Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

«Ես ձեզ մեկ սիրտ կտամ»

«Ես ձեզ մեկ սիրտ կտամ»

ԵԶԵԿԻԵԼ 11։19

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. մաքուր երկրպագության վերականգնման մասին թեման ու դրա զարգացումը Եզեկիելի մարգարեություններում

1-3. Բաբելոնացիներն ինչպե՞ս էին ծաղրում Եհովային երկրպագողներին և ինչո՞ւ էին այդպես վարվում։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ դու հավատարիմ հրեա ես և ապրում ես Բաբելոնում։ Քո ազգը մոտ կես դար է, ինչ գերության մեջ է։ Շաբաթ օր է, և դու, սովորույթի համաձայն, պատրաստվում ես հանդիպել հավատակիցներիդ՝ Եհովային երկրպագելու համար։ Քայլելով բանուկ փողոցներով՝ դու անցնում ես պերճաշուք տաճարների և անհամար սրբատեղիների մոտով։ Մարդիկ մեծ հոսքով գալիս են այդ վայրեր, զոհեր են մատուցում և օրհներգեր են երգում այնպիսի աստվածությունների պատվին, ինչպիսին Մարդուկն է։

2 Ամբոխից հեռու դու հանդիպում ես քո հավատակիցների փոքր խմբին։ a Գտնում ես գողտրիկ մի տեղ, հավանաբար, քաղաքի ջրանցքներից մեկի ափին, որ միասին աղոթեք, սաղմոսներ երգեք և խորհեք Աստծու Խոսքի շուրջ։ Աղոթքի ժամանակ լսում ես ջրանցքի ափեզրին ճոճվող փայտից նավերի մեղմ ճռռոցը։ Շուրջդ խաղաղություն է տիրում, և հոգիդ պարուրել է անդորրը։ Դու հույս ունես, որ տեղի բնակիչներից ոչ ոք չի խանգարի ձեր հանդիպումը, ինչպես որ հաճախ լինում է։ Իսկ ինչո՞ւ են նրանք այդպես վարվում։

3 Բազմամյա պատմության էջերում Բաբելոնը պատերազմներում հաղթողի համբավ ունի, և մարդիկ այդ քաղաքի զորությունը վերագրում են իրենց կեղծ աստվածներին։ Բաբելոնացիները մտածում են, թե Երուսաղեմի կործանումը փաստում է այն, որ իրենց աստված Մարդուկը Եհովայից ուժեղ է։ Այդ պատճառով նրանք ծաղրում են քո Աստծուն և նրա ժողովրդին։ Երբեմն նրանք ծիծաղելով ասում են. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք» (Սաղ. 137։3)։ Բազմաթիվ սաղմոսներ օրհներգում են Սիոնի հաղթանակը Եհովայի թշնամիների նկատմամբ։ Բաբելոնացիներին թերևս դուր է գալիս ծաղրել հատկապես այդ սաղմոսները։ Բայց հետաքրքրական է, որ այլ սաղմոսներում խոսվում է նրանց այդ վերաբերմունքի մասին։ Դրանցից մեկում ասվում է. «Երուսաղեմը ավերակների կույտ են դարձրել.... Մեր շուրջը եղողները մեզ ծաղրուծանակի են ենթարկում» (Սաղ. 79։1, 3, 4

4, 5. Ի՞նչ հույս էր տալիս Եզեկիելի մարգարեությունը գերեվարված հրեաներին, և ի՞նչ ենք քննելու այս գլխում (տես առաջին նկարը)։

4 Որոշ հավատուրաց հրեաներ նույնպես պահը չեն կորցնում Եհովայի ու նրա մարգարեների հանդեպ քո հավատը ծաղրելու համար։ Սակայն անկախ այդ ամենից՝ մաքուր երկրպագությունը մխիթարության աղբյուր է քեզ և քո ընտանիքի համար։ Միասին աղոթելն ու երգելը հաճույք են պատճառում քեզ, իսկ Աստծու Խոսքը կարդալը փաղաքշում է հոգիդ (Սաղ. 94։19; Հռոմ. 15։4)։ Ձեր հավաքույթին հավատակիցներիցդ մեկը մի յուրահատուկ բան է իր հետ բերել՝ Եզեկիելի մարգարեությունները պարունակող գլանաձև գիրք։ Դու բերկրանքով լսում ես Եհովայի խոստումներն այն մասին, որ նա իր ժողովրդին վերադարձնելու է հայրենիք։ Նման մարգարեություններ լսելիս քո սիրտն ասես ճախրում է լուսաշող այն հույսով, որ մի օր ընտանիքիդ հետ վերադառնալու ես հայրենի երկիր և այդ հուզիչ ժամանակներում մասնակցելու ես մաքուր երկրպագության վերականգնման գործին։

5 Եզեկիելի մարգարեական գրքում անընդմեջ խոսվում է մաքուր երկրպագության վերականգնման մասին։ Քննենք այդ հուսադրող խոստումները։ Ինչպե՞ս են դրանք կատարվել գերեվարվածների առնչությամբ։ Նման մարգարեություններն ի՞նչ նշանակություն ունեն այսօր մեզ համար։ Քննենք նաև, թե այդ մարգարեություններից որոշները ինչպես են կատարվելու ապագայում։

«Նրանք կաքսորվեն՝ գերության կտարվեն»

6. Ի՞նչ նախազգուշացում է Աստված բազմիցս տվել իր ըմբոստ ժողովրդին և ինչպե՞ս է դա արել։

