Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 83

Ովքե՞ր են հրավիրվում ընթրիքի

Ովքե՞ր են հրավիրվում ընթրիքի

ՂՈՒԿԱՍ 14։7–24

  • ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԴԱՍ

  • ՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԸ ՊԱՏՐՎԱԿՆԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Հիսուսը քիչ առաջ բուժել է ջրգողությամբ տառապող մարդուն։ Նա դեռ գտնվում է փարիսեցու տանը։ Հիսուսը, տեսնելով, որ հյուրերը ճաշի ժամանակ պատվավոր տեղեր են ընտրում, այս առիթն օգտագործում է խոնարհության դաս սովորեցնելու համար։

Նա ասում է. «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը։ Գուցե քեզնից ավելի նշանավոր մեկն էլ հրավիրված լինի, և ձեզ երկուսիդ հրավիրողը գա ու քեզ ասի. «Տեղդ այս մարդո՛ւն զիջիր»։ Եվ այդ ժամանակ ամաչելով վեր կկենաս ու ամենացածր տեղը կզբաղեցնես» (Ղուկաս 14։8, 9

Ապա Հիսուսը շարունակում է. «Երբ հրավիրվում ես, գնա և նստիր ամենացածր տեղը, որ երբ քեզ հրավիրողը գա, քեզ ասի. «Ընկե՛ր, ավելի պատվավոր տեղ զբաղեցրու»։ Այդ ժամանակ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ»։ Այդպես վարվելը, ինչ խոսք, պարզապես քաղաքավարության դրսևորում չէ։ Հիսուսը բացատրում է. «Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Ղուկաս 14։10, 11)։ Այո՛, նա հորդորում է իր ունկնդիրներին խոնարհություն զարգացնել։

Այնուհետև Հիսուսը մեկ այլ բան է սովորեցնում իրեն ճաշի հրավիրած փարիսեցուն։ Նա ասում է, թե ճաշկերույթ կազմակերպելիս ինչ պետք է անի տանտերը, որ արժանանա Աստծու հավանությանը։ Հիսուսն ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր քո ընկերներին, եղբայրներին, ազգականներին կամ հարուստ հարևաններին։ Գուցե, ի պատասխան, նրանք էլ օրերից մի օր քեզ հրավիրեն, և դրանով քեզ փոխհատուցեն։ Այլ երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին, և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն» (Ղուկաս 14։12–14

Սխալ չէ, որ անհատը ճաշի է հրավիրում իր ընկերներին, հարազատներին կամ հարևաններին, և Հիսուսը ինքն էլ չի ասում, թե դա սխալ է։ Սակայն նա ուզում է ընդգծել այն միտքը, որ անհատը, ճաշի հրավիրելով կարիքավոր մարդկանց, ինչպիսիք են, օրինակ, «աղքատները, խեղանդամները, կաղերը, կույրերը», մեծ օրհնություններ կստանա։ Հիսուսը ասում է իրեն հրավիրած փարիսեցուն. «Քո հատուցումը արդարների հարության ժամանակ կստանաս»։ Սա լսելով՝ հյուրերից մեկը ասում է Հիսուսին. «Երջանիկ է նա, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ» (Ղուկաս 14։15)։ Նա հասկանում է, թե ինչ մեծ առանձնաշնորհում է դա։ Սակայն, ինչպես պարզ է դառնում Հիսուսի պատմած հաջորդ առակից, ոչ բոլորն են նման գնահատանք դրսևորում։

Հիսուսն ասում է. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց ու շատերին հրավիրեց.... Նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, ամեն ինչ արդեն պատրաստ է»։ Սակայն բոլորը մի մարդու պես սկսեցին պատրվակ բերելով հրաժարվել։ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ ու տեսնեմ այն։ Խնդրում եմ, ներիր ինձ»։ Մյուսն ասաց. «Ես հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ փորձեմ նրանց։ Խնդրում եմ, ներիր ինձ»։ Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել, այդ պատճառով չեմ կարող գալ»» (Ղուկաս 14։16–20

Սրանք պարզապես պատրվակներ են։ Անհատը սովորաբար արտը կամ անասունը ստուգում է նախքան գնելը, ուստի կարիք չկա, որ գնելուց հետո անհապաղ ստուգի դրանք։ Իսկ երրորդ մարդը չի պատրաստվում ամուսնանալ, նա արդեն ամուսնացած է, ուստի դա չպետք է խանգարեր նրան ընդունելու այդպիսի կարևոր հրավերը։ Լսելով նրանց պատրվակները՝ տերը խիստ զայրանում է։

Նա ասում է ծառային. «Շտապ գնա քաղաքի գլխավոր փողոցներն ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին»։ Ծառան կատարում է տիրոջ պատվերը, բայց էլի ազատ տեղեր են մնում։ Այդ ժամանակ տերն ասում է ծառային. «Գնա ճանապարհներն ու ցանկապատված տեղերը և ստիպիր մարդկանց գալ, որ տունս լցվի։ Ասում եմ ձեզ. այն հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը» (Ղուկաս 14։21–24

Հիսուսը իր պատմած առակի միջոցով ցույց է տալիս է, թե ինչպես է Եհովա Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով տարբեր մարդկանց հրավեր տալիս մտնելու երկնքի Թագավորություն։ Նախևառաջ հրավերը ստանում են հրեա կրոնական առաջնորդները, սակայն նրանց մեծ մասը Հիսուսի ծառայության ընթացքում մերժում է հրավերը։ Բայց հրավեր է տրվելու նաև այլ մարդկանց։ Հիսուսը ցույց է տալիս, որ ապագայում կտրվի երկրորդ հրավերը, որն ուղղված կլինի հրեա ազգի հասարակ մարդկանց և պրոզելիտներին։ Դրանից հետո կլինի նաև երրորդ՝ վերջին հրավերը, որը կտրվի նրանց, ում հրեաները համարում են Աստծու աչքին անպիտան (Գործեր 10։28–48

Այո՛, Հիսուսի ասածները իսկապես հաստատում են այն մարդու խոսքերը, որն ասաց. «Երջանիկ է նա, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»։