Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 17

«Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ»

«Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ»

ԵԶԵԿԻԵԼ 38։3

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ով է «Գոգը», և ինչ «երկրի» վրա է նա հարձակվելու

1, 2. Ի՞նչ մեծ պատերազմ է սպասվում ապագայում, և ի՞նչ հարցեր են առաջանում այդ առնչությամբ (տես առաջին նկարը)։

 ՀԱԶԱՐԱՎՈՐ տարիներ պատերազմների պատճառով արյան գետեր են հոսել երկրագնդի վրա։ Այդ արյունահեղ պատերազմների թվում են 20-րդ դարի երկու աշխարհամարտերը։ Բայց մարդկության պատմության ամենամեծ պատերազմը դեռ առջևում է։ Այս մեկը, սակայն, տարբերվելու է սովորական պատերազմներից, որոնք մարդիկ մղում են հանուն իրենց շահի։ Այն լինելու է «Ամենակարող Աստծու» պատերազմը, որը տեղի է ունենալու նրա «մեծ օրը» (Հայտն. 16։14)։ Այս պատերազմը բռնկվելու է Աստծու համար թանկ երկրի վրա հանդուգն թշնամու կատարած հարձակումով։ Ի պատասխան՝ Գերիշխան Տեր Եհովան գործի կդնի իր կործանարար զորությունը աննախադեպ կերպով։

2 Այս առնչությամբ որոշ հարցեր են առաջանում։ Ո՞վ է այդ թշնամին։ Ի՞նչ երկրի վրա է նա հարձակվելու։ Ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս է դա անելու։ Քանի որ ապագա այդ իրադարձությունները առնչվելու են նաև մեզ՝ Եհովայի ծառաներիս, մենք ցանկանում ենք իմանալ այդ հարցերի պատասխանները։ Դրանք կարող ենք գտնել՝ Եզեկիել 38-րդ և 39-րդ գլուխներում արձանագրված տպավորիչ մարգարեություններն ուսումնասիրելով։

Թշնամին. Գոգը Մագոգ երկրից

3. Ներկայացրու Մագոգ երկրից Գոգի մասին մարգարեության ամփոփ նկարագիրը։

 3 Կարդա Եզեկիել 38։1, 2, 8, 18; 39։4, 11։ Ահա մարգարեության ամփոփ նկարագիրը։ «Վերջին տարիներին» թշնամին՝ «Գոգը.... Մագոգ երկրից», հարձակվելու է Աստծու ժողովրդի «երկրի» վրա։ Բայց այդ կատաղի հարձակումը բորբոքելու է Եհովայի բարկությունը՝ նրա «ցասումը մոլեգնելու է», ու նա գործի է անցնելու և ջախջախելու է Գոգին։ a Հաղթանակ տանելուց հետո Եհովան իր թշնամուն և նրա աջակիցներին «որպես կերակուր տալու է բոլոր տեսակի գիշատիչ թռչուններին և գազաններին»։ Եվ վերջում Եհովան Գոգին «թաղվելու տեղ է տալու»։ Որպեսզի հասկանանք, թե այս մարգարեությունն ինչպես է կատարվելու մոտ ապագայում, նախ պարզենք, թե ով է Գոգը։

4. Ի՞նչ գիտենք Մագոգ երկրից Գոգի մասին։

4 Եվ այսպես՝ ո՞վ է «Գոգը.... Մագոգ երկրից»։ Եզեկիելի նկարագրությունից կարող ենք եզրակացնել, որ Գոգը մաքուր երկրպագություն մատուցողների թշնամին է։ Արդյոք Գոգը Սատանայի՝ ճշմարիտ երկրպագության մեծագույն թշնամու մարգարեական անո՞ւնն է։ Տասնամյակներ շարունակ մենք այդ համոզմանն ենք եղել։ Սակայն Եզեկիելի մարգարեության հետագա ուսումնասիրությունների արդյունքում հասկացանք, որ այս հարցը վերաճշտման կարիք ունի։ Ինչպես բացատրվում է «Դիտարան» պարբերագրում, Մագոգ երկրից Գոգը ոչ թե անտեսանելի ոգեղեն արարած է, այլ հակառակը՝ մարդկանց համար տեսանելի թշնամի է՝ ազգերի դաշինք, որը պատերազմելու է մաքուր երկրպագության դեմ։ b Նախքան քննելը, թե ինչու ենք եկել այս եզրահանգմանը, եկեք ուսումնասիրենք երկու ապացույց, որոնք կփաստեն, որ Գոգը ոգեղեն էակ չէ։

