Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

Հիսուսը զորեղ է դևերից

Հիսուսը զորեղ է դևերից

Հիշո՞ւմ ես, թե ինչպես Աստծո հրեշտակներից մեկը դարձավ Բանսարկու Սատանա։ ~ Նա ցանկացավ, որ մարդիկ իրեն երկրպագեն։ Եվ այս եսասիրական ցանկությունն էր պատճառը, որ նա հակառակվեց Աստծուն։ Իսկ ուրիշ հրեշտակներ հետևեցի՞ն Սատանայի օրինակին։ ~ Այո, նրանցից ոմանք դարձան Սատանայի հետևորդները։ Աստվածաշունչը նրանց անվանում է Սատանայի հրեշտակներ, կամ՝ դևեր (Յայտնութիւն 12։9

Ի՞նչ ես կարծում, այս չար հրեշտակները՝ դևերը, հավատո՞ւմ են Աստծուն։ ~ Ինչպես գրված է Աստվածաշնչում, դևերը հավատում են, որ Աստված գոյություն ունի (Յակոբոս 2։19)։ Նրանք վախենում են Աստծուց, որովհետև գիտեն, որ Աստված նրանց պատժելու է իրենց արած վատ գործերի համար։ Ի՞նչ վատ բան են արել նրանք։ ~

Աստվածաշունչն ասում է, որ այս հրեշտակները թողեցին իրենց բնակության վայրը՝ երկինքը, և եկան երկիր՝ ապրելու որպես մարդ։ Նրանք այդպես վարվեցին, որովհետև ցանկացան սեռական հարաբերության մեջ մտնել երկրի վրա ապրող գեղեցիկ կանանց հետ (Ծննդոց 6։1, 2; Յուդա 6)։ Ի՞նչ գիտես դու սեռական հարաբերության մասին։ ~

Սեռական հարաբերությունը տղամարդու և կնոջ միջև հատուկ տեսակի մտերիմ հարաբերություն է, որի հետևանքով կնոջ ներսում կարող է երեխա առաջանալ։ Հրեշտակները, սակայն, չպետք է սեռական հարաբերություն ունենային։ Աստված ուզում է, որ նման հարաբերություններ ունենան միայն իրար հետ ամուսնացած կինն ու տղամարդը։ Արդյունքում՝ երբ երեխա է ծնվում, ամուսինն ու կինը հոգ են տանում նրան։

Ի՞նչ վատ բան արեցին այս հրեշտակները

Երբ հրեշտակները մարդկային մարմիններ հագան ու երկրի վրա ապրող կանանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտան, ծնվեցին երեխաներ, որոնք մեծանալով՝ հսկաներ դարձան։ Այդ հսկաները շատ դաժան էին ու վատ էին վերաբերվում մարդկանց։ Ուստի Աստված որոշեց մեծ Ջրհեղեղով ոչնչացնել հսկաներին և բոլոր չար մարդկանց։ Նա Նոյին պատվիրեց կառուցել տապան՝ մի մեծ նավ, որի մեջ գտնվելով՝ բարի ու արդար մարդիկ կկարողանային փրկվել ջրհեղեղից։ Մեծ Ուսուցիչը հետագայում ասաց, որ մեզ համար կարևոր է հիշել Ջրհեղեղի ժամանակ պատահածը (Ծննդոց 6։3, 4, 13, 14; Ղուկաս 17։26, 27

Երբ Ջրհեղեղը սկսվեց, գիտե՞ս, թե ինչ պատահեց չար հրեշտակներին։ ~ Նրանք թողեցին իրենց մարդկային մարմիններն ու վերադարձան երկինք։ Բայց քանի որ նրանք այլևս չէին կարող լինել Աստծո հրեշտակներ, ուստի դարձան Սատանայի հրեշտակներ՝ դևեր։ Իսկ ի՞նչ պատահեց նրանց երեխաներին՝ հսկաներին։ ~ Նրանք մահացան Ջրհեղեղի ժամանակ։ Մահացան նաև բոլոր այն մարդիկ, ովքեր չէին հնազանդվում Աստծուն։

Ինչո՞ւ երկրի վրա այժմ ավելի շատ տառապանք կա, քան երբևիցե եղել է

Ջրհեղեղից հետո Աստված այլևս թույլ չի տվել, որ դևերը մարդու կերպարանք ստանան։ Ու թեև հիմա մենք չենք կարող տեսնել նրանց, սակայն նրանք փորձում են դրդել մեզ չար գործերի։ Նրանք այժմ ավելի շատ տառապանք են պատճառում մարդկանց, քան որևէ այլ ժամանակ։ Եվ դա այն պատճառով, որ նրանք երկնքից վայր են նետվել երկրի վրա։

Գիտե՞ս, թե ինչու չենք կարող տեսնել դևերին։ ~ Որովհետև նրանք ոգեղեն անձնավորություններ են՝ մեր աչքին անտեսանելի։ Բայց կարող ենք վստահ լինել, որ նրանք կան։ Աստվածաշունչն ասում է, որ Սատանան մոլորեցնում է աշխարհի բոլոր մարդկանց, իսկ դևերը օգնում են նրան այդ գործում (Յայտնութիւն 12։9, 12

Կարո՞ղ են արդյոք Բանսարկուն ու դևերը մեզ էլ մոլորության մեջ գցել կամ խաբել։ ~ Այո, կարող են, եթե զգույշ չլինենք։ Բայց պետք չէ վախենալ։ Մեծ Ուսուցիչն ասաց. «Բանսարկուն ինձ վրա ոչ մի իշխանություն չունի»։ Եթե մենք մտերիմ լինենք Աստծո հետ, նա կպաշտպանի մեզ Բանսարկուից ու նրա դևերից (Յովհաննէս 14։30, ԷԹ

Շատ կարևոր է իմանալ, թե ինչ վատ քայլերի կարող են դրդել մեզ դևերը։ Փորձենք մտածել։ Ի՞նչ վատ բան արեցին դևերը, երբ եկան երկիր։ ~ Նրանք սեռական հարաբերությունների մեջ մտան կանանց հետ, ինչը չպետք է անեին։ Մեր ժամանակներում դևերին դուր է գալիս, երբ սեռական հարաբերությունների հարցում մարդիկ չեն հնազանդվում Աստծո օրենքին։ Փորձիր հիշել՝ միայն ովքե՞ր կարող էին սեռական հարաբերություններ ունենալ։ ~ Ճիշտ է, միայն իրար հետ ամուսնացած տղամարդն ու կինը։

Մեր օրերում որոշ տղաներ ու աղջիկներ սեռական հարաբերությունների մեջ են մտնում, ինչը սխալ է։ Տղամարդու սեռական օրգանը կոչվում է առնանդամ, իսկ կնոջ սեռական օրգանը կոչվում է ամոթույք։ Եհովան մարմնի այս մասերը հատուկ նպատակով է ստեղծել, որպեսզի դրանցից օգտվեն միայն ամուսնացած մարդիկ։ Դևերը ուրախանում են, երբ մարդիկ այնպիսի բաներ են անում, որոնք Եհովան արգելում է անել։ Օրինակ՝ նրանք ուրախանում են, երբ տղան ու աղջիկը խաղում են մեկը մյուսի սեռական օրգանների հետ։ Մենք չենք ուզում դևերին հաճույք պատճառել, այնպես չէ՞։ ~

Մի բան էլ կա, որ դևերին դուր է գալիս, մինչդեռ Եհովան ատում է։ Գիտե՞ս, թե դա ինչն է։ ~ Բռնությունը (Սաղմոս 11։5, ԱԱ)։ Երբ մարդիկ դաժանությամբ են վերաբերվում միմյանց ու ծեծում են իրար, նրանք բռնություն են գործադրում։ Հիշիր, թե ինչպիսին էին հսկաները՝ դևերի որդիները։ Նրանք դաժան էին։

Դևերը նաև սիրում են վախեցնել մարդկանց։ Երբեմն նրանք ձևացնում են, թե մահացած մարդիկ են։ Նրանք նույնիսկ կարող են կրկնօրինակել մահացած մարդկանց ձայները։ Այդպիսով՝ դևերը խաբում են շատերին։ Մարդիկ սկսում են հավատալ, թե մահացածները կենդանի են ու կարող են խոսել իրենց հետ։ Այո, դևերը մարդկանց ստիպում են հավատալ, թե իբրև գոյություն ունեն անմահ ոգիներ։

Ուրեմն՝ մենք պետք է զգույշ լինենք, որ Սատանան ու դևերը մեզ չխաբեն։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ նրանք բարի հրեշտակներ են ձևանում (Բ Կորնթացիս 11։14, 15)։ Բայց իրականում դևերը չար հրեշտակներ են։ Տեսնենք, թե ինչպես են նրանք փորձում ազդել մեզ վրա, որպեսզի մենք էլ նրանց պես դառնանք։

Մարդիկ հիմնականում որտե՞ղ են դիտում բռնության տեսարաններ, որտեղի՞ց են սովորում Աստծո օրենքներին հակասող սեռական հարաբերությունների և անմահ ոգիների մասին։ ~ Իհարկե հեռուստատեսային որոշ հաղորդումներից ու ֆիլմերից, համակարգչային խաղերից, Ինտերնետից ու որոշ գրքերից։ Եթե զբաղվենք նման բաներով, ո՞ւմ հետ ավելի կմտերմանանք՝ Եհովա Աստծո՞, թե՝ Սատանայի ու իր դևերի։ Ի՞նչ ես կարծում։ ~

Ի՞նչ հետևանք կարող է թողնել բռնության տեսարաններ դիտելը

Քո կարծիքով՝ ո՞վ է ուզում, որ մենք վատ բաներ նայենք ու լսենք։ ~ Այո, Սատանան ու իր դևերը։ Ուրեմն մենք ի՞նչ պետք է անենք։ ~ Մենք այնպիսի բաներ պետք է կարդանք, լսենք և դիտենք, որոնք օգտակար կլինեն մեզ համար և կօգնեն, որ ծառայենք Եհովա Աստծուն։ Ի՞նչ լավ բաներով, օրինակ, կարող ենք զբաղվել։ ~

Ի՞նչ օգտակար բաներով կարող ենք զբաղվել

Պետք չէ դևերից վախենալ։ Եթե լավ գործեր անենք, նրանք մեզ ոչինչ չեն կարող անել։ Հիսուսն ավելի զորեղ է, քան նրանք։ Դևերը վախենում են Հիսուսից։ Մի օր նրանք աղաղակեցին ու ասացին Հիսուսին. «Եկել ես մեզ կործանելո՞ւ» (Մարկոս 1։24)։ Լավ է, չէ՞, որ շուտով Հիսուսը ոչնչացնելու է Սատանային ու նրա դևերին։ ~ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը կպաշտպանի մեզ դևերից, եթե ձգտենք մտերիմ մնալ նրան ու իր երկնային Հորը։

Որպեսզի իմանանք, թե Սատանայից ու իր դևերից պաշտպանվելու համար ինչ է հարկավոր անել, եկ կարդանք Աստվածաշնչի Ա Պետրոս 5։8, 9 և Յակոբոս 4։7, 8 համարները։