Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

«Դա է իմ որդին»

«Դա է իմ որդին»

Երբ երեխաները իրենց լավ են պահում, մեծերը միշտ գոհ են մնում նրանցից։ Հայրը կարող է հպարտությամբ ասել ուրիշներին՝ սա իմ աղջիկն է, կամ՝ սա իմ որդին է։

Հիսուսն իր գործերով միշտ ուրախացնում էր իր Հորը։ Նրա Հայրը հպարտանում էր իր Որդիով։ Հիշո՞ւմ ես՝ մի օր Հիսուսի Հայրն ինչ արեց, երբ Հիսուսն իր երեք ընկերների հետ սարի վրա էր։ ~ Այո, Աստված խոսեց երկնքից և ասաց նրանց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթէոս 17։5

Հիսուսը միշտ ուրախությամբ էր անում այն, ինչ հաճելի էր իր Հորը։ Գիտե՞ս, թե ինչու։ Որովհետև նա սիրում էր իր Հորը։ Եթե մարդ իրեն հանձնարարված գործը անում է զուտ այն պատճառով, որ պարտավոր է անել, ապա գործը կարող է դժվար թվալ։ Բայց եթե նա կամենում է դա անել, ապա հեշտությամբ կանի։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում կամենալ։ ~ Կամենալ նշանակում է՝ սրտանց ցանկանալ, պատրաստ լինել անելու։

Նախքան երկիր գալն էլ Հիսուսը հաճույքով էր անում ցանկացած բան, ինչ որ նրանից խնդրում էր Հայրը։ Եվ դա այն պատճառով, որ նա սիրում էր իր Հորը՝ Եհովա Աստծուն։ Հիսուսն իրեն լավ էր զգում երկնքում իր Հոր կողքին ապրելիս։ Բայց Աստված Հիսուսի համար հատուկ առաջադրանք էր պատրաստել։ Այդ առաջադրանքը կատարելու համար Հիսուսը պետք է հեռանար երկնքից։ Նա պետք է ծնվեր երկրի վրա որպես երեխա։ Հիսուսը պատրաստ էր դա անելու, քանի որ Եհովան էր այդպես ցանկանում։

Ինչի՞ մասին հայտնեց Գաբրիել հրեշտակը Մարիամին

Երկրի վրա որպես երեխա ծնվելու համար Հիսուսը պետք է մայր ունենար։ Գիտե՞ս, թե ով եղավ նրա մայրը։ ~ Մարիամ անունով մի կին։ Եհովան երկնքից ուղարկեց Գաբրիել հրեշտակին, որպեսզի նա խոսեր Մարիամի հետ։ Գաբրիելը հայտնեց Մարիամին, որ նա տղա երեխա էր ունենալու, որին պետք է անվանեին Հիսուս։ Իսկ ո՞վ էր լինելու երեխայի հայրը։ ~ Հրեշտակն ասաց, որ նրա Հայրը Եհովա Աստվածն էր լինելու։ Ահա թե ինչու Հիսուսը պետք է կոչվեր Աստծո Որդի։

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պատասխանեց Մարիամը։ ~ Արդյո՞ք ասաց, թե չի ուզում Հիսուսի մայրը դառնալ։ Ոչ, Մարիամը պատրաստ էր անելու այն, ինչ Աստված էր կամենում։ Բայց ինչպե՞ս կարող էր երկնքում ապրող Աստծո Որդին երկրի վրա ծնվել որպես երեխա։ Ինչո՞վ էր Հիսուսի ծնունդը տարբերվում մյուս երեխաների ծննդից։ Գիտե՞ս։ ~

Աստված մեր առաջին ծնողներին՝ Ադամին ու Եվային այնպես էր ստեղծել, որ նրանք կարողանային հրաշալի կերպով միանալ իրար։ Դրանից հետո մայրիկի ներսում արդեն կարող էր երեխա մեծանալ։ Մարդիկ ասում են, որ դա հրաշք է։ Հնարավոր է՝ դու էլ ես այդպես կարծում։

Սակայն որպեսզի Հիսուսը ծնվեր որպես երեխա, Աստված ավելի մեծ հրաշք գործեց, ինչպիսին մինչ այդ չէր արել և դրանից հետո էլ չարեց։ Նա վերցրեց երկնքից իր Որդու կյանքը և տեղադրեց Մարիամի ներսում։ Հիսուսը սկսեց մեծանալ Մարիամի ներսում, ինչպես որ սովորաբար լինում է։ Որոշ ժամանակ հետո Մարիամը ամուսնացավ Հովսեփի հետ։

Երբ Հիսուսի ծնվելու ժամանակը եկավ, Մարիամն ու Հովսեփը գնացին Բեթլեհեմ քաղաքը։ Բայց քաղաքը լի էր մարդկանցով, ու նրանք գիշերելու տեղ չգտան։ Մարիամն ու Հովսեփը գիշերեցին ախոռում, որտեղ սովորաբար անասուններին են պահում։ Հենց այնտեղ էլ ծնվեց Հիսուսը։ Մարիամը նրան դրեց մսուրի մեջ՝ խոտերի վրա, ինչպես պատկերված է այս նկարում։ Մսուրը փայտից պատրաստված մեծ տաշտ է, որտեղից կենդանիները կերակրվում են։

