Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Աստված ընդունեց նրանց ընծաները

Աստված ընդունեց նրանց ընծաները

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 11։4

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Եհովային մատուցվող մաքուր երկրպագության պատմությունը

1-3. ա) Ի՞նչ հարցեր ենք քննելու։ բ) Մաքուր երկրպագության վերաբերյալ ո՞ր կարևոր չորս պահանջներն ենք ուսումնասիրելու (տես առաջին նկարը)։

 ԱԲԵԼԸ ուշադիր զննում է իր հոտը։ Այդ գառնուկների ծնված օրվանից նա քնքշությամբ հոգ է տարել նրանց համար։ Այժմ նա ընտրում է մի քանիսին, մորթում և որպես ընծա մատուցում է Աստծուն։ Արդյոք անկատար մարդու կողմից մատուցված այս երկրպագությունն ընդունելի կլինի՞ Եհովայի համար։

2 Աբելի վերաբերյալ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրեց, որ Աստված ընդունեց նրա ընծաները։ Կայենի ընծան, սակայն, Եհովան մերժեց (կարդա Եբրայեցիներ 11։4)։ Այս առնչությամբ հարցեր են առաջանում. Աստված ինչո՞ւ Աբելի երկրպագությունն ընդունեց, իսկ Կայենինը՝ ոչ, և ի՞նչ կարող ենք սովորել Կայենի, Աբելի ու Եբրայեցիներ 11-րդ գլխում հիշատակված այլ մարդկանց օրինակներից։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի մեզ ավելի խորը հասկանալու, թե ինչ ասել է մաքուր երկրպագություն։

3 Այս գլխում մենք համառոտ կքննենք մաքուր երկրպագության պատմությունը՝ սկսած Աբելի ժամանակներից մինչև Եզեկիելի ժամանակները։ Գլուխն ընթերցելիս ուշադրություն դարձրու հետևյալ չորս պահանջներին, որոնք հարկավոր է կատարել Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու համար. երկրպագությունը պետք է ուղղված լինի միայն Եհովային, որակը պետք է լավագույնը լինի, ձևը՝ նրան ընդունելի, իսկ շարժառիթը՝ մաքուր։

Ինչո՞ւ Աստված չընդունեց Կայենի երկրպագությունը

4, 5. Ի՞նչն էր մղել Կայենին եզրակացնելու, որ իր ընծան պետք է Եհովային մատուցի։

4 Կարդա Ծննդոց 4։2-5։ Կայենը գիտեր, որ իր ընծան պետք է Եհովային մատուցի։ Նա բավականաչափ ժամանակ և հնարավորություն է ունեցել Եհովայի մասին սովորելու։ Կայենը և նրա եղբայր Աբելը, հավանաբար, մոտ 100 տարեկան էին, երբ ընծաներ մատուցեցին։ a Երկու եղբայրներն էլ փոքրուց լսել էին Եդեմի պարտեզի մասին, անգամ հնարավոր է՝ հեռվից տեսել էին այդ պտղատու պարտեզը։ Եվ ինչ խոսք, նրանք տեսել էին նաև այն քերովբեներին, որոնք փակել էին պարտեզի մուտքը (Ծննդ. 3։24)։ Տղաների ծնողներն, անկասկած, պատմել էին նրանց, որ Եհովան է ստեղծել ամեն բան, ինչպես նաև պատմել էին մարդկանց առնչությամբ նրա սկզբնական նպատակի մասին, որն այն չէր, ինչ նրանք տեսնում ու զգում էին իրենց կյանքում՝ քայլ առ քայլ մոտեցող ծերություն և մահ (Ծննդ. 1։24-28)։ Հավանաբար, այս ամենն իմանալով է Կայենը եզրակացրել, որ իր ընծան պետք է Եհովային մատուցի։

5 Է՞լ ինչը կարող էր մղել Կայենին զոհ մատուցելու։ Եհովան նախապես ասել էր, որ մի «սերունդ» է առաջ գալու՝ մեկը, ով ջախջախելու է «օձի» գլուխը, որը Եվային դրդել էր կայացնել այդ սարսափելի որոշումը (Ծննդ. 3։4-6, 14, 15)։ Կայենը, որպես առաջնեկ, հավանաբար մտածում էր, թե ինքն է խոստացված «սերունդը» (Ծննդ. 4։1)։ Բացի այդ՝ Եհովան չէր դադարել հաղորդակցվել մեղավոր մարդկանց հետ։ Նույնիսկ երբ Ադամը մեղք գործեց, Աստված խոսեց նրա հետ, ըստ ամենայնի, հրեշտակի միջոցով (Ծննդ. 3։8-10)։ Եհովան խոսեց նաև Կայենի հետ այն բանից հետո, երբ նա մատուցեց իր զոհը (Ծննդ. 4։6)։ Անկասկած, Կայենը գիտեր, որ Եհովան արժանի է երկրպագության։

