեր թերևս զարմացնում են նրանց։

Հիսուսն ասում է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև նրանք կմխիթարվեն.... Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան.... Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ.... իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք» (Մատթեոս 5։3–12

Ի՞նչ նկատի ունի Հիսուսը՝ խոսելով երջանիկ լինելու մասին։ Նա նկատի չունի ուրախ լինելը կամ բարձր տրամադրություն ունենալը։ Իսկական երջանկությունը ավելի խոր զգացում է. երջանիկ մարդը ունենում է գոհունակության ու բավարարվածության զգացում։

Հիսուսն ասում է, որ իրականում երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, տրտմում են իրենց մեղավոր վիճակի համար և ճանաչում ու ծառայում են Աստծուն։ Անգամ երբ այդ մարդիկ ատելության են արժանանում կամ հալածվում են Աստծու կամքն անելու համար, նրանք, միևնույնն է, երջանիկ են, քանի որ գիտեն, որ հաճեցնում են Աստծուն և ստանալու են հավիտենական կյանքի պարգևը։

Շատերը կարծում են, թե երջանիկ է այն մարդը, ով հարուստ է և վայելում է կյանքի հաճույքները։ Հիսուսը, սակայն, ճիշտ դրա հակառակն է ասում։ Նա այնպիսի մտքեր է նշել, որոնք, ըստ երևույթին, իր ունկնդիրներին մտածելու տեղիք են տալիս. «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ամբողջությամբ ստացել եք։ Վա՜յ ձեզ, որ հիմա կուշտ եք, որովհետև պիտի սովածանաք։ Վա՜յ ձեզ, որ հիմա ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք։ Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին, որովհետև նրանց նախահայրերն էլ այդպես էին անում սուտ մարգարեներին» (Ղուկաս 6։24–26

Ինչո՞ւ է Հիսուսը «վա՜յ» ասում հարուստներին, ծիծաղողներին և ուրիշների կողմից գովասանք ստացողներին։ Քանի որ երբ մարդը վայելում է այս ամենը և թանկ է համարում դրանք, նա գուցե անտեսի Աստծուն ծառայելը և արդյունքում չունենա իսկական երջանկություն։ Հիսուսը չի ուզում ասել, թե աղքատ կամ քաղցած լինելը մարդուն երջանիկ է դարձնում։ Սակայն հաճախ հենց այսպիսի ծանր հանգամանքներում գտնվող մարդիկ են, որ սրտանց ընդունում են Հիսուսի սովորեցրածը և վայելում են օրհնություններ ու իսկական երջանկություն։

Իր աշակերտներին նկատի ունենալով՝ Հիսուսն ասում է. «Դուք երկրի աղն եք» (Մատթեոս 5։13)։ Իհարկե Հիսուսը չի ուզում ասել, թե իր աշակերտները բառացի աղ են։ Աղը պահպանիչ հատկություն ունի։ Մեծ քանակությամբ աղ պահվում է Աստծու տաճարում՝ զոհասեղանի մոտ, և օգտագործվում է զոհերն ու ընծաները համեմելու համար։ Աղը խորհրդանշում է պաշտպանություն ապականությունից կամ քայքայումից (Ղևտական 2։13; Եզեկիել 43։23, 24)։ Հիսուսի աշակերտները «երկրի աղն» են այն իմաստով, որ նրանք մարդկանց վրա «պահպանիչ» ազդեցություն են ունենում՝ օգնելով նրանց, որ հոգևորապես ու բարոյապես չապականվեն։ Աշակերտների հաղորդած լուրը կարող է պահպանել այն մարդկանց կյանքը, ովքեր կընդունեն այդ լուրը։

Հիսուսը նաև ասում է իր աշակերտներին. «Դուք աշխարհի լույսն եք»։ Ճրագը չեն դնում զամբյուղի տակ, այլ դնում են ճրագակալի վրա, որ լուսավորի շուրջբոլորը։ Ուստի Հիսուսը հորդորում է. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։14–16

ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԻՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրեա կրոնական առաջնորդները Հիսուսին մեղադրում են Աստծու օրենքը խախտելու մեջ։ Նրանք նույնիսկ գաղտնի որոշել են սպանել նրան։ Ուստի Հիսուսը պարզ ասում է նրանց. «Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ Մարգարեները կործանելու։ Ես եկա ոչ թե կործանելու, այլ կատարելու» (Մատթեոս 5։17

Հիսուսը խոր հարգանքով է վերաբերվում Աստծու Օրենքին և հորդորում է ուրիշներին նույն վերաբերմունքն ունենալ։ Նա ասում է. «Ուստի ով որ այս պատվիրաններից ամենափոքրը խախտի և մարդկանց նույն բանն անել սովորեցնի, «ամենափոքրը» կկոչվի երկնքի թագավորության համար»։ Նա նկատի ունի, որ այդպիսի անձնավորությունը ընդհանրապես չի մտնի Աստծու Թագավորություն։ Հիսուսը շարունակում է. «Իսկ ով որ կատարի և սովորեցնի դրանք, «ամենամեծը» կկոչվի երկնքի թագավորության համար» (Մատթեոս 5։19

Հիսուսը դատապարտում է ոչ միայն Աստծու օրենքը խախտելը, այլև այն մտածելակերպը, որը մարդուն դրդում է այդ քայլին։ Նշելով, որ Օրենքում գրված է՝ «մի՛ սպանիր»՝ Հիսուսն ավելացնում է. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակի զայրացած մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա դատարանի առաջ» (Մատթեոս 5։21, 22)։ Զայրացած մնալը շատ լուրջ հետևանքներ է բերում, անգամ կարող է դրդել սպանության։ Ուստի Հիսուսը բացատրում է, թե ինչ ջանքեր է հարկավոր գործադրել խաղաղությունը վերականգնելու համար. «Հետևաբար, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթեոս 5։23, 24

Օրենքի մեկ այլ պատվիրան վերաբերում է շնություն գործելուն։ Հիսուսը դրա մասին ասում է. «Լսել եք, որ ասվեց. «Շնություն մի՛ գործիր»։ Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5։27, 28)։ Հիսուսն այստեղ չի խոսում անցողիկ անբարո մտքի մասին, այլ ընդգծում է, թե որքան լուրջ հետևանքներ կարող են լինել, երբ մարդը «շարունակում է նայել որևէ կնոջ»։ Շարունակ նայելը կարող է կրքոտ ցանկություններ արթնացնել։ Եվ հետո, երբ հարմար առիթ ստեղծվի, այդ ցանկությունները գուցե մարդուն դրդեն շնության։ Ի՞նչ է հարկավոր անել այդ ամենից խուսափելու համար։ Գուցե հարկ լինի ծայրահեղ միջոցների դիմել։ Հիսուսն ասում է. «Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր.... Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու մի կողմ գցիր» (Մատթեոս 5։29, 30

Ոմանք իրենց կյանքը փրկելու համար նույնիսկ համաձայնվում են, որ կտրեն իրենց ախտահարված վերջույթը։ Հիսուսը նշում է, որ շատ ավելի կարևոր է «մի կողմ գցել» ցանկացած բան, անգամ աչքի կամ ձեռքի պես թանկ մի բան՝ անբարո մտքերից ու արարքներից խուսափելու համար։ Հիսուսը բացատրում է, թե ինչու է հարկավոր այդպես վարվել. «Քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենում հայտնվի» (գեհենը Երուսաղեմից դուրս գտնվող մշտապես այրվող մի աղբանոց է, որը խորհրդանշում է հավիտենական ոչնչացում)։