Ինչո՞ւ են Հիսուսին դնում մսուրի մեջ

Զարմանալի դեպքեր տեղի ունեցան Հիսուսի ծնվելու գիշերը։ Բեթլեհեմի մոտ մի քանի հովիվների Աստծո հրեշտակը երևաց։ Հրեշտակը նրանց հայտնեց այն մասին, թե ինչ կարևոր դեր պիտի ունենար Հիսուսը մարդկանց կյանքում։ Նա ասաց. «Ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. այսօր ձեզ Փրկիչ ծնվեց» (Ղուկաս 2։10, 11

Այս հրեշտակներից մեկը հովիվներին ի՞նչ բարի լուր հաղորդեց

Հրեշտակն ասաց հովիվներին, որ նրանք Հիսուսին կարող են գտնել Բեթլեհեմ քաղաքում՝ մսուրի մեջ դրված։ Այդ պահին երկնքում հայտնվեցին ուրիշ շատ հրեշտակներ և միասին սկսեցին փառաբանել Աստծուն։ Նրանք երգում էին. «Փա՜ռք Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա, հաճությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկաս 2։12–14

Երբ հրեշտակներն անհետացան, հովիվները գնացին Բեթլեհեմ և փոքրիկ Հիսուսին գտան։ Նրանք պատմեցին Հովսեփին ու Մարիամին այն ամենը, ինչ լսել էին հրեշտակներից։ Պատկերացրու, թե որքա՜ն երջանիկ էր Մարիամը, որ համաձայնվել էր լինել Հիսուսի մայրը։

Հետագայում Հովսեփն ու Մարիամը Հիսուսի հետ Նազարեթ քաղաքը տեղափոխվեցին։ Իր մանկությունը Հիսուսն այս քաղաքում անցկացրեց։ Իսկ երբ մեծացավ, սկսեց ուսուցանելու իր մեծ աշխատանքը։ Դա այն առաջադրանքի մեջ էր մտնում, որ Եհովա Աստված հանձնարարել էր նրան կատարելու երկրի վրա։ Հիսուսը պատրաստ էր դա անել, քանի որ շատ էր սիրում իր երկնային Հորը։

Նախքան իր ուսուցչական աշխատանքը սկսելը Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ, որպեսզի նա Հորդանան գետում իրեն մկրտի։ Այստեղ մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Մկրտվելուց հետո, երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, Եհովան խոսեց երկնքից՝ ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի» (Մատթէոս 3։17)։ Երբ քո ծնողներն ասում են, որ սիրում են քեզ, ուրախանում ես, չէ՞։ ~ Կասկած չկա, որ Հիսուսին էլ ուրախություն պատճառեցին այդ խոսքերը։

Հիսուսը միշտ ճիշտ էր վարվում։ Նա չէր ձևացնում, թե ինքը այնպիսին է, ինչպիսին որ իրականում չէր։ Հիսուսը չէր ասում մարդկանց, թե ինքն Աստված է։ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնել էր, որ Հիսուսը Աստծո Որդին էր լինելու։ Հիսուսն ինքն էլ ասաց, որ Աստծո Որդին է։ Նա երբեք չէր կարծում, թե ավելի շատ բան գիտի, քան իր Հայրը։ Նա ասաց. «Իմ Հայրը մեծ է ինձանից» (Յովհաննէս 14։28

Երկնքում, երբ Հիսուսի Հայրը նրան ինչ–​որ բան էր հանձնարարում, նա կատարում էր։ Հիսուսը պարզապես չէր խոստանում, թե կանի, ու փոխարենը՝ ուրիշ բանով զբաղվում։ Նա սիրում էր իր Հորը և լսում էր նրա ասածները։ Երկրի վրա նույնպես Հիսուսը կատարեց այն ամենը, ինչի համար որ Հայրն ուղարկել էր նրան։ Նա իր ժամանակը չվատնեց ուրիշ գործեր կատարելով։ Այժմ հասկանալի է, թե ինչո՛ւ էր Եհովան գոհ իր Որդուց։

Մենք նույնպես ցանկանում ենք գոհացնել Եհովային, այնպես չէ՞։ ~ Ուրեմն պետք է ցույց տանք, որ իրոք լսում ենք նրան, ինչպես որ Հիսուսն էր անում։ Աստված խոսում է մեզ հետ Աստվածաշնչի միջոցով։ Ճիշտ չի լինի, չէ՞, ձևացնել, թե իբր լսում ենք Աստծուն, բայց այնպիսի բաների հավատանք ու այնպիսի գործեր անենք, որոնք հակասում են Աստվածաշնչին։ ~ Հիշիր՝ եթե իսկապես սիրում ենք Եհովային, ապա ուրախությամբ նրան հաճելի գործեր կանենք։

Այժմ կարդանք Աստվածաշնչի հետևյալ համարները, որոնք ցույց են տալիս, թե ինչին պետք է հավատանք և Հիսուսի մասին ինչ պետք է իմանանք. Մատթէոս 7։21–23; Յովհաննէս 4։25, 26 և Ա Տիմոթէոս 2։5, 6։