Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիս

«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիս

1. Ի՞նչ նենգ ծուղակի մեջ են հեշտությամբ ընկնում մարդիկ։

 «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մեջ նենգ ծուղակ է թաքնված»։ Այս խոսքերը, որ ասել է 19-րդ դարում ապրած մի բանաստեղծ, ուշադրություն են հրավիրում թաքնված մի վտանգի՝ իշխանության, կամ՝ զորության չարաշահման վրա։ Ցավոք, անկատար մարդը հեշտությամբ է ընկնում այդ ծուղակը։ Ողջ պատմության ընթացքում «մարդը մարդու վրա իշխել է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Երբ իշխանությունը առանց սիրո է գործադրվում, անասելի տառապանքներ է պատճառում մարդկությանը։

2, 3. ա) Ի՞նչն է ապշեցուցիչ Եհովայի կողմից զորության գործադրման առնչությամբ։ բ) Ինչո՞ւմ կարող է դրսևորվել մեր զորությունը, և ինչպե՞ս պետք է այն գործադրենք։

2 Մի՞թե ապշեցուցիչ չէ, որ անսպառ զորության տեր Եհովա Աստված երբեք չի չարաշահում իր ուժը։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածներից, արարելու, կործանելու, պաշտպանելու և վերականգնելու իր զորությունը նա միշտ գործադրում է իր սիրառատ նպատակներին ներդաշնակ։ Երբ խորհում ենք, թե ինչպես է Աստված գործի դնում այն, մեր մեջ ցանկություն է առաջանում մտերմանալ նրա հետ։ Դա կարող է մեզ մղել, որ զորություն գործադրելիս «ընդօրինակենք Աստծուն» (Եփեսացիներ 5։1)։ Իսկ ի՞նչ զորություն ունենք մենք՝ չնչին մարդ արարածներս։

3 Հիշիր, որ մարդը ստեղծված է «Աստծու պատկերով» (Ծննդոց 1։26, 27)։ Հետևաբար մենք նույնպես զորություն ունենք, թեև այն սահմանափակ է։ Այն դրսևորվում է որևէ աշխատանք անելու կարողության, իշխանություն ունենալու, ուրիշների, հատկապես մեզ սիրողների վրա ազդեցություն ունենալու մեջ։ Մենք նաև ֆիզիկական ուժ կամ նյութական միջոցներ ունենք։ Ահա թե ինչ է ասում սաղմոսերգուն Եհովայի վերաբերյալ. «Կյանքի աղբյուրը քեզ մոտ է» (Սաղմոս 36։9)։ Այստեղից հետևում է, որ ուղղակիորեն թե անուղղակի կերպով Աստված է զորության բոլոր այն տեսակների Աղբյուրը, որ մենք ունենք։ Ուստի մենք ցանկանում ենք գործադրել այն նրան հաճելի կերպով։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

Բանալին սերն է

4, 5. ա) Ո՞րն է զորությունը ճիշտ կերպով գործադրելու բանալին, և դա ինչպե՞ս է երևում Աստծու օրինակից։ բ) Ինչպե՞ս սերը կօգնի, որ ճիշտ կերպով գործադրենք մեր զորությունը։

4 Զորությունը ճիշտ գործադրելու բանալին սերն է։ Չէ՞ որ դա հենց Աստծու օրինակից է երևում։ Հիշո՞ւմ ես՝ այս գրքի առաջին գլխում քննեցինք Աստծու չորս հիմնական հատկությունները՝ զորությունը, արդարությունը, իմաստությունը, սերը։ Այդ չորսից ո՞րն էր գլխավորը։ Սերը։ «Աստված սեր է»,— ասվում է 1 Հովհաննես 4։8-ում։ Այո՛, սերը Եհովայի բուն էությունն է. այն անդրադառնում է նրա բոլոր գործերի վրա։ Ուստի նրա զորության դրսևորումներից յուրաքանչյուրի հիմքում ընկած է սերը, և նրա զորությունը օգուտ է բերում բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան։

5 Սերը կօգնի, որ մենք նույնպես ճիշտ կերպով գործադրենք մեր զորությունը։ Աստվածաշունչն ասում է, որ սերը «բարի» է և «իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Ուստի այն թույլ չի տա, որ գործենք կոպտորեն ու դաժանորեն նրանց հանդեպ, ում վրա որոշ չափով իշխանություն ունենք։ Փոխարենը՝ մենք արժանապատվությամբ կվերաբերվենք ուրիշներին, առաջին հերթին նրանց կարիքներն ու զգացմունքները հաշվի կառնենք և հետո՝ մերը (Փիլիպպեցիներ 2։3, 4

