Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

«Ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին»

«Ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին»

ԵԶԵԿԻԵԼ 1։1

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. երկնային կառքի մասին Եզեկիելի տեսիլքը

1-3. ա) Նկարագրիր, թե Եզեկիելն ինչ է տեսնում ու լսում (տես առաջին նկարը)։ բ) Ինչի՞ շնորհիվ Եզեկիելը տեսավ տեսիլքը, և ինչպե՞ս այն ազդեց նրա վրա։

 ԵԶԵԿԻԵԼՆ իր հայացքը հառել է դեպի հեռուն։ Նրա առջև սփռված է լայնարձակ ավազոտ մի հարթավայր։ Նա կկոցում է իր աչքերը, ապա լայն բացում. նա չի կարողանում հավատալ իր տեսածին։ Հորիզոնում կատաղի քամի է մոլեգնում, բայց դա սովորական փոթորիկ չէ։ Հյուսիսից փչող սաստիկ քամին ուժգին ծածանում է նրա մազերն ու հագուստը։ Եզեկիելը տեսնում է սյան պես վեր խոյացող վիթխարի մի ամպ, որը ճառագում է իր ներսում այրվող բոցկլտացող կրակով։ Դրա փայլն ասես հալեցրած թանկարժեք մետաղի փայլ լինի։ a Ամպը սուրալով մոտենում է Եզեկիելին, և մի ձայն, որը նման է արշավող զորքի արձակած դղրդյունի, ավելի ու ավելի է ուժգնանում (Եզեկ. 1։4, 24

2 Այս երիտասարդ տղամարդը 30 տարեկանում տեսավ իր կյանքում անջնջելի հետք թողած տեսիլքներից առաջինը։ Նա իր վրա զգաց Եհովայի ձեռքը՝ նրա սուրբ ոգու անհաղթելի զորությունը։ Այն, ինչ նա տեսավ ու լսեց, ցնցեց նրան։ Տեսիլքը շատ ավելի ապշեցուցիչ էր, քան ժամանակակից ռեժիսորների նկարահանած հատուկ էֆեկտներով ֆիլմերը։ Եզեկիելն այնքան տպավորվեց, որ ուժասպառ եղած՝ ընկավ գետնին (Եզեկ. 1։3, 28

3 Սակայն Եհովան չէր ուզում պարզապես տպավորել Եզեկիելին։ Եզեկիելի առաջին տեսիլքը, ինչպես և նրա արձանագրած մյուս բոլոր զարմանահրաշ տեսիլքները մեծ արժեք են ունեցել նրա համար և անչափ արժեքավոր են նաև Եհովայի մերօրյա հավատարիմ ծառաների համար։ Ուստի եկեք ավելի խորությամբ ուսումնասիրենք այն ամենը, ինչ Եզեկիելը տեսել է ու լսել։

Տիրող իրավիճակը

4, 5. Ի՞նչ իրավիճակ էր տիրում Բաբելոնում և Երուսաղեմում, երբ Եզեկիելը տեսավ առաջին տեսիլքը։

4 Կարդա Եզեկիել 1։1-3։ Նախ քննենք, թե ինչ իրավիճակ էր տիրում Բաբելոնում և Երուսաղեմում, երբ Եզեկիելը տեսավ տեսիլքը։ Մ. թ. ա. 613 թ.-ն էր։ Ինչպես իմացանք նախորդ գլխից, Եզեկիելը Հուդայից գերեվարվածների հետ ապրում էր Բաբելոնում՝ Քոբար գետի մոտ, որն ակներևաբար նավարկելի արհեստական ջրանցք էր և սկիզբ էր առնում Եփրատից ու կրկին լցվում այնտեղ։

Եզեկիելը ապրում էր Քոբար գետի մոտ բնակվող գերիներ հետ (տես պարբերություն 4)

