Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

«Նկարագրիր տաճարը»

«Նկարագրիր տաճարը»

ԵԶԵԿԻԵԼ 43։10

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. փառահեղ տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսած տեսիլքի նշանակությունը

1-3. ա) Ինչո՞ւ Եզեկիելը թերևս մխիթարվեց՝ վեհաշուք տաճարի համալիրի վերաբերյալ տեսիլքը տեսնելով (տես առաջին նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։

 ԵԶԵԿԻԵԼՆ արդեն 50 տարեկան է։ Նա իր կյանքի կեսը գերության մեջ է անցկացրել։ Երուսաղեմի տաճարը երկար ժամանակ է՝ ավերակների տակ թաղված է։ Եթե Եզեկիելը երբևէ երազել է այնտեղ ծառայել որպես քահանա, ապա այդ երազանքները նույնպես այդ ավերակների տակ թաղված են մնացել։ Գերության ավարտին մոտ 56 տարի դեռ կա, ուստի նա հասկանում է, որ դժվար թե այդքան ապրի ու տեսնի, թե Աստծու ժողովուրդը ինչպես է վերադառնում հայրենիք, ուր մնաց տեսնի տաճարի վերակառուցումը (Երեմ. 25։11)։ Հավանաբար, այդ մտքերը տրտմեցնում են նրան։

2 Եհովան, բարություն դրսևորելով, որոշեց հենց այդ ժամանա՛կ Եզեկիելին ցույց տալ այդ ընդգրկուն տեսիլքը, որն անշուշտ կմխիթարեր և հույսով կլցներ հավատարիմ մարգարեին։ Տեսիլքում Աստված Եզեկիելին տեղափոխվում է նրա հայրենիք և մի շատ բարձր լեռան վրա է կանգնեցնում։ Այնտեղ նա տեսնում է մի հրեշտակի, որը նկարագրվում է որպես «մի մարդ.... [որն] ասես պղնձից լիներ»։ Այդ հրեշտակը շրջայց է անցկացնում վեհաշուք տաճարի համալիրում (կարդա Եզեկիել 40։1-4Ամեն ինչ այնքա՜ն իրական է։ Այն, ինչ Եզեկիելը տեսնում է, զորացնում է նրա հավատը, անչափ տպավորում և անգամ գուցե փոքր-ինչ անհանգստացնում է նրան։ Տաճարը, որ նա տեսնում է, շատ առումներով նման է Երուսաղեմի տաճարին, բայց միևնույն ժամանակ մեծապես տարբերվում է դրանից։

3 Այս զարմանահրաշ տեսիլքը արձանագրված է «Եզեկիել» գրքի վերջին ինը գլուխներում։ Տեսիլքն ուսումնասիրելու համար նախ տեսնենք, թե ինչ մոտեցում պետք է որդեգրենք, որպեսզի հասկանանք դրա նշանակությունը։ Ապա իմանանք, թե արդյոք Եզեկիելի տեսածը մեծ հոգևոր տաճարն էր, որի մասին դարեր անց խոսեց Պողոս առաքյալը։ Իսկ վերջում կտեսնենք, թե այդ տեսիլքը ինչ նշանակություն ուներ Եզեկիելի և գերության մեջ գտնվող նրա հայրենակիցների համար։

Այլ մոտեցում

4. Տաճարի վերաբերյալ տեսիլքը բացատրելիս ի՞նչ մոտեցում էինք ցուցաբերում առաջ, սակայն ի՞նչ եզրակացության եկանք ժամանակի ընթացքում։

4 Նախկինում մեր հրատարակություններում բացատրվում էր, որ Եզեկիելը տեսել է Եհովայի մեծ հոգևոր տաճարը՝ այն տաճարը, որի մասին Պողոսը Աստծու ներշնչմամբ գրել է եբրայեցիներին ուղղած իր նամակում։ a Ուստի հիմնվելով այս հասկացողության և խորանի վերաբերյալ Պողոսի բացատրությունների վրա՝ տրամաբանական էր թվում Եզեկիելի տեսիլքի տաճարի շատ առանձնահատկություններին վերագրել խորհրդանշական, կամ՝ նախապատկերային նշանակություն։ Սակայն աղոթելուց, ուսումնասիրություններ անելուց և խորհելուց հետո հասկացանք, որ հարկավոր է ավելի պարզ մոտեցում ցուցաբերել Եզեկիելի այս տեսիլքի նշանակությունը բացատրելիս։

