ԳԼՈՒԽ 4
Ովքե՞ր են «չորս երես ունեցող կենդանի էակները»
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ի՞նչ ենք սովորում՝ կենդանի էակների մասին արձանագրությունն ուսումնասիրելով
1, 2. Եհովան ինչո՞ւ է երբեմն զննական միջոցներ օգտագործել իր երկրային ծառաներին ճշմարտություններ հայտնելու համար։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի ընտանիք, սեղանի շուրջ նստած, Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Հայրը երեխաներին պարզ նկարներ է ցույց տալիս, որպեսզի նրանք հեշտությամբ հասկանան աստվածաշնչյան ճշմարտությունները։ Երեխաների ժպիտներն ու մասնակցությունը խոսում են այն մասին, որ հոր ջանքերն իզուր չեն։ Նկարների միջոցով նա երեխաներին օգնում է ավելի հեշտությամբ հասկանալու Եհովայի մասին այն ճշմարտությունները, որոնք, հակառակ դեպքում, նրանք չէին ըմբռնի։
2 Նույն ձևով էլ Եհովան, զննական միջոցներ օգտագործելով, իր երկրային զավակներին օգնել է հասկանալու անտեսանելի ոգեղեն ոլորտում տեղի ունեցող բաները, որոնք, հակառակ դեպքում, հնարավոր չէր լինի ըմբռնել։ Օրինակ՝ Եհովան իր մասին խոր ճշմարտությունները բացատրելու համար Եզեկիելին վառ պատկերներով տեսիլք ցույց տվեց։ Այս գրքի նախորդ գլխում քննեցինք դրանցից մեկը։ Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք այդ տպավորիչ տեսիլքի մի հատվածի վրա և տեսնենք, թե դրա նշանակությունը հասկանալը ինչպես կարող է մեզ ավելի մտերմացնել Եհովայի հետ։
«Տեսա.... չորս կենդանի էակների նման կերպարանքներ»
3. ա) Եզեկիել 1։4, 5 համաձայն՝ մարգարեն ի՞նչ տեսավ տեսիլքում (տես առաջին նկարը)։ բ) Ինչո՞ւ է քեզ համար ուշագրավ այն, թե Եզեկիելն իր տպավորությունները ինչպես է նկարագրել։
3 Կարդա Եզեկիել 1։4, 5։ Եզեկիելը «չորս կենդանի էակների նման կերպարանքները» նկարագրում է այնպիսի առանձնահատկություններով, որոնք բնորոշ են հրեշտակներին, մարդկանց և կենդանիներին։ Նկատի առ, թե նա ինչ բառերով է ներկայացնում իր տեսածը՝ «կենդանի էակների նման կերպարանքներ»։ Եզեկիել 1-ին գլխում տեսիլքի մասին արձանագրությունն ընթերցելիս կնկատես, որ մարգարեն հաճախ է օգտագործում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «նման ինչ-որ բաներ», «նման էր» և «նման մի բան» (Եզեկ. 1։13, 24, 26)։ Եզեկիելը հասկանում էր, որ իր տեսածը անտեսանելի երկնային ոլորտում գոյություն ունեցող բաների մոտավոր պատկերն էր միայն։
4. ա) Տեսիլքն ի՞նչ ազդեցություն թողեց Եզեկիելի վրա։ բ) Եզեկիելը ի՞նչ գիտեր քերովբեների մասին։
4 Եզեկիելը պետք է որ շատ տպավորված լիներ իր տեսածով ու լսածով։ Նա պատմում է, որ կենդանի էակները նման էին «կրակի մեջ այրվող ածուխների»։ Նրանց արագ շարժումներն ասես շանթող կայծակներ լինեին։ Նրանց թևերի ձայնը «նման էր ջրերի շառաչյունի», իսկ շարժումների ձայնը՝ «զորքի բարձրացրած աղմուկի» (Եզեկ. 1։13, 14, 24-28; տես «Նայում էի.... կենդանի էակներին» շրջանակը)։ Ավելի ուշ տեսած տեսիլքն արձանագրելիս Եզեկիելը այդ չորս կենդանի էակներին բնորոշում է որպես «քերովբեների», կամ՝ հզոր ոգեղեն արարածների (Եզեկ. 10։2)։ Եզեկիելը, որը մեծացել էր քահանայի ընտանիքում, անկասկած, գիտեր, որ քերովբեները սերտ կապ ունեն Եհովայի ներկայության հետ և ծառայում են նրան (1 Տար. 28։18; Սաղ. 18։10)։
