Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 30

Ի՞նչն է օգնում հաղթահարել վախի զգացումը

Ի՞նչն է օգնում հաղթահարել վախի զգացումը

Քո կարծիքով՝ Եհովային ծառայելը հե՞շտ է։ ~ Մեծ Ուսուցիչը այդպիսի բան չասաց։ Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսն առաքյալներին ասաց հետևյալը. «Եթե աշխարհն ատի ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել» (Յովհաննէս 15։18

Երբ Պետրոսը պարծեցավ, թե Հիսուսին երբեք չի լքի, Հիսուսն ասաց նրան, որ հենց այդ գիշեր Պետրոսը երեք անգամ ասելու է, թե չի ճանաչում իրեն։ Հենց այդպես էլ եղավ. Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին (Մատթէոս 26։31–35, 69–75)։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ այդպես պատահեց։ ~ Որովհետև Պետրոսը վախեցավ, ինչպես որ մյուս առաքյալները։

Կուզե՞ս իմանալ, թե ինչո՛ւ առաքյալները վախեցան։ ~ Նրանք թերացել էին անել մի շատ կարևոր բան։ Իմանալով այդ մասին ու աշխատելով չթերանալ այդ հարցում՝ կկարողանանք ծառայել Եհովային՝ անկախ այն բանից, թե ինչ կասեն ուրիշները մեր մասին կամ ինչպես կվերաբերվեն մեզ։ Բայց նախքան դրան անցնելը ծանոթանանք այն դեպքերին, որ տեղի ունեցան այդ գիշեր։

Սկզբում Հիսուսն իր առաքյալների հետ տոնեց Պասեքը։ Պասեքը հատուկ ընթրիք էր, որն ամեն տարի Աստծո ժողովրդին հիշեցնում էր Եգիպտոսի ստրկությունից նրանց ազատագրվելը։ Դրանից հետո Հիսուսը մեկ այլ ընթրիք հաստատեց։ Հաջորդ գլուխներից մեկում մանրամասն բացատրվում է, թե դա ինչ ընթրիք է, և թե ինչպես է այն օգնում մեզ հիշելու Հիսուսին։ Ընթրիքն ավարտելով՝ Հիսուսն իր առաքյալներին քաջալերանքի խոսքեր ասաց, ու նրանք միասին գնացին Գեթսեմանի կոչվող պարտեզը։ Սա նրանց սիրած վայրերից մեկն էր, ուր հաճախ էին լինում։

Պարտեզում Հիսուսը գնաց առանձին աղոթելու։ Նա Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին էլ պատվիրեց, որ աղոթեն։ Բայց նրանք քնով ընկան։ Երեք անգամ Հիսուսը գնաց աղոթելու և երեք անգամն էլ, երբ վերադարձավ, Պետրոսին ու մյուս երկուսին քնած տեսավ (Մատթէոս 26։36–47)։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ նրանք պետք է արթուն մնային ու աղոթեին։ ~ Հիմա կիմանանք։

Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ինչո՞ւ պետք է արթուն մնային

Այդ երեկո Հուդա Իսկարիովտացին սկզբում Հիսուսի և մյուս առաքյալների հետ միասին ներկա էր Պասեքին։ Երևի հիշում ես, որ Հուդան գող էր դարձել։ Այժմ նա պատրաստվում էր նաև դավաճանություն անել։ Նա գիտեր, որ Հիսուսն ու իր առաքյալները սովորաբար Գեթսեմանի պարտեզում են հավաքվում, և զինվորներին ուղեկցեց այնտեղ, որպեսզի նրանք ձերբակալեին Հիսուսին։ Երբ նրանք մոտեցան, Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։

Զինվորները պատասխանեցին. «Հիսուսին»։ Հիսուսը առանց վախենալու ասաց. «Ե՛ս եմ»։ Նրա համարձակությունն այնպես զարմացրեց զինվորներին, որ նրանք ետ–​ետ գնացին ու գետին ընկան։ Հիսուսն ասաց. «Եթե ինձ եք փնտրում, թույլ տվեք, որ իմ առաքյալները գնան» (Յովհաննէս 18։1–9

Երբ զինվորները բռնեցին Հիսուսին ու կապկպեցին, առաքյալները վախեցան ու փախան։ Բայց Պետրոսն ու Հովհաննեսը, ցանկանալով իմանալ, թե ինչ է լինելու, հեռվից հետևում էին։ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի տուն։ Քանի որ Հովհաննեսը ծանոթ էր քահանայապետին, դռնապանը Պետրոսին ու նրան թույլ տվեց դարպասից ներս մտնել։

Քահանաներն արդեն հավաքվել էին Կայիափայի տանը ու պատրաստ էին հարցաքննելու Հիսուսին։ Նրանք ուզում էին Հիսուսին մահվան դատապարտել, ուստի կեղծ վկաներ կանչեցին, որպեսզի նրա մասին սուտ բաներ ասեն։ Այնտեղ գտնվող մարդիկ Հիսուսին բռունցքներով խփեցին ու ապտակեցին։ Այդ ընթացքում Պետրոսն այնտեղ էր գտնվում։

Աղախինը, որ ներս էր թողել Պետրոսին ու Հովհաննեսին, նկատելով Պետրոսին՝ ասաց նրան. «Դու էլ Հիսուսի հետ էիր»։ Բայց Պետրոսն ասաց, թե չի ճանաչում Հիսուսին։ Քիչ անց մի ուրիշ աղախին տեսավ նրան ու ասաց ներկաներին. «Սա էլ էր Հիսուսի հետ»։ Դարձյալ Պետրոսը ուրացավ Հիսուսին։ Որոշ ժամանակ անց մի խումբ մարդիկ Պետրոսին ասացին. «Ճիշտ որ՝ դու էլ նրանցից ես»։ Պետրոսը երրորդ անգամ ուրացավ՝ ասելով. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։ Նա նույնիսկ երդվեց, թե ճիշտ է ասում։ Այդ ժամանակ Հիսուսը շրջվեց ու նայեց նրա կողմը (Մատթէոս 26։57–75; Ղուկաս 22։54–62; Յովհաննէս 18։15–27