5, 6. Եզեկիելի մարգարեությունից ինչպե՞ս ենք իմանում, որ Գոգը ոգեղեն արարած չէ։

5 «Քեզ որպես կերակուր կտամ բոլոր տեսակի գիշատիչ թռչուններին» (Եզեկ. 39։4)։ Անհնազանդության հետևանքների մասին մարդկանց նախազգուշացնելիս Աստված հաճախ ասում էր, որ նրանց դիակները գիշատիչ թռչունների համար կերակուր կդառնան։ Այդպիսի նկարագրական խոսքերով նա նախազգուշացրել է ինչպես իսրայելացիներին, այնպես էլ ուրիշ ազգերին (2 Օրենք 28։26; Երեմ. 7։33; Եզեկ. 29։3, 5)։ Ընդ որում, Եհովան միշտ դիմել է ոչ թե ոգեղեն էակներին, այլ մարդկանց։ Եվ դա միանգամայն տրամաբանական է. չէ՞ որ գիշատիչ թռչունները սնվում են մսով, ոչ թե ոգեղեն էակներով։ Ուստի կարելի է եզրակացնել, որ Գոգը ոգեղեն արարած չէ։

6 «Ես Գոգին թաղվելու տեղ կտամ Իսրայելում» (Եզեկ. 39։11)։ Աստվածաշնչում չի ասվում, որ ոգեղեն էակներին թաղում են հողի տակ։ Փոխարենը այնտեղ նշվում է, օրինակ, որ Սատանան ու դևերը 1 000 տարով անդունդն են գցվելու, իսկ հետո՝ կրակի լիճը, որը խորհրդանշում է հավիտենական կործանում (Ղուկ. 8։31; Հայտն. 20։1-3, 10)։ Ուստի հաշվի առնելով այն, որ Գոգին երկրի վրա «թաղվելու տեղ» է տրվելու, եզրակացնում ենք, որ նա չի կարող ոգեղեն լինել։

7, 8. Ե՞րբ է «հյուսիսի թագավորը» գնալու դեպի իր վախճանը, և ի՞նչ ընդհանրություն կա նրա ու Գոգի միջև։

7 Փաստորեն, եթե Գոգը ոգեղեն էակ չէ, ապա ո՞վ է նա կամ ո՞ւմ է ներկայացնում։ Քննենք աստվածաշնչյան երկու մարգարեություններ, որոնց օգնությամբ կպարզենք, թե ով է հարձակվելու Աստծու ժողովրդի վրա։

8 «Հյուսիսի թագավորը» (կարդա Դանիել 11։40-45 Դանիելը մարգարեացավ երկու աշխարհակալ ուժերի բախման մասին, որը սկսվեց իր ժամանակներում և մինչ օրս շարունակվում է։ Մարգարեությունում խոսվում է քաղաքական երկու հակառակորդների՝ «հարավի թագավորի» և «հյուսիսի թագավորի» մասին։ Պատմության ընթացքում այս թագավորների դերում հանդես են եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք պայքարել են աշխարհում գերիշխող դիրք ունենալու համար։ Դանիելը գրել է, որ հյուսիսի թագավորը «վերջի ժամանակում»՝ իր վերջին արշավի ժամանակ, «մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանի»։ Նրա գլխավոր թիրախը լինելու են Եհովայի ծառաները։ c Բայց Գոգի պես՝ հյուսիսի թագավորը պարտություն է կրելու և «գնալու է դեպի իր վախճանը»։

