Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 39

Աստված հիշեց իր Որդուն

Աստված հիշեց իր Որդուն

Հիսուսն արտասվեց, երբ մահացավ իր ընկեր Ղազարոսը։ Հապա ի՞նչ էր զգում Եհովան՝ տեսնելով իր Որդու տանջալից մահը։ ~ Աստվածաշնչից տեղեկանում ենք, թե որոշակի առիթներով ինչպես է Աստված դառնացել ու վշտացել (Սաղմոս 78։40, 41; Հովհաննես 11։35

Կարո՞ղ ես պատկերացնել՝ ի՜նչ խոր ցավ էր զգում Եհովան՝ տեսնելով, թե ինչպես է մահանում իր թանկագին Որդին։ ~ Հիսուսը վստահ էր, որ Աստված իրեն չի մոռանա։ Այդ էր պատճառը, որ մահից առաջ նա այսպիսի խոսքեր ասաց. «Հա՛յր, [կյանքս] քեզ եմ հանձնում» (Ղուկաս 23։46

Հիսուսը գիտեր, որ ինքը հարություն է ստանալու, որ չի թողնվելու գերեզմանում։ Հետագայում՝ Հիսուսի հարություն առնելուց հետո, Պետրոս առաքյալը բացատրեց, որ տեղի էր ունեցել այն, ինչ գրված էր եղել Աստվածաշնչում. ապա այնտեղից մեջբերեց Հիսուսի վերաբերյալ հետևյալ խոսքերը. «Նրա անձը գերեզմանում չթողնվեց ու նրա մարմինը ապականություն չտեսավ» (Գործք 2։31; Սաղմոս 16։10) Իրոք, Հիսուսի մարմինը ապականություն չտեսավ, որովհետև այն չհասցրեց քայքայվել ու փտել գերեզմանում։

Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր աշակերտներին ասաց, որ ինքը մահացած վիճակում երկար չի մնալու։ Նա բացատրեց, որ պիտի «սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Ղուկաս 9։22)։ Ուրեմն աշակերտները պիտի որ չզարմանային, երբ տեսնեին, որ Հիսուսը հարություն է առել։ Ի՞նչ ես կարծում, նրանք զարմացա՞ն, թե՝ ոչ։ ~ Տեսնենք։

Ուրբաթ օրը՝ կեսօրից հետո՝ ժամը երեքի կողմերը, Մեծ Ուսուցիչը մահացավ տանջանքի ցցին գամված։ Կար Հովսեփ անունով մի հարուստ մարդ, որը հրեական Ատյանի (կրոնական դատարան) անդամներից էր, բայց բոլորից գաղտնի հավատում էր Հիսուսին։ Երբ նա իմացավ, որ Հիսուսը մահացել է, գնաց հռոմեական կուսակալի՝ Պիղատոսի մոտ ու խնդրեց, որ իրեն թույլ տան իջեցնել Հիսուսի մարմինը և թաղել։ Հովսեփը տարավ Հիսուսի մարմինը այն այգին, որտեղ մահացածների մարմիններն էին պահվում, ու դրեց գերեզմանոցում։

Հիսուսի անկենդան մարմինը քարայրի խոռոչում դնելուց հետո Հովսեփը մի մեծ քարով ամուր փակեց այն։ Եկավ երրորդ օրը, որը կիրակի էր։ Դեռևս մութ էր. լույսը չէր բացվել։ Հիսուսի գերեզմանի մոտ մարդիկ էին եկել ու պահակություն էին անում։ Քահանայապետներն էին նրանց հանձնարարել այդպես վարվել։ Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ։ ~

Քահանաները լսել էին, որ Հիսուսն ասում էր, թե ինքը հարություն է առնելու։ Որպեսզի թույլ չտան, որ հանկարծ աշակերտները գողանան Հիսուսի մարմինը ու հետո ասեն, թե հարություն է առել, նրանք գերեզմանի մոտ պահակներ էին դրել։ Հանկարծ գետինը դղրդաց։ Մթության մեջ լույս փայլատակեց. Եհովայի հրեշտակն էր հայտնվել։ Զինվորները սարսափից քարացան։ Հրեշտակը գնաց դեպի Հիսուսի գերեզմանն ու մուտքի քարը մի կողմ գլորեց. գերեզմանը դատարկ էր։

