Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 16

Ի՞նչն է իսկապես արժեքավոր

Ի՞նչն է իսկապես արժեքավոր

Հիսուսին ի՞նչ էր հայտնի այս մարդու մասին

Մի օր մի մարդ, իմանալով, որ Հիսուսը շատ իմաստուն է, եկավ նրա մոտ ու ասաց. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ իր ստացած ժառանգությունից ինձ բաժին հանի»։ Այդ մարդը կարծում էր, թե իր եղբոր ունեցվածքից իրեն բաժին է հասնում։

Եթե Հիսուսի տեղը դու լինեիր, ի՞նչ կպատասխանեիր։ ~ Հիսուսը հասկացավ, թե մարդն ինչու էր այդ ասում։ Պատճառն այն չէր, որ նա իր եղբոր ունեցվածքի կարիքն ուներ։ Պարզապես նա չգիտեր, թե իրականում ինչն է կյանքում արժեքավոր։

Հապա մտածիր։ Ի՞նչը կարող է արժեքավոր լինել քեզ համար. խաղալի՞քը, հագո՞ւստը, ի՞նչը։ ~ Կա մի բան, որ շատ ավելի արժեքավոր է։ Հենց այդ մասին Հիսուսը մի դաս սովորեցրեց։ Նա առակ պատմեց մի մարդու մասին, որը մոռացել էր Աստծուն։ Ուզո՞ւմ ես լսել այդ առակը։ ~

Կար մի հարուստ մարդ, որն ուներ մեծ արտեր ու ամբարներ՝ շտեմարաններ։ Նա իր արտից առատ բերք ստացավ, այնպես որ նրա ամբարներում այլևս տեղ չկար բերքը պահելու համար։ Հետաքրքիր է, թե նա ինչ որոշեց անել. «Իմ շտեմարանները կքանդեմ ու ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքը կպահեմ այդ նոր շտեմարաններում»։

Հարուստ մարդը կարծում էր, թե խելամիտ է վարվում՝ շատ բերք ու բարիք պահեստավորելով։ Նա ինքն իրեն ասաց. «Ես շատ բերք ու բարիք ունեմ, որ երկա՜ր տարիներ ինձ կբավականացնի։ Այնպես որ կարող եմ ուտել, խմել ու վայելել»։ Բայց նա ինչ–​որ հարցում սխալվում էր։ Գիտե՞ս՝ որ հարցում։ ~ Նա միայն իր սեփական հաճույքի մասին էր մտածում և մոռացել էր Աստծո մասին։

Ինչի՞ մասին է մտածում այս հարուստ մարդ

Ուստի Աստված ասաց նրան. «Անմի՛տ մարդ, հենց այս գիշեր դու կմեռնես։ Քո հավաքած բարիքը ո՞ւմ կմնա»։ Այդ մարդը կարո՞ղ էր մահանալուց հետո օգտվել իր հարստությունից։ ~ Ոչ, չէր կարող, ուրիշը կտիրանար նրա հարստությանը։ Հիսուսն ասաց. «Այդպես է պատահում նրան, ով միայն իր համար է գանձ հավաքում ու Աստծով չի հարստանում» (Ղուկաս 12։13–21

Դու չէիր ուզենա, չէ՞, նման լինել այդ հարուստ մարդուն։ ~ Նրա կյանքի գլխավոր նպատակը նյութական իրեր ձեռք բերելն էր։ Եվ դա սխալ էր։ Նա միշտ ավելի ու ավելի շատին էր ձգտում։ Բայց նա հարուստ չէր Աստծո տեսանկյունից։

Շատ մարդիկ նման են այդ հարուստ մարդուն։ Նրանք միշտ ավելին են ուզում ունենալ։ Բայց դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Դու խաղալիքներ ունես, չէ՞։ ~ Ինչպիսի՞ խաղալիքներ ունես։ ~ Ենթադրենք՝ քո ընկերներից մեկը ունի գնդակ, տիկնիկ կամ մի ուրիշ խաղալիք, որից դու չունես։ Ճիշտ կլինի՞ ծնողներին ստիպել, որ նրանք քեզ համար գնեն դրանից։ ~

Երբեմն կարող է քեզ թվալ, թե խաղալիքը շատ կարևոր է։ Բայց ի՞նչ է պատահում նրան որոշ ժամանակ հետո։ ~ Հնանում է, կարող է կոտրվել կամ փչանալ, և դու նույնիսկ չես էլ ուզենա խաղալ նրանով։ Իրականում կա մի բան, որը խաղալիքից շատ ավելի արժեքավոր է։ Ի՞նչն է դա։ ~