Հիսուսը նաև իմաստուն խորհուրդ է տալիս այն մասին, թե ինչպես պետք է վարվենք, երբ մեզ վիրավորում կամ անարգալից խոսքեր են ասում։ Նա ասում է. «Մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու» (Մատթեոս 5։39)։ Հիսուսը չի ուզում ասել, թե մարդը չպետք է պաշտպանի ինքն իրեն կամ իր ընտանիքին, երբ իրենց վրա հարձակում են գործում։ Նա խոսում է ապտակի մասին, իսկ ապտակով չեն կարող լրջորեն վնասել կամ սպանել մարդուն։ Ավելի շուտ ապտակի միջոցով ուզում են վիրավորել դիմացինին։ Այսպիսով՝ Հիսուսը նկատի ունի, որ երբ ինչ-որ մեկը փորձում է մեզ կռվի կամ վիճաբանության մեջ ներքաշել՝ բառացի ապտակ տալով կամ վիրավորական խոսքեր ասելով, մենք չպետք է նրան նույն ձևով պատասխանենք։

Այդ խորհուրդը ներդաշնակ է Աստծու տված այն պատվիրանին, որը վերաբերում է մերձավորին սիրելուն։ Հիսուսն ասում է իր ունկնդիրներին. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար»։ Հիսուսը նաև նշում է, թե ինչ կարևոր պատճառ կա այդպես վարվելու համար։ Նա ասում է. «Որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա» (Մատթեոս 5։44, 45

Հիսուսն ամփոփում է այս մտքերը հետևյալ խոսքերով. «Ուստի կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5։48)։ Իհարկե, նա նկատի չունի, թե մենք կարող ենք կատարյալ լինել բառի բուն իմաստով։ Այդուհանդերձ, ընդօրինակելով Աստծուն՝ կարող ենք ընդլայնել մեր սերը և սիրել անգամ մեր թշնամիներին։ Հիսուսն ասում է. «Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած» (Ղուկաս 6։36

ԱՂՈԹՔ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Իր քարոզը շարունակելով՝ Հիսուսը հորդորում է ունկնդիրներին. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր արդարությունը մարդկանց առաջ ցույց չտաք նրանց կողմից նկատվելու համար»։ Հիսուսը դատապարտում է կեղծավոր աստվածապաշտությունը՝ ասելով. «Երբ ողորմության նվերներ ես տալիս, քո առջևից փող մի՛ հնչեցրու, ինչպես որ կեղծավորներն են անում» (Մատթեոս 6։1, 2)։ Ճիշտ կլինի «ողորմության նվերներ» տալ առանձին՝ առանց ուշադրություն գրավելու։

Ապա Հիսուսն ասում է. «Երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն»։ Այնուհետև ավելացնում է. «Երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է» (Մատթեոս 6։5, 6)։ Հիսուսը նկատի չունի, թե սխալ է հանրորեն աղոթելը։ Նա ինքն էլ այդպիսի աղոթքներ է արել։ Նա դատապարտում է այնպիսի աղոթքները, որոնք ասվում են ունկնդիրներին տպավորելու և նրանցից գովասանք ստանալու նպատակով։

Հիսուսը հորդորում է. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ այլազգի մարդիկ են անում» (Մատթեոս 6։7)։ Հիսուսը չի ուզում ասել, թե նույն բանի համար մի քանի անգամ աղոթելը սխալ է։ Նա դատապարտում է անգիր ասված աղոթքները և նույն խոսքերը մեխանիկորեն «նորից ու նորից» կրկնելը։ Հետո Հիսուսը սովորեցնում է մի տիպար աղոթք, որի մեջ մտնում է յոթ խնդրանք։ Առաջին երեքը կապ ունեն Աստծու իշխելու իրավունքի և նրա նպատակների հետ։ Այդ խնդրանքներն այն մասին են, որ Աստծու անունը սրբացվի, գա նրա Թագավորությունը, և նրա կամքը կատարվի։ Այս կարևոր բաների մասին նշելուց հետո կարող ենք աղոթել մեր անձնական հարցերի մասին, օրինակ՝ օրվա հացի, մեղքերի ներման, ինչպես նաև այն մասին, որ մեր կարողությունից վեր չփորձվենք, նաև որ Աստված ազատի մեզ Չարից։

