Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 1

«Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք»

«Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք»

ՄԱՏԹԵՈՍ 4։10

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ինչու կարիք կա, որ մաքուր երկրպագությունը վերականգնվի

1, 2. Մ. թ. 29 թ. աշնանը Հիսուսն ինչպե՞ս եկավ Հրեաստանի անապատ, և ի՞նչ եղավ այնտեղ (տես առաջին նկարը)։

 ՄԵՐ թվարկության 29 թ. աշունն է։ Հիսուսը Հրեաստանի անապատում է, որը գտնվում է Մեռյալ ծովից դեպի հյուսիս։ Նրա մկրտությունից և օծումից հետո սուրբ ոգին է նրան առաջնորդել այստեղ։ Այս ամայի ու անմարդաբնակ անապատում Հիսուսին ոչինչ չի խանգարում ծոմ պահել, աղոթել և խորհրդածել։ 40 օրերի ընթացքում Եհովան հավանաբար հաղորդակցվել է իր Որդու հետ՝ նախապատրաստելով նրան գալիք իրադարձություններին։

2 Հիսուսը քաղցից թուլացել է, և հենց այդ պահին Սատանան մոտենում է նրան։ Ապա տեղի է ունենում մի բան, որն առնչվում է շատ կարևոր մի հարցի։ Այն վերաբերում է բոլոր նրանց, ովքեր սիրում են մաքուր երկրպագությունը, այդ թվում՝ քեզ։

«Եթե Աստծու որդի ես...»

3, 4. ա) Առաջին երկու փորձությունները Սատանան ի՞նչ խոսքերով սկսեց, ու թերևս ի՞նչ կասկածներ էր փորձում սերմանել Հիսուսի մեջ։ բ) Ինչպե՞ս է Սատանան նույն մարտավարությունն օգտագործում այսօր։

3 Կարդա Մատթեոս 4։1-7։ Սատանան առաջին երկու փորձությունները շատ խորամանկ առաջաբանով սկսեց. «Եթե Աստծու որդի ես»։ Սատանան կասկածո՞ւմ էր, որ Հիսուսը Աստծու որդին է։ Ո՛չ։ Այդ ըմբոստ հրեշտակը, որը նույնպես Աստծու որդի էր, քաջ գիտեր, որ Հիսուսը Աստծու միածին Որդին է (Կող. 1։15)։ Անկասկած, նա նաև գիտեր, թե Եհովան երկնքից ինչ է ասել Հիսուսի մկրտության ժամանակ. «Սա իմ սիրելի Որդին է, որն ունի իմ հավանությունը» (Մատթ. 3։17)։ Հավանաբար, Սատանան փորձում էր Հիսուսի մեջ կասկած սերմանել. նա ուզում էր, որ Հիսուսը մտածեր, թե իր Հայրը վստահելի չէ և հոգ չի տանում իր համար։ Երբ նա առաջին անգամ փորձեց Հիսուսին՝ ասելով, որ քարերը հաց դարձնի, ըստ էության՝ ուզում էր ասել. «Դու Աստծու Որդին ես, ինչո՞ւ քո Հայրը քեզ չի կերակրում այս անապատում»։ Երկրորդ փորձության ժամանակ, երբ Սատանան Հիսուսին առաջարկեց տաճարի եզրապատից ցած նետվել, իրականում նրա ասածը սա էր. «Դու որ Աստծու Որդին ես, իսկապե՞ս վստահ ես, որ Հայրդ կպաշտպանի քեզ»։

4 Սատանան չի փոխել իր մարտավարությունը (2 Կորնթ. 2։11)։ Փորձիչը սպասում է, որ Աստծու ծառաները վհատվեն կամ ֆիզիկապես թուլանան, ու այդ ժամանակ հարձակվում է նրանց վրա։ Հաճախ նա դա անում է խորամանկ ձևերով (2 Կորնթ. 11։14)։ Սատանան փորձում է մեզ մոլորեցնել՝ համոզելով, որ Եհովան երբեք չի սիրի մեզ, ու որ մենք նրա հավանությունը չենք ունենա։ Փորձիչը նաև ուզում է հավատացնել մեզ, որ Եհովան վստահելի չէ և չի կատարի իր Խոսքում գրված խոստումները։ Բայց դրանք նենգ ստեր են (Հովհ. 8։44)։ Ինչպե՞ս կարող ենք մերժել այդ ստերը։

5. Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց առաջին երկու փորձություններին։

5 Նկատի առնենք, թե Հիսուսն ինչպես արձագանքեց առաջին երկու փորձություններին։ Նա անվերապահորեն վստահում էր իր Հորը և կասկած անգամ չուներ, որ նա սիրում է իրեն։ Հիսուսն առանց վարանելու հակահարված տվեց Սատանային՝ մեջբերելով իր Հոր ներշնչմամբ գրված խոսքերը։ Շատ տեղին էր, որ Հիսուսը Աստծու Խոսքից մեջբերեց այնպիսի հատվածներ, որոնցում նշված էր Աստծու անունը՝ Եհովա (2 Օրենք 6։16; 8։3)։ Աստծու Որդին այդպիսով ցույց տվեց իր վստահությունը Հոր հանդեպ, քանի որ այդ եզակի անունը երաշխիքն է այն բանի, որ Եհովան կիրականացնի իր բոլոր խոստումները։ a

6, 7. Ինչպե՞ս կարող ենք դեմ կանգնել Սատանայի խորամանկ հարձակումներին։

6 Մենք կկարողանանք դեմ կանգնել Սատանայի խորամանկ հարձակումներին, եթե վստահենք Եհովայի Խոսքին և խորհենք նրա անվան նշանակության մասին։ Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան սիրում է իրեն երկրպագողներին և հոգ է տանում նրանց համար, հատկապես նրանց, ովքեր վհատված են։ Եթե գիտակցենք, որ այդ խոսքերը մեզ էլ են վերաբերում, Սատանային չի հաջողվի հրամցնել մեզ այն սուտը, թե մենք արժանի չենք Եհովայի սիրուն ու հավանությանը (Սաղ. 34։18; 1 Պետ. 5։8)։ Եթե հիշենք, որ Եհովան միշտ գործում է իր անվան նշանակության համաձայն, ապա ողջ սրտով կվստահենք նրան՝ կասկած չունենալով, որ նա միշտ կկատարի իր խոստումները (Առակ. 3։5, 6

7 Իսկ ո՞րն է Սատանայի գլխավոր նպատակը։ Իրականում նրա ուզածն ի՞նչ է։ Այս հարցի պատասխանը պարզ դարձավ այն ժամանակ, երբ նա երրորդ անգամ փորձության ենթարկեց Հիսուսին։

«Եթե գեթ մեկ անգամ ծնկի գաս ու երկրպագես ինձ»

8. Երրորդ փորձության ժամանակ Սատանան ինչպե՞ս ցույց տվեց, թե ինչ է իր ուզածը։

8 Կարդա Մատթեոս 4։8-11։ Երրորդ փորձության ժամանակ Սատանան փոխեց իր մարտավարությունը և բացեց խաղաքարտերը։ Նա Հիսուսին ցույց տվեց (հավանաբար տեսիլքով) «աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը»՝ քողարկելով այն, որ դրանք թաղված են ապականության մեջ։ Ապա Հիսուսին ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գեթ մեկ անգամ ծնկի գաս ու երկրպագես ինձ»։ b Երկրպագություն. ահա սա էր Սատանայի ուզածը։ Նա ուզում էր, որ Հիսուսը իրեն՝ Փորձչին համարի իր աստվածը և այդպիսով դավաճանի Հորը։ Սատանան թվացյալ հեշտ լուծում առաջարկեց Հիսուսին գալիք փորձություններից ազատվելու համար։ Եթե Հիսուսն ընդուներ նրա առաջարկը, բոլոր ազգերի վրա իշխանություն կունենար, և աշխարհի հարստությունը նրանը կլիներ։ Ու այդ ամենը նրան շատ հեշտ կտրվեր՝ առանց տառապելու, առանց փշե պսակ կրելու, խարազանվելու և առանց տանջանքի սյանը գամվելու։ Դա իրական առաջարկ էր, և Հիսուսը կասկածի չենթարկեց այն, որ Սատանան իշխանություն ունի աշխարհի կառավարությունների վրա (Հովհ. 12։31; 1 Հովհ. 5։19)։ Սատանան, անշուշտ, պատրաստ էր Հիսուսին տալու ամեն բան, միայն թե նա դադարեր իր Հորը մաքուր երկրպագություն մատուցելուց։