6, 7. ա) Ի՞նչ է աստվածավախությունը, և ինչո՞ւ այս հատկությունը կօգնի մեզ, որ խուսափենք իշխանությունը չարաշահելուց։ բ) Օրինակով ցույց տուր, թե ինչ կապ գոյություն ունի Աստծուն տհաճեցնելու վախի և նրան սիրելու միջև։

6 Սերը կապ ունի մեկ ուրիշ հատկության հետ ևս, որը կարող է օգնել մեզ խուսափելու իշխանությունը չարաշահելուց. դա աստվածավախությունն է։ Որքանո՞վ է արժեքավոր այս հատկությունը։ «Եհովայի հանդեպ վախը մարդուն հեռու է պահում չարից»,— ասվում է Առակներ 16։6-ում։ Իշխանությունը չարաշահելն, անկասկած, այն չար գործերից է, որից պետք է հեռու մնանք։ Աստվածավախությունը թույլ չի տա մեզ սխալ կերպով վարվել այն մարդկանց հետ, ովքեր գտնվում են մեր ենթակայության տակ։ Ինչո՞ւ։ Մենք գիտենք, որ պատասխանատու ենք Եհովայի առջև այն հարցում, թե ինչպես ենք վերաբերվում նրանց (Նեեմիա 5։1-7, 15)։ Բայց աստվածավախությունը ավելին է ներառում։ «Վախ» թարգմանված բառի համար գործածվող բնագրային բառերը հաճախ մատնանշում են խոր ակնածանք ու երկյուղածություն Աստծու հանդեպ։ Այսպիսով՝ Աստվածաշունչը վախը կապում է Եհովայի հանդեպ սիրո հետ (2 Օրենք 10։12, 13)։ Այս խոր երկյուղածությունը ներառում է նաև Աստծուն տհաճություն պատճառելու նկատմամբ առողջ վախ. վախ ոչ թե զուտ այն բանի համար, որ վախենում ենք հետևանքներից, այլ որ իսկապես սիրում ենք Եհովային։

7 Խորհիր հետևյալ օրինակի շուրջ. փոքրիկ տղան ու իր հայրը լավ փոխհարաբերություններ ունեն։ Որդին տեսնում է, որ հայրը ջերմությամբ ու սիրով հոգ է տանում իր մասին։ Միևնույն ժամանակ նա գիտի, թե ինչ է հայրը պահանջում իրենից։ Երեխան գիտի նաև, որ եթե իրեն ճիշտ չպահի, հայրն իրեն կպատժի։ Բայց նա չի սարսափում հորից։ Ընդհակառակը՝ անչափ սիրում է նրան։ Երեխան ուրախությամբ է անում այն ամենը, ինչը հաճելի է իր հորը։ Պարագան նույնն է նաև աստվածավախության դեպքում։ Քանի որ սիրում ենք Եհովային՝ մեր երկնային Հորը, վախենում ենք այնպիսի բան անելուց, ինչի պատճառով նա «ցավ կզգա իր սրտում» (Ծննդոց 6։6)։ Հակառակը՝ մենք փափագում ենք ուրախացնել նրա սիրտը (Առակներ 27։11)։ Ահա թե ինչու ենք ցանկանում ճիշտ կերպով գործադրել մեր զորությունը։ Փորձենք պարզել, թե ինչպես կարող ենք դա անել։

Ընտանիքում

8. ա) Ամուսինը ի՞նչ իշխանություն ունի ընտանիքում և ինչպե՞ս պետք է այն գործադրի։ բ) Ամուսինը ինչպե՞ս կարող է ցույց տալ, որ պատվում է իր կնոջը։

