Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

«Քեզ ժամապահ եմ նշանակել»

«Քեզ ժամապահ եմ նշանակել»

ԵԶԵԿԻԵԼ 33։7

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Եհովան ժամապահ է նշանակում և նկարագրում նրա պարտականությունները

1. Ինչի՞ մասին էին նախազգուշացնում Եհովայի նշանակած ժամապահները, և ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ։

 ԱՐԵՎԸ մայր է մտնում։ Ժամապահը կանգնած է Երուսաղեմի պարսպի վրա և ձեռքը ճակատին դրած՝ հայացքը հառել է հորիզոնին։ Հանկարծ նա մի բան է նշմարում և իսկույն եղջերափողն իր ձեռքն առնելով՝ խոր շունչ է քաշում և տագնապի ազդանշան տալիս. բաբելոնացիների զորքն է մոտենում։ Բայց արդեն շատ ուշ է, քաղաքի բնակիչներն այլևս ոչինչ չեն կարող անել։ Տասնամյակներ շարունակ Եհովայի կողմից նշանակված մարգարեները ժամապահների պես նախազգուշացնում էին, որ այս օրը գալու է, բայց ավաղ, մարդիկ անտարբեր էին և ուշադրություն չէին դարձնում նրանց խոսքերին։ Եվ ահա բաբելոնական զորքը շրջապատել է քաղաքը։ Շատ ամիսներ քաղաքը պաշարման մեջ պահելուց հետո զինվորները ճեղքում են պարիսպը, հողին հավասարեցնում տաճարը և սպանում կամ գերեվարում են անհավատարիմ ու կռապաշտ երուսաղեմցիներին։

2, 3. ա) Ի՞նչ է սպասում մարդկությանը մոտ ապագայում։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

2 Այսօր Եհովայի երկնային զորքը պատրաստվում է մարտի դուրս գալ երկրի անհավատ բնակիչների դեմ (Հայտն. 17։12-14)։ Այդ բախումով վերջ կդրվի մարդկության պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ նեղությանը (Մատթ. 24։21)։ Բայց մարդիկ դեռ հնարավորություն ունեն արձագանքելու նրանց նախազգուշացմանը, ում Եհովան հանձնարարել է կատարել ժամապահի գործը։

3 Ինչի՞ց մղված էր Եհովան ժամապահներ նշանակում։ Ի՞նչ լուր էին նրանք հայտնում։ Ովքե՞ր են ստանձնել այս դերը, և ի՞նչ դեր ունենք մենք այս գործում։ Փորձենք գտնել այս հարցերի պատասխանները։

«Պետք է իմ անունից նախազգուշացնես նրանց»

4. Եհովան ինչո՞ւ էր ժամապահներ նշանակում (տես առաջին նկարը)։

4 Կարդա Եզեկիել 33։7։ Աստվածաշնչյան ժամանակներում ժամապահները հաճախ կանգնում էին պարսպի վրա և հսկում քաղաքը։ Նրանք տեսանելի ապացույցն էին այն բանի, որ քաղաքի ղեկավարը հոգ է տանում իր ժողովրդի համար։ Եվ չնայած որ եղջերափողի ձայնը հնարավոր է՝ տագնապի մեջ գցեր քնած մարդկանց, սակայն հենց այդ ականջ ծակող ազդանշանը կարող էր փրկել նրանց կյանքը, ովքեր կարձագանքեին։ Նմանապես՝ Եհովան ժամապահներ էր նշանակում ոչ թե այն բանի համար, որ ուզում էր ահաբեկել իսրայելացիներին գուժաբեր լուրով, այլ որ մտածում էր նրանց մասին և ցանկանում էր փրկել նրանց։

5, 6. Ինչի՞ց է երևում, որ Եհովան արդար է։

5 Մենք կարող ենք ավելի լավ ճանաչել Եհովային՝ խորհելով այն մասին, թե նա ինչու էր Եզեկիելին ժամապահ նշանակել։ Քննենք, թե Եհովան ինչ երկու հատկություններից մղված էր դա արել։

