Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

«Տես, թե ինչ չար ու գարշելի բաներ են նրանք այնտեղ անում»

«Տես, թե ինչ չար ու գարշելի բաներ են նրանք այնտեղ անում»

ԵԶԵԿԻԵԼ 8։9

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. հավատուրաց Հուդայի հոգևոր և բարոյական անկումը

1-3. Եհովան ի՞նչ էր ուզում ցույց տալ Եզեկիելին Երուսաղեմի տաճարում և ինչո՞ւ (տես մաս 2-ի նկարը)։

 ԼԻՆԵԼՈՎ քահանայի որդի՝ Եզեկիել մարգարեն լավատեղյակ է Մովսիսական օրենքին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ կառուցվածք ունի Երուսաղեմի տաճարը, և թե այնտեղ ինչպես պետք է մաքուր երկրպագություն մատուցվի Եհովային (Եզեկ. 1։3; Մաղ. 2։7)։ Բայց այն, ինչ այժմ՝ մ. թ. ա. 612 թ.-ին, տեղի է ունենում Եհովայի տաճարում, կարող է ցնցող լինել ցանկացած հավատարիմ հրեայի համար, այդ թվում՝ Եզեկիելի։

2 Եհովան ուզում է, որ Եզեկիելը տեսնի, թե ինչ սարսափելի բաներ են կատարվում տաճարում, և ապա իր տանը հավաքված «Հուդայի երեցներին», որոնք իր պես գերության մեջ էին, պատմի իր տեսածը (կարդա Եզեկիել 8։1-4; 11։24, 25; 20։1-3)։ Սուրբ ոգու միջոցով տեսիլքում Եհովան Եզեկիելին Թելաբիբի նրա տնից, որը գտնվում է Բաբելոնի Քոբար գետի մոտ, տեղափոխում է հարյուրավոր կիլոմետրեր դեպի արևելք՝ Երուսաղեմ։ Եհովան մարգարեին բերում է տաճար՝ ներսի գավիթ տանող հյուսիսային մուտքի մոտ։ Հենց այստեղից նա տեսիլքի միջոցով տաճարում շրջայց է անցկացնում Եզեկիելի համար։

3 Այժմ Եզեկիելը ականատես է լինում չորս զարհուրելի տեսարանների, որոնք ցույց են տալիս, թե հրեա ազգը որքան խոր հոգևոր անկում է ապրել։ Ի՞նչ է պատահել մաքուր երկրպագությանը։ Այս տեսիլքն ի՞նչ նշանակություն ունի այսօր մեզ համար։ Եկեք միանանք Եզեկիելին և նրա հետ շրջելով՝ տեսնենք, թե ինչ է կատարվում տաճարում։ Սակայն նախ քննենք, թե Եհովան իրավամբ ինչ է ակնկալում իր ծառաներից։

«Ես.... բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ»

4. Ի՞նչ է Եհովան պահանջում իրեն երկրպագողներից։

4 Եզեկիելի ժամանակներից մոտ ինը դար առաջ Եհովան հստակ ասել էր, թե ինչ է պահանջում իրեն երկրպագողներից։ Իսրայելացիներին a տրված Տասը պատվիրաններից երկրորդում հետևյալն էր ասվում. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ» (Ելք 20։5)։ «Բացարձակ նվիրվածություն» արտահայտությունը նշելով՝ Եհովան ցույց էր տվել, որ չի հանդուրժի այլ աստվածների պաշտամունքը։ Ինչպես տեսանք երկրորդ գլխում, մաքուր երկրպագության առաջին պահանջն այն է, որ պետք է միայն Եհովային երկրպագել։ Իրեն պաշտողների կյանքում նա պետք է առաջնային տեղ զբաղեցնի (Ելք 20։3)։ Այլ խոսքով՝ Եհովան իր ծառաներից ակնկալում է հոգևորապես մաքուր մնալ՝ ճշմարիտ երկրպագությունը չխառնելով կեղծի հետ։ Մ. թ. ա. 1513 թ.-ին իսրայելացիները հոժարակամորեն մտան Օրենքի ուխտի մեջ։ Այդպես վարվելով՝ նրանք համաձայնեցին նվիրված լինել բացառապես Եհովային (Ելք 24։3-8)։ Եհովան հավատարիմ է մնում իր կապած ուխտերին։ Նա նույնը ակնկալում էր իր հետ ուխտի մեջ եղող ժողովրդից (2 Օրենք 7։9, 10; 2 Սամ. 22։26