6, 7. Արդյո՞ք Կայենի մատուցած ընծան անորակ էր կամ դրա մատուցման ձևը՝ սխալ։ Բացատրիր։

6 Այդ դեպքում Եհովան ինչո՞ւ հավանություն չտվեց Կայենի զոհին։ Խնդիրը որա՞կն էր։ Աստվածաշունչն այդ մասին ոչինչ չի ասում։ Այնտեղ պարզապես նշված է, որ Կայենը «երկրի տված բերքից ընծա բերեց»։ Հետագայում Եհովան Մովսեսին տված Օրենքի միջոցով հայտնեց, որ այդպիսի զոհերն ընդունելի են իրեն (Թվեր 15։8, 9)։ Նաև հաշվի առնենք հետևյալը. պատմության այդ շրջանում մարդիկ միայն բուսական սնունդ էին ուտում (Ծննդ. 1։29), և քանի որ Աստված անիծել էր Եդեմի սահմաններից դուրս գտնվող հողը, Կայենը պետք է տքնաջան աշխատեր որևէ բան աճեցնելու համար (Ծննդ. 3։17-19)։ Փաստորեն, նա որպես զոհ մատուցեց մի բան, ինչն իր քրտինքով էր աճեցրել, և ինչը կյանքի համար կարևոր նշանակություն ուներ։ Չնայած այդ ամենին՝ Կայենի զոհը չարժանացավ Եհովայի հավանությանը։

7 Իսկ գուցե խնդիրը ընծան մատուցելու ձև՞ն էր։ Գուցե Կայենը թերացե՞լ էր Աստծուն ընդունելի կերպով զոհ մատուցել։ Դժվար թե։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ երբ Եհովան մերժեց Կայենի ընծան, նա չդատապարտեց այն մատուցելու ձևը։ Իրականում ոչ մի հիշատակում չկա այն մասին, թե Կայենն ու Աբելը ինչ ձևով են մատուցել իրենց ընծաները։ Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը։

Կայենի շարժառիթները մաքուր չէին (տես պարբերություններ 8, 9)

8, 9. ա) Ինչո՞ւ Եհովան հավանություն չտվեց Կայենին ու նրա բերած ընծային։ բ) Աստվածաշնչում ի՞նչ տեղեկություններ են արձանագրված Կայենի ու Աբելի մասին, և դրանցից ո՞րն է հատկանշական քեզ համար։

8 Պողոսը եբրայեցիներին ուղղած իր նամակում Աստծու ներշնչմամբ գրեց, որ խնդիրը Կայենի շարժառիթներն էին։ Կայենը հավատ չուներ (Եբր. 11։4; 1 Հովհ. 3։11, 12)։ Ուստի Եհովային հաճելի չէր հենց ինքը՝ Կայենը, ոչ թե միայն նրա ընծան (Ծննդ. 4։5-8)։ Եհովան սիրառատ Հայր է, ուստի նա բարությամբ փորձեց ուղղել իր որդուն։ Բայց Կայենը, ըստ էության, չբռնեց Եհովայի՝ օգնության համար մեկնած ձեռքը։ Նրա փոխաբերական սիրտը ապականվել էր անկատար մարմնի թունավոր հակումներով՝ «թշնամանք, գժտություն, խանդ» (Գաղ. 5։19, 20)։ Կայենի չար սրտի պատճառով արժեզրկվել էին նրա երկրպագության մյուս բոլոր դրական կողմերը։ Նրա օրինակից կարևոր դաս ենք սովորում. մաքուր երկրպագությունն ավելին է, քան Եհովայի հանդեպ նվիրվածության լոկ տեսանելի դրսևորումները։

9 Աստվածաշնչից շատ բաներ ենք իմանում Կայենի մասին՝ այն, որ Եհովան խոսել է նրա հետ, և որ նա պատասխանել է Նրան։ Անգամ գիտենք նրա երեխաների անունները և որոշ բաներ, որ նրանք արել են (Ծննդ. 4։17-24)։ Իսկ ինչ վերաբերում է Աբելին, ապա որևէ տեղեկություն չկա՝ նա երեխաներ ունեցել է, թե ոչ, և նրա ասածներից ոչինչ չի գրվել Աստվածաշնչում։ Չնայած դրան՝ Աբելի գործերը առայսօր խոսում են մեզ հետ։ Այդ ինչպե՞ս։

