Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 6

«Վերջդ եկել է»

«Վերջդ եկել է»

ԵԶԵԿԻԵԼ 7։3

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ինչպես է իրագործվել Եհովայի դատաստանը Երուսաղեմի նկատմամբ

1, 2. ա) Ի՞նչ տարօրինակ պահվածք էր դրսևորում Եզեկիելը (տես առաջին նկարը)։ բ) Ի՞նչ էին խորհրդանշում Եզեկիելի գործողությունները։

 ԵԶԵԿԻԵԼ մարգարեի տարօրինակ պահվածքի մասին լուրը արագորեն տարածվում է Բաբելոնում գերության մեջ գտնվող հրեաների շրջանում։ Մեկ շաբաթ շարունակ նա, ցնցված և պապանձված, նստել է գերիների մեջ, ապա հանկարծակի վեր կացել և փակվել իր տանը։ Այժմ իր շփոթված հարևանների աչքի առաջ մարգարեն նորից դուրս է գալիս տնից, մի աղյուս է վերցնում, դնում է այն իր դիմաց և դրա վրա փորագրություն անում, իսկ հետո առանց որևէ բան ասելու սկսում է մանրակերտ պարիսպ պատրաստել (Եզեկ. 3։10, 11, 15, 24-26; 4։1, 2

2 Ականատեսները, որոնց թիվը, անկասկած, գնալով մեծանում էր, ըստ ամենայնի մտածում էին. «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։ Գերեվարված հրեաները միայն հետո էին լիովին հասկանալու, որ Եզեկիել մարգարեի տարօրինակ գործողությունները խորհրդանշում էին գալիք մի սարսափելի իրադարձություն, որը Եհովա Աստծու արդարացի ցասումն էր արտահայտելու։ Ի՞նչ իրադարձության մասին է խոսքը։ Ինչպե՞ս էր այն անդրադառնալու Իսրայելի ազգի վրա, և այսօր այն ի՞նչ նշանակություն ունի Աստծուն մաքուր երկրպագություն մատուցող ծառաների համար։

«Մի աղյուս վերցրու.... ցորեն.... սրած թուր»

3, 4. ա) Ի՞նչ երեք բան պետք է ցույց տար Եզեկիելը Աստծու դատաստանի վերաբերյալ։ բ) Եզեկիելն ինչպե՞ս բեմականացրեց Երուսաղեմի պաշարումը։

3 Մ. թ. ա. մոտ 613 թ.-ին Եհովան Եզեկիելին կարգադրեց նշաններով ցույց տալ, թե ինչպես է իրագործվելու Երուսաղեմի նկատմամբ իր դատաստանը։ Նա պետք է ցույց տար քաղաքի պաշարումը, բնակիչների տառապանքը և քաղաքի ու ժողովրդի կործանումը։ a Եկեք մանրամասն ուսումնասիրենք Եզեկիելի երեք բեմականացումները։

4 Երուսաղեմի պաշարումը։ Եհովան Եզեկիելին ասաց. «Մի աղյուս վերցրու [և] այն քո առաջ դիր.... Պաշարիր այն» (կարդա Եզեկիել 4։1-3)։ «Աղյուսը» ներկայացնում էր Երուսաղեմ քաղաքը, իսկ Եզեկիելը՝ բաբելոնական զորքը, որը Եհովայի ձեռքին գործիք էր ծառայելու։ Եզեկիելին կարգադրություն էր արվել նաև մանրակերտ պարիսպ, պատնեշ և պարսպակործան զենքեր պատրաստել, ապա այդ ամենը դնել աղյուսի շուրջբոլորը։ Սրանք ներկայացնում էին պատերազմական այն գործիքները, որոնք Երուսաղեմի թշնամիները օգտագործելու էին քաղաքը պաշարելիս և դրա վրա հարձակվելիս։ Թշնամու զորքի երկաթանման ուժը ցույց տալու համար Եզեկիելը պետք է «երկաթե մի տապակ» դներ իր և քաղաքի միջև, ապա «խիստ հայացքով նայեր քաղաքին»։ Այդ բոլոր մարտական գործողությունները «նշան էին.... Իսրայելի ժողովրդի համար», որ անսպասելի մի բան է տեղի ունենալու։ Թշնամու զորքի միջոցով Եհովան պաշարելու էր Երուսաղեմը՝ իր ժողովրդի համար ամենակարևոր քաղաքը, որտեղ գտնվում էր տաճարը։