5, 6. ա) Ի՞նչ է ասել Պողոսը խորանին առնչվող որոշ բաների վերաբերյալ, և խորանի մասին խոսելիս ինչպե՞ս է նա խոնարհություն դրսևորել։ բ) Եզեկիելի տեսիլքի տաճարն ուսումնասիրելիս ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերենք՝ ընդօրինակելով Պողոսին։

5 Խելամիտ կլինի Եզեկիելի տեսած տաճարի ամեն մի առանձնահատկության համար մարգարեական կամ խորհրդանշական նշանակություն չփնտրել։ Ինչո՞ւ։ Նկատի առնենք հետևյալը։ Խորանի և հոգևոր տաճարի մասին խոսելիս Պողոս առաքյալը հիշատակեց խորանում եղող որոշ իրեր, այդ թվում՝ ոսկե բուրվառը, տապանակի կափարիչը և մանանայով լի ոսկե սափորը։ Բայց արդյո՞ք նա մարգարեական նշանակություն վերագրեց այդ իրերին։ Ակնհայտ է, որ սուրբ ոգին չի մղել նրան դա անելու։ Ավելին՝ առաքյալը գրել է. «Հիմա սրանց մասին մանրամասն խոսելու ժամանակը չէ» (Եբր. 9։4, 5)։ Պողոսը հոժարակամորեն ենթարկվում էր սուրբ ոգու ազդեցությանը և խոնարհաբար սպասում Եհովայի առաջնորդությանը (Եբր. 9։8

6 Եզեկիելի՝ տաճարի մասին տեսիլքն ուսումնասիրելիս նմանատիպ մոտեցում պետք է ունենանք։ Այն նույնպես հարուստ է մանրամասներով։ Եվ ճիշտ կլինի սպասել, որ Եհովան պարզաբանի դրանց նշանակությունը, եթե դրա կարիքը կա (կարդա Միքիա 7։7)։ Սակայն մի՞թե տեղին է եզրակացնել, որ Եհովայի ոգին ընդհանրապես լույս չի սփռել այդ տեսիլքի վրա։ Ամենևի՛ն։

Եզեկիելի տեսածը մեծ հոգևոր տաճա՞րն էր

7, 8. ա) Ի՞նչ ենք հասկացել Եզեկիելի տեսած տաճարի վերաբերյալ։ բ) Եզեկիելի տեսած տաճարն ինչո՞վ է տարբերվում Պողոսի նկարագրած հոգևոր տաճարից։

7 Ինչպես նշվեց, երկար տարիներ մեր հրատարակություններում բացատրվել է, որ Եզեկիելը տեսել է Եհովայի մեծ հոգևոր տաճարը, որի մասին Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրել է եբրայեցիներին ուղղած իր նամակում։ Բայց հետագա ուսումնասիրությունները օգնեցին մեզ հասկանալու, որ Եզեկիելի տեսածը մեծ հոգևոր տաճարը չէր։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

8 Առաջին պատճառն այն է, որ Եզեկիելի տեսած տաճարը չի համապատասխանում Պողոսի տված նկարագրությանը։ Նկատի առնենք, որ Պողոս առաքյալը հստակ նշել է, որ Մովսեսի ժամանակների խորանը լոկ ստվերն ու օրինակն է ավելի մեծ բանի։ Խորանում, ինչպես և Սողոմոնի ու Զորաբաբելի տաճարներում, որոնք նմանատիպ նախագծով էին կառուցվել, կար «Սրբությունների Սրբություն» բաժանմունքը։ Պողոսը այն «ձեռակերտ սուրբ վայր» կոչեց՝ բացատրելով, որ այն «լոկ օրինակն է բուն իրականության»։ Այդ դեպքում ի՞նչն է բուն իրականությունը։ Նա պարզաբանեց. «Հենց երկինքը» (Եբր. 9։3, 24)։ Եզեկիելը երկի՞նքն էր տեսել։ Ո՛չ։ Մարգարեի տեսիլքում ակնարկ անգամ չկա, որ նա ինչ-որ երկնային բաներ է տեսել (համեմատիր Դանիել 7։9, 10, 13, 14

9, 10. Զոհաբերությունների առումով ինչպե՞ս է Եզեկիելի տեսիլքի տաճարը տարբերվում Պողոսի նկարագրած մեծ հոգևոր տաճարից։