6 Արդարություն։ Եհովայի արդարությունը երևում է այն բանից, որ նա, առանց կողմնապահության, մեզանից յուրաքանչյուրին դիտում է որպես անհատականություն։ Օրինակ՝ չնայած այն բանին, որ իսրայելացիների մեծ մասը չընդունեց Եզեկիելի հայտնած լուրը, Եհովան բոլոր իսրայելացիներին չհամարեց ըմբոստ։ Նա ողջ ազգի մեջ տեսնում էր առանձին մարդկանց և նկատում, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է արձագանքում իր լսած լուրին։ Խոսելով իսրայելացիների մասին՝ Եհովան բազմիցս օգտագործել է «մեղսագործ» և «արդար» բառերը եզակի թվով։ Սա ցույց է տալիս, որ Եհովան դատում է՝ հիմնվելով այն բանի վրա, թե յուրաքանչյուր ոք ինչպես է արձագանքում նախազգուշական լուրին (Եզեկ. 33։8, 18-20

7. Եհովան ինչի՞ հիման վրա է դատում մարդկանց։

7 Եհովայի արդարությունը նաև երևում է այն բանից, թե նա ինչպես է դատում մարդկանց։ Յուրաքանչյուրը պատասխանատվության է կանչվում ոչ թե այն բանի համար, թե անցյալում ինչ է արել, այլ թե հիմա ինչպես է արձագանքում իրեն տրված նախազգուշացմանը։ Եհովան Եզեկիելին հետևյալն ասաց. «Եթե մեղսագործին ասեմ՝ «Դու անպատճառ մեռնելու ես», բայց նա դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար.... նա անպատճառ կապրի»։ Ապա Եհովան այս ազդեցիկ միտքը նշեց. «Նրա գործած և ոչ մի մեղքի համար հաշիվ չեմ պահանջի» (Եզեկ. 33։14-16)։ Միևնույն ժամանակ, սակայն, պետք է հիշել, որ մարդու երբեմնի արդար ապրելակերպը չի կարող արդարացնել նրա ներկայիս ըմբոստ վարքը։ Եհովան ասել է, որ եթե մարդ, «հույսը դնելով իր արդարության վրա, անի այն, ինչը սխալ է, ապա նրա արդար գործերից և ոչ մեկը [Նա] չի հիշի, և նա իր չարագործության պատճառով կմեռնի» (Եզեկ. 33։13

8. Մարգարեական նախազգուշացումներից ի՞նչ ենք իմանում Եհովայի արդարության մասին։

8 Եհովայի արդարության մասին վկայում է նաև այն, որ նա նախապես զգուշացնում է, թե ինչ է անելու։ Եզեկիելն իր ծառայությունը սկսել է բաբելոնացիների՝ Երուսաղեմը կործանելուց մոտ վեց տարի առաջ։ Բայց նա առաջինը չէր, ով նախազգուշացնում էր Աստծու ժողովրդին, որ վերջինս պատասխանատվության է կանչվելու։ Երուսաղեմի կործանումից ավելի քան մեկ դար առաջ Եհովան իր մարգարեներ Օսեեին, Եսայիային, Միքիային, Օդեդին և Երեմիային նշանակել էր, որ ժամապահի դեր կատարեին։ Երեմիայի միջոցով նա հետևյալ հիշեցումը արեց իսրայելացիներին. «Ես ժամապահներ նշանակեցի, որոնք ասում էին. «Ուշադրություն դարձրեք եղջերափողի ձայնին»» (Երեմ. 6։17)։ Ուստի երբ բաբելոնացիները իրագործեցին Եհովայի դատավճիռը, ոչ ոք նրան կամ նրա մարգարեներին չէր կարող մեղադրել այն բանի համար, որ շատ իսրայելացիներ կորցրին իրենց կյանքը։

9. Եհովան ինչպե՞ս է հավատարիմ սեր դրսևորել։

9 Սեր։ Եհովայի հավատարիմ սերը երևում էր այն բանից, որ նա իր ժամապահներին ուղարկում էր ոչ միայն արդարներին նախազգուշացում տալու համար, այլև մեղսագործներին՝ նրանց, ովքեր ցավ պատճառեցին նրան և բիծ բերեցին նրա անվանը։ Իսրայելացիները, լինելով Եհովայի ժողովուրդը, շատ անգամներ երես թեքեցին նրանից և սկսեցին պաշտել կեղծ աստվածների. ինչպիսի՜ խայտառակություն։ Եհովան իր ժողովրդին համեմատեց դավաճան կնոջ հետ ու այդպիսով ցույց տվեց, թե նրա անհավատարմությունը որքան խոր ցավ է պատճառել իրեն (Եզեկ. 16։32)։ Այնուամենայնիվ, Եհովան չշտապեց երես թեքել իր ժողովրդից։ Նա ցանկանում էր հաշտվել, ոչ թե վրեժ առնել։ Դատաստանի սուրը նա պահում է որպես ծայրահեղ տարբերակ, ոչ թե իսկույն գործի դրվող միջոց։ Ինչո՞ւ։ Աստված Եզեկիելին ասաց. «Ինձ համար հաճելի չէ մեղսագործի մահը։ Ես ուզում եմ, որ մեղսագործը հետ դառնա իր բռնած ուղուց և ապրի» (Եզեկ. 33։11)։ Ահա թե ինչպիսի զգացումներ ուներ Եհովան այն ժամանակ։ Նա չի փոխվել և նույն զգացումներն ունի այսօր (Մաղ. 3։6

