Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

«Դուք կկենդանանաք»

«Դուք կկենդանանաք»

ԵԶԵԿԻԵԼ 37։5

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. «չորացած ոսկորների» մասին տեսիլքը և դրա ավելի մեծ կատարումը

1-3. Ինչո՞ւ է Բաբելոնում գտնվող հրեաների տրամադրությունը կտրուկ փոխվում (տես առաջին նկարը)։

 ԲԱԲԵԼՈՆՈՒՄ գտնվող հրեաների տրամադրությունը կտրուկ փոխվում է։ Ինչո՞ւ։ Մոտ հինգ տարի շարունակ Եզեկիելն ասում էր, որ նրանց հույսերն անհիմն են։ Նա բազմաթիվ բեմականացումներ ցույց տվեց, առակներ պատմեց և դատաստանական խոսքեր հայտնեց, բայց ապարդյուն. գերեվարված հրեաները չէին ուզում հավատալ, որ Եհովան թույլ կտա Երուսաղեմի կործանումը։ Անգամ երբ նրանք իմացան, որ բաբելոնական զորքը պաշարել է քաղաքը, միևնույն է, վստահ էին, որ բնակիչներին ոչինչ չի պատահի։

2 Բայց հիմա՝ պաշարումից երկու տարի անց, Երուսաղեմից Բաբելոն է գալիս մեկը, ով փրկվել է, և հետևյալ լուրն է հայտնում. «Քաղաքը գրավել են»։ Այս լուրը կոտրում է գերիների սիրտը։ Նրանք չեն կարողանում ընդունել այն դառը իրականությունը, որ կորցրել են իրենց սիրելի քաղաքը, սուրբ տաճարն ու հարազատ հողը։ Նրանց երկար փայփայած հույսերը հօդս են ցնդում (Եզեկ. 21։7; 33։21

3 Սակայն այս հուսահատ պահին Եզեկիելը մի հուսադրող տեսիլք է տեսնում։ Այդ զորեղ տեսիլքը ի՞նչ նշանակություն ունի թևաթափ եղած գերիների համար։ Այն ի՞նչ առնչություն ունի Աստծու ժողովրդի հետ այսօր, և ինչո՞վ է արժեքավոր մեզնից յուրաքանչյուրի համար։ Որպեսզի պարզենք սա, եկեք տեսնենք, թե Եհովան ինչ ցույց տվեց Եզեկիելին։

«Մարգարեացիր այս ոսկորների մասին» և «ասա քամուն»

4. Տեսիլքում ի՞նչն է գրավում Եզեկիելի ուշադրությունը։

4 Կարդա Եզեկիել 37։1-10։ Տեսիլքում Եզեկիելը հայտնվեց ոսկորներով լի հովտում։ Տեսիլքը մարգարեի համար ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով Եհովան նրան պատվիրեց, որ անցնի այդ ողջ տարածքով մեկ սփռված ոսկորների միջով։ Հովտով քայլելիս Եզեկիելի ուշադրությունը հատկապես երկու բան գրավեց՝ ոսկորների քանակը և դրանց վիճակը։ Նա նկատեց, որ «հովիտը լեփ-լեցուն է ոսկորներով», և որ «դրանք շատ չորացած են»։

5. Եհովան ի՞նչ երկու հրահանգ տվեց Եզեկիելին, և ի՞նչ տեղի ունեցավ, երբ նա կատարեց դրանք։

5 Ապա Եհովան Եզեկիելին երկու հրահանգ տվեց, որոնք կյանքի էին կոչելու չորացած ոսկորները։ Սկզբում Եզեկիելը պետք է «մարգարեանար ոսկորների մասին» և ասեր, որ դրանք «կկենդանանան» (Եզեկ. 37։4-6)։ Մինչ նա մարգարեանում էր, «մի ձայն լսվեց՝ մի դղրդոց, և ոսկորները սկսեցին մոտենալ իրար», ապա «դրանք ջլերով ու մսով պատվեցին և մաշկով ծածկվեցին» (Եզեկ. 37։7, 8)։ Դրանից հետո Եզեկիելը պետք է «մարգարեանար և ասեր քամուն», որ այն «փչի.... [մարմինների] վրա»։ Մինչ նա մարգարեանում էր, «նրանց մեջ շունչ մտավ, նրանք կենդանացան ու ոտքի կանգնեցին։ Դա հսկայական զորք էր» (Եզեկ. 37։9, 10

