Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 37

Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն

Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն

ՂՈՒԿԱՍ 7։11–17

  • ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՅԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Հարյուրապետի ծառային բուժելուց կարճ ժամանակ հետո Հիսուսը Կափառնայումից ճամփա է ընկնում դեպի Նային քաղաք, որը գտնվում է Կափառնայումից 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Սակայն Հիսուսը մենակ չէ, նրա հետ են իր աշակերտները և մի մեծ բազմություն։ Հավանաբար երեկոյան կողմ նրանք մոտենում են Նային քաղաքին։ Այնտեղ նրանք տեսնում են թաղման մի մեծ թափոր, որ գալիս է նրանց ընդառաջ։ Մահացել է մի երիտասարդ։ Նրա դին տանում են քաղաքից դուրս՝ թաղելու։

Երիտասարդի մայրը խոր վշտի մեջ է. այդ տղան նրա մինուճար զավակն էր։ Ամուսնու մահից հետո նրան մխիթարում էր այն միտքը, որ իր հետ է սիրելի որդին։ Նրա բոլոր հույսերը, ապագայի ծրագրերը կապված էին իր զավակի հետ։ Իսկ այժմ տղան այլևս չկա։ Այրին մնացել է բոլորովին մենակ, ու չկա մեկը, որ աջակցի նրան ու հոգ տանի նրա մասին։

Տեսնելով վշտահար այրու խոր ցավն ու կսկիծը՝ Հիսուսը մինչև սրտի խորքը հուզվում է։ Քնքշորեն, բայցև վստահությամբ նա ասում է կնոջը. «Լաց մի՛ եղիր»։ Ապա մոտենում է և դիպչում պատգարակին, որով տանում են դին (Ղուկաս 7։13, 14)։ Հիսուսի պահվածքը զարմացնում է մարդկանց, և նրանք կանգ են առնում։ Շատերը թերևս մտածում են. «Ի՞նչ է ուզում անել այս մարդը»։

Իսկ ի՞նչ են մտածում Հիսուսի հետ եկած մարդիկ, ովքեր տեսել են, որ նա զորավոր գործեր է արել և բազում հիվանդություններ է բուժել։ Նրանք, հավանաբար, երբեք չեն տեսել, որ Հիսուսը հարություն տա որևէ մահացածի։ Չնայած հեռավոր անցյալում հարության դեպքեր եղել են, բայց Հիսուսը կարո՞ղ է նման հրաշք անել (1 Թագավորներ 17։17–23; 2 Թագավորներ 4։32–37)։ Այդ ժամանակ Հիսուսն ասում է. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց» (Ղուկաս 7։14)։ Երիտասարդը նստում է և սկսում է խոսել, ապա Հիսուսը տղային «մորն է տալիս»։ Այրին ցնցված է, նրա ուրախությանը չափ չկա։

Երբ մարդիկ տեսնում են, որ երիտասարդը կենդանացել է, նրանք սկսում են փառաբանել կյանք Տվողին՝ Եհովա Աստծուն՝ ասելով. «Մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ»։ Ուրիշներն էլ, հասկանալով Հիսուսի կատարած հրաշքի նշանակությունը, ասում են. «Աստված իր ուշադրությունը իր ժողովրդին է դարձրել» (Ղուկաս 7։16)։ Այս ապշեցուցիչ նորությունը արագորեն տարածվում է տարբեր շրջաններում և, հավանաբար, հասնում է նաև Հիսուսի հայրենի Նազարեթ քաղաք, որը գտնվում է մոտ 10 կիլոմետր հեռու։ Այս լուրը հասնում է անգամ մինչև Հրեաստան։

Հովհաննես Մկրտիչը դեռ բանտում է, նա շատ է ցանկանում ավելին իմանալ Հիսուսի գործերի մասին։ Հովհաննեսի աշակերտները պատմում են նրան Հիսուսի կատարած հրաշքների մասին։ Իսկ ինչպե՞ս է արձագանքում Հովհաննեսը։