5 Գերեվարվածների հայրենի քաղաքը՝ Երուսաղեմը, մոտ 800 կիլոմետր (500 մղոն) հեռու էր։ b Տաճարը, որտեղ Եզեկիելի հայրը քահանա էր ծառայել, ապականվել ու պղծվել էր կռապաշտությամբ։ Երուսաղեմում գտնվող երբեմնի փառահեղ գահը, որին նստում էին Դավիթն ու Սողոմոնը, այժմ խայտառակության աթոռ էր դարձել։ Անհավատարիմ Հովաքին թագավորը նույնպես գերիների հետ Բաբելոնում էր։ Նրա փոխարեն գահ բարձրացված Սեդեկիա թագավորը չար մարդ էր՝ մի խաղատիկնիկ Բաբելոնի թագավորի ձեռքում (2 Թագ. 24։8-12, 17, 19

6, 7. Ինչո՞ւ Եզեկիելը գուցե մտածեր, որ ապրում է իր կյանքի ամենամռայլ ժամանակահատվածում։

6 Եզեկիելի պես հավատի տեր մարդու համար դա իր կյանքի թերևս ամենամռայլ ժամանակահատվածն էր։ Նրա հետ Բաբելոնում գտնվող գերիներից ոմանք գուցե մտածեին. «Մի՞թե Եհովան ընդմիշտ թողել է մեզ։ Մի՞թե այս չար ու զորեղ Բաբելոնին՝ իր անհաշիվ աստվածներով, կհաջողվի ոչնչացնել Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը ու վերացնել նրա իշխանությունը երկրի վրայից»։

7 Այս ողջ տեղեկությունն ի մտի ունենալով՝ Աստվածաշնչից ընթերցիր Եզեկիելի առաջին տեսիլքի վառ նկարագրությունը (Եզեկ. 1։4-28)։ Ընթերցելիս փորձիր պատկերացնել քեզ Եզեկիելի փոխարեն, ասես տեսնում ու լսում ես այն, ինչ նա է տեսել ու լսել։

Եփրատ գետը՝ Կարքեմիշի մոտ գտնվող շրջանում (տես պարբերություններ 5-7)

Նմանը չունեցող կառք

8. Տեսիլքում ի՞նչ տեսավ Եզեկիելը, և դա ի՞նչ էր խորհրդանշում։

8 Ի՞նչ տեսավ Եզեկիելը։ Նա տեսավ ահ ներշնչող հսկայական մի փոխադրամիջոց, որը նման էր կառքի։ Այն ուներ չորս վիթխարի անիվներ, որոնց ուղեկցում էին չորս արտասովոր ոգեղեն էակներ։ Ինչպես պարզ է դառնում հետագայում, նրանք քերովբեներ էին (Եզեկ. 10։1)։ Նրանց գլխավերևում սառույցի նման հարթակ կար։ Այդ հարթակի վրա Աստծու վեհաշուք գահն էր, որին նստած էր հենց ինքը՝ Եհովան։ Ի՞նչ էր խորհրդանշում այդ կառքը։ Եզեկիելի տեսածը միայն մեկ բան կարող էր խորհրդանշել՝ Եհովայի փառահեղ տիեզերական կազմակերպության երկնային մասը։ Ինչո՞ւ ենք գալիս նման եզրահանգման։ Քննենք երեք պատճառ։

9. Կառքի նկարագրությունն ինչպե՞ս է օգնում հասկանալու, թե Եհովան ինչ դիրք ունի իր երկնային ընտանիքի նկատմամբ։

9 Եհովան և նրա երկնային ընտանիքը։ Նկատի առնենք, որ այս տեսիլքում Եհովայի գահը քերովբեների վերևում է գտնվում։ Աստվածաշնչյան այլ հատվածներում ևս Եհովան նկարագրվում է որպես մեկը, ով նստած է գահին՝ քերովբեների վերևում կամ նրանց միջև (կարդա 2 Թագավորներ 19։15; Ելք 25։22; Սաղ. 80։1)։ Իհարկե, Եհովան բառացիորեն նստած չէ քերովբեների վրա և տեղաշարժվելու համար ո՛չ քերովբեների, ո՛չ էլ կառքի կարիք ունի։ Քերովբեները թիկունք են կանգնում նրա գերիշխանությանը, և նա իր կամքը կատարելու համար կարող է նրանց ուղարկել տիեզերքի ցանկացած կետ։ Նրանք, ինչպես և մյուս բոլոր սուրբ հրեշտակները Աստծուն են ծառայում՝ կյանքի կոչելով նրա որոշումները (Սաղ. 104։4)։ Այդ իմաստով է Եհովան «նստած» նրանց վերևում։ Քերովբեները ենթարկվում են Աստծու բարձրագույն իշխանությանը և որպես մեկ ամբողջություն գնում են այնտեղ, ուր նա առաջնորդում է։

10. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ երկնային կառքը միայն չորս քերովբեներին չէ, որ ներկայացնում է։

10 Կառքը միայն քերովբեներին չէ, որ ներկայացնում է։ Եզեկիելի տեսած քերովբեները չորսն էին։ Աստվածաշնչում այս թիվը հաճախ խորհրդանշում է համաչափություն, ամբողջականություն կամ համապարփակություն։ Ուստի տեղին է եզրակացնել, որ չորս քերովբեները ներկայացնում են Եհովայի հավատարիմ ոգեղեն բոլոր որդիներին։ Ուշագրավ է նաև այն, որ անիվները, ինչպես նաև քերովբեների մարմինները լի էին աչքերով, ինչը ենթադրում է, որ ոչ թե չորս, այլ բոլոր ոգեղեն էակներն են աչալուրջ և ուշադիր։ Բացի այդ՝ այս տեսիլքի նկարագրության մեջ կառքն այնքան մեծ է, որ անգամ փառահեղ քերովբեներն են փոքր երևում դրա կողքին (Եզեկ. 1։18, 22; 10։12)։ Նմանապես Եհովայի կազմակերպության երկնային մասը ահռելի մեծ է։ Այն չորս քերովբեներից անհամեմատ ավելի մեծ թվով ոգեղեն էակներից է բաղկացած։

Եզեկիելը ապշել էր՝ տեսիլքում Եհովայի երկնային կառքը տեսնելով (տես պարբերություններ 8-10)

11. Նմանատիպ ի՞նչ տեսիլք տեսավ Դանիելը, և ի՞նչ եզրահանգման ենք գալիս։

11 Երկնային ոլորտի մասին Դանիելի տեսած տեսիլքը։ Դանիել մարգարեն երկար տարիներ ապրել է գերության մեջ՝ Բաբելոն քաղաքում, և նույնպես տեսիլք է տեսել երկնային ոլորտի մասին։ Հետաքրքրական է, որ այդ տեսիլքում էլ Եհովայի գահը անիվներ ուներ։ Դանիելի տեսիլքն ընդգծում է, թե որքան մեծ է Եհովայի երկնային ոգեղեն ընտանիքը։ Դանիելը տեսավ, որ Եհովայի առաջ կանգնած են Աստծու ոգեղեն որդիները, որոնք «հազար հազարավորներ.... և բյուր բյուրավորներ» են։ Նրանք երկնային դատական նիստի մասնակիցներ էին, և նրանցից յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղն ուներ (Դան. 7։9, 10, ծնթ., 13-18)։ Տրամաբանական չէ՞ արդյոք եզրակացնել, որ Եզեկիելի տեսիլքի կառքը ներկայացնում է այդ նույն փառահեղ երկնային էակների խումբը։

12. Ինչո՞ւ է մեզ համար պաշտպանություն այնպիսի արձանագրություններ ուսումնասիրելը, ինչպիսին որ Եզեկիելի տեսիլքի նկարագրությունն է։

12 Եհովան գիտի, որ եթե մենք կենտրոնանանք հոգևոր բաների վրա կամ, ինչպես Պողոս առաքյալը գրեց, չերևացող բաների վրա, դա կպաշտպանի մեզ։ Ինչո՞ւ։ Մենք մսից ու արյունից ենք, ուստի հակված ենք չափազանց շատ մտածելու «երևացող բաների» մասին՝ առօրյա հոգսերի, որոնք ժամանակավոր են (կարդա 2 Կորնթացիներ 4։18)։ Սատանան հաճախ թիրախավորում է մեր այդ հակումը և փորձում է դրդել մեզ դառնալու մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդ։ Որպեսզի մենք չենթարկվենք այդ ճնշմանը, Եհովան հոգ է տարել, որ Աստվածաշնչում տեղ գտնեն այնպիսի հատվածներ, ինչպիսին որ Եզեկիելի տեսիլքի այս նկարագրությունն է։ Դրանք հիշեցնում են մեզ Եհովայի՝ ակնածանք ներշնչող սքանչելի և վսեմափառ երկնային ընտանիքի մասին։