10, 11. Ի՞նչ ենք սովորում իսրայելացիների նկատմամբ Եհովայի վերաբերմունքից։

10 Ի՞նչ կարող ենք սովորել իսրայելացիների նկատմամբ Եհովայի դրսևորած արդար և սիրառատ վերաբերմունքից։ Առաջին բանը, որ սովորում ենք, սա է. մարդկանց, ում քարոզում ենք, չպետք է դիտենք որպես անդեմ ամբոխի, այլ պետք է դիտենք որպես անհատականությունների։ Որքա՜ն սխալ կլինի մարդկանց դատել ու մտածել, թե նրանք արժանի չեն լսելու բարի լուրը զուտ իրենց անցյալի, ազգային և էթնիկական պատկանելիության, լեզվի կամ տնտեսական կարգավիճակի պատճառով։ Եհովան Պետրոս առաքյալին մի կարևոր ճշմարտություն սովորեցրեց, որն արդիական է նաև մեր օրերում. «Աստված կողմնակալ չէ, և ցանկացած ազգի պատկանող մարդ, ով վախենում է նրանից ու ճիշտն է անում, հաճելի է նրան» (Գործ. 10։34, 35

Մարդկանց Եհովայի աչքերո՞վ ես նայում (տես պարբերություն 10)

11 Երկրորդ կարևոր բանը, որ սովորում ենք, հետևյալն է. մենք պետք է ուշադրություն դարձնենք ինքներս մեզ։ Մեր արած արդար գործերը չեն արդարացնում ներկայիս սխալները։ Չպետք է մոռանանք, որ մենք ունենք նույն մեղավոր հակումները, ինչ նրանք, ում քարոզում ենք։ Կորնթացիների ժողովին Պողոս առաքյալի տված խորհուրդը հավասարապես մեզ էլ է վերաբերում. «Ուստի ով կարծում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ Ձեզ հանդիպող փորձությունները այնպիսի փորձություններ են, որոնց ուրիշ մարդիկ էլ են բախվում» (1 Կորնթ. 10։12, 13)։ Երբեք չենք ուզենա լինել մեկը, ով «հույսը դնում է իր արդարության վրա»՝ մտածելով, որ եթե լավ գործեր է անում, կարող է մեղք գործել ու անպատիժ մնալ (Եզեկ. 33։13)։ Անկախ նրանից, թե որքան երկար ենք ծառայում Եհովային, անչափ կարևոր է խոնարհ ու հնազանդ լինել։

12. Ի՞նչ պետք է հիշենք, եթե անցյալում լուրջ մեղքեր ենք գործել։

12 Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե անցյալում գործած լուրջ մեղքերի մասին մտքերը հանգիստ չեն թողնում մեզ։ «Եզեկիել» գրքից իմանում ենք, որ Եհովան պատժում է չզղջացող մեղավորներին։ Սակայն նաև իմանում ենք, որ Եհովան նախևառաջ սիրո Աստված է, ոչ թե վրիժառության (1 Հովհ. 4։8)։ Եթե մեր գործերով փաստում ենք, որ զղջում ենք, չպետք է կարծենք, թե մեր մեղքերի պատճառով արժանի չենք Աստծու գթասրտությանը (Հակ. 5։14, 15)։ Եհովան պատրաստ էր ներելու իսրայելացիներին, որոնք հոգևոր առումով դավաճանել էին նրան, և նա պատրաստ է ներել նաև մեզ (Սաղ. 86։5

«Խոսիր քո ազգակիցների հետ»

13, 14. ա) Ի՞նչ լուր էին ժամապահները ազդարարում։ բ) Եսայիան ի՞նչ լուր հայտնեց։

13 Կարդա Եզեկիել 33։2, 3։ Ի՞նչ լուր էին ազդարարում Եհովայի նշանակած ժամապահները. գլխավորապես նախազգուշական լուր։ Սակայն նրանք նաև բարի լուր էին հայտնում։ Ահա մի քանի օրինակ։

