Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 1Ա

Ի՞նչ է երկրպագությունը

Ի՞նչ է երկրպագությունը

«Երկրպագություն» բառը կարելի է սահմանել հետևյալ կերպ. «Որևէ աստծու հանդեպ հարգանք և սեր արտահայտող գործողություն»։ Աստվածաշնչում «երկրպագություն» թարգմանված բնագրային բառերը ունեն մի քանի իմաստներ, օրինակ՝ որևէ ստեղծագործության հանդեպ խոր հարգանք դրսևորելու կամ այդ ստեղծագործությանը հնազանդվելու իմաստներ (Մատթ. 28։9)։ Այս բառերը նաև նկարագրում են կրոնական բնույթի գործողություն՝ ուղղված Աստծուն կամ կեղծ աստվածներին (Հովհ. 4։23, 24)։ Ինչ խոսք, համատեքստն է հուշում, թե ինչպես է հարկավոր հասկանալ այս բառերի նշանակությունը։

Միայն Եհովան՝ Արարիչն ու Գերիշխանն է արժանի բացարձակ նվիրվածության (Հայտն. 4։10, 11)։ Մենք երկրպագում ենք Եհովային՝ հարգանք դրսևորելով նրա գերիշխանության հանդեպ և պատվելով նրա անունը (Սաղ. 86։9; Մատթ. 6։9, 10)։ Եհովայի գերիշխանության և նրա անվան մասին թեմաները կարմիր թելի պես անցնում են «Եզեկիել» գրքի էջերով։ «Գերիշխան Տեր Եհովա» արտահայտությունը միայն «Եզեկիել» գրքում հանդիպում է 217 անգամ, իսկ «կիմանան, որ ես Եհովան եմ» արտահայտությունը՝ 55 անգամ (Եզեկ. 2։4; 6։7

Մեր երկրպագությունը լոկ զգացմունքների վրա չէ հիմնված, այն նաև գործերով է դրսևորվում (Հակ. 2։26)։ Եհովային նվիրվելով՝ մենք երդվում ենք, որ մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում կհնազանդվենք նրան որպես մեր Գերիշխանի և խոր հարգանք կցուցաբերենք նրա անվան հանդեպ։ Հիշենք, որ Հիսուսը երրորդ փորձության ժամանակ իր պատասխանով ցույց տվեց, որ երկրպագությունը սերտորեն կապված է «սուրբ ծառայության» հետ (Մատթ. 4։10, ծնթ.)։ Լինելով Եհովային երկրպագողներ՝ մենք սրտանց ուզում ենք ծառայել նրան a (2 Օրենք 10։12)։ Մենք սուրբ ծառայություն ենք մատուցում մեր Աստծուն, երբ անում ենք այնպիսի գործեր, որոնք անմիջականորեն կապված են մեր երկրպագության հետ և անձնազոհություն են պահանջում։ Ի՞նչ գործերի մասին է խոսքը։

Սուրբ ծառայություն կարելի է մատուցել տարբեր ձևերով, և դրանք բոլորն էլ Եհովան թանկ է գնահատում։ Օրինակ՝ մենք ծառայում ենք նրան, երբ քարոզում ենք մարդկանց, Թագավորության սրահում մասնակցում ենք հանդիպումներին, հանդիպման վայրեր ենք կառուցում ու հոգ տանում դրանց համար։ Բացի այդ՝ սուրբ ծառայություն է նաև ընտանեկան երկրպագություն անելը, աղետից տուժած հավատակիցներին օգնելու գործին աջակցելը, համաժողովների ժամանակ կամավորական ծառայություն կատարելը, ինչպես նաև Բեթելում ծառայելը (Եբր. 13։16; Հակ. 1։27)։ Եթե մաքուր երկրպագությունը ամենակարևոր տեղը զբաղեցնի մեր մտքում ու սրտում, մենք «օր ու գիշեր սուրբ ծառայություն կմատուցենք» Աստծուն։ Իսկ մեր Աստծուն՝ Եհովային երկրպագելը մեծ հաճույք է պատճառում մեզ (Հայտն. 7։15

a «Երկրպագություն» թարգմանված եբրայերեն բառերից մեկն ունի նաև ծառայելու իմաստ։ Ուստի երկրպագությունը ներառում է ծառայություն (Ելք 3։12, ծնթ.)։