Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Եհովային սիրող թանկագի՛ն ծառայակիցներ,

1971 թ.-ին «Աստծու անունը» վերնագրով մարզային համաժողովի ժամանակ հայտարարվեց մի քանի նոր հրատարակությունների լույսընծայման մասին։ Բոլորն անչափ ոգևորվեցին՝ ստանալով այդ հրաշալի նվերները։ Դրանք գերազանցեցին նրանց սպասելիքները։ Հրատարակություններից մեկի մասին մի եղբայր ասաց. «Սա ապագա իրադարձությունները նկարագրող ամենատպավորիչ գիրքն է»։ Նա խոսում էր «Ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ. ինչպե՞ս» վերնագրով գրքի մասին։ Ինչո՞ւ այս գիրքը այդքան մեծ ոգևորություն առաջացրեց։ Քանի որ դրանում ամփոփված էին Աստվածաշնչի «Եզեկիել» գրքում տեղ գտած մարգարեությունների վերանայված բացատրությունները, մարգարեություններ, որոնք առնչություն ունեն ողջ մարդկության ապագայի հետ։

Այդ գրքի թողարկումից հետո Աստծու ծառաների թիվը զգալիորեն աճել է՝ 1,5 միլիոնից հասել է ավելի քան 8 միլիոնի (Ես. 60։22)։ Եհովայի այս բազմամիլիոնանոց ժողովուրդը խոսում է 1 000-ից ավելի լեզուներով (Զաք. 8։23)։ Նրանցից շատերը երբեք հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրելու մի գիրք, որում մանրամասնորեն կբացատրվեին Եզեկիել մարգարեի արձանագրած մարգարեությունները։

Բացի այդ՝ քանի որ ճշմարտության լույսը ավելի ու ավելի է պայծառանում, 1971 թ.-ից սկսած՝ մինչև մեր օրերը, մենք սկսել ենք ավելի լավ հասկանալ բազմաթիվ աստվածաշնչյան ճշմարտություններ (Առակ. 4։18)։ Օրինակ՝ 1985 թ.-ին մենք հասկացանք, թե ինչ առումով են «ուրիշ ոչխարները» արդար հայտարարվում և կոչվում Աստծու ընկերները (Հովհ. 10։16; Հռոմ. 5։18; Հակ. 2։23)։ Իսկ 1995 թ.-ին մեզ համար պարզ դարձավ, որ վերջնականապես գալիք «մեծ նեղության» ժամանակ է որոշվելու, թե ովքեր են համարվելու «ոչխարներ», և ովքեր՝ «այծեր» (Մատթ. 24։21; 25։31, 32)։ Այս բոլոր վերաճշտումները մեծ ազդեցություն են ունեցել «Եզեկիել» գրքի մեր հասկացողության վրա։

«Մարդո՛ւ որդի, ուշադիր նայիր և ուշի ուշով լսիր։ Ուշադիր եղիր այն ամենի հանդեպ, ինչ ցույց կտամ քեզ, որովհետև հենց դրա համար ես բերվել այստեղ» (ԵԶԵԿԻԵԼ 40։4

Վերջին տարիներին ճշմարտության լույսը էլ ավելի պայծառ է շողում։ Օրինակ՝ Հիսուսի առակներից շատերը մենք այսօր ավելի լավ ենք հասկանում։ Այդ առակներից որոշները վերաբերում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենալու շուտով՝ սրընթաց մոտեցող «մեծ նեղության» ժամանակ։ Նմանապես՝ մենք այսօր ավելի հստակ պատկերացում ունենք «Եզեկիել» գրքի որոշ մարգարեությունների վերաբերյալ։ Դրանց թվում են Մագոգ երկրից Գոգի (գլուխներ 38 և 39), քարտուղարի թանաքամանով մարդու (գլուխ 9), չորացած ոսկորներով լի հովտի և երկու փայտերի խորհրդանշական միացման վերաբերյալ մարգարեությունները (գլուխ 37)։ Այդ պատճառով «Ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ» գրքի բացատրությունները վերաճշտվել են։

Ուստի զարմանալի չէ, որ Եհովայի ծառաներից շատերը հարցնում էին. «Ե՞րբ ենք ունենալու մի գիրք, որում կտրվեն Եզեկիելի մարգարեությունների վերաճշտված բացատրությունները»։ Ձեր ձեռքերում հենց այդպիսի մի գիրք է։ Այն կոչվում է «Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված»։ Այս գրքի 22 գլուխներն ընթերցելով և խորհրդածելով դրանցում տեղ գտած գեղեցիկ նկարների շուրջ՝ դուք հիացմունքով կլցվեք՝ տեսնելով, թե որքան խոր ուսումնասիրություններ են արվել այս գիրքը պատրաստելիս։ Մենք շատ ենք աղոթել ու խորհել այն մասին, թե Եհովան ինչու է գրել տվել «Եզեկիել» գիրքը, որն այդքան տպավորիչ է։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել հետևյալ հարցերին. «Եզեկիել» գրքից ի՞նչ դասեր էին քաղում նրա ժամանակակիցները, և ի՞նչ դասեր ենք քաղում մենք այսօր։ Ո՞ր մարգարեությունները դեռ պետք է կատարվեն։ Պե՞տք է արդյոք Եզեկիելի մարգարեությունների մեջ նախապատկերներ փնտրենք։ Այս հարցերի պատասխաններն օգնում են մեզ հստակ հասկանալ Աստվածաշնչի այս հրաշալի գիրքը։

«Եզեկիել» գիրքը սկզբից մինչև վերջ ընթերցելիս անհնար է չհիանալ Եհովայի կազմակերպության երկնային մասով։ Անկասկած, ձեզ նաև տպավորում են Եհովայի բարձր չափանիշները, որոնք նա սահմանել է երկնքում և երկրի վրա բնակվող բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրեն երկրպագել այնպես, ինչպես ինքն է ուզում։ «Մաքուր երկրպագություն» գիրքը կօգնի ավելի շատ գնահատել այն ամենը, ինչ Եհովան արդեն արել է իր ժողովրդի համար և ինչը որ անելու է մոտ ապագայում։ Գիրքն ընթերցելիս կնկատեք, որ անընդմեջ երկու կարևոր միտք է ընդգծվում. նախ՝ Եհովային հաճելի լինելու համար մենք պետք է ընդունենք, որ նա տիեզերքի Գերիշխանն է, և երկրորդ՝ մենք պետք է Եհովային երկրպագենք այնպես, ինչպես նա է ուզում՝ ապրելով նրա սահմանած բարձր չափանիշների համաձայն։

Մենք սրտանց ցանկանում ենք, որ այս գիրքը ձեզ ավելի մեծ վճռականությամբ լցնի՝ Եհովային երկրպագելու այնպես, որ փառք ու պատիվ բերեք նրա վեհ ու սուրբ անվանը։ Եվ թող այն օգնի ձեզ փափագով սպասելու այն օրվան, երբ բոլոր ազգերը կիմանան, որ նա Եհովան է (Եզեկ. 36։23; 38։23

Թող մեր սիրառատ Հայրը՝ Եհովան, առատորեն օրհնի ձեր ջանքերը, որ ներդնելու եք հասկանալու համար Եզեկիել մարգարեի՝ Աստծու ներշնչմամբ գրած գիրքը։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին