Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 59

Ո՞վ է մարդու Որդին

Ո՞վ է մարդու Որդին

ՄԱՏԹԵՈՍ 16։13–27 ՄԱՐԿՈՍ 8։22–38 ՂՈՒԿԱՍ 9։18–26

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՄԻ ԿՈՒՅՐ ՄԱՐԴՈՒ

  • ՊԵՏՐՈՍԸ ՍՏԱՆԱԼՈՒ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

  • ՀԻՍՈՒՍԸ ԽՈՍՈՒՄ Է ԻՐ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիսուսն ու իր աշակերտները գալիս են Բեթսաիդա։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր մարդու են բերում և խնդրում, որ նա բուժի նրան։

Հիսուսը բռնում է այդ մարդու ձեռքից և գյուղից դուրս տանում։ Ապա թքելով նրա աչքերին՝ հարցնում է. «Որևէ բան տեսնո՞ւմ ես»։ Այդ մարդը պատասխանում է. «Մարդկանց եմ տեսնում. բաներ եմ տեսնում, որ ասես ծառեր լինեն, բայց քայլում են» (Մարկոս 8։23, 24)։ Իր ձեռքերը դնելով նրա աչքերին՝ Հիսուսը վերականգնում է նրա տեսողությունը։ Ապա երբ այդ մարդն արդեն կարողանում է պարզ տեսնել, Հիսուսը նրան տուն է ուղարկում՝ պատվիրելով, որ գյուղ չմտնի։

Այնուհետև Հիսուսն ու իր աշակերտները գնում են դեպի հյուսիս՝ Փիլիպոսի Կեսարիայի կողմերը։ Նրանք պետք է բարձրանան երկար զառիվեր ճանապարհով՝ անցնելով մոտ 40 կմ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Դրանից դեպի հյուսիս-արևելք վեր է խոյանում ձյունածածկ Հերմոն լեռը։ Նրանց ճամփորդությունը, ըստ երևույթին, տևում է մի քանի օր։

Ճանապարհին Հիսուսը մի որոշ ժամանակով առանձնանում է, որ աղոթի։ Ընդամենը մոտ ինը կամ տասը ամիս հետո Հիսուսը պետք է մահանա, ուստի նա մտահոգված է իր աշակերտների համար։ Նրանցից շատերը հեռացել են ու այլևս չեն հետևում իրեն, մյուսներն էլ, ակներևաբար, շփոթված են ու հիասթափված։ Նրանք թերևս չեն հասկանում, թե ինչու Հիսուսը թույլ չտվեց, որ մարդիկ իրեն թագավոր դարձնեն, կամ գուցե մտածում են, թե ինչու նա չի տալիս մի այնպիսի նշան, որը համոզիչ կերպով ցույց կտա, թե իրականում ով է ինքը։

Երբ աշակերտները գալիս են Հիսուսի մոտ, նա հարցնում է. «Մարդիկ ի՞նչ են ասում՝ ո՞վ է մարդու Որդին»։ Նրանք էլ պատասխանում են. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները, թե՝ Եղիան, իսկ ուրիշներն էլ ասում են՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Այո՛, ժողովուրդը մտածում է, թե Հիսուսը իրականում այդ մարդկանցից մեկն է, որը հարություն է առել։ Հիսուսը ցանկանում է իմանալ, թե ինչ տեսակետ ունեն իր աշակերտները այդ հարցի վերաբերյալ, ուստի հարցնում է նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսն անմիջապես պատասխանում է. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16։13–16

Հիսուսն ասում է, որ Պետրոսը երջանիկ մարդ է, քանի որ Աստված այդ ճշմարտությունը հայտնել է նրան։ Ապա ավելացնում է. «Ես ասում եմ քեզ. դու Պետրոս ես, և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ ժողովը, և գերեզմանի դռները չեն կարողանա հաղթել նրան»։ Հիսուսն ուզում է ասել, որ ինքն անձամբ կհիմնի մի ժողով, և անգամ գերեզմանը չի կարողանա իր ճիրաններում պահել այդ ժողովի անդամներին, եթե նրանք հավատարիմ մնան մինչև վերջ։ Հիսուսը խոստանում է Պետրոսին. «Ես երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ» (Մատթեոս 16։18, 19

Հիսուսը նկատի չունի, թե Պետրոսը առաջինն է լինելու առաքյալների մեջ, ոչ էլ նկատի ունի, թե նա դառնալու է ժողովի հիմքը։ Հիսուսն ինքն է այն Ժայռը, որի վրա կառուցվելու է ժողովը (1 Կորնթացիներ 3։11; Եփեսացիներ 2։20)։ Սակայն Պետրոսին տրվելու են երեք բանալիներ. նա առանձնաշնորհում է ունենալու տարբեր խմբերի մարդկանց համար դուռ բացելու, որ նրանք մտնեն երկնքի Թագավորություն։

Պետրոսն առաջին բանալին օգտագործում է մ.թ. 33-ի Պենտեկոստեին, երբ զղջացող հրեաներին և պրոզելիտներին բացատրում է, թե ինչ է հարկավոր անել փրկվելու համար։ Երկրորդ բանալին օգտագործում է այն ժամանակ, երբ Աստծու Թագավորություն մտնելու դուռ է բացում հավատ դրսևորող սամարացիների համար։ Իսկ երրորդ բանալին Պետրոսը օգտագործում է մ.թ. 36-ին՝ Թագավորություն մտնելու հնարավորություն տալով չթլպատված այլազգիներին՝ Կոռնելիոսին և այլ մարդկանց (Գործեր 2։37, 38; 8։14–17; 10։44–48

Երբ զրույցի ընթացքում Հիսուսը իր առաքյալներին հայտնում է, որ շուտով Երուսաղեմում չարչարանքների է ենթարկվելու և սպանվելու է, նրանք շատ են մտահոգվում։ Չհասկանալով, որ Հիսուսը հարություն է առնելու և վերադառնալու է երկինք՝ Պետրոսը նրան մի կողմ է տանում և ասում. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»։ Բայց Հիսուսը, մեջքով դեպի Պետրոսը շրջվելով, պատասխանում է. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մատթեոս 16։22, 23

Ապա Հիսուսը իր մոտ է կանչում առաքյալներին և մյուս մարդկանց ու բացատրում է նրանց, որ հեշտ չէ իր հետևորդը լինել։ Նա ասում է. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի։ Ով ուզում է փրկել իր հոգին, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար և բարի լուրի համար, կփրկի այն» (Մարկոս 8։34, 35

Փաստորեն, Հիսուսի հավանությանն արժանանալու համար նրա հետևորդները պետք է լինեն քաջ ու անձնազոհ։ Հիսուսն ասում է. «Ով այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ ամաչի ասել, որ իմ աշակերտն է, և ամաչի իմ խոսքերը դավանել, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է, երբ սուրբ հրեշտակների հետ գա իր Հոր փառքով» (Մարկոս 8։38)։ Այո՛, երբ Հիսուսը գա, «նա կհատուցի յուրաքանչյուրին իր գործերի համեմատ» (Մատթեոս 16։27