«Առա՛ջ»

13, 14. ա) Եզեկիելն ինչպե՞ս նկարագրեց անիվները։ բ) Ինչո՞ւ է տրամաբանական, որ Եհովայի կառքը անիվներ ուներ։

13 Սկզբում Եզեկիելի ուշադրությունը գրավում են չորս քերովբեները։ Այս գրքի 4-րդ գլխում մենք կիմանանք, թե այդ էակներից և նրանց արտասովոր տեսքից ինչ կարող ենք սովորել Եհովայի մասին։ Բայց այժմ եկեք խոսենք այն չորս անիվների մասին, որոնք Եզեկիելը տեսավ անմիջապես քերովբեների կողքին։ Ըստ ամենայնի, դրանք իրարից որոշակի հեռավորության վրա էին գտնվում և մեծ քառակուսի էին կազմում (կարդա Եզեկիել 1։16-18)։ Այդ անիվներն ասես ոսկեքարից լինեին, թանկարժեք մի քար, որը կարող է լինել թափանցիկ կամ կիսաթափանցիկ, դեղին կամ դեղնականաչավուն։ Այդ շքեղ անիվները փայլում էին։

14 Եզեկիելի տեսիլքում մեծ շեշտ է դրված կառքի անիվների վրա։ Անիվներով գահ. ի՜նչ արտասովոր համադրություն։ Ըստ մեր պատկերացման՝ միապետի գահը կոնկրետ մի տեղում է լինում, և նրա իշխանությունը սահմանափակ տարածքում է գործում։ Սակայն Եհովայի գերիշխանությունը բոլորովին նման չէ մարդկային իշխանությանը։ Շուտով Եզեկիելն իմանալու էր, որ Եհովայի գերիշխանությունն անսահման է (Նեեմ. 9։6)։ Եհովան որպես Գերիշխան բառի բուն իմաստով կարող է իշխանություն գործադրել ամենուր։

15. Եզեկիելն ի՞նչ է նշել անիվների կառուցվածքի ու չափի մասին։

15 Եզեկիելը ցնցվել էր՝ տեսնելով անիվների չափը։ Նա գրեց. «Անիվներն այնքան բարձր էին, որ ակնածանք էին ներշնչում»։ Կարող ենք պատկերացնել, թե Եզեկիելն ինչպես է գլուխը վեր բարձրացրել, որպեսզի տեսնի այդ վիթխարի, երկինք խոյացող փայլուն անիվները։ Նա ավելացրեց հետևյալ հետաքրքրական մանրամասնությունը. «Չորս անիվների ողջ շրջագծով աչքեր կային»։ Սակայն ամենատպավորիչը, թերևս, անիվների արտասովոր կառուցվածքն էր։ Նա բացատրեց. «Դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ»։ Ի՞նչ է դա նշանակում։

16, 17. ա) Ինչպե՞ս էր հնարավոր, որ անիվը անիվի մեջ լիներ։ բ) Անիվների կառուցվածքը ի՞նչ է բացահայտում Եհովայի կառքի մանևրունակության մասին։

16 Ակներևաբար, Եզեկիելի տեսած յուրաքանչյուր անիվը երկու անիվներից էր կազմված, որոնք նույն կենտրոնն ունեին և ուղիղ անկյուն էին կազմում։ Ուստի Եզեկիելի նկարագրածը շատ տրամաբանական է. «Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով»։ Երկնային կառքը ի՞նչ առանձնահատկություններ ուներ շնորհիվ նման անիվների։