«Ամեն մեկը չորս երես.... ուներ»
5. ա) Ինչպե՞ս են քերովբեներն ու նրանց չորս երեսները արտացոլում Եհովայի զորության ու փառքի մեծությունը։ բ) Տեսիլքի այս հատվածը ինչո՞ւ է մեզ հիշեցնում Աստծու անվան նշանակության մասին (տես ծանոթագրությունը)։
5 Կարդա Եզեկիել 1։6, 10։ Եզեկիելը նկատեց նաև, որ քերովբեներից յուրաքանչյուրը չորս երես ուներ՝ մարդու, առյուծի, ցլի և արծվի։ Տեսնելով այս չորս երեսները՝ նա պետք է որ ապշած լիներ Եհովայի ահռելի զորությամբ ու փառքով։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք, որ այդ չորս արարածները հզորության, ուժի և վսեմության մարմնացում են. առյուծը վեհասքանչ գազան է, ցուլը՝ ապշեցուցիչ ուժ ունեցող ընտանի կենդանի, արծիվը՝ հզոր թռչուն, իսկ մարդը Աստծու երկրային ստեղծագործության գլուխգործոցն է՝ երկրի վրա եղած մյուս բոլոր արարածների վրա իշխանություն ունեցողը (Սաղ. 8։4-6)։ Ուշագրավ է, որ Եզեկիելի տեսած չորս հզոր կենդանիների երես ունեցող քերովբեները գտնվում էին Եհովայի՝ գերագույն Իշխանի գահից ներքև։ Այս նկարագրությունը լիովին համապատասխանում է այն ճշմարտությանը, որ Եհովան կարող է օգտագործել իր ստեղծագործությունը՝ իր նպատակներին հասնելու համար։ a Իրոք որ, ինչպես սաղմոսերգուն Եհովայի մասին ասել է, «նրա փառահեղությունը երկրից ու երկնքից էլ վեր է» (Սաղ. 148։13)։
6. Ի՞նչն է գուցե օգնել Եզեկիելին հասկանալու, թե չորս երեսները էլ ինչ են խորհրդանշում։
6 Հավանաբար, որոշ ժամանակ անց, երբ Եզեկիելը խորհում էր իր տեսածի շուրջ, հիշեց, որ իրենից առաջ ապրած Աստծու ծառաները համեմատություններ անելիս տարբեր կենդանիներ են հիշատակել։ Օրինակ՝ Հակոբ նահապետը իր որդիներից Հուդային համեմատել է առյուծի հետ, իսկ Բենիամինին՝ գայլի (Ծննդ. 49։9, 27)։ Ինչո՞ւ։ Քանի որ առյուծն ու գայլը մարմնավորում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին լինելու նրանց։ Ուստի Մովսեսի՝ Աստծու ներշնչմամբ գրած նմանատիպ օրինակներն ի մտի ունենալով՝ Եզեկիելը թերևս եզրակացրել է, որ քերովբեների երեսները նույնպես խորհրդանշում են առանձնահատկություններ, կամ՝ հատկանիշներ։ Ի՞նչ հատկանիշների մասին է խոսքը։
Եհովային և նրա երկնային ընտանիքին բնորոշ հատկանիշներ
7, 8. Քերովբեների չորս երեսները ի՞նչ հատկանիշներով են սովորաբար բնորոշվում։
7 Եզեկիելից առաջ ապրած Աստվածաշնչի գրողները ի՞նչ հատկանիշներով են բնորոշել առյուծին, արծվին ու ցլին։ Նկատի առնենք հետևյալ արտահայտությունները՝ «քաջարի մարդը.... առյուծի սիրտ ունի» (2 Սամ. 17։10; Առակ. 28։1), «արծիվը վեր [է] սլանում.... նրա աչքերը հեռուներն են տեսնում» (Հոբ 39։27, 29), «ցլի զորության շնորհիվ բերքն առատ է» (Առակ. 14։4)։ Հիմնվելով այս համարների վրա՝ կարելի է եզրակացնել, որ ինչպես և հաճախ նշվում է մեր հրատարակություններում, առյուծի երեսը խորհրդանշում է քաջաբար դրսևորվող արդարություն, արծվինը՝ հեռատես իմաստություն, իսկ ցլինը՝ անպարտելի զորություն։