5. Եզեկիելն ինչպե՞ս ցույց տվեց, թե ինչ է պատահելու Երուսաղեմի բնակիչներին։

5 Երուսաղեմի բնակիչների տառապանքը։ Եհովան Եզեկիելին կարգադրեց. «Վերցրու ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար.... ու դրանցից հաց պատրաստիր» և «ամեն օրվա համար 20 սիկղ հաց կշռիր ու կեր»։ Ապա Եհովան բացատրեց. «Ես Երուսաղեմը կզրկեմ սննդի պաշարից» (Եզեկ. 4։9-16)։ Այս տեսարանում Եզեկիելն այլևս չէր ներկայացնում բաբելոնական զորքը, նա ստանձնել էր Երուսաղեմի բնակիչների դերը։ Մարգարեի գործողությունները կանխագուշակում էին այն, որ գալիք պաշարման պատճառով քաղաքի սննդի պաշարները շատ սուղ էին լինելու։ Այն, որ Եզեկիելը արտասովոր խառնուրդից հաց պատրաստեց, ցույց էր տալիս, որ մարդիկ ինչ պատահեր, ուտելու էին։ Իսկ սովը որքա՞ն էր սաստկանալու։ Երուսաղեմին դիմելով՝ Եզեկիելն ասաց. «Քո մեջ հայրերը կուտեն իրենց որդիներին, և որդիները՝ իրենց հայրերին», և ի վերջո «սովի մահացու նետերը» կխոցեն մարդկանց, ու նրանք «հալումաշ կլինեն» (Եզեկ. 4։17; 5։10, 16

6. ա) Միաժամանակ ի՞նչ երկու դեր կատարեց Եզեկիելը։ բ) Ի՞նչ էր ցույց տալիս «կշռիր մազերդ և դրանք մասերի բաժանիր» հրահանգը։

6 Երուսաղեմի և ժողովրդի կործանումը։ Մարգարեական այս բեմականացման մեջ Եզեկիելը միաժամանակ երկու դեր կատարեց։ Նախ՝ նա ցույց տվեց, թե Եհովան ինչ է անելու։ Եհովան ասաց նրան. «Մի սրած թուր վերցրու» (կարդա Եզեկիել 5։1, 2)։ Եզեկիելի ձեռքը, որով բռնել էր թուրը, ներկայացնում էր Եհովայի ձեռքը, այսինքն՝ նրա դատաստանը, որը նա իրագործելու էր Բաբելոնի զորքի միջոցով։ Եվ ապա՝ Եզեկիելը ցույց տվեց, թե հրեաները ինչի միջով են անցնելու։ Եհովան ասաց Եզեկիելին. «Սափրիր գլուխդ ու մորուքդ, ինչպես ածելիով կանեիր»։ Այդ գործողությամբ նա ներկայացրեց, թե թշնամին ինչպես է հարձակվելու հրեաների վրա և կործանելու նրանց։ Բացի այդ՝ «մի կշեռք վերցրու, կշռիր մազերդ և դրանք մասերի բաժանիր» հրահանգով Աստված մատնանշեց, որ Երուսաղեմի նկատմամբ դատաստանը իրագործվելու էր լավ մտածված և ծրագրված կերպով։

7. Եհովան ինչո՞ւ Եզեկիելին ասաց, որ սափրած մազերը երեք մասի բաժանի և յուրաքանչյուր մասի հետ տարբեր գործողություններ կատարի։