9. ա) Իրականում ի՞նչ է Սատանայի ուզածը, և նա ինչպե՞ս է փորձության ենթարկում մեզ։ բ) Ի՞նչ է ներառում մեր երկրպագությունը (տես «Ի՞նչ է երկրպագությունը» շրջանակը)։

9 Այսօր Սատանայի ուզածը նույնն է. մեր երկրպագությունը՝ լինի դա ուղղակի, թե անուղղակի կերպով։ Նա «այս աշխարհի աստվածն» է, ուստի Մեծ Բաբելոնի մաս կազմող բոլոր կրոնները՝ դրանք դավանող միլիարդավոր մարդիկ, անուղղակիորեն նրան են պաշտում (2 Կորնթ. 4։4)։ Բայց Սատանան այդքանով չի բավարարվում. նա ցանկանում է, որ Աստծու ծառաները նույնպես իրեն երկրպագեն։ Նա փորձում է հրապուրել մեզ, որ իր աշխարհում ձգտենք հարստություն և իշխանություն ձեռք բերել ու չքայլենք քրիստոնեական ուղով, ուղի, որով քայլելիս գուցե չարչարվենք «հանուն արդարության» (1 Պետ. 3։14)։ Եթե մենք, տեղի տալով Սատանայի գայթակղությանը, այլևս մաքուր երկրպագություն չմատուցենք Աստծուն ու Սատանայի աշխարհի մաս կազմենք, դա կնշանակի, որ այսպես ասած՝ խոնարհվում ենք Սատանայի առաջ և երկրպագում ենք նրան՝ համարելով մեր աստվածը։ Ինչպե՞ս կարող ենք չընկնել այդ ծուղակը։

10. Հիսուսն ինչպե՞ս արձագանքեց երրորդ փորձությանը և ինչո՞ւ։

10 Տեսնենք, թե Հիսուսն ինչպես արձագանքեց երրորդ փորձությանը։ Ցույց տալով Եհովայի հանդեպ իր անմնացորդ նվիրվածությունը՝ Հիսուսն անմիջապես խիստ պատասխան տվեց Փորձչին՝ ասելով՝ «Հեռացի՛ր, Սատանա՛», ապա, ինչպես և առաջին երկու փորձությունների ժամանակ, Հիսուսը «2 Օրենք» գրքից մեջբերեց մի հատված, որում նշված է Աստծու անունը. «Գրված է. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք»» (Մատթ. 4։10; 2 Օրենք 6։13)։ Հիսուսը մերժեց Սատանայի գայթակղիչ առաջարկը։ Նա հրաժարվեց աշխարհում հաջողության հասնել և ապրել հեշտ կյանքով՝ առանց տառապանքի, ինչը իհարկե կարճաժամկետ էր լինելու։ Նա գիտակցում էր, որ միայն իր Հայրն է արժանի երկրպագության, և որ եթե ինքը գեթ մեկ անգամ երկրպագի Սատանային, դա կնշանակի, որ նրան է իր աստվածը համարում։ Այսպիսով՝ Հիսուսը հրաժարվեց հպատակվել այդ չար Փորձչին։ Հստակ մերժում ստանալով՝ «Բանսարկուն թողեց.... ու հեռացավ»։ c

«ՀԵՌԱՑԻ՛Ր, ՍԱՏԱՆԱ՛» (տես պարբերություն 10)

11. Ինչպե՞ս կարող ենք մերժել Սատանայի գայթակղիչ առաջարկները։

11 Մենք նույնպես կարող ենք մերժել Սատանայի և նրա չար աշխարհի հրապույրները, քանի որ Հիսուսի նման՝ մենք էլ ունենք ընտրության հնարավորություն։ Եհովան մեզ մի անգին պարգև է տվել՝ ազատ կամք։ Ուստի ոչ ոք, անգամ զորեղ թշնամին՝ չար հրեշտակը, չի կարող մեզ ստիպել հրաժարվել մաքուր երկրպագություն մատուցելուց։ Երբ մենք տեղի չենք տալիս Սատանային և «ամուր հավատով դեմ ենք կանգնում նրան», իրականում ասում ենք. «Հեռացի՛ր, Սատանա՛» (1 Պետ. 5։9)։ Հիշի՛ր, Սատանան հեռացավ, երբ Հիսուսը հաստատակամորեն մերժեց նրա առաջարկը։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակ. 4։7

