Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարգարեությունների վերաճշտված բացատրությունների ամփոփում

Մարգարեությունների վերաճշտված բացատրությունների ամփոփում

Տարիների ընթացքում «Դիտարան» ամսագրում հրատարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված են Եզեկիելի որոշ մարգարեությունների վերաճշտված բացատրություններ։ Այս գրքում՝ «Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված», կան մի շարք նոր բացատրություններ։ Հիշո՞ւմ ես հետևյալ հարցերի պատասխանները։

Ի՞նչ են խորհրդանշում կենդանի էակների չորս երեսները

Նախկին բացատրություն։ Կենդանի էակների՝ քերովբեների չորս երեսներից յուրաքանչյուրը խորհրդանշում է Եհովայի չորս գլխավոր հատկություններից մեկը։

Վերաճշտված բացատրություն։ Թեև կենդանի էակների չորս երեսներից յուրաքանչյուրը խորհրդանշում է Եհովայի չորս գլխավոր հատկություններից մեկը, բայց որպես մեկ ամբողջություն՝ դրանք խորհրդանշում են Եհովայի բոլոր հատկությունները։ Բացի այդ՝ չորս երեսները արտացոլում են Եհովայի ահռելի զորությունն ու փառքը, որոնք անչափ տպավորում են մեզ։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Աստծու Խոսքում չորս թվանշանը հաճախ խորհրդանշում է ամբողջություն և համապարփակություն։ Ուստի չորս երեսները, որպես մեկ ամբողջություն, չորս հիասքանչ հատկություններից ավելին են. դրանք Եհովայի՝ ակնածանք ներշնչող անհատականության հիմքն են։ Նկատի առնենք նաև, որ արծիվը, առյուծը, ցուլը և մարդը հզորության, ուժի և վսեմության մարմնացում են։ Սակայն ուշագրավ է, որ Եզեկիելի տեսած չորս հզոր կենդանիների երես ունեցող քերովբեները գտնվում էին Եհովայի՝ գերագույն Իշխանի գահից ներքև։ Այս նկարագրությունն ընդգծում է այն միտքը, որ Եհովան գերագույն Ղեկավարն է։

Ո՞ւմ է ներկայացնում քարտուղարի թանաքամանով մարդը

Նախկին բացատրություն։ Թանաքամանով մարդը ներկայացնում է երկրի վրա ապրող օծյալներին։ Քարոզելով և մարդկանց օգնելով, որ դառնան Հիսուսի աշակերտները՝ օծյալները փոխաբերական առումով նշան են դնում այն մարդկանց ճակատներին, ովքեր դառնում են «մեծ բազմության» անդամ (Հայտն. 7։9

Վերաճշտված բացատրություն։ Քարտուղարի թանաքամանով մարդը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին։ Նա նշան կդնի «մեծ բազմության» անդամների՝ «ոչխարների» վրա, երբ «մեծ նեղության» ժամանակ դատի նրանց (Մատթ. 24։21

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Եհովան դատելու գործը վստահել է իր Որդուն (Հովհ. 5։22, 23)։ Ըստ Մատթեոս 25։31-33 համարների՝ Հիսուսն է վերջնականապես որոշելու, թե ով է «ոչխար», իսկ ով՝ «այծ»։

Արդյո՞ք մարմնավաճառ քույրեր Օոլան և Օոլիբան նախապատկերում են քրիստոնյա աշխարհը իր երկու ուղղություններով՝ Կաթոլիկ և Բողոքական

Նախկին բացատրություն։ Օոլան (Իսրայելի մայրաքաղաք Սամարիան)՝ ավագ քույրը, ներկայացնում է կաթոլիկությունը, իսկ Օոլիբան (Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմը)՝ կրտսեր քույրը, ներկայացնում է բողոքականությունը։