5, 6. Իսրայելացիներն ինչո՞ւ պետք է բացառապես Եհովային նվիրված լինեին։

5 Արդյոք ողջամի՞տ էր, որ Եհովան բացարձակ նվիրվածություն էր պահանջում իսրայելացիներից։ Իհա՛րկե։ Նա ամենակարող Աստվածն է, Գերիշխանը, «կյանքի Աղբյուրը» և այն պահպանողը (Սաղ. 36։9; Գործ. 17։28)։ Եհովան նաև իսրայելացիների Ազատարարն էր։ Տասը պատվիրանները տալիս նա իր ժողովրդին հիշեցրեց. «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից» (Ելք 20։2)։ Միանգամայն պարզ է, որ Եհովան արժանի էր իսրայելացիների սրտում առանձնահատուկ տեղ ունենալու։

6 Եհովան չի փոխվում (Մաղ. 3։6)։ Նա միշտ բացարձակ նվիրվածություն է պահանջում։ Պատկերացնենք, թե Եհովան ինչ մեծ ցավ զգաց՝ տեսնելով այն չորս զազրելի տեսարանները, որոնք տեսիլքում ցույց տվեց Եզեկիելին։

Առաջին տեսարան. խանդի կուռքը

7. ա) Հավատուրաց հրեաները ի՞նչ էին անում տաճարի հյուսիսային մուտքի մոտ, և ի՞նչ զգաց Եհովան (տես առաջին նկարը)։ բ) Ի՞նչ առումով իսրայելացիները շարժեցին Եհովայի խանդը (տես ծանոթագրություն 2)։

7 Կարդա Եզեկիել 8։5, 6։ Եզեկիելը չի հավատում իր աչքերին. տաճարի հյուսիսային մուտքի մոտ հավատուրաց հրեաները կուռք են պաշտում։ Այն, հավանաբար, մի սուրբ ձող էր, որը ներկայացնում էր կեղծ աստվածուհի Աշերային, ում քանանացիները համարում էին Բահաղի կինը։ Ինչևիցե, կռապաշտ իսրայելացիները դրժեցին Եհովայի հետ կապած ուխտը։ Կուռք պաշտելով՝ նրանք Աստծու խանդը շարժեցին և նրա արդարացի ցասումը բորբոքեցին. b չէ՞ որ իրավամբ և բացառապես Եհովան է արժանի երկրպագության (2 Օրենք 32։16; Եզեկ. 5։13)։ Մտածիր. ավելի քան 400 տարի տաճարի սրբարանը Եհովայի ներկայության հետ է կապված եղել (1 Թագ. 8։10-13)։ Բայց հիմա այն պատճառով, որ այդ հավատուրացները կռապաշտությունը բերել են ուղիղ տաճար, Եհովան ասում է. «Ես հեռանում եմ իմ սրբարանից»։

8. Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ՝ խանդի կուռքի մասին տեսիլքի շուրջ մտածելով։

8 Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ՝ խանդի կուռքի մասին տեսիլքի շուրջ մտածելով։ Հավատուրաց Հուդան մեզ հիշեցնում է քրիստոնյա աշխարհը։ Քրիստոնյա աշխարհի եկեղեցիները պնդում են, թե Աստծուն են պաշտում, բայց իրականում կռապաշտությամբ են զբաղվում, ինչի պատճառով Աստված չի ընդունում նրանց պաշտամունքը։ Եհովան չի փոխվում, ուստի կարող ենք վստահ լինել, որ քրիստոնյա աշխարհը հավատուրաց Հուդայի պես բորբոքել է նրա արդարացի ցասումը (Հակ. 1։17)։ Իրոք որ, Եհովան շա՜տ հեռու է այսպես կոչված քրիստոնեությունից։