9 Եզեկիելի տեսիլքի և Պողոսի նկարագրած տաճարների միջև կա մեկ այլ ավելի էական տարբերություն՝ զոհաբերությունները։ Եզեկիելը լսել էր զոհաբերությունների մասին այն մանրամասն առաջնորդությունը, որը տրվել էր ժողովրդին, իշխաններին ու քահանաներին։ Նրանք պետք է զոհեր մատուցեին իրենց իսկ մեղքերի համար։ Նաև պետք է խաղաղության զոհեր մատուցեին, որոնք կարող էին միասին ուտել տաճարի ճաշասենյակներում (Եզեկ. 43։18, 19; 44։11, 15, 27; 45։15-20, 22-25)։ Արդյո՞ք մեծ հոգևոր տաճարում պարբերաբար նման զոհեր են մատուցվում։

Տեսիլքում Եզեկիելի տեսած տաճարը մեծ հոգևոր տաճարը չէ

10 Պատասխանը հստակ է։ Պողոսը բացատրեց. «Երբ եկավ Քրիստոսը՝ քահանայապետը, ով պետք է բերեր զանազան օրհնություններ, որոնք արդեն վայելում ենք, նա մտավ ավելի մեծ ու կատարյալ խորան, որն անձեռակերտ է, այսինքն՝ ոչ երկրային։ Նա սուրբ վայրը մտավ ոչ թե այծերի ու մատղաշ ցլերի արյունով, այլ իր սեփական արյունով։ Նա արեց դա մեկ անգամ ու ընդմիշտ և այդպիսով հավիտենական փրկություն ապահովեց մեզ համար» (Եբր. 9։11, 12)։ Եվ այսպես՝ մեծ հոգևոր տաճարում միայն մեկ զոհ է մատուցվել՝ մեկ անգամ և ընդմիշտ։ Դա քավիչ զոհն է, որը մատուցել է Մեծ Քահանայապետը՝ Հիսուս Քրիստոսը։ Հստակ է. Եզեկիելի տեսիլքի տաճարը, որում բազմաթիվ այծեր և ցլեր էին զոհաբերվում, մեծ հոգևոր տաճարը չէ։

11. Եզեկիելի օրերում ինչո՞ւ ժամանակը դեռ չէր եկել, որ Աստված մեծ հոգևոր տաճարի մասին ճշմարտություններ բացահայտեր։

11 Երկրորդ պատճառը, թե ինչու ենք ասում, որ Եզեկիելի տեսածը մեծ հոգևոր տաճարը չէր, այն է, որ ժամանակը դեռ չէր եկել, որպեսզի Աստված նման ճշմարտություններ բացահայտեր։ Հիշենք, որ Եզեկիելի տեսիլքը նախևառաջ Բաբելոնում գտնվող հրեա գերիների համար էր տրվել։ Նրանք Մովսիսական օրենքի տակ էին։ Երբ գերությունն ավարտվեր, նրանք պետք է վերադառնային Երուսաղեմ, վերակառուցեին տաճարն ու զոհասեղանը և Աստծուն մաքուր երկրպագություն մատուցեին այդ Օրենքի համաձայն։ Ինչպես պատմությունը ցույց տվեց, նրանք մոտ վեց դար զոհեր մատուցեցին այնտեղ։ Պատկերացրու, թե ինչ կզգային հրեաները, եթե Եզեկիելը տեսիլքում հոգևոր տաճարը տեսած լիներ, տաճար, որտեղ քահանայապետը իր իսկ կյանքն է զոհում, ինչից հետո մյուս բոլոր զոհաբերություններին վերջ է դրվում։ Ինչպե՞ս նրանք կհասկանային այդ ամենը։ Արդյոք չէ՞ր թուլանա Մովսիսական օրենքին հնազանդվելու նրանց վճռականությունը։ Ինչպես միշտ, Եհովան ճշմարտությունները բացահայտում է ճիշտ ժամանակին, երբ իր ժողովուրդը պատրաստ է դրանք ըմբռնելու։

12-14. Ի՞նչ կապ կա Եզեկիելի տեսած տաճարի և Պողոսի նկարագրած հոգևոր տաճարի միջև (տես «Երկու տաճարներն ու դրանց տարբերությունները» շրջանակը)։

12 Այսպիսով՝ ի՞նչ կապ կա Եզեկիելի տեսած տաճարի և Պողոսի նկարագրած հոգևոր տաճարի միջև։ Ի մտի ունենանք, որ Պողոսն իր խոսքերը չի հիմնավորել՝ վկայակոչելով Եզեկիելի տեսիլքը, այլ մատնանշել է Մովսեսի օրերում կառուցված խորանը։ Ինչ խոսք, Պողոսը նշել է որոշ առանձնահատկությունների մասին, որոնք ունեին Սողոմոնի ու Զորաբաբելի տաճարները, ինչպես նաև Եզեկիելի տեսիլքի տաճարը։ Սակայն Եզեկիելն ու Պողոսը իրենց արձանագրություններում ընդհանուր առմամբ տարբեր բաների վրա են կենտրոնացել։ b Նրանք ոչ թե միևնույն բանի մասին են խոսել, այլ լրացրել են իրար։ Ինչպե՞ս։