9. Ի՞նչ ընդհանրություն կա Մագոգ երկրից Գոգի ու «երկրի թագավորների» միջև։

9 «Ողջ երկրի թագավորները» (կարդա Հայտնություն 16։14, 16; 17։14; 19։19, 20 «Հայտնություն» գրքում կանխատեսվում է, որ «երկրի թագավորները» պատերազմելու են Հիսուսի՝ «թագավորների Թագավորի» դեմ։ Սակայն անկարող լինելով հասնել երկնքին՝ նրանք հարձակվելու են երկրի վրա գտնվող՝ Աստծու թագավորության աջակիցների վրա։ Երկրի թագավորները պարտություն են կրելու Արմագեդոն պատերազմի ժամանակ։ Նկատի առնենք, որ նրանց վախճանը լինելու է Եհովայի ժողովրդի վրա հարձակումից հետո, ինչը շատ նման է Գոգի վերաբերյալ նկարագրին։ d

10. Ի՞նչ եզրակացություն ենք անում Գոգի ինքնության վերաբերյալ։

10 Ելնելով վերոնշյալից՝ ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Գոգի ինքնության վերաբերյալ։ Առաջին՝ Գոգը ոգեղեն արարած չէ։ Երկրորդ՝ Գոգը ներկայացնում է այն ազգերին, որոնք մոտ ապագայում հարձակվելու են Աստծու ժողովրդի վրա։ Այդ ազգերը ինչ-որ ձևով միավորվելու են և դաշինք են կազմելու։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստծու ծառաները սփռված են ողջ աշխարհով մեկ, ազգերին անհրաժեշտ կլինի միավորվել մեկ նպատակի շուրջ և համախմբված հարձակվել նրանց վրա (Մատթ. 24։9)։ Անկասկած, դրա հետևում Սատանան՝ չարության վարպետն է կանգնած լինելու։ Նա դեռ վաղուց է ազդեցություն բանեցնում ազգերի վրա, որ վերջիններս դեմ դուրս գան ճշմարիտ երկրպագությանը (1 Հովհ. 5։19; Հայտն. 12։17)։ Բայց Մագոգ երկրից Գոգի վերաբերյալ մարգարեությունում շեշտը դրվում է երկրի ազգերի վրա, որոնք հարձակվելու են Եհովայի ժողովրդի վրա։ e

«Երկիրը». ինչի՞ մասին է խոսքը

11. Ինչպե՞ս է Եզեկիելի մարգարեությունում նկարագրվում այն «երկիրը», ուր Գոգը ներխուժելու է։

11 Ինչպես նշվեց  3-րդ պարբերությունում, Գոգը բորբոքելու է Եհովայի ցասումը՝ ներխուժելով Նրա համար թանկ մի երկիր։ Ի՞նչ երկրի մասին է խոսքը։ Կրկին անդրադառնանք Եզեկիելի մարգարեությանը (կարդա Եզեկիել 38։8-12)։ Այնտեղ կարդում ենք, որ Գոգը «կներխուժի մի երկիր.... [որի] ժողովուրդը վերադարձել է» և «հավաքվել է շատ ազգերի միջից»։ Այդ երկրի բնակիչների մասին ասվում է նաև, որ նրանք «ապահով են բնակվում», «ապրում են անպաշտպան բնակավայրերում՝ առանց պարիսպների, նիգերի ու դարպասների» և «հարստություն.... են դիզում»։ Այսպիսով՝ խոսքը մի երկրի մասին է, որտեղ բնակվում են Եհովային մաքուր երկրպագություն մատուցող մարդիկ։ Այդ ի՞նչ երկիր է։