9, 10. Ի՞նչ ենք սովորում տաճարում կռապաշտությամբ զբաղվողների նախազգուշական օրինակից։

9 Ի՞նչ նախազգուշական դաս ենք քաղում՝ մտածելով տաճարում տիրող կռապաշտության մասին։ Որպեսզի բացարձակ նվիրվածություն դրսևորենք Եհովայի հանդեպ, պետք է «փախչենք կռապաշտությունից» (1 Կորնթ. 10։14)։ Գուցե մտածես. «Ես երբեք կուռքերի միջոցով չեմ երկրպագի Եհովային»։ Բայց կռապաշտությունը տարբեր կերպերով է դրսևորվում, և որոշ ձևեր աննկատ են։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Եթե որևէ արժեքավոր կամ ազդեցիկ բան Աստծուց ավելի կարևոր է դառնում, և նրան երկրպագելը երկրորդական պլան է մղվում, դա կռապաշտություն է»։ Փաստորեն, կուռք կարող են համարվել ունեցվածքը, փողը, սեքսը, զվարճությունները և առհասարակ այն ամենը, ինչը մեր կյանքում առաջին տեղն է զբաղեցնում և խանգարում է բացառապես Եհովային նվիրված լինել (Մատթ. 6։19-21, 24; Եփես. 5։5; Կող. 3։5)։ Մենք պետք է հեռու մնանք կռապաշտության բոլոր ձևերից, որովհետև Եհովան պահանջում է, որ մեր սիրտն ու երկրպագությունը իրեն պատկանեն (1 Հովհ. 5։21

10 Առաջին տեսարանում Եհովան Եզեկիելին «զզվելի ու գարշելի բաներ» ցույց տվեց։ Բայց Աստված իր հավատարիմ մարգարեին ասաց, որ նա «է՛լ ավելի գարշելի բաներ» է տեսնելու։ Ուրիշ ի՞նչը կարող էր ավելի գարշելի լինել, քան տաճարում խանդի կուռքը պաշտելը։

Երկրորդ տեսարան. 70 երեցներ խունկ են ծխեցնում կեղծ աստվածների պատվին

11. Եզեկիելը ի՞նչ զարհուրելի տեսարան է տեսնում տաճարի ներսի գավիթում։

11 Կարդա Եզեկիել 8։7-12։ Եզեկիելը պատի մեջ անցք է բացում և մտնում է տաճարի ներսի գավիթ, որտեղ գտնվում է զոհասեղանը։ Նա պատերին «զեռունների, զզվելի գազանների և.... բոլոր գարշելի կուռքերի քանդակված պատկերներ» c է տեսնում։ Այդ որմնաքանդակները խորհրդանշում էին կեղծ աստվածների։ Բայց այն, ինչ Եզեկիելը տեսնում է հետո, ավելի շատ է ցնցում նրան. «Իսրայելի երեցներից 70-ը» կանգնած են «մթության մեջ» և խունկ են ծխեցնում կեղծ աստվածների պատվին։ Մովսիսական օրենքի համաձայն ծխեցվող անուշաբույր խունկը ներկայացնում է Աստծու հավատարիմ ծառաների աղոթքները (Սաղ. 141։2)։ Սակայն այդ 70 երեցների՝ կեղծ աստվածների պատվին ծխեցրած խնկի բույրը գարշահոտություն էր Եհովայի համար։ Նրանց աղոթքները վիրավորում էին նրան (Առակ. 15։8)։ Այդ երեցները ինքնախաբեությամբ էին զբաղվում՝ մտածելով՝ «Եհովան չի տեսնում մեզ», բայց Եհովան տեսնում էր նրանց և Եզեկիելին հստակ ցույց տվեց, թե նրանք ինչ են անում իր տաճարում։

Եհովան տեսնում է ցանկացած գարշելի բան, որ արվում է «մթության մեջ» (տես պարբերություն 11)

12. Ինչո՞ւ պետք է հավատարիմ մնանք անգամ «մթության մեջ», և հատկապես ովքե՞ր պետք է լավ օրինակ լինեն այս հարցում։