Մենք կարող ենք վճռել, որ չենք տրվելու Սատանայի աշխարհի գայթակղություններին (տես պարբերություններ 11, 19)

Մաքուր երկրպագության թշնամին

12. Եդեմի պարտեզում ինչպե՞ս պարզ դարձավ, որ Սատանան մաքուր երկրպագության թշնամին է։

12 Վերջին փորձության ժամանակ Սատանան փաստեց, որ մաքուր երկրպագության առաջին թշնամին է։ Հազարավոր տարիներ առաջ Եդեմի պարտեզում Սատանան առաջին անգամ արտահայտեց իր ատելությունը Եհովային մատուցվող երկրպագության հանդեպ։ Նա մոլորեցրեց Եվային, որն էլ իր հերթին Ադամին համոզեց չհնազանդվել Եհովայի պատվերին։ Սատանան այդպիսով հպատակեցրեց նրանց ու իր իշխանությանը ենթարկեց (կարդա Ծննդոց 3։1-5; 2 Կորնթ. 11։3; Հայտն. 12։9)։ Ըստ էության՝ Սատանան դարձավ նրանց աստվածը, իսկ նրանք՝ Սատանային երկրպագողները, թեև գուցե չգիտեին, թե իրականում ով է իրենց մոլորեցնում։ Ավելին՝ Եդեմում ըմբոստություն հրահրելով՝ Սատանան ոչ միայն հարցականի տակ դրեց Եհովայի գերիշխանությունը, կամ՝ իշխելու իրավունքը, այլև պատերազմ սկսեց մաքուր երկրպագության դեմ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

13. Մաքուր երկրպագությունն ինչպե՞ս է կապված գերիշխանության հարցի հետ։

13 Գերիշխանության հարցը սերտ կապ ունի մաքուր երկրպագության հետ։ Միայն Գերիշխանն է արժանի երկրպագության, նա, ով «ստեղծել է բոլոր բաները» (Հայտն. 4։11)։ Երբ Եհովան ստեղծեց կատարյալ մարդկանց՝ Ադամին ու Եվային, և նրանց բնակեցրեց Եդեմի պարտեզում, նրա նպատակն էր ողջ երկիրն ի վերջո բնակեցնել կատարյալ մարդկանցով, ովքեր հոժարակամորեն կերկրպագեին իրեն՝ մաքուր սրտով մաքուր երկրպագություն կմատուցեին (Ծննդ. 1։28)։ Բայց Սատանան ոտնձգություն արեց Եհովայի գերիշխանության դեմ, քանի որ տենչում էր ստանալ այն, ինչն իրավամբ միմիայն Գերիշխան Տեր Եհովային է պատկանում՝ երկրպագություն (Հակ. 1։14, 15

14. Սատանան հաջողության հասա՞վ մաքուր երկրպագության դեմ պայքարում։ Բացատրիր։

14 Արդյոք Սատանան հաջողության հասա՞վ մաքուր երկրպագության դեմ պայքարում։ Նրան հաջողվեց Ադամին ու Եվային հեռացնել Աստծուց։ Այդ օրվանից ի վեր Սատանան պատերազմ է մղում մաքուր երկրպագության դեմ՝ ձգտելով որքան հնարավոր է շատ մարդկանց հեռացնել Եհովա Աստծուց։ Նա վայր չդրեց իր զենքերը և շարունակեց փորձության ենթարկել Եհովայի ծառաներին նախաքրիստոնեական ժամանակներում։ Իսկ առաջին դարում նա չարամտորեն հավատուրացություն մտցրեց քրիստոնեական ժողով, ինչի պատճառով այն ապականվեց, և ի վերջո մաքուր երկրպագությունն ասես թաղվեց խավարի մեջ (Մատթ. 13։24-30, 36-43; Գործ. 20։29, 30)։ Երկրորդ դարից սկսած՝ Աստծու ծառաները թևակոխեցին հոգևոր գերության դարաշրջան՝ Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության իշխանության դարաշրջան։ Բայց Սատանային չհաջողվեց ձախողել մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի նպատակը։ Ոչինչ չի կարող խանգարել Աստծուն իրականացնել իր մտադրությունը (Ես. 46։10; 55։8-11)։ Այս հարցն իր անվանն է առնչվում, և նա միշտ իր անվան նշանակության համաձայն է գործում։ Եհովայի նպատակները երբե՛ք անհաջողության չեն մատնվում։

Մաքուր երկրպագության պաշտպանը

15. Եդեմի պարտեզում Եհովան ի՞նչ քայլեր ձեռնարկեց ըմբոստների առնչությամբ և իր նպատակն իրականացնելու ուղղությամբ։

15 Եհովան Եդեմի պարտեզում անմիջապես քայլեր ձեռնարկեց, որ պատժի ըմբոստներին և երաշխավորի իր նպատակի իրականացումը (կարդա Ծննդոց 3։14-19)։ Ադամն ու Եվան դեռ պարտեզում էին, երբ Եհովան դատավճիռ կայացրեց երեք ըմբոստների նկատմամբ, և նա դա արեց ըստ նրանց մեղք գործելու հերթականության։ Նա իր դատավճիռը կայացրեց նախ՝ Սատանայի, հետո՝ Եվայի և վերջում՝ Ադամի նկատմամբ։ Սատանային՝ անտեսանելի սադրիչին ուղղած իր խոսքերում Եհովան հայտնեց, որ մի «սերունդ» է առաջ գալու, որը վերացնելու է ըմբոստության հետևանքները և առանցքային դեր է ունենալու մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի նպատակի իրականացման մեջ։

16. Սկսած Եդեմում տեղի ունեցած ըմբոստությունից՝ Եհովան ինչպե՞ս է քայլ առ քայլ իրագործում իր նպատակը։

16 Եդեմում տեղի ունեցած ըմբոստությունից հետո Եհովան սկսեց աստիճանաբար իրականացնել իր նպատակը։ Նա միջոցներ ձեռնարկեց, որ անկատար մարդիկ հնարավորություն ունենան ճիշտ ձևով երկրպագելու իրեն, ինչի մասին կխոսենք հաջորդ գլխում (Եբր. 11։4-12։1)։ Նա նաև ներշնչեց իր ծառաներից ոմանց, այդ թվում՝ Եսայիային, Երեմիային և Եզեկիելին, արձանագրել զգայացունց մարգարեություններ, որոնք մաքուր երկրպագության վերականգնման մասին են, ինչը Աստվածաշնչի գլխավոր թեմաներից մեկն է։ Այդ բոլոր մարգարեությունները իրականանալու են խոստացված «սերնդի» միջոցով, որը գլխավորաբար Հիսուս Քրիստոսն է (Գաղ. 3։16)։ Հիսուսը մաքուր երկրպագության պաշտպանն է, ինչը հստակ երևաց երրորդ փորձության ժամանակ նրա տված պատասխանից։ Եհովան Հիսուսին է ընտրել, որպեսզի իրականացնի վերականգնման մասին մարգարեությունները (Հայտն. 19։10)։ Նա Աստծու ժողովրդին կազատագրի գերությունից ու կվերականգնի մաքուր երկրպագությունը։

Դո՞ւ ինչ կանես

17. Վերականգնման մասին աստվածաշնչյան մարգարեություններն ինչո՞ւ են հոգեհարազատ մեզ։

17 Վերականգնման մասին աստվածաշնչյան մարգարեություններն ուսումնասիրելը կոգևորի մեզ և կամրացնի մեր հավատը։ Դրանք շատ հոգեհարազատ են մեզ, քանի որ անձկությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ բոլորը՝ թե՛ երկնային արարածները և թե՛ ողջ մարդկությունը, միավորված կերպով մաքուր երկրպագություն կմատուցեն Գերիշխան Տեր Եհովային։ Այդ մարգարեությունները մեզ հույսով են լցնում. չէ՞ որ դրանցում ամփոփված են Աստվածաշնչում տեղ գտած ամենահուզիչ խոստումներից մի քանիսը։ Մեզանից ո՞վ չի փափագում տեսնել Եհովայի խոստումների իրականացումը՝ այն ժամանակները, երբ մեզ հարազատ մահացած մարդիկ հարություն կառնեն, երկիրը դրախտ կդառնա, կապրենք հավիտյան, կլինենք կատարյալ առողջ և շատ այլ օրհնություններ կունենանք (Ես. 33։24; 35։5, 6; Հայտն. 20։12, 13; 21։3, 4

18. Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս հրատարակության միջոցով։

18 Այս հրատարակության միջոցով կուսումնասիրենք Աստվածաշնչի «Եզեկիել» գրքում տեղ գտած ապշեցուցիչ մարգարեությունները։ Դրանցից շատերի կիզակետում մաքուր երկրպագության վերականգնման մասին թեման է։ Մենք կտեսնենք Եզեկիելի մարգարեությունների և մյուս մարգարեությունների միջև եղած կապը ու կիմանանք, թե դրանք ինչպես են կատարվելու Քրիստոսի միջոցով և թե ինչպես են առնչվում մեզ (տես ««Եզեկիել» գրքի համառոտ բովանդակություն» շրջանակը)։

19. Ի՞նչ ես վճռել անել և ինչո՞ւ։

19 Մ. թ. 29 թ.-ին Հրեաստանի անապատում Սատանային չհաջողվեց Հիսուսին հեռացնել մաքուր երկրպագությունից, իսկ մե՛զ հեռացնել կհաջողվի՞։ Սատանան այսօր ավելի քան երբևէ վճռական է դա անելու (Հայտն. 12։12, 17)։ Թող որ այս հրատարակությունը ամրացնի մեր վճռականությունը՝ դեմ կանգնելու չար Փորձչին։ Թող որ մեր խոսքերից ու գործերից երևա, որ մենք ապրում ենք այս հորդորի համաձայն. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք»։ Այդ դեպքում մենք կտեսնենք, թե ի վերջո ինչպես է իրագործվում Եհովայի փառահեղ նպատակը, համաձայն որի՝ թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա բոլորը միասնականորեն Եհովային կտան այն, ինչին նա իսկապես արժանի է՝ մաքուր երկրպագություն մաքուր սրտով։

a Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ «Եհովա» անունը նշանակում է «նա դարձնում է»։ Այս նշանակությունը լիովին համապատասխան է Եհովային՝ որպես Ստեղծչի և իր խոստումները Կատարողի։

b Աստվածաշնչյան մի աշխատության մեջ Սատանայի խոսքերի վերաբերյալ հետևյալն է ասվում. «Այս անգամ, ինչպես և պատմության մեջ ամենաառաջին փորձության ժամանակ, որի ծուղակն էին ընկել Ադամն ու Եվան.... հարցի հիմքում ընկած էր հետևյալը՝ կատարել կա՛մ Սատանայի կամքը, կա՛մ Աստծու. ընտրություն, որն անուղղակիորեն վերաբերում է մեկին կամ մյուսին երկրպագելուն։ Փաստորեն, Սատանան երևակայում է, թե կարող է ճշմարիտ Աստծու տեղը զբաղեցնել»։

c Ի տարբերություն Ղուկասի Ավետարանի՝ Մատթեոսի Ավետարանում փորձությունները ժամանակագրական կարգով են արձանագրված։ Տեսնենք, թե ինչ երեք պատճառներ կան այդպես ասելու համար։ 1) Մատթեոսը երկրորդ փորձության նկարագրությունը սկսել է «հետո» բառով։ Դրանից հետևություն ենք անում, որ այն հաջորդել է նախորդ փորձությանը։ 2) Տրամաբանական է եզրակացնել, որ Սատանան Հիսուսին նախ փորձել է խորամանկ, ոչ այդքան բացահայտ կերպով՝ երկու անգամ սկսելով նույն առաջաբանով՝ «Եթե Աստծու որդի ես», և հետո նոր բացահայտ կերպով առաջարկել է նրան խախտել առաջին պատվիրանը (Ելք 20։2, 3)։ 3) «Հեռացի՛ր, Սատանա՛» խոսքերը Հիսուսն ամենայն հավանականությամբ ասել է երրորդ՝ վերջին փորձության ժամանակ (Մատթ. 4։5, 10, 11