Աբելը մաքո՛ւր երկրպագություն մատուցեց

10. Ինչո՞ւ ենք ասում, որ Աբելը մաքուր երկրպագություն մատուցեց։

10 Աբելն իր ընծան մատուցեց Եհովային՝ իմանալով, որ միմիայն նա է արժանի երկրպագության։ Նրա ընծայի որակը լավագույնն էր. նա ընտրել էր «իր հոտի առաջնեկներից»։ Չնայած Աստվածաշնչում չի նշվում՝ արդյոք Աբելն իր ընծան զոհասեղանի վրա է մատուցել, թե ոչ, սակայն ընծան մատուցելու ձևն անկասկած ընդունելի էր Եհովային։ Բայց ամենակարևորն այն է, որ Աբելը ճիշտ շարժառիթով մատուցեց իր ընծան։ Ու թեև արդեն 6 000 տարի է անցել, նրա օրինակը մինչ օրս ուսանելի է մեզ համար։ Աբելի մղիչ ուժը հավատն էր առ Աստված և սերը նրա արդար չափանիշների հանդեպ։ Որտեղի՞ց գիտենք։

Աբելը կատարեց մաքուր երկրպագության վերաբերյալ չորս կարևոր պահանջները (տես պարբերություն 10)

11. Հիսուսն ինչո՞ւ Աբելին արդար մարդ կոչեց։

11 Նախ տեսնենք, թե Հիսուսն ինչ է ասել Աբելի՝ Ադամի որդու մասին։ Նա լավ գիտեր Աբելին, քանի որ երկնքում էր եղել, երբ Աբելը լույս աշխարհ էր եկել ու սկսել էր ապրել երկրի վրա։ Նա խորապես հետաքրքրված էր Աբելով (Առակ. 8։22, 30, 31; Հովհ. 8։58; Կող. 1։15, 16)։ Փաստորեն, Հիսուսն իր աչքի տեսածի համաձայն է ասել, որ Աբելն արդար մարդ է (Մատթ. 23։35)։ Արդար մարդը նա է, ով ընդունում է, որ Եհո՛վան պետք է սահմանի ճշտի ու սխալի վերաբերյալ չափանիշները։ Ավելին՝ նա իր խոսքերով ու գործերով փաստում է, որ համաձայն է այդ չափանիշներին (համեմատիր Ղուկ. 1։5, 6)։ Արդար մարդու համբավ ձեռք բերելու համար ժամանակ է պետք, հետևաբար կարող ենք ասել, որ նախքան Աստծուն ընծա մատուցելը Աբելն արդեն ապրում էր Եհովայի չափանիշների համաձայն։ Բայց կյանքի այդ ճանապարհը թերևս հեշտ չի եղել։ Նրա ավագ եղբոր օրինակը հազիվ թե դրական ազդեցություն թողած լիներ նրա վրա. չէ՞ որ Կայենի սիրտը չար էր դարձել (1 Հովհ. 3։12)։ Բացի այդ՝ Աբելի մայրը չէր հնազանդվել Եհովայի հստակ պատվերին, իսկ հայրը ըմբոստացել էր Նրա դեմ՝ ցանկանալով ինքնուրույն որոշել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ (Ծննդ. 2։16, 17; 3։6)։ Իրոք որ, Աբելին մեծ քաջություն էր պետք՝ ընտրելու մի ուղի, որն այդքան տարբերվում էր իր ընտանիքի բռնած ուղուց։

12. Ո՞րն է Կայենի ու Աբելի միջև եղած ամենամեծ տարբերությունը։

12 Այժմ ուշադրություն դարձնենք, թե Պողոս առաքյալը ինչպես ցույց տվեց հավատի և արդարության միջև եղած կապը։ Նա գրեց. «Հավատի շնորհիվ Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը, և այդ հավատի համար Աստված հավաստիացում տվեց, որ արդար է համարում նրան» (Եբր. 11։4)։ Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ, ի տարբերություն Կայենի, Աբելին իր ողջ կյանքի ընթացքում հավատն էր մղում գործելու, անկեղծ հավատը Եհովայի ու նրա գործելակերպի հանդեպ։

13. Ի՞նչ ենք սովորում Աբելի օրինակից։

13 Աբելի օրինակից սովորում ենք, որ մաքուր երկրպագությունը կարող է բխել միայն մաքուր շարժառիթներ ունեցող սրտից, Եհովայի հանդեպ հավատով և նրա արդար չափանիշների հանդեպ լիարժեք վստահությամբ լի սրտից։ Բացի այդ՝ մենք սովորում ենք, որ մաքուր երկրպագությունն ավելին է, քան նվիրվածություն ցույց տվող մեկ արարքը։ Այն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները, մեր արած յուրաքանչյուր քայլը։