12 Ի՞նչ ենք սովորում կեղծ աստվածների պատվին խունկ ծխեցնող 70 իսրայելացի երեցների նախազգուշական օրինակից։ Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները և մեր երկրպագությունը մաքուր լինի նրա աչքին, պետք է հավատարիմ մնանք անգամ «մթության մեջ» (Առակ. 15։29)։ Չպետք է մոռանանք, որ Եհովայի ամենատես աչքերը միշտ դիտում են մեզ։ Եթե Եհովան իրական է մեզ համար, մենք մենակ լինելիս նրան տհաճ որևէ բան չենք անի (Եբր. 4։13)։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու հարցում պետք է լավ օրինակ լինեն հատկապես ժողովի երեցները (1 Պետ. 5։2, 3)։ Ժողովում բոլորը իրավամբ ակնկալում են, որ երեցը, ով սովորեցնում և առաջնորդում է իրենց, պետք է ապրի աստվածաշնչյան սկզբունքների համաձայն անգամ «մթության մեջ», այսինքն՝ երբ ուրիշները չեն տեսնում նրան (Սաղ. 101։2, 3

Երրորդ տեսարան. կանայք «լաց էին լինում Թամուզ աստծու վրա»

13. Հավատուրաց կանայք ի՞նչ էին անում տաճարի հյուսիսային մուտքի մոտ։

13 Կարդա Եզեկիել 8։13, 14։ Առաջին երկու գարշելի տեսարանները ցույց տալուց հետո Եհովան նորից ասում է Եզեկիելին. «Դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես, որ նրանք անում են»։ Ի՞նչ է տեսնում մարգարեն։ «Եհովայի տան հյուսիսային մուտքի մոտ» նա տեսնում է «կանանց, որոնք նստած լաց են լինում Թամուզ աստծու վրա»։ Թամուզը աստվածություն էր, որին պաշտում էին Միջագետքում։ Շումերական արձանագրություններում Թամուզը կոչվում է Դումուզի և համարվում է պտղաբերության աստվածուհի Իշտարի սիրեցյալը։ d Իսրայելացի կանանց սուգը, ակներևաբար, Թամուզ աստծու մահվան հետ կապված կրոնական արարողության մաս էր կազմում։ Եհովայի տաճարում՝ մաքուր երկրպագության կենտրոնում, Թամուզի վրա լաց լինելով՝ կանայք հեթանոսական ծես են անում։ Սակայն այդ կեղծ կրոնական ծիսակատարությունը սուրբ չի դառնում զուտ այն պատճառով, որ անցկացվում է Աստծու տաճարում։ Ավելին՝ Եհովայի աչքին այդ հավատուրաց կանանց արարքը գարշելի է։

14. Ի՞նչ ենք սովորում հավատուրաց կանանց արարքի հանդեպ Եհովայի վերաբերմունքից։

14 Ի՞նչ ենք սովորում այդ կանանց արարքի հանդեպ Եհովայի վերաբերմունքից։ Մեր երկրպագությունը մաքուր պահելու համար երբեք չպետք է պիղծ հեթանոսական սովորույթներ խառնենք դրա հետ։ Հետևաբար մենք չպետք է որևէ առնչություն ունենանք այն տոնակատարությունների ու սովորույթների հետ, որոնք հեթանոսական ծագում ունեն։ Բայց մի՞թե ծագումն այդքան կարևոր է։ Այո՛։ Մեր օրերում որոշ տոներ, ինչպիսիք են Ամանորը, Սուրբ Ծնունդը և Զատիկը, գուցե անվնաս թվան։ Բայց հիշենք, որ Եհովան տեսե՛լ է, թե հեթանոսական սովորույթներն ի վերջո ինչպես են դարձել ժամանակակից տոնակատարություններ։ Եհովայի աչքին հեթանոսական արարողությունները պակաս գարշելի չեն դառնում զուտ այն պատճառով, որ մարդիկ երկար ժամանակ է, ինչ նշում են դրանք, կամ որ փորձել են քրիստոնեականացնել դրանք (2 Կորնթ. 6։17; Հայտն. 18։2, 4