8 Նախ խոսենք իշխանությունը ընտանիքում գործադրելու մասին։ «Ամուսինը իր կնոջ գլուխն է»,— ասվում է Եփեսացիներ 5։23-ում։ Ինչպե՞ս պետք է ամուսինը դրսևորի Աստծու կողմից իրեն տրված այս իշխանությունը։ Աստվածաշնչում ասվում է, որ ամուսինները իրենց կանանց հետ բնակվեն՝ «ձգտելով հասկանալ նրանց, և պատիվ տալով կանանց որպես ավելի փխրուն անոթի» (1 Պետրոս 3։7)։ «Պատիվ» թարգմանված հունարեն բառը նշանակում է «գին, արժեք.... հարգանք»։ Այս բառի ածանցված ձևերը թարգմանվել են «նվերներ» և «թանկարժեք» բառերով (Գործեր 28։10; 1 Պետրոս 2։7)։ Իր կնոջը պատվող ամուսինը երբեք ձեռք չի բարձրացնի նրա վրա, ոչ էլ կնվաստացնի ու կստորացնի կնոջը՝ թերարժեքության զգացում առաջացնելով նրա մեջ։ Ընդհակառակը՝ նա կգնահատի կնոջը և հարգանքով կվերաբերվի նրան։ Ուրիշների ներկայությամբ թե առանձին նա խոսքով ու գործով ցույց կտա, որ իր կինը շատ թանկ է իր համար (Առակներ 31։28)։ Այդպիսի ամուսինը կշահի ոչ միայն իր կնոջ սերն ու հարգանքը, այլև Աստծու հավանությունը, որն ավելի կարևոր է։

Ամուսինն ու կինը ճիշտ կերպով են գործի դնում իրենց իշխանությունը, երբ միմյանց վերաբերվում են սիրով ու հարգանքով

9. ա) Ի՞նչ իշխանություն ունեն կանայք ընտանիքում։ բ) Ի՞նչը կօգնի կնոջը, որ իր ունակությունները գործի դնի ամուսնուն աջակցելու նպատակով, և դա ի՞նչ արդյունքներ կբերի։

9 Ընտանիքում կինը նույնպես որոշ իշխանություն ունի։ Աստվածաշունչը հիշատակում է աստվածավախ կանանց, որոնք գլխավորության սկզբունքի սահմաններում փորձում էին դրական ազդեցություն գործել իրենց ամուսինների վրա կամ օգնել նրանց խուսափել սխալ որոշումներից (Ծննդոց 21։9-12; 27։46-28։2)։ Հնարավոր է, որ կինը ավելի սուր միտք ունենա, քան ամուսինը։ Կամ գուցե նա այնպիսի ունակություններ ունենա, որ ամուսինը չունի։ Չնայած դրան՝ նա պետք է «խոր հարգանք» տածի իր ամուսնու հանդեպ ու «հնազանդվի» նրան, «ինչպես Տիրոջը» (Եփեսացիներ 5։22, 33)։ Աստծուն գոհացնելու մասին մտածելը կօգնի կնոջը, որ իր ունակությունները գործի դնի ամուսնուն աջակցելու և ոչ թե նվաստացնելու կամ նրա վրա իշխելու նպատակով։ Այսպիսի «իմաստուն կինը» համագործակցում է իր ամուսնու հետ՝ ընտանիքը կերտելու համար, ինչի շնորհիվ խաղաղություն է պահպանում Աստծու հետ (Առակներ 14։1

10. ա) Ի՞նչ իշխանությամբ է Աստված օժտել ծնողներին։ բ) Ի՞նչ է նշանակում «խրատ» բառը, և ինչպե՞ս այն պետք է տրվի (տես նաև ծանոթագրությունը)։

10 Ծնողները նույնպես ունեն իշխանություն, որով նրանց օժտել է Եհովան։ Բայց Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։ Աստվածաշնչում «խրատ» բառը կարող է նշանակել «դաստիարակություն, ուսուցում, խորհուրդ»։ Երեխաները խրատի կարիք ունեն. խրատը նպաստում է նրանց հաջողությանն ու երջանկությանը։ Նրանք կարիք ունեն հստակ առաջնորդության, ինչպես նաև սովորելու, որ չպետք է անցնել թույլատրելիի սահմանը։ Աստվածաշնչում նման խրատը, կամ՝ ուսուցումը, կապվում է սիրո հետ (Առակներ 13։24)։ Ուստի «խրատի գավազանը» չպետք է զգացական կամ ֆիզիկական առումով վնասի երեխային (Առակներ 22։15; 29։15 a Երբ ծնողը երեխային խրատում է կոպտորեն՝ առանց սիրո, նա չարաշահում է իր իշխանությունը և կարող է կոտրել երեխայի ոգին (Կողոսացիներ 3։21)։ Իսկ ճիշտ ձևով տրվող, հավասարակշռված խրատի շնորհիվ երեխան զգում է, որ ծնողները սիրում են իրեն ու մտահոգված են այն բանով, թե ինչպիսի անձնավորություն նա կդառնա։