12. Ի՞նչ տեղի ունեցավ Իսրայելում, երբ հրեաները վերադարձան գերությունից։

12 Հիշենք, թե ինչ էր եղել հին Իսրայելում՝ այն երկրում, որտեղ դարերով ապրում և աշխատում էր Աստծուն երկրպագող նրա ընտրյալ ժողովուրդը։ Երբ իսրայելացիները անհավատարիմ եղան Եհովային, նա Եզեկիելի միջոցով ասաց, որ նրանց երկիրը ամայանալու է և անբնակ մնալու (Եզեկ. 33։27-29)։ Բայց Աստված ասաց նաև, որ ավելի ուշ՝ զղջացող հրեաները բաբելոնական գերությունից վերադառնալու են հայրենիք և վերականգնելու են մաքուր երկրպագությունը։ Եհովայի օրհնությամբ Իսրայելի երկիրը ծաղկելու էր և նմանվելու էր «Եդեմի պարտեզի» (Եզեկ. 36։34-36)։ Այդ վերականգնումը սկսեց տեղի ունենալ մ. թ. ա. 537 թ.-ից, երբ հրեա գերիները վերադարձան Երուսաղեմ, որպեսզի վերականգնեն ճշմարիտ երկրպագությունը իրենց սիրելի հայրենիքում։

13, 14. ա) Ի՞նչ «երկրում» է ապրում Աստծու ժողովուրդը այսօր։ բ) Ինչո՞ւ է այդ «երկիրը» թանկ Եհովայի համար։

13 Նմանատիպ վերականգնում տեղի է ունեցել նաև մեր օրերում։ Ինչպես իմացանք 9-րդ գլխից, Աստծու ժողովուրդը երկար ժամանակ գտնվում էր գերության մեջ՝ Մեծ Բաբելոնում։ 1919 թ.-ին Եհովան ազատեց իր ծառաներին ու բերեց մի երկիր, որը կարելի է կոչել «հոգևոր դրախտ»։ Այն ապահով, հոգևորապես բարգավաճ միջավայր է, որտեղ մենք հոգևոր գործունեություն ենք ծավալում՝ երկրպագելով ճշմարիտ Աստծուն։ Այս երկրում մենք միասին ապրում ենք ապահովության մեջ և մտքի ու սրտի խաղաղություն ունենք (Առակ. 1։33)։ Մենք առատ հոգևոր սնունդ ենք ստանում և բավականություն պատճառող գործ ենք անում՝ հռչակելով Աստծու թագավորության մասին լուրը։ Մենք մեր փորձով ենք համոզվել հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա այդ օրհնության հետ ցավ չի բերում» (Առակ. 10։22)։ Քանի դեռ խոսքով ու գործով եռանդորեն աջակցում ենք մաքուր երկրպագությանը, մենք այս երկրում՝ հոգևոր դրախտում ենք մնում՝ անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում ենք ապրում։

14 Այս երկիրը շատ թանկ է Եհովայի համար։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա աչքում դրա բնակիչները «բոլոր ազգերի թանկագին գանձերն» են, որոնց նա ձգել է դեպի իրեն (Անգե 2։7; Հովհ. 6։44)։ Նրանք ձգտում են «հագնել նոր անձնավորություն», անձնավորություն, որն արտացոլում է Աստծու վեհ հատկությունները (Եփես. 4։23, 24; 5։1, 2)։ Նրանք իրենց ողջ ուժը ներդնում են Աստծուն ծառայելու համար՝ այդպիսով փառք բերելով նրան ու փաստելով նրա նկատմամբ իրենց սերը (Հռոմ. 12։1, 2; 1 Հովհ. 5։3)։ Կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ ուրախություն պետք է որ զգա Եհովան՝ տեսնելով, որ իր ծառաները ջանասիրությամբ գեղեցկացնում են այդ հոգևոր դրախտը։ Միայն մտածիր. մաքուր երկրպագությունը քո կյանքում առաջնային համարելով՝ դու ոչ միայն գեղեցկացնում ես հոգևոր դրախտը, այլև ուրախացնում ես Եհովայի սիրտը (Առակ. 27։11

Քանի դեռ թիկունք ենք կանգնում մաքուր երկրպագությանը, մենք հոգևոր դրախտում ենք մնում՝ անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում ենք ապրում (տես պարբերություններ 13, 14)

Ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս է Գոգը ներխուժելու այդ երկիր

15, 16. Ե՞րբ է Գոգը հարձակվելու հոգևոր դրախտի վրա։

15 Սթափեցնող է այն միտքը, որ շուտով ազգերի դաշինքը ներխուժելու է մեր թանկ «երկիր»։ Քանի որ այդ մարգարեացված հարձակումը առնչվելու է նաև մեզ՝ Եհովայի ծառաներիս, մենք ուզում ենք ավելին իմանալ այդ մասին։ Ուստի քննենք երեք հարց։