 7 Եհովան ինչո՞ւ Եզեկիելին կարգադրեց սափրած մազերը բաժանել երեք մասի և յուրաքանչյուր մասի հետ տարբեր գործողություններ կատարել (կարդա Եզեկիել 5։7-12)։ Մազերի մի մասը Եզեկիելը այրեց քաղաքում, որպեսզի ականատեսներին ցույց տա, որ Երուսաղեմի բնակիչներից ոմանք մահանալու են քաղաքում։ Իսկ մի մասը նա քաղաքի շուրջբոլորը թրով կտրատեց ցույց տալու համար, որ բնակիչներից ոմանք էլ սպանվելու են քաղաքից դուրս։ Մազերի մնացած մասն էլ նա քամուն տվեց, որպեսզի ցույց տա, որ թեև մնացած բնակիչները կցրվեն ազգերի մեջ, բայց «սուրը.... կհետապնդի» նրանց։ Փաստորեն, այդ փրկված մարդիկ որտեղ էլ բնակություն հաստատեին, խաղաղություն չէին ունենալու։

8. ա) Ինչո՞վ էր հուսադրող Եզեկիելի բեմականացումը։ բ) Ինչպե՞ս կատարվեց Եզեկիել 5։3-ում արձանագրված մարգարեությունը։

8 Սակայն Եզեկիելի մարգարեական բեմականացումը նաև հուսադրող էր։ Եհովան Եզեկիելին հետևյալ կարգադրությունն արեց. «Մի քիչ մազ վերցրու և այն թաքցրու հագուստիդ ծալքերի մեջ» (Եզեկ. 5։3)։ Այդ հրահանգով Եհովան ցույց տվեց, որ որոշ հրեաներ, ցրվելով ազգերի մեջ, ողջ էին մնալու։ Նրանցից ոմանք Բաբելոնում 70 տարվա երկարատև գերությունից հետո այլ գերիների հետ վերադառնալու էին Երուսաղեմ (Եզեկ. 6։8, 9; 11։17)։ Արդյոք այս մարգարեությունն իրականացա՞վ։ Այո՛։ Ցիրուցան եղած հրեաներից ոմանք բաբելոնյան գերության ավարտից տարիներ անց իսկապես վերադարձան Երուսաղեմ։ Նրանք այն «տարեց մարդիկ [էին], ովքեր տեսել էին նախորդ տունը», այսինքն՝ Սողոմոնի տաճարը (Եզր. 3։12; Անգե 2։1-3)։ Եհովան պահպանեց մաքուր երկրպագությունը, ինչպես և խոստացել էր։ Այդ մասին ավելի մանրամասն կուսումնասիրենք այս գրքի 9-րդ գլխում (Եզեկ. 11։17-20

Այս մարգարեությունից ի՞նչ ենք իմանում ապագա իրադարձությունների մասին

9, 10. Եզեկիելի մարգարեական բեմականացումները գալիք ի՞նչ նշանակալից իրադարձությունների մասին են հիշեցնում։

9 Եզեկիելի բեմականացումները մեզ հիշեցնում են մեր ապագայի վերաբերյալ Աստծու Խոսքում արձանագրված նշանակալից իրադարձությունների մասին։ Որո՞նք են այդ իրադարձություններից մի քանիսը։ Ինչպես որ եղավ Երուսաղեմ քաղաքի պարագայում, Եհովան կօգտագործի քաղաքական ուժերը, որպեսզի իրագործի մի աներևակայելի բան՝ հարձակում կեղծ կրոնական բոլոր կազմակերպությունների վրա (Հայտն. 17։16-18)։ Ինչպես որ Երուսաղեմի կործանումն էր «չլսված աղետ», այնպես էլ «մեծ նեղությունն» է լինելու մի իրադարձություն, «որի նմանը չի եղել», և այն ավարտվելու է Արմագեդոն պատերազմով (Եզեկ. 5։9; 7։5; Մատթ. 24։21

