Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 19

«Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»

«Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»

ԵԶԵԿԻԵԼ 47։9

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. տաճարից հոսող գետի մասին տեսիլքն ու դրա կատարումը անցյալում, այսօր և ապագայում

1, 2. Եզեկիել 47։1-12 համարների համաձայն՝ մարգարեն ի՞նչ է տեսնում և իմանում (տես առաջին նկարը)։

 ԵԶԵԿԻԵԼԸ տաճարի մասին տեսիլքում մեկ այլ զարմանահրաշ բան է տեսնում. սուրբ տաճարից գետ է հոսում։ Պատկերացրու, թե մարգարեն ինչպես է քայլում այդ զուլալ ջրի միջով (կարդա Եզեկիել 47։1-12)։ Այն բարակ շիթով բխում է սրբարանի շեմքի տակից, ապա տաճարի համալիրից հոսում դեպի արևելյան մուտքային շինություն։ Հրեշտակը Եզեկիելին դուրս է հանում տաճարից և պարբերաբար չափում անցած հեռավորությունը։ Նա մարգարեին խնդրում է անցնել ջրի միջով։ Եզեկիելը նկատում է, որ ջուրը գնալով խորանում է և շուտով այնքան հորդառատ է դառնում, որ նա կարող է անցնել այն միայն լողալով։

2 Եզեկիելն իմանում է, որ գետը թափվում է Մեռյալ ծովը և բուժում է դրա անկենդան աղի ջրերը։ Ուր որ այն հասնում է, այնտեղ սկսում են ձկներ վխտալ։ Գետի ափերի երկայնքով նա տարբեր տեսակի ծառեր է տեսնում։ Ամեն ամիս դրանք նոր պտուղ են տալիս, և դրանց տերևները բուժիչ են։ Այս ամենը տեսնելը պետք է որ Եզեկիելի սրտին անդորր բերեր և հույս տար։ Ի՞նչ նշանակություն ուներ տեսիլքի այս հատվածը նրա և գերության մեջ գտնվող նրա ազգակիցների համար, և ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար այսօր։

Տեսիլքում Եզեկիելի տեսած գետն ի՞նչ նշանակություն ուներ գերության մեջ գտնվող հրեաների համար

3. Եզեկիելի օրերում ապրող հրեաները ինչո՞ւ բառացի չէին ընկալում գետի մասին տեսիլքը։

3 Եզեկիելի օրերում ապրող հրեաները հասկանում էին, որ խոսքը բառացի գետի մասին չէ։ Այդ նկարագրությունը նրանց հիշեցնում էր վերականգնման մասին մեկ ուրիշ մարգարեություն, որը, ըստ ամենայնի, ավելի քան երկու դար առաջ գրի էր առել Հովել մարգարեն (կարդա Հովել 3։18)։ Երբ հրեաները կարդում էին Աստծու ներշնչմամբ Հովելի գրած խոսքերը, չէին ակնկալում, որ բառացիորեն «լեռներից քաղցրահամ գինի կկաթի, և բլուրներից կաթ կհոսի», կամ որ «Եհովայի տնից աղբյուր կբխի»։ Նույն ձևով էլ նրանք հասկանում էին, որ Եզեկիելի մարգարեությունը բառացի գետի մասին չէ։ a Այդ դեպքում ի՞նչ էր Եհովան այդ տեսիլքի միջոցով ցանկանում հայտնել։ Սուրբ Գիրքը օգնում է գտնել այդ հարցի պատասխանը։ Քննենք այդ մարգարեությունում նշված երեք առանձնահատկություն, որոնք կհավաստիացնեն մեզ Եհովայի սիրո և հոգատարության մեջ։

4. ա) Հրեաներն ի՞նչ օրհնություններ կարող էին ակնկալել՝ խորհրդածելով Եզեկիելի տեսած գետի մասին։ բ) Ինչպե՞ս են Աստվածաշնչում օգտագործված «գետ» և «ջուր» բառերը վստահեցնում մեզ, որ Եհովան օրհնելու է իր ժողովրդին (տես «Եհովայից բխող օրհնությունների գետեր» շրջանակը)։