8 Իսկ ի՞նչ է խորհրդանշում մարդու երեսը (Եզեկ. 10։14)։ Այն պետք է արտացոլի մի այնպիսի հատկանիշ, որը բնորոշ է ոչ թե կենդանիներին, այլ մարդուն, ով ստեղծված է Աստծու պատկերով (Ծննդ. 1։27)։ Այդ հատկանիշը, որը երկրի վրա կարող են դրսևորել միմիայն մարդիկ, ընդգծվում է Աստծու հետևյալ պատվերների մեջ. «Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով» և «սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես» (2 Օրենք 6։5; Ղևտ. 19։18)։ Երբ ենթարկվում ենք այս պատվերներին և անեսասեր սեր ենք դրսևորում, արտացոլում ենք Եհովայի սերը։ Ինչպես Հովհաննես առաքյալը գրեց, «մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ» (1 Հովհ. 4։8, 19)։ Այսպիսով՝ մարդու երեսը խորհրդանշում է սեր։
9. Ովքե՞ր են դրսևորում քերովբեների երեսներով ներկայացված հատկանիշները։
9 Ովքե՞ր են դրսևորում այդ հատկանիշները։ Տրամաբանական է եզրակացնել, որ այդ հատկանիշները դրսևորում են Եհովայի բոլոր հավատարիմ ոգեղեն էակները՝ նրա երկնային ընտանիքի անդամները։ Հենց նրանց են ներկայացնում տեսիլքի քերովբեները (Հայտն. 5։11)։ Բացի այդ՝ քանի որ Եհովան է քերովբեներին կյանք տվել, նշանակում է, որ այդ հատկանիշները նույնպես նա է տվել նրանց (Սաղ. 36։9)։ Ուստի քերովբեների երեսները խորհրդանշում են հատկություններ, որոնք բնորոշ են հենց Եհովային (Հոբ 37։23; Սաղ. 99։4; Առակ. 2։6; Միք. 7։18)։ Քննենք մի քանի օրինակ, թե ինչպես է Եհովան դրսևորում այդ չքնաղ հատկությունները։
10, 11. Ի՞նչ օգուտներ ենք քաղում Եհովայի չորս առանցքային հատկությունների դրսևորումից։
10 Արդարություն։ Որպես արդարություն սիրող Աստված՝ Եհովան «ոչ մեկի հետ կողմնապահությամբ չի վարվում» (Սաղ. 37։28; 2 Օրենք 10։17)։ Նրա ծառաները լինելու և հավիտենական օրհնություններ վայելելու դուռը բաց է մեզնից յուրաքանչյուրի առաջ՝ անկախ մեր սոցիալական վիճակից և ծագումից։ Իմաստություն։ «Աստված իմաստուն է», և նա մեզ տվել է մի գիրք, որն իմաստության շտեմարան է (Հոբ 9։4; Առակ. 2։7)։ Կիրառելով Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները՝ մենք կկարողանանք հաղթահարել առօրյա խնդիրները և իմաստալից կյանք վարել։ Զորություն։ Լինելով «մեծ զորության տեր»՝ Աստված իր սուրբ ոգու միջոցով «մարդկային ուժից վեր զորություն» է տալիս մեզ։ Այն զորացնում է և օգնում պայքարել ցանկացած փորձության դեմ, որքան էլ այն ծանր ու ցավոտ լինի (Նաում 1։3; 2 Կորնթ. 4։7; Սաղ. 46։1)։