6 Եզեկիելի միջոցով Եհովան հստակ հայտնեց իր ժողովրդին, թե ինչպես է նրան պատժելու ըմբոստանալու համար։ «Նրանք կաքսորվեն՝ գերության կտարվեն»,– ասաց Եհովան (Եզեկ. 12։11)։ Ինչպես քննեցինք 6-րդ գլխում, Եզեկիելն անգամ բեմականացրեց այդ դատավճիռը։ Բայց նա առաջինը չէր, որ նախազգուշացնում էր այդ մասին։ Մոտ հազար տարի առաջ՝ դեռևս Մովսեսի ժամանակներում, Եհովան նախազգուշացրել էր իր ժողովրդին, որ եթե նա շարունակի ըմբոստ մնալ, գերության կտարվի (2 Օրենք 28։36, 37)։ Եսայիա և Երեմիա մարգարեներն էլ են նման նախազգուշացումներ արել (Ես. 39։5-7; Երեմ. 20։3-6

7. Ի՞նչ կերպերով Եհովան պատժեց իր ժողովրդին։

7 Ցավոք, այդ նախազգուշացումներին ժողովուրդը մատների արանքով նայեց։ Եհովան մեծ ցավ զգաց իր ժողովրդի ըմբոստության, կռապաշտության, անհավատարմության և ապականված լինելու պատճառով, ինչը վատ հովիվների ազդեցության տակ ընկնելու հետևանք էր։ Ուստի նա թույլ տվեց, որ նրանք սովի մատնվեն։ Այդ աղետն անպատվություն էր՝ հաշվի առնելով այն, որ նրանց երկրում «կաթ ու մեղր» էր հոսել (Եզեկ. 20։6, 7)։ Հետո, ինչպես և վաղուց ասվել էր, Եհովան թույլ տվեց, որ իր կամակոր ժողովուրդը պատժվի՝ գերության տարվելով։ Մ. թ. ա. 607 թ.-ին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը վերջնական հարված հասցրեց Երուսաղեմին՝ ավերելով այն ու քանդելով տաճարը։ Ողջ մնացած հազարավոր հրեաներ գերեվարվեցին Բաբելոն։ Այնտեղ նրանք ծաղրանքի ու հակառակության ենթարկվեցին, ինչի մասին նկարագրված է այս գլխի սկզբում։

8, 9. Աստված ինչպե՞ս է քրիստոնեական ժողովին նախազգուշացրել հավատուրացության մասին։

8 Իսկ քրիստոնեական ժողովին նման բան պատահե՞լ է։ Այո՛։ Վաղեմի ժամանակներում ապրած հրեաների պես՝ Քրիստոսի հետևորդները նախազգուշացում էին ստացել։ Իր վաղ ծառայության ընթացքում Հիսուսն ասել է. «Զգուշացեք կեղծ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ՝ ոչխարի մորթիով քողարկված, բայց իրականում գիշատիչ գայլեր են» (Մատթ. 7։15)։ Տարիներ անց Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ նմանատիպ նախազգուշացում արեց. «Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո կատաղի գայլեր կսողոսկեն ձեր մեջ և չեն խնայի հոտին։ Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն ու կաղավաղեն ճշմարտությունը՝ աշակերտներին իրենց կողմը քաշելու համար» (Գործ. 20։29, 30

9 Քրիստոնյաները սովորել էին զատորոշել այդ վտանգավոր մարդկանց և հեռու մնալ նրանցից։ Քրիստոնյա երեցներին հրահանգ էր տրվել ժողովից հեռացնել հավատուրացներին (1 Տիմոթ. 1։19; 2 Տիմոթ. 2։16-19; 2 Պետ. 2։1-3; 2 Հովհ. 10)։ Այնուամենայնիվ, ինչպես եղավ հին Իսրայելի և Հուդայի բնակիչների պարագայում, շատ քրիստոնյաներ հետզհետե դադարեցին ուշադրություն դարձնել այդ սիրառատ նախազգուշացումներին։ Առաջին դարի վերջում հավատուրացությունն արդեն արմատներ էր գցել ժողովում։ Հովհաննեսը՝ միակ առաքյալը, ով դեռ կենդանի էր առաջին դարի վերջում, ականատես եղավ ժողովի ապականությանն ու փտախտի պես տարածվող ըմբոստությանը։ Նա վերջին առաքյալն էր, ով կարողանում էր զսպել հավատուրացության տարածումը (2 Թեսաղ. 2։6-8; 1 Հովհ. 2։18)։ Ի՞նչ եղավ նրա մահից հետո։

10, 11. Մ. թ. երկրորդ դարից սկսած՝ ինչպե՞ս կատարվեց ցորենի ու որոմների մասին Հիսուսի պատմած առակը։

10 Հովհաննեսի մահից հետո սկսեց կատարվել ցորենի ու որոմների մասին Հիսուսի պատմած առակը (կարդա Մատթեոս 13։24-30)։ Ինչպես և Հիսուսը կանխատեսել էր, Սատանան ժողովում «որոմ»՝ կեղծ քրիստոնյաներ «ցանեց», և հավատուրացությունը արագ տարածվեց։ Որքա՜ն մեծ ցավ թերևս զգաց Եհովան՝ տեսնելով, որ իր Որդու հիմնած ժողովը ապականվել է կռապաշտությամբ, հեթանոսական տոներով ու սովորույթներով և անաստված փիլիսոփաներից ու դիվային կրոններից որդեգրած կեղծ ուսմունքներով։ Ի՞նչ արեց Եհովան։ Նա թույլ տվեց, որ իր ժողովուրդը գերեվարվի, ինչպես որ արել էր անհավատարիմ իսրայելացիների պարագայում։ Երկրորդ դարից սկսած՝ դժվար էր ցորենանման քրիստոնյաներին զատորոշել որոմանման քրիստոնյաներից։ Քրիստոնեական ժողովը, ըստ էության, գերության մեջ էր Մեծ Բաբելոնում՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունում, մինչդեռ կեղծ քրիստոնյաները այդ պիղծ կայսրության մի մասն էին դարձել։ Վերջիններս գնալով ծաղկեցին, ու այդպիսով ի հայտ եկավ «քրիստոնյա աշխարհ» կոչվածը։