Իսկ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենաք նյութական բաների հանդեպ։ Հիսուսն ասում է. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են»։ Սա իսկապես շատ իմաստուն խորհուրդ է։ Նյութական գանձերն անցողիկ են և կարող են ոչնչանալ։ Բացի այդ, նման գանձեր կուտակելով՝ չենք կարող բարձրացնել մեր արժեքը Աստծու աչքում։ Ուստի Հիսուսը խորհուրդ է տալիս. «Ձեզ համար գանձեր դիզեք երկնքում»։ Դա կարող ենք անել, եթե Աստծուն ծառայելը մեր կյանքում առաջին տեղում դնենք։ Այդ դեպքում ոչ ոք չի կարող խլել Աստծու առջև ունեցած մեր լավ համբավը և այն վարձատրությունը, որ նա խոստանում է մեզ՝ հավիտենական կյանքը։ Իր խոսքերն ամփոփելով՝ Հիսուսը նշում է մի կարևոր բան. «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» (Մատթեոս 6։19–21

Այս միտքն ընդգծելու համար Հիսուսը մի օրինակ է բերում. «Մարմնի ճրագը աչքն է։ Ուստի եթե աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե աչքդ չար է, ամբողջ մարմինդ խավար կլինի» (Մատթեոս 6։22, 23)։ Երբ մեր փոխաբերական աչքը ճիշտ է գործում, այն վառվող ճրագի պես «լուսավորում է» մեզ։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ «աչքը» կենտրոնացած լինի մեկ բանի վրա, հակառակ դեպքում՝ կյանքում կարևորություն կտանք սխալ արժեքների։ Եթե Աստծուն ծառայելու փոխարեն՝ կենտրոնանանք նյութական բաների վրա, մեր «ամբողջ մարմինը խավար կլինի», այսինքն՝ կսկսենք սխալ գործեր անել։

Ապա Հիսուսը մի տպավորիչ օրինակ է բերում. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթեոս 6։24

Ունկնդիրներից ոմանց թերևս հետաքրքրում է այն հարցը, թե իրենք ինչ տեսակետ պետք է ունենան նյութական կարիքները հոգալու վերաբերյալ։ Ուստի Հիսուսը հավաստիացնում է նրանց, որ եթե Աստծուն ծառայելը իրենց կյանքում առաջին տեղում դնեն, մտահոգվելու կարիք չի լինի։ Նա ասում է. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց» (Մատթեոս 6։26

Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրում է նաև լեռան լանջին աճած շուշանների վրա և ասում է. «Նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց»։ Ի՞նչ է ուզում ասել Հիսուսը։ Նա շարունակում է. «Եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի» (Մատթեոս 6։29, 30)։ Ապա նա հորդորում է. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք».... Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ։ Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթեոս 6։31–33

ԿՅԱՆՔԻ ՏԱՆՈՂ ՈՒՂԻ

Առաքյալները և ուրիշ անկեղծ մարդիկ ցանկանում են ապրել Աստծուն հաճելի կյանքով, սակայն դա հեշտ չէ նրանց համար։ Օրինակ՝ շատ փարիսեցիներ խստորեն քննադատում են ուրիշներին։ Ուստի Հիսուսը հորդորում է իր ունկնդիրներին. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք» (Մատթեոս 7։1, 2

Ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է հետևել խիստ քննադատական ոգի ունեցող փարիսեցիների առաջնորդությանը, Հիսուսը մի օրինակ է բերում. «Մի՞թե կույրը կույրին կարող է առաջնորդել։ Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»։ Հիսուսը իր ունկնդիրներին սովորեցնում է, որ չպետք է քննադատաբար վերաբերվեն մարդկանց, քանի որ դա շատ լուրջ սխալ է։ Նա ասում է. «Ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «եղբա՛յր, թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», մինչդեռ ինքդ չես տեսնում այն գերանը, որ քո աչքի մեջ է։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է հանել եղբորդ աչքի միջի շյուղը» (Ղուկաս 6։39–42