Պետրոսն ինչո՞ւ վախեցավ ու արդյունքում ասաց, թե չի ճանաչում Հիսուսին

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ Պետրոսը սուտ խոսեց։ ~ Որովհետև նա վախեցավ։ Իսկ ինչո՞ւ։ Համարձակություն ունենալու համար նա ի՞նչ պիտի արած լիներ։ Հիշո՞ւմ ես՝ Գեթսեմանի պարտեզում Հիսուսն ինչ էր անում համարձակություն ստանալու համար։ ~ Նա աղոթում էր Աստծուն, և Աստված օգնեց նրան։ Հիշենք, որ Հիսուսը Պետրոսին երեք անգամ պատվիրեց աղոթել և արթուն մնալ։ Բայց ի՞նչ արեց Պետրոսը։ ~

Երեք անգամն էլ Պետրոսը քնով ընկավ։ Նա արթուն չմնաց ու չաղոթեց Աստծուն։ Ուստի երբ Հիսուսին ձերբակալեցին, նա հանկարծակիի եկավ։ Իսկ հետո, երբ տեսավ, թե ինչպես են Հիսուսին ծեծում և փորձում նրան մահվան դատապարտել, վախը պատեց Պետրոսի սիրտը։ Հիշո՞ւմ ես, թե դրանից մի քանի ժամ առաջ Հիսուսն ինչ էր զգուշացրել իր առաքյալներին. աշխարհը ինչպե՞ս էր վերաբերվելու նրանց։ ~ Հիսուսն ասել էր, որ աշխարհը ատելու էր նրանց, ինչպես որ իրեն ատեց։

Ինչպե՞ս կարող ես դու էլ հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսի իրավիճակում որ հայտնվեց Պետրոսը

Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ես դու էլ հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսի իրավիճակում որ Պետրոսն էր։ Պատկերացրու՝ համադասարանցիներդ քո ներկայությամբ քննադատում են այն մարդկանց, ովքեր դրոշին պատիվ չեն տալիս ու չեն տոնում Սուրբ Ծնունդը։ Ի՞նչ կանես, եթե քեզ հարցնեն. «Ճի՞շտ է, որ դու դրոշին պատիվ չես տալիս»։ Մեկ ուրիշն էլ կարող է ասել. «Լսել ենք, որ նույնիսկ Սուրբ Ծնունդը չես տոնում»։ Կվախենա՞ս ասել նրանց ճշմարտությունը։ ~ Սուտ կխոսե՞ս, ինչպես Պետրոսը։ ~

Պետրոսը շատ զղջաց, որ ասել էր, թե չի ճանաչում Հիսուսին։ Երբ նա հասկացավ, թե ինչ է արել, դուրս գնաց այդտեղից ու դառնագին լաց եղավ։ Այո, նա զղջաց ու դարձավ դեպի Հիսուսը (Ղուկաս 22։32)։ Այժմ փորձենք մտածել, թե մե՛զ ինչը կօգնի, որ չվախենանք ու սուտ չխոսենք։ ~ Հիշենք, որ Պետրոսը արթուն չէր մնացել ու չէր աղոթել։ Ուրեմն մենք ի՞նչ պետք է անենք Մեծ Ուսուցչի հետևորդը լինելու համար։ ~

Իրոք որ, մեզ անհրաժեշտ է աղոթքով Եհովայից օգնություն խնդրել։ Կուզե՞ս իմանալ, թե Աստված ինչպես օգնեց Հիսուսին, երբ նա աղոթքով օգնություն էր խնդրում։ ~ Նա հրեշտակ ուղարկեց, որը զորացրեց Հիսուսին (Ղուկաս 22։43)։ Կարո՞ղ են Աստծո հրեշտակները մեզ էլ օգնել։ ~ Աստվածաշունչն ասում է. «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմովը և փրկում նրանց» (Սաղմոս 34։7)։ Սակայն Աստծուց օգնություն ստանալու համար մենք աղոթելուց բացի մեկ ուրիշ բան էլ պետք է անենք։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պետք է անենք։ ~ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց արթուն մնալ, այսինքն՝ զգոն լինել։ Քո պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող ենք դա անել։ ~

Մենք զգոն կլինենք, եթե ժողովի հանդիպումների ժամանակ և Աստվածաշունչ կարդալիս լինենք ուշադիր։ Բայց նաև պետք է կանոնավորաբար աղոթենք Եհովային՝ խնդրելով, որ նա օգնի մեզ իրեն ծառայել։ Եթե այդպես վարվենք, օգնություն կստանանք ու կկարողանանք հաղթահարել վախի զգացումը։ Այդ դեպքում մենք ուրախ կլինենք, որ հնարավորություն ունենք ուրիշներին պատմելու Մեծ Ուսուցչի ու նրա Հոր մասին։

Աստվածաշնչի այս համարները կարող են օգնել մեզ, որ երբեք թույլ չտանք, որ ուրիշների հանդեպ վախը մեզ ետ պահի ճիշտ ճանապարհից. Առակաց 29։25; Երեմիա 26։12–15, 20–24 և Յովհաննէս 12։42, 43։