11 Սեր։ Եհովա Աստված «հավատարիմ սիրով լի» է, ուստի նա երբեք չի թողնում իր նվիրված ծառաներին (Սաղ. 103։8; 2 Սամ. 22։26)։ Գուցե մեզ վհատեցնում է այն, որ տկարության կամ տարիքի պատճառով չենք կարողանում ծառայել Եհովային այնքան, որքան նախկինում էինք ծառայում։ Մխիթարական է իմանալ, որ Եհովան հիշում է անցյալում արած մեր գործերը ու իր հանդեպ դրսևորած սերը (Եբր. 6։10)։ Մեր կյանքում մենք բազմիցս զգացել ենք Եհովայի արդարության, իմաստության, զորության և սիրո դրսևորումները։ Եվ ապագայում էլ կզգանք, թե նա ինչպես է դրսևորում այս չորս առանցքային հատկությունները։
12. Ի՞նչ պետք է հիշենք Եհովայի հատկությունների վերաբերյալ մեր հասկացողության մասին։
12 Իհարկե, պետք է միշտ հիշենք, որ Եհովայի հատկությունների մասին մեր՝ մարդկանցս հասկացողությունը «լոկ եզրերն են նրա ճանապարհների» (Հոբ 26։14)։ «Ամենակարողի մասին ամեն ինչ ըմբռնելը մեր կարողությունից վեր է», քանի որ «չենք կարող ըմբռնել չափը նրա մեծության» (Հոբ 37։23; Սաղ. 145։3)։ Մենք գիտակցում ենք, որ Եհովայի հատկությունները անհաշվելի են, և չպիտի դրանք դասակարգենք՝ առանձնացնելով իրարից (կարդա Հռոմեացիներ 11։33, 34)։ Իրականում Եզեկիելի տեսիլքն ինքնին բացահայտում է, որ Աստծու հատկությունները ո՛չ քանակ ունեն, ո՛չ էլ սահման (Սաղ. 139։17, 18)։ Իսկ տեսիլքում ի՞նչն է ընդգծում այդ կարևոր ճշմարտությունը։
Չորս երես, չորս թև, չորս կողմ
13, 14. Ի՞նչ են խորհրդանշում քերովբեների չորս երեսները, և ինչո՞ւ ենք այդպես եզրակացնում։
13 Եզեկիելը տեսավ, որ քերովբեներից յուրաքանչյուրն ուներ ոչ թե մեկ, այլ չորս երես։ Ի՞նչ է դա մատնանշում։ Նկատի առնենք, որ Աստծու Խոսքում չորս թվանշանը հաճախ խորհրդանշում է ամբողջություն և համապարփակություն (Ես. 11։12; Մատթ. 24։31; Հայտն. 7։1)։ Հատկանշական է, որ այս տեսիլքը նկարագրելիս Եզեկիելը առնվազն 11 անգամ նշել է չորս թիվը (Եզեկ. 1։5-18)։ Ի՞նչ ենք դրանից եզրակացնում։ Ինչպես որ չորս քերովբեները ներկայացնում են բոլոր հավատարիմ ոգեղեն էակներին, այնպես էլ քերովբեների չորս երեսները որպես մեկ ամբողջություն խորհրդանշում են Եհովայի բոլոր հատկությունները։ b
14 Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե քերովբեների չորս երեսները ինչպես կարող են չորսից ավելի հատկություններ խորհրդանշել, նկատի առնենք տեսիլքում նկարագրվող չորս անիվների օրինակը։ Ինչ խոսք, անիվներն առանձին-առանձին տպավորիչ են, սակայն չորս անիվները միասին շատ ավելի տպավորիչ են. դրանք կառքի հիմքն են։ Նմանապես՝ չորս երեսները որպես մեկ ամբողջություն չորս հիասքանչ հատկություններից ավելին են. դրանք Եհովայի՝ ակնածանք ներշնչող անհատականության հիմքն են։
Եհովան մոտ է իր բոլոր նվիրված ծառաներին
15. Իր տեսած առաջին տեսիլքից Եզեկիելն ի՞նչ անգին ճշմարտություն սովորեց։