13 Աստվածաշնչյան այդ երկու հատվածների միջև եղած կապը կարելի է հետևյալ կերպ հասկանալ. Պողոսի խոսքերից իմանում ենք երկրպագություն մատուցելու վերաբերյալ Եհովայի հաստատած կարգի մասին, իսկ Եզեկիելի խոսքերից իմանում ենք երկրպագություն մատուցելու վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշների մասին։ Բացատրելու համար, թե ինչ կարգ է Եհովան սահմանել մաքուր երկրպագություն մատուցելու համար, Պողոսը խոսում է հոգևոր տաճարին առնչվող որոշ բաների նշանակության մասին՝ հիշատակելով, օրինակ՝ քահանայապետի, զոհաբերությունների, զոհասեղանի և Սրբությունների Սրբության մասին։ Իսկ մաքուր երկրպագություն մատուցելու վերաբերյալ Եհովայի սահմանած բարձր չափանիշներն ընդգծելու համար Եզեկիելը մանրամասն նկարագրում է տեսիլքում տեսած տաճարը, ինչը մեծ ազդեցություն է գործում մեր մտքի ու սրտի վրա և շատ բաներ է սովորեցնում Եհովայի սահմանած չափանիշների մասին։

14 Ինչ խոսք, այս մտքերի վերաճշտված բացատրությունը Եզեկիելի տեսիլքը բոլորովին էլ պակաս արժեքավոր չի դարձնում մեզ համար։ Որպեսզի տեսնենք, թե ինչ դասեր կարող ենք քաղել այս տեսիլքի ուսումնասիրությունից, ուշադրություն դարձնենք, թե այն ինչ օգուտ է տվել Եզեկիելի օրերում և դրանից հետո ապրած հավատարիմ հրեաներին։

Տեսիլքն ի՞նչ նշանակություն ուներ հրեա գերիների համար

15. ա) Ո՞րն էր Եզեկիելի մարգարեական տեսիլքի բուն ասելիքը։ բ) Ի՞նչ երկու տարբեր բաների մասին է խոսվում Եզեկիել 8-րդ և 40-48-րդ գլուխներում։

15 Այս հարցի լիարժեք և սպառիչ պատասխանը գտնելու համար պետք է որոշ այլ հարցերի պատասխաններ իմանանք։ Նախ տեսնենք, թե որն էր տաճարի մասին մարգարեական տեսիլքի բուն ասելիքը. կարճ ասած՝ այն, որ մաքուր երկրպագությունը վերականգնվելու է։ Սա միանգամայն պարզ էր Եզեկիելի համար։ Նա արդեն գրի էր առել տեսիլքը, որում Եհովան պատկերավոր նկարագրել էր, թե Երուսաղեմի տաճարում ինչ սարսափելի բաներ էին կատարվում (այդ մասին կարդում ենք «Եզեկիել» գրքի 8-րդ գլխում)։ Այժմ Եզեկիելը հաճույքով գրի է առնում այն, ինչ կարդում ենք «Եզեկիել» գրքի 40-48 գլուխներում։ Այստեղ մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում. մաքուր երկրպագությունն ապականված չէ, այլ այնպիսին է, ինչպիսին որ պետք է լինի։ Վերջապես Եհովային փառահեղ երկրպագություն է մատուցվում Մովսիսական օրենքի համաձայն։

16. Եզեկիելի տեսիլքն ինչպե՞ս էր թիկունք կանգնում Եսայիայի ասած մարգարեությանը։

16 Եհովային մատուցվող երկրպագությունը պետք է արժանի դիրքում՝ բարձր դիրքում լինի։ Եզեկիելի օրերից ավելի քան մեկ դար առաջ Եսայիա մարգարեն Աստծու ներշնչմամբ գրել է. «Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է, ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր, բլուրներից բարձր կլինի» (Ես. 2։2)։ Եսայիան մարգարեացավ այն մասին, որ Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը վերականգնվելու և բարձրացվելու է՝ ասես դրվելով ամենաբարձր լեռան վրա։ Իսկ Եզեկիելը որտե՞ղ էր հայտնվել Աստծուց տրված տեսիլքում։ Նա հայտնվել էր «մի շատ բարձր լեռան վրա», որը գտնվում էր Եհովայի տան դիմաց (Եզեկ. 40։2)։ Այո՛, մաքուր երկրպագությունը վերականգնվելու էր, և Եզեկիելի տեսիլքը դա էր փաստում։

