Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 20

«Երկիրը բաշխեք որպես ժառանգություն»

«Երկիրը բաշխեք որպես ժառանգություն»

ԵԶԵԿԻԵԼ 45։1

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. երկրի բաշխման նշանակությունը

1, 2. ա) Եհովան ի՞նչ կարգադրեց Եզեկիելին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

 ԵԶԵԿԻԵԼԸ քիչ առաջ տեսել է մի տեսիլք, որը, ըստ ամենայնի, նրան մտովի տեղափոխել է Մովսեսի և Հեսուի ժամանակներ ու հիշեցրել մոտ 900 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը։ Եհովան Մովսեսին հայտնել էր, թե որտեղով են անցնելու Խոստացված երկրի սահմանները, իսկ ավելի ուշ Հեսուին ասել էր, թե այդ երկիրն ինչպես պետք է բաշխվի Իսրայելի ցեղերի միջև (Թվեր 34։1-15; Հեսու 13։7; 22։4, 9)։ Բայց այժմ՝ մ. թ. ա. 593-ին, Եհովան Եզեկիելին ու գերության մեջ եղող նրա հայրենակիցներին կարգադրում է Խոստացված երկիրը կրկին բաշխել Իսրայելի ցեղերի միջև (Եզեկ. 45։1; 47։14; 48։29

2 Այս տեսիլքն ի՞նչ էր նշանակում Եզեկիելի և մյուսների համար։ Ինչո՞ւ է այն քաջալերում Աստծու ժողովրդին այսօր։ Արդյո՞ք ապագայում այն կատարվելու է ավելի մեծ մասշտաբով։

Մեկ տեսիլք, չորս խոստում

3, 4. ա) Եզեկիելի վերջին տեսիլքում ի՞նչ չորս խոստումներ են ամփոփված գերության մեջ գտնվող հրեաների համար։ բ) Այս գլխում ո՞ր խոստումն ենք քննելու։

3 Եզեկիելի տեսած վերջին տեսիլքը արձանագրված է նրա գրած գրքի ինը գլուխներում (Եզեկ. 40։1-48։35)։ Դրանում ամփոփված չորս խոստումները գերեվարված իսրայելացիների սիրտը հույսով էին լցրել։ Ի՞նչ խոստումներ էին դրանք։ Առաջին՝ Աստծու տաճարում մաքուր երկրպագությունը վերականգնվելու էր։ Երկրորդ՝ գերությունից հայրենիք վերադարձածներին առաջնորդելու էին արդար քահանաներն ու հովիվները։ Երրորդ՝ բոլոր նրանք, ովքեր վերադառնալու էին Իսրայել, ստանալու էին իրենց ժառանգությունը։ Եվ չորրորդ՝ Եհովան նրանց հետ էր լինելու՝ նորից բնակվելով նրանց մեջ։

4 Այս գրքի 13-րդ և 14-րդ գլուխներում խոսվում է այն մասին, թե ինչպես էին իրագործվելու առաջին երկու խոստումները, որոնք վերաբերում էին մաքուր երկրպագության վերականգնմանն ու արդար հովիվների առաջնորդությանը։ Այս գլխում մեր ուշադրությունը կկենտրոնացնենք երրորդ խոստման վրա, որը վերաբերում է երկիրը որպես ժառանգություն տալուն։ Իսկ հաջորդ գլխում կքննենք Եհովայի ներկայության մասին խոստումը (Եզեկ. 47։13-21; 48։1-7, 23-29

«Այս երկիրը.... ձերը կլինի որպես ժառանգություն»

5, 6. ա) Եզեկիելի տեսիլքում ո՞ր տարածքը պետք է բաժանվեր որպես ժառանգություն (տես առաջին նկարը)։ բ) Եհովան ի՞նչ նպատակով ցույց տվեց երկրի բաշխման վերաբերյալ տեսիլքը։

5 Կարդա Եզեկիել 47։14։ Տեսիլքում Եհովան Եզեկիելի ուշադրությունը հրավիրեց երկրի մի հատվածի վրա, որը շուտով դառնալու էր «Եդեմի պարտեզի պես» (Եզեկ. 36։35)։ Այնուհետև Եհովան ասաց. «Սա է այն տարածքը, որը դուք որպես ժառանգություն կբաժանեք Իսրայելի 12 ցեղերի միջև» (Եզեկ. 47։13)։ Եհովան խոսում էր գերեվարված հրեաների հայրենի հողի մասին, ուր նրանք պետք է վերադառնային։ Հետո, ինչպես նշված է Եզեկիել 47։15-21 համարներում, Եհովան մանրամասն նկարագրեց, թե որտեղով էին անցնելու ողջ երկրի արտաքին սահմանները։