Վերաճշտված բացատրություն։ Այս մարմնավաճառ քույրերը քրիստոնեության ոչ մի ուղղություն չեն նախապատկերում։ Նրանց մասին արձանագրությունն օգնում է հասկանալ, թե ինչ է Եհովան զգում, երբ իրեն երբեմնի հավատարիմ ժողովուրդը հոգևոր մարմնավաճառությամբ է զբաղվում։ Նա նույնպիսի զգացումներ ունի բոլոր կեղծ կրոնների նկատմամբ։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Աստվածաշնչյան որևէ հիմք չկա պնդելու, որ Օոլան և Օոլիբան նախապատկերում են քրիստոնյա աշխարհը։ Իսրայելը և Հուդան մի ժամանակ փոխաբերական առումով Եհովայի հավատարիմ կանայք էին, մինչդեռ քրիստոնյա աշխարհը երբեք նման հարաբերություններ չի ունեցել Եհովայի հետ։ Ճիշտ է, «Եզեկիել» գրքի 16-րդ և 23-րդ գլուխներում Եհովան իր անհավատարիմ ժողովրդին համեմատում է մարմնավաճառների հետ, բայց նաև հույս է տալիս, որ իր հետ նրանց հարաբերությունները կվերականգնվեն։ Մեծ Բաբելոնի մաս կազմող քրիստոնյա աշխարհը, սակայն, նման հույս չունի։

Արդյո՞ք հավատուրաց Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկերն է

Նախկին բացատրություն։ Անհավատարիմ Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի մարգարեական նախապատկերն է։ Ուստի Երուսաղեմի կործանումը ներկայացնում է քրիստոնյա աշխարհի կործանումը։

Վերաճշտված բացատրություն։ Իր կռապաշտությամբ և բարոյական ապականությամբ հավատուրաց Երուսաղեմը հիշեցնում է մեզ քրիստոնյա աշխարհը, սակայն մենք այլևս չենք ասում, որ Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկերն է։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Աստվածաշնչյան ծանրակշիռ հիմք չկա այս պարագայում նախապատկերներ վերագրելու մոտեցման համար։ Ի տարբերություն հին Երուսաղեմի՝ քրիստոնյա աշխարհը երբեք մաքուր երկրպագություն չի մատուցել Եհովային։ Բացի այդ՝ եղել է ժամանակ, երբ Եհովան ներել է Երուսաղեմին, սակայն քրիստոնյա աշխարհը նման բանի հույս անգամ չունի։

Ինչպե՞ս է կատարվել չորացած ոսկորներով լի հովտի մասին տեսիլքը

Նախկին բացատրություն։ 1918 թ.-ին հալածանքի ենթարկվող օծյալ քրիստոնյաները գերության տարվեցին Մեծ Բաբելոն և մնացին մահանման գերության մեջ՝ անգործունյա վիճակում։ Այդ կարճաժամկետ գերությունն ավարտվեց 1919 թ.-ին, երբ Եհովան կենդանացրեց նրանց, և նրանք նորից սկսեցին հռչակել Թագավորության մասին։

Վերաճշտված բացատրություն։ Հոգևոր գերությունը շատ երկար է տևել և սկսվել է 1918 թ.-ից շատ ավելի վաղ։ Այն սկսվել է մ. թ. II դարում և ավարտվել՝ 1919 թ.-ին։ Ընդհանուր առմամբ սա համապատասխանում է Հիսուսի պատմած առակի ցորենի ու որոմների աճի երկար ժամանակահատվածին։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Իսրայելացիների գերությունը երկար ժամանակ է տևել՝ մ. թ. ա. 740-537 թթ.։ Եզեկիելը նկարագրում է, որ ոսկորները «չորացած» կամ «շատ չորացած» էին՝ մատնանշելով, որ այն մարդիկ, որոնց ներկայացնում էին ոսկորները, շատ երկար ժամանակ էր, ինչ մահացած էին։ Ոսկորների վերականգնումը ներկայացվում է որպես աստիճանաբար տեղի ունեցող մի գործընթաց, որը տևական ժամանակ է պահանջում։

Ո՞րն է երկու փայտերի մեկ դառնալու մասին մարգարեության նշանակությունը

Նախկին բացատրություն։ Առաջին աշխարհամարտի ընթացքում օծյալ քրիստոնյաների միասնականությունը խաթարվեց, սակայն կարճ ժամանակ հետո՝ 1919 թ.-ին, այն վերականգնվեց։