16 Մագոգ երկրից Գոգը ե՞րբ է ներխուժելու մեր «երկիր»։ Մարգարեությունը պատասխանում է. «Վերջին տարիներին դու կներխուժես մի երկիր» (Եզեկ. 38։8)։ Այստեղից հասկանում ենք, որ խոսքը այս աշխարհի վերջին անմիջապես նախորդող իրադարձության մասին է։ Հիշենք, որ մեծ նեղությունը սկսվելու է Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանումով։ Կեղծ կրոնական կառույցների կործանումից հետո և Արմագեդոնից առաջ Գոգը կկենտրոնացնի իր ողջ ուժերը և կհարձակվի Աստծու ծառաների վրա. սա կլինի նրա վերջին հարձակումը։

17, 18. Մեծ նեղության ժամանակ Եհովան ի՞նչ ընթացք է տալու իրադարձություններին։

17 Ինչո՞ւ է Գոգը հարձակվելու Աստծու ծառաների «երկրի» վրա։ Եզեկիելի մարգարեությունում երկու պատճառ է նշվում. Եհովայի առաջնորդությունը և Գոգի չար շարժառիթները։

18 Եհովայի առաջնորդությունը (կարդա Եզեկիել 38։4, 16)։ Նկատի առնենք, թե Եհովան ինչ է ասում Գոգին. «Ես.... կարթ կանցկացնեմ քո ծնոտից» և «այնպես կանեմ, որ հարձակվես իմ երկրի վրա»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Եհովան ստիպելու է ազգերին հարձակվել իր ծառաների վրա։ Իհարկե ո՛չ։ Նա երբեք չարիք չի պատճառի իր ժողովրդին (Հոբ 34։12)։ Եհովան ճանաչում է իր թշնամիներին, գիտի, որ նրանք ատելու են իր ծառաներին և անպայման օգտագործելու են նրանց բնաջնջելու հնարավորությունը (1 Հովհ. 3։13)։ Եհովան փոխաբերական առումով կարթ կանցկացնի Գոգի ծնոտից և նրան կտանի, այսինքն՝ իրադարձություններին այնպիսի ընթացք կտա, որ ամեն բան իր կամքի համաձայն լինի և իր սահմանած ժամանակ։ Մեծ Բաբելոնի կործանումից հետո Եհովան, ակներևաբար, կդրդի ազգերին անելու այն, ինչ նրանք արդեն մտադրված կլինեն անելու՝ հարձակվելու իր ժողովրդի վրա։ Այդ քայլով Եհովան բեմահարթակ կպատրաստի Արմագեդոնի՝ մարդկության պատմության մեծագույն պատերազմի համար։ Այդժամ նա կփրկի իր ժողովրդին, կփառավորի իր գերիշխանությունն ու կսրբացնի իր անունը (Եզեկ. 38։23

Ազգերը կցանկանան մեզնից «խլել» մաքուր երկրպագությունը, քանի որ ատելությամբ են լցված թե՛ դրա հանդեպ և թե՛ նրանց, ովքեր թիկունք են կանգնում դրան

19. Ինչի՞ց դրդված է Գոգը հարձակվելու մաքուր երկրպագության վրա։

19 Գոգի չար շարժառիթները։ Ազգերը «չար ծրագրեր կկազմեն»։ Նրանք կցանկանան ողջ ուժով արտահայտել իրենց կատաղությունն ու ատելությունը Եհովայի ծառաների նկատմամբ, որոնք խոցելի կթվան, ասես ապրում են «անպաշտպան բնակավայրերում՝ առանց պարիսպների, նիգերի ու դարպասների»։ Նրանք նաև «նպատակ կունենան թալանելու և շատ ավար վերցնելու» նրանցից, ովքեր «հարստություն և ունեցվածք են դիզում» (Եզեկ. 38։10-12)։ Ի՞նչ հարստության մասին է խոսքը։ Եհովայի ժողովուրդը մեծ հոգևոր հարստություն ունի. մեր ամենաթանկ գանձը մաքուր երկրպագությունն է, որը մատուցում ենք միմիայն Եհովային։ Ազգերը կցանկանան մեզնից «խլել» մաքուր երկրպագությունը, բայց ոչ այն պատճառով, որ թանկ են գնահատում այն, այլ քանի որ ատելությամբ են լցված թե՛ դրա հանդեպ և թե՛ նրանց, ովքեր թիկունք են կանգնում դրան։