4 Օրհնությունների գետ։ Աստվածաշնչում գետերն ու ջրերը հաճախ խորհրդանշում են Եհովայի կենարար և հորդահոս օրհնությունները։ Տեսիլքում գետը բխում էր տաճարից, ուստի հրեաները կարող էին եզրակացնել, որ կունենան Եհովայի կենարար հոգևոր օրհնությունները, եթե միշտ կառչած մնան մաքուր երկրպագությանը։ Ի՞նչ օրհնություններ էին նրանց սպասում։ Քահանաները նորից ուսուցանելու էին նրանց, և տաճարում կրկին զոհեր էին մատուցվելու, ուստի նրանք կարող էին վստահ լինել, որ իրենց մեղքերը ներվելու են (Եզեկ. 44։15, 23; 45։17)։ Այսպիսով՝ նրանք դարձյալ մաքուր կլինեին, ասես լվացվել էին տաճարից բխող զուլալ ջրում։

5. Ինչպե՞ս էր տեսիլքում նկարագրված գետը հրեաներին հավաստիացնում, որ օրհնություններից բոլորն էին օգտվելու, և որ դրանք հարատև էին լինելու։

5 Արդյո՞ք այդ օրհնություններից բոլորն էին օգտվելու, և դրանք հարատև էին լինելու։ Տեսիլքը փարատում է բոլոր կասկածները. բարակ շիթով հոսող ջուրը ընդամենը երկու կիլոմետր անցնելուց հետո հրաշքով հորդառատ գետ դարձավ (Եզեկ. 47։3-5)։ Հայրենիք վերադարձած հրեաների թիվը ժամանակի ընթացքում աճելու էր։ Սակայն Եհովան խոստացել էր նրանց այնքան օրհնել, որ նրանք ոչ մի բանի կարիք չէին ունենալու։ Այո՛, Եզեկիելի տեսած գետը առատություն և բարեկեցություն էր խորհրդանշում։

6. ա) Ի՞նչ զորացնող խոստում էր պարփակված տեսիլքի մարգարեական նկարագրության մեջ։ բ) Ի՞նչ նախազգուշական միտք է պարունակում տեսիլքը (տես ծանոթագրությունը)։

6 Կենարար ջուր։ Եզեկիելի տեսիլքում գետը թափվում էր Մեռյալ ծովը և կենդանացնում դրա զգալի մասը։ Նկատի առնենք, որ ջուրը կյանք էր տալիս այնքան բազմատեսակ ձկների, ինչպիսիք կան Մեծ ծովում՝ Միջերկրական ծովում։ Մեռյալ ծովի՝ ակներևաբար իրարից մեծ հեռավորության վրա գտնվող երկու ափամերձ քաղաքների միջև ընկած տարածքում նույնիսկ ձկնորսական արդյունաբերություն էր զարգանում։ Հրեշտակն ասաց. «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Եհովայի տնից հոսող ջուրը հասնելու էր Մեռյալ ծովի յուրաքանչյուր հատվածին։ Ո՛չ։ Հրեշտակը բացատրեց, որ կենարար ջուրը որոշ ճահճոտ հատվածների չէր հասնելու։ Այդ տեղերը «աղի էին մնալու» b (Եզեկ. 47։8-11)։ Այսպիսով՝ մարգարեական այս նկարագրության մեջ հուսադրող խոստում կար այն մասին, որ մաքուր երկրպագությունը հոգևոր կենդանություն և բարեկեցություն էր տալու մարդկանց։ Բայց այն նաև նախազգուշական միտք էր պարունակում. բոլորը չէ, որ ընդունելու էին Եհովայի օրհնությունները և բուժվելու։

7. Տեսիլքում գետի ափերի երկայնքով աճող ծառերի մասին խորհելը հրեաներին ինչո՞ւմ էր վստահեցնում։