17 Այսպիսի հսկայական տրամագծով անիվի անգամ մեկ պտույտի շնորհիվ կարելի է ահռելի մեծ տարածություն անցնել։ Ավելին՝ տեսիլքից պարզ է դառնում, որ կառքը կայծակնային արագությամբ է շարժվում (Եզեկ. 1։14)։ Բացի այդ՝ քառընթաց անիվների արտասովոր կառուցվածքը կառքը դարձնում է աներևակայելիորեն մանևրունակ, ինչի մասին ժամանակակից ինժեներները կարող են երազել միայն։ Այս կառքը կարող է փոխել ուղղությունը՝ առանց ընթացքը դանդաղեցնելու և նույնիսկ առանց շրջվելու։ Իսկ այն, որ չորս անիվների ողջ շրջագծով աչքեր կան, ցույց է տալիս, որ կառքը լիարժեք պատկերացում ունի այն մասին, թե ինչ է տեղի ունենում շուրջբոլորը։ Այն կուրորեն չի շարժվում, այլ «տեսնում է», թե ուր է ընթանում։

Անիվները ահռելի չափեր ունեցող չորս անիվները (տես պարբերություն 17)

18. Ինչի՞ մասին են վկայում անիվների ահռելի չափերն ու դրանց վրայի բազմաթիվ աչքերը։

18 Այսպիսով՝ Եհովան ի՞նչ էր սովորեցնում Եզեկիելին և իր մյուս բոլոր հավատարիմ ծառաներին իր կազմակերպության երկնային մասի վերաբերյալ։ Վերհիշենք այն, ինչ քննեցինք։ Եհովայի կազմակերպության երկնային մասը փառահեղ է և ակնածանք է ներշնչում, ինչպես մատնանշում են անիվների փայլն ու չափերը։ Իսկ անիվների վրայի բազմաթիվ աչքերը վկայում են այն մասին, որ Եհովայի կազմակերպության երկնային մասը ամեն ինչ գիտի. ոչինչ չի կարող վրիպել Եհովայի աչքից (Առակ. 15։3; Երեմ. 23։24)։ Բացի այդ՝ նրան ծառայում են միլիոնավոր հրեշտակներ, որոնց նա կարող է ուղարկել տիեզերքի ցանկացած կետ, որպեսզի նրանք ուշադիր հետևեն այն ամենին, ինչ տեղի է ունենում, և տեղեկացնեն իրենց Գերիշխանին (կարդա Եբրայեցիներ 1։13, 14

Անիվների կառուցվածքը կատարյալ մանևրունակություն էր ապահովում (տես պարբերություններ 17, 19)

19. Կառքի սրընթացության ու մանևրունակության մասին խորհրդածելով՝ ի՞նչ կարող ենք սովորել Եհովայի և նրա կազմակերպության երկնային մասի վերաբերյալ։

19 Մենք տեսանք նաև, որ կառքը չափազանց արագընթաց է և մանևրունակ։ Պատկերացրու, թե ինչ ահռելի տարբերություն կա Եհովայի կազմակերպության երկնային մասի և մարդկային կառավարությունների, հաստատությունների ու կազմակերպությունների միջև։ Դրանք կուրորեն թիավարում են անդադար փոփոխվող հանգամանքների հորձանուտում և ի վերջո անհաջողության մատնվելով՝ խեղդվում։ Սակայն երկնային կառքը կատարելապես արտացոլում է դրա ընթացքը ղեկավարող Աստծու ողջամտությունն ու ճկունությունը, իսկ նրա անունը երաշխավորում է, որ նա կդառնա այն, ինչ անհրաժեշտ է իր կամքն իրականացնելու համար (Ելք 3։13, 14)։ Նա կարող է իսկույն դառնալ հզոր Ռազմիկ, ով կռվում է իր ժողովրդի համար, և մեկ ակնթարթում դառնալ գթասիրտ ու ներողամիտ Հայր, ով ողորմածաբար դարմանում է զղջացող մեղավորի սիրտը, անգամ փշուր-փշուր եղած սիրտը (Սաղ. 30։5; Ես. 66։13