Մաքուր երկրպագությունը վերացնելու նպատակով Գոգը «չար ծրագրեր կկազմի», սակայն կձախողվի (տես պարբերություն 19)

20. Ինչպե՞ս է Գոգը ներխուժելու հոգևոր դրախտ։

20 Ինչպե՞ս է Գոգը ներխուժելու հոգևոր դրախտ, կամ՝ «երկիր»։ Ազգերը գուցե փորձեն այնպես անել, որ դադարենք երկրպագել մեր Աստծուն։ Հավանաբար, նրանք կփորձեն զրկել մեզ հոգևոր սննդից ու միասին հավաքվելու և Աստծու հաղորդած լուրը նախանձախնդրորեն քարոզելու հնարավորությունից, ինչպես նաև խաթարել մեր միջև տիրող միասնությունը։ Իսկ առանց այս ամենի՝ հոգևոր դրախտ չի կարող լինել։ Սատանան կհրահրի ազգերին, որ փորձեն երկրի երեսից սրբել Եհովայի ծառաներին և վերացնել մաքուր երկրպագությունը։

21. Ինչո՞ւ ես շնորհակալ Եհովային ապագայի վերաբերյալ իր տված նախազգուշացումների համար։

21 Մագոգ երկրից Գոգի մոտալուտ հարձակումը կանդրադառնա Աստծու բոլոր ծառաների վրա, որոնք ապրում են հոգևոր դրախտում։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա մեզ նախազգուշացրել է ապագա իրադարձությունների մասին։ Եվ մինչ մենք սպասում ենք մեծ նեղությանը, թող որ վճռական լինենք թիկունք կանգնելու մաքուր երկրպագությանը՝ այն մեր կյանքում առաջնային համարելով։ Այդպես ավելի կգեղեցկացնենք հոգևոր դրախտը։ Արդյունքում մեր աչքերով կտեսնենք, թե Եհովան ինչպես է Արմագեդոնի ժամանակ փրկում իր ժողովրդին և սրբացնում իր անունը։ Հենց դրա մասին ավելի մանրամասն կուսումնասիրենք հաջորդ գլխում։

a Այս գրքի հաջորդ գլխում կքննենք, թե Եհովան ինչպես է իր ցասումը թափելու Գոգի վրա, և թե դա ինչպես է անդրադառնալու մաքուր երկրպագություն մատուցող մարդկանց վրա։

c Դանիել 11։45-րդ համարից հասկանում ենք, որ հյուսիսի թագավորը կթիրախավորի Աստծու ժողովրդին, քանի որ ասվում է, որ նա «իր արքայական վրանները կկանգնեցնի մեծ ծովի [Միջերկրական ծովի] ու Չքնաղ երկրի սուրբ լեռան միջև [որտեղ մի ժամանակ Աստծու տաճարն էր՝ Աստծու ժողովրդի երկրպագության վայրը]»։

d Աստվածաշունչը խոսում է նաև ժամանակակից «ասորեստանցու» հարձակման մասին, որը կփորձի ոչնչացնել Աստծու ժողովրդին (Միք. 5։5)։ Մագոգ երկրից Գոգի, հյուսիսի թագավորի, երկրի թագավորների և «ասորեստանցու» հարձակումների մասին խոսելիս Աստվածաշունչը, հնարավոր է, նկատի ունի միևնույն իրադարձությունը՝ Աստծու ժողովրդի վրա գալիք հարձակումը։

e Այն մասին, թե ում կամ ինչ են ներկայացնում Հայտնություն 20։7-9 համարներում նշված Գոգն ու Մագոգը, խոսվում է այս գրքի 22-րդ գլխում։