11. Երեխաները ինչպե՞ս կարող են ճիշտ կերպով օգտագործել իրենց ուժը։

11 Իսկ ի՞նչ կարելի է ասել երեխաների մասին։ Նրանք ինչպե՞ս կարող են ճիշտ կերպով օգտագործել իրենց ուժը։ «Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է»,— ասվում է Առակներ 20։29-ում։ Անկասկած, պատանու համար իր ուժն ու եռանդը ներդնելու ավելի լավ ձև չկա, քան «Մեծ Արարչին» ծառայելը (Ժողովող 12։1)։ Պատանիները պետք է հիշեն, որ իրենց արարքները կարող են ազդել ծնողների զգացմունքների վրա (Առակներ 23։24, 25)։ Երբ երեխաները հնազանդվում են իրենց աստվածավախ ծնողներին և ճիշտ ուղի են բռնում, ուրախացնում են նրանց սիրտը (Եփեսացիներ 6։1)։ Նման վարքը «հաճելի է Տիրոջը» (Կողոսացիներ 3։20

Ժողովում

12, 13. ա) Երեցները ի՞նչ կարծիք պետք է ունենան ժողովում ունեցած իրենց իշխանության վերաբերյալ։ բ) Օրինակով ցույց տուր, թե ինչու երեցները պետք է Աստծու հոտին վերաբերվեն մեղմությամբ։

12 Ժողովը առաջնորդելու համար Եհովան վերակացուներ է նշանակել (Եբրայեցիներ 13։17)։ Այս փորձառու տղամարդիկ իրենց աստվածաշնորհ իշխանությունը գործադրում են անհրաժեշտ օգնություն ցույց տալու, ինչպես նաև հոտի բարօրությանը նպաստելու նպատակով։ Իսկ երեց լինելը հավատակիցների վրա իշխելու իրավունք տալի՞ս է արդյոք։ Ամենևի՛ն։ Ժողովում կատարած իրենց դերի մասին երեցները պետք է խոնարհ ու հավասարակշռված տեսակետ ունենան (1 Պետրոս 5։2, 3)։ Աստվածաշունչը վերակացուներին պատվիրում է հովվել Աստծու ժողովը, որը «նա գնեց իր Որդու արյունով» (Գործեր 20։28)։ Սա լուրջ հիմք է, թե ինչու է հարկավոր հոտի յուրաքանչյուր անդամին մեղմությամբ վերաբերվել։

13 Պարզաբանելու համար քննենք մի օրինակ։ Մտերիմ ընկերդ թանկարժեք իր է վստահում քեզ։ Դու գիտես, որ նա մեծ գումար է վճարել այն գնելու համար։ Մի՞թե զգուշությամբ ու մեծ հոգատարությամբ չես վերաբերվի դրան։ Նմանապես Աստված երեցներին պատասխանատու գործ է վստահել՝ նրանց խնամքին է հանձնել իսկապես թանկագին մի բան՝ ժողովը, որի անդամները նմանեցվում են գառնուկների (Հովհաննես 21։16, 17)։ Եհովայի գառնուկները իր համար շատ թանկ են, այնքան թանկ, որ նա գնել է նրանց իր միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի թանկագին արյամբ։ Ավելի բարձր գին Եհովան չէր կարող վճարել։ Խոնարհ երեցները միշտ մտքում պահում են դա ու Եհովայի գառնուկների հետ սիրով են վարվում։

«Լեզվի իշխանությունը»

14. Ի՞նչ իշխանություն ունի լեզուն։

14 «Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են»,— ասում է Աստվածաշունչը (Առակներ 18։21)։ Եվ իրոք, լեզուն մեծ վնասներ կարող է հասցնել։ Մեզանից ո՞վ չի զգացել այն խոր ցավը, որ պատճառում է անմտածված կամ նսեմացնող խոսքը։ Բայց լեզուն նաև բժշկելու զորություն ունի։ «Իմաստունների լեզուն բուժում է»,— ասվում է Առակներ 12։18-ում։ Այո՛, քաջալերական, առողջ խոսքերը սրտի համար կարող են հանգստացնող, բուժիչ բալասանի նման լինել։ Ահա մի քանի օրինակ։