Ինչո՞ւ է գերեզմանը դատարկ. ի՞նչ է տեղի ունեցել

Այո, ինչպես Պետրոս առաքյալն ասաց հետագայում՝ «այս Հիսուսին Աստված հարություն տվեց» (Գործք 2։32)։ Աստված Հիսուսին կենդանացրեց՝ տալով այնպիսի մարմին, ինչպիսին որ նա ուներ նախքան երկիր գալը։ Նա ոգեղեն անտեսանելի մարմին ստացավ, ինչպիսին որ ունենում են հրեշտակները (Ա Պետրոս 3։18)։ Ու որպեսզի մարդիկ կարողանային նրան տեսնել, նա պիտի տեսանելի մարմին հագներ։ Արդյո՞ք այդպես էլ եղավ։ ~ Տեսնենք, թե ինչ պատահեց հետագայում։

Շուտով լույսը բացվեց։ Զինվորներն արդեն հեռացել էին։ Մարիամ Մագդաղենացին ու Հիսուսի հետևորդներից էլի ուրիշ կանայք գնում էին դեպի Հիսուսի գերեզմանը։ Նրանք իրար հետ խորհրդածում էին, թե տեսնես ով կկարողանար իրենց օգնել մի կողմ տանելու գերեզմանի մուտքի ծանր քարը (Մարկոս 16։3)։ Բայց երբ մոտեցան գերեզմանին, տեսան քարը մի կողմ գլորված, իսկ գերեզմանը՝ դատարկ. Հիսուսի մարմինը անհետացել էր։ Մարիամ Մագդաղենացին իսկույն վազեց՝ գտնելու առաքյալներին ու նրանց հայտնելու իր տեսածը։

Մյուս կանայք մնացին գերեզմանի մոտ կանգնած ու մտածում էին, թե որտեղ կարող էր լինել Հիսուսի մարմինը։ Հանկարծ երկու մարդիկ հայտնվեցին՝ պայծառ հագուստներով։ Դրանք հրեշտակներ էին։ Նրանք ասացին այդ կանանց. «Ինչո՞ւ եք Հիսուսին այստեղ փնտրում։ Նա հարություն է առել։ Գնացե՛ք, իմա՛ց տվեք նրա աշակերտներին»։ Պատկերացրու, թե այդ խոսքերը լսելուն պես՝ կանայք ինչպիսի արագությամբ սկսեցին վազել։ Ճանապարհին նրանց մի մարդ հանդիպեց։ Կուզեի՞ր իմանալ, թե ով էր այդ մարդը։ ~

Դա Հիսուսն էր՝ մարդու մարմին հագած։ Նա պատվիրեց. «Գնացե՛ք, իմ աշակերտներին հայտնե՛ք»։ Անսպասելիությունից կանայք իրար էին անցել։ Նրանք գտան աշակերտներին ու ասացին. «Հիսուսը կենդանի՜ է. մենք տեսանք նրան»։ Մինչ այդ Մարիամն արդեն ասել էր Պետրոսին ու Հովհաննեսին, որ գերեզմանը դատարկ է։ Նկարում կարող ենք տեսնել, թե ինչպես են նրանք եկել ստուգելու իրենց լսածը։ Նրանք զննում են կտավը, որով փաթաթված էր եղել Հիսուսի անկենդան մարմինը, սակայն չգիտեն՝ ինչ մտածեն։ Նրանք ուզո՛ւմ են հավատալ, որ Հիսուսը դարձյալ կենդանի է, բայց այդ միտքը չափազանց անիրական է թվում։