7 Պտղատու և բուժիչ ծառեր։ Իսկ ի՞նչ կարելի է ասել գետի ափերի երկայնքով աճող ծառերի մասին։ Ինչ խոսք, դրանք զարդարում են տեսարանը, բայց նաև նշանակություն ունեն։ Եզեկիելի ու նրա հայրենակիցների համար, անշուշտ, հաճելի էր մտածել համեղ պտուղներով ծառերի մասին, որոնք ամեն ամիս բերք էին տալիս։ Այդ չքնաղ նկարագրությունը վստահեցնում էր, որ Եհովան հոգևոր առատ կերակուր էր տալու նրանց։ Բացի այդ՝ ծառերի տերևները «բուժելու համար» էին լինելու (Եզեկ. 47։12)։ Եհովան գիտեր, որ գերությունից վերադարձած հրեաները ամենից շատ հոգևորապես բժշկվելու կարիք էին ունենալու, և խոստացավ բուժել նրանց։ Այն, թե ինչպես է նա դա արել, խոսվում է վերականգնման վերաբերյալ մեկ ուրիշ մարգարեության մեջ, որը քննեցինք այս գրքի 9-րդ գլխում։

8. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եզեկիելի տեսիլքը մեծ մասշտաբով էր կատարվելու։

8 Սակայն, ինչպես նշված է նույն՝ 9-րդ գլխում, գերությունից վերադարձածները այդ մարգարեությունների միայն մասնակի կատարումը տեսան։ Եվ դրա համար հենց իրենք էին մեղավոր. չէ՞ որ նրանք նորից ու նորից բռնում էին իրենց մեղավոր ուղին, անհնազանդություն էին դրսևորում և մատների արանքով էին նայում մաքուր երկրպագությանը։ Ուստի մի՞թե Եհովան լիարժեքորեն կօրհներ նրանց։ Նրա հավատարիմ ծառաները ցավ և հիասթափություն էին զգում՝ տեսնելով իրենց հայրենակիցների վարքը։ Բայց Եհովայի այդ նվիրված ծառաները համոզված էին, որ նրա խոստումները երբեք գետնին չեն ընկնում. դրանք միշտ կատարվում են (կարդա Հեսու 23։14) Այդ պատճառով Եզեկիելի տեսիլքը մի օր կատարվելու էր մեծ մասշտաբով։ Բայց ե՞րբ։

Գետը հոսում է այսօր

9. Տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը ո՞ր ժամանակահատվածում է կատարվում մեծ մասշտաբով։

9 Ինչպես իմացանք այս հրատարակության 14-րդ գլխից, տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը մեծ մասշտաբով կատարվում է «վերջին օրերում»՝ մի ժամանակահատվածում, երբ մաքուր երկրպագությունը դեռ այսքան բարձրացված չի եղել (Ես. 2։2)։ Ի՞նչ առումով է Եզեկիելի տեսիլքի գետը հոսում այսօր։

10, 11. ա) Ի՞նչ օրհնություններ են գետի պես հոսում դեպի մեզ այսօր։ բ) Եհովայից բխող օրհնությունները վերջին օրերում ինչպե՞ս են առատացել և բավարարում ավելի ու ավելի շատ մարդկանց հոգևոր կարիքները։

10 Օրհնությունների գետ։ Ի՞նչ օրհնությունների մասին է մեզ հիշեցնում Եհովայի տնից բխող գետը։ Գետը մեզ հիշեցնում է այն ամենը, ինչ Եհովան տալիս է մեզ՝ հոգևորապես բուժելու և սնելու համար։ Նախևառաջ դա Քրիստոսի քավիչ զոհի մաքրագործող զորությունն է, որի շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել։ Աստծու Խոսքի մաքուր ճշմարտությունները նույնպես նման են կենարար ու մաքրող ջրի (Եփես. 5։25-27)։ Ինչպե՞ս են այդ օրհնությունները հոսում մեր օրերում։