15, 16. Ինչպե՞ս կարող ենք գործածել մեր լեզուն, որ քաջալերենք ուրիշներին։

15 «Սփոփեք վհատված հոգիներին»,— քաջալերում է 1 Թեսաղոնիկեցիներ 5։14-ը։ Այո՛, նույնիսկ Եհովայի հավատարիմ ծառաները երբեմն ստիպված են լինում պայքարել դեպրեսիայի դեմ։ Ինչպե՞ս կարելի է օգնել այդպիսի մարդկանց։ Անկեղծորեն գովիր նրանց ինչ-որ կոնկրետ բանի համար և օգնիր տեսնելու, որ իրենք մեծ արժեք ունեն Եհովայի աչքում։ Նրանց համար կարդա աստվածաշնչյան մխիթարական համարներ և ցույց տուր, որ Աստված իսկապես հոգ է տանում ու սիրում է այն անհատներին, ովքեր «սրտով կոտրված են և ոգով փշրված» (Սաղմոս 34։18)։ Երբ մեր լեզվի զորությունը գործի ենք դնում ուրիշներին մխիթարելու համար, ցույց ենք տալիս, որ ընդօրինակում ենք մեր կարեկից Աստծուն, որը «մխիթարում է վհատվածներին» (2 Կորնթացիներ 7։6

16 Լեզվի իշխանությունը կարող ենք գործի դնել նաև ուրիշներին քաջալերելու նպատակով, որը շատ անհրաժեշտ է։ Մեր հավատակիցը հարազա՞տ է կորցրել։ Կարեկցանքով ասված խոսքերը, որ կարտահայտեն մեր հոգատարությունն ու մտահոգությունը, կմխիթարեն վշտացած սիրտը։ Տարեց եղբայրը կամ քույրը այն զգացումն ունի, թե ոչ մեկին պետք չէ՞։ Իմաստուն լեզուն կվստահեցնի նրան, որ թանկ է ու սիրված։ Ինչ-որ մեկը տառապում է քրոնիկ հիվանդությա՞մբ։ Հեռախոսով, նամակով կամ տեսակցության ժամանակ ասված բարի խոսքերը կբարձրացնեն նրա տրամադրությունը։ Որքա՜ն հաճելի է Աստծուն, երբ խոսելու մեր պարգևը գործի ենք դնում այնպիսի բաներ ասելու նպատակով, որ բարի են «կերտելու համար» (Եփեսացիներ 4։29

17. Ի՞նչ կարևոր ձևով կարող ենք գործածել մեր լեզուն ուրիշներին օգուտ բերելու համար և ինչո՞ւ։

17 Չկա մեր լեզվի իշխանությունը գործի դնելու ավելի կարևոր ձև, քան Աստծու Թագավորության բարի լուրը ուրիշներին պատմելը։ «Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու»,— ասվում է Առակներ 3։27-ում։ Մեր պարտքն է՝ պատմել ուրիշներին կյանքեր փրկող բարի լուրը։ Ճիշտ չի լինի մեր մեջ պահել այն հրատապ տեղեկությունը, որ Եհովան, առատաձեռնություն դրսևորելով, հայտնել է մեզ (1 Կորնթացիներ 9։16, 22)։ Սակայն Եհովան ի՞նչ չափով է ակնկալում, որ մասնակցենք այս գործին։

Բարի լուրի քարոզչությունը մեր զորությունը գործադրելու լավագույն ձևն է

Ծառայենք Եհովային մեր «ամբողջ զորությամբ»

18. Եհովան ի՞նչ է ակնկալում մեզանից։

18 Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ լիարժեք կերպով մասնակցելու ծառայությանը։ Այս առումով ի՞նչ է մեզանից ակնկալում Աստված։ Մի բան, որ անկախ մեր հանգամանքներից՝ բոլորս էլ կարող ենք տալ։ «Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար և ոչ թե մարդկանց» (Կողոսացիներ 3։23)։ Ամենամեծ պատվիրանի մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկոս 12։30)։ Այո՛, Եհովան ակնկալում է, որ մեզանից յուրաքանչյուրը սիրի ու ծառայի իրեն ամբողջ հոգով։

19, 20. ա) Քանի որ հոգին ներառում է սիրտը, միտքը և ուժը, ինչո՞ւ են դրանք առանձին նշվում Մարկոս 12։30-ում։ բ) Ի՞նչ է նշանակում ծառայել Եհովային ամբողջ հոգով։