Չորրորդ տեսարան. 25 տղամարդիկ «խոնարհվում էին արևի առաջ»

15, 16. 25 տղամարդիկ ի՞նչ էին անում տաճարի ներսի գավիթում, և ինչո՞ւ նրանց արարքն այդքան խորը վիրավորեց Եհովային։

15 Կարդա Եզեկիել 8։15-18։ Նախքան չորրորդ՝ վերջին տեսարանը ցույց տալը Եհովան Եզեկիելին ասում է նրան ծանոթ այս խոսքերը. «Դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես»։ Մարգարեն թերևս մտածում է. «Իմ տեսածից ավելի գարշելի ի՞նչ կարող է լինել»։ Եզեկիելը գտնվում է տաճարի ներսի գավիթում, և այնտեղ՝ Եհովայի տաճարի մուտքի մոտ, նա տեսնում է 25 տղամարդու, որոնք խոնարհվում են արևի առաջ՝ դեմքով դեպի արևելք։ Դժվար թե այս տղամարդիկ կարողանային ավելի վատ բան անել Եհովային վիրավորելու համար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

16 Եհովայի տաճարի մուտքը արևելյան կողմում էր, հետևաբար տաճար մտնելիս մարդկանց դեմքը ուղղված էր լինում դեպի արևմուտք, իսկ մեջքը՝ դեպի արևելք։ Սակայն տեսիլքում այս 25 տղամարդիկ կանգնած են «մեջքով դեպի տաճարը», իսկ դեմքով՝ դեպի արևելք, որպեսզի պաշտեն արևին։ Այդկերպ նրանք թիկունք են դարձրել հենց Եհովային, քանի որ տաճարը «Եհովայի տունն» է (1 Թագ. 8։10-13)։ Այդ 25 տղամարդիկ հավատուրացներ են, որոնք արհամարհում են Եհովային և ոտնահարում 2 Օրենք 4։15-19 համարներում գրված պատվերը։ Որքա՜ն խորն են նրանք վիրավորում Աստծուն, ով իրավամբ արժանի է բացարձակ նվիրվածության։

Եհովան արժանի է, որ իրեն երկրպագողները բացարձակ նվիրվածություն դրսևորեն իր հանդեպ

17, 18. ա) Ի՞նչ ենք սովորում տաճարում արևին պաշտողների մասին արձանագրությունից։ բ) Հավատուրաց իսրայելացիները ո՞ւմ հետ ունեցած հարաբերությունները վնասեցին և ինչպե՞ս։

17 Ի՞նչ ենք սովորում այս արևապաշտների մասին արձանագրությունից. որպեսզի մեր երկրպագությունը մաքուր մնա, մեզ համար հոգևոր լույսի աղբյուր պետք է լինի միմիայն Եհովան։ Հիշենք. «Եհովա Աստված արև է», և նրա «խոսքը.... լույս [է մեր] ճանապարհի համար» (Սաղ. 84։11; 119։105)։ Իր Խոսքի և իր կազմակերպության տված աստվածաշնչյան հրատարակությունների միջոցով նա լուսավորում է մեր սրտերն ու մտքերը՝ ցույց տալով այսօր իսկ երջանիկ կյանքով ապրելու և ապագայում հավիտենական կյանք ունենալու ճանապարհը։ Եթե լույսի աղբյուրը այս աշխարհո՛ւմ փնտրենք, թիկունք կդարձնենք Եհովային։ Նման որոշումը խորապես կվիրավորի ու մեծ ցավ կպատճառի նրան։ Ինչ խոսք, մենք երբեք չենք ցանկանա այդպիսի վերաբերմունք դրսևորել մեր Աստծու հանդեպ։ Եզեկիելի տեսիլքը մեզ համար նաև նախազգուշացում է, որ հեռու մնանք նրանցից, ովքեր թիկունք են դարձնում ճշմարտությանը, այսինքն՝ հավատուրացներից (Առակ. 11։9