11 1919 թ.-ին Եհովան անհրաժեշտ չափով հոգևորապես սնում էր իր ծառաներին, որոնց թիվն այդ ժամանակ ընդամենը մի քանի հազարի էր հասնում։ Հաջորդող տասնամյակների ընթացքում նրանց թիվը սրընթաց աճեց, և այսօր այն հատել է ութ միլիոնի շեմը։ Ճշմարտության մաքուր ջուրը շարունակո՞ւմ է այսօր հոսել։ Անկասկած, այո՛։ Աստծու Խոսքում բովանդակված հոգևոր ճշմարտությունները ողողել են մեզ։ Վերջին հարյուր տարվա ընթացքում հրատարակվել են Աստվածաշնչի, գրքերի, ամսագրերի, գրքույկների և թերթիկների միլիարդավոր օրինակներ։ Եզեկիելի տեսած գետի պես՝ մաքուր ճշմարտությունները արագորեն դարձան հորդառատ և այժմ ողջ աշխարհում հագեցնում են ավելի ու ավելի շատ մարդկանց հոգևոր ծարավը։ Երկար ժամանակ Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունները հասանելի էին միայն տպագիր տարբերակով։ Իսկ հիմա jw.org կայքի շնորհիվ այդ նյութերը հասանելի են էլեկտրոնային ձևաչափով ավելի քան 1 000 լեզուներով։ Ճշմարտության այս ջուրն ի՞նչ ազդեցություն է ունենում ազնվասիրտ մարդկանց վրա։

12. ա) Ինչպե՞ս է աստվածաշնչյան ճշմարտությունը մարդկանց հոգևորապես բուժում և կյանք տալիս։ բ) Տեսիլքում ի՞նչ ժամանակահարմար նախազգուշացում կա մեզ համար (տես նաև ծանոթագրությունը)։

12 Կենարար ջուր։ Եզեկիելին ասվեց. «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»։ Մտածիր, թե աստվածաշնչյան ճշմարտությունն ինչ ազդեցություն է գործում նրանց վրա, ովքեր մտնում են վերականգնված հոգևոր դրախտ։ Միլիոնավոր մարդկանց ընկալունակ սրտերը այն հոգևորապես բուժում է ու կյանք տալիս։ Սակայն տեսիլքում նաև ժամանակահարմար նախազգուշացում կա. ոչ բոլորն են պահպանելու ճշմարտության հանդեպ իրենց սերը։ Եզեկիելի տեսած Մեռյալ ծովի ճահճոտ և տղմոտ տեղերի պես՝ այսօր կան սրտեր, որոնք անընկալունակ են դառնում, դադարում են գնահատել աստվածաշնչյան ճշմարտությունները և հեռանում են Եհովայից։ c Թող որ երբեք նման բան չլինի մեզ հետ (կարդա 2 Օրենք 10։16-18

13. Ի՞նչ ենք սովորում՝ տեսիլքում նկարագրված ծառերի մասին խորհելով։

13 Պտղատու և բուժիչ ծառեր։ Եզեկիելի տեսած գետի ափերի երկայնքով աճող ծառերի մասին խորհելն անշուշտ քաջալերական է մեզ համար։ Ուշագրավ է, որ այդ ծառերը ամեն ամիս համեղ պտուղներ էին տալիս, և դրանց տերևները բուժիչ էին (Եզեկ. 47։12)։ Դրանք մեզ հիշեցնում են, որ մենք ծառայում ենք մի Աստծու, ով առատաձեռնորեն ամենակենսական բանն է անում մեզ համար՝ հոգևորապես կերակրում է և բուժում, այն դեպքում, երբ այս աշխարհը հոգևորապես սոված ու հիվանդ է։ Եղե՞լ է այնպես, որ մեր ամսագրերից մի հոդված կարդաս, համաժողովի եզրափակիչ երգը երգես, դիտես մեր տեսանյութերից մեկը կամ ամսական հեռարձակումը և զգաս, որ սիրտդ լի է Եհովայի հանդեպ երախտագիտությամբ։ Իրոք որ նա հոգևոր ճոխ սեղան է գցում մեզ համար (Ես. 65։13, 14)։ Իսկ այդ հոգևոր սնունդը առողջարա՞ր է։ Աստծու Խոսքի վրա հիմնված իմաստուն խորհուրդները օգնում են պայքարել այնպիսի թշնամիների դեմ, ինչպիսիք են անբարոյականությունը, նախանձը և հավատի պակասը։ Բացի այդ՝ Եհովան քայլեր է ձեռնարկել, որ օգնի իր ծառաներին ապաքինվելու այն հոգևոր հիվանդություններից, որոնք առաջանում են լուրջ մեղք գործելու հետևանքով (կարդա Հակոբոս 5։14)։ Մենք իսկապես մեր աչքերով ենք տեսնում, թե ինչպես է կատարվում Եզեկիելի տեսիլքը։