10 Աստծու Խոսքում նշվում է, որ կեղծ կրոնի գալիք կործանման ժամանակ դրա հետևորդների մեծ մասը փրկվելու է։ Այս մարդիկ, վախով բռնված, կմիանան հասարակության տարբեր շերտերին պատկանող այն մարդկանց, ովքեր թաքնվելու համար ապաստան կփնտրեն (Զաք. 13։4-6; Հայտն. 6։15-17)։ Նրանց իրավիճակը մեզ հիշեցնում է, թե ինչ պատահեց Երուսաղեմի այն բնակիչներին, ովքեր փրկվեցին կործանումից, ում, այսպես ասած, ցիրուցան արեց քամին։ Ինչպես նշվեց  7-րդ պարբերության մեջ, թեև նրանք ժամանակավորապես փրկվեցին, սակայն Եհովան «մերկացրեց սուրը, որ հետապնդի» նրանց (Եզեկ. 5։2)։ Նմանապես՝ չկա մի թաքստոց, որ կեղծ կրոնի վրա կատարված հարձակումից փրկվածներին պաշտպանի Եհովայի սրից։ Արմագեդոնին նրանք կմահանան, նրանց հետ նաև մյուս բոլոր այծանման մարդիկ (Եզեկ. 7։4; Մատթ. 25։33, 41, 46; Հայտն. 19։15, 18

Մենք «համր» կդառնանք և մարդկանց այլևս չենք հայտնի բարի լուրը

11, 12. ա) Երուսաղեմի պաշարման մասին Եզեկիելի մարգարեությունը հասկանալը ինչպե՞ս է օգնում մեզ ճիշտ վերաբերմունք ունենալ մեր ծառայության հանդեպ։ բ) Մեր կատարած քարոզչական գործն ու քարոզած լուրը ի՞նչ փոփոխության կարող են ենթարկվել։

11 Այս մարգարեությունը հասկանալը ինչպե՞ս է օգնում մեզ ծառայության հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալ և հրատապության զգացումով լցվել։ Այն օգնում է գիտակցել, որ պետք է մեր լավագույնն անենք, որպեսզի մարդկանց օգնենք դառնալու Եհովայի ծառաները. չէ՞ որ դրա համար նախատեսված ժամանակը սահմանափակ է (Մատթ. 28։19, 20; Եզեկ. 33։14-16)։ Երբ «գավազանը» (քաղաքական ուժերը) հարձակվի կրոնի վրա, մենք այլևս փրկության լուր չենք քարոզի (Եզեկ. 7։10)։ Ինչպես Եզեկիելը մի որոշ ժամանակ «համր» դարձավ, այսինքն՝ դադարեց մարգարեանալ, այնպես էլ մենք «համր» կդառնանք և մարդկանց այլևս չենք հայտնի բարի լուրը (Եզեկ. 3։26, 27; 33։21, 22)։ Կեղծ կրոնի կործանումից հետո մարդիկ հուսահատության գիրկը կընկնեն և այսպես ասած՝ «մարգարեին կհարցնեն, թե արդյոք տեսիլք տեսել է», բայց փրկության ճանապարհը ցույց տվող չի լինի (Եզեկ. 7։26)։ Այդ ճանապարհն իմանալու և Քրիստոսի աշակերտը դառնալու ժամանակն արդեն անցած կլինի։

12 Սակայն մենք չենք դադարելու քարոզել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Մեծ նեղության ժամանակ մենք, հավանաբար, սկսելու ենք կարկտանման դատաստանական լուր հայտնել։ Այդ լուրը հստակ ցույց է տալու, որ այս չար աշխարհի վերջը եկել է (Հայտն. 16։21

«Այն գալիս է»