Նահապետները հետևեցին Աբելի օրինակին

14. Եհովան ինչո՞ւ է ընդունել Նոյի, Աբրահամի և Հակոբի մատուցած զոհերը։

14 Աբելը առաջին անկատար մարդն էր, որ մաքուր երկրպագություն մատուցեց Եհովային։ Սակայն նա վերջինը չէր։ Պողոս առաքյալը նշեց նաև այլ մարդկանց մասին, ովքեր երկրպագել են Եհովային նրան ընդունելի ձևով, օրինակ՝ Նոյի, Աբրահամի և Հակոբի (կարդա Եբրայեցիներ 11։7, 8, 17-21)։ Այս նահապետները զոհեր են մատուցել Եհովային, և նա հավանություն է տվել դրանց։ Ինչո՞ւ։ Նրանք ոչ թե ձևական ծիսակատարություններ էին անում, այլ բավարարում էին մաքուր երկրպագություն մատուցելու բոլոր կարևոր պահանջները։ Քննենք նրանց օրինակները։

Նոյի զոհաբերությունները ցույց տվեցին նրա հստակ դիրքորոշումը (տես պարբերություններ 15, 16)

15, 16. Նոյն ինչպե՞ս կատարեց մաքուր երկրպագության վերաբերյալ չորս կարևոր պահանջները։

15 Նոյը ծնվել է Ադամի մահից ընդամենը 126 տարի հետո, սակայն աշխարհն արդեն հասցրել էր ապականվել կեղծ պաշտամունքով b (Ծննդ. 6։11)։ Ջրհեղեղից առաջ երկրի վրա ապրող բոլոր ընտանիքներից միայն Նոյն ու նրա ընտանիքն էին ծառայում Եհովային նրան ընդունելի ձևով (2 Պետ. 2։5)։ Ջրհեղեղից փրկվելուց հետո Նոյը մղվեց կառուցելու մի զոհասեղան (սա Աստվածաշնչում հիշատակված առաջին զոհասեղանն է) և դրա վրա զոհեր մատուցելու Եհովային։ Այդ սրտաբուխ արարքով Նոյն իր ընտանիքին և ողջ մարդկությանը, որը սերելու էր իրենից, հստակ ցույց տվեց, որ միայն Եհովան է արժանի երկրպագության։ Նոյն ընտրեց մի քանի մաքուր կենդանիներ ու թռչուններ և դրանք որպես զոհ մատուցեց Աստծուն (Ծննդ. 8։20)։ Այդ ընծաները լավագույն որակի էին, քանի որ Եհովան էր դրանք մաքուր համարել (Ծննդ. 7։2

16 Նոյն այդ կենդանիներին որպես ողջակեզ մատուցեց իր կառուցած զոհասեղանի վրա։ Երկրպագության այս ձևն ընդունելի՞ էր Աստծուն։ Այո՛։ Աստվածաշնչում կարդում ենք, որ այդ զոհերի բույրը հաճելի էր Եհովային, ու նա օրհնեց Նոյին ու նրա որդիներին (Ծննդ. 8։21; 9։1)։ Բայց գլխավոր պատճառը, թե Եհովան ինչու ընդունեց նրա զոհը, այն էր, որ նա ճիշտ շարժառիթով դա արեց։ Զոհ մատուցելով՝ Նոյը ևս մեկ անգամ իր խոր հավատն արտահայտեց Եհովայի ու նրա գործելակերպի նկատմամբ։ Նոյը միշտ հնազանդվում էր Եհովային և ապրում էր նրա չափանիշների համաձայն։ Ուստի Աստվածաշունչն ասում է, որ նա «ճշմարիտ Աստծու հետ էր քայլում»։ Արդյունքում Նոյը արդար մարդու մնայուն համբավ ձեռք բերեց (Ծննդ. 6։9; Եզեկ. 14։14; Եբր. 11։7

17, 18. Աբրահամն ինչպե՞ս կատարեց մաքուր երկրպագության վերաբերյալ չորս կարևոր պահանջները։

17 Աբրահամն ապրում էր կեղծ պաշտամունքով ապականված մի աշխարհում։ Նրա հայրենի քաղաք Ուրի ամեն մի անկյունից կարելի էր տեսնել լուսնի աստված Նաննային նվիրված տաճարը։ c Նույնիսկ Աբրահամի հայրն էր մի ժամանակ պաշտել կեղծ աստվածների (Հեսու 24։2), մինչդեռ Աբրահամը որոշել էր երկրպագել Եհովային։ Ամենայն հավանականությամբ, ճշմարիտ Աստծու մասին նա իմացել էր իր նախահայր Սեմից՝ Նոյի ավագ որդուց. նրանք 150 տարի ժամանակակիցներ են եղել։