14, 15. ա) Ի՞նչ դաս ենք քաղում՝ խորհելով ջրի ճահճոտ հատվածների մասին, որոնք չապաքինվեցին։ բ) Ի՞նչ օգուտներ է բերում մեզ օրհնությունների գետը։

14 Ինչպես իմացանք, տեսիլքում հիշատակվում է նաև ճահճոտ հատվածների մասին, որոնք չեն ապաքինվում, և այդ միտքը նախազգուշական է մեզ համար։ Երբեք չենք ցանկանա Եհովայի օրհնությունների դեմ պատնեշ կանգնեցնել՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն մեզ։ Ի՜նչ անմխիթար վիճակում կհայտնվեինք, եթե այդպես էլ չբուժվեինք և այս աշխարհի պես հիվանդ մնայինք (Մատթ. 13։15)։ Իրականում մեզ համար անչափ ցանկալի են Աստծու տված օրհնությունները։ Երբ փափագով խմենք նրա Խոսքի ճշմարտությունների զուլալ ջուրը, մասնակցենք քարոզչական գործին ու այդ ճշմարտությունները պատմենք ուրիշներին, ինչպես նաև սիրառատ առաջնորդություն, մխիթարություն և օգնություն ստանանք հավատարիմ ծառայի կողմից կրթված երեցներից, կարող ենք հիշել Եզեկիելի տեսիլքի գետի մասին. այն ուր էլ որ հոսում է, կյանք է տալիս և բուժում է։

15 Իսկ ինչպե՞ս է այս մարգարեությունը կատարվելու ապագայում։ Գետն առավել քան երբևէ հորդահոս կլինի գալիք դրախտում, ինչի մասին էլ այժմ կխոսենք։

Ինչպես է տեսիլքը կատարվելու դրախտում

16, 17. ա) Ի՞նչ առումով է կենարար ջուրն ավելի ընդարձակ դառնալու դրախտում։ բ) Ի՞նչ օգուտներ է բերելու մեզ օրհնությունների գետը դրախտում։

16 Տեսնո՞ւմ ես քեզ դրախտում՝ շրջապատված ընկերներով ու ընտանիքիդ անդամներով, որոնց հետ լիարժեքորեն վայելում ես կյանքը։ Գետի մասին Եզեկիելի տեսիլքն ուսումնասիրելը կօգնի քեզ ավելի վառ պատկերացնել դա։ Ուստի եկ անդրադառնանք այդ տեսիլքի երեք առանձնահատկություններին, որոնք արտացոլում են Եհովայի սերը։

17 Օրհնությունների գետ։ Փոխաբերական գետը դրախտում շատ ավելի ընդարձակ է դառնալու այն առումով, որ դրա բերած օգուտները լինելու են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական։ Հիսուսի հազարամյա իշխանության ընթացքում Աստծու թագավորությունը հավատարիմ հպատակներին կօգնի առավելագույնս օգտվել փրկագնի բերած օրհնություններից։ Աստիճանաբար նրանք կհասնեն կատարելության։ Այլևս ո՛չ հիվանդություններ կլինեն, ո՛չ բուժաշխատողներ, ո՛չ հիվանդանոցներ և ո՛չ էլ բժշկական ապահովագրություն։ Կյանքի ջուրը կհոսի դեպի Արմագեդոնից փրկված միլիոնավոր մարդիկ՝ դեպի «մեծ բազմությունը», որը «վերապրել[ու] է մեծ նեղությունից հետո» (Հայտն. 7։9, 14)։ Այնուամենայնիվ, այդ ցնծալի օրհնությունները լոկ առվակ են՝ համեմատած հորդառատ գետի հետ, որն ըստ Եզեկիելի տեսիլքի՝ ապագայում շատ ավելի մեծ օգուտներ կբերի։