11 Քրիստոնյա աշխարհի տիրապետության մռայլ դարերի ընթացքում եղել են անկեղծ քրիստոնյաներ, որոնց Հիսուսը համեմատել է ցորենի հետ։ Եզեկիել 6։9-ում նշված հրեա գերիների նման՝ նրանք հիշում էին ճշմարիտ Աստծուն։ Ոմանք քաջաբար մերժում էին քրիստոնյա աշխարհի կեղծ ուսմունքները։ Նրանց ծաղրում էին և հալածում։ Մի՞թե Եհովան ընդմիշտ կթողներ իր ժողովրդին այդ հոգևոր խավարում։ Երբե՛ք։ Ինչպես որ հին Իսրայելի դեպքում էր, Եհովան իր բարկությունը հարկ եղած չափով արտահայտեց և այնքան ժամանակ, որքան պետք էր (Երեմ. 46։28)։ Ավելին՝ Եհովան իր ժողովրդին հույս տվեց։ Եկեք մտովի նորից տեղափոխվենք հին Բաբելոն և տեսնենք, թե Եհովան ինչպես հուսադրեց հրեաներին՝ հավաստիացնելով, որ նրանք գերությունից ազատվելու են։

Դարեր շարունակ Մեծ Բաբելոնը հալածել է ճշմարիտ քրիստոնյաներին (տես պարբերություններ 10, 11)

«Իմ բարկությունը կդադարի»

12, 13. Եհովան ինչո՞ւ էր ի վերջո դադարելու բարկանալ Եզեկիելի օրերում գերության մեջ գտնվող իր ժողովրդի վրա։

12 Եհովան ուղիղ ասաց, որ բարկացած է իր ժողովրդի վրա, բայց և վստահեցրեց նրան, որ իր Արդարացի ցասումը հավերժ չի տևելու։ Նկատի առնենք նրա ասած հետևյալ խոսքերը. «Այդ ժամանակ իմ բարկությունը կդադարի, իմ ցասումը կհանդարտվի, ու ես բավարարված կլինեմ։ Երբ նրանց վրա իսպառ թափեմ իմ ցասումը, նրանք կիմանան, որ ես՝ Եհովաս, ասել եմ դա, քանի որ բացարձակ նվիրվածություն եմ պահանջում» (Եզեկ. 5։13)։ Ինչո՞ւ էր Եհովան ի վերջո դադարելու բարկանալ։

13 Գերեվարվածների մեջ, բացի անհավատարիմ հրեաներից, կային նաև հավատարիմ հրեաներ։ Բացի այդ՝ Աստված Եզեկիելի միջոցով նախապես ասել էր, որ Իր ժողովրդից ոմանք գերության մեջ զղջալու էին։ Խղճի խայթ զգալով՝ այդ հրեաները պատմելու էին իրենց անամոթ արարքների՝ Աստծու դեմ իրենց ըմբոստության մասին, ու Եհովայից ներում և բարեհաճություն էին աղերսելու (Եզեկ. 6։8-10; 12։16)։ Եզեկիելը, ինչպես նաև Դանիելն ու նրա երեք ընկերները հավատարիմների թվում էին։ Դանիելը իր երկար կյանքի ընթացքում հասցրեց տեսնել գերության սկիզբն ու ավարտը։ Դանիել 9-րդ գլխում արձանագրված է նրա սրտառուչ աղոթքը, որում նա իր զղջումն է արտահայտում Իսրայելի գործած մեղքերի համար։ Անխոս, Դանիելի հույզերում արտացոլված էին նրա հազարավոր գերեվարված հայրենակիցների զգացումները, ովքեր փափագում էին, որ Եհովան ների իրենց ու նորից օրհնի։ Որքա՜ն սփոփիչ էին նրանց համար գերությունից ազատվելու և հայրենիք վերադառնալու մասին Աստծու խոստումները, որոնք նա հայտնել էր Եզեկիելի միջոցով։

14. Ինչո՞ւ էր Եհովան իր ժողովրդին վերադարձնելու հայրենի երկիր։

14 Սակայն մեկ այլ՝ ավելի կարևոր պատճառ կար, որ Եհովան գերությունից ազատելու էր իր ժողովրդին և հայրենիք էր վերադարձնելու։ Նրանց երկարատև գերությունը ավարտվելու էր ոչ թե այն բանի համար, որ նրանք արժանի էին դրան, այլ քանի որ գալու էր ժամանակը, որ Եհովան նորից սրբացներ իր անունը բոլոր ազգերի առաջ (Եզեկ. 36։22)։ Բաբելոնացիները մեկընդմիշտ հասկանալու էին, որ իրենց դիվային աստվածները, ինչպիսին Մարդուկն էր, ոչինչ են՝ Գերիշխան Տեր Եհովայի հետ համեմատած։ Այժմ քննենք հինգ խոստումներ, որոնք Եզեկիելը Եհովայի ներշնչմամբ հայտնել է գերության մեջ գտնվող իր հայրենակիցներին։ Նախ հասկանանք, թե յուրաքանչյուր խոստում ինչ էր նշանակում այդ հավատարիմ հրեաների համար։ Ապա տեսնենք, թե այդ խոստումները ինչպես էին ավելի մեծ մասշտաբով կատարվելու ապագայում։

