Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 51

Սպանություն ծննդյան տոնակատարության ժամանակ

Սպանություն ծննդյան տոնակատարության ժամանակ

ՄԱՏԹԵՈՍ 14։1–12 ՄԱՐԿՈՍ 6։14–29 ՂՈՒԿԱՍ 9։7–9

  • ՀԵՐՈՎԴԵՍԸ ԳԼԽԱՏՈՒՄ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻՆ

Գալիլեայում Հիսուսի աշակերտները զբաղված են քարոզչական գործով։ Իսկ Հովհաննես Մկրտիչը, ով ճանապարհ պատրաստեց Հիսուսի համար, արդեն մոտ երկու տարի է, ինչ բանտում է։

Հովհաննեսը բացահայտորեն ասում էր, որ Հերովդես Անտիպաս թագավորը լուրջ սխալ է արել՝ ամուսնանալով Հերովդիայի հետ, որը թագավորի եղբոր՝ Փիլիպոսի կինն էր։ Հերովդեսը բաժանվել էր իր առաջին կնոջից, որ ամուսնանար Հերովդիայի հետ։ Մովսիսական օրենքի համաձայն՝ նման ամուսնությունը անօրինական է և համարվում է շնություն։ Մինչդեռ Հերովդեսը պնդում է, թե հետևում է Մովսիսական օրենքին։ Եվ քանի որ Հովհաննեսը դատապարտում էր Հերովդեսի արարքը, այդ պատճառով Հերովդեսը նրան բանտարկել էր, հավանաբար Հերովդիայի դրդմամբ։

Այժմ Հերովդեսը չգիտի՝ ինչպես վարվի Հովհաննեսի հետ, քանի որ «ժողովուրդը նրան որպես մարգարե է ընդունում» (Մատթեոս 14։5)։ Մինչդեռ Հերովդիան արդեն ծրագրեր է կազմել իր մտքում։ Նա «ոխ է պահում» Հովհաննեսի դեմ և առիթ է փնտրում, որ նրան սպանել տա (Մարկոս 6։19)։ Շուտով նման առիթ է ստեղծվում։

Մ.թ. 32-ի Պասեքից կարճ ժամանակ առաջ Հերովդեսը իր ծննդյան տոնի հետ կապված մեծ խնջույք է կազմակերպում։ Նա հրավիրում է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, զորապետներին ու Գալիլեայի երևելի մարդկանց։ Խնջույքի ժամանակ Հերովդիայի աղջիկը՝ Սալոմեն, որը Հերովդիայի նախկին ամուսնուց՝ Փիլիպոսից ծնված զավակն է, պարում է հյուրերի համար։ Ներկաները շատ են տպավորվում։

Հերովդեսը շատ գոհ է Սալոմեից և ասում է նրան. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և կտամ քեզ»։ Թագավորը նույնիսկ երդվում է. «Ինչ էլ որ ինձանից խնդրես, կտա՛մ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ Պատասխանելուց առաջ աղջիկը դուրս է գալիս ու հարցնում իր մորը. «Ի՞նչ խնդրեմ» (Մարկոս 6։22–24

Վերջապես Հերովդիայի համար ստեղծվել է հարմար առիթ։ Նա անմիջապես ասում է. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Սալոմեն արագ վերադառնում է թագավորի մոտ ու ասում է նրան. «Ուզում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա ինձ Հովհաննես Մկրտչի գլուխը տաս» (Մարկոս 6։24, 25

Հերովդեսը շատ է տխրում։ Բայց նա հյուրերի ներկայությամբ երդում է տվել Սալոմեին։ Թագավորի համար ամոթալի կլինի դրժել իր երդումը, ուստի նա որոշում է պահել այն, թեև դա նշանակում է սպանել անմեղ մարդու։ Ուստի Հերովդեսը թիկնապահներից մեկին ուղարկում է, որ իրագործեն իր հրամանը։ Շուտով թիկնապահը վերադառնում է՝ սկուտեղի վրա բերելով Հովհաննես Մկրտչի գլուխը, և այն տալիս է Սալոմեին։ Աղջիկն էլ այն տալիս է իր մորը։

Երբ Հովհաննեսի աշակերտները լսում են եղածի մասին, գալիս են, վերցնում են դիակը ու թաղում են այն։ Հետո դրա մասին պատմում են Հիսուսին։

Հետագայում երբ Հերովդեսը լսում է, որ Հիսուսը բուժում է մարդկանց և դևեր է հանում, խիստ անհանգստանում է։ Նա մտածում է, որ գուցե այդ մարդը՝ Հիսուսը, ով զորավոր գործեր է անում, իրականում հարություն առած Հովհաննեսն է (Ղուկաս 9։7)։ Այդ պատճառով Հերովդեսը շատ է ցանկանում տեսնել Հիսուսին, բայց ոչ թե նրա քարոզած լուրը լսելու համար, այլ պարզելու, թե արդյոք իր մտավախությունները ճիշտ են։