«Մեր ոսկորները չորացել են, ու մեր հույսը կորել է»

6. Եհովայի ո՞ր խոսքերը օգնեցին Եզեկիելին հասկանալու տեսիլքի նշանակությունը։

6 Եհովան բացատրեց Եզեկիելին տեսիլքի նշանակությունը՝ ասելով. «Այս ոսկորները ողջ Իսրայելն են»։ Եվ իսկապես, երբ գերիները իմացան Երուսաղեմի կործանման մասին, նրանք իրենց զգացին այնպես, ասես մահացել են։ Նրանք դառնացած ողբում էին. «Մեր ոսկորները չորացել են, ու մեր հույսը կորել է։ Մենք ամեն ինչից կտրվել ենք» (Եզեկ. 37։11; Երեմ. 34։20)։ Ի պատասխան իսրայելացիների վշտալից խոսքերին՝ Եհովան բացատրեց, որ այդ մռայլ թվացող տեսիլքը իրականում հուսադրող էր։

7. Համաձայն Եզեկիել 37։12-14 համարների՝ Եհովան ի՞նչ խոստացավ գերության մեջ գտնվող իր ժողովրդին և ի՞նչ հավաստիացում տվեց նրան։

7 Կարդա Եզեկիել 37։12-14։ Այս տեսիլքի միջոցով Եհովան վստահեցրեց գերիներին, որ կկենդանացնի նրանց, կվերադարձնի իրենց հայրենիք և կբնակեցնի այնտեղ։ Ավելին՝ Եհովան նրանց կրկին կոչեց «իմ ժողովուրդ»։ Այդ խոսքերը իսկական դարման էին հուսահատ գերիների վերքերին։ Նրանք ինչո՞ւ կարող էին վստահ լինել, որ այդ խոստումը իրականություն է դառնալու։ Որովհետև Եհովան էր խոստացողը։ Նա հայտնել էր. «Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»։

8. ա) Ի՞նչ առումով էր «ողջ Իսրայելը» մեռած վիճակում։ բ) Ըստ Եզեկիել 37։9 համարի՝ ո՞րն էր Իսրայելի՝ հոգևորապես մահացած լինելու պատճառը (տես ծանոթագրությունը)։

8 Հին Իսրայելի ազգը ի՞նչ առումով էր նման տեսիլքի չորացած ոսկորներին։ Իսրայելը փոխաբերական առումով գրեթե վախճանվել էր՝ խզել էր Եհովայի հետ ունեցած հարաբերությունները դեռ մ. թ. ա. 740 թ.-ին, երբ տասցեղ թագավորությունն ընկել էր, և դրա բնակիչները գերեվարվել էին։ Մոտ 130 տարի անց, երբ Հուդայի ժողովուրդը նույնպես գերեվարվեց, «ողջ Իսրայելը» հայտնվեց գերության մեջ (Եզեկ. 37։11)։ Ուստի կարելի է ասել, որ բոլոր գերիները այլաբանորեն մեռած էին, ասես Եզեկիելի տեսիլքի ոսկորները լինեին։ a Հիշենք, որ Եզեկիելի տեսած ոսկորները «շատ չորացած էին»։ Դա մատնանշում էր, որ Իսրայելը երկար ժամանակ էր, ինչ «մեռած» էր։ Եվ իսկապես, Իսրայելը և Հուդան ընդհանուր հաշվով ավելի քան 200 տարի (մ. թ. ա. 740-537 թթ.) «մեռած» էին (Երեմ. 50։33