15. Ինչպիսի՞ն էր լինելու հայրենադարձ հրեաների մատուցած երկրպագությունը։

15 ԽՈՍՏՈՒՄ 1. վերջ էր դրվելու կռապաշտությանն ու կեղծ կրոնի հետ կապ ունեցող բոլոր գարշելի սովորույթներին (կարդա Եզեկիել 11։18; 12։24)։ Ինչպես քննեցինք 5-րդ գլխում, Երուսաղեմն ու տաճարը պղծվել էին կռապաշտությամբ։ Ժողովուրդը հոգևոր և բարոյական անկում էր ապրել ու այդպիսով հեռացել Աստծուց։ Եհովան Եզեկիելի միջոցով ասաց, որ գալու է մի ժամանակ, երբ հրեա գերիները նորից կարողանալու են մաքուր և անպիղծ երկրպագություն մատուցել իրեն։ Ամենակարևորը մաքուր երկրպագության վերականգնումն էր, դրանից հետո մյուս օրհնությունները երկար սպասել չէին տալու։

16. Եհովան ի՞նչ խոստացավ իր ժողովրդի հայրենի երկրի վերաբերյալ։

16 ԽՈՍՏՈՒՄ 2. հրեաները վերադառնալու էին հայրենիք։ Եհովան հրեա գերիներին ասաց. «Ձեզ կտամ Իսրայելի երկիրը» (Եզեկ. 11։17)։ Սա շատ ուրախալի խոստում էր, քանի որ բաբելոնացիները, որոնք ծաղրում էին գերության մեջ գտնվող հրեաներին, հույսի նշույլ անգամ չէին թողել, որ նրանք մի օր իրենց սիրելի հայրենիք կվերադառնան (Ես. 14։4, 17)։ Եթե գերությունից վերադարձածները հավատարիմ մնային, հաճելի աշխատանք կունենային, երկիրն արգասաբեր կլիներ, և բերքն՝ առատ։ Ամոթն ու թշվառությունը, որ նրանք զգում էին սովի մատնված լինելու պատճառով, անցյալի գիրկը կանցնեին (կարդա Եզեկիել 36։30

17. Եզեկիելն ի՞նչ մարգարեացավ Եհովային զոհեր մատուցելու մասին։

17 ԽՈՍՏՈՒՄ 3. Եհովայի զոհասեղանի վրա նորից ընծաներ էին մատուցվելու։ Ինչպես տեսանք 2-րդ գլխում, համաձայն Մովսիսական օրենքի՝ զոհերն ու ընծաները մաքուր երկրպագության կարևոր մաս էին կազմում։ Քանի դեռ գերությունից վերադարձածները հնազանդ էին ու հոգևորապես մաքուր, Եհովայի համար ընդունելի էին նրանց զոհերը։ Այդպես ժողովուրդը կարող էր քավել իր մեղքերը և մտերիմ լինել իր Աստծու հետ։ Եհովան խոստացավ. «Բոլոր իսրայելացիները՝ բոլորն անխտիր, կծառայեն ինձ.... Ես ուրախությամբ կընդունեմ ձեզ, կցանկանամ, որ անեք ձեր նվիրաբերությունները և բերեք լավագույն զոհերը՝ ձեր բոլոր սուրբ ընծաները» (Եզեկ. 20։40)։ Մաքուր երկրպագությունը իսկապես վերականգնվելու էր և օրհնության աղբյուր էր լինելու Աստծու ժողովրդի համար։

18. Եհովան ինչպե՞ս էր հովվելու իր ժողովրդին։

18 ԽՈՍՏՈՒՄ 4. վատ հովիվները զրկվելու էին իրենց պատասխանատու դիրքից։ Աստծու ժողովրդի հոգևոր և բարոյական անկման գլխավոր պատճառը անօրեն հովիվներն էին։ Եհովան խոստացավ, որ ամեն բան կշտկի։ Վատ հովիվների վերաբերյալ նա հետևյալ խոստումը տվեց. «[Ես] թույլ չեմ տա, որ նրանց արածեցնեն.... Ես հովիվների բերանից կազատեմ իմ ոչխարներին»։ Եհովան իր հավատարիմ ժողովրդին նաև հավաստիացրեց. «Ես հոգ կտանեմ իմ հոտին» (Եզեկ. 34։10, 12)։ Ինչպե՞ս էր նա դա անելու. հավատարիմ և նվիրված տղամարդկանց միջոցով, որոնց հանձնարարելու էր իր գառներին հովվելու գործը։

19. Եհովան ի՞նչ խոստացավ իր ժողովրդի միասնության վերաբերյալ։

19 ԽՈՍՏՈՒՄ 5. Եհովային երկրպագողները միասնական էին լինելու։ Պատկերացրու, թե գերությունից առաջ հավատարիմ հրեաները որքան էին հուսալքվել՝ տեսնելով Աստծու ժողովրդի պառակտվածությունը։ Կեղծ մարգարեների ու վատ հովիվների ազդեցության ներքո ժողովուրդը ըմբոստանում էր հավատարիմ մարգարեների՝ Եհովայի ներկայացուցիչների դեմ։ Մարդիկ անգամ ընդդիմադիր խմբավորումներ էին կազմել։ Ուստի գերեվարված հրեաներին պետք է որ անչափ ոգևորած լիներ Եզեկիելի միջոցով Եհովայի հայտնած այս խոստումը. «Ես ձեզ մեկ սիրտ կտամ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ» (Եզեկ. 11։19)։ Եթե գերությունից վերադարձածները Եհովայի և միմյանց հետ միասնության մեջ լինեին, ոչ մի հակառակորդ չէր կարողանա հաղթել նրանց։ Նախատինքի ու անպատվության փոխարեն նրանք որպես ազգ նորից փառք կբերեին Եհովային։