15 Եզեկիելի տեսած այս տեսիլքը նրան մի շատ կենսական և անգին ճշմարտություն սովորեցրեց Եհովայի հետ իր հարաբերությունների մասին։ Այդ ճշմարտությունը ամփոփված է մարգարեի գրած գրքի առաջին խոսքերում։ «Քաղդեացիների երկրում» լինելու մասին նշելուց հետո Եզեկիելն ավելացրեց. «Այնտեղ Եհովայի ոգին իջավ ինձ վրա» (Եզեկ. 1։3)։ Ուշագրավ է, որ Եզեկիելը նշում է, որ տեսիլքը տեսել է ոչ թե Երուսաղեմում, այլ այնտեղ՝ Բաբելոնում։ c Ի՞նչ էր դա նշանակում Եզեկիելի համար։ Թեև նա ընդամենը մի գերի էր՝ հեռու Երուսաղեմից և տաճարից, սակայն հեռու չէր Եհովայից, և ոչինչ չէր խանգարում նրան երկրպագել իր Աստծուն։ Եհովան, Բաբելոնում Եզեկիելին երևալով, ցույց տվեց, որ իրեն մաքուր երկրպագություն կարելի է մատուցել ամեն տեղ և ցանկացած հանգամանքներում։ Ամենակարևորը Եզեկիելի սրտի վիճակն էր ու Եհովային ծառայելու նրա ցանկությունը։
16. ա) Եզեկիելի տեսիլքի մասին արձանագրությունն ուսումնասիրելիս ի՞նչ մխիթարական հավաստիացում ենք գտնում։ բ) Ի՞նչն է քեզ մղում ողջ սրտով ծառայելու Եհովային։
16 Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը մխիթարել մեզ։ Այն մեզ հավաստիացնում է, որ եթե Եհովային ծառայենք մեր ողջ սրտով, նա մեր կողքին կլինի՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, որքան վհատված ենք, և ինչպիսին են մեր հանգամանքները (Սաղ. 25։14; Գործ. 17։27)։ Եհովան անսահման հավատարիմ սիրով է սիրում իր ծառաներից յուրաքանչյուրին։ Ուստի նա արագ ձեռք չի քաշում մեզանից (Ելք 34։6)։ Ոչինչ չի կարող զրկել մեզ Աստծու հավատարիմ սիրուց (Սաղ. 100։5; Հռոմ. 8։35-39)։ Բացի այդ՝ Եհովայի սրբության և նրա գերազանց զորության մասին այս զգայացունց տեսիլքը հիշեցնում է մեզ, որ Եհովան արժանի է երկրպագության (Հայտն. 4։9-11)։ Անչափ երախտապարտ ենք Եհովային, որ նմանատիպ տեսիլքների միջոցով օգնել է մեզ հասկանալու իր և իր հատկությունների մասին կարևոր ճշմարտություններ։ Որքան ավելի խորությամբ ըմբռնենք Եհովայի հիասքանչ հատկությունները, այնքան ավելի շատ կմտերմանանք նրա հետ ու կմղվենք գովաբանելու և ծառայելու նրան մեր ամբողջ սրտով և ուժով (Ղուկ. 10։27)։
17. Ո՞ր հարցերի պատասխաններն են տրվելու հաջորդ գլուխներում։
17 Ցավոք, Եզեկիելի օրերում մաքուր երկրպագությունն ապականվել էր։ Ինչպե՞ս դա եղավ։ Ի՞նչ էր զգում Եհովան։ Անցյալում տեղի ունեցած այդ դեպքերը ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար այսօր։ Այս հարցերի պատասխանները կիմանանք հաջորդող գլուխներում։
a Այն, թե Եզեկիելն ինչպես է նկարագրել կենդանի էակներին, մեզ հիշեցնում է Աստծու անվան մասին՝ Եհովա, որն ըստ ամենայնի նշանակում է «նա դարձնում է»։ Աստծու անվան նշանակության այս երեսակը ցույց է տալիս, որ Եհովան կարող է իր ստեղծածը դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակին հասնելու համար (տես «Նոր աշխարհ» թարգմանության հավելված Ա4-ը)։
b Տարիներ շարունակ մեր հրատարակություններում քննարկվել է Եհովայի հատկություններից մոտ 50-ը (տես «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Եհովա Աստված» վերնագրի «Եհովայի հատկությունները» ենթավերնագիրը)։
c Աստվածաշնչի մի մեկնաբան հետևյալն է ասել. ««Այնտեղ». այս մեկ բառը լավագույնս է նկարագրում տեղի ունեցածի սքանչելիությունը.... Աստված այնտեղ է՝ Բաբելոնում։ Ի՜նչ մխիթարական միտք»։