Եզեկիելի տեսած տաճարը մի բարձր լեռան վրա էր (տես պարբերություն 16)

17. Հակիրճ պատմիր «Եզեկիել» գրքի 40-48-րդ գլուխներում գրվածը։

17 Եկեք հակիրճ քննենք, թե Եզեկիելն ինչ տեսավ ու լսեց (Եզեկ. 40-48)։ Նա նայում էր, թե հրեշտակն ինչպես է չափում մուտքային շինությունները, պարիսպները, գավիթները և տաճարի սրբարանը (Եզեկ. 40-42)։ Այնուհետև մի զարմանահրաշ բան տեղի ունեցավ. Եհովան փառահեղ կերպով մուտք գործեց տաճար։ Աստված խրատեց իր անհնազանդ ժողովրդին, քահանաներին և իշխաններին (Եզեկ. 43։1-12; 44։10-31; 45։9-12)։ Ապա Եզեկիելը մի գետ տեսավ, որը բխում էր սրբարանից և թափվում Մեռյալ ծովը։ Գետը օրհնության աղբյուր էր, և ուր որ հոսում էր, այնտեղ կյանք էր լինում (Եզեկ. 47։1-12)։ Նա տեսավ նաև, որ երկիրը հստակ հատվածների էր բաժանված, և գրեթե կենտրոնում գտնվում էր տաճարը՝ մաքուր երկրպագության խորհրդանիշը (Եզեկ. 45։1-8; 47։13-48։35)։ Ի՞նչ էր այս ամենը նշանակում։ Եհովան վստահեցնում էր իր ժողովրդին, որ մաքուր երկրպագությունը վերականգնվելու է ու բարձրացվելու։ Իր ներկայությամբ Եհովան օրհնելու էր այն վայրը, որտեղ իրեն երկրպագություն էր մատուցվելու։ Նա տաճարից օրհնությունների գետ էր բխեցնելու, որը կենարար, բուժիչ և անդորրաբեր ազդեցություն էր ունենալու վերականգնված երկրում ապրող մարդկանց համար։

Եզեկիելին տաճարի մասին տեսիլքը ցույց տալով՝ Եհովան վստահեցրեց իր ժողովրդին, որ մաքուր երկրպագությունը վերականգնելու է (տես պարբերություն 17)

18. Արդյոք տեսիլքում նկարագրվածը պե՞տք է բառացի հասկանալ։ Բացատրիր։

18 Երկրորդ հարցը սա է. արդյոք տեսիլքում նկարագրվածը պե՞տք է բառացի հասկանալ։ Ո՛չ։ Հավանաբար, Եզեկիելն ու գերության մեջ գտնվող նրա հայրենակիցները, ում նա պատմեց իր տեսածը, միանգամից հասկացան, որ տեսիլքը պետք չէ բառացի ընկալել։ Ինչո՞ւ։ Հիշենք, որ Եզեկիելը տեսած տաճարը «մի շատ բարձր լեռան վրա» էր։ Իհարկե, այս նկարագրությունը համահունչ էր Եսայիայի մարգարեության նկարագրությանը, սակայն այն չէր համապատասխանում տաճարի փաստացի տեղանքին։ Սողոմոնի տաճարը գտնվում էր Երուսաղեմի Մորիա լեռան վրա, և հենց այնտեղ պետք է այն մի օր վերակառուցվեր։ Բայց արդյո՞ք այն «շատ բարձր լեռ» էր։ Իրականում ոչ։ Մորիա լեռը շրջապատված է նույն բարձրության կամ ավելի բարձր լեռներով։ Բացի այդ՝ Եզեկիելի տեսած տաճարի համալիրը ահռելի էր և պարզապես չէր տեղավորվի Մորիա լեռան վրա։ Այն անգամ ավելի մեծ էր, քան Երուսաղեմ քաղաքը Սողոմոնի օրոք։ Գերության մեջ գտնվող հրեաները իհարկե չէին ակնկալում, որ բառացի գետ կհոսի տաճարի սրբարանից ու կթափվի Մեռյալ ծովը՝ բուժելով դրա անկենդան ջրերը։ Եվ ի վերջո, Խոստացված երկրի լեռնային տեղանքի պատճառով հնարավոր չէր ուղիղ զուգահեռ սահմաններ գծել ցեղերի միջև։ Այսպիսով՝ այս ամենը խոսում էր այն մասին, որ տեսիլքը պետք չէ բառացի հասկանալ։