20, 21. Աստծու խոստումները ինչպե՞ս կատարվեցին վերադարձած գերիների առնչությամբ։

20 Գերությունից վերադարձած հրեաները տեսա՞ն այս հինգ խոստումների կատարումը։ Հիշենք հնում ապրած հավատարիմ Հեսուի խոսքերը. «Ձեր Աստված Եհովայի տված լավ խոստումներից մի բառ անգամ առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեր աչքի առաջ։ Նրա խոսքերից և ոչ մեկը գետին չընկավ» (Հեսու 23։14)։ Եթե Եհովան իր խոսքի տերն էր Հեսուի օրերում, ապա իր ժողովրդի գերության ժամանակ էլ իր խոսքի տերը կլիներ և նրան կվերադարձներ հայրենիք։

21 Հրեաները դադարեցին կռապաշտությամբ զբաղվել և կեղծ կրոնական գարշելի սովորույթների հետևել, որոնց պատճառով նրանք հեռացել էին Եհովայից։ Որքան էլ որ անհնարին էր թվում, նրանք կրկին բնակություն հաստատեցին իրենց հայրենիքում, նորից սկսեցին մշակել հողը և իմաստալից կյանքով ապրել։ Առաջին հերթին նրանք Երուսաղեմում վերականգնեցին Եհովայի զոհասեղանը և սկսեցին նրան ընդունելի զոհեր մատուցել դրա վրա (Եզր. 3։2-6)։ Եհովան օրհնեց նրանց՝ տալով լավ հովիվներ, ինչպիսիք էին քահանա և գրագիր Եզրասը, կառավարիչներ Նեեմիան ու Զորաբաբելը, քահանայապետ Հեսուն, նաև քաջ մարգարեներ Անգեն, Զաքարիան և Մաղաքիան։ Քանի դեռ հրեաները հնազանդվում էին Եհովայի առաջնորդությանը, նրանց մեջ տիրում էր միասնություն, որին նրանք երկար ժամանակ կարոտ էին մնացել (Ես. 61։1-4; կարդա Երեմիա 3։15

22. Որտեղի՞ց գիտենք, որ վերականգնման մասին խոստումներն ավելի մեծ մասշտաբով էին կատարվելու։

22 Իսկապես, վերականգնման մասին Եհովայի խոստումների առաջին կատարումը անչափ սրտապնդող էր։ Բայց այն ընդամենը նախաշողն էր ավելի մեծ բաների, որոնք Աստված նպատակադրել էր։ Որտեղի՞ց գիտենք։ Ինչպես տեսանք, Եհովան խոստացել էր օրհնել իր ծառաներին այն պայմանով, որ նրանք հնազանդ լինեին։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում հրեաները կրկին ըմբոստացան ու անհնազանդ դարձան։ Բայց, ինչպես Հեսուն ասել էր, Եհովայի խոսքերը միշտ կատարվում են։ Ուստի այդ խոստումները ավելի մեծ մասշտաբով էին կատարվելու, և օրհնությունները հարատև էին լինելու։ Հենց այդ մասին էլ այժմ կխոսենք։

«Ուրախությամբ կընդունեմ ձեզ»

23, 24. Ե՞րբ և ինչպե՞ս են սկսվել «բոլոր բաների վերականգնման ժամանակները»։

23 Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ մենք հասկացել ենք, որ 1914 թ.-ից ի վեր այս չար աշխարհը գնում է դեպի կործանում՝ ապրելով իր վերջին օրերը։ Սակայն Եհովայի ծառաների համար սա պատմության մռայլ ժամանակաշրջան չէ։ Ընդհակառակը՝ Աստվածաշնչից իմանում ենք, որ 1914 թ.-ին ցնցող ժամանակներ են սկսվել՝ «բոլոր բաների վերականգնման ժամանակները» (Գործ. 3։21)։ Ինչո՞ւ ենք եկել այդ եզրահանգման։ Նախ նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ երկնքում 1914 թ.-ին։ Հիսուս Քրիստոսը գահ բարձրացավ որպես Մեսիական Թագավոր։ Ինչո՞ւ ենք ասում, որ այդ իրադարձությունը «բոլոր բաների վերականգնմանն» է վերաբերում։ Հիշենք, որ Դավթի թագավորական դինաստիան ընդհատվել էր մ. թ. ա. 607-ին, երբ բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը։ Սակայն Եհովան Դավիթ թագավորին խոստացել էր, որ նրա թագավորական իշխանությունը հարատև է լինելու (1 Տար. 17։11-14

24 Հիսուսը՝ «մարդու Որդին», Դավթի սերնդից էր, ուստի իրավունք ուներ նստելու Դավթի գահին (Մատթ. 1։1; 16։13-16; Ղուկ. 1։32, 33)։ 1914 թ.-ին, երբ երկնքում Եհովան Հիսուսին գահ բարձրացրեց, սկսվեցին «բոլոր բաների վերականգնման ժամանակները»։ Այդուհետ Եհովան նորից սկսեց վերականգնել մաքուր երկրպագությունը, այս անգամ կատարյալ Թագավորի միջոցով։

25, 26. ա) Ե՞րբ քրիստոնեական ժողովը ազատվեց Մեծ Բաբելոնի գերությունից, և որտեղի՞ց գիտենք դա (տես «Ինչո՞ւ հենց 1919» շրջանակը)։ բ) 1919-ից սկսած՝ ի՞նչ տեղի ունեցավ։