20. Եհովայի կառքը ինչո՞ւ պետք է ակնածանք ներշնչի մեզ։

20 Եզեկիելի տեսիլքի այս հատվածի շուրջ խորհրդածելը մտածելու տեղիք է տալիս. «Եհովայի կառքը ակնածանք ներշնչո՞ւմ է ինձ»։ Հիշենք. այն, ինչ ներկայացնում է երկնային կառքը, իսկապես գոյություն ունի։ Երբեք չպետք է մտածենք, որ Եհովայի, նրա Որդու և հրեշտակների աչքից վրիպում են մեզ վհատեցնող խնդիրները։ Ոչ էլ պետք է անհանգստանանք՝ կարծելով, թե մեր Աստված ժամանակին չի հոգա մեր կարիքները, և թե նրա կազմակերպությունը չի կարողանա հարմարվել այս անկայուն աշխարհում ի հայտ եկող նորանոր փոփոխություններին։ Կարևոր է հիշել, որ Եհովայի կազմակերպությունը միշտ գործում է. երբեք տեղում չի դոփում։ Զարմանալի չէ, որ Եզեկիելը երկնքից մի ձայն լսեց, որն ասաց. «Առա՛ջ»։ Սա, ակներևաբար, անիվները շարժման մեջ դնելու հրաման էր (Եզեկ. 10։13)։ Մի՞թե մեզ չի տպավորում այն, թե Եհովան ինչպես է ղեկավարում իր կազմակերպությունը։ Սակայն մեծագույն հիացմունք է առաջացնում հենց ինքը Եհովան։

Կառքը Ղեկավարողը

21, 22. Բացատրիր, թե ինչի շնորհիվ էր կառքը գործում որպես մեկ ամբողջություն։

21 Հանկարծ Եզեկիելի ուշադրությունը գրավում է անիվների վերևում գտնվող «հարթակի տեսք ունեցող մի բան.... որը սառույցի պես փայլում է և ակնածանք է ներշնչում» (Եզեկ. 1։22)։ Այդ կիսաթափանցիկ, փայլուն հարթակը տարածվում էր քերովբեների վերևում։ Մեխանիկայով հետաքրքրվող մարդկանց մեջ գուցե հարցեր առաջանան։ Օրինակ՝ ինչի՞ շնորհիվ էր հարթակը անիվների վերևում մնում, կամ ինչպե՞ս էին անիվները շարժվում՝ առանց սռնիներով իրար միացված լինելու։ Չմոռանանք, որ այս կառքը չի ղեկավարվում ֆիզիկայի օրենքներով, քանի որ այն խորհրդանշական է՝ ներկայացնում է մի բան, որ գոյություն ունի ոգեղեն ոլորտում։ Նկատի առնենք նաև հետևյալ կարևոր խոսքերը. «Կենդանի էակների վրա ներգործող ոգին նաև անիվների մեջ էր» (Եզեկ. 1։20, 21)։ Ի՞նչ ոգի էր ներգործում քերովբեների և անիվների վրա։

22 Անկասկած, դա Եհովայի սուրբ ոգին էր՝ տիեզերքի ամենահզոր ուժը։ Կառքի էներգիայի աղբյուրը այդ ուժն էր, ինչի շնորհիվ այն գործում էր որպես մեկ ամբողջություն, և դրա բաղկացուցիչ մասերը շարժվում էին կատարյալ համաժամանակությամբ։ Այս ամենն ի մտի ունենալով՝ եկեք Եզեկիելի հետ շարունակենք մեր ճամփորդությունը և տեսնենք, թե ով էր ղեկավարում կառքը։

Եզեկիելն ասես փորձում է բառեր գտնել, որպեսզի նկարագրի մի բան, ինչը գրեթե հնարավոր չէ նկարագրել

23. Եզեկիելն ի՞նչ արտահայտություններով է փորձում նկարագրել Եհովային և ինչո՞ւ։

23 Կարդա Եզեկիել 1։26-28։ Տեսիլքը նկարագրելիս Եզեկիելը հաճախ է օգտագործում հետևյալ արտահայտությունները՝ «կերպարանք», «նմանություն ունեցող», «ասես», «նման մի բան»։ Սակայն այս համարներում դրանք ավելի հաճախ են հանդիպում։ Մարգարեն ասես փորձում է բառեր գտնել, որպեսզի նկարագրի մի բան, ինչը գրեթե հնարավոր չէ նկարագրել։ Նա տեսնում է «գահի նման մի բան.... որն ասես շափյուղա քարից» լինի։ Կարո՞ղ ես պատկերացնել գահ, որը քանդակված է հսկայական մուգ կապույտ շափյուղա քարից, և որ դրա վրա նստած է Մեկը, «ով մարդու կերպարանք ունի»։