13. Եհովան ինչո՞ւ էր Եզեկիելին պատվիրել պառկել ձախ, ապա աջ կողքի վրա։

13 Եզեկիելն իր բեմականացումներով ցույց տվեց ոչ միայն այն, թե ինչպես էր Երուսաղեմը կործանվելու, այլ նաև, թե երբ էր դա տեղի ունենալու։ Եհովան Եզեկիելին պատվիրեց 390 օր պառկել ձախ կողքի վրա և 40 օր՝ աջ կողքի վրա։ Ամեն օրը համարվում էր մեկ տարի (կարդա Եզեկիել 4։4-6; Թվեր 14։34)։ Այդ գործողությունը, որը Եզեկիելը պետք է որ օրվա մեջ մի քանի ժամ կատարեր, մատնացույց էր անում Երուսաղեմի կործանման հստակ տարեթիվը։ Ըստ ամենայնի, Իսրայելը 390 տարի շարունակ թաթախված է եղել մեղքի մեջ՝ սկսած մ. թ. ա. 997 թ.-ից, երբ 12 ցեղից կազմված թագավորությունը բաժանվեց երկու մասի (1 Թագ. 12։12-20)։ Հուդայի բնակիչներն էլ 40 տարի շարունակ են մեղք գործել՝ հավանաբար սկսած մ. թ. ա. 647 թ.-ից՝ այն տարվանից, երբ Երեմիան նշանակվեց մարգարե, որպեսզի Հուդայի ժողովրդին հստակ նախազգուշացնի գալիք կործանման մասին (Երեմ. 1։1, 2, 17-19; 19։3, 4)։ Այսպիսով՝ երկու ժամանակահատվածներն էլ ավարտվելու էին մ. թ. ա. 607 թ.-ին։ Հենց այդ տարի Երուսաղեմը կործանվեց, ինչպես որ նախապես ասել էր Եհովան։ b

Եզեկիելի գործողություններն ինչպե՞ս էին մատնացույց անում Երուսաղեմի կործանման հստակ տարեթիվը (տես պարբերություն 13)

14. ա) Եզեկիելն ինչպե՞ս ցույց տվեց Եհովայի ճշտապահության հանդեպ իր վստահությունը։ բ) Ի՞նչ դեպքեր էին նախորդելու Երուսաղեմի կործանմանը։

14 Երբ Եզեկիելը մարգարեական հանձնարարություն ստացավ պառկելու 390 օր ձախ, ապա 40 օր աջ կողքի վրա, նա թերևս չգիտեր Երուսաղեմի կործանման հստակ տարեթիվը։ Այնուամենայնիվ, կործանմանը նախորդող տարիներին նա շարունակաբար նախազգուշացնում էր հրեաներին, որ Եհովայի դատաստանը մոտ է։ «Վերջդ եկել է»,— հայտնում էր նա (կարդա Եզեկիել 7։3, 5-10)։ Եզեկիելն անկասկած գիտեր, որ Եհովան ճշտապահ է (Ես. 46։10)։ Մարգարեն նաև նախապես ասաց, թե ինչ իրադարձություններ էին նախորդելու Երուսաղեմի կործանմանը. «Աղետը աղետի հետևից կգա»։ Այդ իրադարձություններն ի վերջո հանգեցնելու էին սոցիալական, կրոնական և իշխանական կառույցների փլուզմանը (Եզեկ. 7։11-13, 25-27

Պաշարված Երուսաղեմը նման էր «կրակի վրա» դրված «կաթսայի» (տես պարբերություն 15)

15. Սկսած մ. թ. ա. 609 թ.-ից՝ Եզեկիելի մարգարեական ո՞ր խոսքերը կատարվեցին։

15 Երուսաղեմի կործանման մասին Եզեկիելի հայտարարությունից մի քանի տարի անց այդ մարգարեությունը սկսեց կատարվել։ Մ. թ. ա. 609 թ.-ին Եզեկիելն իմացավ, որ թշնամին հարձակվել է Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ շեփորի ձայնը կանչեց բնակիչներին, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց քաղաքը, բայց ինչպես Եզեկիելը նախապես ասել էր, ոչ ոք չգնաց պատերազմի (Եզեկ. 7։14)։ Երուսաղեմի բնակիչները չհամախմբվեցին, որ պաշտպանեին իրենց քաղաքը բաբելոնացիների հարձակումից։ Որոշ հրեաներ գուցե մտածում էին, որ Եհովան կփրկի իրենց. չէ՞ որ անցյալում, երբ ասորեստանցիները սպառնացել էին գրավել Երուսաղեմը, Եհովան օգնության էր հասել, և նրա հրեշտակը ոչնչացրել էր գրեթե ողջ զորքը (2 Թագ. 19։32)։ Բայց այս անգամ նման բան տեղի չունեցավ։ Շատ չանցած՝ պաշարված քաղաքը նմանվեց «կրակի վրա» դրված «կաթսայի», իսկ բնակիչները՝ կաթսայի միջի «մսի կտորների» (Եզեկ. 24։1-10)։ 18 ամիս դաժան պաշարման մեջ մնալուց հետո Երուսաղեմն ընկավ։

«Ձեզ համար գանձեր դիզեք երկնքում»

16. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովայի ճշտապահության հանդեպ մեր վստահությունը։

16 Եզեկիելի մարգարեության այս հատվածն ինչո՞վ է ուսանելի մեզ համար։ Այն ի՞նչ կապ ունի մեր հայտնած լուրի և մարդկանց արձագանքի հետ։ Եհովան որոշել է, թե կեղծ կրոնի մոտալուտ կործանումը կոնկրետ երբ է լինելու, և այս անգամ էլ նա ճիշտ ժամանակին կգործի (2 Պետ. 3։9, 10; Հայտն. 7։1-3)։ Չնայած մենք հստակ չգիտենք, թե այդ իրադարձությունը երբ է լինելու, սակայն Եզեկիելի պես՝ հետևում ենք Եհովայի կարգադրությանը և նախազգուշացնում ենք մարդկանց՝ ասելով. «Վերջը մոտենում է»։ Ինչո՞ւ ենք շարունակ հայտնում այս լուրը։ Այն նույն պատճառով, ինչ Եզեկիելը։ c Մարդկանց մեծամասնությունը, ում Եզեկիելը հայտնել էր Երուսաղեմի կործանման մասին, չհավատացին Աստծուց տրված այդ մարգարեությանը (Եզեկ. 12։27, 28)։ Բայց հետո Բաբելոնում գերեվարված որոշ հրեաներ փաստեցին, որ անկեղծ սիրտ ունեն, և վերադարձան հայրենիք (Ես. 49։8)։ Նմանապես՝ շատ մարդիկ այսօր անտեսում են այն փաստը, որ այս աշխարհը կործանվելու է (2 Պետ. 3։3, 4)։ Համենայն դեպս, քանի դեռ ժամանակ կա, մենք ուզում ենք օգնել անկեղծ սրտով մարդկանց գտնելու կյանքի տանող ճանապարհը (Մատթ. 7։13, 14; 2 Կորնթ. 6։2

Թեև շատերը մեզ չեն լսում, մենք շարունակում ենք փնտրել ազնվասիրտ մարդկանց (տես պարբերություն 16)

Երուսաղեմի բնակիչները ինչո՞ւ էին իրենց արծաթը փողոց շպրտում (տես պարբերություն 17)

17. Ի՞նչ իրադարձությունների ենք ականատես լինելու գալիք մեծ նեղության ժամանակ։

17 Եզեկիելի մարգարեությունը նաև հիշեցնում է մեզ, որ երբ կրոնական կազմակերպությունների վրա հարձակումը տեղի ունենա, դրանց հետևորդները չեն պատերազմի՝ իրենց կրոնը պաշտպանելու համար։ Փոխարենը երբ նրանք սկսեն հասկանալ, որ իրենց օգնության ճիչը՝ «Տե՛ր, Տե՛ր», անպատասխան է մնում, «թևաթափ կլինեն», և «սարսուռը կհամակի նրանց» (Եզեկ. 7։3, 14, 17, 18; Մատթ. 7։21-23)։ Է՞լ ինչ կանեն նրանք (կարդա Եզեկիել 7։19-21)։ Եհովան ասում է. «Նրանք իրենց արծաթը փողոց կշպրտեն»։ Երուսաղեմի բնակիչների մասին ասված այս խոսքը վառ կերպով նկարագրում է, թե ինչ է տեղի ունենալու մեծ նեղության ժամանակ։ Մարդիկ կհասկանան, որ փողը չի կարող իրենց փրկել գալիք կործանումից։