9. «Աստծու Իսրայելի» իրավիճակը ինչո՞վ էր նման հին Իսրայելի ժողովրդի իրավիճակին։

9 Իսրայելի վերականգնման մասին մարգարեությունները, այդ թվում՝ Եզեկիելի հայտնած մարգարեությունները, ավելի մեծ կատարում ունեն (Գործ. 3։21)։ Ինչպես որ հին Իսրայելի ժողովուրդը «սպանվեց» և երկար ժամանակ այլաբանորեն մեռած մնաց, այնպես էլ «Աստծու Իսրայելը»՝ օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովը, փոխաբերական իմաստով սպանվեց և երկար ժամանակ մնաց մահանման գերության մեջ՝ անգործունյա վիճակում (Գաղ. 6։16)։ Իրականում օծյալ քրիստոնյաները գերության մեջ այնքան երկար մնացին, որ հոգևոր առումով նմանվեցին «շատ չորացած» ոսկորների (Եզեկ. 37։2)։ Նախորդ գլխից իմացանք, որ օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովի դարավոր գերությունը սկսվել էր մ. թ. երկրորդ դարում, ինչպես և Հիսուսը մարգարեաբար ասել էր ցորենի ու որոմների մասին առակում (Մատթ. 13։24-30

Տեսիլքում Եզեկիելի տեսած «շատ չորացած» ոսկորները խորհրդանշում էին Եհովայի օծյալների երկարատև մահակերպ գերությունը (տես պարբերություններ 8, 9)

«Ոսկորները սկսեցին մոտենալ իրար»

10. ա) Աստծու ժողովրդի մասին ի՞նչ էր մարգարեացվել Եզեկիել 37։7, 8 համարներում։ բ) Ի՞նչն էր ամրապնդում աստվածավախ գերիների՝ հայրենիք վերադառնալու հույսը։

10 Եհովան նախապես ասել էր, որ իր ժողովուրդը հետզհետե կկենդանանա (Եզեկ. 37։7, 8)։ Ի՞նչն էր ամրապնդում աստվածավախ գերիների՝ հայրենիք վերադառնալու հույսը։ Ակներևաբար, նրանց մեծ հույս էին տալիս իրենցից առաջ ապրած մարգարեների խոսքերը։ Օրինակ՝ Եսայիան մարգարեացել էր, որ փոքր թվով հրեաներ՝ մի «սուրբ սերունդ», կվերադառնա հայրենիք (Ես. 6։13; Հոբ 14։7-9)։ Այդ հույսը վառ էին պահում նաև վերականգնման վերաբերյալ Եզեկիելի արձանագրած խոսքերը և այն, որ Բաբելոնում իրենց կողքին էին այնպիսի հավատարիմ մարդիկ, ինչպիսին Դանիել մարգարեն էր։ Եվ ինչ խոսք, հայրենիք վերադառնալու հույսը ավելի քան երբևէ ամրացավ, երբ մ. թ. ա. 539 թ.-ին Բաբելոն քաղաքը անսպասելիորեն ընկավ։

11, 12. ա) Ինչպե՞ս «Աստծու Իսրայելը» աստիճանաբար կենդանացավ (տես նաև «Մաքուր երկրպագությունը աստիճանաբար վերականգնվում է» շրջանակը)։ բ) Ի՞նչ հարցեր են առաջանում Եզեկիել 37։10 համարի առնչությամբ։

11 Նման մի բան պատահեց նաև «Աստծու Իսրայելի»՝ օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովի հետ։ Նրանց՝ մահակերպ գերության մեջ հայտնվելուց դարեր անց «մի ձայն լսվեց՝ մի դղրդոց». աստիճանաբար ի հայտ եկան աստվածավախ մարդիկ, ովքեր թիկունք կանգնեցին մաքուր երկրպագությանը։ Օրինակ՝ 16-րդ դարում Վիլյամ Թինդալը Աստվածաշունչը թարգմանեց անգլերեն։ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն շատ բարկացրեց այն միտքը, որ հասարակ մարդիկ կարող են ընթերցել Աստծու Խոսքը։ Թինդալը սպանվեց։ Չնայած դրան՝ այլ քաջ մարդիկ շարունակեցին այդ գործը՝ Աստվածաշունչը թարգմանելով ուրիշ լեզուներով։ Թանձր խավարում սկսեցին առկայծել հոգևոր լույսի շողերը։