24, 25. ա) Եհովայի գահի շուրջբոլորը շողշողացող ծիածանը ի՞նչ է հիշեցնում մեզ։ բ) Նմանատիպ տեսիլքները ի՞նչ ազդեցություն են ունեցել հավատի տեր մարդկանց վրա։

24 Եհովայի վեհաշուք կերպարանքը հնարավոր է բնորոշել միայն մոտավորապես։ Նրա գոտկատեղից դեպի վերև ու ներքև նրա փառքի բոցավառվող լույսն է ճառագում։ Կարող ենք պատկերացնել, թե մարգարեն այդ մեծափառ կերպարանքին նայելիս ինչպես է կկոցում աչքերը՝ ձեռքը ճակատին պահած։ Վերջում Եզեկիելը մի շատ ազդեցիկ բան է տեսնում. Աստծու «շուրջբոլորը շողշողում է, և այդ փայլը նման է ծիածանի, որ հայտնվում է ամպերի մեջ անձրևային օրը»։ Որքա՜ն ենք հիանում, երբ տեսնում ենք, թե անձրևից հետո ծիածանն ինչպես է զարդարում երկինքը։ Այն տպավորիչ կերպով մեզ հիշեցնում է, թե որքան փառահեղ է մեր Արարիչը։ Այդ երփներանգ երկնային կամարը, որն անդորր է պարգևում, մեզ նաև հիշեցնում է Ջրհեղեղից հետո Եհովայի կապած խաղաղության ուխտի մասին (Ծննդ. 9։11-16)։ Ամենակարողը, գերհզոր լինելով հանդերձ, խաղաղության Աստված է (Եբր. 13։20)։ Նրա սրտում խաղաղությունն է իշխում, և նա այն տալիս է բոլոր նրանց, ովքեր հավատարմորեն երկրպագում են իրեն։

Եհովայի գահի շուրջբոլորը շողշողացող վեհաշուք ծիածանը մեզ հիշեցնում է, որ ծառայում ենք խաղաղության Աստծուն (տես պարբերություն 24)

25 Եհովայի փառքը տեսնելը ի՞նչ ազդեցություն ունեցավ Եզեկիելի վրա։ Նա գրեց. «Տեսնելով այն՝ ես մինչև գետին խոնարհվեցի»։ Ակնածանքով և աստվածավախությամբ լցված՝ Եզեկիելն ընկավ գետնին։ Այլ մարգարեներ նմանատիպ ձևով են արձագանքել, երբ Եհովայից տեսիլքներ են ստացել։ Նրանք գիտակցել են, թե որքան աննշան են, և անգամ հուզմունքից պապանձվել են (Ես. 6։1-5; Դան. 10։8, 9; Հայտն. 1։12-17)։ Բայց հետո այս մարդիկ անչափ զորացել են այն ամենով, ինչ Եհովան ցույց է տվել նրանց։ Նույնը եղավ Եզեկիելի պարագայում։ Իսկ մե՞զ վրա ինչ ազդեցություն պետք է ունենան աստվածաշնչյան նման նկարագրությունները։

26. Եզեկիելի տեսածը, ըստ ամենայնի, ինչպե՞ս է զորացրել իրեն։

26 Եթե Եզեկիելը Բաբելոնում գտնվող Աստծու ժողովրդի վիճակի հետ կապված անհանգստություններ ուներ, այդ տեսիլքը պետք է որ նրան զորացրած լիներ։ Էական չէր, թե Աստծու հավատարիմ ծառաները որտեղ էին գտնվում՝ Երուսաղեմում, Բաբելոնում, թե որևէ այլ տեղ։ Երկրի վրա չկար այնպիսի մի վայր, ուր Եհովայի փառահեղ կառքը չկարողանար հասնել։ Սատանայի իշխանության տակ գտնվող ոչ մի կառույց չի կարող դեմ կանգնել Աստծուն, ով ղեկավարում է այս փառահեղ երկնային կառքը (կարդա Սաղմոս 118։6)։ Եզեկիելը տեսավ նաև, որ երկնային կառքը մարդկությունից հեռու չէ, քանի որ դրա անիվները դիպչում էին երկրին (Եզեկ. 1։19)։ Իրոք որ, Եհովան խորապես հետաքրքրված էր գերության մեջ գտնվող իր հավատարիմ ծառաներով։ Որտեղ էլ որ նրանք գտնվեին, միշտ իրենց սիրառատ Հոր հոգածության տակ էին լինելու։