6 Ի՞նչ նպատակով ցույց տրվեց երկրի բաշխման վերաբերյալ այս տեսիլքը։ Սահմանների հստակ նկարագրությունը Եզեկիելին և նրա հայրենակիցներին վստահեցրեց, որ իրենք անպայման կվերադառնան իրենց սիրելի երկիր։ Պատկերացրու, թե Եհովայի այդ վստահեցումը, որն այդքան մանրամասն էր ասվել ու պատկերավոր լեզվով, որքան ոգևորեց գերության մեջ եղող հրեաներին։ Աստծու ժողովուրդը իսկապե՞ս ստացավ այն երկիրը, որը հատկացվել էր նրա համար որպես ժառանգություն։ Իհա՛րկե։

7. ա) Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ. թ. ա. 537 թ.-ին, և դրանք ի՞նչ են մեզ հիշեցնում։ բ) Ի՞նչ հարց ենք քննելու։

7 Մ. թ. ա. 537 թ.-ին՝ Եզեկիելի՝ տեսիլքը տեսնելուց 56 տարի անց, հազարավոր գերիներ սկսեցին վերադառնալ Իսրայել և բնակվել այնտեղ։ Անցյալի այդ նշանակալից իրադարձությունները հիշեցնում են մեզ այն, ինչ տեղի է ունենում Աստծու ժողովրդի հետ մեր օրերում։ Ինչ-որ առումով Աստծու ժողովուրդը նույնպես երկիր է ժառանգել։ Ի՞նչ երկրի մասին է խոսքը։ Եհովան իր ծառաներին հնարավորություն է տվել մտնել հոգևոր երկիր և բնակվել դրանում։ Ուստի Խոստացված երկրի վերականգնման մասին արձանագրությունն ուսումնասիրելով՝ կարող ենք շատ բան իմանալ Աստծու ժողովրդի հոգևոր երկրի վերականգնման մասին։ Բայց մինչ այդ պատասխանենք հետևյալ հարցին. «Ինչո՞ւ ենք եզրակացրել, որ հոգևոր երկիրն իրոք գոյություն ունի այսօր»։

8. ա) Եհովան բառացի Իսրայելի ազգն ի՞նչ ազգով փոխարինեց։ բ) Ի՞նչ է հոգևոր երկիրը, կամ՝ դրախտը։ գ) Ե՞րբ է այն ի հայտ եկել, և ովքե՞ր են բնակվում այնտեղ։

8 Ավելի վաղ Եզեկիելին ցույց տված տեսիլքում Եհովան նշել էր, որ Իսրայելի վերականգնման վերաբերյալ մարգարեությունները ավելի մեծ կատարում էին ունենալու այն բանից հետո, երբ իր «ծառա Դավիթը»՝ Հիսուս Քրիստոսը, սկսեր իշխել որպես Թագավոր (Եզեկ. 37։24)։ Այդ իրադարձությունը տեղի ունեցավ մ. թ. 1914 թ.-ին։ Այդ ժամանակ Իսրայելի ազգը վաղուց արդեն դադարել էր ընտրյալ ժողովուրդ լինելուց, և նրա փոխարեն Աստված իր համար ժողովուրդ էր ընտրել ոգով օծված քրիստոնյաներից կազմված հոգևոր Իսրայելին (կարդա Մատթեոս 21։43; 1 Պետրոս 2։9) Սակայն Եհովան ոչ միայն բառացի Իսրայելի ազգն էր փոխարինել հոգևոր ազգով, այլ նաև բառացի երկիրը՝ հոգևոր երկրով՝ դրախտով (Ես. 66։8)։ Ինչպես իմացանք այս հրատարակության 17-րդ գլխից, հոգևոր երկիրը ապահով հոգևոր միջավայր է, որտեղ երկրի վրա եղող օծյալ քրիստոնյաները, մ. թ. 1919-ից սկսած, հոգևոր գործունեություն են ծավալում՝ երկրպագելով Եհովային (տես 9Բ շրջանակը, «Ինչո՞ւ հենց 1919»)։ Ժամանակի ընթացքում երկրի վրա ապրելու հույս ունեցողները՝ «ուրիշ ոչխարները», նույնպես սկսեցին բնակվել այս հոգևոր երկրում (Հովհ. 10։16)։ Թեև մեր հոգևոր դրախտն այսօր շարունակում է ընդլայնվել, դրա հետ կապված օրհնությունները մենք լիարժեքորեն կվայելենք Արմագեդոնից հետո միայն։