Ի՞նչն է ցանկացած խաղալիքից ավելի արժեքավոր

Դա քո կյանքն է։ Կյանքը շատ ավելի կարևոր է, քանի որ առանց նրա անհնար է որևէ բան անել։ Սակայն մեր կյանքը կախված է Աստծուն հաճելի բաներ անելուց, այնպես չէ՞։ ~ Ուրեմն չլինենք այն հարուստ, բայց հիմար մարդու պես, որը մոռացել էր Աստծուն։

Միայն երեխաները չէ, որ գուցե այդ հարուստ մարդու նման անմտորեն վարվեն։ Այդպես են վարվում նաև շատ մեծահասակներ։ Նրանցից ոմանք միշտ ուզում են ավելին ունենալ։ Հնարավոր է՝ նրանք ունեն տուն, ուտելիք, հագուստ, բայց դրանով չեն բավարարվում։ Նրանք ուզում են շա՜տ հագուստներ, ուզում են ավելի շքե՜ղ տներ։ Այդ ամենը ձեռք բերելու համար դրամ է հարկավոր։ Ուստի նրանք օրնիբուն աշխատում են, որպեսզի շատ դրամ վաստակեն։ Եվ ինչքան շատ են վաստակում, այնքան ավելի շատ են ուզում ունենալ։

Ոմանք այնքան են զբաղված լինում փող աշխատելով, որ նույնիսկ չեն կարողանում ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։ Աստծո համար նույնպես նրանք ժամանակ չեն ունենում։ Բայց դրամը կարո՞ղ է պահպանել նրանց կյանքը։ ~ Ոչ, չի կարող։ Իսկ կարո՞ղ են նրանք իրենց դրամն օգտագործել մահից հետո։ ~ Ոչ։ Քանի որ մահացածները ոչինչ չեն կարող անել (Ժողովող 9։5, 10

Արդյո՞ք դրամ ունենալը վատ բան է։ ~ Ոչ։ Դրամով մենք կարողանում ենք ուտելիք և հագուստ գնել։ Աստվածաշունչն ասում է, որ դրամը պաշտպանություն է (Ժողովող 7։12)։ Բայց եթե մենք սիրենք դրամը, դա արդեն վատ կլինի։ Մենք կդառնանք այն հիմար հարուստի պես, որն իր համար հարստություն էր կուտակում, բայց չէր հարստանում Աստծով։

Ի՞նչ է նշանակում հարուստ լինել Աստծով։ ~ Նշանակում է՝ Աստծուն մեր կյանքում առաջին տեղը հատկացնել։ Ոմանք ասում են, թե հավատում են Աստծուն։ Նրանք կարծում են, թե միայն հավատալը բավական է։ Բայց արդյո՞ք նրանք հարուստ են Աստծով։ ~ Ոչ, նրանք, Հիսուսի առակի հարուստ մարդու պես, մոռացել են Աստծուն։

Հիսուսը երբեք չէր մոռանում իր երկնային Հորը։ Նա չէր ձգտում շատ դրամ ձեռք բերել։ Եվ նա նյութական մեծ ունեցվածք չուներ։ Հիսուսը գիտեր, թե կյանքում ինչն է իսկապես արժեքավոր։ Դու էլ գիտե՞ս, թե ինչն է դա։ ~ Դա Աստծո տեսանկյունից հարուստ լինելն է։

Աստծուն հաճելի լինելու համար ի՞նչ կարևոր բան է անում այս երեխան

Ասա ինձ, ինչպե՞ս կարող ենք Աստծո տեսանկյունից հարստանալ։ ~ Անելով այն, ինչ հաճելի է նրան։ Հիսուսն ասաց. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Յովհաննէս 8։29)։ Մենք ուրախացնում ենք Աստծուն, երբ զբաղվում ենք այնպիսի բանով, որը նրան հաճելի է։ Ասա ինձ, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ուրախացնենք Աստծուն։ ~ Այո, կարող ենք Աստվածաշունչ կարդալ, գնալ քրիստոնեական ժողովի հանդիպումներին, աղոթել Աստծուն և օգնել ուրիշներին սովորել նրա մասին։ Սրանք իրոք ամենակարևոր բաներն են կյանքում։

Եհովան հոգ տարավ Հիսուսի մասին, քանի որ նա հարուստ էր Աստծո տեսանկյունից։ Նա Հիսուսին հավիտենական կյանք պարգևեց։ Եթե մենք Հիսուսին նմանվենք, Եհովան մեզ էլ կսիրի ու մեր մասին էլ հոգ կտանի։ Ուրեմն ձգտենք լինել Հիսուսի նման և երբեք չնմանվենք այն հարուստ մարդուն, որը մոռացել էր Աստծուն։

Աստվածաշնչի ներքոհիշյալ համարները օգնում են ճիշտ տեսակետ ունենալ նյութական ունեցվածքի հանդեպ։ Կարդանք Առակաց 23։4; 28։20; Ա Տիմոթէոս 6։6–10 և Եբրայեցիս 13։5–ը։