Երկնային կառքը և դու

27. Եզեկիելի տեսիլքը ի՞նչ նշանակություն ունի մեզ համար։

27 Եզեկիելի տեսիլքը որևէ նշանակություն ունի՞ մեզ համար։ Անշո՛ւշտ։ Սատանան երբևէ այսքան կատաղած չի եղել, և այսօր նա իր ողջ բարկությամբ հարձակվել է մաքուր երկրպագության վրա։ Նա շատ կուզեր, որ մենք մտածեինք, թե մենակ ենք, և թե մեր երկնային Հայրն ու նրա կազմակերպությունը մեզ օգնության չեն հասնի։ Երբեք թույլ մի՛ տուր, որ նման ստերը բույն դնեն քո մտքում ու սրտում (Սաղ. 139։7-12)։ Եզեկիելի պես մենք բոլոր պատճառներն ունենք ակնածանքով լցվելու երկնային կառքի հանդեպ։ Ճիշտ է, Եհովայի տիեզերական կազմակերպության երկնային մասը պատկերացնելիս գուցե մինչև գետին չխոնարհվենք, սակայն, անկասկած, այն կհիացնի ու կապշեցնի մեզ իր զորությամբ, արագընթացությամբ, մանևրունակությամբ, ճկունությամբ և փառքով։

28, 29. Ի՞նչն է փաստում, որ Եհովայի կառքը շարժման մեջ է եղել անցած հարյուրամյակի ընթացքում։

28 Եհովայի կազմակերպությունը նաև երկրային մաս ունի։ Իհարկե, այն բաղկացած է անկատար մարդկանցից, բայց դա Եհովային չի խանգարում իր կամքն իրականացնել երկրի վրա։ Նրա շնորհիվ ողջ աշխարհում հասարակ մարդիկ արել են բաներ, որոնք իրենց ուժերով երբեք չէին կարողանա անել (Հովհ. 14։12)։ «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի էջերը թերթելիս կարող ենք տեսնել, թե վերջին հարյուրամյակի ընթացքում քարոզչական գործն ինչ ապշեցուցիչ ծավալների է հասել։ Կարող ենք իմանալ նաև, թե Եհովայի կազմակերպությունը ինչ է արել ճշմարիտ քրիստոնյաներին կրթելու, իրավական հաղթանակներ ամրագրելու և անգամ նորագույն տեխնոլոգիաների միջոցով Աստծու կամքը կատարելու համար։

29 Երբ խորհում ենք այն մասին, թե Եհովան որքան բան է արել այս ապականված աշխարհի վերջին օրերում մաքուր երկրպագությունը վերականգնելու համար, ավելի ենք համոզվում, որ Աստծու կառքը միշտ շարժման մեջ է։ Ի՜նչ մեծ պատիվ է համագործակցել այս կազմակերպության հետ և ծառայել Գերիշխանին (Սաղ. 84։10

Եհովայի կազմակերպության երկրային մասը միշտ շարժման մեջ է (տես պարբերություններ 28, 29)

30. Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

30 Բայց Եզեկիելի տեսիլքից դեռ շատ բաներ ունենք սովորելու։ Հաջորդ գլխում մենք ավելի մանրամասն կիմանանք չորս արտասովոր «կենդանի էակների», կամ՝ քերովբեների մասին։ Ի՞նչ կարող ենք նրանցից սովորել մեր փառահեղ Գերիշխանի՝ Եհովա Աստծու մասին։

a Եզեկիելը նշել է, որ այդ մետաղը ոսկու և արծաթի համաձուլվածք է։

b Սա երկու քաղաքների միջև ընկած՝ ուղիղ գծով չափած հեռավորությունն էր, սակայն հրեաների գերեվարման հավանական երթուղին մոտավորապես կրկնակի երկար էր։