25 Նորանշանակ Թագավորը իր իշխանության սկզբում իր Հոր հետ ստուգեց, թե երկրի վրա մատուցվող երկրպագությունը որքանով է մաքուր (Մաղ. 3։1-5)։ Ինչպես որ Հիսուսը մարգարեաբար ասել էր ցորենի և որոմների մասին առակում, երկար ժամանակ անհնարին էր ցորենը տարբերել որոմից, այսինքն՝ իսկական օծյալ քրիստոնյաներին՝ ինքնակոչներից։ b Սակայն 1914 թ.-ին, երբ հասավ հնձի ժամանակը, նրանց տարբերությունը ակնհայտ դարձավ։ 1914 թ.-ին նախորդող տասնամյակների ընթացքում Աստվածաշունչ ուսումնասիրողները քողազերծում էին քրիստոնյա աշխարհի մեղքերը՝ կամաց-կամաց զատվելով կեղծ կրոնից։ Ժամանակը եկավ, որ Եհովան վերականգնի մաքուր երկրպագությունը։ Ուստի «հունձը» սկսվելուց ընդամենը մի քանի տարի անց՝ 1919 թ. սկզբին, Աստծու ժողովուրդը ամբողջովին ազատվեց Մեծ Բաբելոնի գերությունից (Մատթ. 13։30)։ Վե՛րջ գերությանը։

26 Վերականգնման մասին Եզեկիելի մարգարեությունները սկսեցին աննախադեպ մասշտաբով կատարվել։ Տեսնենք, թե վերոնշյալ հինգ խոստումները ինչպես կատարվեցին ավելի մեծ ծավալով։

27. Աստված ինչպե՞ս վերացրեց կռապաշտությունը իր ժողովրդի միջից։

27 ԽՈՍՏՈՒՄ 1. կռապաշտությանն ու կրոնական բոլոր նողկալի սովորույթներին վերջ էր դրվելու։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հավատարիմ քրիստոնյաները միասին հավաքվում էին, ուսումնասիրություններ անում և արդյունքում հասկանում, որ պետք է հրաժարվեն կեղծ կրոնական սովորույթներից։ Նրանք հերքեցին Երրորդության, անմահ հոգու, կրակե դժոխքի մասին ուսմունքները՝ դրանք համարելով կեղծ կրոնական արմատներ ունեցող ոչ սուրբգրային գաղափարներ։ Նաև հասկացան, որ երկրպագության մեջ պատկերներ օգտագործելը ակնհայտ կռապաշտություն է։ Ժամանակի ընթացքում Աստծու ժողովուրդը եկավ այն եզրակացության, որ խաչի գործածությունը նույնպես կռապաշտություն է (Եզեկ. 14։6

28. Եհովայի ժողովուրդը ի՞նչ առումով վերադարձավ իր հոգևոր հայրենիք։

28 ԽՈՍՏՈՒՄ 2. Աստծու ժողովուրդը վերադառնալու էր հոգևոր հայրենիք։ Դուրս գալով Մեծ Բաբելոնից՝ կեղծ կրոնից, հավատարիմ քրիստոնյաները հայտնվեցին այսպես ասած՝ իրենց հոգևոր հայրենիքում՝ օրհնություններով լի միջավայրում, որտեղ երբեք հոգևոր սովի չէին մատնվելու (կարդա Եզեկիել 34։13, 14)։ Ինչպես կտեսնենք 19-րդ գլխում, Եհովան այդ «հայրենիքը» լիուլի օրհնել է հոգևոր ճոխ սննդով (Եզեկ. 11։17

29. 1919 թ.-ից ի վեր քարոզչական գործն ինչի՞ շնորհիվ մեծ թափ առավ։

29 ԽՈՍՏՈՒՄ 3. Եհովայի զոհասեղանի վրա նորից զոհեր էին մատուցվելու։ Առաջին դարում քրիստոնյաները սովորեցին, որ Աստծուն պետք է ոչ թե կենդանական զոհեր մատուցել, այլ շատ ավելի արժեքավոր ընծաներ. դրանք Աստծուն ուղղված փառաբանական խոսքերն էին և ուրիշներին նրա մասին պատմելը (Եբր. 13։15)։ Երբ Աստծու ժողովուրդը դարեր շարունակ փոխաբերական գերության մեջ էր, չկար մի կառույց, որ կազմակերպված ձևով երկրպագություն մատուցեր Աստծուն։ Սակայն գերության վերջում Աստծու ժողովուրդն արդեն գովաբանության զոհեր էր մատուցում նրան։ Աստծու ծառաները եռանդորեն քարոզում էին և իրենց հանդիպումների ժամանակ ուրախությամբ գովաբանում նրան։ Սկսած 1919 թ.-ից՝ «հավատարիմ և իմաստուն ծառան» ավելի մեծ շեշտ դրեց քարոզչական գործի և այն ավելի լավ կազմակերպելու վրա (Մատթ. 24։45-47)։ Եհովայի սուրբ անունը գովաբանող մարդկանց թիվը գնալով աճում էր, ուստի նրա զոհասեղանը լեփ-լեցուն էր զոհերով։