18 Իր երկարատև կյանքի ընթացքում Աբրահամը բազմաթիվ զոհեր է մատուցել։ Նա դրանք միշտ մատուցել է Եհովային՝ միակ անձնավորությանը, ով արժանի է երկրպագության (Ծննդ. 12։8; 13։18; 15։8-10)։ Կարելի՞ է ասել, որ Աբրահամի մատուցած ընծաները լավագույն որակի էին։ Այս հարցին սպառիչ պատասխան տրվեց, երբ Աբրահամը փաստեց, որ պատրաստ է զոհելու իր սիրելի որդուն՝ Իսահակին։ Այդ ժամանակ Եհովան Աբրահամին մանրամասնորեն ասաց, թե նա ինչ ձևով պիտի մատուցի զոհը (Ծննդ. 22։1, 2)։ Եվ եթե Եհովան չմիջամտեր, Աբրահամը պատրաստ էր ամենայն մանրամասնությամբ հետևելու նրա առաջնորդությանը և զոհաբերելու իր որդուն (Ծննդ. 22։9-12)։ Եհովան ընդունեց Աբրահամի երկրպագությունը, քանի որ նրա շարժառիթները մաքուր էին։ «Աբրահամը հավատաց Եհովային,— գրեց Պողոս առաքյալը,— և դրա համար արդար համարվեց» (Հռոմ. 4։3

Հակոբը լավ օրինակ թողեց իր ընտանիքի համար (տես պարբերություններ 19, 20)

19, 20. Հակոբն ինչպե՞ս կատարեց մաքուր երկրպագության վերաբերյալ չորս կարևոր պահանջները։

19 Հակոբը իր կյանքի մեծ մասն ապրել է Քանանում՝ այն երկրում, որը Եհովան խոստացել էր տալ Աբրահամին ու նրա սերունդներին (Ծննդ. 17։1, 8)։ Այնտեղի բնակիչները թաթախված էին կեղծ երկրպագության մեջ։ Այդ պաշտամունքն այնքան գարշելի էր, որ Եհովան ասաց. «Այդ երկիրը փսխելու է իր բնակիչներին» (Ղևտ. 18։24, 25)։ Երբ Հակոբը 77 տարեկան էր, հեռացավ Քանանից, ամուսնացավ և հետագայում վերադարձավ այնտեղ իր մեծ ընտանիքով (Ծննդ. 28։1, 2; 33։18)։ Կեղծ երկրպագությունն ազդեցություն էր ունեցել նրա ընտանիքի անդամներից ոմանց վրա։ Չնայած դրան, երբ Եհովան Հակոբին պատվիրեց գնալ Բեթել ու զոհասեղան կառուցել, նա առանց վարանելու հնազանդվեց։ Գնալուց առաջ Հակոբն ասաց իր ընտանիքին՝ «Հեռացրե՛ք ձեր ունեցած օտար աստվածները [և] մաքրվե՛ք», ապա հավատարմորեն կատարեց բոլոր հրահանգները (Ծննդ. 35։1-7

20 Խոստացված երկրում Հակոբը մի շարք զոհասեղաններ կառուցեց. դրանք բոլորը նախատեսված էին միմիայն Եհովային երկրպագելու համար (Ծննդ. 35։14; 46։1)։ Նրա զոհերի որակը, երկրպագելու ձևը և շարժառիթները ընդունելի էին Եհովային։ Ուստի Աստվածաշունչը նրան կոչում է «անարատ մարդ»։ Սա մի արտահայտություն է, որը բնորոշում է Աստծու հավանությունն ունեցող մարդուն (Ծննդ. 25։27)։ Իր ողջ կյանքի ընթացքում Հակոբը ճիշտ էր վարվում՝ ակնառու օրինակ թողնելով իր սերունդների՝ Իսրայելի ազգի համար (Ծննդ. 35։9-12

21. Նահապետների թողած օրինակից ի՞նչ կարող ենք սովորել մաքուր երկրպագության մասին։