14 Եսայիան, որը ծառայել է որպես մարգարե մ.թ.ա. մոտ 778-732 թթ.-ին, նախազգուշացնում էր, որ բաբելոնացիները գրավելու են Երուսաղեմը և բնակիչներին գերեվարելու են (Ես. 39։5-7)։ Բայց Աստված նրան ներշնչեց գրել նաև հետևյալ խոսքերը. «Լսի՛ր, քո ժամապահները բղավում են, նրանք միաձայն ուրախ բացականչում են, քանի որ հստակ տեսնում են, թե ինչպես է Եհովան վերադարձնում Սիոնի բնակիչներին» (Ես. 52։8)։ Այո՛, Եսայիան ամենասքանչելի ավետիսը հայտնեց. մաքուր երկրպագությունը վերականգնվելու էր։

15. Երեմիան ի՞նչ լուր է հռչակել։

15 Երեմիան որպես մարգարե է ծառայել մ.թ.ա. 647-580 թթ.-ին։ Նրան հաճախ անարդարացիորեն պիտակավորում են՝ կոչելով «գուժաբեր մարգարե»։ Ինչ խոսք, նա շատ ջանք է ներդրել, որ անհավատարիմ իսրայելացիներին զգուշացնի այն աղետների մասին, որոնք Եհովան բերելու էր նրանց վրա։ a Սակայն նա նաև բարի լուր է հայտնել այն մասին, որ Աստծու ժողովուրդը հայրենիք է վերադառնալու, և մաքուր երկրպագությունը այնտեղ վերականգնվելու է (Երեմ. 29։10-14; 33։10, 11

16. Եզեկիելի հայտնած լուրը ի՞նչ օգուտ տվեց Բաբելոնում գտնվող գերիներին։

16 Եզեկիելը ժամապահ նշանակվեց մ.թ.ա. 613 թ.-ին և կատարեց այդ գործը առնվազն մինչև մ.թ.ա. 591 թ.։ Ինչպես խոսվում է այս գրքի 5-րդ և 6-րդ գլուխներում, Եզեկիելը իսրայելացիներին նախանձախնդրորեն զգուշացնում էր նրանց մոտալուտ պատժի մասին։ Ուստի երբ հետագայում մարդիկ մահանային, նա արյունապարտ չէր լինի։ Սակայն նա ոչ միայն նախազգուշացնում էր Բաբելոնում գտնվող գերիներին, որ Եհովան պատժելու է Երուսաղեմում գտնվող հավատուրացներին, այլ նաև օգնում էր նրանց հոգևորապես ամուր մնալ և պատրաստ լինել ապագա գործին։ Իր ժողովրդի 70-ամյա գերությունից հետո Եհովան հայրենիք էր վերադարձնելու նրան և բնակեցնելու էր վերականգնված Իսրայելում (Եզեկ. 36։7-11)։ Այս ժողովրդի մեծամասնությունը Եզեկիելի խոսքերին ականջ դրած մարդկանց երեխաներն ու թոռներն էին։ Ինչպես կտեսնենք մաս 3-ի մյուս գլուխներում, Եզեկիելը Աստծու ժողովրդին հուսադրող շատ խոսքեր է ասել՝ վստահեցնելով, որ մաքուր երկրպագությունը վերականգնվելու է Երուսաղեմում։

17. Եհովան ե՞րբ էր ժամապահներ նշանակում։

17 Երուսաղեմի՝ մ.թ.ա. 607 թ. կործանումից առաջ և դրա ընթացքում ծառայած մարգարեներից բացի՝ եղե՞լ են ուրիշներ, ում Եհովան պատվիրել է ժամապահի դեր կատարել։ Իհա՛րկե։ Իր կամքի իրականացման յուրաքանչյուր նշանակալից փուլում Եհովան ժամապահներ էր նշանակում, որ նրանք թե՛ նախազգուշացնեին գալիք դատաստանի մասին, թե՛ բարի լուր հայտնեին։