Դրախտում օրհնությունների գետը բոլորին երիտասարդ և առողջ կդարձնի (տես պարբերություն 17)

18. Ի՞նչ առումով է «կյանքի ջրի գետը» հորդառատ դառնալու Հազարամյակի ընթացքում։

18 Կենարար ջուր։ Հազարամյակի ընթացքում «կյանքի ջրի.... գետը» հորդառատ կդառնա (Հայտն. 22։1)։ Միլիոնավոր, անգամ միլիարդավոր մարդիկ հարություն կառնեն և հնարավորություն կստանան հավիտյան ապրելու դրախտում։ Անթիվ-անհամար մահացած մարդիկ, ովքեր տարիներ կամ գուցե դարեր շարունակ թաղված են եղել հողի տակ, Եհովայի թագավորության ներքո կրկին կյանքի կկոչվեն (Ես. 26։19)։ Իսկ հարություն առած բոլո՞ր մարդիկ են հավիտյան ապրելու։

19. ա) Որտեղի՞ց գիտենք, որ դրախտում ճշմարտության նոր ջրեր կհոսեն։ բ) Ի՞նչ առումով են ապագայում որոշ մարդիկ «աղի մնալու»։

19 Նկատի առնենք, որ այդ ժամանակ նոր գրքեր են բացվելու, ուստի Եհովայից բխող թարմացնող ջուրը նոր ճշմարտություններ ու առաջնորդություններ է պարունակելու։ Ի՜նչ հիանալի ժամանակներ են մեզ սպասում։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ հնազանդվել Եհովային, թե ոչ։ Ոմանք կհրաժարվեն այդ օրհնությունից և չեն հնազանդվի Եհովային։ Ոմանք էլ գուցե Հազարամյակի ընթացքում ըմբոստանան Աստծու դեմ, սակայն ոչ ոքի թույլ չի տրվի խաթարել դրախտում տիրող խաղաղությունը (Ես. 65։20)։ Այդ ժամանակ հնարավոր է՝ հիշենք Եզեկիելի տեսիլքի ճահճոտ հատվածների մասին, որոնք «աղի էին մնալու»։ Որքա՜ն անմիտ վարված կլինեն նրանք, ովքեր կհրաժարվեն կյանքի ջրից։ Հազարամյակից հետո ոմանք կըմբոստանան և Սատանայի կողմը կբռնեն։ Բոլոր նրանք, ովքեր կարհամարհեն Եհովայի լիիրավ իշխանությունը, նույն վախճանին կարժանանան՝ անդառնալի մահվան (Հայտն. 20։7-12

20. Հազարամյակի ընթացքում օծյալների կատարած ծառայությունը ինչո՞ւ է մեզ հիշեցնում Եզեկիելի տեսիլքի ծառերի մասին։

20 Պտղատու և բուժիչ ծառեր։ Եհովան չի ցանկանում, որ մեզանից որևէ մեկը զրկվի հավիտենական կյանքից։ Ուստի նա հոգ կտանի, որ մեզ օգնություն տրամադրվի, ինչը խորհրդանշում են Եզեկիելի տեսիլքի ծառերը։ Դրախտում մենք հոգևորապես և ֆիզիկապես առողջ կլինենք։ Հազարամյակի ընթացքում երկնքից մարդկանց վրա կիշխի Հիսուս Քրիստոսը իր 144 000 իշխանակիցների հետ։ Որպես քահանաներ՝ 144 000 իշխանակիցները հօգուտ հավատարիմ մարդկանց կկիրառեն Քրիստոսի քավիչ զոհը՝ նրանց կատարելության բերելով (Հայտն. 20։6)։ Այս հոգևոր և ֆիզիկական օրհնությունները մեզ հիշեցնում են տեսիլքում գետի ափի երկայնքով աճող ծառերը, որոնք սննդարար պտուղ էին տալիս, և որոնց տերևները բուժիչ էին։ Եզեկիելի այս տեսիլքը մեր միտքն է բերում Հովհաննես առաքյալի արձանագրած հիասքանչ մարգարեական նկարագրությունը (կարդա Հայտնություն 22։1, 2)։ Նա նույնպես տեսավ ծառեր, որոնց տերևները «ազգերին բուժելու համար էին»։ 144 000 քահանաների ծառայությունը օգուտ կբերի Աստծու միլիոնավոր հավատարիմ ծառաներին։