Վերաճշտված բացատրություն։ Այս մարգարեությունը ցույց է տալիս, որ Եհովան միավորելու է իր ծառաներին։ 1919 թ.-ից հետո օծյալներին միացան երկրի վրա ապրելու հույս ունեցող մարդիկ, որոնց թիվը գնալով աճում էր։ Մարդկանց այս երկու խմբերը ծառայում են Եհովային որպես մեկ ժողովուրդ։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Մարգարեության մեջ չի ասվում, որ մեկ փայտը երկու մասի է կոտրվում, և ապա դրա մասերը միացվում են իրար։ Ուստի խոսքն այն մասին չէ, որ մարդկանց մի խումբ բաժանվելու է և հետո վերամիավորվելու, այլ մարդկանց երկու խմբի միավորման մասին է։

Ո՞վ է Գոգը, որը Մագոգ երկրից է

Նախկին բացատրություն։ «Գոգը, որը Մագոգ երկրից է» մարգարեական անունը վերաբերում է Սատանային երկնքից նրա ցած գցվելուց հետո։

Վերաճշտված բացատրություն։ Մագոգ երկրից Գոգը ազգերի դաշինք է, որը մեծ նեղության ժամանակ հարձակվելու է Աստծու ծառաների վրա։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Մարգարեության մեջ նշվում է, որ Գոգը որպես կերակուր տրվելու է վայրի թռչուններին, և նրան երկրի վրա թաղվելու տեղ է տրվելու, հետևաբար Գոգը ոգեղեն էակ չէ։ Գոգի հարձակման մասին այս արձանագրությունը նաև նման է Աստծու ժողովրդի վրա ազգերի հարձակման մասին արձանագրություններին, որոնք տեղ են գտել «Դանիել» և «Հայտնություն» գրքերում (Դան. 11։40, 44, 45; Հայտն. 17։14; 19։19

Եզեկիելը հոգևոր մեծ տաճա՞րն է տեսել, որի մասին հետագայում խոսել է Պողոս առաքյալը

Նախկին բացատրություն։ Եզեկիելի տեսիլքի տաճարը նույն հոգևոր տաճարն է, որի մասին հետագայում խոսեց Պողոս առաքյալը։

Վերաճշտված բացատրություն։ Եզեկիելի տեսածը հոգևոր տաճարը չէր, որը հաստատվել է մ. թ. 29 թ.-ին։ Եզեկիելի տեսած տաճարը ներկայացնում էր իսրայելացիների՝ գերությունից վերադառնալուց հետո վերականգնված մաքուր երկրպագությունը, որի մասին խոսվում էր Մովսիսական օրենքում։ Պողոսը Աստծու ներշնչմամբ հոգևոր տաճարը նկարագրելիս կենտրոնացել է այն գործի վրա, որը Հիսուսը՝ որպես Մեծ Քահանայապետ, արել է մ. թ. 29-33 թթ.-ին։ Տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքում ընդհանրապես չի հիշատակվում քահանայապետը, և հիմնականում խոսքը հոգևոր վերականգնման մասին է, որը սկսվել է մ. թ. 1919-ին։ Այդ պատճառով Եզեկիելի տեսիլքի տաճարի մանրամասնորեն նկարագրված առանձնահատկություններին ու չափումներին նախապատկերային նշանակություն չենք վերագրում։ Իրականում մենք պետք է կենտրոնանանք այն դասերի վրա, որոնք, Եզեկիելի տեսիլքի շուրջ խորհելով, սովորում ենք մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշների մասին։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը։ Տեսիլքում Եզեկիելի տեսած տաճարը էապես տարբերվում է հոգևոր տաճարից։ Օրինակ՝ Եզեկիելի տեսած տաճարում կենդանական շատ զոհեր էին մատուցվում։ Իսկ հոգևոր տաճարում միայն մեկ զոհ է մատուցվել՝ «մեկ անգամ ու ընդմիշտ» (Եբր. 9։11, 12)։ Քրիստոսի՝ երկիր գալուց դարեր առաջ, երբ Եզեկիելը տեսավ տաճարի մասին տեսիլքը, դեռ ժամանակը չէր եկել, որ Եհովան հոգևոր տաճարի մասին խորունկ ճշմարտություններ բացահայտեր։