Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչի կարիք ունեն մեր երեխաները

Ինչի կարիք ունեն մեր երեխաները

Յուրաքանչյուր անհատ, դառնալով ծնող, մասնակցություն է ունենում մի այնպիսի երևույթի, որը վեր է մարդկային ըմբռնումից։ Երկու անհատներ տալիս են իրենցից ինչ–​որ բան, և արդյունքում՝ մոր օրգանիզմում կազմավորվում է բոլորովին նոր անձնավորություն։ Զարմանալի չէ, որ երեխայի ծնունդը երբեմն անվանում են «ծննդյան հրաշք»։

Իհարկե, երեխային լույս աշխարհ բերելը ընդամենը սկիզբն է ծնողական պարտականությունների կատարման։ Կյանքի վաղ շրջանում երեխաները գրեթե ամբողջությամբ կախման մեջ են իրենց ծնողներից և ունեն ֆիզիկական խնամքի կարիք, սակայն, մեծանալուն զուգընթաց, կարիք են զգում նաև այլ տեսակի խնամքի. նրանց հարկավոր է օգնել՝ հասունանալու մտավոր, զգացական, բարոյական ու հոգևոր առումներով։

Երեխայի լիարժեք հասունացման համար հատկապես կարևոր պայման է ծնողական սիրո դրսևորումը։ Թեև սերը խոսքերով արտահայտելը պակաս կարևոր չէ, սակայն այդ խոսքերի ճշմարտացի լինելը հարկավոր է գործով ցույց տալ։ Այո, երեխան կարիք ունի, որ ծնողը նրան լավ օրինակ հանդիսանա։ Երեխաներին հարկավոր է ուղղություն ցույց տալ բարոյական հարցերում, ինչպես նաև տալ սկզբունքներ, որոնցով նրանք կարող են կյանքում առաջնորդվել։ Նրանք զգում են դրա կարիքը դեռևս կյանքի վաղ տարիներից։ Հետևանքները ցավալի կարող են լինել և լինում են, երբ երեխաները ժամանակին չեն ստանում այդ օգնությունը։

Անհնար է գտնել ավելի լավ սկզբունքներ, քան այն սկզբունքները, որ Աստվածաշնչում են։ Աստվածաշնչի հիման վրա տրված ուսուցումը ունի անհամեմատ մեծ առավելություն, քանի որ այդ դեպքում երեխան համոզվում է, որ այն, ինչ իրեն սովորեցնում են, ոչ թե ընդամենը մարդու տեսակետ է, այլ իրեն Ստեղծողի՝ իր երկնային Հոր խոսքն է։ Դա ասվածին բացառիկ ուժ է հաղորդում։

Աստվածաշունչը ծնողներին խրախուսում է ամեն ջանք գործադրել ճիշտ սկզբունքները իրենց երեխաների մտքում դրոշմելու համար։ Սակայն, երեխաների հասակ առնելուն զուգընթաց, ծնողները երբեմն դժվարանում են նրանց հետ զրուցել ամենակարևոր հարցերի շուրջ։ «Սովորիր Մեծ Ուսուցչից» վերնագիրը կրող այս գրքի նպատակն է՝ օգնել, որ կանխվեն այդպիսի իրավիճակները։ Ծնողներին ու երեխաներին այս գիրքը կապահովի կրոնին ու բարոյագիտությանը առնչվող նյութերով. նրանք կարող են միասին ընթերցել ու քննարկել։ Բացի դրանից, այն կնպաստի նաև, որ անմիջական զրույց տեղի ունենա երեխայի և այն անհատի միջև, որ նրա համար կարդում է այս գիրքը։

Դուք կնկատեք, որ գրքում տեղեր կան, երբ երեխայից պատասխան է ակնկալվում։ Անմիջապես տեքստում բազմաթիվ հարցեր են ուղղվում երեխային։ Նման հարցերից հետո կտեսնեք հետևյալ նշանը՝ ~ ։ Այն ձեզ հուշելու է, որ հարկավոր է կանգ առնել ու թույլ տալ, որ երեխան հայտնի իր տեսակետը այդ հարցի վերաբերյալ։ Երեխաները սիրում են մասնակից լինել ընթերցանությանը։ Եթե նրանց արտահայտվելու հնարավորություն չտրվի, ապա նրանք հեշտությամբ կկորցնեն իրենց հետաքրքրությունը քննարկվող նյութի հանդեպ։

Բայց որ ամենակարևորն է՝ այս հարցերը կօգնեն ձեզ ծանոթանալու, թե ինչպես է երեխան մտածում։ Իհարկե, երեխայի պատասխանները երբեմն կարող են սխալ լինել։ Այդ իսկ պատճառով տեքստի շարունակության մեջ տրվում են այդ հարցերի ճիշտ պատասխանները, որպեսզի երեխայի մոտ աստիճանաբար ձևավորվի ճիշտ մտածողություն։

Գրքին առանձնահատուկ հմայք են հաղորդում նաև այնտեղ ընդգրկված ավելի քան 230 պատկերազարդումները։ Դրանց մեծամասնությունը ուղեկցվում են գրություններով, որոնք երեխային մղում են արտահայտելու այն, ինչը նրա մտքում տպավորվել է ընթերցանությունից և նկարները դիտելուց։ Հետևաբար՝ ճիշտ կլինի քննարկել նկարները երեխայի հետ։ Դրանք հիանալի կերպով կարող են օգնել, որ երեխան յուրացնի այն, ինչ ուսուցանվում է տվյալ դասում։

Երբ երեխան սկսի կարդալ սովորել, խրախուսեք, որ նա փորձի կարդալ այս գիրքը՝ ինքն իր համար կամ ձեզ համար։ Որքան շատ նա ընթերցի այս գիրքը, այնքան ավելի խոր արմատներ կգցեն այնտեղ նշված խորհուրդները նրա մտքում ու սրտում։ Սակայն որպեսզի այն ամրացնի ձեր և ձեր երեխայի միջև փոխադարձ սերն ու հարգանքը, ընթերցեք գիրքը միասին, ընդ որում՝ կանոնավոր կերպով։

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ անհնար էր անգամ պատկերացնել, որ երեխաներին այս աստիճան կարող են սպառնալ այնպիսի վտանգներ, ինչպիսիք են՝ անօրինական սեռական հարաբերությունները, ոգեհարցությունը և ուրիշ նողկալի արարքներ։ Այնպես որ, նրանք այսօր պաշտպանության կարիք ունեն, ինչպիսին որ այս գիրքն է տրամադրում՝ խոսելով այդ ամենի մասին արժանապատվորեն, նաև պարզ ու անմիջական։ Սակայն հատկապես կարևոր է այն, որ երեխայի ուշադրությունը ուղղվի դեպի իմաստության գերագույն Աղբյուրը՝ մեր երկնային հայր Եհովան։ Այդպես էր միշտ վարվում Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը։ Հավատացած ենք, որ այս գիրքը կօգնի ձեզ և ձեր ընտանիքի մյուս անդամներին՝ համապատասխանեցնելու ձեր կյանքը Եհովայի չափանիշներին և հավիտենապես վայելելու նրա օրհնությունները։