Ժամապահներ՝ առաջին դարում

18. Ի՞նչ դեր է կատարել Հովհաննես Մկրտիչը։

18 Առաջին դարում ժամապահի դեր էր կատարում Հովհաննես Մկրտիչը։ Նա նախազգուշացնում էր Իսրայելի ժողովրդին, որ շուտով Աստված մերժելու է նրան (Մատթ. 3։1, 2, 9-11)։ Բայց նա ավելին էր անում. Հիսուսն ասաց, որ Հովհաննեսը այն «պատգամաբերն» է, ում մասին նախապես ասվել էր։ Նա ճանապարհ հարթեց Մեսիայի համար (Մաղ. 3։1; Մատթ. 11։7-10)։ Իր առաքելությունն էր նաև բարի լուր հայտնել այն մասին, որ «Աստծու Գառը»՝ Հիսուսը, աշխարհ է եկել և վերացնելու է «աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29, 30

19, 20. Հիսուսն ու իր աշակերտները ինչպե՞ս են գործել որպես ժամապահներ։

19 Բոլոր ժամապահներից մեծագույնը Հիսուսն էր։ Եհովան նրան ուղարկել էր «Իսրայելի ժողովրդի» մոտ, ինչպես որ Եզեկիելին (Եզեկ. 3։17; Մատթ. 15։24)։ Հիսուսը նախազգուշացնում էր, որ Աստված շուտով մերժելու է Իսրայելին, և Երուսաղեմը ավերվելու է (Մատթ. 23։37, 38; 24։1, 2; Ղուկ. 21։20-24)։ Սակայն նրա առաջնային գործը բարի լուր հռչակելն էր (Ղուկ. 4։17-21

20 Երբ Հիսուսը երկրի վրա էր, պատվիրեց իր աշակերտներին. «Զգո՛ն եղեք» (Մատթ. 24։42)։ Նրանք, հնազանդվելով նրա պատվերին, ժամապահների պես նախազգուշացնում էին, որ Եհովան մերժել է Իսրայելի ազգին և Երուսաղեմ քաղաքը (Հռոմ. 9։6-8; Գաղ. 4։25, 26)։ Նրանցից առաջ ապրած ժամապահների պես՝ նրանք նաև բարի լուր էին հաղորդում, այդ թվում՝ այն նշանակալից լուրը, որ այլազգիները կարող են Աստծու հոգևոր Իսրայելի մաս կազմել, և որ նրանց էլ պատիվ կընձեռվի երկրի վրա մաքուր երկրպագության վերականգնման գործում աջակցել Քրիստոսին (Գործ. 15։14; Գաղ. 6։15, 16; Հայտն. 5։9, 10

21. Ի՞նչ առումով է Պողոսը լավ օրինակ մեզ համար։

21 Առաջին դարում ապրած ժամապահներից էր Պողոս առաքյալը, որը մեզ համար հիանալի օրինակ է։ Նա շատ լուրջ էր վերաբերվում իր հանձնարարությանը։ Եզեկիելի պես՝ նա գիտեր, որ այն չկատարելու դեպքում արյունապարտ կլինի (Գործ. 20։26, 27)։ Հետևելով իրենից առաջ եղած ժամապահների օրինակին՝ Պողոսը ոչ միայն նախազգուշական լուր էր հայտնում, այլ նաև բարի լուր (Գործ. 15։35; Հռոմ. 1։1-4)։ Սուրբ ոգու ներգործությամբ նա մեջբերեց Եսայիայի արձանագրած մարգարեական խոսքերը. «Որքա՜ն հաճելի է տեսնել նրան, ով լեռների վրայով գալիս է ու բարի լուր բերում»։ Առաքյալն ակնարկեց, որ այս խոսքերը վերաբերում են Աստծու թագավորության մասին լուրի քարոզչությանը, որն անում են Քրիստոսի հետևորդները (Ես. 52։7, 8; Հռոմ. 10։13-15

22. Ի՞նչ եղավ առաքյալների մահից հետո։

22 Առաքյալների մահից հետո քրիստոնեական ժողով ներխուժեց հավատուրացությունը, ինչի մասին նախապես ասվել էր (Գործ. 20։29, 30; 2 Թեսաղ. 2։3-8)։ Կեղծ՝ որոմանման քրիստոնյաները երկար ժամանակ թվով գերազանցում էին հավատարիմ՝ ցորենանման քրիստոնյաներին, ինչի հետևանքով սուտ ուսմունքների գորշ ամպերը ծածկեցին Աստծու թագավորության մասին ջինջ ու պարզ ճշմարտությունը (Մատթ. 13։36-43)։ Սակայն եկավ ժամանակը, ու Եհովան նորից դրսևորեց իր սերն ու արդարությունը. նա միջամտեց ու ցրեց այդ գորշ ամպերը՝ ժամապահներ նշանակելով, որ հստակ նախազգուշացնեն իր դատավճիռների մասին և բարի լուր հռչակեն։ Ովքե՞ր էին այդ ժամապահները։