18. Ճիշտ առաջնահերթություններ ունենալու հարցում ի՞նչ ենք սովորում Եզեկիելի մարգարեությունից։

18 Այսպիսով՝ ի՞նչ դաս սովորեցինք Եզեկիելի մարգարեության այս հատվածից։ Հարկավոր է ճիշտ առաջնահերթություններ ունենալ։ Հիշենք. Երուսաղեմի բնակիչները իրենց առաջնահերթություններն արմատապես փոխեցին միայն այն բանից հետո, երբ հասկացան, որ դանակը հասել է ոսկորին՝ իրենց և իրենց քաղաքի վերջը եկել է, և որ նյութական բաները չեն կարող փրկել իրենց կյանքը։ Նրանք դեն նետեցին իրենց ունեցվածքը և սկսեցին «մարգարեին հարցնել, թե արդյոք տեսիլք տեսել է», բայց այլևս ուշ էր (Եզեկ. 7։26)։ Սակայն ի տարբերություն նրանց՝ մենք արդեն իրազեկված ենք, որ այս չար աշխարհի վերջը մոտենում է։ Ուստի Աստծու խոստումների հանդեպ մեր հավատը մղել է մեզ ճիշտ առաջնահերթություններ ունենալու մեր կյանքում։ Մենք փութաջանորեն հոգևոր գանձեր ենք կուտակում, որոնք հավիտենական արժեք ունեն և երբեք «փողոց չեն նետվի» (կարդա Մատթեոս 6։19-21, 24

19. Եզեկիելի մարգարեությունը ինչի՞ է մղում մեզ այսօր։

19 Եվ այսպես՝ Երուսաղեմի կործանման մասին մարգարեությունը ինչի՞ է մեզ մղում։ Այն ժամանակը, երբ մենք կարող ենք օգնել մարդկանց դառնալու Աստծու ծառաները, սահմանափակ է, ուստի մղվում ենք այդ գործը հրատապության զգացումով անելու։ Մենք ցնծում ենք, երբ ազնվասիրտ մարդիկ սկսում են երկրպագել մեր Հորը՝ Եհովային։ Սակայն նրանց, ովքեր չեն անում այդ քայլը, շարունակում ենք նախազգուշացնել, ինչպես որ Եզեկիելն էր անում՝ ասելով. «Վերջը մոտենում է» (Եզեկ. 3։19, 21; 7։6)։ Միևնույն ժամանակ մենք վճռել ենք շարունակել վստահել Եհովային ու մաքուր երկրպագությունը մեր կյանքում առաջնային և ամենակարևորը համարել (Սաղ. 52։7, 8; Առակ. 11։28; Մատթ. 6։33

a Եհովան Եզեկիելին հստակ պատվիրել էր, որ որոշ բեմականացումներ, ինչպիսիք էին հաց պատրաստելն ու իրերը դուրս հանելը, նա անի մարդկանց «աչքի առաջ» (Եզեկ. 4։12; 12։7)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ այս բեմականացումները Եզեկիելը նույնպես մարդկանց աչքի առաջ է արել։

b Թույլ տալով, որ Երուսաղեմը կործանվի՝ Եհովան դատաստան տեսավ ոչ միայն Հուդայի երկցեղ թագավորության, այլև Իսրայելի տասցեղ թագավորության նկատմամբ (Երեմ. 11։17; Եզեկ. 9։9, 10; տես it-1-E, էջ 462, պրբ. 2-էջ 463, պրբ. 1; it-2-U, էջ 1157, պրբ. 1-4

c Նկատի առնենք, որ ընդամենը երեք համարներում՝ Եզեկիել 7։5-7-ում, Եհովան ընդգծում է կործանման անխուսափելի լինելը՝ ընդհանուր հաշվով վեց անգամ նշելով «գալ», «հասնել», «մոտենալ» բառերը։