Երկրի հավասարաչափ բաշխումը

9. Եհովան ի՞նչ հրահանգ տվեց երկրի բաշխման վերաբերյալ։

9 Կարդա Եզեկիել 48։1, 28։ Երկրի արտաքին սահմանները նկարագրելուց հետո Եհովան մանրամասն բացատրեց, թե ինչպես է այն հարկավոր բաշխել։ Նա ասաց, որ ցեղերի ողջ ժառանգությունը պետք է հյուսիսից հարավ հավասարապես բաժանվի 12 ցեղերի միջև՝ սկսած Դանի ցեղի տարածքից մինչև Գադի ցեղի տարածքը։ Յուրաքանչյուր տարածք երկրի արևելյան արտաքին սահմանից ուղիղ հորիզոնական գծով ձգվում էր դեպի Մեծ ծով՝ Միջերկրական ծով, որը արևմտյան սահմանն էր (Եզեկ. 47։20

10. Եզեկիելի տեսիլքը թերևս ի՞նչ էր վստահեցնում գերեվարված հրեաներին։

10 Այդ տեսիլքը թերևս ի՞նչ էր վստահեցնում գերեվարված հրեաներին։ Եզեկիելի հայտնած մանրամասն նկարագրությունը պետք է որ վստահեցներ նրանց, որ երկրի բաշխումը լավ կազմակերպված է լինելու։ Ավելին՝ տեսիլքն ընդգծում էր այն միտքը, որ յուրաքանչյուր հայրենադարձ հրեա անպայման ստանալու է իր ժառանգությունը։ Ոչ ոք անտուն չի մնալու։

11. Ի՞նչ դասեր ենք սովորում՝ երկրի բաշխման վերաբերյալ տեսիլքն ուսումնասիրելով (տես «Երկրի բաշխումը» շրջանակը)։

11 Ինչպե՞ս է այս տեսիլքը զորացնում մեզ այսօր։ Երբ հրեաները գերությունից վերադարձան Խոստացված երկիր, ոչ միայն քահանաները, ղևտացիներն ու իշխանները տեղ ունեցան, այլև յուրաքանչյուր իսրայելացի (Եզեկ. 45։4, 5, 7, 8)։ Նմանապես՝ այսօր հոգևոր դրախտում տեղ կա ոչ միայն օծյալ քրիստոնյաների, ինչպես նաև առաջնորդող այն եղբայրների համար, ովքեր «մեծ բազմության» մաս են կազմում, այլև «մեծ բազմության» մյուս բոլոր անդամների համար a (Հայտն. 7։9)։ Որքան էլ որ մեր ներդրումը համեստ լինի կազմակերպության գործում, մենք մեր ուրույն տեղն ունենք հոգևոր երկրում, և մեր արած ցանկացած բան արժեքավոր է։ Ի՜նչ սրտապնդող հավաստիացում։

Անկախ նրանից, թե կազմակերպության մեջ ինչ գործ ենք անում, Եհովան գնահատում է մեր ջանքերը (տես պարբերություն 11)

Երկու կարևոր տարբերություն

12, 13. Եհովան ի՞նչ հրահանգ տվեց երկիրը ցեղերի միջև բաշխելու վերաբերյալ։

12 Երկիրը բաշխելու վերաբերյալ Եհովայի տված որոշ հրահանգներ գուցե զարմացրել են Եզեկիելին, քանի որ դրանք տարբերվում էին Մովսեսին տրված հրահանգներից։ Ուշադրություն դարձնենք դրանցից երկուսին։ Մեկն առնչվում էր երկրին, մյուսը՝ դրա բնակիչներին։

13 Երկիրը։ Եհովան Մովսեսին պատվիրել էր բազմամարդ ցեղերին ավելի մեծ հողատարածք հատկացնել, քան սակավամարդ ցեղերին (Թվեր 26։52-54)։ Մինչդեռ Եզեկիելի տեսիլքում Եհովան հստակ հրահանգ տվեց, որ բոլոր ցեղերին «հավասար չափով» տարածք հատկացվի (Եզեկ. 47։14)։ 12 ցեղերից յուրաքանչյուրի տարածքի երկարությունը հյուսիսային սահմանից մինչև հարավային սահման նույնը պետք է լիներ։ Այդպիսով բոլոր իսրայելացիները, անկախ նրանից, թե որ ցեղից էին, հավասարապես կկարողանային օգտվել Խոստացված երկրի բերրի և լավ ոռոգվող հողի առատ բարիքներից։

