Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑ 6

Ինչպե՞ս դիմադրեմ հասակակիցներիս ճնշմանը

Ինչպե՞ս դիմադրեմ հասակակիցներիս ճնշմանը

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Երբ կարողանում ես պաշտպանել ինքդ քեզ, դու ես վերահսկում քո կյանքը, ոչ թե ուրիշները։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Էդգարին մոտենում են նրա երկու դասարանցիները։ Նրա սիրտը սկսում է արագ բաբախել։ Այս շաբաթ արդեն երկու անգամ փորձել են ստիպել նրան, որ ծխի։ Սա երրորդ փորձն է։

Տղաներից մեկն ասում է.

— Հը, միտքդ չե՞ս փոխել։ Գոնե մի հատ փորձիր, զարգացիր։

Նա աչքով է անում և ձեռքը գրպանը տանելով՝ ինչ-որ բան է հանում ու մեկնում Էդգարին։

Էդգարը տեսնում է, որ տղայի մատների արանքում ծխախոտ կա։ Նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել։

— Կներես, բայց ես արդեն ասել եմ քեզ, որ չեմ...,— ասում է Էդգարը։

— Այդքան վախկո՞տ ես,— ասում է մյուս տղան։

— Չէ՛, ես վախկոտ չեմ,— քաջություն հավաքելով՝ պատասխանում է Էդգարը։

Այս անգամ տղան ձեռքը գցում է Էդգարի ուսին և մեղմորեն ասում. — Մի հատ փորձիր։

Առաջին տղան ծխախոտը մոտեցնում է Էդգարին ու շշուկով ասում. — Ոչ ոքի չենք ասի, ոչ ոք չի իմանա։

Եթե դու լինեիր Էդգարի փոխարեն, ի՞նչ կպատասխանեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Էդգարի հասակակիցները իրականում հասկանո՞ւմ են՝ ինչ են անում։ Դա իրե՞նց որոշումն է։ Դժվար թե։ Ըստ երևույթին, նրանք ուրիշների ազդեցության տակ են ընկել։ Նրանք ուզում են ընդունված լինել շրջապատում, այդ պատճառով վարվում են ուրիշների թելադրանքով։

Եթե նման իրավիճակում լինեիր, ի՞նչ կանեիր հասակակիցներիդ ճնշմանը դիմադրելու համար։

  1. ՆԱԽԱՊԵՍ ՏԵՍ ՎՏԱՆԳԸ

    Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

    Հաճախ վտանգը կարելի է նախապես տեսնել։ Օրինակ՝ տեսնում ես, որ հեռվում դասընկերներդ կանգնած ծխում են։ Կանխատեսելով վտանգը՝ պատրաստ կլինես դիմադրելու։

  2. ՄՏԱԾԻՐ

    Աստվածաշունչն ասում է. «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16

    Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ կզգամ, եթե հետևեմ մեծամասնությանը»։ Ճիշտ է, գուցե ժամանակավորապես ունենաս հասակակիցներիդ հավանությունը, բայց ի՞նչ կզգաս հետո։ Կցանկանա՞ս դեմ գնալ քո սկզբունքներին, միայն թե հաճեցնես դասարանցիներիդ (Ելք 23։2

  3. ՈՐՈՇԻՐ

    Աստվածաշունչն ասում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15

    Վաղ թե ուշ մենք պետք է ընտրություն անենք և կրենք մեր կայացրած որոշումների հետևանքները։ Աստվածաշունչը պատմում է Հովսեփի, Հոբի և Հիսուսի նման մարդկանց մասին, որոնք ճիշտ ընտրություն արեցին։ Այն պատմում է նաև Կայենի, Եսավի և Հուդայի մասին, որոնք սխալ ընտրություն արեցին։ Իսկ ի՞նչ ընտրություն կանես դու։

Աստվածաշունչն ասում է. «Հավատարմությամբ գործիր» (Սաղմոս 37։3)։ Եթե դու նախօրոք մտածել ես հետևանքների մասին և որոշում ես կայացրել, ապա քո դիրքորոշման մասին հայտնելը կարող է զարմանալիորեն հեշտ լինել, և ի վերջո դա օգուտ կբերի քեզ։

Մի՛ անհանգստացիր, կարիք չկա հասակակիցներիդ գլխին դասախոսություն կարդալու։ Պարզ, բայց հաստատակամ «Ո՛Չ»-ը թերևս բավարար լինի։ Կամ որպեսզի հստակ ցույց տաս քո որոշումը, կարող ես ասել.

  • — Ես այդ գործում չկամ։

  • — Ասացի՝ ո՛չ։

  • — Դու գիտես, որ ես չեմ ծխում։

Գաղտնիքը հետևյալն է. պատասխանիր առանց հապաղելու և համոզվածությամբ։ Եթե այդպես վարվես, գուցե զարմանաս՝ տեսնելով, թե որքան արագ կնահանջեն քեզ համոզողները։

ԵԹԵ ՔԵԶ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ

Եթե տեղի տաս հասակակիցներիդ ճնշմանը, նրանց ձեռքում խաղալիք կդառնաս

Ի՞նչ կարող ես անել, եթե հասակակիցներդ ծաղրում են քեզ ու ասում՝ վախկո՛տ։ Հիշիր. դա ճնշում բանեցնելու տարածված ձև է։ Ինչպե՞ս կարող ես արձագանքել։ Դու ունես առնվազն երկու տարբերակ։

  • Կարող ես կուլ տալ ծաղրանքը՝ ասելով. «Այո՛, ճիշտ եք, ես վախենում եմ»։ Հետո կարճ բացատրել, թե ինչու։

  • Կարող ես այնպիսի պատասխան տալ, որ նրանք փակուղու առաջ կանգնեն։ Բացատրիր, թե ինչու ես հրաժարվում, ապա դիմիր նրանց տրամաբանությանը և ասա. «Ես իմ առողջության մասին եմ մտածում»։

Եթե դասընկերներդ շարունակեն ծաղրել քեզ, հեռացիր։ Որքան երկար մնաս, այնքան ճնշումն ավելի ուժգին կլինի։ Եթե հեռանաս էլ, հիշիր, որ դու հաղթանակած դուրս եկար և չպարեցիր հասակակիցներիդ դուդուկի տակ։

Ինչ խոսք, անհնար է ամբողջությամբ խուսափել հասակակիցների ճնշումից։ Բայց դու կարող ես ամուր կառչել քո համոզմունքներից, ցույց տալ քո դիրքորոշումը և վերահսկել իրավիճակը։ Ի վերջո, ընտրությունը քո՛նն է (Հեսու 24։15