ԳԼՈՒԽ 90
«Հարությունը և կյանքը»
-
ՀԻՍՈՒՍԸ ԳԱԼԻՍ Է ՂԱԶԱՐՈՍԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
-
ՀԻՍՈՒՍՆ Է «ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ»
Հիսուսը հեռանում է Պիրեայից։ Այժմ նա մոտենում է Բեթանիա գյուղին, որը գտնվում է Երուսաղեմից երեք կիլոմետր հեռու։ Մարիամն ու Մարթան՝ Ղազարոսի քույրերը, խոր վշտի մեջ են։ Նրանց եղբայրը մահացել է։ Շատ մարդիկ են եկել մխիթարելու նրանց։
Շուտով Մարթային ասում են, որ Հիսուսը գալիս է։ Ուստի Մարթան շտապում է դիմավորելու նրան։ Երբ մոտենում է Հիսուսին, նա ասում է. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Հավանաբար նա և իր քույրը այդ չորս օրերի ընթացքում հենց այդ մասին են մտածել։ Սակայն դա չի նշանակում, թե Մարթան հույս չունի։ Նա ասում է. «Գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Աստված կտա քեզ» (Հովհաննես 11։21, 22)։ Մարթան մտածում է, որ Հիսուսը դեռ կարող է օգնել իր եղբորը։
Հիսուսն ասում է. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան մտածում է, թե Հիսուսը նկատի ունի ապագա երկրային հարությունը, որին հավատում էին Աբրահամն ու Աստծու մյուս ծառաները։ Մարթան վստահ է, որ հարություն է լինելու։ Նա ասում է. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի» (Հովհաննես 11։23, 24)։
Սակայն հնարավո՞ր է արդյոք, որ Հիսուսը այդ պահին ինչ-որ բան անի նրանց վիշտը թեթևացնելու համար։ Հիսուսը Մարթային հիշեցնում է, որ ինքը Աստծու կողմից տրված իշխանություն ունի մահվան վրա։ Նա ասում է. «Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա։ Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա» (Հովհաննես 11։25, 26)։
Հիսուսը նկատի չունի, թե իր աշակերտները, որոնք այդ ժամանակ կենդանի են, երբեք չեն մահանալու։ Նույնիսկ ինքը պետք է մահանա, ինչպես որ ասել էր իր առաքյալներին (Մատթեոս 16։21; 17։22, 23)։ Հիսուսը նկատի ունի, որ իր հանդեպ հավատ դրսևորելով՝ մարդիկ կարող են հավիտենական կյանք ստանալ։ Շատերը հավիտենական կյանք կստանան՝ հարություն առնելով։ Սակայն Աստծու այն հավատարիմ ծառաները, ովքեր կենդանի կլինեն այս համակարգի վախճանի ժամանակ, երբեք չեն մահանա։ Ամեն դեպքում, նրանք, ովքեր հավատ են դրսևորում Հիսուսի հանդեպ, կարող են վստահ լինել, որ իրենց հավիտենական մահ չի սպասում։
Հիսուսը քիչ առաջ ասել է. «Ես եմ հարությունը և կյանքը»։ Այդ դեպքում կարո՞ղ է նա օգնել Ղազարոսին, որը չորս օր է, ինչ մահացել է։ Հիսուսը հարցնում է Մարթային. «Հավատո՞ւմ ես դրան»։ Նա էլ պատասխանում է. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, որ աշխարհ պետք է գար»։ Մարթան հավատում է, որ Հիսուսը կարող է ինչ-որ բան անել հենց այդ օրը, ուստի շտապ գնում է տուն ու իր քրոջն առանձին ասում է. «Ուսուցիչը եկել է և կանչում է քեզ» (Հովհաննես 11։25–28)։ Մարիամն անմիջապես դուրս է գալիս տնից։ Նրանց տանը հավաքված մարդիկ գնում են նրա հետևից՝ կարծելով, թե նա գերեզման է գնում։
Սակայն Մարիամը գնում է Հիսուսի մոտ։ Նա լացելով ընկնում է նրա ոտքերը և ասում է այն նույն խոսքերը, որ ասել էր իր քույրը. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Տեսնելով, որ Մարիամը ու հավաքված մարդիկ լաց են լինում՝ Հիսուսը հուզվում է, և նրա աչքերից արցունքներ են հոսում։ Դա տպավորում է ներկաներին։ Սակայն ոմանք ասում են. «Այս մարդը, որ կույրի աչքերը բաց արեց, մի՞թե չէր կարող այնպես անել, որ Ղազարոսը չմեռներ» (Հովհաննես 11։32, 37)։