18 Ինչպես արդեն քննեցինք, Եզեկիելը ականատես եղավ կռապաշտության և կեղծ երկրպագության չորս զարհուրելի տեսարանների, որոնք ցույց էին տալիս հավատուրաց Հուդայի հոգևորապես պղծված լինելու աստիճանը։ Հոգևորապես անմաքուր դառնալով՝ Իսրայելի ազգը վնասեց Աստծու հետ ունեցած իր հարաբերությունները։ Հոգևոր անմաքրությունը տանում է բարոյական անմաքրության, ուստի զարմանալի չէ, որ իսրայելացիները ինչ անբարո արարքներ ասես չգործեցին և խեղեցին իրենց հարաբերությունները ոչ միայն Աստծու, այլև իրենց շրջապատի մարդկանց հետ։ Տեսնենք, թե Եզեկիել մարգարեն Աստծու ներշնչմամբ ինչպես նկարագրեց հավատուրաց Հուդայի բարոյական անկումը։

Բարոյական անմաքրություն. «նրանք.... անառակ վարք են դրսևորում»

19. Եզեկիելն ինչպե՞ս նկարագրեց Եհովայի հետ ուխտի մեջ մտած ժողովրդի բարոյական անկումը։

19 Կարդա Եզեկիել 22։3-12։ Ողջ ազգը՝ սկսած իշխանավորներից, բարոյապես ապականվել էր։ Առաջնորդները, իրենց իշխանությունը չարաշահելով, անմեղ արյուն էին թափում։ Հասարակ մարդիկ, ըստ ամենայնի, հետևում էին նրանց օրինակին և անտեսում Աստծու օրենքը։ Երեխաները արհամարհում էին իրենց ծնողներին։ Արյունապղծությունը սովորական երևույթ էր։ Ըմբոստ իսրայելացիները խաբում էին պանդուխտին և ճնշում որբին ու այրուն։ Իսրայելացի տղամարդիկ սեռական ոտնձգություն էին անում ուրիշների կանանց նկատմամբ։ Տեղի տալով անզուսպ ագահությանը՝ նրանք կաշառակերությամբ էին զբաղվում, շորթում էին և տոկոսով փող էին տալիս։ Որքա՜ն մեծ ցավ էր ապրում Եհովան՝ տեսնելով, որ այն ազգը, որի հետ նա ուխտ էր կապել, ոտնահարում է իր օրենքը և արհամարհում դրա հիմքում ընկած սիրո ոգին։ Իր ժողովրդի բարոյական անկումը անասելի ցավ էր պատճառում Եհովային։ Այդ պատճառով նա ներշնչեց Եզեկիելին, որ բարոյազուրկ ժողովրդին ասի. «Դուք ինձ լրիվ մոռացել եք»։

Քրիստոնյա աշխարհի ազդեցության տակ լինելով՝ մարդիկ ավելի ու ավելի են խրվում բռնության և անբարոյականության ճահճի մեջ (տես պարբերություն 20)

20. Հուդայի բարոյական անմաքրության մասին Եզեկիելի խոսքերի շուրջ մտածելը ինչո՞ւ է կարևոր մեզ համար։

20 Հուդայի բարոյական անմաքրության մասին Եզեկիելի խոսքերի շուրջ մտածելը ինչո՞ւ է կարևոր մեզ համար։ Հավատուրաց Հուդան հիշեցնում է այսօրվա բարոյալքված աշխարհը։ Քաղաքական առաջնորդները չարաշահում են իրենց իշխանությունը և ճնշում հասարակ ժողովրդին։ Կրոնական առաջնորդները, մասնավորապես քրիստոնյա աշխարհի հոգևորականները օրհնում են պատերազմող կողմերին, որոնց պատճառով միլիոնավոր մարդիկ են մահանում։ Հոգևորականները արժեզրկել են բարոյականության վերաբերյալ Աստվածաշնչի մաքուր և հստակ չափանիշները, ինչի հետևանքով աշխարհն ավելի ու ավելի է խրվում անբարոյականության ճահճի մեջ։ Անկասկած, Եհովան քրիստոնյա աշխարհին կասեր նույնը, ինչ հավատուրաց Հուդային է ասել. «Դուք ինձ լրիվ մոռացել եք»։