21 Նահապետների թողած օրինակից ի՞նչ կարող ենք սովորել մաքուր երկրպագության մասին։ Մենք էլ նրանց պես շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, որոնք կարող են խանգարել մեզ բացարձակապես նվիրված մնալ Եհովային։ Նրանց թվում գուցե նաև մեր ընտանիքի անդամները լինեն։ Որպեսզի չտրվենք այդ ճնշումներին, պետք է ամուր հավատ զարգացնենք Եհովայի հանդեպ և համոզված լինենք, որ նրա արդար չափանիշները լավագույնն են։ Մենք դրսևորում ենք մեր հավատը, երբ հնազանդվում ենք Եհովային և մեր ժամանակը, ուժերն ու միջոցները նվիրում ենք նրան ծառայելուն (Մատթ. 22։37-40; 1 Կորնթ. 10։31)։ Շատ քաջալերական է իմանալ, որ երբ երկրպագություն ենք մատուցում Եհովային մեր ուժերի ներածին չափով, նրան հաճելի ձևով և մաքուր մղումներով, նա մեզ արդար է համարում (կարդա Հակոբոս 2։18-24

Եհովային մաքուր երկրպագություն մատուցող ազգ

22-24. Օրենքում ինչպե՞ս էր ընդգծվում այն, թե իսրայելացիները ում պետք է զոհեր մատուցեին, ինչ որակի և ինչ ձևով։

22 Եհովան Հակոբի սերունդներին տվեց օրենքների ժողովածու, որում հստակ նշված էր, թե ինչ է պահանջում նրանցից։ Եթե նրանք հնազանդվեին Եհովային, կդառնային «սուրբ ազգ» և նրա «հատուկ սեփականությունը» (Ելք 19։5, 6)։ Նկատի առնենք, թե Օրենքում ինչպես էին ընդգծվում մաքուր երկրպագության չորս կարևոր պահանջները։

23 Եհովան իսրայելացիներին պարզ ասել էր, թե նրանք ում պետք է երկրպագեն։ Նա հետևյալ պատվերն էր տվել. «Ինձնից բացի՝ ուրիշ աստվածներ չունենաս» (Ելք 20։3-5)։ Իսրայելացիների մատուցած զոհերը պետք է լավագույն որակի լինեին։ Օրինակ՝ կենդանական զոհերը պետք է լինեին առողջ՝ առանց որևէ արատի (Ղևտ. 1։3; 2 Օրենք 15։21; համեմատիր Մաղաքիա 1։6-8)։ Եհովային մատուցվող ընծաներից բաժին ունեին ղևտացիները, բայց նրանցից նույնպես ակնկալվում էր զոհեր մատուցել։ Նրանք պետք է Եհովային տային իրենց տրված «բոլոր նվերների լավագույններից» (Թվեր 18։29)։ Երկրպագություն մատուցելու ձևի վերաբերյալ իսրայելացիներին մանրամասն առաջնորդություն էր տրվել. ասվել էր, թե ինչ զոհեր պետք է մատուցեն Եհովային, ինչպես և որտեղ դա անեն։ Նրանց տրված էին ավելի քան 600 օրենքներ, որոնք առնչվում էին նրանց կյանքին։ Իսրայելացիներին ասվել էր. «Բարեխղճորեն արեք այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան պատվիրել է ձեզ։ Աջ կամ ձախ չշեղվեք» (2 Օրենք 5։32

24 Իսկ կարևո՞ր էր, թե իսրայելացիները որտեղ էին մատուցում իրենց զոհերը։ Այո՛։ Եհովան իր ժողովրդին հրահանգ էր տվել խորան կանգնեցնել, որը դարձավ մաքուր երկրպագության կենտրոնը (Ելք 40։1-3, 29, 34)։ Այդ ժամանակներում, եթե իսրայելացին ցանկանում էր, որ իր զոհը ընդունելի լիներ Աստծուն, նա պետք է խորան տաներ այն d (2 Օրենք 12։17, 18

25. Զոհաբերությունների վերաբերյալ ո՞րն էր ամենակարևոր նախապայմանը։ Բացատրիր։

25 Սակայն ամենակարևորը իսրայելացու շարժառիթներն էին։ Նա պետք է զոհը մատուցեր՝ Եհովայի և նրա չափանիշների հանդեպ անկեղծ սիրուց մղված (կարդա 2 Օրենք 6։4-6)։ Երբ իսրայելացին պարտադրված էր երկրպագություն մատուցում Եհովային, նա չէր ընդունում նրա զոհերը (Ես. 1։10-13)։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ցույց տվեց, որ իրեն հնարավոր չէ խաբել՝ նվիրվածություն կեղծելով։ Նա ասաց. «Այս մարդիկ.... իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից» (Ես. 29։13