19-21. Եհովան ուզում էր, որ Եզեկիելի տեսիլքը ի՞նչ ազդեցություն գործեր ժողովրդի վրա, և այն ինչո՞ւ պետք է հրեաների վրա նման ազդեցություն ունենար։

19 Երրորդ հարցն այն է, թե այդ տեսիլքն ինչ ազդեցություն պետք է ունենար Եզեկիելին լսողների վրա։ Մտածելով մաքուր երկրպագության համար Եհովայի սահմանած վեհ չափանիշների մասին՝ մարդիկ պետք է ամոթ զգային։ Եհովան Եզեկիելին ասաց, որ «իսրայելացիներին նկարագրի տաճարը»։ Տաճարի նկարագրությունը այնքան մանրամասն պետք է լիներ, որ իսրայելացիները, ըստ էության, կարողանային «ուսումնասիրել դրա նախագիծը»։ Ինչո՞ւ պիտի նրանք խորհեին այդ տաճարի մասին։ Ինչպես տեսանք, նրանցից չէր ակնկալվում կառուցել այն։ Նրանք պիտի խորհեին, որպեսզի «ամաչեին իրենց մեղքերի համար» (կարդա Եզեկիել 43։10-12

20 Այս տեսիլքն ինչո՞ւ կարող էր շարժել ազնվասիրտ մարդկանց խիղճը և ամոթի զգացում առաջացնել նրանց մեջ։ Նկատի առնենք, թե Աստված Եզեկիելին ինչ ասաց. «Մարդո՛ւ որդի, նայիր և ուշիուշով լսիր։ Ուշադրություն դարձրու այն ամենին, ինչ քեզ կասեմ Եհովայի տաճարին առնչվող բոլոր կանոնների և օրենքների մասին» (Եզեկ. 44։5)։ Եզեկիելը նորից ու նորից լսում էր կանոնների ու օրենքների մասին (Եզեկ. 43։11, 12; 44։24; 46։14)։ Եհովան մարգարեին հաճախ նաև հիշեցնում էր իր սահմանած չափանիշների, անգամ երկարության ու քաշի չափման միավորների չափօրինակի մասին (Եզեկ. 40։5; 45։10-12, համեմատիր Առակներ 16։11)։ Իզուր չէ, որ այս տեսիլքը նկարագրելիս Եզեկիելը ավելի քան 50 անգամ օգտագործել է «չափել» և «չափս» թարգմանված բնագրային բառերը։

21 Չափսեր, կշիռներ, օրենքներ, կանոններ. ի՞նչ էր Եհովան ուզում ասել իր ժողովրդին։ Ըստ ամենայնի, նա շատ ազդեցիկ կերպով ցանկանում էր նրանց հիշեցնել հետևյալ կարևոր ճշմարտությունը. միայն Եհովան է սահմանում մաքուր երկրպագության վերաբերյալ չափանիշները։ Նրանք, ովքեր չէին համապատասխանում այդ չափանիշներին, պետք է ամաչեին։ Հաջորդ գլխում կիմանանք, թե հրեաները ինչ սովորեցին այդ տեսիլքից։ Կիմանանք նաև, թե այն ինչով է օգտակար մեզ համար։

Տաճարի մասին տեսիլքն ինչո՞ւ էր ամաչեցնելու ազնվասիրտ մարդկանց (տես պարբերություններ 19-21)

a Հոգևոր տաճարը Եհովայի հաստատած կառույցն է, որի միջոցով Հիսուսի քավիչ զոհի հիման վրա կարող ենք մաքուր երկրպագություն մատուցել Նրան։ Ըստ ամենայնի, այն հաստատվել է մ.թ. 29 թ.-ին։

b Օրինակ՝ Պողոսը ուշադրությունը կենտրոնացրել է քահանայապետի ու Քավության օրվա ընթացքում նրա ունեցած դերի վրա (Եբր. 2։17; 3։1; 4։14-16; 5։1-10; 7։1-17, 26-28; 8։1-6; 9։6-28)։ Սակայն Եզեկիելի տեսիլքում չի խոսվում ո՛չ քահանայապետի, ո՛չ էլ Քավության օրվա մասին։