30. Հիսուսն ի՞նչ արեց, որ իր ժողովուրդը լավ հովիվներ ունենա։

30 ԽՈՍՏՈՒՄ 4. վատ հովիվները զրկվելու էին իրենց պատասխանատու դիրքից։ Քրիստոսը Աստծու ժողովրդին ազատեց քրիստոնյա աշխարհի անբարեխիղճ, ինքնահաճ հովիվներից։ Քրիստոսի հոտի այն հովիվները, որոնք վարվում էին այդ կեղծ հովիվների պես, զրկվեցին իրենց պատասխանատու դիրքից (Եզեկ. 20։38)։ Հիսուսը, լինելով լավ Հովիվ, քայլեր ձեռնարկեց, որ իր գառները հոգատար ձեռքերում հայտնվեն։ 1919 թ.-ին նա նվիրված օծյալ քրիստոնյաներից բաղկացած մի փոքր խմբի նշանակեց «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Նրանք հանձն առան հոգևոր սնունդ տրամադրելու գործը, ինչի արդյունքում Աստծու ժողովուրդը հոգևոր առատ սնունդ ունեցավ։ Ժամանակի ընթացքում Աստծու կազմակերպությունը սկսեց կրթել երեցներին՝ նրանց սովորեցնելով, թե ինչպես հոգ տանեն «Աստծու հոտին» (1 Պետ. 5։1, 2Եզեկիել 34։15 և 16 համարներում արձանագրված խոսքերը հաճախ մեջբերվում են, որպեսզի քրիստոնյա երեցները հիշեն հովվելու վերաբերյալ Աստծու և Հիսուս Քրիստոսի սահմանած չափանիշների մասին։

31. Եհովան ինչպե՞ս իրականացրեց Եզեկիել 11։19-ում արձանագրված մարգարեությունը։

31 ԽՈՍՏՈՒՄ 5. Եհովային երկրպագողները միասնության մեջ էին լինելու։ Դարերի ընթացքում քրիստոնեությունը բաժանվել է տասնյակ հազարավոր ուղղությունների, այդ թվում՝ բազմաթիվ խմբերի ու աղանդների, որոնք ոչ մի կերպ լեզու չեն գտնում իրար հետ։ Որքա՜ն է այս ամենը տարբերվում նրանից, ինչ Եհովան Եզեկիելի միջոցով ասել էր իր ժողովրդի մասին. «Ես ձեզ մեկ սիրտ կտամ» (Եզեկ. 11։19)։ Այս խոսքերն իրականություն են դարձել։ Մի՞թե հրաշք չէ այն, որ ողջ աշխարհում տարբեր ծագում, սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող և անցյալում տարբեր կրոնի պատկանող միլիոնավոր մարդիկ դարձել են Քրիստոսի հետևորդ։ Նրանք բոլորը սովորում են միևնույն ճշմարտությունները և ուս-ուսի տված՝ նույն գործն են անում։ Երկրի վրա իր կյանքի վերջին գիշերը Հիսուսը ջերմեռանդորեն աղոթեց, որ իր հետևորդները միասնական լինեն (կարդա Հովհաննես 17։11, 20-23)։ Եվ այսօր իսկապես ակնհայտ է, որ Եհովան կատարել է նրա խնդրանքը։

32. Ի՞նչ զգացումներ է քո մեջ արթնացնում մաքուր երկրպագության վերաբերյալ մարգարեությունների կատարումը (տես նաև «Գերեվարման և վերականգնման մասին մարգարեություններ» շրջանակը)։

32 Մի՞թե մեր սիրտը բերկրանքով չի լցվում այն մտքից, որ ապրում ենք այս առանձնահատուկ ժամանակներում։ Այսօր մենք մեր աչքերով տեսնում ենք, թե մաքուր երկրպագության վերականգնման վերաբերյալ Եզեկիելի մարգարեությունները ինչպես են կատարվում ամենայն մանրամասնությամբ։ Կասկածի նշույլ անգամ կարող ենք չունենալ, որ Եհովայի ժողովուրդն այժմ ունի նրա բարեհաճությունը. չէ՞ որ նա Եզեկիելի միջոցով խոստացել էր. «[Ես] ուրախությամբ կընդունեմ ձեզ» (Եզեկ. 20։41)։ Գիտակցո՞ւմ ես, թե ինչ մեծ պատիվ է երկարատև հոգևոր գերությունից ազատված ժողովրդի մաս կազմելը, որը միասնական է, հոգևոր ճոխ սեղանից է օգտվում և ողջ աշխարհում փառաբանում է Եհովային։ Սակայն մաքուր երկրպագության վերականգնման մասին Եզեկիելի մարգարեություններից որոշները դեռ ավելի մեծ մասշտաբով են կատարվելու։

«Եդեմի պարտեզի պես»

33-35. ա) Եզեկիել 36։35-ում արձանագրված մարգարեությունը ի՞նչ նշանակություն ուներ գերեվարված հրեաների համար։ բ) Ի՞նչ է այդ մարգարեությունը նշանակում Եհովայի ժողովրդի համար այսօր (տես նաև «Բոլոր բաների վերականգնման ժամանակները» շրջանակը)։

33 Ինչպես տեսանք, «բոլոր բաների վերականգնման ժամանակները» սկսվեցին Դավթի թագավորական իշխանության վերականգնմամբ, երբ 1914 թ.-ին Հիսուսը գահ բարձրացավ (Եզեկ. 37։24)։ Այն բանից հետո, երբ Եհովայի ժողովուրդը ազատվեց բազմադարյա հոգևոր գերությունից, Նա Հիսուսին լիազորեց վերականգնել մաքուր երկրպագությունը։ Վերականգնման գործն այսքանով ավարտվա՞ծ էր։ Ամենևի՛ն։ Ապագայում Հիսուսն այս գործը աներևակայելի կերպով շարունակելու է, և Եզեկիելի մարգարեություններն օգնում են ավելի լավ պատկերացնելու այդ հրաշալի ժամանակները։