Երկրպագություն՝ տաճարում

26. Սողոմոնի կառուցած տաճարը սկզբում ի՞նչ դեր ուներ մաքուր երկրպագության մեջ։

26 Իսրայելացիների՝ Խոստացված երկրում բնակվելուց դարեր անց Սողոմոն թագավորը կառուցեց մի տաճար, որը դարձավ մաքուր երկրպագության կենտրոնը։ Այն խորանից շատ ավելի փառահեղ էր (1 Թագ. 7։51; 2 Տար. 3։1, 6, 7)։ Սկզբում տաճարում միայն Եհովային էին զոհեր մատուցում։ Սողոմոնն ու իր հպատակները մեծ քանակությամբ բարձր որակի զոհեր մատուցեցին և դա արեցին Աստծու Օրենքում նշված ձևով (1 Թագ. 8։63)։ Սակայն տաճարի շքեղությունն ու զոհերի քանակը չէին, որ այնտեղ մատուցվող երկրպագությունը ընդունելի էին դարձնում Եհովայի աչքում։ Ամենաարժեքավորը ընծան մատուցողի շարժառիթն էր։ Սողոմոնն ընդգծեց այդ միտքը տաճարի նվիրման ժամանակ՝ ասելով. «Ձեր ողջ սրտով նվիրված եղեք մեր Աստված Եհովային. նրա կանոնների համաձայն ապրեք ու պահեք նրա պատվիրանները, ինչպես որ այսօր անում եք» (1 Թագ. 8։57-61

27. Ինչպե՞ս վարվեցին Իսրայելի թագավորներն ու նրանց հպատակները, և ինչպե՞ս արձագանքեց Եհովան։

27 Ցավոք, իսրայելացիները չշարունակեցին հետևել թագավորի իմաստուն խորհրդին։ Նրանք թերացան կատարել մաքուր երկրպագությանն առնչվող կարևոր պահանջները։ Իսրայելի թագավորների և նրանց հպատակների սիրտը ապականվեց։ Նրանք կորցրին Եհովայի հանդեպ իրենց հավատը և դադարեցին ապրել նրա արդար չափանիշների համաձայն։ Եհովան, սիրուց մղված, բազմիցս մարգարեներ ուղարկեց, որպեսզի ուղղի նրանց և նախազգուշացնի իրենց արարքների հետևանքների մասին (Երեմ. 7։13-15, 23-26)։ Հիշատակման արժանի այդ մարգարեներից մեկը Եզեկիելն էր։ Այս հավատարիմ մարդը ապրել է մաքուր երկրպագության պատմության ճգնաժամային ժամանակաշրջանում։

Եզեկիելը տեսնում է, թե ինչպես է ապականվում մաքուր երկրպագությունը

28, 29. Ի՞նչ գիտենք Եզեկիելի մասին (տես «Ինչ ժամանակաշրջանում է ապրել Եզեկիելը» շրջանակը)։

28 Եզեկիելը քաջ ծանոթ էր Սողոմոնի կառուցած տաճարում մատուցվող ծառայությանը։ Նրա հայրը քահանա էր եղել, և քահանայական ծառայության իր հերթին ծառայել էր տաճարում (Եզեկ. 1։3)։ Եզեկիելի կյանքի վաղ տարիները, ամենայն հավանականությամբ, երջանիկ են անցել։ Նրա հայրն անկասկած սովորեցրել է նրան Եհովայի և Օրենքի մասին։ Մոտավորապես այն ժամանակ, երբ Եզեկիելը ծնվել է, տաճարում գտել են «Օրենքի գիրքը»։ e Իշխող միապետը՝ Հովսիա թագավորը, շատ է տպավորվել այն ամենով, ինչ լսել է, ուստի ամեն ջանք գործադրել է, որպեսզի նպաստի մաքուր երկրպագության վերականգնմանը (2 Թագ. 22։8-13

Եզեկիելի հայրը, անկասկած, սովորեցրել էր նրան Եհովայի և Օրենքի մասին (տես պարբերություն 28)

29 Իրենից առաջ ապրած հավատարիմ մարդկանց պես՝ Եզեկիելը կատարեց մաքուր երկրպագության վերաբերյալ չորս պահանջները։ «Եզեկիել» գիրքն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ նա ծառայել է միայն Եհովային, միշտ տվել է իր լավագույնը, հնազանդվել է նրա պատվերներին և ամեն ինչ արել է նրա ուզած ձևով։ Եզեկիելն այս ամենն արել է՝ անկեղծ հավատից մղված, ինչը չենք կարող ասել նրա ժամանակներում ապրած մարդկանց մեծամասնության մասին։ Եզեկիելը փոքրուց լսել է Երեմիայի մարգարեությունները։ Վերջինս սկսել է իր ծառայությունը մ. թ. ա. 647 թ. -ին և եռանդորեն հայտնել է Եհովայի մոտալուտ դատաստանի մասին։