12 Հետագայում, երբ Չարլզ Ռասելը և նրա համագործակիցները սկսեցին փութաջանորեն բացահայտել աստվածաշնչյան ճշմարտությունները, ոսկորներն ասես «ջլերով ու մսով պատվեցին»։ «Սիոնի Դիտարանի» և այլ հրատարակությունների օգնությամբ ազնվասիրտ մարդիկ իմացան աստվածաշնչյան ճշմարտությունները և միացան Աստծու օծյալ ծառաներին։ Վաղ 1900-ականներին «Արարչության լուսադրամայի», «Գաղտնիքը բացահայտված է» գրքի և այլ ուսումնական գործիքների լույսընծայումը նպաստեց, որ Աստծու օծյալ ծառաների գործունեությունը մեծ թափ առնի։ Շատ չանցած՝ եկավ ժամանակը, երբ Աստված ոտքի կանգնեցրեց իր ժողովրդին (Եզեկ. 37։10)։ Ե՞րբ և ինչպե՞ս դա եղավ։ Հին Բաբելոնում տեղի ունեցած որոշ իրադարձությունները քննելը կօգնի գտնել այս հարցերի պատասխանները։

«Նրանք կենդանացան ու ոտքի կանգնեցին»

13. ա) Մ. թ. ա. 537 թ.-ից ինչպե՞ս սկսեցին կատարվել Եզեկիել 37։10, 14 համարներում գրված խոսքերը։ բ) Աստվածաշնչյան ո՞ր համարներից ենք իմանում, որ տասցեղ թագավորությունում ապրած հրեաների սերունդներից ոմանք նույնպես վերադարձան Իսրայել։

13 Մ. թ. ա. 537 թ.-ից սկսած՝ Բաբելոնում գտնվող հրեաները ականատես էին լինում տեսիլքի կատարմանը։ Ինչպե՞ս։ Եհովան հրեաներին գերությունից ազատելով և Իսրայել վերադարձնելով՝ նրանց կենդանացրեց և ոտքի կանգնեցրեց։ 42 360 իսրայելացիներ և 7 000 այլազգիներ լքեցին Բաբելոնը, որ գնան Երուսաղեմ, վերակառուցեն քաղաքն ու տաճարը և բնակվեն Իսրայելում (Եզր. 1։1-4; 2։64, 65; Եզեկ. 37։14)։ 70 տարի անց մոտ 1 750 գերիներ Եզրասի հետ նույնպես վերադարձան Երուսաղեմ (Եզր. 8։1-20)։ Այսպիսով՝ ընդհանուր հաշվով ավելի քան 44 000 հրեաներ վերադարձան հայրենիք։ Իսկապես, «դա հսկայական զորք էր» (Եզեկ. 37։10)։ Ավելին՝ Աստծու Խոսքը հայտնում է, որ մի շարք հրեաներ, որոնց նախահայրերը ապրել էին տասցեղ թագավորությունում և մ. թ. ա. 8-րդ դարում գերեվարվել էին ասորեստանցիների կողմից, նույնպես վերադարձան Իսրայել՝ տաճարի վերակառուցման գործին աջակցելու նպատակով (1 Տար. 9։3; Եզր. 6։17; Երեմ. 33։7; Եզեկ. 36։10

14. ա) Ինչպե՞ս է Եզեկիել 37։24 համարն օգնում հասկանալ, թե «չորացած ոսկորների» մասին մարգարեության հիմնական կատարումը երբ պետք է լիներ։ բ) Ի՞նչ տեղի ունեցավ 1919-ին (տես նաև ««Չորացած ոսկորները» և «երկու վկաները». ո՞րն է նրանց միջև եղած կապը» շրջանակը)։