Հնարավոր է՝ ինչի՞ մասին են մտածում Պետրոսն ու Հովհաննեսը

Այդ կիրակի՝ ավելի ուշ ժամի, Հիսուսը երևաց իր աշակերտներից երկուսին, որ գնում էին դեպի Էմմաուս գյուղը։ Հիսուսը գնում էր նույն ճանապարհով ու զրուցում էր նրանց հետ, սակայն նրանք չգիտեին, որ իրենց հետ խոսողը Հիսուսն է, քանի որ նրա արտաքին տեսքը տարբերվում էր իր առաջվա տեսքից։ Երբ նրանք միասին հացի նստեցին, ու Հիսուսը աղոթք ասաց, այդ պահին արդեն ճանաչեցին նրան։ Աշակերտների ուրախությանը չափ չկար. նրանք շտապ վերադարձան Երուսաղեմ՝ անցնելով մի քանի կիլոմետր ճանապարհ։ Հավանաբար սրանից կարճ ժամանակ հետո էր, որ Հիսուսը հայտնվեց Պետրոսին՝ ցույց տալու համար, որ ինքը կենդանի է։

Այդ կիրակի՝ երեկոյան ուշ ժամի, շատ աշակերտներ էին հավաքվել մի տան մեջ։ Բոլոր դռները կողպված էին։ Հանկարծ Հիսուսը հայտնվեց նրանց մեջտեղում. աշակերտների համար վերջնականապես պարզ դարձավ, որ Մեծ Ուսուցիչը իրոք կենդանի էր։ Պատկերացրու նրանց ուրախությունը այդ պահին (Մատթէոս 28։1–15; Ղուկաս 24։1–49; Յովհաննէս 19։38–20։21

Քառասուն օր շարունակ Հիսուսը տարբեր մարդկանց կերպարանքով երևաց իր աշակերտներին, որպեսզի ցույց տա նրանց, որ ինքը կենդանի է։ Դրանից հետո նա թողեց երկիրն ու վերադարձավ երկինք՝ իր Հոր մոտ (Գործք 1։9–11)։ Շուտով Հիսուսի աշակերտները սկսեցին ամենքին պատմել այն մասին, որ Աստված հարություն էր տվել Հիսուսին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ քահանաները ծեծեցին նրանց, իսկ մի քանիսին սպանեցին, նրանք դարձյալ շարունակում էին քարոզել։ Նրանք վստահ էին, որ եթե մեռնեն էլ, Աստված իրենց «կհիշի» և հարություն կտա, ինչպես որ իր Որդուն տվեց։

Երբ գալիս է տարվա այն ժամանակը, երբ Հիսուսը հարություն է առել, շատերն ինչի՞ մասին են մտածում։ Իսկ դո՞ւ

Այսօր մարդկանցից շատերը որքա՜ն տարբեր են Հիսուսի առաջին դարի հետևորդներից։ Երբ գալիս է տարվա այն ժամանակը, երբ Հիսուսը հարություն է առել, նրանք մտածում են միայն զատկի գունավոր ձվերի մասին (որոշ երկրներում՝ նաև ճագարների)։ Բայց Աստվածաշնչում ոչինչ չի ասվում ձվերի ու ճագարների մասին։ Այնտեղ խոսվում է Աստծուն ծառայելու մասին։

Մենք էլ կարող ենք հետևել Հիսուսի առաքյալների օրինակին ու պատմել մարդկանց, թե Աստված ինչ հրաշալի բան է արել՝ հարություն տալով իր Որդուն։ Բոլորովին հարկ չկա վախենալ, անգամ եթե դրա համար մարդիկ մեզ մահով սպառնան։ Եթե նույնիսկ մահանանք էլ, Եհովան կհիշի մեզ ու հարություն կտա, ինչպես որ իր Որդուն տվեց։

Ուրախալի է, չէ՞, գիտենալ, որ Աստված հիշում է իր ծառաներին և հարություն է տալու նրանց, ովքեր մահացել են։ ~ Այդ մասին իմանալուց հետո մեր սրտում ցանկություն է առաջանում պարզել, թե ինչպես կարող ենք Աստծուն ուրախություն պատճառել։ Գիտեի՞ր, որ մենք Աստծուն կարող ենք ուրախացնել։ ~ Մեր հաջորդ զրույցը հենց այդ մասին է։

Հավատալով, որ Հիսուսը հարություն է առել՝ մենք ամրացնում ենք Աստծո հանդեպ ունեցած մեր հույսն ու հավատը։ Կարդանք հետևյալ լրացուցիչ համարները. Գործք 2։22–36; 4։18–20 և Ա Կորնթացիս 15։3–8, 20–23։