Եհովան կրկին ժամապահներ է նշանակում

23. Ի՞նչ դեր ստանձնեցին Ռասելն ու նրա համագործակիցները։

23 1914 թ.-ին նախորդող տարիներին Չարլզ Ռասելը և նրա համագործակիցները ստանձնեցին «պատգամաբերի» դերը, որը պետք է «ճանապարհ հարթեր» նախքան Մեսիական թագավորության հաստատվելը b (Մաղ. 3։1)։ Մարդկանց այդ խումբը կատարեց նաև ժամապահի գործը՝ «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» պարբերագրի միջոցով հայտնելով Աստծու դատաստանները և նրա Թագավորության մասին բարի լուրը։

24. ա) Ինչի՞ց է երևում, որ հավատարիմ ծառան ժամապահի դեր է կատարում։ բ) Ի՞նչ ես սովորում անցյալում ապրած ժամապահների օրինակից (տես «Ժամապահներ, որոնք լավ օրինակ են մեզ համար» շրջանակը)։

24 Թագավորության հաստատումից հետո Հիսուսը տղամարդկանց մի փոքր խմբի «հավատարիմ ծառա» նշանակեց (Մատթ. 24։45-47)։ Սկսած այդ ժամանակվանից՝ հավատարիմ ծառան՝ Կառավարիչ մարմինը, ժամապահի դեր է կատարում։ Նրա առաջնորդությամբ Աստծու ծառաները մարդկանց ոչ միայն նախազգուշացնում են «վրեժխնդրության օրվա» մասին, այլև հռչակում են «Եհովայի բարեհաճության տարին» (Ես. 61։2; տես նաև 2 Կորնթացիներ 6։1, 2

25, 26. ա) Ի՞նչ գործ պետք է անեն Քրիստոսի բոլոր հետևորդները։ բ) Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ գլխում։

25 Չնայած որ ժամապահի դերը կատարում է հավատարիմ ծառան, Հիսուսը իր բոլոր հետևորդներին է պատվիրում «արթուն լինել» (Մարկ. 13։33-37)։ Մենք հնազանդվում ենք այդ պատվերին՝ հավատարմորեն աջակցելով մերօրյա ժամապահին ու մասնակցելով քարոզչական գործին (2 Տիմոթ. 4։2)։ Իսկ ի՞նչն է մղում մեզ այդպես վարվել։ Մասամբ այն, որ ուզում ենք՝ մարդիկ փրկվեն (1 Տիմոթ. 4։16)։ Շուտով անթիվ-անհամար մարդիկ կկործանվեն, քանի որ արհամարհում են մերօրյա ժամապահի նախազգուշացումները (Եզեկ. 3։19)։ Առաջին հերթին, սակայն, մեր շարժառիթը մարդկանց լավագույն լուրը հայտնելն է, այն է՝ մաքուր երկրպագությունը վերականգնված է։ Հիմա՝ «Եհովայի բարեհաճության տարվա» ընթացքում, մարդիկ հնարավորություն ունեն միանալու մեզ և երկրպագելու մեր արդար ու սիրառատ Աստծուն՝ Եհովային։ Շուտով բոլոր նրանք, ովքեր կփրկվեն այս չար աշխարհի կործանումից, իրենց աչքերով կտեսնեն նրա գթառատ Որդու՝ Հիսուս Քրիստոսի իշխանության բերած օրհնությունները։ Այս ամենն իմանալուց հետո ինչպե՞ս կարող ենք թիկունք չկանգնել մերօրյա ժամապահին և չհայտնել այս ավետիսը (Մատթ. 24։14

Մենք ուրախությամբ աջակցում ենք մերօրյա ժամապահին՝ մասնակցելով բարի լուրի քարոզչությանը (տես պարբերություն 25)

26 Անգամ հիմա, երբ այս չար աշխարհը դեռ գոյություն ունի, Եհովան հրաշքով միավորել է իր ժողովրդին։ Հաջորդ գլխում ուսումնասիրվում է երկու փայտերի մասին մարգարեությունը, որն օգնում է հասկանալու, թե ինչպես է այդ հրաշքը կատարվել։

a «Երեմիա» գրքում «աղետ» բառը հանդիպում է ավելի քան 70 անգամ։