19 Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն ամբողջ հոգով։ «Հոգի» բառը վերաբերում է անհատին ամբողջապես՝ իր մտավոր ու ֆիզիկական բոլոր կարողություններով հանդերձ։ Բայց եթե հոգին ներառում է սիրտը, միտքը և ուժերը, ինչո՞ւ են դրանք առանձին նշվում Մարկոս 12։30-ում։ Խորհիր հետևյալ օրինակի շուրջ։ Աստվածաշնչյան ժամանակներում մարդը կարող էր ինքն իրեն (իր հոգին) վաճառել ստրկության։ Սակայն ստրուկը գուցե չծառայեր իր տիրոջը ողջ սրտով. նա գուցե չցանկանար իր բոլոր ուժերն ու մտավոր կարողությունները գործի դնել՝ ի նպաստ տիրոջ շահերի (Կողոսացիներ 3։22)։ Ուստի Հիսուսը, ամենայն հավանականությամբ, մնացած կարողությունները նշեց՝ ընդգծելու համար այն միտքը, որ Եհովային ծառայելիս մենք ոչինչ չպետք է խնայենք։ Աստծուն ամբողջ հոգով ծառայել նշանակում է անձը տրամադրել, այսինքն՝ նրան ծառայելիս հնարավորության սահմաններում լավագույն ձևով գործի դնել ուժն ու եռանդը։

20 Ամբողջ հոգով ծառայելը նշանակո՞ւմ է արդյոք, թե բոլորս էլ պետք է նույն չափով ժամանակ ու եռանդ տրամադրենք ծառայությանը։ Դժվար թե դա հնարավոր լինի, քանի որ մարդկանց հանգամանքներն ու կարողությունները տարբեր են։ Օրինակ՝ առողջ ու եռանդուն երիտասարդը գուցե կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչությանը, քան նա, ում ուժերը տարիքի հետ պակասում են։ Ամուրի անհատը, որը չունի ընտանեկան պարտականություններ, թերևս ավելի շատ բան կարողանա անել, քան նա, ով հոգ է տանում իր ընտանիքին։ Մենք պետք է շնորհակալ լինենք, որ մեր ուժերն ու հանգամանքները թույլ են տալիս ավելին անելու ծառայության մեջ։ Ինչ խոսք, մենք երբեք չենք ցանկանա քննադատական ոգի դրսևորել՝ մեզ ուրիշների հետ համեմատելով (Հռոմեացիներ 14։10-12)։ Ընդհակառակը՝ ցանկանում ենք մեր ուժերը գործի դնել ուրիշներին քաջալերելու համար։

21. Ո՞րն է մեր զորությունը գործադրելու լավագույն և կարևոր ձևը։

21 Եհովան կատարյալ օրինակ է թողել իր զորությունն ու իշխանությունը ճիշտ կերպով գործի դնելու հարցում։ Մենք ցանկանում ենք լավագույն կերպով ընդօրինակել նրան անկատար մարդու հնարավորությունների սահմաններում։ Մենք կարող ենք ճիշտ ձևով գործի դնել մեր ուժը՝ արժանապատվությամբ վերաբերվելով նրանց, ում վրա որոշ չափով իշխանություն ունենք։ Բացի այդ՝ մենք ցանկանում ենք ամբողջ հոգով կատարել կյանքեր փրկող քարոզչական ծառայությունը, որը Եհովան պատվիրել է անել (Հռոմեացիներ 10։13, 14)։ Հիշիր. Աստծուն հաճելի է, երբ դու (քո հոգին) հնարավորություններիդ սահմաններում տալիս ես քո լավագույնը։ Մի՞թե սրտումդ ցանկություն չի առաջանում հնարավոր ամեն բան անելու այսպիսի հասկացող ու սիրառատ Աստծուն ծառայելու համար։ Զորությունը գործադրելու ավելի լավ ու կարևոր ձև չկա։

a Աստվածաշնչյան ժամանակներում «գավազան» թարգմանված եբրայերեն բառը նշանակում էր «փայտ», «ցուպ», որն օգտագործում էր հովիվը՝ իր ոչխարներին հովվելու համար (Սաղմոս 23։4)։ Այդ պատճառով ծնողների իշխանությունը խորհրդանշող «գավազանը» ունի սիրով տրվող առաջնորդության և ոչ թե կոպտորեն կամ դաժանորեն պատժելու իմաստ։