21. Ի՞նչ ենք սովորում, երբ խորհում ենք Հուդայի բարոյական անկման մասին։

21 Լինելով Եհովայի ժողովուրդը՝ ի՞նչ ենք սովորում, երբ խորհում ենք Հուդայի բարոյական անկման մասին։ Եհովային ընդունելի երկրպագություն մատուցելու համար մենք պետք է բոլոր առումներով մաքուր վարք ունենանք։ Այդպես վարվելը այդքան էլ հեշտ չէ այս անբարո աշխարհում (2 Տիմոթ. 3։1-5)։ Սակայն մենք գիտենք, թե Եհովան ինչպես է վերաբերվում անբարոյականությանը իր բոլոր նողկալի դրսևորումներով (1 Կորնթ. 6։9, 10)։ Մենք հնազանդվում ենք Եհովայի սահմանած բարոյական չափանիշներին, քանի որ սիրում ենք նրան և նրա օրենքները (Սաղ. 119։97; 1 Հովհ. 5։3)։ Եթե բարոյապես ապականվենք, դա կնշանակի, որ չենք սիրում մեր սուրբ և մաքուր Աստծուն։ Ինչ խոսք, երբեք չենք ցանկանա, որ Եհովան մեզ ասի. «Դուք ինձ լրիվ մոռացել եք»։

22. ա) Քննելով այն, թե Եհովան ինչպես է քողազերծել Հուդայի հոգևոր և բարոյական խղճուկ վիճակը՝ ի՞նչ ես վճռել անել։ բ) Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ գլխում։

22 Քննելով այն, թե Եհովան ինչպես է քողազերծել Հուդայի հոգևոր և բարոյական խղճուկ վիճակը՝ մի քանի արժեքավոր դաս սովորեցինք։ Նաև բացառապես Եհովային նվիրված մնալու մեր վճռականությունը էլ ավելի ամրացավ. չէ՞ որ նա իսկապես արժանի է դրան։ Մենք պետք է հեռու մնանք կռապաշտության բոլոր ձևերից և բարոյապես մաքուր լինենք։ Իսկ Եհովան ի վերջո ինչպե՞ս վարվեց իր անհավատարիմ ժողովրդի հետ։ Տաճարում շրջայց անցկացնելուց հետո նա Եզեկիելին հստակ ասաց. «Ես ցասումս կթափեմ նրա վրա» (Եզեկ. 8։17, 18)։ Մեզ հետաքրքրում է այն, թե Եհովան ինչպես վարվեց անհավատարիմ Հուդայի հետ, քանի որ այս չար աշխարհին նույնանման դատաստան է սպասում։ Հաջորդ գլխում կքննենք, թե Եհովան ինչպես դատաստան տեսավ Հուդայի նկատմամբ։

a «Եզեկիել» գրքում «Իսրայել» անունը հաճախ վերաբերում է Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին (Եզեկ. 12։19, 22; 18։2; 21։2, 3

b «Խանդ» բառը ցույց է տալիս, թե Եհովան որքան լուրջ է վերաբերվում իր հանդեպ հավատարմություն դրսևորելուն։ Այն մեզ հիշեցնում է ամուսնու ուժգին խանդն ու վրդովմունքը, երբ նա իմանում է իր կնոջ դավաճանության մասին (Առակ. 6։34)։ Այդպիսի ամուսնու նման՝ Եհովան իրավամբ վրդովվում է, երբ իր հետ ուխտի մեջ մտած ժողովուրդը, կուռք պաշտելով, դավաճանում է իրեն։ Մի աշխատության մեջ ասվում է. «Աստծու խանդը.... նրա սրբությունից է բխում։ Նա միակ Սուրբն է.... ուստի մրցակիցներ չի հանդուրժի» (Ելք 34։14

c «Գարշելի կուռքեր» թարգմանված եբրայերեն բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»։ Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար։

d Ոմանք պնդում են, թե Թամուզը Նեբրովթի մեկ այլ անունն է, սակայն այդ կարծիքին թիկունք կանգնող փաստեր չկան։