Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 15Ա

Մարմնավաճառ քույրերը

Մարմնավաճառ քույրերը

«Եզեկիել» գրքի 23-րդ գլխում արձանագրված են իր ժողովրդի անհավատարմությունը դատապարտող Եհովայի խիստ խոսքերը։ Շատ առումներով այս գլուխը նման է 16-րդ գլխին։ Երկու գլուխներում էլ խոսվում է մարմնավաճառ քույրերի մասին։ Երուսաղեմը կոչվում է կրտսեր քույր, իսկ Սամարիան՝ ավագ։ Երկու գլուխներն էլ ցույց են տալիս, թե ինչպես է կրտսեր քույրը, հետևելով ավագ քրոջ օրինակին, բռնում մարմնավաճառության ուղին, իսկ հետո գերազանցում նրան իր չարությամբ ու անբարոյականությամբ։ 23-րդ գլխում Եհովան այդ քույրերին անուններ է տալիս. ավագ քրոջը՝ Իսրայելի տասցեղ թագավորության մայրաքաղաք Սամարիային, կոչում է Օոլա, իսկ կրտսեր քրոջը՝ Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմին՝ Օոլիբա a (Եզեկ. 23։1-4

Այս երկու գլուխներում ուրիշ զուգահեռներ էլ կան։ Ամենաէական զուգահեռները թերևս սրանք են. երկու մարմնավաճառներն էլ սկզբում փոխաբերական առումով Եհովայի կանայք էին, սակայն հետո նրանք դավաճանեցին նրան։ Բացի այդ՝ երկու գլուխներներն էլ ներում ստանալու հույս են պարունակում, թեև 23-րդ գլխում այն ավելի թույլ է արտահայտված։ Բայց դրանցում Եհովան խոստանում է. «Ես վերջ կդնեմ անառակ վարքիդ և մարմնավաճառությանդ» (Եզեկ. 16։16, 20, 21, 37, 38, 41, 42; 23։4, 11, 22, 23, 27, 37

Նրանք քրիստոնյա աշխարհի նախապատկե՞րն են

Նախկինում մեր հրատարակություններում ասվում էր, որ երկու քույրերը՝ Օոլան և Օոլիբան, մարգարեաբար նախապատկերում են քրիստոնյա աշխարհը, հատկապես դրա երկու՝ կաթոլիկ և բողոքական ուղղությունները։ Սակայն աղոթելուց և ուսումնասիրություններ անելուց հետո պարզ դարձավ, որ այս հարցը վերաճշտման կարիք ունի։ Որոշ հարցեր առաջացան. օրինակ՝ քրիստոնյա աշխարհը երբևէ ինչ-որ իմաստով եղե՞լ է Եհովայի կինը, Աստված երբևէ ուխտ կապե՞լ է նրա հետ։ Հստակ է, որ ոչ։ Երբ Եհովան Հիսուսի միջոցով հոգևոր Իսրայելի հետ կապեց «նոր ուխտը», քրիստոնյա աշխարհը նույնիսկ գոյություն չուներ, և այն երբևէ օծյալ քրիստոնյաներից բաղկացած հոգևոր ազգի մաս չի կազմել (Երեմ. 31։31; Ղուկ. 22։20)։ Քրիստոնյա աշխարհը առաջ է եկել առաքյալների մահից շատ տարիներ հետո՝ մ.թ. IV դարում։ Այդ հավատուրաց կառույցի մաս են կազմում կեղծ քրիստոնյաները՝ «որոմները», որոնց մասին Հիսուսը խոսել է ցորենի ու որոմների վերաբերյալ իր մարգարեական առակում (Մատթ. 13։24-30

Մեկ այլ փաստարկ. Եհովան անհավատարիմ Երուսաղեմին ու Սամարիային ներում ստանալու հույս տվեց (Եզեկ. 16։41, 42, 53-55)։ Արդյոք Աստվածաշունչը նման հույս տալի՞ս է քրիստոնյա աշխարհին։ Ո՛չ։ Նա ներման հույս չունի, ինչպես որ Մեծ Բաբելոնի մաս կազմող մյուս կրոնները։

Այսպիսով՝ Օոլան և Օոլիբան չեն նախապատկերում քրիստոնյա աշխարհը։ Սակայն նրանց մասին արձանագրությունը օգնում է մեզ հասկանալ, թե Եհովան ինչպես է վերաբերվում նրանց, ովքեր պախարակում են նրա սուրբ անունը և նսեմացնում մաքուր երկրպագության վերաբերյալ նրա սահմանած չափանիշները։ Քրիստոնյա աշխարհը մեղքի մեծ բաժին ունի այս հարցում, քանի որ նրա անհաշիվ եկեղեցիները պնդում են, թե ներկայացնում են այն Աստծուն, ում մասին գրված է Աստվածաշնչում։ Ավելին՝ նրանք ասում են, որ Եհովայի սիրելի որդին՝ Հիսուս Քրիստոսը, իրենց առաջնորդն է, բայց նրանց գործերը հակառակն են փաստում։ Նրանք Հիսուսին եռաստվածության մաս են համարում և չեն հնազանդվում «աշխարհի մաս» չկազմելու նրա պարզ ու հստակ պատվերին (Հովհ. 15։19)։ Նրանք թաթախված են կռապաշտության մեջ ու ակտիվ ներգրավված են քաղաքական հարցերի մեջ և այդպիսով փաստում են, որ «մեծ մարմնավաճառի»՝ Մեծ Բաբելոնի մաս են կազմում (Հայտն. 17։1)։ Կասկած անգամ չկա, որ կեղծ քրիստոնեությանը սպասում է նույն վախճանը, ինչ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությանը։

a Այս անունները պատահական չեն ընտրվել։ «Օոլա» անունը նշանակում է «նրա [երկրպագության] վրանը»։ Ակներևաբար, այս անունը հիշեցնում է այն մասին, որ Իսրայելի ժողովուրդը Եհովային սկսել էր երկրպագել իր ընտրած վայրերում, ոչ թե Երուսաղեմի տաճարում։ Իսկ «Օոլիբա» անունը նշանակում է «իմ [երկրպագության] վրանը նրա մեջ է»։ Սա շատ տեղին է, քանի որ Եհովայի տաճարը Երուսաղեմում էր։