34 Նկատի առնենք Աստծու ներշնչմամբ գրված հետևյալ խոսքերը. «Մարդիկ կասեն. «Այս երկիրը, որն ամայացած էր, Եդեմի պարտեզի պես է դարձել»» (Եզեկ. 36։35)։ Այս խոստումն ի՞նչ նշանակություն ուներ Եզեկիելի և մյուս գերիների համար։ Իհարկե, նրանք չէին ակնկալում, որ այդ խոստումը բառացիորեն կիրականանա, և որ վերադառնալով հայրենիք՝ նրանք կհայտնվեն բառացի դրախտում՝ հենց Եհովայի տնկած եդեմական պարտեզում (Ծննդ. 2։8)։ Նրանք, անկասկած, հասկանում էին, որ այդպիսով Եհովան հավաստիացնում էր, որ իրենց հայրենիքը չքնաղ է լինելու, և հողը՝ բերրի։

35 Իսկ այդ խոստումը ի՞նչ նշանակություն ունի մեզ համար։ Մենք չենք ակնկալում, որ այն բառացիորեն կիրականանա մեր օրերում՝ Բանսարկու Սատանայի իշխանության տակ գտնվող այս չար աշխարհում։ Մենք հասկանում ենք, որ այդ խոսքերն այսօր հոգևոր առումով են կատարվում։ Լինելով Եհովայի ծառաները՝ մենք բնակվում ենք վերականգնված հոգևոր դրախտում՝ մի միջավայրում, որտեղ Աստծուն ծառայելով՝ մենք առատ հոգևոր պտուղներ ենք բերում, և սուրբ ծառայությունը մեր կյանքում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Այս հոգևոր դրախտը օր-օրի ավելի ու ավելի է ծաղկում։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել ապագայի վերաբերյալ։

36, 37. Ո՞ր խոստումները կիրականանան ապագա դրախտում։

36 Արմագեդոն մեծ պատերազմից հետո Հիսուսը սկսելու է վերականգնել Երկիր մոլորակը։ Հիսուսի հազարամյա իշխանության ընթացքում նրա առաջնորդության ներքո մարդիկ ողջ երկրագունդը դարձնելու են համաշխարհային եդեմական պարտեզ՝ դրախտ, ինչը որ Եհովան ի սկզբանե նպատակադրել էր (Ղուկ. 23։43)։ Այդ ժամանակ բոլոր մարդիկ ներդաշնակության մեջ կբնակվեն թե՛ միմյանց հետ և թե՛ բնության։ Այլևս ոչ ոք և ոչինչ չեն սպառնա նրանց։ Ի՜նչ հրաշալի կլինի, երբ կատարվի այս խոստումը. «Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ և այդ երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին։ Նրանք ապահով կբնակվեն անապատում ու հանգիստ կքնեն անտառներում» (Եզեկ. 34։25

37 Միայն պատկերացրու. առանց սրտումդ վախ զգալու՝ դու կկարողանաս գնալ երկրագնդի ցանկացած վայր։ Ոչ մի կենդանի քեզ չի վնասի, ոչ մի վտանգ չի խաթարի քո խաղաղությունը։ Մեն-մենակ կքայլես թավուտ անտառի խորքերում, կհիանաս դրա հեքիաթային գեղեցկությամբ, անգամ մուշ-մուշ կքնես այնտեղ՝ համոզված լինելով, որ կզարթնես անվնաս և նոր ուժերով լի։

Գալու է ժամանակ, երբ անգամ անտառում հանգիստ քնելու ենք (տես պարբերություններ 36, 37)

38. Ի՞նչ ես զգում, երբ խորհում ես Եզեկիել 28։26-ում գրված խոստումների իրականացման մասին։

38 Մենք նաև կտեսնենք, թե ինչպես է կյանքի կոչվում հետևյալ խոստումը. «Այնտեղ նրանք ապահով կապրեն, տներ կկառուցեն և խաղողի այգիներ կտնկեն։ Նրանք ապահով կբնակվեն, երբ դատաստան տեսնեմ շրջակա բոլոր ազգերի նկատմամբ, ովքեր ծաղրում են նրանց։ Այդ ժամանակ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը» (Եզեկ. 28։26)։ Երբ Եհովայի բոլոր թշնամիները ոչնչացվեն, ողջ աշխարհում խաղաղ և ապահով միջավայր կլինի։ Մենք կբարեկարգենք Երկիր մոլորակը, խաղողի այգիներ կտնկենք և հարմարավետ տներ կկառուցենք մեզ ու մեր սիրելիների համար։

39. Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ դրախտի մասին Եզեկիելի արձանագրած մարգարեությունները իրականություն կդառնան։

39 Այս խոստումները լոկ պատրա՞նք են քեզ համար։ Հիշիր, թե «բոլոր բաների վերականգնման» ժամանակներում ինչերի ես արդեն իսկ ականատես եղել։ Եհովան Հիսուսին լիազորել է, որ մարդկության պատմության ամենամռայլ ժամանակաշրջանում, չնայած Սատանայի կատաղի հակառակությանը, վերականգնի մաքուր երկրպագությունը։ Սա հզոր ապացույցն է այն բանի, որ Եզեկիելի միջոցով Աստծու ասած բոլոր խոստումները կիրականանան։

a Գերության մեջ գտնվող հրեաների մեծ մասն ապրում էր Բաբելոն քաղաքի մոտակայքում։ Եզեկիելն, օրինակ, իր հայրենակիցների հետ ապրում էր Քոբար գետի մոտ (Եզեկ. 3։15)։ Սակայն որոշ գերիներ ապրում էին հենց քաղաքում։ Նրանցից ոմանք «թագավորական սերնդից [էին] ու ազնվատոհմ» մարդիկ էին (Դան. 1։3, 6; 2 Թագ. 24։15

b Օրինակ՝ մենք չենք կարող միանշանակ ասել, թե 16-րդ դարի ռեֆորմատորներից ովքեր են եղել օծյալ քրիստոնյաներ։