14 Եզեկիելի մարգարեության այս հատվածը ինչպե՞ս կատարվեց ավելի մեծ մասշտաբով։ Եզեկիելին տրված մեկ այլ մարգարեությունից պարզ է դառնում, որ վերականգնման մասին այս մարգարեության հիմնական կատարումը տեղի էր ունենալու Մեծ Դավթի՝ Հիսուս Քրիստոսի՝ Թագավոր դառնալուց որոշ ժամանակ անց b (Եզեկ. 37։24)։ Հիրավի, 1919 թ.-ին Եհովան իր ոգով լցրեց իր ժողովրդին։ Արդյունքում նրանք «կենդանացան» և ազատվեցին Մեծ Բաբելոնի գերությունից (Ես. 66։8)։ Դրանից հետո Եհովան թույլ տվեց նրանց բնակվել իրենց «երկրում»՝ հոգևոր դրախտում։ Իսկ այսօր ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդը «հսկայական զորք» դարձել։

15, 16. ա) Ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդն այսօր դարձել «հսկայական զորք»։ բ) Ինչպե՞ս է Եզեկիելի այս մարգարեությունը օգնում մեզ դիմագրավել դժվարություններին (տես «Ինչը կօգնի ոտքի կանգնել» շրջանակը)։

15 Ինչպես գիտենք, Քրիստոսը հավատարիմ ծառային նշանակեց 1919 թ.-ին։ Շատ չանցած՝ Աստծու ծառաները ականատես եղան Զաքարիա մարգարեի հետևյալ խոսքերի իրականացմանը, որոնք նա ասել էր գերությունից վերադարձած հրեաներին. «Շատ ժողովուրդներից ու հզոր ազգերից մարդիկ կգան Երուսաղեմ, որ ծառայեն.... Եհովային»։ Այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ծառայել Եհովային, մարգարեն կոչեց «բոլոր լեզուներից ու ազգերից տասը մարդ»։ Նրանք ամուր բռնելու էին «հրեայի փեշից» (հոգևոր Իսրայելի փեշից) և ասելու էին. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (Զաք. 8։20-23

16 Այսօր հոգևոր Իսրայելը (երկրի վրա գտնվող օծյալները) և նրանց միացած «տասը մարդը» (ուրիշ ոչխարները) միասին «հսկայական զորք» են կազմում՝ միլիոնանոց բանակ (Եզեկ. 37։10)։ Լինելով Քրիստոսի՝ մեր Թագավորի շարունակ համալրվող զորքի թվում՝ մենք անշեղորեն նրա հետքերով գնում ենք դեպի առաջ՝ դեպի մեզ սպասող օրհնությունները (Սաղ. 37։29; Եզեկ. 37։24; Փիլիպ. 2։25; 1 Թեսաղ. 4։16, 17

17. Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

17 Մաքուր երկրպագության վերականգնումը մեծ պատասխանատվություն բերեց, որը պետք է կրեր Աստծու ժողովուրդը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այս հարցի պատասխանն իմանալու համար հետադարձ հայացք նետենք ու հիշենք, թե Եհովան նախքան Երուսաղեմի կործանումը ինչ հանձնարարություն էր տվել Եզեկիելին։ Այդ մասին կխոսենք հաջորդ գլխում։

a Տեսիլքում Եզեկիելի տեսած ոսկորները բնական մահով մահացած մարդկանց ոսկորներ չէին, այլ «սպանված մարդկանց» ոսկորներ էին (Եզեկ. 37։9)։ «Ողջ Իսրայելը» խորհրդանշական իմաստով սպանվեց, երբ ասորեստանցիները Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչներին, իսկ հետագայում բաբելոնացիները Հուդայի երկցեղ թագավորության բնակիչներին պարտության մատնեցին և գերեվարեցին։

b Մեսիային առնչվող այս մարգարեության մասին խոսվում է այս գրքի 8-րդ գլխում։