14. Ինչպե՞ս էր պանդուխտի վերաբերյալ Եզեկիելին տրված հրահանգը տարբերվում Մովսիսական օրենքում տրված հրահանգից։

14 Բնակիչները։ Մովսիսական օրենքը պաշտպանում էր պանդուխտներին և նրանց թույլ տալիս պաշտել Եհովային, սակայն նրանք չէին կարող բաժին ունենալ հողատարածքից (Ղևտ. 19։33, 34)։ Բայց այն, ինչ Եհովան ասաց Եզեկիելին, շատ էր տարբերվում Օրենքում Նրա տված այդ հրահանգից։ Եհովան պատվիրեց. «Որ ցեղի տարածքում որ պանդուխտը բնակություն է հաստատել, այնտեղ էլ նրան ժառանգություն տվեք»։ Այս հրահանգով Եհովան վերջ դրեց այն ահռելի տարբերությանը, որը կար «բնիկ իսրայելացու» և պանդուխտի միջև (Եզեկ. 47։22, 23)։ Եզեկիելի տեսած երկրի բնակիչների միջև հավասարություն էր տիրում, և նրանք միասնականորեն երկրպագում էին Եհովային (Ղևտ. 25։23

15. Երկրի և դրա բնակիչների վերաբերյալ տրված հրահանգները Եհովայի մասին ո՞ր ճշմարտությունն էին հաստատում։

15 Երկրի և դրա բնակիչների վերաբերյալ այս երկու առանձնահատուկ հրահանգները պետք է որ շատ ոգևորած լինեին գերիներին։ Նրանք գիտեին, որ Եհովան իրենցից յուրաքանչյուրին հավասար տեղ էր տալու այդ երկրում՝ անկախ նրանից՝ իրենք բնիկ իսրայելացի էին, թե Եհովայի հանդեպ հավատ դրսևորած օտարազգի (Եզր. 8։20; Նեեմ. 3։26; 7։6, 25; Ես. 56։3, 8)։ Այս հրահանգները նաև հաստատում էին հետևյալ քաջալերական ճշմարտությունը՝ Եհովայի համար իր բոլոր ծառաները հավասար են (կարդա Անգե 2։7)։ Այսօր այդ ճշմարտությունը թև է տալիս նաև մեզ՝ անկախ նրանից, թե ինչ հույս ունենք՝ երկրի վրա ապրելու, թե երկնքում։

16, 17. ա) Երկրի և դրա բնակիչների մասին մանրամասնություններն ուսումնասիրելը ինչո՞վ է օգտակար մեզ համար։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

16 Այս մանրամասնություններն ուսումնասիրելը ինչո՞վ է օգտակար մեզ համար։ Սա լավ հիշեցում է, որ հավասարությունն ու միասնականությունը մեր համաշխարհային եղբայրության՝ աչքի ընկնող առանձնահատկություններից պետք է լինեն։ Եհովան կողմնակալ չէ։ Լավ կլինի՝ մտածենք. «Արտացոլո՞ւմ եմ Եհովայի անկողմնակալությունը։ Յուրաքանչյուր հավատակցիս վերաբերվո՞ւմ եմ ջերմությամբ ու հարգանքով՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի և թե ինչ հանգամանքներում է գտնվում» (Հռոմ. 12։10)։ Ուրախ ենք, որ Եհովան մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տվել հավասարապես օգտվելու հոգևոր դրախտի բարիքներից, որտեղ սրտանց երկրպագում ենք մեր երկնային Հորը և վայելում նրա տված օրհնությունները (Գաղ. 3։26-29; Հայտն. 7։9

Արտացոլո՞ւմ ենք Եհովայի անկողմնակալությունն ու հարգալից վերաբերմունքը (տես պարբերություններ 15, 16)

17 Այժմ խոսենք Եզեկիելի վերջին տեսիլքում ամփոփված չորրորդ խոստման մասին, այն է՝ Եհովան գերիների հետ էր լինելու։ Ի՞նչ կարող ենք սովորել՝ քննելով այդ խոստումը։ Հաջորդ գլուխը պատասխանում է այս հարցին։

a Այն մասին, թե Եհովան ինչ առանձնահատուկ դեր և նշանակում է հոգևոր երկրում տվել քահանաներին ու իշխանին, քննվում է այս հրատարակության 14-րդ գլխում։