21. Եզեկիելի տեսիլքի մասին խորհրդածելն ի՞նչ ազդեցություն է ունենում քեզ վրա, և ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում (տես «Բարակ շիթով հոսող ջուրը հորդառատ գետ է դառնում» շրջանակը)։

21 Երբ խորհում ես Եզեկիելի տեսիլքում նկարագրված գետի մասին, մի՞թե անդորրը չի պարուրում հոգիդ, և հույսդ ավելի վառ չի դառնում։ Ի՜նչ հիանալի ժամանակներ են մեզ սպասում։ Մի պահ մտածիր. Եհովան դեռ հազարավոր տարիներ առաջ վառ գույներով ասես նկարել է ապագա դրախտը և այդ ժամանակվանից ի վեր համբերություն դրսևորելով՝ հրավիրում է մեզ տեսնելու, թե ինչպես է այդ չքնաղ կտավի վրա պատկերվածը իրականություն դառնում։ Կլինե՞ս այնտեղ։ Գուցե մտածես. դրախտում ես իմ «տեղը» կունենա՞մ։ Արի տեսնենք, թե Եզեկիելի մարգարեության վերջին հատվածը ինչ հավաստիացում է տալիս այս առնչությամբ։

a Ավելին՝ այն հրեաները, ովքեր հիշում էին իրենց հայրենիքի աշխարհագրական առանձնահատկությունները, ակներևաբար, հասկանում էին, որ այս գետը չի կարող բառացի լինել, քանի որ այն սկիզբ էր առնում տաճարից, որը գտնվում էր մի շատ բարձր լեռան վրա։ Նման լեռ, սակայն, այդ տեղանքում չկար։ Բացի այդ՝ տեսիլքից պարզ է դառնում, որ գետը ուղիղ հոսում էր դեպի Մեռյալ ծովը՝ առանց իր ուղղությունը փոխելու, ինչը նույնպես աշխարհագրական առումով անհնար կլիներ՝ հաշվի առնելով այդ տարածքի առանձնահատկությունները։

b Որոշ մեկնաբաններ այս արտահայտությունը դրական իմաստով են հասկանում։ Նրանք ընդգծում են, որ Մեռյալ ծովի շրջակայքից աղ հավաքելը այն որպես կոնսերվանտ օգտագործելու համար, վաղուց արդեն շահութաբեր է։ Նկատի առնենք, սակայն, որ մարգարեությունում ասվում է, որ ջրի ճահճոտ հատվածները «չեն ապաքինվի»։ Դրանք մնալու են անշունչ, չապաքինված, որովհետև Եհովայի տնից բխող կենարար ջուրը չի հասնում դրանց։ Ուստի այս պարագայում ջրի աղի մնալը, ըստ ամենայնի, բացասական իմաստ ունի (Սաղ. 107։33, 34; Երեմ. 17։6

c Նմանատիպ բանի մասին խոսել է նաև Հիսուսը ուռկանի մասին իր առակում։ Ուռկանի մեջ շատ ձկներ են բռնվում, բայց ոչ բոլորն են «լավը»։ Անպետքները պիտի դեն գցվեն։ Այս առակով Հիսուսը նախազգուշացրեց, որ Եհովայի կազմակերպություն եկող մարդկանց մի ստվար զանգված ժամանակի ընթացքում հնարավոր է՝ հավատարիմ չմնա Աստծուն (Մատթ. 13։47-50; 2 Տիմոթ. 2։20, 21