Սա չի նշանակում, թե աշակերտները ընդհանրապես չպետք է դատողություններ և եզրահանգումներ անեն դիմացինի մասին։ Հիսուսն ասում է. «Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք» (Մատթեոս 7։6)։ Աստծու Խոսքի ճշմարտությունները մեծ արժեք ունեն, ինչպես մարգարիտները։ Ուստի եթե ոմանք չեն գնահատում այդ անգին ճշմարտությունները, աշակերտները պետք է թողնեն նրանց և փնտրեն այնպիսի մարդկանց, ովքեր կգնահատեն դրանք։

Հիսուսը կրկին անդրադառնում է աղոթքի թեմային և ընդգծում է դրանում հարատևելու կարևորությունը։ Նա ասում է. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ»։ Աստված պատրաստակամորեն պատասխանում է մեր աղոթքներին։ Այդ միտքը շեշտելու համար Հիսուսն ասում է. «Ձեզանից ո՞վ իր որդուն քար կտա, եթե նա հաց խնդրի.... Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իրենից խնդրողներին» (Մատթեոս 7։7–11

Այնուհետև Հիսուսը մի կարևոր միտք է ասում, որն այսօր դարձել է վարվելակերպի հայտնի կանոն. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։ Մի՞թե տեղին չի լինի, որ բոլորս սրտանց ընդունենք այս իմաստուն խորհուրդը ու այն կիրառենք մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում։ Սակայն այդպես վարվելը այնքան էլ հեշտ չէ, ինչպես երևում է Հիսուսի խոսքերից. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։12–14

Հիսուսը գիտի, որ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն աշակերտներին շեղել կյանքի տանող ուղուց, ուստի ասում է. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են» (Մատթեոս 7։15)։ Հիսուսը նաև բացատրում է, որ ինչպես լավ ու վատ ծառերը կարելի է ճանաչել նրանց պտուղներից, այնպես էլ մարդկանց կարելի է ճանաչել նրանց խոսքերից ու գործերից։ Հետևաբար, կեղծ մարգարեներին կարող ենք ճանաչել նրանց ուսմունքներից ու գործերից։ Այո՛, Հիսուսի աշակերտը լինելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ասում, այլև այն, թե ինչ ենք անում։ Ոմանք ասում են, թե Հիսուսն իրենց Տերն է, բայց չեն կատարում Աստծու կամքը։ Այդպիսի մարդկանց մասին Հիսուսն ասում է. «Նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»» (Մատթեոս 7։23

Իր քարոզի վերջում Հիսուսն ասում է. «Ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց։ Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և ուժգին հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ վեմի վրա էր հիմնված» (Մատթեոս 7։24, 25)։ Օրինակում նշված տունը կանգուն մնաց, քանի որ կառուցողը «հողը խորը փորեց և հիմքը վեմի վրա դրեց» (Ղուկաս 6։48)։ Այնպես որ, բավական չէ միայն լսել Հիսուսի խոսքերը, անհրաժեշտ է նաև ամեն ջանք թափել դրանք կատարելու համար։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդու մասին, ով լսում է Հիսուսի խոսքերը, բայց չի կատարում դրանք։ Հիսուսն ասում է, որ նա «նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց» (Մատթեոս 7։26)։ Այդպիսի տունը շատ արագ կփլվի, երբ անձրևներ, հեղեղներ և քամիներ լինեն։

Մարդիկ, լսելով Հիսուսի այս քարոզը, ապշում են նրա ուսուցանելու կերպի վրա։ Նա սովորեցնում է ինչպես իշխանություն ունեցող անձնավորություն, ոչ թե կրոնական առաջնորդների պես։ Հավանաբար, նրան լսող մարդկանցից շատերը դառնում են նրա աշակերտները։