30. ա) Եզեկիելի արձանագրած մարգարեությունները ի՞նչ են օգնում հասկանալ։ բ) Ի՞նչ է մարգարեությունը, և Եզեկիելի հաղորդած մարգարեություններն ինչպե՞ս է պետք հասկանալ (տես «Եզեկիելի մարգարեությունների առանձնահատկությունները» շրջանակը)։

30 Եզեկիելի՝ Աստծու ներշնչմամբ գրած խոսքերից երևում է, թե Աստծու ժողովուրդը որքան էր հեռացել Նրանից (կարդա Եզեկիել 8։6)։ Երբ Եհովան սկսեց խրատել Հուդային, Եզեկիելը գերեվարվածների հետ Բաբելոնում էր (2 Թագ. 24։11-17)։ Թեև նա գերեվարված էր, սակայն դա չէր նշանակում, որ Եհովան պատժել էր նրան։ Եհովան կարևոր հանձնարարություն էր տալու այս հավատարիմ մարդուն։ Եզեկիելի արձանագրած զգայացունց տեսիլքներն ու մարգարեությունները ավետում էին այն մասին, թե ինչպես էր մաքուր երկրպագությունը վերականգնվելու Երուսաղեմում։ Դրանք մեզ էլ օգնում են հասկանալ, որ ի վերջո այն կվերականգնվի ողջ երկրով մեկ, և բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, մաքուր երկրպագություն կմատուցեն նրան։

31. Այս գիրքը կօգնի մեզ ի՞նչ անել։

31 Այս գրքի հինգ մասերն ուսումնասիրելիս մտովի կտեղափոխվենք երկնային ոլորտ, որտեղ Եհովայի բնակավայրն է, կիմանանք, թե որքան էր պղծվել մաքուր երկրպագությունը, թե ինչպես է Եհովան գերությունից վերադարձրել իր ժողովրդին ու պաշտպանել նրան, և հայացք կնետենք ապագային, երբ բոլոր մարդիկ կերկրպագեն Եհովային։ Հաջորդ գլխում կքննենք Եզեկիելի արձանագրած առաջին տեսիլքը։ Եհովային ու նրա կազմակերպության երկնային մասը նկարագրող տեսիլքը անչափ կտպավորի մեզ և կպարզաբանի այն, թե ինչու է միայն Եհովան արժանի բացարձակ նվիրվածության ու մաքուր երկրպագության։

a Աբելը, հավանաբար, ծնվել է Ադամի ու Եվայի՝ Եդեմի պարտեզից վռնդվելուց կարճ ժամանակ հետո (Ծննդ. 4։1, 2Ծննդոց 4։25-ում ասվում է, որ Աստված Սեթին տվեց «Աբելի փոխարեն»։ Ադամը 130 տարեկան էր, երբ ծնվեց Սեթը (Ծննդ. 5։3)։ Այդ ժամանակ Աբելն արդեն մահացել էր։ Ուստի Աբելն, ըստ ամենայնի, 100 տարեկան էր, երբ Կայենը դաժանաբար սպանեց նրան։

b Ծննդոց 4։26-ում նշվում է, որ Ենոքի՝ Ադամի թոռան ժամանակներում «մարդիկ սկսեցին կանչել Եհովայի անունը»։ Սակայն նրանք, ակներևաբար, դա անում էին անհարգալից կերպով. հնարավոր է՝ նրանք իրենց կուռքերին «Եհովա» անունով էին կոչում։

c Նաննա աստվածը հայտնի էր նաև Սին անունով։ Թեև Ուր քաղաքի բնակիչները պաշտում էին տարբեր աստվածների, քաղաքի տաճարների ու զոհասեղանների մեծ մասը նվիրված էր նրա պաշտամունքին։

d Այն բանից հետո, երբ սուրբ տապանակը խորանից հանեցին, ըստ ամենայնի, Եհովան թույլ տվեց, որ զոհեր մատուցվեն տարբեր տեղերում (1 Սամ. 4։3, 11; 7։7-9; 10։8; 11։14, 15; 16։4, 5; 1 Տար. 21։26-30

e Ըստ երևույթին, Եզեկիելը 30 տարեկան էր, երբ մ. թ. ա. 613 թ.-ին սկսեց մարգարեանալ։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ նա ծնվել է մ. թ. ա. մոտ 643 թ.-ին (Եզեկ. 1։1)։ Հովսիան սկսել է իշխել մ.թ.ա. 659 թ.-ին, և Օրենքի գիրքը (հավանաբար բնօրինակը) գտնվել է նրա իշխանության մոտ 18-րդ տարում, այսինքն՝ մ. թ. ա. 642-641 թթ.-ին։